ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ . Thursday, March 3, 2011 9:08 - չքննարկված

Հայկական Հարցն Այսօր. II -1

Ռամկավար Մամուլ Մարտ 3, 2011

 

Հայկական Հարցն Այսօր. II -1

ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ Քաղաքական Գիտութիւնների Դոկտոր

 

II. Միջազգային իրաւական մակարդակ

Հայկական պետութեան ռազմավարական խնդիրները

Նախքան Հայկական հարցի միջազգային իրաւական մակարդակի վերլուծութեանն անցնելն անհրաժեշտ է համառօտաբար ամփոփել ներկայ ուսումնասիրութեան նախորդ գլխում ասուածը (I. Ռազմավարական մակարդակ)։

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Հայկական հարցի բովանդակութիւնը՝ Հայաստանի տարածքային-քաղաքական ազատագրութեան անհրաժեշտութիւնը, նոյնը մնալով, ընդունեց նոր ձեւեր, որոնք արտայայտուեցին նախ եւ առաջ վերածնուած հայկական պետութեան հետեւեալ ռազմավարական խնդիրներում.

ա) Արցախի (ներառեալ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) շուրջն ընկած տարածքի) ազատագրում եւ ամրապնդում.

բ) Հայաստանի անվտանգութեան համար կենսականօրէն կարեւոր հայկական Ջաւախքի պահպանում եւ նրա ազգային դիմագծի ամրապնդում.

գ) Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչում եւ դատապարտում, ցեղասպանութեան ժխտման փորձերի դէմ պայքար, ինչպէս նաեւ այդ հարցի միջազգային շահարկումների բացայայտում և չէզոքացում.

դ) Խորհրդային Միութեան փլուզմամբ վերաբռնկուած հայ-թուրքական հակամարտութիւնը, ներառեալ ինչպէս օսմանեան ու հանրապետական Թուրքիայում իրականացուած Հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացման հարցերը, այնպէս էլ Թուրքիայի ներկայիս թշնամական քաղաքականութիւնը՝ Հայաստանի Հանրապետութեան երկարամեայ շրջափակումը, Ադրբեջանի՝ ԼՂՀ և ՀՀ դէմ ուղղոէած պատերազմական գործողութիւններին, այժմ էլ՝ նախապատրաստութիւններին ամէն կերպ օժանդակումն ու խրախուսումը, Հայոց ցեղասպանութեան ժխտումը, միջազգային ասպարէզում Հայաստանի պատմութեան համապարփակ կեղծումը, հայ պատմամշակութային ժառանգութեան համակարգուած ոչնչացումը, ՀՀ-ի եւ հայութեան դէմ մղուող տեղեկատուական-հոգեբանական պատերազմը եւ այլն։

Հայկական հարցի այս բաղադրիչներն անքակտելիօրէն կապուած են, նրանցից իւրաքանչիւրը պարունակում է մեծ վտանգներ, իսկ որեւէ մէկում ձախողումը յղի է ծանր հետեւանքներով Հայաստանի և հայութեան համար։ Վերը թուարկուած խնդիրներն ունեն մի շարք կողմեր, այդ թւում՝ ռազմական, ժողովրդագրական, տնտեսական, միջազգային-իրաւական, որոնցից ամէն մէկն ունի իր կշիռն ու նշանակութիւնը։

Հայկական հարցի միջազգային իրաւական թղթապանակը

Համապատասխանաբար, Հայկական հարցի միջազգային իրաւական թղթապանակը բաղկացած է հետեւեալ գործերի համադրոյթից.

1893-1923 թթ. Հայոց ցեղասպանութեան մասին գործը

Հայոց ցեղասպանութեան ճանաչումը կարող է Հայաստանի համար իրապէս դրական նշանակութիւն ունենալ միայն այն ժամանակ, երբ կ’ընդունուի որպէս իրավաւանօրէն պարտադիր ակտ, այլ ոչ որպէս սոսկ քաղաքական հռչակագիր, ինչպիսին այն դարձել է աշխարհի աւելի քան քսան երկրների խորհրդարանական բանաձեւերում և յայտարարութիւններում։ Հռչակագրային բնոյթ ունեցող ճանաչումները որեւէ փոփոխութիւն չեն առաջացրել ցեղասպանութիւնը ճանաչած պետութիւնների՝ Հայաստանի անվտանգութեան հրատապ խնդիրների նկատմամբ վարած քաղաքականութեան մէջ։ Այնինչ միայն այդպիսի արդիւնքը կարող էր կարեւոր լինել, քանի որ Հայաստանի անվտանգութեան ծանրագոյն խնդիրները հե՛նց ցեղասպանութիւնն է ծնել։ Օրինակի համար, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Բելգիան, Լիտվան, Նիդերլանդների Թագավորութիւնը ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը, բայց այդ երկրների քաղաքականութիւնը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրել։ Աւելին, աշխարհաքաղաքական իրադրութեան փոփոխութիւնը փաստացիօրէն արժեզրկել է Հայոց ցեղասպանութեան մասին որոշ պետութիւնների խորհրդարաններում աւելի վաղ ընդունուած բանաձեւերը։ Այսպէս, ի հեճուկս Լիբանանի խորհրդարանի Հայոց ցեղասպանութիւնը երկիցս՝ 1997 և 2000 թթ. ճանաչելու փաստի՝ 2008 թ. իր մեծութեամբ լիբանանեան երկրորդ քաղաքի՝ Տրիպոլիի գլխաւոր հրապարակը վերանուանուել է Հայոց ցեղասպանութեան առաջին փուլի ղեկավար՝ պատմութեան մէջ «արիւնոտ սուլթան» մականուամբ յայտնի Աբդուլ Համիդի անուամբ։ Յունաստանում Սալոնիկի քաղաքապետը մտադիր է յուշարձան կառուցել ի պատիւ երիտթուրք այն պարագլուխների, որոնք ծնունդով այդ քաղաքից են։ Եւ այս սրբապղծութեան դէմ անզօր են Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին Յունաստանի խորհրդարանի 1996 թ., ինչպէս նաեւ Եւրախորհրդարանի (որի անդամ է Յունաստանը) 1987 ու 2002 թթ. ընդունած բանաձեւերը։ Կիսապաշտօնական Ֆրանս-Պրես գործակալութիւնը տարիներով շարունակում էր թէականօրէն խօսել Հայոց ցեղասպանութեան մասին նոյնիսկ այն բանից յետոյ, երբ 1998 թ. Ֆրանսիայի խորհրդարանը յատուկ բանաձեւով ճանաչել էր այն (դրութիւնը շտկուել է միայն վերջին 2-3 տարուայ ընթացքում)։ Շվեդիայի խորհրդարանը երկիցս փոխեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան փաստի նկատմամբ։ Այսպիսով, ցեղասպանութեան ճանաչման մասին խորհրդարանական բանաձեւերը, ինչպէս նաեւ պետութիւնների ղեկավարների յայտարարութիւնները, թեեւ կարեւոր են, սակայն անվստահելի են եւ անարդիւնաւէտ (այստեղ չենք անդրադառնայ այն բազմաթիւ փաստական սխալներին, որոնք նրանցում թոյլ են տրուած), քանի որ մշտապէս ենթակայ են ներքին եւ արտաքին քաղաքական շահարկումներին։

Իրականում, 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանութեան մասին գործը պատկանում է միջազգային և ազգային դատաիրաւական վարոյթին, մասնաւորապէս, ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կամ նախկին Հարավսլավիայի ու Ռուանդայի հարցերով տրիբունալների օրինակով ստեղծուելիք Հայոց ցեղասպանութեան յատուկ տրիբունալին։ Սակայն 1970-ական թթ. ի վեր՝ որոշ պետութիւններում խորհրդարանական քննարկումների օրակարգ մտցուելով (հետեւաբար՝ դառնալով բանավիճային) և յայտնուելով տուժող կողմի՝ Հայաստանի եւ հայութեան արդիւնաւէտ վերահսկողութիւնից դուրս, այդ գործը մի շարք դէպքերում դարձաւ աշխարհաքաղաքական առուծախի առարկայ՝ այլ պետութիւնների Թուրքիայի հետ ունեցած սեփական խնդիրները Հայոց ցեղասպանութեան շահարկումների հաշուին լուծելու միջոց։ (Այդ ամօթալի երեւոյթի վառ վկայութիւնն են ԱՄՆ նախագահների՝ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ նախընտրական խոստումների լկտի եւ բացայայտ դրժումները։) Ուստի Հայոց ցեղասպանութեան մինչեւ այսօր եղած միջազգային ճանաչումները միայն խորհրդարանական բանաձեւերի, որոշումների եւ յայտարարութիւնների տեսքով ժամանակավրէպ են։ Առ նուազն այն պահից, երբ Հայաստանը դարձաւ անկախ պետութիւն, Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման (այլ ոչ՝ սոսկ ճանաչման) հարցը պէտք է զուգահեռաբար արծարծուէր նաեւ միջազգային քաղաքական առուծախին պակաս չափով ենթակայ իրաւական դաշտում՝ ազգային և միջազգային օրէնսդրութիւններում ու դատարաններում։ Միջազգային դատարանում Հայաստանը հայցելու է Թուրքիայից բարոյական և մշակութային փոխհատուցում, նիւթական-ֆինանսական տուգանքներ, ինչպէս նաև բռնագրաւուած տարածքների վերադարձ։

Այս գործը կարող է լսուել 1948 թ. Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի ընդունած «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) եւ այլ միջազգային-իրաւական ակտերի համաձայն։ Մասնաւորապէս, որպէս Կոնվենցիայի ստորագրող կողմ (23 Յունիս 1993թ.) Հայաստանի Հանրապետութիւնն իրաւասու է արծարծել Թուրքիայի դէմ (որը նոյնպէս ստորագրել է այն՝ դեռեւս 1950թ. Յուլիսի 31-ին) այդ Կոնվենցիայի 8-րդ յօդուածը, որով իւրաքանչիւր կողմ կարող է դիմել ՄԱԿ-ի լիազօր մարմիններին՝ պահանջելով ձեռնարկել այն միջոցները, որոնք այդ կողմի համոզմամբ անհրաժեշտ են ցեղասպանութիւնը «կասեցնելու» (ճնշելու) համար: Հեղինակաւոր իրաւաբան-միջազգայնագէտների, մասնաւորապէս պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասի կարծիքով, ցեղասպանութեան «կասեցումը»՝ պատժիչ արդարութեան հաստատումից բացի՝ ենթադրում է նաեւ աւելի լայն միջոցների կիրառում: Յանցագործութիւնը կանխելու համար անհրաժեշտ է հնարաւորինս վերացնել դրա հետեւանքները: Հետևաբար, այդ միջոցները ներառում են ոչ միայն ցեղասպանութեան մեղաւորների պատժումը, այլեւ վերապրած սերունդների իրաւունքների վերականգնումն ու նրանց փոխհատուցելը, այդ թւում, հնարաւոր է, նաեւ տարածքային զիջումների տեսքով: ՀՀ-ը կարող է կիրառել նաեւ Կոնվենցիայի 9-րդ յօդուածը, որը յայտարարում է. «Պայմանաւորուող կողմերի միջեւ վէճերը՝ կապուած սոյն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման ու կատարման հետ, ներառեալ նաեւ ցեղասպանութիւն կամ 3-րդ յօդուածում թուարկուած որեւէ արարք կատարելու համար այս կամ այն պետութեան պատասխանատուութեան վերաբերեալ վէճերը, յանձնւում են Միջազգային դատարանի քննարկմանը` վէճի կողմերից իւրաքանչիւրի պահանջով»:

Այս առումով հարկ է նկատել, որ վերոյիշեալ Կոնվենցիայի 2-րդ յոդուածում ցեղասպանութիւն հասկացութեան եւ բուն ցեղասպանութիւն (genocide) եզրոյթի սահմանումը տուել է աշխարհահռչակ իրաւագէտ Ռաֆայէլ Լեմկինը` հիմքում դնելով յատկապէս ու մասնաւորապէս Հայոց ցեղասպանութեան պատմական փաստը: Աւելին՝ Ռաֆայէլ Լեմկինը Կոնվենցիայի անբաժանելի մաս համարուող Նախապատրաստական զեկոյցում ուղղակի յղում է արել Հայոց ցեղասպանութեանը: Այս յղումը բաւարար է եղել, որպէսզի Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը՝ 2007 թ. Մարտի 9-ին դատապարտելով Թուրքիայի Աշխատաւորական կուսակցութեան նախագահ Դողու Փերինչէքին 90 օր պայմանական ազատազրկման և տուգանելով նրան 3,000 շվեյցարական ֆրանկի չափով՝ Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու համար, միաժամանակ յայտարարի, որ Հայոց ցեղասպանութիւնը դադարում է լինել վիճարկման առարկայ, քանի որ եթէ ոչ ուղղակիօրէն, ապա անուղղակի ձեւով արդէն միջազգայնօրէն ճանաչուել է, դրուելով հիմնարար միջազգային իրաւական ակտի հիմքում: Աւելին՝ ֆորմալ տեսակէտից դիտելու դէպքում, կարելի է պնդել, որ Թուրքիան, 1950թ. Յուլիսի 31-ին ստորագրելով Կոնվենցիան՝ անուղղակիօրէն ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը։

Հայաստանի ու հայութեան աշխատանքի միւս ուղղութիւնը պէտք է լինի տարբեր պետութիւնների ազգային օրէնսդրութիւններում եւ դատական պրակտիկայում Հայոց ցեղասպանութեան ժխտման, վիճարկման կամ մեղմման քրէականացման հասնելը։ Ցաւօք սրտի, այս հարցում իրավիճակը չափազանց վատ է բուն Հայաստանի Հանրապետութիւնում։

Ինչ վերաբերում է տարբեր պետութիւնների խորհրդարաններում եւ միջազգային այլ՝ ոչ-իրաւական ատեաններում Հայոց ցեղասպանութեան արծարծմանը, ապա վաղուց արդէն ժամանակն է, որպէսզի Հայաստանն ու հայութիւնը նման բանաձեւերը գնահատեն իրենց սեփական չափանիշներով, որոնք համապատասխանում են ինչպէս պատմական իրականութեանը, այնպէս էլ հայկական շահերին, ընդ որում՝ ե՛ւ ազգային, ե՛ւ պետական շահերին (սրանց միջեւ հակասութիւններ չկան, ինչպէս տարիներ շարունակ փորձում են մեզ մոլորեցնել): Ստորեւ առաջարկում ենք այդպիսի գնահատման հինգ գլխաւոր չափանիշ.

  • ցեղասպանութեան ժամանակագրական սահմանների ճշգրիտ նշում՝ 1893-1923 թթ.
  • անհրաժեշտ յիշատակում առ այն, որ հայերը ոչնչացուել են իրենց պատմական հայրենիքում՝ հիմնականում Հայաստանի արեւմտեան մասում.
  • մարդկության դէմ այդ ոճրագործութիւնը կատարած պետութեան՝ Օսմանեան Թուրքիայի յստակ մատնանշում, ինչպէս նաեւ նրա իրաւայաջորդի՝ Թուրքիայի Հանրապետութեան՝ Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու և Հայաստանի դէմ թշնամական գործողութիւններ իրականացնելու (շրջափակում, քարոզչական պատերազմ, դիւանագիտական յարաբերութիւններից հրաժարում, Ադրբեջանին ռազմական օգնութիւն և այլն) աներկբայ դատապարտում.
  • թուրքական պետութեան պատասխանատուութեան ճանաչում հայ ժողովրդի շահերի վերջնական արտայայտչի եւ ներկայացնողի հայկական պետութեան առջեւ, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեանը փոխհատուցելու անհրաժեշտութեան ընդունում (խոսքը նախ եւ առաջ տարածքային փոխհատուցման մասին է).
  • նման բանաձեւերում ցեղասպանութեան հետեւանքների և տարածաշրջանի ներկայ աշխարհաքաղաքական դրութեան կապակցումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգութեան վրայ ցեղասպանութեան բացասական ներազդեցութեան ճանաչումը: Ամէնից կարեւորը հենց դա է՝ որքանով են այդ բանաձեւերը նպաստում ամենահրատապ խնդրին՝ Հայաստանի անվտանգութեան ապահովմանը։

Հայոց ցեղասպանութիւնը հայերի գոյատեւման համար ստեղծել է հողային խնդիր՝ նրանց կենսատարածքը սեղմել-հասցնելով ծայրայեղօրէն վտանգաւոր չափերի: Ճիշդ ա՛յդ տեսանկիւնից է պէտք դիտարկել ինչպէս Արցախի ազատագրումը (որի շնորհիւ միայն Հայաստանի սահմանները ձեռք բերեցին պաշտպանունակութիւն ու ռազմավարական նվազագոյն անհրաժեշտ խորութիւն), այնպէս էլ Ջաւախքի հայութեան անվտանգ զարգացման ապահովումը:

Հայ դիւանագիտութեան խնդիրն է Հայոց ցեղասպանութեան միջազգային դատապարտումը Ղարաբաղեան հակամարտութեան արդար կարգավորման եւ տարածաշարջանում մնայուն խաղաղութեան հաստատման հետ վարպետօրէն կապելը: Միջազգային համայնքը ճանաչելով հայերի դէմ իրականացուած ցեղասպանութիւնը՝ պարտաւոր է կատարել յաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայերի իրաւունքը Արցախի, ներառեալ ազատագրուած ամբողջ տարածքի վրայ։

Վերը նշուած պատասխանատուութեան ու փոխհատուցման չափանիշերը միջազգային որեւէ ատեանի ընդունած բանաձեւերում առ այժմ չեն գրանցուել։ Եւ չէին էլ կարող գրանցուել, քանի որ Հայաստանի Հանրապետութիւնն ինքն այդպիսի խնդիրներ իր առջեւ երբեք չի դրել, երբեք նման ծրագրեր մշակելու փորձեր չի արել ու բնականաբար՝ երբեք համապատասխան հիմնաւորուած պահանջներով հանդէս չի եկել։

(Շարունակելի) Երեւան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ