ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, January 17, 2011 12:00 - չքննարկված

Սերժ Սարգսյանի կարդաելույթը կամ կարդույթը (նոր բառ հայերենում) Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում:

2011-01-17

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում,  կարդացվել է հետեւյալ բովանդակությունը.

«Մեծարգո’ նախագահ Խրիստոֆիաս,

Հարգարժա’ն պարոն Գարոյան,

Հարգելի’ պատգամավորներ,

Սիրելի’ կիպրացիներ,

Երախտապարտ եմ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ինձ հյուրընկալելու համար: Իսկապես մեծ ուրախություն եմ ապրում հայերի ու Հայաստանի համար եղբայրական ժողովրդի եւ ավանդական բարեկամ պետության խորհրդարանում ելույթով հանդես գալու պատվին արժանանալու համար: Ամեն անգամ մեր ժողովուրդների բարեկամության մասին խոսելիս ինձ համակում են ջերմ զգացումներ: Այս բարեկամության ակունքները վաղեմի են, հիմքերն էլ` ամուր:

Կիպրոսը հայ ժողովրդի հոգուն եւ մտքին հարազատ վայր է: Այս չնաշխարհիկ կղզին այն յուրահատուկ երկրներից է, որտեղ հայը դեռ վաղ ժամանակներից իրեն օտար չի զգացել, այլ արարել է այդ երկրում եւ անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին մաքառել այդ երկրի թշնամիների դեմ: Միջնադարում տասնյակ հազարներով հաշվվող կիպրահայ համայնքի գերակշիռ մեծամասնությունը օսմանյան նվաճումից հետո լքել է երկիրը: Սակայն ճակատագրի հեգնանքով ներկայիս կիպրահայ համայնքը, արդեն այլ աշխարհաքաղաքական պայմաններում, ձեւավորվել է նույն կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության արդյունքում:

Այստեղ գլուխ եմ խոնարհում կիպրացի ժողովրդի առջեւ յաթաղանից փրկված հայ գաղթականներին ապաստան, նոր կյանքի հնարավորություն եւ նոր հայրենիք տրամադրելու համար: Կիպրոսում հաստատված իմ հայրենակիցները հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու ազատ` առանց իրենց ազգային ինքնությունն ու ծագումը թաքցնելու: Լիովին ինտեգրված լինելով կիպրական հասարակությանը` հայերը մասնակցում են իրենց երկրորդ հայրենիքի բարգավաճմանը: Հպարտ եմ, որ կիպրահայերը կառուցողական դերակատարություն եւ ներդրում ունեն Կիպրոսի հասարակական եւ քաղաքական կյանքում:

Դրա ակնառու վկայություններից է նաեւ այն, որ այս նիստը, հուրախություն ինձ, տեղի է ունենում հայազգի Մարիոս Գարոյանի նախագահությամբ: Տիկնա’յք եւ պարոնա’յք, Այսօր ես գտնվում եմ մի խորհրդարանում, որն աշխարհում առաջիններից, դեռեւս 1982 թվականին, ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` պահանջելով պատմական արդարության վերականգնում: Հայ ժողովուրդը երախտապարտ է կիպրացի եղբայր ժողովրդին, որը Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին միանում է մեզ` հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

Ձեր երկրում գտնվող Հայոց ցեղասպանության հուշակոթողներից մեկն էլ Լառնակայում է կառուցվել «Կիպրոս-Հայաստան» բարեկամության խմբի եւ, մասնավորապես, իմ սիրելի բարեկամ` նախագահ Խրիստոֆիասի աջակցությամբ: Մեր ժողովուրդների բարեկամությունն իսկապես անկեղծ է եւ ամուր: Այն դիմակայել է թե’ ժամանակների փորձությանը, թե’ պատմության վայրիվերումներին: Պատմությունը հաճախ դաժան փորձությունների է ենթարկել մեզ` սասանելով մեր պետականությունը եւ դահիճներին հանձնելով հազարամյա մշակույթ կրող մեր ժողովուրդներին:

Մեր ազատասեր ժողովուրդները օտար լծից ազատվելու համար ընդհանուր թշնամու դեմ տեւական մաքառումների եւ անդառնալի կորուստների գնով վերականգնել են անկախ եւ խաղաղ ապրելու իրավունքը: Սիրելի’ բարեկամներ, Մեծ դժվարությունների բովով անցած մեր ժողովուրդներն այսօր էլ զերծ չեն խնդիրներից: Դժբախտաբար, թերեւս մարդկության ամենաքաղաքակիրթ այս դարաշրջանում դեռեւս կան ուժեր եւ պետական գործիչներ, որոնք չեն ձերբազատվել հնամաշ մտածելակերպից եւ նվաճողի հոգեբանությունից, որոնք առաջնորդվում են «ուժեղն է թելադրում» մոտեցմամբ:

Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք այսօր կրկնապատկել եւ բազմապատկել մեր ընդհանուր ջանքերը` մեր խնդիրներին արդարացի լուծում տալու եւ մեր ժողովուրդներին խաղաղություն ապահովելու նպատակով: Այս առումով կցանկանայի խոսել Հայաստանի եւ ամբողջ հայության համար կենսական մտահոգության խնդիրների` Լեռնային Ղարաբաղի եւ փակուղում գտնվող Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Կարեւոր եմ համարում այս խնդիրների շոշափումը, քանզի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա դարաշրջանում ապատեղեկատվությունը հաճախ շատ արագ ստվերում է ճշմարտությունը:

Տոտալիտար ռեժիմի կողմից Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտվել իրեն պարտադրված կարգավիճակի հետ: Նրա աչքի առաջ են եղել մեկ այլ բռնակցված տարածքի` Նախիջեւանի հայերի ճակատագիրը, որոնք չդիմանալով Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներին, ստիպված էին լքել այն հողը, որի վրա ապրել էին հազարամյակներ:

Ուստի պատահական չէր, որ խորհրդային շրջանի ողջ ընթացքում, եւ հատկապես` ազատականացման գործընթացներին զուգընթաց Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պարբերաբար բարձրացնում էր իր անկախության հարցը: Իսկ 1991թ. հաստատեց այն հանրաքվեի միջոցով, որը լիովին համապատասխանում էր Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Ադրբեջանը փորձեց բացահայտ էթնիկական զտումների եւ զինված ագրեսիայի միջոցով խեղդել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Չկարողանալով հաղթել իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականին ստորագրել հրադադարի եռակողմ համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Ցավոք, տեւական խաղաղություն հաստատելու այդ բացառիկ հնարավորությունը, որը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանային ժողովուրդների խաղաղ գոյակցության եւ զարգացման համար, Ադրբեջանի կողմից մինչեւ այսօր օգտագործվում է նոր ռազմական ագրեսիա նախապատրաստելու նպատակով:

Ակտիվ պետական հովանավորչությամբ Ադրբեջանում մոլեգնող` Հայաստանի եւ հայերի դեմ ուղղված թշնամական քարոզչությունը եւ պատմության ակնհայտ կեղծարարությունը, այդ երկրի սպառազինումն ու սպառազինությունների մրցավազքի հրահրումն ապացուցում են, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության: Բանը հասնում է նրան, որ Ադրբեջանի իմ գործընկերը հայտարարում է, թե իբր մեր երկրի մեծ մասը նվիրաբերվել է Հայաստանին Ադրբեջանի կողմից, իսկ մայրաքաղաք Երեւանը ադրբեջանական քաղաք է: Համոզված եմ, որ պատմության խեղաթյուրման այսօրինակ զավեշտի հետ առնչվել է նաեւ Կիպրոսը:

Ադրբեջանի հայատյաց եւ ագրեսիվ վարքագիծը հաստատում է մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում: Ավելին, Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների á́չ իրավական, á́չ քաղաքական և á́չ էլ բարոյական հիմքեր: Ճիշտ է, մենք վճռական ենք խնդիրը լուծել բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով, բայց եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա մեր պատասխանը վճռական է լինելու:

Ցավալին այն է, որ մեր առանց այն էլ խոցելի տարածաշրջանում որոշ երկրներ, գայթակղվելով էներգետիկ շահերով, վարում են կարճատես, օրվա շահից բխող քաղաքականություն: Դա ամենեւին չի նպաստում տարածաշրջանային կայունությանը: Ավելին, պարզ տրամաբանությունը հուշում է, որ տարածաշրջանային կայունության խախտման դեպքում առաջին հերթին վնասվելու են հենց այդ նույն տնտեսական շահերը: Հարգելի’ գործընկերներ, Գտնվելով Կիպրոսի բարեկամական հողի վրա` չեմ կարող շրջանցել նաեւ կիպրական հիմնախնդիրը:

Այնպես է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի հակամարտությունների կարգավորման շուրջ մենք ապավինում ենք միջազգային իրավունքի տարբեր սկզբունքների, քանի որ տարբեր են նաեւ երկու հակամարտությունների բնույթն ու հանգամանքները, պատմությունն ու հարակից փաստերը: Այս հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իր տրամաբանությունն ու կարգավորման իր բանալին: Այո, շատերն են փորձում մեզ գցել միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների մակերեսային մեկնաբանությունների ծուղակը:

Բայց իրավունքի հիմքը արդարությունն է, եւ մենք պետք է միասնական լինենք արդարության վերականգնման մեր սկզբունքային պայքարում: Հայերը երբեք չեն վարանել սատարել եղբայր կիպրացիներին, ինչո՞ւ չէ` նաեւ պայքարել Կիպրոսի տարածքային ամբողջականության համար: Մենք իսկապես մտահոգված ենք Կիպրոսի խնդրի կարգավորմամբ, չէ՞ որ Կիպրոսի նման բաժանված է նաեւ Կիպրոսի հայկական մշակութային ժառանգությունը:

Կիպրոսի պես` այն վերամիավորման է կարոտ, ուշադրության եւ հոգատարության է կարոտ, քանի որ մեր եղբայրական երկրի տարածքը զավթողներն իրենց բացարձակապես նեղություն չեն տալիս` հոգալու քրիստոնեական մշակութային ժառանգության մասին: Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ: Մենք երբեք չենք համակերպվել եւ չենք էլ համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ: Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի եւ Թուրքիայի գրաված այլ տարածքների մասին: Հիշում ենք, քանի որ չհիշել` կնշանակի հաշտվել ստեղծված իրավիճակի, այս երկրի հանդեպ գործադրված բռնության հետ:

Մենք իրերն անվանում ենք իրենց իսկական անուններով, որպեսզի հանցագործությունը չկոծկվի, իսկ Կիպրոսի խնդիրն էլ գտնի իր արդարացի եւ իրավական լուծումը: Հայերն ու կիպրացիները ոչ միայն բարեկամներ եւ եղբայրներ են, այլեւ բնական դաշնակիցներ, եւ մենք հավատարիմ ենք այդ դաշինքին: Հավատացնում եմ, որ դժվար է երկրագնդի վրա գտնել գեթ մեկ հայ, որն ամենայն անկեղծությամբ չուրախանա Կիպրոսի հաղթանակներով եւ հաջողություններով, բարեկեցությամբ, կայունությամբ, առաջընթացով եւ խաղաղությամբ:

Հարգելի’ գործընկերներ, Մեր տարածաշրջանում տեւական խաղաղության ու կայունության հաստատումը Հայաստանի գլխավոր նպատակներից է: Սակայն, այդ ճանապարհին մեր հետևողական փորձերը հայտնվում են փակուղում: Կասկած չունեմ` Կիպրոսում ուշադրությամբ հետեւել եք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով եւ գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն:

Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին: Նախապայմանների պատին դեմ առան մեր եւ գործընթացում ակտիվորեն ներգրավված մեր գործընկերների ջանքերը: Եթե տուրք պետք է տայինք նախապայմաններին, ապա մենք առավել քան բարոյական եւ իրավական հիմքեր ունեինք նախապայմաններ առաջ քաշելու: Բայց մենք ուժ գտանք հաղթահարելու հոգեբանական բոլոր արգելքներն ու առաջ շարժվել:

Այո’, մենք շատ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սակայն նախապայմանների առաջադրման փոխարեն մենք գերադասեցիք խնդիրների կարգավորման քաղաքակիրթ մոտեցումը` երկխոսություն կայացնելու միջոցով: Հարգելի’ գործընկերներ, Մենք պետք է բաց աչքերով նայենք իրականությանը: Այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն: Բայց տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ եւ ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ:

Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»: Եվ ինչպե՞ս է ընկալվում «հարեւանների հետ զրո պրոբլեմ» ուղեգիծը: Որպեսզի բոլոր հարեւանները հլու կատարեն Թուրքիայի հորդորները եւ բավարարեն նախապայմաննե՞րը: Գուցե կան հարեւաններ, որոնց համար դա նույնիսկ շահավետ է, բայց վստահորեն մենք դրանց թվին չենք պատկանում: Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը եւ փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի՞ կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության:

Մենք մեզ համարում ենք եվրոպական արժեքների կրող եւ եվրոպական ընտանիքի մաս: Այսօր Հայաստանը իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ եվրոպական կառույցների սերտ աջակցությամբ: Մենք առաջինն ենք ցանկանում ունենալ ժողովրդավար եւ եվրոպական արժեքներին դավանող հարեւաններ, հարեւաններ, որոնք խնդիրները լուծում են երկխոսությամբ եւ բանակցություններով եւ ոչ թե սպառնալիքներով: Հուսով ենք, որ Թուրքիան կհասկանա եւ կգնահատի նույն այդ արժեքների կարեւորությունն իր իսկ կայուն զարգացման եւ բարեկեցության համար:

Հարգելի’ բարեկամներ,

Մեր բարեկամությունը խարսխված է ոչ միայն խորը պատմական, մշակութային եւ սոցիալական կապերի, այլեւ փոխվստահության, փոխադարձ հարգանքի ու համակրանքի, ընդհանուր արժեհամակարգի վրա: Այսօր իմ ներկայությունն այս դահլիճում, ինչպես նաեւ վերջին տարիներին մեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների գործուն փոխայցելությունները վկայում են մեր հարաբերությունների խորության եւ դրանք ավելի խորացնելու նպատակադրվածության մասին: Վերջին երկու տասնամյակներում հայ-կիպրական հարաբերությունները լուրջ առաջընթաց են ապրել:

Այսօր մեր երկրների միջեւ առկա է ոչ միայն ակտիվ քաղաքական երկխոսություն, այլեւ աշխույժ համագործակցություն գրեթե բոլոր ոլորտներում` քաղաքական, միջխորհրդարանական, ռազմական, մշակութային, կրթական եւ այլն: Ավելի էական առաջընթաց կուզենայինք տեսնել նաեւ տնտեսության բնագավառում, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր ենք գործադրում: Կարծում եմ` առաջիկա տարիներին այս բնագավառում նույնպես լուրջ առաջընթաց կարձանագրենք: Գտնվելով Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում` չեմ կարող նաեւ շրջանցել միջխորհրդարանական ակտիվ համագործակցության կարեւորությունը հայ-կիպրական հարաբերություններում:

Ուրախ եմ, որ նկատվում է շոշափելի առաջընթաց միջխորհրդարանական համագործակցության ոլորտում: Ցանկանում եմ ընդգծել նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը եւ միջխորհրդարանական կառույցներում կենսական խնդիրների շուրջ միմյանց սատարելու անհրաժեշտությունը: Հարգելի’ գործընկերներ, Կարելի է վստահաբար ասել, որ հայ-կիպրական համագործակցության ներկապնակը տարեցտարի հարստանում է նորանոր ձեռքբերումներով: Բնական դաշնակիցներ լինելով հանդերձ` մենք շահագրգռված ենք միմյանց թե’ քաղաքական եւ դիվանագիտական, թե’ տնտեսական եւ սոցիալական հզորացմամբ:

Մեր ժողովուրդներին եւ երկրներին կապում է ոչ միայն պատմությունը եւ մշակույթը, այլեւ ապագան: Համոզված եմ, որ սերտ համագործակցությամբ եւ ընդհանուր ջանքերով միայն կարող ենք ապահովել մեր պետությունների կայուն ինքնիշխանությունը եւ մեր ժողովուրդների բարեկեցիկ ապագան: Վստահ եմ` մենք դեռ միասին հազարամյակների պատմություն ենք կերտելու:

Կեցցե’ Կիպրոսը:

Կեցցե’ Հայաստանը:

Կեցցե’ հայ-կիպրական դարավոր բարեկամությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ