ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, September 25, 2011 0:55 - 4 քննարկում

Մեր հարազատ, հայ գամփռի մասին:

Գամփռը հոտապահ շնից ավելի մեծ է: Նա մնում է տանը և հսկում է բակն ու տունը: Նա սովորական շան նման չի հաչում, այլ հետևում է բակում խաղացող երեխաներին և միջամտում նրանց կռիվներին, իր հաստ ու բրդոտ պոչով խփելով ե սաստելով նրանց: Նա երեխաների ամենավստահելի պահապանն է, երբեմն էլ խաղընկերը, բայց միշտ պաշտպանի դիրքում:

Գամփռը ճանաչում է տան բարեկամներին և չի հաչում նրանց վրա, բայց գազազում է օտարների, մանավանդ, ըստ իր բնազդական նախազգացման, տան թշնամիների դեմ: Նա չի կծում, այլ բզկտում է: Ենթարկվում է տան բոլոր անդամների կարգադրություններին, ճանաչում է տան անասուններին և պաշտպանում նրանց օտար հարձակումներից, թույլ չի տալիս օտար երեխաների և անասունների, մոտենան տան բակի ցանկապատին կամ տնամերձ հողամասի սահմաններին:

Քնում է մի աչքը բաց և զգաստ, ականջները լարում է ամենափոքր շարժումի դեպքում: Երբ գամփռը հաչում է, տան անդամները նրա հաչելու ձևից ու ելևէջից հասկանում էին պատճառը:

Գամփռը չի ծառանում իրեն ծեծող տիրոջ դեմ, այլ գլուխը դրած առաջին թաթերին, աղերսանքով, բայց միշտ հպատակությամբ ենթարկվում է տիրոջ հասցրած հարվածներին, առանց տեղից շարժվելու կամ փախուստի դիմելու: Պատահել է, որ որևէ լուրջ պատճառով շանը ծեծող տերը սրտի կսկիծից արտասվել է և գրկելով պարանոցը, համբյուրներով ողողել գլուխն ու աչքերը, շոյել ու գուրգուրել նրան:

Տան գամփռը՝ բացի իր տան անդամներից, ոչ ոքի ձեռքից կերակուր չի ուտի. օրերով անոթի կմնա, բայց ձեռք չի տա օտարի կողմից իրեն հրամցված հացի կամ մսի կտորին, ոչ էլ կգողանա իր պաշտպանությանը հանձնված մթերքից:

Հաճախ՝ տունը վստահելով բակի մյուս շներին, գամփռը ծածուկ հետևում է տնից փախչող երեխաներին և հեռվից հսկում նրանց, անրաժեշտ պահին օգնության հասնելով: Այդ բանը հաստատող հաստատող բազմաթիվ դեպքեր են եղել:

Եփրատի առափնյա գյուղերում, հակառակ ամեն տարի գետում երեխաների խեղդվելու դեպքերին, երեխաներին գետում լողանալու հաճույքից զրկել հնարավոր չէր լինում: Նրանք դիմում էին ամեն հնարամտության՝ տնից դուրս գալու և գետում լողանալու համար:

Բայց տան մեծերին ու ծնողներին խաբող պատանիները չէին կարողանում խաբել հավատարիմ շանը: Գամփռը աննկատ հետևում էր ծածուկ լողալու գնացող պատանուն (որպեսզի վերջինս չարգելեր այդ անելու) և թաքնվելով գետափնյա ժայռերի արանքում, հայտնվում էր միայն այն պարագայում, երբ վտանգ էր սպառնում երեխաներից որևէ մեկին:

Բոլոր շներն են հավատարմությամբ ծառայում իրենց տերերին, բայց հայկական հոտապահ շները առանձնապես աչքի են ընկնում իրենց նվիրվածությամբ: Պատճառն այն է, որ բարեկամությունը խարիսխված է դժվարին կյանքով և ամենօրյա պայքարով, որ միասին նրանք մղում են բնության տարերքի, գազանների դեմ՝ իրենց խնամքին հանձնված անասունների կյանքը պաշտպանելու համար:

Պրոֆեսոր Սարգիս Սաքանյանը պատմում է մի շան արարքի մասին. «Լեջան գյուղի հանդում տավար պահելիս իմ ընկերներից մեկը մի տեղ մոռանում է իր տոպրակը՝ հացը միջին: Շատ է փնտրում՝ չի գտնում: Ձայն է տալիս շունն էլ չկա: Մյուս օրը նույնպես հանդում փնտրում է՝ ո՛չ շունը կա, ո՛չ տոպրակը: Ա՛յ մարդ, էս ի՞նչ բան է: Նոր հաջորդ գիշերը հիշում է, թե ի՛նչպես այսինչ աղբյուրի մոտ հաց կերավ: «Կա՜-չկա էն աղբյուրի մոտ մնաց», – մտածում է, շորերը հագնում, լուսադեմին գնում հանդ: Գնում է, տեսնում շունը աղբրի մոտ պառկած՝ տոպրակը կողքին: Տնտղում է, հացը մեջն է, ձեռք տվող չի եղել: Երկու օր էդ կենդանին հացի կողքին քաղցած նվնվացել է, բայց չի կերել» [2]:

Մի օրինակ ևս. « Չամբարը գարնանը ձագեր բերեց և մայրական քնքուշ սիրով սիրեց նրանց: Ու ձագեր բերելուց հետո է՛լ ավելի բարի դարձավ փոքր արարածների նկատմամբ:

Ոչխարների ծինն սկսվել էր: Չամբարն արթուն հսկում էր նոր ծնված գառներին, իսկ եթե մեր աչքից հեռու ոչխար էր ծնում, իսկույն գալիս էր իմաց տալու, որ օգնության գնանք:

Մի երեկո էլ, երբ ոչխարի հոտը տուն էինք տանում, Չամբարը չերևաց: –

Երևի չհամբերեց, ձագերի համար տուն փախավ, – եզրակացրեց ընկերս:

Գյուղ գնացինք, բայց Չամբարը դարձյալ չկար: Նրա ձագերը կլանչելով ոտքերիս փաթաթվեցին. խեղճերը և՛ քաղցած էին, և՛ կարոտել էին իրենց մորը: Նրանց կաթ տվի, կշտացրի՝ ձայները կտրեցին: Բայց ու՞ր մնաց Չամբարը: Հաշվեցինք ոչխարներից մեկն էլ էր պակասում: Մահակս վերցրի որ սար բարձրանամ, բայց մայրս չթողեց. ակնակիր ու մռայլ գիշեր էր, հեռվում ամպեր էին որոտում, և կայծակը մերթընդմերթ ծվատում էր խավարը: Քիչ հետո սկսվեց փոթորիկ: Ամբողջ գիշերը մեր գյուղի մոտի անտառը հեծեծում էր:

Առավոտը պայծառ էր ու արևոտ: Ոչխարի հոտը նախորդ օրվա տեղերը տարանք, նայոցինք նոր տերևակալող թփուտները, և այսպիսի սրտաշարժ մի տեսարան բացվեց մեր առաջ. կորած ոչխարը նստած՝ հանգիստ որոճում էր, նրա կողքին մեկնված էր մեր Չամբարը: Նա մեզ անշուշտ վաղուց էր նկատել, բայց տեղից չէր վեր կենում, միայն պոչը բարեկամաբար շարժում էր, և նրա աչքերում ուրախության փայլ կար: Առաջ գնացինք և գաղնիքը բացվեց: Մոր և Չամբարի մեջտեղը նորածին մի գառնուկ անուշ-անուշ քնած էր» [2]:

1907 թ. թուրքերի դեմ մղված մարտերում Մնձուր լեռնաշխարհի Ղրգրլքիլիսեի Փախ գյուղացի Ակոն անհետ կորչում է: Բոլոր պրպտումները՝ մեռած կամ վիրավոր գտնելու Ակոյին, մնում են անհետևանք, Անթառ մամը չի հավատում իր թոռան կորստին և պնդում է, թե Ակոն կենդանի է, իր այս համոզումը հիմնավորելով նրանով, թե մարտի թեժ պահին իրենց շուն Չալոն, անտեր ձգելով իր կաթնակեր քոթոթներին, սլացել է դեպի Խութաց-ձորը (մարտի վայրը) և դեռևս չի վերադարձել:

Անթառ մամը գուրգուրանքով խնամում և կերակրում էր Չալոյի որբացած քոթոթներին և սպասում նրա վերադարձին: Շունը վերադառնում է երեք օրվա բացակայությունից հետո, երբ արդեն թուրք զինվորները պարտվել և Խուրթաց ձորը խաղաղվել էր:

Շունը հասնում է տուն նիհարած ու նվաղ վիճակում, բայց փոխանակ քոթոթների մոտ գնալու, վազում է Անթառ մամի մոտ և թաթերը դրած մամի ուսերին լիզում նրա ձեռքերը: Դա հաղթանակի նշան էր: Մամը գուրգուրում և համբուրում է շանը ու հարցնում. –

Որտե՞ղ էիր այսքան օր, ընչի՞ անտեր ու որբ թողիր ձագուկներիդ և կորար անհետ: Ասա՛, Չալո՛, որտե՞ղ է տերդ՝ Ակոն:

Չալոն կարծես հասկանում է տիրոջ խոսքերը և պոչը շարժելով հաչում երեք անգամ, ուղղվում է դեպի դուռը, կրկին հաչում և հրավիրում տանտիրոջը՝ հետևելու իրեն:

Մամը անմիջապես հավար է կանչում և գյուղում գտնվող մի քանի հոգի հետևում են շանը, որը նրանց առաջնորդում է գյուղից բավական հեռու, անմատչելի ապառաժների խորքում գտնված մի քարայր, ուր ծանր վիրավոր, բայց ուշքի եկած պառկած է լինում Միրագից Ակոն:

Տեղում պատրաստած պատգարակով վիրավորին փոխադրում են գյուղ: Հարկ եղած դարմանումները կատարելուց հետո, երբ վիրավորը կարողանում է խոսել, պատմում է հետևյալը. –

Նահանջող թուրքական զորքի նահանջի ճանապարհը կտրելու նպատակով ես դուրս եկա թաքստոցից և վայր ցատկեցի Չաթալ քարի արանքից, որ բռնեմ Բոզ Կետուկի դիրքը: Քարը շատ բարձր էր, վայր նետվելիս ձախ ոտքս, ծնկից վար, կոտրվեց: Քանի դեռ վերքը տաք էր, դիմացա ցավին և սողալով հասա Բոզ Կետուկին ու դիրք բռնեցի դեպի Շեյթան- ղայա տանող արահետի բարձունքում, որտեղից անցնելու էին զորքից կտրված ութ զինվոր և մի հազարապետ:

Հիշում եմ, ոռաջին կրակոցից գետին տապալվեց հազարապետը, երկրորդ գնդակով խփեցի բաշ-չաուշին, մնացած յոթ զինվորները կրակելով ետ նահանջեցին: Այդ միջոցին էր, որ թշնամու գնդակներից մեկը դիպավ աջ ուսիս և հրացանը վայր ընկավ ձեռքիցս: Գիտեի, որ փախստականները չէին կարողանա բարձրանալ Բոզ Կետուկի ժայռերը, որ վնասեն ինձ, բայց զհացի, որ աջ թևս չի շարժվում և արյունը հոսում է ջրի պես: Թե ինչ պատահեց հետագայում, չգիտեմ: Որքան էի մնացել ուշագնաց, ով և ինչպես էր փոխադրել ինձ անծանոթ այդ քարայրը, ուր գտաք ինձ, չգիտեմ, միայն զգում էի, որ ինչ-որ բան եմ ծծում ու տաք հեղուկը հոսում է կոկորդիցս վար և ինչ-որ կենդանի լիզում է ճակատս… Կոպերս այնքան էին ծանրացել, որ աչքերս բացել և ձեռքերս շարել չէի կարողանում: Վերքերի ցավից, թե կորցրած արյունից բոլոր անդամներս անշարժացել էին: Զգում էի, որ շնչում եմ, ուրեմն դեռ չեմ մահացել, բայց պատահածի մասին ոչինչ հիշել չէի կարողանում, ավելի ճիշտ՝ ուղեղս չէր գործում: Ժամանակի տևողության մասին գաղափար չունեի, քանի ժամ կամ քանի օր էի մնացել այդ վիճակում, չգիտեի: Միայն երբ աչքերս բացեցի, տեսա, որ Չալոն լիզում է վերքերս, որոնցից արյուն չէր ծորում և ոչ էլ լերդացած արյուն կար մարմնից սրևէ մասում: Շանը որտեսա գլխավերևումս, կարծես նորից կյանք ստացա: Թեև չկարողացա գրկել և համբուրել նրան, բայց կարողացա շշնջալ.

-Չալո, ես ողջ եմ, հասիր տուն և օգնություն կանչիր: Մնացածը ծանոթ է ձեզ:

Պարզվում է, որ Չալոն ծանր վիրավորին փոխադրել է վտանգի վայրից հեռու, կաթով սնուցել, լիզել վերքերը և հսկել տիրոջը այնքան, մինչև նա ինքնագիտակցության է եկել հրամայել է իրեն գնալ տուն օգնություն կանչելու:

 



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

zeronique
Sep 25, 2011 1:31