ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, January 11, 2012 22:35 - 4 քննարկում

Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….

Կամ ևս մի նոր «օֆշորային» կազմակերպության «ավետիսը»…

Պարոն վարչապետ, դե’ կներեք, որ իմ բաց ֆաքսերով խանգարում եմ «ժանտախտի ժամանակ կազմակերպվող հանրապետական քեֆերին», այնուամենայնիվ կատարելով խոստումս` շարունակեցի ուսումնասիրություններս «Նաիրիտ» գործարանի շուրջ իրականացված գործընթացների կապակցությամբ և մեկ անգամ ևս հանգեցի այն եզրակացության, որ ՀՀ կառավարությունը «Նաիրիտ» գործարանի ղեկավարության հետ համատեղ միտումնավոր և ծրագրված կերպով գործարանը մինչ օրս էլ տանում են դեպի կործանման: Որպես ասվածի ապացույց ներկայացնեմ իմ երկարատև ուսումնասիրություններից ևս մի քանի օրինակներ:

Եվ այսպես: ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2011 թվականի հունիսի 21-ին կազմված թիվ 29-Ա/1 միջանկյալ ակտով բացահայտվել է ֆինանսական լուրջ խախտում` կապված NUMARD TRADING LTD կազմակերպության և «Նաիրիտ» գործարանի միջև դատական գործընթացին առնչվող նյութերի հետ: Խոսքը վերաբերում է «Նաիրիտի» 4.95 մլրդ դրամի ֆինանսական պարտավորությանը, որը գոյացել է Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2010 թ. սեպտեմբերի 10-ին կայացրած ԵՇԴ/0913/02/09 վճռով:

Այս ամենի մեջ զավեշտալի է այն իրողությունը, որ «Նաիրիտ» գործարանի իրավաբանական վարչությունը, որը «մեծ փորձառություն ունի» դատական մարմիններում տրամաբանությունից դուրս դատեր շահելու, այս պարագայում իրեն դրսևորել է անմեղսունակ գառնուկի նման, քանի որ պաշտպանական շեշտը դրել է այնպիսի փաստի վրա, որն ի սկզբանե դատապարտված էր պարտության, ինչն էլ որ եղավ: Այսպես, «Նաիրիտ» գործարանի իրավաբանական վարչության աշխատակիցներ Արմեն Աբովյանը և Նելլի Թովմասյանը NUMARD TRADING LTD կազմակերպության կողմից ներկայացված շուրջ 15 միլիոն դոլար պահանջի վերաբերյալ հայցադիմումի պատասխանում միակ շեշտը դրել են հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության վրա` քաջ գիտակցելով, որ հնարավոր չէ հայցային վաղեմություն կիրառել, քանի որ 2006 թվականի հուլիսի 3-ին պարսկական կազմակերպության կողմից թիվ 1163Ա գրությամբ վերացել է վաղեմություն կիրառելու «Նաիրիտ» գործարանի հնարավորությունը:

Ինչ վերաբերում է այդ չարաբաստիկ 1163Ա գրությանը, ապա պարզից էլ պարզ երևում է, որ այդ գրությունը պատրաստվել էր «Նաիրիտ» գործարանի տնօրինության կողմից վաղեմությունը ընդհատելու և դատարանում կանխամտածված պարտվելու նպատակով: Սրա մասին 2011 թվականի հունիսի 21-ին կազմված իր թիվ 29-Ա/1 միջանկյալ ակտում մատնանշել է նաև ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը:

Որպես վերը նշվածի` կանխամտածված պարտության ևս մեկ ապացույց է «Նաիրիտ» գործարանի և ESMAEIL MOTAVALLI SOUFIANI TRAIDING պարսկական կազմակերպության միջև կնքված 03.10.2002 թվականի պայմանագրի 2.1 կետով սահմանված դրույթը, որում նշված է, որ ապրանքն առաքվում է Երևան, Բագրատունյանց 70 («Նաիրիտ» գործարան) հասցեից, իսկ նույն պայմանագրի 1.1 կետով գնորդը պարտավորվում է ներկայացնել պատվեր կաուչուկի պահանջվելիք խմբաքանակի, առաքման հասցեի վերաբերյալ և կազմակերպել նրա տեղափոխումը իր միջոցներով: Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ պարսկական կողմը ընդհանրապես չի ներկայացրել պատվեր կաուչուկի որևիցե խմբաքանակի վերաբերյալ: Սա է, որ ստիպում է հանգել այն եզրակացության, որ «Նաիրիտ» գործարանը պարտվել է «կամովին», քանի որ նույն «Նաիրիտ» գործարանի իրավաբանական վարչության աշխատակիցները դատարանում կանխամտածված կերպով ուշադրություն չեն դարձրել վերը նշված կետերի վրա, այլ սահմանափակվել են պարտության տանող վաղեմության ժամկետ կիրառելու միջնորդությամբ, մանավանդ որ 2003 թվականից մինչև 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում «Նաիրիտ» գործարանի կրեդիտորական ցուցակում բացակայել է 882 միլիոն դրամի ֆինանսական պարտավորությունը` նշված պարսկական կազմակերպության հանդեպ: Այս ամենից պարզ երևում է, որ «Նաիրիտ» գործարանի և պարսկական կազմակերպության միջև կնքված 03.10.2002 թվականի պայմանագրի հիման վրա 08.01.2003 թվականին կազմված Համաձայնագիր գոյություն չի ունեցել «Նաիրիտ» գործարանում և այդ պատճառով էլ 882 միլիոն դրամի պարտքը չի արտացոլվել «Նաիրիտի» հաշվեկշռում:

Իմ ուսումնասիրությունները պարզեցին նաև, որ 2008 թվականի դեկտեմբերի 24-ին ESMAEIL MOTAVALLI SOUFIANI TRAIDING պարսկական ընկերությունը իր արհեստածին ֆինանսական պահանջի իրավունքը զիջել է Սեյշելյան կղզիներում գրանցված NUMARD TRADING LTD օֆշորային կազմակերպությանը: Հերթական ի հայտ եկած օֆշորային ընկերության գործարքի մասին առավել մանրամասն դեռ կանդրադառնամ մոտակա օրերս հրապարակվելիք իմ «բաց ֆաքս-7» –ում:

Պարոն վարչապետ, դուք որպես «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս բաժնեմասի պետական սեփականության պատասխանատու, պետք է կարողանաք հիմնավորել իրավապահ մարմիններին, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարության անդամ հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը 17.08.2011 թ թիվ 1/7.1/83175-11 գրությամբ դիմել «Հայգազարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենին` առաջարկելով որպեսզի «Նաիրիտ» գործարանի 3,6 տոկոս բաժնետերը դիմի ՀՀ Վերաքննիչ դատարան` 4.95 միլիարդ դրամի վճռի դեմ և այդ նպատակով էլ ՀՀ Կենտրոնական գանձապետարանը 148.493.520 դրամ պետական միջոց հանդիսացող գումար է փոխանցել դատարանին` «Հայգազարդ» ՓԲԸ-ի փոխարեն:

Հարց 1. Պարոն վարչապետ, ինչո՞ւ ձեր ենթակայության տակ գտնվող պետական պաշտոնյաները բացահայտելով խոշորամասշտաբ գումարների հետ կապված անօրինականություններին առնչվող փաստերը չեն ուղարկել միակ ճիշտ հասցեատիրոջը` ՀՀ Գլխավոր դատախազություն, այլ փորձել են միտումնավոր կոծկել պետությանը հասցվող վնասարարությունը և դեռ գումար են հատկացրել պետական սուղ միջոցներից այն դեպքում, երբ հայտնի էլ չէր պետական 148.493.520 դրամի վերադարձնելիության ժամկետը և երաշխիքները:

Հարց 2. Պարոն վարչապետ, ձեզ զավեշտալի չի՞ թվում, արդյոք, այն իրողությունը, որ ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2011 թվականի հունիսի 21-ին կազմված թիվ 29-Ա/1 միջանկյալ ակտի դեմ «Նաիրիտ» գործարանի տնօրինությունը 26.07.2011թ-ին թիվ 01/Պ-159 գրությամբ ներկայացրել է բողոք, որը քննարկվել է 2011 թ. օգոստոսի 25-ի ՀՀ Ֆիննախի ստուգումներ իրականացնող աշխատակիցների գործողությունների դեմ բերված բողոքները քննող Հանձնաժողովում և ստացել մերժում, քանի որ «Նաիրիտ» գործարանի տնօրինությունը տարօրինակ կերպով հրաժարվել էր իր բողոքից: Ձեզ այս ամենը մանկական խաղեր չե՞ն հիշեցնում…

Հարց 3. Պարոն վարչապետ, ունե՞ք NUMARD TRADING LTD օֆշորային կազմակերպության իրական տերերին բացահայտելու հնարավորություն, թե դա էլ ես պիտի անեմ… Կարծում եք սա է՞լ կարժանանա «Նաիրիտ» գործարանի ներկայիս սեփականատեր ներկայացվող «Ռայնովիլ Լիմիթեդ պրոփրթի» օֆշորային կազմակերպության անհայտ բաժնետերերի ճակատագրին…

Հարց 4. Պարոն վարչապետ, ինչո՞ւ ես կարողանում եմ իմ սուղ հնարավորություններով այսքան անօրինականություններ բացահայտել, իսկ ձեր ենթակայության տակ գտնվող պետպաշտոնյաները, որոնք աշխատավարձ են ստանում մեր` հարկատուների վճարներից, չեն զբաղվում իրենց հիմնական պարտականություններով և եթե նրանք սպասում են «հրամանի վերևից», ապա դուք ինչո՞ւ չեք ցուցաբերում նմանատիպ «նախաձեռնություն»: Սա ասում եմ նրա համար, որ իմ «բաց ֆաքս-1»-ի ժամանակ հապճեպ դիմեցիք ՀՀ Գլխավոր դատախազին, բայց տարօրինակ կերպով նույն նախաձեռնողականությունը չեք ցուցաբերում իմ մյուս «բաց ֆաքսերի» հանդեպ:

Բա ո՞ւր մնացին ձեր հորդորները թափանցիկության մասին, թե՞ դա էլ ընդունենք որպես ձեր հերթական «մտքի գոհարներ»…

ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Grigor Dallakyan
Jan 12, 2012 5:16