ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 14, 2010 0:09 - 1 քննարկում

Երբ քնած են «Ազգ»-ն ու ազգային իշխանությունները տիկին Սեդան սևդ կտա…

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԻՆԸՙ 200 ԴՈԼԱՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կոտայքի մարզի Զառ գյուղում «բախտ նայող» Սեդային բոլորը ճանաչում են: Տիկին Սեդան գիտի ոչ միայն բոլոր գյուղացիների, նրանց հարազատների, այլեւ ամբողջ ժողովրդի, պետության ապագան ու նրան սպասվող փորձությունները:

Որոշելով «տեղեկանալ» ինչպես անձնական, այնպես էլ պետության ապագայինՙ զանգահարեցի տիկին Սեդայի «գրասենյակ»: Հեռախոսը վերցրեց նրա օգնականը եւ հարցնելով անուն, ազգանուն, հայրանուն եւ տարիք, հերթագրեց ինձ հաճախորդների ցուցակում: Իմ հերթը

24-րդ էր, զանգից երկու օր անց տիկին Սեդան ինձ ընդունեց:

Բախտագուշակի ծառայությունները բազմազան էին. սկսած սուրճի բաժակից, խաղաթղթերից, մինչեւ մոմերով եւ լուսանկարչային բախտագուշակություն: Ես նախընտրեցի «սրճային տարբերակը», եւ մինչ օգնականուհինՙ 20-ամյա սիրունատես (հակառակ դեպքում տիկինը կարող է կորցնել իր տղամարդ հաճախորդների մեծ մասին) Մարիամը պատրաստում էր սուրճըՙ «հատուկ մեթոդներով», տիկին Սեդան ինձ հետ զրույցում պարզեց, թե քանի՞ հոգի ենք ընտանիքում, ծնողներս ինչո՞վ են զբաղված, իմ մասնագիտությունը, գո՞հ եմ արդյոք աշխատանքից, ունե՞մ սիրած աղջիկ եւ այլն, եւ այլն: Ես էլ, «միամտաբար», պատասխանում էի նրա բոլոր հարցերին:

Երբ արդեն խմում էինք սուրճը, տիկին Սեդայի մոտ, իբր պատահաբար, մի կին մտավ եւ փարվելով նրանՙ ասաց. «Վայ իմ սուրբ, դու սուրբ ես, վերադարձավ ամուսինս, փոշմանել ու վերադարձել է, ցավդ տանեմ,- դիմելով ինձՙ կինը շարունակեց,- տղա ջան, սուրբ տեղ ես եկել դու, բոլոր ցանկություններդ կիրականացնի ու կերջանկանաս», հետո, 100 ԱՄՆ դոլար թողնելով սեղանին, կինը հեռացավ:

«Բա, տղա ջան, բոլորը գալիս շնորհակալություն են հայտնում ինձ», ասաց տիկին Սեդան ու վերցնելով խմածս սուրճի բաժակըՙ սկսեց ասել այն նույն բաները, ինչ ինձնից իմացել էր նախապես, ինձ համար «պարզ դարձավ» անունս, մասնագիտությունս, տարիքս, նույնիսկ սեռս: Տիկին Սեդան, դրսեւորելով «բարձր մակարդակի հիշողություն», կրկնում էր քիչ առաջ իմ իսկ ասածները: «Վայ, հըլը մի րոպե,- հանկարծ ձայնը փոխեց բախտագուշակը,- մեծ-մեծ նավս կա վրադ, բալես: Միշտ սեւ հագնող, քեզ արյունակից-հարազատ, մեծահասակ կին է արել (չնայած ես չհիշեցի այդպիսի հարազատի): Չի թողնում, որ հաջողության հասնես, բայց անհանգստանալու բան չկա, կհանեմ նավսդ»: Տիկին Սեդան մի կողմ դրեց բաժակս եւ հիպնոսացնող հայացքով նայելով ինձՙ ասաց, որ «մեծ-մեծ նավսը» հանելու համար անհրաժեշտ է 200 դոլար, ընդ որում 100-ը նախօրոք (ինչ-որ թուրմեր գնելու համար), 100-ն էլ «գործն» ավարտելուց հետո:

Պատճառաբանելով, որ հիմա չունեմ, եւ ասելով, որ կվերադառնամ վաղը, հեռացա այդ «սրբավայրից»: Նախասրահում մարդիկ (հիմնականում կանայք, եւ, որն ավելի ցավալի է, երիտասարդ աղջիկներ, հերթ էին կանգնել այնտեղ մտնելու համար) կարեկցող հայացքներով ուղեկցեցին ինձ: Իհարկե, ամենեւին պարտադիր չէ բախտագուշակ լինել, որպեսզի հասկանաս, որ եթե որեւէ մեկը գնում է նման տեղեր, ուրեմն հաստատ խնդիրներ ունի:

Գյուղացիներից ոմանք «Ազգ» -ին խոստովանեցին, որ 100-ավոր դոլարներ են տվել տիկին Սեդային, որ նույնիսկ արտասահմանից հայեր են գալիս նրա մոտ, իսկ հովիվ Գեղամը նշեց. «Կյանքում չեմ գնացել ու չեմ էլ գնա նրա մոտ. ես ավելորդ փող չունեմ: Այ, երբ գառներս առաջս արած գնում եմ սարերը, այնտեղ եմ տեսնում իմ ապագան, ոչ թե «սեդաների» մոտ: Իմ ապագան իմ ձեռքերում է»:

Վերադառնալով քաղաքՙ մտածեցի, թե ինչո՞ւ բախտագուշակները Հայաստանում ապրում են հիմնականում գյուղերում, երեւի այն նույն պատճառով, որ «Եհովայի վկաներն» ու այլ աղանդներ «հարձակվում» են հիմնականում սոցիալապես անապահով խավի վրաՙ երկու պարագայում էլ հավատացողներ կգտնվեն, որոնք իրենց կամ իրենց հարազատի «փրկության» ու երջանկության համար 100 կամ 200 դոլար չեն խնայի, նույնիսկ տիկին Սեդային:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A
Jan 15, 2010 17:58