ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, January 29, 2011 3:16 - չքննարկված

Գազարի «զտած» մասնիկներից միջուկային պայթուն չի ստացվի, ՀԱԿ-ի 20 «կույսերից» երեխա չի ծնվի…

Tags:

ԲՈՒՆՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 70 000 ՄԱՐԴ

Մեր զրուցակիցն է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը

Լևոն, թունիսյան հեղափոխությունից, ինչպես նաև Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերից հետո ակտիվորեն քննարկվում է, թե արդյոք մեզանում կարո՞ղ է հեղափոխություն լինել, հնարավո՞ր է լինի սոցիալական բունտ:

Եթե չեմ սխալվում, Արամ Աբրահամյանն էր գրել, որ մեր սոցիալական բունտն արտագաղթն է: Դրա մեջ մեծ ճշմարտություն կա, քանի որ բունտի զանազան տեսակներ կան: Ովքեր սովոր են օտար ափերում փրկություն գտնել, որպես արդյունավետ բողոքի եղանակ` օգտագործում են արտագաղթը: Այսպիսով, անցյալ տարի մեր սոցիալական բունտին մասնակցել է 70.000 հոգի, որոնք հիմա գտնվում են օտար ափերում: Իսկ ովքեր սովոր չեն, օրինակ`թունիսցիները, գաղթի մեկ հիմնական ուղղություն ունեն` Ֆրանսիա-Բելգիա, բայց դա այնպիսի լայն մայրուղի չէ, ինչպես հայերի համար Ռուսաստանի և Ամերիկայի ճանապարհը, դրա համար էլ իրենց բունտը ներսում է տեղի ունենում, այնտեղ է պարպվում, որոշակի բարեփոխումների են հասնում, եգիպտոսցիների պարագայում էլ է նույնը: Ես գիտեմ, որ ակտիվ քննարկվում է սոցիալական բունտի մեր թեման, մարդիկ հույսեր են կապում, որ ի վերջո կպայթի այս վիճակը, բայց իմ զրույցներից մեկում ասել եմ, որ հայաստանյան բնակչությունը տնտեսապես շատ քիչ է կախված (հազիվ 25-30 տոկոս) իշխանությունների կամ նրանց մոնոպոլիստների որոշումներից` բեռնափոխադրումների գներ, սակագներ, հարկեր եւ այլն: Եվ բունտի մասնակիցները կրիտիկական զանգված կարող է չդառնան, բայց մյուս կողմից, այս դժգոհությունները քաղաքական իմաստով լավ կառավարելու դեպքում ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ կարող են ինչ-ինչ փոփոխություններ լինել:

Հաշվի եք առնում վերջին հանրահավաքնե՞րը, փողոցային առևտրով զբաղվողների ցույցե՞րը:

Հաշվի առնելով բոլոր բողոքի ցույցները, այդ թվում` եւ Կարապետիչի զորքը, եւ ՀԱԿ-ի զորքը, եւ բազմաթիվ ուրիշ խմբեր, որոնք ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց են` աշխատավարձեր չստացածներ, սպանված զինվորների մայրեր, Կոզեռնի, Կոնդի, Դալմայի ժողովուրդ եւ այլն. սա ահռելի քանակ է: Բայց ստացվել է այնպես, որ մեր ընդդիմադիրները կռիվ անում են ասես կռվի համար կամ ընդդիմություն` ընդդիմության համար, այնինչ ընդդիմություն պետք է լինել հանրության համար եւ, եթե լավ կառավարեն այս դժգոհությունները, չի բացառվում, որ այս հատվածական ընդվզումները ահարկու շարժման վերածվեն:

Լևոն, խոսվում էր, որ ՀԱԿից պակաս միտինգ չարեց Տիգրան Կարապետյանը, ինքն էլ էր զարմացել, որ այդքան մարդ էր հավաքվել: Բայց առհասարակ ինչո՞ւ չի ստացվում բոլոր ընդդիմադիր ուժերի միավորում, մանավանդ որ պահը հասունացել է:

Տիգրան Կարապետյանի հանրահավաքի բազամամարդությունն ապացույց է այն բանի, թե ինչ կարող է լինել, եթե որևէ սոցիալական կամ քաղաքական ուժ(տվյալ դեպքում Կարապետիչի զորքը («զորք» բառը լավ իմաստով եմ օգտագործում, որը իրականում քաղաքական ուժ չէ, սոցիալական խումբ է իրենից ներկայացնում) տիրապետի մի հեռուստաալիքի, այդ ուժը առնվազն այդքան ժողովուրդ կհավաքի, եւ ինձ համար վաղուց էր հասկանալի է, թե ինչու է իշխանությունը հետամուտ լինում, որ որեւէ  հեռուստատեսություն չազատականանա հանկարծ ու, մանավանդ, չընկնի «վատ» շրջապատ:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ես կարծում եմ, որ դասական իմաստով ընդդիմադիր ուժերը (ինչպեսեւ իշխանականները) քաղաքականապես կայացած չեն: Կասկած ունեմ, որ իրենց գերագույն նպատակը իշխանության կամ իշխանության որակի փոփոխությունը չէ, գուցե նոր սերունդ կրթելն է, մեր հանրության էվոլուցիոն փոփոխություններն են կամ եթե իշխանափոխությունն էլ է, ապա դա հանուն հանրության շահի իշխանության փոփոխությունը չէ:

Ամբողջը, փաստորեն, աթոռի կռի՞վ է:

Չեմ ուզում ասել, թե աթոռի կռիվ է, շատ հնարավոր է ինչ-ինչ ուժեր  գաղափարական հասունացման շրջանում են գտնվում: Ես, օրինակ, Կարապետիչից քաղաքական ընդդիմադիր պայքար չեմ սպասում, թեեւ բարձր եմ գնահատում նրա անձնական ակտիվությունը, եռանդը, ջանքերի ներդրումը (արդեն կարոտում եմ որոշ հաղորդումների…): Ու չեմ հասկանում, թե ինչպես այդ մարդը գնաց Բաղրամյան 26 տարեմուտի բաժակ զարկելու Ս.Սարգսյանի հետ իր ալիքի եթերազրկման որոշումից շատ չանցած, մի՞թե Տ.Կարապետյանը կարծում էր, թե Ամալյանը պարզապես չէր սիրում իր ալիքը: Բացառված չէ, որ ռեժիմը, անկախ Կարապետիչի կամքից, նրան եւ նրա համակիրներին ՕԵԿ-2 է դարձնում` բողոքավորների մագնիս ընտրություններից համապատասխան ժամանակահատված առաջ: Իսկ ՀԱԿ եւ Դաշնակցություն իրար հետ պատկերացնել անհնար է գոնե տեսանելի ապագայում:

Իսկ ԺառանգությունՀԱԿ, ԺառանգությունԴաշնակցություն միություն:

Ժառանգության համագործակցությունը ես չեմ բացառում թե Դաշնակցության (պայմանականորեն եմ դաշնակցությանը ընդդիմադիր ուժ համարում), թե ՀԱԿ-ի հետ, մարդիկ կան իրենց չեն պատկերացնում Կարապետիչի ցույցի մեջ, բայց եթե այդ շարժումները միավորվեն` կարող է պատկերացնեն իրենց այդ ցույցի մեջ: Եւ ի վերջո, եթե այս (եւ այլ) ուժերի առաջնորդների գաղափարները հստակ  լինեն, որ իշխանություն են փոխում, կամ իշխանության որակ են փոխում` հանուն հանրային գերակա շահի, շատ արագ մի սեղանի շուրջ կգան, եւ կարող է հասարակական դժգության մի այնպիսի էսկալացիա սարքել, որ այս իշխանությունները իրենց ամենաանդուր երազներում էլ տեսած չլինեն:

Ինչո՞ւ ԴաշնակցությունՀԱԿ միություն անհնար է պատկերացնել, գաղափարակա՞ն տարբերություն է:

Քաղաքական կողմնորոշումներից չեմ ուզում խոսել, որովհետև ՀԱԿ-ի մեջ 20 կուսակցություն կա, որտեղ ծայրահեղ ձախից, ծայրահեղ աջեր կան ներկայացված:  Ես կարծում եմ, որ Դաշնակցությունը մտածում է, որ «…թող Սերժիկը (կամ Ռոբերտը) լինի, բայց մեր Սերժիկը (կամ Ռոբերտը) լինի…» հայտնի սխեմայով: Եվ ոչ մի դեպքում իրենք արմատական իշխափոխության կողմնակից չեն` ե´ւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ե´ւ հիմա: Այստեղ է ՀԱԿ ու Դաշնակցություն պրակտիկ հակասությունը, եւ դա ավելի խորն է, քան Հայ Դատի խնդրի շուրջ եղած տարաձայնությունները: Դաշնակցությունը ընդունակ է սփյուռքում Սերժիկ Սարգսյանի այցելությունների ժամանակ ցույցեր կազմակերպել նրա եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացների դեմ, բայց իրենց համար ծածուկ, համարում են, որ Սերժիկը մնա` լավ է: Դե հանրությունը այս հասարակ բաներն արագ է հասկանում, ինչքան էլ գործ ունի դարավոր կուսակցության խորամանկության հետ: Հիմա իրենք խնդրի առաջ են կանգնած` իրենց արդյո՞ք քվոտա տրվելու է ԱԺ- ում, կամ ավելի ճիշտ` ի՞նչ քվոտա է տրվելու իրենց: Ես կարծում եմ, որ տրվելու է մի 7-8 շատ-շատ 10 պատգամավորի չափով, ՀՅ Դաշնակցությունը հաստատ քվոտավորվելու է, որովհետեւ ոչ մի սերժսարգսյան չի համարձակվի հրաժարվել սփյուռքի սոցիալ-ֆինանսական աջակցության մի մասից, որին տիրապետում է ՀՅԴ-ն: Հակառակ դեպքում «Երկիր մեդիան» էլ հաճախականություն չէր ստանա: Երեւանի ավագանուց մաս չունենալը դեռ լուրջ կռվան չէ ասելու համար, թե ՀՅԴ-ն ԱԺ-ում տեղ չի ունենա: Ի դեպ, կարծում եմ, որ մաքուր ընտրության դեպքում էլ ՀՅԴ-ն մի 10-13 աթոռ է ունենալու ԱԺ-ում:

Լևոն, սկզբում խոսեցիք արտագաղթի ահագնացող տեմպերի մասին, ըստ Ձեզ` սա ո՞ւր կարող տանել երկիրը:

Դժբախտաբար, երկիրն ուղիղ գծով գնում է այնպիսի հոգեւոր եւ նյութական սնանկացում, որ ես այն փայտոջիլը կերած մի աթոռի եմ նմանեցնում, որ քացով կարող է տաս` փշրվի-թափվի գետնին: Դա կարող է բնական աղետ լինել կամ կարող է արտաքին  հարձակում լինել: Ես այնքան էլ չեմ ապավինում դատարկ եւ ամպագոռգոռ հայտարարություններին այն մասին, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք: Անցած տարվա  ողբերգությունները ցույց են տալիս, որ մարտունակությունը այնքան էլ այդ մակարդակին չէ. 42 զոհ, որից 10-ը ադրբեջանցիների հարձակման պատճառով, դիվերսանտը գալիս մտնում է դիրքեր 4 հոգու սպանում, 4-ին էլ` խեղում: Այս իմաստով որեւէ խոշոր ցնցում կարող է ծնկի բերել մեր պետությունը: Եթե հանկարծ Հայաստանը Ռուսիո հետ մի 5 սանտիմետր ընդհանուր սահման ունենար, տասը տարի առաջ ինքնավարություն կդառնար Ռուսաստանի կազմում, իսկ էս վերջերս` կլուծարվեր եւ կմիացվեր Ստավրոպոլի երկրամասին կամ  ասենք Օսեթիային: Ով որ չի հավատում … թող մտնի Երեւանի քաղաքապետարան եւ մասնակցի ռուսաց լեզվի դասընթացներին: Բանը հասցրին այնտեղ, որ մի բացառիկ տգետ մեր լեզուն ստորադասեց ռուսաց լեզվին եւ Սերժիկ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի քթի տակ անպատասխան անվանարկեց մեզ` ասելով, թե ռուսաց լեզուն մեր ազգային անվտանգության լեզուն է: Մեկն այդ «երկրի առաջնորդներից» չկարաղացավ ծպտուն հանել. փուշ կուլ տված գառան պես համրացած են … ահա թե ուր ենք հասել:

Ինչքան էլ հեղափոխությունն եք միակ ելք նշում, բայց Տիգրան Սարգսյանը ասում է ազգային շահին կվնասի հեղափոխությունը, դրա համար գնում են բարեփոխումների ճանապարհով:

Ճիշտ է, ասում է, կարող է վնասել, բայց բարեփոխումներ իրականում չեն արվում: Այս համակարգի պայմաններում հնարավոր չէ բարեփոխումների ճանապարհով գնալ: Պետությունը` մարդկանց բարեկեցություն ապահովելու մեխանիզմը, սարքը, տեխնոլոգիան, ինչպես կուզեք, զավթել է օտար մարմինը, եկել են, նստել եւ քամում են այնպես, ինչպես իրենց ինտելեկտն է հնարավորություն տալիս, եթե բարձր ինտելեկտ ունենային, գուցեեւ թանկ ծախեին Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանի վրա, իսկ հիմա թանկ ծախելու, սակարկելու մասին խոսք էլ չի գնում` ապեր, պտի´ անես, կարո՞ղ են չանել, չեն կարող` կտան աչքերը կհանեն: Ինչպես Գագիկ Բեգլարյանը պիտի հրաժարական տար, հենց այդ ձեւով Սերժ Սարգսյանը, իր կառավարությունն ու պառլամենտը պետք է ռուսերենի ներմուծումն ապահովեին այստեղ: Հարյուրավոր օրինակներ ունեմ, որ իշխանությունը իր տարրական անելիքը չի անում, քննիչի գրասեղանը, աթոռն ու գրիչը հասկանում են, որ կոնկրետ գործերով քրեական գործ պիտի հարուցվի, քննիչը, իբր, չի հասկանում` «հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվում», հասարակ, գաղտնիք չհանդիսացող տեղեկությունները տարիներով եւ դատերով եմ փորձում ստանալ, ամեն ինչ անում են, չտալու համար: 2009 թվին, պետեկամուտների կոմիտեն գնել է 20 հատ 3200 դոլարանոց ժամացույց եւ պարգևատրել է իր աշխատակիցներին. արդեն տասներեք ամիս է փորձում եմ ստանալ այդ պաշտոնյանների անուն, ազգանունները եւ պաշտոնները, պետք է ընդամենը հրապարակեն անունները, չեն անում, կառավարությունն էլ է տեղյակ այս վեճին, վարչապետն էլ, Բաղրամյան-26-ն էլ, չեն կարող մի բերան ասել, արա´, հրապարակեք էդ ցուցակները պրծնենք սրանից էլ, էս ստորացումից էլ, էս խայտառակությունից էլ…: Հրապարակե´ք, սկսենք տեսնել բարեփոխման մեկ օրինակ: Չեն անում, այստեղից հասկանում ես, որ ուրեմն մի շահ ունեն հարկատուների հաշվին 65 հազար դոլարով գնած 20 ժամացույցների տերերին չհրապարակելուց: Այն, ինչ պիտի հանրությունը ըստ օրենքի ստանար 5 օրում, արդեն 13 ամիս է` չեմ կարողանում ստանալ, գործը հասել է Վճռաբեկ դատարան, բեկանվել վերադարձել Վարչական, հիմա նորից քննվելու է, հետո երեւի` Վարչական վերաքննիչ, հետո նորից Վճռաբեկ, վերջը՞ պարոնայք…հաբռգել են, ձեռ են առել իրենց: Թող մի անգամ ինձ ու իմ տասը ընկերներին զրույցի հրավիրեն, կամ իրենք գան, էդ մի ժամը մոռանանք իրենց զավթիչ լինելը, համարենք, թե օրինական ճանապարհով են զբաղեցնում իրենց պաշտոնները, մեկ ժամում այնքան անելիք ասենք, որ իշխանափոխության հետ կապ չունի, շարքային այլանդակ իշխանավորին կարգի հրավիրելու րոպեական գործողության հետ կապ ունի, թող կարգի բերեն, տեսնենք` ասենք ապրե´ք, սկսում ենք մանրից հավատալ, թե գործ եք անում, բարեփոխում եք, անցնենք առաջ, թող քաղաքական բանտարկյալներին` մի ձեւ հորինեն` բաց թողնեն, սկսենք մտածել, թե բարեփոխում են, բա պե՞տք է իրենց …: Այդ բարեփոխումների խոստումները իմիտացիոն կամ լավագույն դեպքում բարի, բայց անիրականանալի ցանկության բնույթ ունեն: 2007-ին ես ու իմ ընկերներից մեկը որոշել էինք մի նամակ գրել Քոչարյան Ռոբերտին` երկու տարբերակով, մեկը մաքուր հայերենով, մյուսը ժարգոնով, որ ընթերցելու` հասկանալու դժվարություն չունենար, նամակում շարադրելու էինք իր բոլոր «բարի գործերը», «նվաճումները», «հաղթանակները» եւ ամենագլխավորը` խնդրելու էինք մի երրորդ ժամկետ էլ թագավորել, թե չէ, գրելու էինք, որ կասկածներ ունենք, թե արյուն է խմելու … : Ալարեցինք, չգրեցինք…: Դեռ այն ժամանակ էլ եմ համոզված եղել, որ այս ճգնաժամից ելքը հեղափոխությունն է, ուրիշ փրկության միջոց երկիրը չունի: Հեղափոխությունը թանկ արժե, դա խոր սոցիալ-քաղաքական-տնտեսական-հոգեբանական, եթե կուզեք` հոգեկան ցնցում է, ես գիտեմ, բայց լավ է այդպես վճարել, քան այսպես, երբ տեսնում ես, թե ինչ ցինիզմով ու լպիրշությամբ են ասպատակում այն, ինչի պահապան, տնտեսվարն ու պատասխանատուն պիտի լինեին, իբր:

Եթե հեղափոխություն չհաջողվեց, առջեւում էլ 2012-13թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններ են, կստացվի` էլի կոտրած տաշտակի առա՞ջ ենք կագնելու:

Ես կարող եմ ենթադրել, որ մենք հայտնվելու ենք ամենավերջին տաշտակի մեջ: Թույլ տվեք առանց չարախնդալու եւ առանց կատակի ասել, որ 12-13 թվերի ընտրությունները երրորդ հանրապետության փրկության վերջին հույսն են, ավելի ճիշտ, ոչ թե ընտրություններն, այլ այդ երկու տարին` ընտրություններով եւ հարակից զարգացումներով հանդերձ: Հայաստանի Երրորդ Հանրապետությունը սրանք գլխովին կործանելու են, եթե տղամարդկություն չունեցան մարդավարի ընտրություն կազմակերպելու: Կարծում եմ` քաղաքական այնպիսի կապիտալ չունեն, որ բարեխիղճ ընտրություն կազմակերպեն, արդար ընտրությունները սրանց համար աներեւակայելի շռայլություն է: Եթե եղավ կրկնությունը կամ հին այլանդակությունների «տյունինգ» արած տարբերակը, վերջնականապես ջարդելու են պետության ողնաշարը: Արդեն Հայաստանը փռել են վերակենդանացման վերջին ճիգերն անող Ռուսիո կայսրության դռան առաջի ոտների շորի տեղը…: Ահռելի թվով մարդիկ, որոնք էական բաներ կարող էին բերել Հայաստանին, այլեւս Հայաստանում չեն, եւ Աստված գիտե` ինչ պետք է փոխվի, որ վերադառնան, չէ որ արտագաղթի գծով սպորտի վարպետի կոչում ունենք, անգամ չեմպիոններ ենք:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

LRAGIR.AM



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ