ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, December 20, 2009 13:17 - 2 քննարկում

Հայության «տաքսը» …

Հայության «տաքսը» …

Դեկտեմբեր 18, 2009թ. 17:52

Պարտավոր ենք  հաճախ վերհիշել մեր մեծերի խոսքերը, դրանք երբեք ժամանակավրեպ չեն լինում:

Մեր ընթերցողին ենք ներկայացնում հանճարեղ դերասան Մհեր Մկրտչյանի ելույթ, որ հնչել է 1989-ին` Լոս Անջելեսի հեռուստատեսությամբ:

«Լոս Անջելեսի հեռուստատեսությունն ամեն ուրբաթ  «Կոչի օր» է կազմակերպում: Ելույթ են ունենում զանազան մասնագիտությունների տեր հայեր ու կոչ են անում օգնություն ցույց տալ Հայաստանին: Լրագրող Օշին Քեշիշյանն ինձ ևս առաջարկեց ելույթ ունենալ:

… Խոսքը ինձ տվեցին. ու ես ցուցամատս ուղղեցի հեռուստադիտողի կողմը և ասացի. «,Նախ` դու նստիր, դու էլ նստիր, իսկ դու` արդուկդ մի կողմ դիր, դու էլ ընդմիջիր ուտելդ, և հիմա լսեցեք, հայեր: Հայաստանն օգնության կարիք չունի: Հայաստանը ոչ որբ է, ոչ էլ մուրացկան: Թեպետ երկիրը փախստականներով է լցված, բայց արժանապատվություն ունեցող մարդիկ են բոլորը:Ես հիմա ուզում եմ օրինակ բերել ուրիշներին: Ես լավ եմ հիշում, թե ինչ դաժան օրենք ընդունեցին հրեաները 1980 թվականին: Օրենքն ասում էր` ,«որ հրեան էլ իր հանգուցյալ կնոջ, ամուսնու, եղբոր, որևէ հարազատի գերեզմանին ծաղիկ դնի, կդավաճանի մոլորակի բոլոր հրեաներին: Ծաղկի փողը պետք է ուղարկել Իսրայել» …

Այդպես էլ անում են մինչ օրս: Գոնե ես, չեմ տեսել,որ հրեան ծաղիկ դնի հարազատի գերեզմանին: Նույնիսկ թաղման եմ ներկա եղել:

-Հիմա դառնամ ձեզ,- շարունակեցի խոսքս` դիմելով ամերիկացի հեռուստադիտողին: – Ես ձեր տներում հյուրընկալվել եմ և տակավին ականջներիս մեջ են  ձեր տիկնանց հոգսաշատ ձայները, թե` «Ամման, մեր էս անուշ, մեր էս սքանչելի Ամերիկայի «տաքսը»  չենք տվել» : «Տաքս» , այսինքն` հարկ ենք տալիս չգիտեմ քանի դոլար… Բայց ինչ սիրով… ձեր այդ խանդաղատանքը տեսել եմ ամանորի գիշերը, երբ հեռուստացույցի էկրանին մինչև լույս սևամորթն ու մեքսիկացին, ռուսն ու հայը ողջագուրվում էին, համբուրվում ու բացականչում` «Կեցցե Ամերիկան» … Լավ եք անում,որ բացականչում եք, լավ եք անում, որ մտածում եք «տաքսի» մասին: Իսկ հիմա ես ձեզ առաջարկում եմ «,տաքս» սահմանել ձեր հայության համար: Ամբողջ մոլորակի վրա: Օշին Քեշիշյանը թե` « Մհեր ջան,որքան պիտի լինի այդ «տաքսը»: Ընտանիք է, բան է» …

-Ասացի հինգ և ավելի անձերից բաղկացած ընտանիքի համար` մեկ դոլար: Ընդամենը մի լրագրի գին: Չորս հոգուն` երկու դոլար: Երեք հոգուն` երեք դոլար: Մեկ հոգին կարող է փոքր-ինչ զսպել իր որկրամոլությունը և հինգ դոլար վճարել; Որովհետև ես գիտեմ, ձեր միջին աշխատավարձը 1200 – 2000 դոլար է: Աշխարհում ինը միլիոն հայ կա: Թող ինը միլիոն չհավաքվի, թող հավաքվի ութ միլիոն դոլար: Տարեկան կանի 80 միլիոն դոլար:

«Է, կուտա՞ն բոլորը», – հարցրեց Օշինը: Ասի` կուտան: Կուզե՞ս իմանալ` ով կուտա և ինչու կուտա: Ես եղել եմ  այն դատավարությանը, ուր դատում էին Օռլիի  դեպքի տղաներին: Նրանցից մեկին տվեցին ցմահ բանտարկություն: Հայերենը խորթ էր նրանց համար: Ադանացի Մեսրոպի տղան` 18 տարեկան Պատրիկը, ոչ մի հայերեն խոսք չգիտե: Ասում եմ` որ հայերեն չգիտի, ինչո՞ւ է էդքան հայ, ինչո՞ւ է գնում մահվան: Իրենք բացատրում են`«Երբ Միջերկրականի ալիքները մեզ Լիբանանի ափերը գցեցին, միայն մեր ոսկորներն էին մնացել, ժամանակ էր պետք, որ մեր ոսկորների վրա մաշկ առաջանար, աչքեր երևային երեսներիս, հետո կտուր ունենայինք… Իսկ տարիներ անց մեր զավակները հիշեցին իրենց դիվալլուկ ծնողներին ու սկսեցին ասել` «Մենք հայեր ենք»: Ես ներկա էի այդ տղաների դատավարությանը Փարիզում: Երբ ձայն տվեցին վերջին խոսքի համար, նրանցից մեկը, որ ցմահ բանտարկության էր դատապարտված, ասաց` «Հայերեն պիտի խոսիմ»: «Խոսիր ինչպես կուզես»,- ասացին,- «կթարգմանվի»: Ու նա հայտնեց իր վերջին ցանկությունը. «Ես կուզեմ որ …բանտի մեջ բանաք …ինձի համար հայկական դպրոց»: Բոլորը ծիծաղեցին, հետո հուզվեցին: Հարցնում են` «Դպրոցը ինչի՞դ է պետք բանտում»: Պատասխանում է` «,Եթե ես լավ… հայեղեն սովղիմ, մեծ մարդ կդառնամ»…

Ու ես Օշին Քեշիշյանին ասի` «Այ, էդ հայերեն չիմացողները կուտան» …

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

MAX
Dec 20, 2009 16:18