ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ . Tuesday, May 19, 2009 21:54 - 10 քննարկում

Առեղծվածային Գյուրջիեւը

Առեղծվածային Գյուրջիեւը

Գրել է Լուսանցք
22-04-2009

Երկրային մեծ աղետների ժամանակ միշտ գտնվում են մարդիկ, ովքեր պահպանում են մարդկության նախնի հիշողությունը:

Գյուրջիեւ

Ո՞վ է Գյուրջիեւը, ի՞նչ է իրենից ներկայացնում նրա ստեղծած ուսմունքը (ընդհանրապես ասած)

Իմ խնդիրը չէ այստեղ ըստ էության ներկայացնել Գյուրջիեւի ուսմունքի ինչ ու ինչպիսին լինելը, առավել եւս՝ այն մեկնաբանելը. այլ՝ հատկապես, թե ինչ ծագումնաբանություն ունեն Գյուրջիեւն ու նրա ուսմունքը,-հարց, որը գյուրջիեւագիտության մեջ ոչ հստակ ձեւակերպվել է եւ ոչ էլ առավելեւս՝ պարզաբանվել:

Այնումանայնիվ, պարզորոշության համար Գյուրջիեւի ուսմունքի բնույթի, ինչպիսին լինելու հետ կապված մի քանի խոսք ասեմ:

Մարդկության պատմության վերջին՝ տիեզերական տարվա պարբերության (պարբերությունը տեւում է 10-11 հազ տարի) վերջին հատվածում՝ ձմեռային դարաշրջանում (տեւում է 2.5 հազ տարի), երբ ցեղերի՝ իրենց բնօրրաններից գաղթերի եւ դրանով պայմանավորված միջցեղային խառնամուսնությունների հետեւանքով ի վերոստ տրված ցեղիմաստություններն ու դիցաբանությունները մարդկանց մեջ այլափոխվեցին, առաջացան զանազան՝ ապացեղային, այդ իմաստությունների ու դիցաբանությունների՝ փշրված կտորտանքների հիման վրա ստեղծված մարդակենտրոն կրոնները (զրադաշտականությունը, քրիստոնեությունը, մահմեդականությունը), իմաստասիրությունները (հին հնդկականը, հին չինականը, հին հունականը…), արվեստներն ու գիտությունները,-այնուամենայնիվ՝ աշխարհի տարբեր ծեգերում, չնայած «նոր»՝ ձմեռային դարաշրջանի ստեղծած աննպաստ պայմաններին, միշտ եղան մարդիկ, մարդկանց հավատքային կամ գաղափարական համայնքներ, ովքեր փորձեցին տարբեր ձեւերով պահպանել, վերականգնել, կամ էլ՝ մեծամտության տրվելով, իրենցից բխեցնել երբեմնի իմաստությունը, բացարձակ գիտելիքն ու հավատքը:

Այդ փորձն անողները կոչվեցին հերմետիկներ, միստիկներ, սոֆիստներ, էզոտերիկներ (հայերեն՝ գաղտնատեսներ կամ թաքնատեսներ), օկուլտիստներ, թեոսոֆիստներ եւ այլն: Բնականաբար՝ երբեմնի բացարձակ իմաստության (բացարձակ գիտելիքի) ու հավատքի հայրենիքներից մեկում՝ Հայաստանում նույնպես նման փորձեր արվել են: Վկան՝ պավլիկյանությունը (սա՝ քրիստոնեության հուժկու շշմեցնող հարվածի ազդեցության տակ…), հին ու նոր թոնդրակեցիությունները, մինչեւ 19-րդ դարի վերջերը տեւող արեւորդյաց շարժումը, հայ բանասացական ավանդույթները, Արեւմտյան Հայաստանում սկիզբ առած եւ ապա՝ Արեւելյան Հայաստանում տարածված «Ցեղին սիրտը» շարժումը, Նժդեհյան «Ցեղակրոնությունը», անմիջապես մեր օրերում՝ «Արորդիների ուխտը»… Ավելին՝ այլ երկրներում հիշատակված նմանատիպ փորձերի ծննդաբանության մեջ խորամուխ լինելու դեպքում դժվար չէ պարզել դրանց՝ այլերի հետ մեկտեղ՝ հայկական ակունքները, այս կամ այլ կերպ արտահայտված:

Գյուրջիեւի ուսմունքը դասվում է հիշյալ փորձերի այն համախմբումի մեջ, որը կոչվում է թաքնատեսություն (գաղտնատեսություն, օտար տերմինաբանությամբ՝ էզոտերիզմ կամ օկուլտիզմ):

Բոլոր թաքնատեսներին հատուկ է այն կանխադրույթը, որ տիեզերքում, բնության մեջ, մարդկային կյանքում կան երեւացողի՝ էկզոտերիկի տակը, խորքերում թաքնված, գաղտնի, բացարձակ ուժեր, մարդուն անմիջականորեն անտեսանելի էություններ, որոնք են կառավարում կյանքի այդ ոլորտները: Այդ ուժերն ու էությունները, որոնց համընդհանրությունն ու ամբողջականությունը թաքնատեսներն անվանում են Բացարձակ, իսկ դրա ճանաչողությունը՝ Բացարձակ գիտելիք (իմաստություն), մարդկանց մեծամասնությանը, ըստ թաքնատեսների, անհաղորդ է: Միայն քչերին է ի վերուստ տրված եւ նրանցում է ըստ ամենայնի զարգացված կյանքի (իր բոլոր մակարդակներով) բուն իմաստը ճանաչելու, Բացարձակ գիտելիքին հասու դառնալու եւ, ըստ այդմ, մարդկության մեծամասնությանը կառավարելու գիտակցական պայծառատեսությունը: Թաքնատեսները այդպիսի ընտրյալ փոքրամասնություն համարում են իրենց:

Գյուրջիեւի ուսմունքը, սակայն, միասնական լինելով բոլոր թաքնատեսական ուսմունքների հետ այն հարցում, որ գաղտնի, թաքնված գիտելիք (իմաստություն) ասելով պետք է հասկանալ տվյալ պահին չբացահայտված գիտելիքը (իմաստությունը), ի թիվս շատ քիչ նմանատիպ ուսմունքների, համարում է, որ ինչ-որ ժամանակ, այնուամենայնիվ, գոյություն ունեցել է Տիեզերքի, բնության, մարդու մասին բացարձակ գիտելիք (իմաստություն), որը հետագայում տարբեր պատճառներով մոռացության է մատնվել, կամ փոխանցվել է հաջորդ սերունդներին աղճատված ու աղավաղված ձեւով, կամ էլ՝ պահպանվել է զանազան մշակութային արժեքներում ու ավանդույթներում՝ փշրված կամ սքողված ձեւերով (մենք դեռ կիմանանք, թե Գյուրջիեւը այս՝ հիմնականում թաքնատեսորեն արտահայտված գաղափարի տակ ի՜նչ նկատի ունի): Գյուրջիեւը գաղտնի «ճշմարտության որոնողների»՝ թաքնատեսների խնդիրն է համարում այդ գիտելիքի բացահայտումը կամ վերականգնումը:

Ավելացնենք նաեւ, որ ըստ Գյուրջիեւի, հնագույն թաքնատեսական ուսմունքներում մարդկային կյանքի վերափոխումի ուղիները բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ ֆակիրի (դերվիշի), ճգնավորի եւ յոգի:

«Ֆակիրի ուղին»՝ ֆիզիկական մարմնի դեմ տարվող պայքարի ուղին է, որի դեպքում մարդու կյանքի մյուս կողմերը՝ զգացմունքայինն ու մտավորը (ինտելեկտուալը), մնում են թերզարգացած: Երկրորդ՝ «ճգնավորի կամ վանականի ուղին», կրոնական զգացմունքի, զոհաբերության ուղի է, որում ամբողջ աշխատանքը կենտրոնացվելով զգացմունքների վրա՝ փորձ է արվում, ենթակայի զգացմուքների վրա խաղալով, նրան հեռու պահել կյանքի լրիվության ապրումից: Երրորդ՝ «յոգայի ուղին», ինտելեկտի ուղին է, որի դեպքում էլ, սակայն, թերզարգացած են մնում մարմինը եւ զգացմունքները: Այս երեք ուղիներին միավորում է այն, որ դրանք բոլորն էլ մարդկային գիտակցության, եւ, ըստ այդմ, մարդկային կյանքի վերափոխումի անբնական՝ արհեստական ուղիներ են, դրանցում զանց են առնվում մարդկային համապատասխան (ցեղին ու ազգին հատուկ) էությունը՝ ժառանգականորեն տրվածը. դրանք մարդուն տանում են այս՝ իրական աշխարհի համար մեռնելուն (ապաշխարելուն), իր տուն-տեղը, ընտանիքը թողնելուն, ազգային դեմք-դիմագիծը ուրանալուն, կյանքի հաճույքներից, ակտիվ աշխարհիկ գործունեությունից հրաժարվելուն եւ անապատ, վանք (եկեղեցի) կամ յոգայի դպրոց մտնելուն: Այս բոլոր ուղիներն էլ մարդուն, որպես այդպիսին, սպանում են եւ արդյունքում մնում է մարդու ստվերը, «ապուշ մարդը», «մարդ-մեքենան»,-ասում է Գյուրջիեւը:

Ինքը՝ Գյուրջիեւը առաջարկում է 4-րդ ուղին, որը մարդուց չի պահանջում մեկուսացում հասարակությունից, հրաժարում կյանքի հաճույքներից, այլ այդ ուղուն կարելի է հետեւել՝ մնալով կյանքի սովորական պայմանների մեջ եւ ապրել սովորական կյանքով: Այս ուղիով ընթացողը միաժամանակ աշխատանք է կատարում իր ֆիզիկական մարմնի, զգացմուքների եւ մտքի հետ, որպեսզի դրանցից եւ ոչ մեկը թերզարգացած չմնա եւ դրա հետեւանքով վրեժ չլուծի մյուս կողմերից: Գյուրջիեւը իր «ուղու» առանձնահատկությունը տեսնում է նաեւ նրանում, որ դրանով հաշվի են առնվում մարդու ժառանգականությունը (էությունը), ցեղային առանձնահատկությունները, դրանով պայմանավորված՝ նրա հնարավորությունները, այսինքն՝ յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչ

իրեն անհրաժեշտ է ու կարող է անել եւ չանել այն, ինչ անօգուտ, վնասակար է ու չի կարող անել:

Այսպիսով, Գյուրջիեւի ուսմունքը, թերեւս, բոլոր նմանատիպ ուսմունքներում այն եզակիներից է, որը կենսապաշտական ու գործնական ուղղվածություն ունի. նա իր առաջարկած 4-րդ ուղիով մարդուն չի հրաժարեցնում կյանքից, ինչպես մյուս ուղեգիծ մշակողները (սրանց Գյուրջիեւը միանգամայն տեղին անվանում է «շիզոֆրենիկներ» ու «ապուշներ»), այլ փորձում է կյանքի մեջ կյանքի միջոցով եւ հանուն կյանքի վերափոխել մարդկային գիտակցությունն ու կյանքը: Գյուրջիեւի ուսմունքում տեղ չկա ոչ կույր հավատքին (կրոնին), ոչ մարմնասպան վարժանքներին, եւ ոչ է հոգեւոր ու ֆիզիկական բռնության պարտադրանքին:

Գյուրջիեւի հայտնությունը թաքնատեսության երեւելի հետազոտողներն ու մշակութաբանները համարում են 20-րդ դարի առեղծվածային ֆենոմենը՝ համեմատելով նրան 1-ին դարում մոգ-հրաշագործի համբավ ձեռք բերած Ապոլլոն Թիանացու կամ Գյոթեի հայտնի պոեմի համար նախատիպար ծառայած Յոհան Ֆաուստի (1480-1540) հետ: Ոմանք Գյուրջիեւին համեմատում են Կալիոստրոյի (Ջուզեպե Բալզամոյի), ոմանք էլ՝ «անմահ» Սեն-Ժերմենի (18-րդ դ.) հետ, ում հայտնի թաքնատես Ն. Բլավացկայան դասել է «տիբեթյան մեծ վարպետների» շարքը: Շատ բան ասող է այն փաստը, որ Գյուրջիեւը Ռուսաստանում շատ ավելի մեծ աղմկալից հաջողություն է ունեցել, քան Եկատերինա 2-րդի ժամանակներում՝ հռչակավոր Սեն-Ժերմենը: Եվ ամենեւին պատահական չէ, որ 1998թ. Մոսկվայում լույս տեսած «20-րդ դարի միստիկներ» հանրագիտարանում նրա անունը դրված է այնպիսի հռչակավոր անունների կողքին, ինչպիսիք են Հերման Հեսսեն, Ռերիխները, Սուձուկին, Գանդին, Կարլ Յունգը, Ցիալկովսկին, Կրիշնամուրտին: Մեկ այլ հետազոտող Գյուրջիեւին համեմատելով 19-20-րդ դարերի առողջ հոգիների տիրակալի՝ Նիցշեի հետ, գտնում է, որ նա՝ «Նիցշեին բնավ չզիջող հոյակապ ու զարմանալի հոգեբան է»:

Գյուրջիեւին հատկապես մեծարել են նրա մեծությունը անմիջականորեն զգացողները՝ աշակերտները: Նրանք բոլորն իրենց ուսուցչին համարել են 20-րդ դարի մեծագույն իմաստուններից մեկը: Այսպես, օրինակ, նրանցից մեկը գրում է. «Ավելի շատ նման լինելով ձեն բուդայականության պատրիարքին կամ Սոկրատեսին, քան հայտնի քրիստոնեական միստիկին, Գյուրջիեւն իրեն իմացողների շրջապատում ուներ մարդկանց «արթնացնելու» անգերազանցելի շնորհով օժտված մարդու համբավ: Նա Արեւմուտք բերեց թաքնատեսական գիտելիքի համընդգրկուն մի մոդել…»:

Դրսի աշխարհում մեծ հռչակ ձեռք բերած (ու բերող) Գյուրջիեւը Հայաստանում, սակայն, մնում է ըստ էության դեռեւս անհայտ: Մեծ մտածողը, ինչ-ինչ, Հայաստանի կողմից նման վերաբերմունքի չպետք է արժանանար: Իսկ թե ինչու, ընդհանուր ճանաչողական հանգամանքից բացի, ընթերցողը կիմանա հաջորդիվ:

1 Հարցին պատասխանելու համար՝ Գյուջիեւի աշխատությունների հետ մեկտեղ օգտագործվել են նաեւ Գյուրջիեւի ամբողջական ուսմունք վերլուծությանը նվիրված առաջին հայ հեղինակի՝ Հայկուհի Բարսեղյանի ատենախոսական հետազոտության, ինչպես նաեւ՝ Գյումրիի «Գյուրջիեւյան կենտրոն»-ի հիմնադիր Ավետիք Մելիք-Սարգսյանի՝ Գյուրջիեւի ծագումնաբանության վերաբերյալ արված արխիվային հետազոտության արդյունքները:

Գյուրջիեւի եւ նրա ուսմունքի բուն ծագումնաբանությունը

Նախորդ մասում հիշատակվեցին Գյուրջիեւին ու նրա ուսմունքին վերաբերող՝ մեկը մյուսին գերազանցող գնահատականներ: Ավելացնենք նաեւ, որ օտարազն գյուրջիեւագետները չեն զլանում արձանագրելու նաեւ այն փաստերը, որ թաքնատեսը ծնվել է Գյումրիում (նախ.՝ Ալեքսանդրապոլում)՝ 1873/1880թթ., մոր կողմից հայ է (հայրը, ըստ տարածված կարծիքի, հույն է), սկզբնական կրթությունը ստացել է Ղարսի դպրոցում, նրա հայացքների առաջացման հարցում իր դերակատարումն է ունեցել ընտանեկան դաստիարակությունը, նրա գործերի բնօրինակը հայերեն է եւ այլն:

Սակայն, որքան էլ տարականոն կհնչի, Գյուրջիեւն ու նրա ուսմունքն այդ բոլոր գնահատումներում ու ներկայացումներում՝ իրենց իսկությամբ ու ինչպես որ են, չեն երեւում: Իսկ չեն երեւում, որովհետեւ դրանցում պակասում է թաքնատեսին (նրա ուսմունքը) հարազատորեն, թե կենսաբանական եւ թե հոգեբանական իմաստով, զննող աչքը, այն, ինչը կարող է միայն նրան ու նրա ուսմունքը ներքնապես ճանաչել-հասկանալ: Տեսնենք, թե այդ կտրվածքով ինչպես են երեւում «չորրորդ ուղի» ուսմունքն ու նրա հեղինակը:

Գյուրջիեւի կենսագրությունը, նրա նախնիների ով լինելը մշուշապատ է, ընդ որում, ինքը՝ թաքնատեսն էլ է իր կողմից դրան նպաստել՝ ելնելով ինչ-ինչ նկատառումներից: Ինչպես վերը նկատվեց, ըստ Գյուրջիեւի օտար կենսագիրների, նա մոր կողմից հայ է, իսկ հոր կողմից՝ հույն, այսինքն՝ նա հունական ծագում ունի: Որպես թե նրա հայրը, ի թիվս այլ՝ Գյուրջիեւներ կոչվող հույների, Ալեքսանդրապոլ է գաղթել վրացական Խալկա լճի շրջակայքից: Սակայն, Գյուրջիեւի ծագումի հայազգի հետազոտող Ավետիք Մելիք-Սարգսյանը, գտնում է, որ՝ «Մինչ օրս Վրաստանի Խալկա լճի շրջակայքում եւ Հայաստանի հյուսիսային մասերում բնակվում են շատ հայեր. նրանք կոչվում են «ծաթ հայեր»: Նրանց նախնիները, ինչպես նաեւ Գյուրջիեւների ընտանիքները, Կապադովկիայի հունադավան, այսինքն՝ քաղկեդոնական ուղղափառ հայեր են եղել»: Այսինքն՝ հետազոտողը Գյուրջիեւին հոր կողմից էլ է հայ անվանում՝ դրա համար բոլոր հիմքերն ունենալով: Իրոք, ըստ Առաքելական եկեղեցու սահմանած անբնական կանոնի, նրանք, ովքեր առաքելական վարդապետության հետեւորդ չեն, նրանք հայեր չեն: Օրինակ, կաթոլիկը ֆրանկ է, քաղկեդոնականը՝ հույն: Ահա եւ ծաթերը, ի բնե հայ լինելով (հայ պատմագրության մեջ, հատկապես Ն. Ադոնցի կողմից, դա ըստ ամենայնի հիմնավորված է), բայց Առաքելական եկեղեցու հետեւորդ չլինելով ու քաղկեդոնական դավանանքին հետեւելով, եկեղեցու, դրա թելադրանքով նաեւ առաքելական հայերի կողմից դուրս են գրվել հայության ազգագրական մատյաններից ու համարվել են հույն: Այդ աննորմալ բախտին են արժանացել նաեւ ծաթ Գյուրջիեւները: Սակայն, այդ եզրակացությունը կարելի է էլ ավելի խորացնել:

Պատմաբանները պարզել են, որ 17-րդ դարում Արեւմտյան Հայաստանում վերականգնվեց, հասկանալի է՝ ծպտված ձեւով, Արեւորդաց կամ Թոնդրակեցիության շարժումը, որը ստացավ Նոր Արեւորդիություն (Թոնդրակեցիություն) անունը: Արեւորդիներն ունեին իրենց ազգային՝ առաքելականից էապես տարբերվող հավատքը, որն անվանում էին «մաքուր հավատք», նրանք ունեին իրենց այդ հավատքի սուրբ գիրքը, որ կոչվում էր «Բանալի ճշմարտության»:

Այս առումով մի հետաքրքիր փաստ է հիշատակում Լեոն իր «Հիշողություններում», որը մեր խնդրի կապակցությամբ շատ բան ասող է: Նա, գրքում հիշատակելով 19-20-րդ դարերի թուրքաՀայաստանի ազգապատկերը, դրանում նշում է նաեւ թուրքերի, հայերի, քրդերի… կողքին Գուրջինների (ըստ երեւույթին, առաջին բառարմատը՝ գուր-ը, հայերենի հուր-ի, իսկ ջին-ը՝ ջան-ի թուրքացված տարբերակն է) ազգը, որի անդամները, ըստ մեզ կարծելի է, Արեւորդաց հավատամքը շարունակող հայերն են եղել:

Արեւմտյան Հայաստանում առաջացած Նոր Արեւորդիությունը հետագայում տարածվեց նաեւ Արեւելյան Հայաստանում, մի ճյուղն էլ, թերեւս, նրան սահմանակից վրացական Խալկայի շրջանում: Պատմաբանները պարզել են, որ մինչեւ 19-րդ վերջերը Գյումրիում (Ալեքսանդրապոլում) Արեւորդաց համայնքը գոյություն է ունեցել, պարզ է՝ ոչ բացահայտ ձեւով: Հետո Նոր Արեւորդիների հետքերը Գյումրիից վերանում են, համենայնդեպս, հայ պատմագրության մեջ նրանց մասին էլ չեն հիշատակում: Կարծում ենք՝ Գյումրիում հաստատված Գյուրջիեւները եղել են Նոր Արեւորդաց շարժման հետեւորդներ, եւ նրանք ապրել են Արեւորդիներին հատուկ գաղտնի՝ Արեւորդաց հավատքին բնորոշ համայնքային կյանքով, ծեսերով, կենցաղով եւ այլն: Այդ մասին է վկայում Գյուրջիեւներից մեկի՝ Գյուրջիեւի կյանքն ու գործունեությունը, նրա ստեղծած՝ Արեւապաշտությամբ առլեցուն ուսմունքը (հավատամքը), որը ոչ մի կապ չունի իր ժամանակներում իր շուրջը լեփ-լեցուն «քնած» հայի կրոնական աշխարհընկալման հետ: Ասվածը հիմնավորենք:

«Գյուրջիեւի առաջին (բուն-հեղ.) ուսուցիչը, – գրում է նրա ուսմունքի առաջին հայազգի հետազոտող Հ. Բարսեղյանը, – որ ոչ միայն մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքի, այլեւ աշխարհահայացքի ձեւավորման վրա, եղել է, ինչպես ինքն է վկայում, իր հայրը: Իվան Գյուրջիեւը՝ աշուղ Ադաշը (Գյումրիում այդպես են անվանում հարազատ ընկերոջը-հեղ.) աշխարհ տեսած, ուսյալ, բազմաշնորհ մարդ էր: Նա իրենում ամփոփում էր մշակույթներ, ավանդույթների, ժողովրդական հեքիաթների եւ առասպելների մի ամբողջ շտեմարան: Հրաշալի բանասաց էր… Ինչի շնորհիվ էլ փոքրիկ Գեորգիի (Գյուրջիեւի-հեղ.) մանկության աշխարհը ողողված էր հեքիաթներով, պատմություններով ու առասպելներով: Հայրը այնպես էր հրամցնում հայ եւ այլ ազգերի դարավոր բանահյուսությունը, որ տղան արդեն պատանի հասակում մեծ ցանկություն ուներ «հանդիպելու» առասպելական Աստվածներին ու հերոսներին: Հայրս,-գրում է Գյուրջիեւը, – շատ պարզ ու որոշակի հայացքներ ուներ մարդկային կյանքի ու նպատակների մասին: Նա հաճախ էր կրկնում այն միտքը, որ յուրաքանչյուր մարդու հիմնական ձգտումն է ձեռք բերել ներքին՝ ժառանգական էությամբ պայմանավորված ազատություն եւ նախապատրաստվել երջանիկ ծերության: Այդ նպատակին մարդը կարող է հասնել, եթե միայն, սկսած մանկուց նա յուրացնի հետեւյալ պատվիրանները. առաջին՝ սիրի՛ր ծնողներիդ, երկրորդ՝ միշտ մնա՛ հասարակ, երրորդ՝ հարգալից եղի՛ր ամենքի հանդեպ առանց խտրականության, բայց միեւնույն ժամանակ ներքնապես մնա՛ անկախ եւ երբեք մի՛ վստահիր ոչ մեկին, չորրորդ՝ սիրի՛ր աշխատանքը հանուն աշխատանքի, այլ ոչ թե հանուն այն բանի, որ այն եկամուտ է բերում»: Իսկ այն հոգեւոր աշխարհը, որ աշուղ Ադաշը փոխանցում էր իր որդուն՝ Գյուրջիեւին, հայ ազգային ավանդույթներով պայմանավորված աշխարհն էր, որը պահելուն ու սերունդներին փոխանցելուն էին կոչված հայ Արեւորդիները: Գյուրջիեւի՝ հորից ու նրա զրուցակիցներից լսածները, որոնք պարզ, բացարձակ ճշմարտություններ էին, նրան բերեց այն համոզման, որ Բացարձակ գիտելիքը, այնուամենայնիվ, լրիվ չի կորսվել, այն բանասացական ավանդույթներով բերնեբերան փոխանցվել, եկել-հասել է իր սերունդներին: Գյուրջիեւները նրանցից էին:

– Այն, որ Գյուրջիեւները ապրում էին հատուկ՝ ազգային հավատքով պայմանավորված համայնքային կյանքով (որի քուրայով էր անցնում պատանի Գյուրջիեւը), վկայում է մի փաստ: Թաքնատեսը պատմում է, որ Ալեքսանդրապոլին կից Ջաջուռ գյուղում կար մի հին՝ նախնի ժամանակներից պահպանված սրբատեղի, անշուշտ՝ ոչ քրիստոնեական: Այդտեղ հաճախ էին Գյուրջիեւները իրենց ընտանիքներով տեղացիների հետ տոն օրերին գնում ուխտի: Հերթական ուխտագնացությանը մասնակցում է մի անդամալույծ երիտասարդ: Սրբատեղին գտնվում էր բարձունքի վրա: Երբ ուխտագնացների խումբը հասնում է լեռան ստորոտին, անդամալույծ երիտասարդը պահանջում է իրեն չօգնել, եւ ինքը միայնակ, սողալով, մի կերպ հասնում է սրբատեղին: Տեղի է ունենում հրաշք. նա ոտքի է կանգնում, համոզվում, որ ոտքերը բուժվել են, ուրախությունից սկսում է թռչկոտել: Ուխտագնացները, այդ թվում՝ պատանի Գյուրջիեւը, ցնցվում են: Անշուշտ, ուխտավորները քրիստոնյա հայեր չէին (նրանց միշտ «աստված» է «փրկում»…), այլ հայ Արեւորդի հեթանոս հավատավորներ, ում համար Արարչի՝ ամեն հայի տված ուժը պետք է ընդամենը բորբոքել, ու… «փրկվել»:

Գյուրջիեւի եւ նրա ուսմունքի բուն ծագումնաբանությունը

Հիշեցնենք ընթերցողին մեր խնդիրը՝ ցույց տալ մեծ մտածողի ու նրա «չորրորդ ուղի» ուսմունքի բուն հայկական ծագումնաբանությունը: Բերենք այդ առումով նոր փաստարկներ:

– Գյուրջիեւի կենսագիրները պատմում են, որ նա Փարիզում եղած ժամանակ ավտովթարի է ենթարկվում եւ ծանր վնասվածքներ ստանում, մի որոշ ժամանակ նույնիսկ գիտակցությունը կորցնում է: Երբ գիտակցությունը վերականգնվում է՝ աշակերտներին պատվիրում է մեծ խարույկ վառել եւ ժամ-ժամից ավել լուռ նստում է խարույկի շուրջը: Դա տեւում է մի քանի օր: Երբ «բուժման կուրսը» ավարտվում է, թաքնատեսը, առանց գիտա-բժշկական միջամտության, ապաքինվում է: Մտածողին ազգային–հեթանոսական ավանդույթները, դրանք պահող-պահպանող Նոր Արեւորդաց համայնքը սովորեցրել էր, որ մարդու իր տեսակը հրածին է (կամ արեւորդի է), հուր բնական տարերքն է ապահովում իր օրգանական ամբողջականությունը եւ, հետեւաբար, բավական է կրակի՝ իր ազգային մարդատեսակի ներքին հուրի արտաքին հարազատ տարերքի հուրով բորբոքել ներքին հրեղեն էությունը եւ խաթարված օրգանական ամբողջականությունը, տրոհված ուժականությունը կվերականգնվի, օրգանիզմը կբուժվի (բուժել-բառացի նշանակում է ուժի հաստատում, վերականգնում՝ բուժ-ել):

– Թեեւ Գյուրջիեւը մեծանում էր ազգային ավանդույթներով ապրող մարդկանց շրջապատում եւ դա նրանում հետագայում ձեւավորված ուսմունքի համար յուրահատուկ աուրայի դերակատարում ունեցավ, բայց, միաժամանակ, նա գիտակցում էր, որ իրեն փոխանցված այդ ավանդույթները տակավին թերի են, դրանցում շա՜տ նախնի բացարձակ գիտելիքներ ու հավատալիքներ կորսված կամ, ժամանակների անբարենպաստ պայմանների բերումով, այլափոխված են: Չնայած իր ապրած արգասաբեր հոգեւոր միջավայրի առկայությանը, այնուամենայնիվ, կային հարցեր, որոնք մտատանջում էին նրան, եւ նա դրանց պատասխանները գտնելու ուղիներ էր փնտրում: Որոնումների այդ ճանապարհին նա իրեն հավատակից ու գաղափարակից մի խումբ ընկերների հետ 1895թ. Ալեքսանդրապոլում ստեղծում է «Ճշմարտության որոնողներ» միությունը: Տիրի հնագույն մեհյանի, փաստորեն, նորօրյա հավատավորներն էին նրանք: Միության մյուս անդամները նույնպես իրենց նվիրել էին Տիեզերքի ու Մարդու մասին հնագույն՝ ճշմարիտ գիտելիքների ու հավատալիքների որոնմանը (այս ընկերությունը, կարելի է ենթադրել, Նոր Արեւորդիության նորագույն տարբերակն էր): Թաքնատեսական այդ միության անդամները այն համոզմունքն ունեին, որ ինչ-որ ժամանակ (ամենայն հավանականությամբ՝ նրանք ենթադրել են` հենց Հայկական լեռնաշխարհում) գոյություն է ունեցել մեկ համաշխարհային հոգեւոր մշակույթ, լեզու, տիեզերքի, մարդու կյանքի իմաստի վերաբերյալ ճշմարիտ գիտելիքների համակարգություն, որի մասերը հետագայում ժառանգել են Արեւելքի երկրների ազգերը. փիլիսոփայությունը բաժին է ընկել Հնդկաստանին, տեսությունը՝ Եգիպտոսին, իսկ պրակտիկան՝ Պարսկաստանին, Միջագետքին ու Չինաստանին: Միության անդամնեը ենթադրում էին, որ փնտրվող բացարձակ գիտելիքը, ավելի ստույգ՝ դրա մասերը, այնուամենայնիվ, թաքնված են ինչպես այդ գիտելիքի հայրենիքի, այնպես էլ նրա՝ գնացած երկրների հնագույն առասպելների, լեգենդների, զանազան սիմվոլների, երաժշտությունների, պարերի, ավանդույթների, սովորույթների, անգամ՝ կենցաղի մեջ: Օրինակ, Գյուրջիեւը դեռեւս պատանի հասակում աշուղ հորից լսած Գիլգամեշի շումերական ասքից գիտեր դեպի դրախտավայր՝ Հայկական լեռնաշխարհ Անմահության ծաղիկը ձեռք բերելու նպատակով ասքի հերոսի ճամփորդության, դրա արդյունքում՝ նրա «իմաստնանալու», «ամենի խորքը թափանցելու», «սրբազանը տեսնելու», «գաղտնին հայելու», «նախաջրհեղեղյան օրերի մասին» իր հայրենակցներին «լուր» տանելու, այդ ամենի մասին Ուրուկ քաղաքի «քարե սալերին փորագրելու» եւ պահ տալու մասին (տես «Գիլգամեշ», 1-ին պնակետ, 1-10): Իսկ այդ իմացածը նրան ու նրա միջոցով թաքնատեսական միության մյուս անդամներին ասում էր այն մասին, որ բացարձակ գիտելիքը, ավելի ստույգ՝ դրա մասերը, իր հայրենիքից տարվել է անգամ անապատային Միջագետք (թեեւ ոչ լրիվ հասկացված ձեւով), եւ այդտեղ գուցե այն պահպանվել է: Գյուրջիեւը ստեղծելով «Ճշմարտության որոնողների» միությունը՝ նպատակ ուներ միության անդամների հետ համատեղ ջանքերով վերականգնել նախնի բացարձակ գիտելիքը: Եվ այդ առումով ոչ քիչ ձեռքբերումներ եղան: Կարելի է ասել նույնիսկ, որ «Ճշմարտության որոնողների»՝ Հայաստանում գործելու ընթացքում (1895-1900թթ.) դրվեցին ապագա «չորրորդ ուղի» գյուրջիեւյան ուսմունքի հիմքերն ու հենասյուները:

«Ճշմարտության որոնողները» իրենց հասանելի բանավոր ու գրավոր աղբյուրներում ոչ լիովին գտնելով թաքնված գիտելիքը՝ որոշում են կորուսյալ ու մոռացված աղբյուրներում փնտրել այդ պակասը: Գյուրջիեւը միության անդամներից մեկի՝ Սարգիս Պողոսյանի, թաքնատեսական անվամբ՝ Միստր Իքսի հետ, ում նա անվանում է իր տեսած «նշանավոր մարդկանցից» մեկը, մասնակցում է Մառի գլխավորած Անիի պեղումներին: Պեղումների ժամանակ հայտնաբերվում է «Սարմունգ եղբայրություն» (սարմունգ-ը, ըստ մասնագետների, պարսկական բառ է եւ հայերեն նշանակում է թռչունների թագավոր, ըստ երեւույթին, նկատի է առնվում Հազարան հավքը) իմաստունների միաբանության հին ձեռագրերը: Այդ ձեռագրերի լեզվի մասին Գյուրջիեւը նշում է, որ դրանք գրված են եղել մի լեզվով, որը թվում է թե՝ հայերեն էր, բայց իրենց անհայտ հայերեն: «Ես հայերեն թեեւ լավ գիտեմ, – գրում է նա, – բայց եւ այնպես մենք ոչինչ չենք կարրողացել հասկանալ այդ գրությունից, քանի որ դա շատ հին հայերեն էր»: Թաքնատեսը գրաբար լավ գիտեր, հետեւաբար այդ՝ «շատ հին հայերենը» գրաբար չի եղել, այլ, ենթադրելի է, նախամաշտոցյան հայերեն: Սա նախամաշտոցյան հայերեն գրերի գոյության մասին մեկ այլ փաստարկ կարող է ծառայել: Ինչեւէ՝ Գյուրջիեւը, մի քանի օր ուսումնասիրելով ձեռագրերը, գալիս է այն ենթադրության, որ «Սարմունգ» անունը հնագույն թաքնատեսական մի նշանավոր դպրոցի անուն է, որն ըստ ավանդության, հիմնադրվել է Բաբելոնում՝ այս թ.ա. 2500 տարի առաջ (եթե դա այդպես է, ապա, – մեր կողմից խորացնենք ենթադրությունը, – այդ դպրոցը առաջացել է Գիլգամեշի՝ Հայկական լեռնաշխարհից տարած գաղտնի գիտելիքների հիման վրա): Շատ բան ասող է ձեռագրերի մասին Գյուրջիեւի հայտնած մեկ այլ տեղեկություն եւս. ըստ նրա, գտնված գրքերից մեկը կոչվել է «Merk havat», որը, դժվար չէ ենթադրել, հայերենի «մերկ հավատ» (նշանակում է՝ մաքուր, զտարյուն հավատ) բառակապակցությունն է: Ուստի՝ Գյուրջիեւն օգնում է մեկ այլ ենթադրություն էլ անել. եթե «Սարմունգը» հին բաբելական թաքնատեսական ինչ-որ միաբանություն է եղել, ապա նրա լեզուն հին հայերենը՝ բուն գաղտնի գիտելիքի լեզուն է եղել (բաբելական աշտարակաշինությունը այդ ժամանակ դեռեւս տեղի չէր ունեցել եւ, հետեւաբար, սեմականների լեզուները դեռեւս չէր «բաժանվել» մայր՝ արիական լեզվից):

-Գյուրջիեւը համոզվելով, որ նախնի ամբողջական գիտելիքը, դրա մասերը այլ տեղեր էլ (ուր այդ գիտելիքը տարվել էր…) պետք է փնտրել, 1900-ական թվականներին Հայաստանից դուրս է գալիս եւ ուղեւորվում Արեւելք, հետո՝ Արեւմուտք («Արեւելքից վերցրու ըմբռնումը, իսկ Արեւմուտքից՝ գիտելիքը…»,-ասում է նա): Նա լինում է աշխարհի այդ կողմերի շատ երկրներում: Միջին Ասիայի ամենաանմատչելի լեռներում՝ Աֆղանստանի տարածքում նա գտնում է հին Բաբելոնում հիմնադրված «Սարմունգի»՝ աշխարհից մեկուսացված հետեւորդներին: Գյուրջիեւը ուսանում է զանազան դպրոցներում, ծանոթանում ժամանակի հայտնի ու անհայտ շատ կրոններին, հավատքներին, փիլիսոփայություններին: Մահմեդական կրոնի գաղտնագիտական ճյուղին՝ սուֆիզմին նա ծանոթանում է Նակղբեթ սուֆիստական դպրոցում: Ըստ որոշ տեղեկությունների, Գյուրջիեւը եղել է Դալայ-Լամայ հոգեւոր կենտրոնի սանը, այդտեղ ուսումնասիրել հնագույն ձեռագրեր, եղել է փոքրիկ Դալայ-Լամայի դաստիարակը, զբաղեցրել է կարեւոր ֆինանսական պաշտոն տիբեթյան իշխանության օրոք: Ըստ որոշ տեղեկությունների, թաքնատեսը կապեր է ունեցել Ստալինի հետ, վերջինս, որպես թե, նրա՝ Թիֆլիսում կարդացած դասախոսություններին ներկա է եղել: Ըստ այլ տեղեկությունների էլ, Գյուրջիեւը 1920-ականներին Գերմանիայում՝ Բեռլինում եղած ժամանակ կապեր է հաստատել այդտեղի արիասոֆիստների եւ թեոսոֆիստների հետ, կա մինչեւ անգամ ենթադրություն այն մասին, որ նա հիպնոսի դասեր է տվել «երրորդ ռեյխի» ապագա ֆյուրերին՝ Հիտլերին: Հետաքրքիր է, որ որոշ աղբյուրներում թաքնատեսը հիշատակվում է որպես ռուսական գաղտնի գործակալ, ինչը, պարզ է, չի համապատասխանում իրականությանը: Իսկությամբ ասած՝ Գյուրջիեւը, իր ծագումի առաքելությամբ պայմանավորված, այլ աշխարհներ Հայաստանից ուղարկված այն պատգամավորը կամ գործակալն էր, ում վիճակված էր մայր՝ բացարձակ գիտելիքային առանցքի շուրջը հավաքել այդ աշխարհներում ցրված երբեմնի բացարձակ գիտելիքի մասերը: Որը եւ նա արեց:

– Գյուրջիեւագետներին, Գյուրջիեւի աշակերտներին շատ է հետաքրքրել նրա ուսմունքի բուն աղբյուների հարցը (նրանք պարզ տեսնում էին, որ նրա «չորրորդ ուղին» ոչ մի «ուղու» էլ ըստ էության նման չէ): Որտեղի՞ց է նա իր ուսմունքը վերցրել. այս հարցի պատասխանը այդպես էլ նրանց միջեւ ցայսօր մնում է անորոշ: Ի դեպ, ինքը՝ Գյուրջիեւն էլ, ելնելով ինչ-ինչ (հայ թաքնատես էր չէ՞…) նկատառումներից, այդ հարցի պատասխանը չի տվել: Այսպես՝ գյուրջիեւագետներից մեկը թաքնատեսին հարցնում է. «Մի՞թե (ձեր ստեղծած-հեղ.) Համակարգը Ձերը չէ՞»: Նա պատասխանում է. «Ոչ»: Հետեւում է՝ «Այդ դեպքում որտե՞ղ եք այն գտել, որտեղի՞ց եք վերցրել»: Գյուրջիեւը կատակով պատասխանում է. «Հնարավոր է՝ ես այն գողացել եմ…»: Պ. Ուսպենսկին՝ Գյուրջիեւի աշակերտն էլ է վկայում, որ ինքը «օրը 10 անգամ» Գյուրջիեւին հարցրել է «համակարգի ծագման մասին», բայց նա «միշտ տարբեր պատասխաններ» է տվել: Ինքը՝ Ուսպենսկին ստիպված է լինում եզրակացնել, որ Գյուրջիեւի ուսմունքը «անհայտ մի ուսմունքից հատվածներ է»: Ոմանք էլ համարում են, որ Գյուրջիեւի ուսմունքի որոշ կողմեր երկրային ծագում չեն կարող ունենալ. կամ նրան հայտնի էր այն, ինչ տրվում է միայն մարգարեներին, կամ նա կապ էր պահպանում գերբնական կարգի ինչ-որ դպրոցի հետ: Այլոց կարծիքով էլ, նրա ուսմունքը կամ նրա հանճարի ծնունդն էր, կամ էլ դա ընդամենը մի օղակ էր գաղտնի գիտելիքների փոխանցման շղթայում: Ջ. Բենետիի՝ հայտնի թաքնատեսի կարծիքով, «Գյուրջիեւն ուներ պատմական առաքելություն, որը կապված էր մարդկության կյանքում ավանդական գիտելիքի դերի վերականգնման հետ»: Մեր՝ Գյուրջիեւի ուսմունքի ծագումնաբանության վերաբերյալ ունեցած տեսակետի առումով առանձնապես կարեւոր է գյուրջիեւագետներից մեկ այլի հարցի վերաբերյալ արտահայտած տեսակետը. «Ես չեմ հավատում, որ Գյուրջիեւն ինքն է հորինել այն, ինչ սովորեցնում է: Ես համոզված եմ, որ ինչ-որ տեղ եղել են մարդիկ, ովքեր սովորեցրել էին նրան եւ պատվիրում էին սովորեցնել: Այդ ուսմունքն ունի իր ճշմարիտ աղբյուրը, որից սկիզբ է առել եւ հետագայում անհատական ստեղծագործության արդյունքում զարգացվել է Գյուրջիեւի կողմից»: Վերացական իմաստով (ընդամենը վերացական…) գյուրջիեւագետը միանգամայն ճիշտ է. Գյուրջիեւն ինքը չի հորինել (նույնի՜սկ ստեղծել) այն ուսմունքը, որը, ի տարբերություն այլ ուսմունքների, կոչեց «չորրորդ ուղի», այդ ուսմունքի հիմունքները, ինչպես նաեւ դրա գլխավոր հենասյուները, նրան տվել էր այն աշխարհը, դարեդար իրեն փոխանցված այն ավանդույթները, որի ծնունդն էր ինքը: Բացի այդ, Գյուրջիեւն ուներ ծագումնաբանական՝ ժառանգական մի որակ, ըստ որի աշխարհը պետք է արտացոլվեր ու նորովի արարվեր այնպես, ինչպես տեսնում ենք «չորրորդ ուղի»-ում:

– Գյուրջիեւի ամբողջական ուսմունքի (դրա առանձին տարրերի)՝ հայ գենից, հայ ազգային բանավոր ու գրավոր ավանդույթներից, հավատքից, դիցաբանությունից, աշխարհընկալումից, մշակույթից… ծագումնաբանության ամբողջական ցուցադրումն արդեն այլ հարց է:

«Արորդիների ուխտ»-ի քուրմ Մանուկ

«Լուսանցք» թիվ 12,13,14 (98,99,100), 2009թ.



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HRAYR-Toronto 04.24.74
May 20, 2009 7:27