ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, January 15, 2014 0:03 - 1 քննարկում

Ամերիկյան սկանդալ, որում կա Սերժ Սարգսյանի անունը

Չորեքշաբթի, 15 հունվար, 2014 – 10:36 | Սիվիլնեթ

«Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին». այս վերնագրով Los Angeles Weekly պարբերականը հունվարի 2-ին հետաքննական հոդված է հրապարակել, որտեղ շոշափվում է նաև Սերժ Սարգսյանի անունը: Ստեփան Մարտիրոսյան անունով հոլիվուդյան մի պրոդյուսեր, որը ԱՄՆ-ում շուրջ երեսուն տարի ներգրավված է եղել անօրինական տարբեր գործարքներում, այդ թվում՝ թմրանյութերի առևտրում և Մոսկվայում մի սպանություն պատվիրելու մեջ, 2006-ին գումար է հատկացրել ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, երբ վերջինս դեռ Հայաստանի պաշտպանության նախարարն էր: Այս մասին մարտին գրել էր նաև ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագիրը (տե՛ս «Ինչպես է Սերժ Սարգսյանը «բարձրացրել» վարկանիշը. Nouvelles d’Arménie-ի բացահայտումը»): 2006-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու յոթ ամսվա ծառայությունների համար Մարտիրոսյանը վերոնշյալ ընկերությանը պարտավորվել է վճարել 535 000 դոլար: Los Angeles Weekly-ն մանրամասն բացահայտել է՝ ով է Ստեփան Մարտիրոսյանը և ինչ կապ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Ռեմինգթոն Չեյզը և Ստեֆան Մարտիրոսյանը պետք է յոթերորդ երկնքում լինեին: Վերջին երկու տարում նրանք զբաղվել են տասնյակ ֆիլմերի պրոդյուսերությամբ, այդ թվում՝ «Կենդանի մնացածը»՝ Մարկ Ուոլբերգի գլխավոր դերակատարմամբ, որը մարմնավորում է Աֆղանստանում իր կնոջ կյանքի համար պայքարող ծովային կատվի՝ Navy SEAL-ի [ծովային կատուները ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների հիմնական մարտավարական ստորաբաժանումն է – խմբ.]: Երկու տարի առաջ կինոարտադրության մեջ նրանց մասին որևէ մեկը չէր լսել, իսկ այժմ նրանք բարձրակարգ աստղերի հետ են նստում-վեր կենում: Նրանց գնահատմամբ՝ իրենք դարձան բիզնեսում ամենահարուստ անկախ ֆինանսավորվողները՝ պրոդյուսերության մեջ ներդնելով 100 մլն դոլար կանխիկ, դրան գումարած՝ 200 մլն դոլար բանկերի վարկային միջոցներ:

Սուրբ Ծննդյան տոներից մեկ շաբաթ առաջ՝ «Կենդանի մնացածը» ֆիլմի պրեմիերայից մեկ շաբաթ առաջ, նրանք սրճում էին Սանտա Մոնիկայի սրճարաններից մեկում՝ իրենց առաջին լուրջ հարցազրույցին: Սակայն Չեյզը և Մարտիրոսյանը այստեղ էին` խոսելու ոչ թե Navy SEAL-ի քաջության կամ Պիտեր Բերգի հետ համագործակցելու մասին, այլ ցանկանում էին ի չիք դարձնել իրենց անցյալի մասին պատմությունը: Դա զարմանալի չէ: Նախկինում նրանք դատվել են կոկաինի վաճառքի համար, առնչություններ են ունեցել ռուսական նավթային բիզնեսի, Հայաստանի իշխանությունների և աֆրիկյան ադամանդի առևտրի հետ, գումարներ են ստացել որպես կառավարության լրտեսներ: Ամենամտահոգիչը ենթադրությունն է, որ նրանք Մոսկվայում պատվերով սպանություն են կազմակերպել: Մոսկվայի ոստիկանությունը բավական լրջորեն սկսել է ուսումնասիրել այս գործը:

Չեյզը և Մարտիրոսյանը հայտարարում են, որ կարող են ամեն ինչ բացատրել: (Իրենց օգնելու համար բերել են հոլիվուդյան փիարշիկի): Սակայն նրանք խորապես մտահոգված են, որ եթե իրենց անցյալի մասին մանրամասները բացահայտվեն, կկորցնեն ֆինանսավորումը, որը կփլուզի կինոյի ոլորտում իրենց կարիերան:

««Թմրանյութային դավադրությունը» կոչնչացնի, լիակատար կոչնչացնի մեզ: J.P. Morgan-ի խորհրդի նախագահը հազիվ թե շահագրգռված լինի համագործակցել թմրանյութերի դավադրության մասնակցի հետ: Ես ևս նույն կերպ կխզեի նրա հետ կապերս»,- ասում է Չեյզը:

Րոպեներ անց Չեյզը ֆիլմի նկարահանմանը մասնակցելու «աննախադեպ հնարավորություն» էր առաջարկում՝ պատմությունը կոծկելու դիմաց: «Դուք այդպիսով կոչնչացնեք հարաբերությունները, կքայքայեք ընտանիքներ, մարդկանց աշխատատեղերը և բազմաթիվ կինոնկարներ»,- ասում է Չեյզը: Ստեֆան Մարտիրոսյանը, չնայած արդեն երեսուն տարի է՝ ԱՄՆ-ում է, շարունակում է խոսել բավական ընդգծված հայկական ակցենտով: Մուգ սև մազերն ընկնում են նրա աչքերի վրա: Հաղթանդամ Չեյզը շիկահեր է և ակնոց է կրում: Որպես լոսանջելեսցի երեխա՝ նա որոշ մասնակցություն ունեցել է հեռուստատեսային շոուներին: Այժմ ի թիվս այլ բաների՝ նա նաև ուղղաթիռի օդաչու է և հետաքրքրվում է օդային լուսանկարչությամբ: Մարտիրոսյանին բնորոշ է արևելաեվրոպական շարմը, իսկ Չեյզն ավելի եռանդուն է:

Նրանք ասում են, որ հանդիպել են 1979-ին՝ Մոսկվայում զբոսաշրջության մի համաժողովի ժամանակ։ Մարտիրոսյանն այնտեղ եկած է եղել որպես ուսանող Հայաստանից, որն այդ ժամանակ խորհրդային հանրապետություն էր։ Չեյզն ասում է, որ ինքն այնտեղ եղել է, քանի որ «հետաքրքրված էր Մոսկվայով»։ Նրանք ընկերներ էին դարձել։ Երբ Մարտիրոսյանը 1985-ին ներգաղթել է Լոս Անջելես, նրանք միասին սկսել են բիզնես անել:

Այդ բիզնեսի բնույթն այնքան էլ հասկանալի չէ․ նրանք պնդում են, որ իրենց առաջին գործը Մոսկվայում դոլարով աշխատող մի խանութ է եղել, սակայն, հավանաբար, պատահական չէ, որ նրանք երկուսն էլ 1993-ին ներքաշված են եղել թմրանյութերի հետ կապված առանձին խարդախությունների մեջ Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում։

Դա Մարիտիրոսյանի առաջին բախումը չէր օրենքի հետ։ 1989-ի ապրիլին նա ավտոբուսում էր, որը կանգնեցվում է սահմանապահ պահակախմբի հսկիչ անցակետում՝ Տեխասի Սիերա Բլանկա քաղաքում։ Սահմանապահ պահակախմբի աշխատակցին նա ասում է, որ Խորհրդային Միության քաղաքացի է՝ Միացյալ Նահանգներում օրինական կեցության իրավունքով, սակայն կեցության քարտը մոտը չէ:

Մարտիրոսյանին ավտոբուսից իջեցնելիս աշխատակիցը նրա նստատեղի վերևում նկատում է մի պայուսակ: Դրանում հայտնաբերվում է չորս կիլոգրամ կոկաին և ռուսական թերթ։

Այսօր Մարտիրոսյանն ասում է, որ պայուսակն իրենը չի եղել։ Նա վստահեցնում է, որ պայուսակում եղել է նաև սափրվելու եգիպտական քսուք՝ ապացույց, որ այն պատկանել է ավտոբուսում եղած եգիպտացիների խմբին։ «Ես իմ կյանքում երբևէ կոկաին չեմ տեսել,- ասում է նա։- Ես դրան նույնիսկ կպած չկամ»։

Այնուամենայնիվ, նա իրեն մեղավոր է ճանաչում, ապա խույս տալիս դատավճռի հրապարակումից առաջ։ Երկու ամիս անց Մարտիրոսյանը Լաս Վեգասում էր, որտեղ իր քեռու հետ բռնցքամարտի մենամարտ էր դիտում։ Նա ասում է՝ իր դատախազի օգնականն իրեն տեսել էր ռեստորանում և հետ էր տարել։

Վերադարձվելով դատավորի մոտ՝ Մարտիրոսյանը փորձում է հրաժարվել իր խոստովանական ցուցմունքից։ Նա հայտարարում է, որ իրեն մեղավոր էր ճանաչել միայն այն պատճառով, որ կարծել էր, թե կդատապարտվի պայմանական ազատազրկման՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) ԿԳԲ-ի գործակալների մասին տեղեկատվություն տրամադրելու դիմաց։

Դատավորը մերժում է նրա միջնորդությունը և նրան դատապարտում առավելագույն ժամկետի՝ դատավճռի հրապարակումից խուսանավելու համար։ Նա դատապարտվում է դաշնային բանտում 9,5 տարի պատիժ կրելու։

Սակայն նրա բախտը բերում է, երբ գործը բողոքարկվում է։ Վերաքննիչ դատարանը վճռում է, որ նա չէր տեղեկացվել պարտադիր նվազագույն պատժաչափի մասին, և վերացնում է նրա նկատմամբ մեղադրանքն ու դատավճիռը։ 1992-ին նա ազատ էր արձակվել։

Երկու տարվա մեջ առաջին անգամ լինելով ազատ մարդ՝ Մարտիրոսյանն արագ գործի է անցնում և առաջարկում մեծ քանակությամբ կոկաին վաճառել ՀԴԲ-ի գաղտնի գործակալին Ջեքսոնվիլում։

Դատական արձանագրությունները ներկայացնում են պատմությունը։ 1993-ի մայիսին նա ֆինանասավորում էր գտել և մեկնել Կոստա Ռիկա` մատակարարների հետ աշխատանքն սկսելու նպատակով։ Ի դժբախտություն նրա՝ Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը արդեն ներթափանցել էր մատակարարների շարքերը։ Գաղտնի գործակալի հետ մի քանի հանդիպումներից հետո Մարտիրոսյանը համաձայնում է օգնել 800 կիլոգրամ տեղափոխել Ֆլորիդայի Սենտ Ագուստին քաղաք։ Նրանք համաձայնում են, որ Մարտիրոսյանը Լոս Անջելսից 200 000 դոլար կուղարկի Կոլումբիա, և կոկաինը Կոլումբիայից կուղարկվի Կոստա Ռիկա, ապա՝ Ֆլորիդա։ 1993-ի սեպտեմբերին, սակայն, նա ձերբակալվում է Սենտ Ագուստինի իր հյուրանոցային համարում։

Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվում ինը հոգու նկատմամբ: Կոստա Ռիկայում դաշնային ոստիկանության պետը մամուլի ասուլիս է տալիս և հայտարարում, որ խումբը վերահսկում է Կոստա Ռիկայի թմրանյութերի առևտրի մեծ մասը՝ համաձայն [կոստառիկական] La Nación թերթում հրապարակված հոդվածի։

Մարտիրոսյանն իրեն մեղավոր է ճանաչում և ընդունում վերոնշյալ փաստերը։ Սակայն այսօր նա պնդում է, որ մեղավոր չէ։

Նա պնդում է, որ միակ պատճառը, որի համար մեկնել էր Կոստա Ռիկա, Մոսկվայի խանութների ցանցի համար սուրճ գնելն էր։ Իր միակ սխալը, ասում է նա, եղել է այն, որ համաձայնել է ռուսերեն թարգմանել կոկաինի մասին մի զրույց։ Նա նաև կարծում է, որ դաշնային իշխանությունները հետապնդում էին իրեն, քանի որ ինքը շրջանցել էր ավելի վաղ գործը։ «Նրանք գիտեին, որ ես թմրանյութերի հետ որևէ կապ չունեմ,- ասում է Մարտիրոսյանը։ -Ես թմրավաճառ չեմ։ Աշխարհում ոչ ոք չի կարող ասել, որ ես որևէ քրեական հանցանք եմ կատարել»։

Համապատասխան մեղքն ընդունելու խոստովանությամբ՝ նա դատապարտվում է ինը տարվա ազատազրկման։ Նա նաև համաձայնում է կառավարությանն օգնել հետաքննել այլ գործեր։

Գրեթե նույն ժամանակ Մարտիրոսյանը զանգահարում է իր վաղեմի ծանոթ Մայքլ Յամանիսին՝ հույն գործարարի, որը նոր է դուրս եկած լինում բանտից՝ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին մարիխուանայի զանգվածային վաճառքի կազմակերպումը ղեկավարելուց հետո։

«Ես հաստատ հիմար չեմ։ Ես գիտեմ, որ նա բանտից էր զանգահարում,- ասում է Յամանիսը Դոմինիկյան Հանրապետության իր տնից: -Նա նշեց կոկաինը։ Ես ասացի՝ գրողը տանի, ինչի՞ մասին ես խոսում։ Խե՞նթ ես, ինչ է։ Ես երբեք կոկաինի հետ որևէ կապ չեմ ունեցել։ Մարիխուանա, այո՛։ Ես առավելապես մարիխուանայի հետ եմ գործ ունեցել»։

Յամանիսը գիտեր խաղի կանոնները։ Ձերբակալվելով՝ կասկածյալը հաճախ Շահրիզադե է խաղում՝ պատմելով այնքան պատմություն, որքան պետք է՝ փրկելու սեփական մաշկը։ Նրա սեփական պատժաժամկետը կրճատվել էր 60-ից մինչև 10 տարի, որովհետև տեղեկատվություն էր տրամադրել կառավարությանը։ «Ամերիկայում դու դուրս չես գա [բանտից]՝ գումար վճարելով,- ասում է նա։ -Դու դուրս կգաս՝ պատմելով նրանց, թե ովքեր են թմրավաճառները»։

Դրանից կարճ ժամանակ անց Յամանիսին մեղադրանք է առաջադրվում, և նրա անունն ընդգրկվում է Մարիտիրոսյանի գործում (Մարտիրոսյանը հերքում է, որ ինքը մատնել է Յամանիսին)։ Գործն աստիճանաբար փակվեց, սակայն Յամանիսը երբեք չի ձերբակալվում։ Այժմ 79-ամյա Յամանիսը դեռ վիրավորված է այն մտքից, որ Մարտիրոսյանը փորձել է մատնել իրեն։

«Եթե ես ուզենայի թմրաբիզնեսով զբաղվել, ինչո՞ւ պետք է դա նրա հետ անեի,- ասում է նա։ -Նա ո՞վ է որ»:

Չնայած այդ գործն արդյունք չտվեց՝ Մարտիրոսյանը կարծես պարգևատրվում է։ Նրա պատժաժամկետը կրճատվում է մինչև երեք տարի։ Երկու անգամ դատապարտվելով ինը տարի ազատազրկման՝ նա ընդհանուր կրում էր ընդամենը հինգ տարվա պատիժ։ 1996-ին նա կրկին ազատ մարդ էր։

Ռեմինգթոն Չեյզը, որն այդ ժամանակ 34 տարեկան էր, տարբեր անուններով սովորել էր մի քանի քոլեջներում՝ առանց ավարտելու դրանք։ Այդ ժամանակ նա առավելապես հայտնի էր որպես Ուիլյամ Փոլ Էլիոթ, սակայն օգտագործում էր նաև Ուիլյամ Էլիոթ Վեսթվուդ անունը։ Ընկերները նրան պարզապես Բիլ էին ասում։ Նա ասում է՝ իր մի շարք կեղծանուններ կապված են մանկական տարիքում դերասանական կարիերայի հետ։ «5-20 տարեկանում,- ասում է նա,- ես պետք է որ առնվազն տասը անուն ունենայի։ Դա աբսուրդ էր»։

Երիտասարդ տարիքում նա դարձել էր օդաչու։ Նա նաև մի շարք մանր հանցագործություններ էր կատարել։ 1989-ին Չեյզը ձերբակալվել էր ենթադրաբար կեղծ ստուգումներ անցնելու համար՝ վճարելու օդանավի վերանորոգումների համար։ 1990-ին բռնվել էր շինանյութերի խանութում սոսինձ գողանալիս՝ համաձայն Լոս Անջելեսի ոստիկանության հաղորդման։

Ապա՝ 1993-ի հունվարին, նա Լոս Անջելեսից թռչում է Ատլանտա, այնտեղից՝ Ջեքսոնվիլ։ Նա Դելտայի տոմսարկղում երկու իր է վերցնում, գնում իր հյուրանոցը և հեռախոսազանգ կատարում։

Այդ գիշեր նա իր մի ընկերոջ հետ զբոսանավ է նստում Սենտ Ջոնս գետի վրա: Նավի ներսում նրանք հանդիպում են իրենց գնորդին, որն ասում է, որ ունի 20 000 դոլար` մեկ կիլոգրամ կոկաինի նմուշի համաձայնեցված գինը: Չեյզը համաձայնել էր, որ եթե գործարքը կայանար, նրա հետ հետ կթռչեր Լոս Անջելես, որտեղ գնորդին կվաճառեր ևս 20 կիլոգրամ:

Չեյզն ու նրա ընկերը զբոսանավ են վերադանում կեսգիշերից հետո` մեկ կիլոգրամ կոկաինով՝ պլաստիկ տոպրակներում: Գնորդը փորձել էր այն, և Չեյզին էր տվել 20 000 դոլարը, որ հաշվի:

Չեյզն ու նրա ընկերը ափ էին իջել: Սակայն նախքան նավամատույց հասնելն արդեն ձեռնաշղթաներով էին` Թմրանյութերի դեմ պայքարի վարչության գաղտնի գործակալներին կոկաին վաճառելու մեղադրանքով: Մեղքն ընդունելու համաձայնությամբ՝ Չեյզն արագ ընդունել էր մեղքը և անցել կամավոր համագործակցության:

Պատասխանելով այդ մասին հարցին այժմ, այնուամենայնիվ, Չեյզը դեպքերի վերաբերյալ ունի դատական արձանագրությանը խիստ հակասող հիշողություններ. «Ես պարտքով գումար էի տվել մի մարդու, որը ներգրավվել էր թմրանյութերի վաճառքի գաղտնի գործունեությունում: Այդ գումարն օգտագործվել էր թմրանյութերի ապօրինի շրջանառության նպատակով: Ես ներգրավված չեմ եղել»:

Նա դատապարտվում է վեց տարվա ազատազրկման, սակայն ասում է՝ իրավապահ մարմիններում իր «ընկերները» երաշխավորել էին, որ ինքը կկրի պատժի միայն մի փոքր մասը: Թմրանյութերի ապօրինի վաճառքի համար դատապարտված լինելու փորձը, ասում է նա, «խոչընդոտ էր իմ կյանքում, որը ես շատ ավելի կնախընտրեի մոռանալ»:

Մարտիրոսյանն ու Չեյզը հնարավոր է` իրենց կյանքի մնացած մասն անցկացնեին իրավական խոչընդոտների մեջ ընկնել-դուրս գալով, եթե չլիներ նրանց մեծահարուստ հայ ընկերը: Վիտալի Գրիգորյանցը նավթի բիզնեսով է զբաղվում: Նա միջոցներ է տրամադրում նրանց՝ օրինական բիզնես ձեռնարկությունների համար, ներառյալ՝ կինոարդյունաբերություն նրանց ներխուժման համար:

Մարտիրոսյանը Գրիգորյանցին հանդիպել էր Մոսկվայի պետական համալսարանում: Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած սեփականաշնորհման գոտեմարտում Գրիգորյանցը դարձել էր Ռուսաստանի փոքր օլիգարխներից մեկը: Նա իր հարստությունը կուտակել էր նավթի և գազի առևտրով, իսկ ավելի ուշ տեղափոխվել էր բանկային և անշարժ գույքի ոլորտ: Մարտիրոսյանի խոսքով` վերջին 15 տարիներին ինքը գործել է որպես Գրիգորյանցի լիազոր անձ Միացյալ Նահանգներում, ինչն ապահովել է նրա մուտքը էլիտար շրջաններ Մոսկվայում և Երևանում` Հայաստանի մայրաքաղաքում: Չեյզը նույնպես իրեն համարում է ձեռնարկության գործընկեր:

Հայաստանում, ինչպես Ռուսաստանում, բիզնեսի և քաղաքականության աշխարհները միահյուսված են: Հաջողությունը զգալի չափով կախված է ազդեցիկ մարդկանց հետ բարեկամական հարաբերություններից:

Տասնամյակներ շարունակ Գրիգորյանցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի,- որը 1990-ականների սկզբին հայտնի դարձավ որպես հայկական զինված ուժերի հրամանատար ղարաբաղյան պատերազմի ընթացքում,- լավ ընկերն է եղել: Հրադադարից հետո Սարգսյանը դարձավ երկրի պաշտպանության նախարար:

2006-ին Մարտիրոսյանը վարձում է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սարգսյանի վարկանիշն արտերկրում: ԱՄՆ-ի Պետքարտուղարություն ներկայացված` Արտասահմանյան գործակալների գրանցման մասին օրենքի հիման վրա կազմված պայմանագրում թվարկված են նպատակները՝ «ներկայացնել Հայաստանը որպես անվտանգ և կայուն պետություն» ներդրումների համար և իրականացնել «իրազեկման և հեղինակության բարձրացման երկարաժամկետ ծրագիր՝ ի շահ նախարար Սարգսյանի»: «Մենք կարծում ենք, որ Սերժ Սարգսյանը շատ ամերիկամետ անձնավորություն է,- ասում է Մարտիրոսյանը: -Մենք կարծում ենք` ճիշտ կլինի օգնել նրան ամերիկյան նոու-հաուի հարցում»:

Սարգսյանը Հայաստանի նախագահ ընտրվեց 2008-ին: Թեև նա Ամերիկայի վստահելի դաշնակից էր, ԱՄՆ-ի կառավարությունը մտահոգություն հայտնեց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նրա վերաբերմունքի կապակցությամբ: Ընտրությունները մռայլվել էին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներով, որի հետևանքով զոհվել էր տասը մարդ, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների հետագա հետապնդումներով` ցույցեր կազմակերպելու համար: 2009-ին ԱՄՆ կառավարությունը, ելնելով իր մտահոգություններից, դադարեցրեց Հայաստանում գյուղական ճանապարհների համար իր օգնությունը:

Ինչ վերաբերում է նախագահի օլիգարխ ընկերոջը` Գրիգորյանցին, ապա նա ձգտում էր շատ չերևալ Հայաստանում և Ռուսաստանում: Նա որոշակի մեդիա ուշադրության էր արժանացել Մոսկվայի հայկական նոր եկեղեցու ֆինանսավորման համար, սակայն մնացած հարցերում նրա անունը հազվադեպ է հիշատակվում: Նրա ամենամեծ տարաձայնությունը կապված է «Ուկրպրոմբանկի» (որի սեփականատերն էր ինքը) սնանկացման հետ: Ուկրաինան խիստ տուժել էր գլոբալ ճգնաժամից, իսկ «Ուկրպրոմբանկն» ուներ վարկերի վատ կառավարման խնդիր:

Բացի բանկից` Գրիգորյանցը նաև «Ալֆա-Նաֆտայի»` Ուկրաինայում 500 գազալցակայանների ցանցի համասեփականատերն էր: Ուկրաինական Kontrakty բիզնես պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ բանկի վատ վարկերի զգալի մասը տրամադրվել էր «Ալֆա-Նաֆտային»:

Մինչև 2009-ը բանկն ուներ մեկ միլիարդի պետական աջակցության կարիք` կործանումից խուսափելու համար: Ուկրաինայի կառավարությունն իրեն չէր կարող դա թույլ տալ, և փոխարենը բանկը լուծարեց, նրա ակտիվներն ու պարտավորությունները վաճառեց ֆինանսական այլ հաստատության: Գրիգորյանցը կորցրեց նաև «Ալֆա-Նաֆտան»: Ըստ Մարիտիրոսյանի` սնանկացման հետևանքով նա կորցրել է ընհանուր երեք միլիարդ դոլար:

«Ցավոք, նա օլիգարխ չէ (այլևս)»,- ասում է Մարիտիրոսյանը:

Չեյզը հավելում է, որ ինքը հատկապես հպարտ էր «Ալֆա-Նաֆտայով» և ցավում է դրա կործանման համար: «Հրաշալի բենզալցակայաններ էին»,- ասում է նա դառնությամբ:

Այդ ժամանակ Մարիտիրոսյանն առնվազն մեկ տասնամյակ էր` վերահսկում էր Գրիգորյանցի ձեռնարկությունները Միացյալ Նահանգներում: Համաձայն ցուցմունքի, որը նա տվել է 2010թ. անշարժ գույքի սնանկացման գործով, Մարիտիրոսյանը Գրիգորյանցին համոզել էր ներդնել Կալիֆոռնիայում բնակարանային նախագծերում` որպես հեջ` ի հակակշիռ իր ռուսական պորտֆելների:

«Նա ցանկանում էր դիվերսիֆիկացնել իր ներդրումները,- վկայում է Մարիտիրոսյանը: -Նա կարծես հանգիստ չէր, որ բոլոր ներդրումները մնան Ռուսաստանում, կարծես վստահ չէր Ռուսաստանի կառավարության ուղեգծի հարցում»:

Մարտիրոսյանը Գրիգորյանցի փողերը ներդրել է անշարժ գույքի նախագծերում Կալիֆոռնիայում, Հավայան կղզիներում, Նևադայում, Արիզոնայում և Ամերիկյան Վիրջինյան կղզիներում: «Պետք է ասեմ` դա ցնցումային էր,- պատմում է Մարիտիրոսյանը Weekly-ին: -Մենք կառուցեցինք բնակարաններ, որոնք չկարողացանք վաճառել: Պատճառներից մեկը, թե մենք ինչու մտանք կինոբիզնես, անշարժ գույքի անորոշությունն էր»:

2010-ի հոկտեմբերին՝ 70-ամյա մի հունգարացի ձերբակալվում է Վիեննայի իր տանը: Իսթվան Կելեն ուներ քրեական երկար պատմություն, ներառյալ` 1972-ին Նյու Ջերսիում բանկի պահակի սպանությունը զինված կողոպուտի ժամանակ: Այդ հանցագործության համար նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել, սակայն պայմանական ազատ էր արձակվել 1989-ին:

Այս անգամ Կելեն և ևս երեք հունգարացի մեղադրվում էին Լոս Անջելեսում ոսկերչի տուն ներխուժելու, նրան նշանառության տակ պահելու և նրա չհրկիզվող պահարանից հինգ միլիոն դոլար կանխիկ ու թանկարժեք իրեր վերցնելու նպատակով դավադրության մեջ: Համաձայն դաշնային դատախազների` Կելեն իր ծրագիրը մանրամասն պատմել էր կոնֆիդենցիալ լրտեսին: Երբ լրտեսը հարցրել էր` ինչ կանեն նրանք, եթե ոսկերիչն ասի՝ ռա´դ եղեք, և հրաժարվի բացել չհրկիզվող պահարանը, Կելեն ասել էր. «Դու կրակում ես… և նա մեռնում է… Բացի այդ` նա չի պատրաստվում ասել` ռա´դ եղեք: Մի´ անհանգստացիր: Նա չի ասի՝ ռա´դ եղեք: Նա հավանաբար տակը կլցնի»:

Լրտեսը ոչ այլ ոք էր, քան Ռեմինգթոն Չեյզը:

Կելեն Չեյզին հանդիպել էր մի քանի տարի առաջ Մարտիրոսյանի միջոցով: Կելեն ու Մարտիրոսյանը ծանոթացել էին Լոս Անջելեսի «Թերմինալ այլանդ» բանտում՝ 1990-ականների սկզբին: Երբ Կելեն ձերբակալվել էր, նա հասկացել էր, որ իրեն Չեյզն է մատնել:

Լոս Անջելես արտահանձնվելուն պես` Կելեն զանգահարում է իր հին ընկեր Մարտիրոսյանին` Քեռն շրջանի բանտից, և երդվում վրեժխնդիր լինել: Այդ հեռախոսազանգը ձայնագրվում է և հայտնվում Weekly-ի տրամադրության տակ: «Նա մեզ մատնել է: Ակնհայտ է` նա մատնել է մեզ,- ասել էր Կելեն Մարտիրոսյանին: -Դու խոսում ես նրա հետ: Դուք գիտեք, որ դու և քո բոսը և նա հավանաբար ձեր կյանքի մնացած մասը կանցկացնեք գուլագում: Եվ վեջս չէ, եթե նույնիսկ ձեզ հետ գամ»:

Մարտիրոսյանն ասում է, որ չգիտի՝ ինչի մասին է խոսում Կելեն, և ցանկանում է, որ Կելեն իմանա՝ ինքը կապ չունի նրան մատնելու հետ: Կելեն չէր հավատում:

Ավելի վաղ՝ 2010-ին, Չեյզը ձերբակալվել էր Նևադայում՝ Սոցիալական անվտանգության ծառայության կողմից առաջադրված մեղադրանքով: Կալանքի տակ գտնվելիս նա մեկ անգամ ևս կառավարության հետ համագործակցելու ցանկություն է հայտնում: Չեյզն ազատվում է մի քանի շաբաթից և ի վերջո ընդունում իր մեղքն այն հարցում, որ վարկի դիմելիս սոցիալական անվտանգության կեղծ համար է օգտագործել: Նրան փորձաշրջան է տրվում:

Կելեն վստահ էր, որ Չեյզն իրեն մատնել էր սեփական պատիժը կրճատելու համար: Նա մեղադրում էր Մարտիրոսյանին իրեն չնախազգուշացնելու համար: Նա աներկբա համոզված էր, որ Մարտիրոսյանը տեղեկատվություն է տվել:

Իմ վերջին տարիները փչացրեց. որովհետև տղամարդու նման չկարողացավ մի քանի տարի նստել սոցիալական ապահովության իր այդ գործի համար: Ես ինձ խոստացա, որ նա իր կյանքի մնացած տարիները պիտի անցկացնի գուլագում. նա ինձ չոքացրեց, ես էլ նրան կչոքացնեմ:

Երեք ամիս անց Կելեն բանտից նամակ է գրում Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանություն: Նամակում, որը հասել է նաև Weekly-ի խմբագրություն, Կելեն պնդում է, որ Մարտիրոսյանն ու մեկ այլ անձ, որի անունը փոխված էր, 2008-ին իրեն վարձել են Մոսկվայում վրացի մի գործարարի սպանելու համար: Զեկույցից, այլ փաստաթղթերից ու հարցազրույցներից ելնելով` մյուս մարդը Չեյզն է:

Կասկա Կալանդարիշվիլի անունով գործարարը ներգրավված էր նավթի և գազի արդյունաբերության մեջ, և Կելեի խոսքով՝ գործարարը վիճել էր Մարտիրոսյանի ռուսաստանցի ղեկավարի հետ:

Կելեի պնդմամբ՝ ինքը սպանություն գործելու մտադրություն երբեք չի ունեցել, և ինչ-որ պահի Մարտիրոսյանն ու Չեյզը հետ են կանչել հրահանգը: Կելեի խոսքով՝ ինքն այս ամենը պատմել է ՀԴԲ-ին, սակայն նրանք իրենց սեփական լրտեսի նկատմամբ հետաքննություն անցկացնելու շահագրգռվածություն չեն ցուցաբերել: Կելեի հայտարարությունները հասել են Մոսկվայի ոստիկանության հետախույզ Դմիտրի Միրոնովին, որը հետաքննություն է սկսել:

Կալանդարիշվիլին, իրականում, սպանվել էր իր տան կողքին՝ Մոսկվայի հեղինակավոր թաղամասերից մեկում, 2009-ի փետրվարին: Ռուսական լրատվամիջոցների համաձայն՝ 47-ամյա տղամարդը կեսգիշերին մոտ զբոսանքի էր հանել իր շանը, երբ մարդասպանը մոտեցել և կրակել է նրա գլխին: Մեկ այլ թերթ էլ գրել էր. «Շունը չկարողացավ պաշտպանել գործարարին մարդասպանից»:

Միրոնովը կապ է հաստատում Լոս Անջելեսի ոստիկանության վարչության հետախույզների հետ և նրանց խնդրում հարցաքննել Կելեին, որը կալանքի տակ էր Լոս Անջելեսում: Միրոնովը ցանկանում էր, որ ԱՄՆ ոստիկանները որևէ բան պարզեին, թե ինչ կապ կա Կելեի և Մարտիրոսյանի, Չեյզի ու Ռուսաստանի նավթային բիզնեսի միջև:

Լոս Անջելեսի ոստիկանության վարչությանը տրամադրված հարցերի շարքում էին Մարտիրոսյանի և Չեյզի մասին հարցերը, ներառյալ՝ «որտե՞ղ էին այդ պահին Չեյզն ու Մարտիրոսյանը»:

Նա ենթադրել չէր կարող, որ այս երկուսը պատրաստվում էին նվաճել Հոլիվուդը:

Մարտիրոսյանն ու Չեյզը Հոլիվուդում հայտնվեցին վեց ամիս անց՝ 2011-ի սեպտեմբերին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ֆիլմի ազդագրով: Նրանք ընկերություն էին հիմնել՝ Envision Entertainment-ը, որի տրամադրության տակ կար 250 միլիոն դոլար: Այն պետք է ֆիլմեր արտադրեր երկու փոքր բյուջե ունեցող «էքշն» ժանրի ֆիլմերի պրոդյուսերների՝ Ռանդալ Էմեթի և Ջորջ Ֆուրլայի հետ: 2012-ին մեկ այլ ազդագրով նրանց ֆոնդը հասել էր 525 միլիոն դոլարի:

Ազդագրերն իրականում այնքան էլ ճշմարիտ չէին: Չկար որևէ «ֆոնդ», և թվերն ավելի շուտ ընտրվել էին էֆեկտի և ոչ թե հստակության համար՝ Envision-ի փոխնախագահ Գրանտ Կրամերի համաձայն: Սակայն այս զույգը լուրջ փողեր էր մղում կինոարտադրություն: Շուտով խոշոր բյուջետային ֆիլմերում նրանց անունները սկսեցին նշվել որպես գլխավոր պրոդյուսեր (ֆիլմի հեղինակների շարքում Մարտիրոսյանը նշվում էր որպես Ստեփան Մարտիրոսյան: Նրա խոսքով՝ ինքն իր անունը աննշան է փոխել՝ խուսափելու «Գուգլում» իր անվան հետ կապված կոկաինի գործից):

Մարտիրոսյանն ու Չեյզն ասում են, որ իրենց նախագծերում մեծամասամբ իրենք են ներդրումներ անում, այսպես՝ «Կենդանի մնացածը»-ում՝ 80 տոկոս, «Երկու ատրճանակ»-ում՝ 80 տոկոս և «Փախուստի պլան»-ում՝ 50 տոկոս (գլխավոր դերակատարներ՝ Սիլվեսթեր Ստալոնե և Առնոլդ Շվարցնեգեր):

Գրանտ Կրամերն ասում է, որ տարիներ շարունակ կինոյի բիզնեսում ներկայացրել է Չեյզի շահերը: Կրամերը, որը նման է դերասան Օուեն Վիլսոնին և հայտնի է 1984-ի «Պնդամարմինները» սեքս-կատակերգությունում իր գլխավոր դերով, Չեյզի հետ ծանոթացել է անշարժ գույքի ոլորտում նախագծերի միջոցով: Նա հրավիրել է Չեյզին նկարահանման հարթակներ և խրախուսել, որ նրա ռուս նվիրատուները ներդրում անեն: Բելիզ կատարած շրջագայության ընթացքում Չեյզը ծանոթացել է Էմեթի և Ֆուրլայի հետ և դրանով ընթացք տվել գործին:

Որպես պրոդյուսերներ՝ Չեյզն ու Մարտիրոսյանը շատ տարբեր էին: Չեյզը հաճախ նկարահանման հրապարակում էր: Որպես կինոյի մոլի երկրպագու՝ նա խորանում էր ֆիլմարտադրության մանրամասների մեջ՝ հաճախ համաձայնելով ծախսել ավելի մեծ միջոցներ, եթե, նրա կարծիքով, դա կլավացներ ֆիլմի որակը: Չեյզի խոսքով՝ իր ղեկավարման ոճը հանգում է այն համոզմանը, որ «նկարահանման հարթակում յուրաքանչյուր ոք իրենց աշխատակիցն է»:

Մարտիրոսյանն ավելի քիչ մասնակցություն էր ցուցաբերում նախագծերի իրականացմանը, սակայն սիրում էր լուսանկարվել կինոաստղերի հետ: IMDb-ի Մարտիրոսյանի էջին կարելի է տեսնել նրա լուսանկարները Ռոբերտ դե Նիրոյի, Բրյուս Ուիլիսի, Ջեսիկա Ալբայի, Նիկոլաս Քեյջի և այլ աստղերի հետ: Փաստը, որ նա ավելի աստղապաշտ էր, քան Չեյզը, բացատրվում է նրանով, որ նա մեծացել էր Խորհրդային Միությունում՝ դիտելով ամերիկյան պիրատական ֆիլմեր (ինչպես ինքն է ասում, իր սիրված ֆիլմերի շարքում էին «Թռիչք կկվի բնի վրայով» և «Կնքահայրը» ժապավենները):

Պրոդյուսերները հաջողել են միայն մեկ ֆիլմում՝ անցյալ տարի էկրան բարձրացած «Դիտման վերջը» ժապավենում, մինչդեռ մնացածները կատարյալ ֆիասկո էին: Urth Caffé-ում տեղի ունեցած հանդիպմանը նրանք խոստովանում են, որ մինչև այժմ բավական մեծ գումարներ են կորցրել:

«Մենք ավելի քան 50 միլիոն դոլար ենք ներդրել, որը չենք ակնկալում, որ հետ կգա,- ասում է Չեյզը: -Մարկ Ուոլբերգի և Դենզել Վաշինգտոնի «Երկու ատրճանակ» ֆիլմը հաջողություն չունեցավ վարձույթում: «Արատավոր քաղաք» ֆիլմն արժեցավ 35 միլիոն դոլար և ԱՄՆ-ում հավաքեց ընդամենը 20 միլիոն դոլար»:

«Մենք ցնցված էինք,- ասում է Մարտիրոսյանը: -Ունեինք երեք մեծ աստղ՝ Ռասել Քրոուն, Քեթրին Զետա Ջոնսն ու Մարկ Ուոլբերգը: Ֆիլմն անհաջողության մատնվեց: Շատ ցավալի է»:

«Պատճառը ռեժիսորն ու սցենարիստն են: Մենք հանդիպեցինք որպես ֆինանսական գործընկերներ, որոնք չեկեր էին դուրս գրում, և այդ ժամանակահատվածում ֆիլմերին չէինք հատկացնում այն ուշադրությունը, որը պետք էր: Մենք կարծում էինք, որ մարդիկ, որոնց չեկ էինք դուրս գրում, տեղյակ էին՝ ինչ են անում»,- ասում է Չեյզը:

Նրանք դասեր են քաղել ժամանակի սխալներից, ասում է Մարտիրոսյանը: «Եթե մտադիր ենք ֆիլմ արտադրել, պետք է վերահսկենք այն սկզբից մինչև վերջ, չենք կարող լինել պասիվ ներդրողներ»,- ասում է նա: Ներկայում նրանց նախագծերի թվում են ֆիլմեր, որոնք հիմնված են Hasbro երկու խաղերի վրա:

«Պատրաստվում ենք խելացի մոտենալ գործին,- ասում է Չեյզը: -Վերջին երկու տարում շատ բան ենք սովորել: Մեր կորուստները մեզ հետ չեն պահում: Մեր կորուստներն իրականում խթանել են լավ ֆիլմեր արտադրելու մեր ցանկությունը»:

Նրանց գործընկեր Գրանտ Կրամերի համար վերջին երկու տարին զվարճալի էր: Տարիներ շարունակ ֆիլմերի նկարահանման համար պայքարող Կրամերը ներգրավված է 14 նախագծում: «Ինձ համար ուրախալի է, որ ունեմ գործընկերներ և կարող եմ ֆանտաստիկ նախագծեր իրականացնել»,- ասում է նա:

Այդ մեծ կարողության աղբյուրները, այդուհանդերձ, նրա համար մութ են մնում: Նրա գործընկերները հաճախ մնում են արթուն մինչև առավոտյան ժամը 4.00-ն ու զրուցում Ռուսաստանում բնակվող մարդկանց հետ: Երբեմն անհետանում և գնում են աշխարհի հեռավոր վայրեր: Կրամերը տեսել է նամակներ Վլադիմիր Պուտինից և լուսանկարներ, որոնցում Չեյզը դուրս է գալիս ուղղաթիռից՝ Աֆրիկայի սուրճի պլանտացիաներից մեկի վրա: Չեյզի մասին էլ Կրամերն ասում է, որ նա սիրում է խորհրդավոր լինել: «Շատ քիչ բան գիտեմ»:

Իսթվան Քելեն որոշ գաղտնիքներ բացահայտեց 2011-ի օգոստոսի 9-ին Լոս Անջելեսի ոստիկանության վարչության հետ զրույցում: Կելեն խնդրահարույց վկա է, այդուհանդերձ: Նա մարդասպան է, և այդ ժամանակահատվածում վճռական էր Ռեմինգթոն Չեյզից վրեժխնդիր լինելու հարցում: Այդուհանդերձ, նրա ասած շատ բաներ հաստատել է նրա հետ համամեղադրյալ Աթիլա Բերքեսին:

Կելեն ասել է հետախույզներին, որ Չեյզն ու Մարտիրոսյանն իրեն վարձել էին 2006-ին Չեյզին՝ Նամիբիա շրջագայության ժամանակ օգնելու նպատակով: Չեյզը փորձում էր «սև ադամանդներ» ձեռք բերել և «թիկունքի» կարիք ուներ: Բերքեսին միացել է խմբին հետագայի շրջագայությունների ժամանակ: Բերքեսին իր զեկույցում տեղեկացրել է, որ Չեյզը «Համեր» էր վարում, վարձել էր շքեղ ափամերձ առանձնատուն Քեյփթաունում, սնվում էր թանկարժեք ռեստորաններում և ուներ միլիոնատիրոջ կեցվածք:

35-ամյա հաղթանդամ Բերքեսին այնտեղ էր Չեյզին գողերից պաշտպանելու նպատակով: Նա նաև ասել է, որ Չեյզը երբեմն իրեն խնդրում էր թալանել ադամանդի բիզնեսում ներգրավված գործընկերներին: Մոնտե Կառլո շրջագայության ժամանակ Չեյզը նրան խնդրում է մի զբոսանավ թալանել, որի վրա կար 1,5 միլիոն եվրո: (Բերքեսին պնդում էր, որ երբևէ հանցագործություն չի գործել Չեյզի համար, այլ պարզապես նրան օգտագործել է շքեղ արձակուրդներ վայելելու համար):

Կելեն նմանատիպ պնդում է անում Լոս Անջելեսի ոստիկանության հետ զրույցում: Նրա խոսքով՝ երբ Չեյզն ու Մարտիրոսյանը նրան խնդրում են մեկնել Մոսկվա գործարարին սպանելու համար, նա նման բան անելու մտադրություն երբեք չի ունեցել: Կելեն տեղեկացնում է ոստիկանությանը, թե իրեն ասել էին՝ Կալանդարիշվիլին շանտաժի էր ենթարկում Մարտիրոսյանին և Չեյզի ռուսաստանցի գործատուին: Նա պնդում էր, որ չգիտեր, թե ով է գործատուն:

Կելեն պատմում է, որ փորձել է սպանության համար գումարի մի մասը՝ 50 000 դոլարը, նախօրոք վերցնել, մյուս 50 000-ը՝ դրանից հետո: Այդուհանդերձ, Մարտիրոսյանն ու Չեյզը հրաժարվում են՝ ասելով, որ նրան կվճարեն գործից հետո: Կելեն պատմում է, որ Մարտիրոսյանին հանդիպել է Մոսկվայում. վերջինս իրեն տվել է երկու հրացան և ցույց տվել շքեղ բնակարանը, որում բնակվում էր Կալանդարիշվիլին: Ռուսաստանի դեսպանություն գրած նամակում Կելեն նշել է, որ շատ է նկարահանել Կալանդարիշվիլիին՝ ապացուցելու, որ գործ է անում:

«Ես նրանց մշտապես խաբել եմ այն հարցում, թե ինչու «սպանությունը» չէր կարող իրականացվել»,- գրել է Կելեն: Նա նաև դեսպանությանը տրամադրել է Կալանդարիշվիլիի մեքենայի պետհամարանիշները՝ շոշափելի ապացույց առ այն, որ նա ներգրավված է գործում: Մոսկվա կատարած մի քանի շրջագայությունից հետո Կելեն ասում է, որ Մարտիրոսյանը հուսալքվել է և չեղյալ է հայտարարել սպանությունը: Դրանից հետո երկար ժամանակ անց, ըստ Քելեի, նա իմացել է, որ Կալանդարիշվիլին սպանվել է: Լոս Անջելեսի ոստիկանության հետ նամակագրությունում Մոսկվայի ոստիկանությունը, թվում էր, ձգտում է գնալ տեղեկությունների հետքերով: «Բնականաբար, դա կլինի միջազգային մեծ հետաքննություն,- գրում է Միրոնովը: -Մենք կարծում ենք, որ Կելեն էր այս սպանության կատարողը»:

Կարճ ժամանակ անց, այդուհանդերձ, անսովոր մի բան պատահեց: ԱՄՆ-ի դատախազությունը դադարեցրեց Կելեի և նրա հանցակիցների՝ զինված թալանի գործի քննությունը: Դատախազները պարզաբանեցին, որ այդպես են վարվել, քանի որ ՀԴԲ-ն ցանկանում էր պաշտպանել իր լրտես Չեյզին:

Դատախազները վստահ էին, որ պետք է պաշտպանող կողմին փոխանցեին Չեյզի կրիչների կրկնօրինակը, ՀԴԲ-ն վստահ էր, որ դա ոտնձգություն է Չեյզի անձնական տեղեկատվությանն ու անվտանգությանը: Բացատրության մեջ տարօրինակն այն է, որ Կելեն և մյուս մեղադրյալները քաջածանոթ էին Չեյզին: Քելեն նրան վաղուց էր ճանաչում և գիտեր, թե կոնկրետ ում հետ է խոսում զինված թալանի մասին, ըստ պնդումների, տեղի ունեցած խոսակցություններում:

Այդուհանդերձ, Կելեն և նրա համամեղադրյալները ազատ արձակվեցին: Կելեն հետ ուղարկվեց Վիեննա: Բերքեսին հարցազրույց է տվել հունգարական լրատվամիջոցի՝ ասելով, թե ՀԴԲ-ն կեղծել է իր դեմ ցուցմունքները, բայց նաև խոստովանելով, որ «իրենք էլ հրեշտակ չեն»:

Մոսկվայի ոստիկանությունից ու նրա «մեծ միջազգային հետաքննությունից» նույնպես բան չստացվեց: Պարզ չէ, թե ինչու, սակայն պարզ է, որ հետաքննության մեջ առանցքային վկան Կելեն է: Բայց քանի որ հետապնդման սպառնալիքն ու ցմահ ազատազրկումն այլևս նրա գլխին կախված չէին, նա Չեյզի դեմ հետաքննության հետ համագործակցելու մտադրություն չուներ: Էլեկտրոնային նամակագրության մեջ Կելեն մեղադրում է ՀԴԲ-ին իրեն կեղծ մեղադրանքներով մեկ տարուց ավելի ազատազրկելու համար: Սակայն նա չի մեղադրում Ռեմինգթոն Չեյզին: Փոխարենը նա ասում է, որ իրեն խաբել է ուրիշ մեկը, որը որպես Չեյզ է ներկայացել:

«Ընդունում եմ, որ չմտածված ենթադրություն եմ արել այն հարցում, որ դա Չեյզն է,- նշել է Կելեն Weekly-ին ուղղված նամակում: -Ցավում եմ, բայց չեմ կարող այլևս օգնել»: ՀԴԲ-ն հրաժարվել է մեկնաբանել գործը: Գլխավոր դատախազ Իվոն Գարսիան նույնպես հրաժարվել է հարցազրույց տալ:

Ստեֆան Մարտիրոսյանի երազած ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին ժապավենն է՝ Հայաստանի «Շինդլերի ցուցակը»: Նա սցենարիստ է վարձել սցենարը գրելու համար և այն ներկայացրել Մարտին Սքորսեզեին: Չնայած վերջինս ասել է, որ ուրիշ գործերով է զբաղված՝ Մարտիրոսյանը ռեժիսորի հետ զրույցը համարում է կինոյում իր կարիերայի ամենավառ պահերից մեկը: «Ես կարծում էի՝ նա գանգստեր է… Չէի կարող ենթադրել, թե ինչ մեծ հոգևոր արժեքներ կրող մարդ է նա: Մենք քննարկեցինք հայոց պատմության ողբերգական պահերը: Նա իսկապես շատ լավ տեղեկացված էր»:

Հայտնի պատճառներով՝ Չեյզը և Մարտիրոսյանը կնախընտրեին դուրս մնալ ուշադրության կենտրոնից: Նրանք համաձայնեցին այս հարցազրույցը տալ՝ համոզված լինելով, որ այլընտրանք չունեն:

Այնուհանդերձ, շատ մարդկանց պես, նրանց պատվի հարցն էր մեջտեղում: Նրանց անունները հայտնվել են մեծ էկրաններին՝ ֆիլմերի սկզբնական դրվագներում: Ահա թե ինչի համար են նրանք այժմ սրճարանում կինոգործակալի հետ՝ փորձելով նրան բացատրել՝ ինչու են իրենց մեղադրում Մոսկվայում կատարված պատվերով սպանության մեջ: Թեև կառավարությունը երբևէ նրանց անունները հրապարակայնորեն չի կապել Կելեի գործի հետ, Չեյզը բացեիբաց հայտարարում է, որ ինքը լրտես է եղել:

«Կելեն և նրա թիմը մտադիր են գնալ այնտեղ, սպանել նրան, ով էլ որ լիներ բնակարանում և վերցնել գումարը: Երբ ես տեղեկացա այս ամենի մասին, կապվեցի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ: Ի՞նչ պետք է անեի»,- ասում է Չեյզը: Վերջինս ենթադրում է, որ Կելեն և նրան պաշտպանողները բազմաթիվ անհեթեթ մեղադրանքներ են սարքել իր դեմ, քանի որ ցանկանում են բանտից դուրս գալ: «Նրանք հորինել են ծիծաղելի հեքիաթներ և փորձում են ինձ վարկաբեկել հնարավորինս շատ»,- ասել է Չեյզը:

Պատմությունն ավելի անհասկանալի է դառնում, երբ Չեյզը փորձում է բացատրել Կելեի հետ իր վաղեմի հարաբերությունները:

Այսպես՝ ըստ նրա՝ պետք է հետ գնալ 35 տարի, երբ ինքը սկսեց աշխատել դաշնային իշխանությունների համար: «Ես բարեկամացա իրավապահ մարմինների հետ»,- կրկնում է Չեյզը մի քանի անգամ: Նա ասում է, որ շրջել է ամբողջ աշխարհով կառավարության շահերի համար՝ հետապնդելով ահաբեկիչներին: Իր առաջադրանքներից մեկը Կելեի հետ նրա «աֆղանցի ընկերների» մասին խոսելն էր:

«Կելեի մասին ամենակարևոր բանն այն էր, որ նա իսկապես մոտ էր աֆղանցի ահաբեկիչներին»,- ասում է Մարտիրոսյանը: Չեյզի խոսքով՝ Կելեի հետ ամբողջ հարաբերությունների նպատակը լավ ծուղակ պատրաստելը և ահաբեկչության մասին տեղեկության ձեռքբերումն էր: Չեյզը Կելեի հետ իր Աֆրիկա մեկնելու հիմնական շարժառիթ է նշում ահաբեկչական ցանցերի և մաքսանենգ զենքի տարանցման օղակների միջև կապի բացահայտումը: «Ամեն օր մենք Աֆրիկայում նրանց հետ էինք, իսկ դաշնային իշխանությունները հյուրանոցում մեր կողքի սենյակում էին»,- ասում է Չեյզը:

Ըստ Չեյզի՝ ադամանդի գործը հիմնական պատմության մի մասն է: «Մենք հետաքրքրված չէինք ադամանդի գործով, Աֆրիկայում մնալով: Ես տեղյակ չեի ադամանդի գործից»,- ասում է Չեյզը:

(Դատարանում Կելեի հետ Մարտիրոսյանը ադամանդների վերաբերյալ մի շարք նկատառումներ է արել: Նա նշել է, որ Չեյզը հազարավոր դոլարներ է կորցրել Աֆրիկայում ադամանդի գործով: «Նա ինձնից գողացել է 27 000 դոլար, իմ ադամանդները կորցրել է Հարավային Աֆրիկայում: Տեղյակ եք, ինչ եղավ իմ գումարների հետ»,- ասում է Մարտիրոսյանը):

Մարտիրոսյանը Մոսկվայի սպանության գործով հարցաքննության ժամանակ ասել է, որ երբևէ չի լսել Կալանդարիշվիլիի անունը: Հարցազրույցի ժամանակ Մաքսին Լեոնարդը՝ կինոգործակալը, հանգիստ էր, ուշադիր նայում էր ներքև՝ իր հեռախոսին: Սակայն խոսակցության ընթացքում, նրա աչքերն ավելի ու ավելի էին լայնանում: Ի վերջո՝ նա ստիպված էր ընդհատել խոսակցությունը:

«Կարո՞ղ ենք այստեղ կանգնել»,- չափազանց քաղաքավարի բրիտանական ակցենտով ասաց նա: Այս ամենը ինչ-որ անհավանական, զարմանալի բան է: Դուք չե՞ք ցանկանում, որ սա լինի: Որևէ մեկը չի՞ ցանկանում այն, ինչ արդեն վերջին 30 րոպեն ես լսում եմ, ամեն դեպքում, տղաներ, ձեր մասին տպագրված նմանատիպ պատմությունները Հոլիվուդում օգտագործվում են ֆիլմերի ստեղծման մեջ»,- ասում է Լեոնարդը:

Նրանք փորձեցին փարատել Լեոնարդի մտահոգությունները, սակայն նա ամենևին էլ չէր կատակում: «Այս ամենի բացահայտումը սարսափելի վտանգավոր է»,- ասում է նա:

Հոդվածի հեղինակը՝ Գեն Մադաուս (Gene Maddaus)

Թարգմանությունը՝ ՍիվիլՆեթի



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վ. Առաքելյան
Jan 16, 2014 20:13