ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, April 4, 2011 19:59 - 1 քննարկում

Վատից՝ վատն էլ կա, Աստված բեթարից ազատի…

Որն էր Նազենին, որը Հրաչ Քեշիշյանը…

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան
02/04/2011 | ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Երեկ՝ ապրիլի 1-ին, Հումորի եւ ծիծաղի միջազգային օրը, Հայ-Ռուսական համալսարանի մշակույթի տանը ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» եւ «Սպանված աղավնի» ֆիլմերի քննարկումն էր:

Մինչեւ ռեժիսորի եւ գլխավոր դերակատարի ժամանումը, սպասումից հոգնած երիտասարդներից երկուսը բարձրացան բեմ ու սկսեցին օրվա հերոսների նմանակումներն անել, վիճելով ու այդպես էլ չկողմնորոշվելով, թե իրենցից ով է Քեշիշյանը, ով Նազենին: Վերջապես 40 րոպե ուշացումով եկավ Նազենին, որի՝ բեմում վերարկուն հանելու արտիստիկ շարժուձեւն արժանացավ տղաների ծափահարություններին: Ինչին ի պատասխան՝ նա նկատեց, որ ինստիտուտում հանվելու վրա ծափ չեն տալիս, այնուհետեւ տղաների սիրտը շահելու համար խոստովանեց, որ թուլություն ունի այս բուհի եւ նրա ուսանողների հանդեպ: Ապա տղաները նորից իրենց ծափահարություններով ընդգծեցին իրենց թուլությունը Նազենիի հանդեպ: Խոսելով ֆիլմերի, իր դերակատարումների մասին, Նազենին նշեց, որ սցենարի հետ կապված մեղադրանքներ առանձնապես չեն եղել, մեղադրանքներ ավելի շատ եղել են Քեշիշյանի նկատմամբ. «Հրաչն աշխարհում ինչ ուզում է անի, իրեն պետք է ի սկզբանե մեղադրեն: Ես հասկացել եմ, որ դա իր հաջողության բանալին է, որովհետեւ եթե մեղադրում են, ուրեմն նայում են, այսինքն՝ անտարբեր չեն»:

Ոչ միայն անտարբեր չեն, ավելին՝ Հրաչ Քեշիշյանի ֆիլմերը նայելու, ապա դրանց քննարկմանը մասնակցելու համար հայագիտության ամբիոնն ուսանողներին հանձնարարել էր Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»  ու Նար-Դոսի «Սպանված աղավնին» կարդալ, ապա կազմակերպել ֆիլմերի եռօրյա դիտում, որից հետո միայն ուսանողները մասնակից էին դարձել ռեժիսորի ֆիլմերի քննարկմանը: Վերջապես երկար սպասեցնելուց հետո եկավ նաեւ Հրաչ Քեշիշյանը, ում ուշացմանը Նազենին այսպես արձագանքեց. «Եթե այս ընթացքում Հրաչը մի ֆիլմ նկարած լինի՝ չզարմանաք», ինչին հետեւեց հաղորդավարի դիտարկումը «ու նաեւ 2 կլիպ»:

Միանգամից ներգրավվելով քննարկման մեջ՝ Քեշիշյանը հայտարարեց, որ այն միֆը, թե իր ստեղծագործական խումբը եւ անձամբ ինքը՝ Հրաչ Քեշիշյանը, նկարում են Հայաստանի բոլոր ֆիլմերը եւ այն էլ ֆանտաստիկ մեծ բյուջեներով, սուտ է: Որպեսզի լսարանի խղճահարությունը հարուցի, բարձրաձայնեց «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի բյուջեն՝ ընդամենը 110 հազար դոլար: «Ես դեռ չեմ կարողանում հասնել Կանն, որովհետեւ ֆիլմը նաեւ պետք է հասցնել Կանն, որովհետեւ ֆիլմը պետք է ունենա պրոդյուսերներ, դիստրիբյուտորներ արտասահմանում, հավելյալ բյուջեներ»,-պետությանը ժլատության մեջ մեղադրեց Քեշիշյանը, որի սիրտը, փաստորեն, արտասահման է ուզում՝ շրջագայություններ, շփումներ, կապեր:  Մինչ դահլիճից հարցեր հնչեցնելը, էկրանին ցուցադրվեցին ուսանողների կարծիքները ֆիլմի մասին: Դրանցում, բացի մեկից, որտեղ նշվել էր, որ ֆիլմում չկա դինամիկա, մնացածը գովեստի անգիր արած խոսքեր էին: Հոլովակի դիտումից հետո հարցեր հնչեցին դահլիճից: Մեկն այն էր, որ ազատագրական պայքարի հեռանկար չկար ֆիլմում, կարո՞ղ է ֆիլմն ունենա շարունակություն՝ «Կայծեր» վերնագրով: Ռեժիսորը նշեց, որ շարունակություն չի լինի, իսկ ֆիլմի խնդիրը մի փոքր այլ է եղել. ««Կայծերն» էլ եմ շատ սիրում ու ասեմ, որ Րաֆֆին իմ ամենասիրած գրողներից մեկն է»:

Ուսանողներից մեկն էլ, խոսելով ֆիլմի մասին, նշեց, որ վերջում մի հանգամանք խանգարել է իրեն. «Ախր Մուրադի արյունը շատ վատն էր, գրիմը լավը չէր, երեւում էր, որ ընդամենը ներկ է վրան թափված»: Դրան հետեւեց Նազենիի պատասխանը՝ «արյուն թափեի՞նք…», ավելացնելով, որ այդ ներկը համաշխարհային մասշտաբով օգտագործվող պրոֆեսիոնալ «արյուններից» է: Հրաչ Քեշիշյանն էլ եզրակացրեց, որ հավանաբար արյունը քիչ է եղել. «Կաշխատենք արյունոտ տեսարանների վրա»: Ուսանողուհիների տեսադաշտից չէր վրիպել նաեւ Նազենիի շպարը, նրանցից մեկը հարց ուղղեց, թե ինչու է շպարն այդքան շատ: Դերասանուհին չհամաձայնեց. օրինակ, «Սպանված աղավնի»-ի մահվան տեսարանում Սառան առանց շպարի էր, որովհետեւ մեռնում էր: Այստեղ միջամտելով Նազենիին, Հրաչ Քեշիշյանը նկատեց. «Մի րոպե, Նազենի, սխալ ես բացատրում, շպարը շատ էր, որովհետեւ այդ տարիներին Թիֆլիսը հայտնի էր որպես ամենաշատ շպարվող քաղաքներից մեկը, «մոդա» հասկացությունը հենց Թիֆլիսում էր: Այդ շպարն արվել է՝ ընդգծելու համար այդ թվերի կենցաղը»:

Այնուամենայնիվ ուսանողուհին ավելի համառ էր՝ ինքը չի կարծում, որ Սառան էդ սիրտն ունենար ու ամեն օր կանգներ հայելու առաջ ու «աչք քսեր»: Նրան հակառակում համոզելու համար Նազենին իր անձնական օրինակով ասաց, թե իր կյանքի ամենադժվար պահերին ինքն անթերի տեսք է ունեցել:

Իսկ ամենաքծնական ու զարմանալի համեմատությունն արեց դասախոսներից մեկը, ով, համեմատելով «Սպանված աղավնին» «Տիտանիկի» հետ, նշեց, որ եթե վերջինիս դեպքում ոչ հուզվել է, ոչ արտասվել, ապա մեր վաղամեռիկ «աղավնու» դեպքում շատ է հուզվել ու անգամ արտասվել: Ողբն իրոք մեզ մոտ լավ է ստացվում, եթե անգամ ամենաանտաղանդ ֆիլմի վրա կարողանում ենք լաց լինել:

 



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Apr 5, 2011 10:06