Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, September 11, 2009 9:04 - 2 քննարկում

Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը դատարկ և անցողիկ են

Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը դատարկ և անցողիկ են

Աղբյուրը՝ ArmAr.am, 09.09.2009թ.

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին խնդրեցինք անդրադառնալ օգոոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև` «դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված արձանագրությունների առավել վիճահարույց կետերին:

– Արձանագրությունների համաձայն Հայաստանը և Թուրքիան ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա չի՞ նշանակում իրավա­կան հիմք չունեցող քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված Կարսի պայմանագրի վավերացում և հրաժարում Արևմտյան Հայաստանից:

– Ես քաղաքագետ չեմ, ես հայ մարդ եմ, խոսում եմ հայ մարդու պես, և անկախ այն ամենից, թե ինչ է գրված այդ արձանագրություններում, ես մի բանում համոզված եմ. եթե հայ ժողովուրդը, հայ մարդը հրաժարվում է ցեղասպանությունից, մոռանում և ներում է ցեղասպանին, եթե հայ մարդը, հայ ժողովուրդը հրաժարվում է Արարատ լեռից, եթե հայ ժողովուրդը հրաժարվում է իր պատմական հայրենիքից, ուրեմն այդ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը, և ինչպես Թումանյանն է ասում` ոչ թե ժողովուրդ է, այլ խալխ: Դրանից հետո, այդ ժողովուրդը կլինի այս աշխարհում, թե չի լինի` ոչ մի նշանակություն չունի: Հպարտությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդը ոչ մեկին պետք չէ:

– Արժանապատվության կորուստ չէ՞ նաև ազատագրված տարածքների վերադարձի շուրջ ընթացող խոսակցությունները:

– Մենք դարեր շարունակ տվել ու տվել ենք, մեզանից խլել ու խլել են: Ազատագրված տարածքները մեր հայրենիքի մի մասն են, մենք ազատագրել ենք դրա չնչին մի տոկոսը, Նախիջևանն ու Գանձան էլ են մերը, մենք տալու ոչինչ չունենք, հանցագործություն է այդ մասին մտածելն անգամ: Նման համաձայնության տակ ստորագրելը ազգային դավաճանություն է: Մենք մեր հարևաններին տալու ոչինչ չունենք, ընդհակառակը, նրանք պետք է վերադարձնեն մեզանից բռնազավթած տարածքները:

-Պարոն Սարգսյան, մեզանում մի անհասկանալի վստահություն է ձևավորվել, թե ժամանակակից Թուրքիան այլևս նախկինը չէ ու հասցրել է քաղաքակրթվել, ուրեմն կարելի է այդ երկրի հետ կարգավորել հարաբերությունները:

-Ես մի բան կասեմ. թուրքերի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել չի կարելի: Դիվանագիտությունը նրանց զենքն է, այդ զենքը նրանք հասցրել են կատարելության, ուզածդ մարդու կխաբեն, մանավանդ հայերի նման միամիտ ժողովրդին հազար անգամ խաբել են: Իբրև բարեկամ ներկայանալով` երիտթուրքերը հայերի հետ գրկախառնվում, կենացներ էին խմում, բայց նույն ընթացքում Ադանայում 30.000 հայեր էին սպանում: Երևում է` պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել, անգամ Եղեռնից հետո: Բայց չէ՞ որ նրանց նպատակը հայ ժողովրդին վերացնելն էր, ինչը, սակայն, կիսատ մնաց, այդ պահին դա թուրքին չհաջողվեց: Սակայն դա չի նշանակում, թե նրանք այդ մտքից հրաժարվել են: Այնպես որ, մենք պարտավոր ենք մինչև որոշում կայացնելը շատ խորը մտածել:

Ադրբեջանն այսօր միլիոններ է ծախսում աշխարհով մեկ հայերին վարկաբեկելու համար, և դա արվում է Թուրքիայի հետ համաձայնեցված: Թուրքիան Ադրբեջանին պահում է որպես իր պահապան շունը, հարձակվող շունը: Հրանտ Դինքը, Գուրգեն Մարգարյանը սպանվեցին, քանի որ հայեր էին: Բոլոր փաստերը հաստատում են, որ, իհարկե, Թուրքիան ամենևին չի փոխվել և դա չի էլ թաքցնում:

– Այս ամենից հետո ի՞նչ եք կարծում` կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը:

-Ես կարծում եմ, որ սա աշխարհի դեմ Թուրքիայի կողմից սարքվող հերթական որոգայթն է: Թուրքիային շատ ձեռնտու է նման իրավիճակը. իբր թե բանակցում ենք, համագործակցում ենք, բարեկամանում ենք… Թուրքիային անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ, թե ինքը լավն է, ունի բարի նպատակներ: Կարծում եմ, որ սահման բացելու շուրջ ընթացող այս խոսակցությունները դեռ կշարունակվեն տարիներ. Թուրքիայի նպատակն է` սրանով ընդհատել աշխարհով մեկ ծավալվող ցեղասպանության ընդունման փաստը: Օրինակ` Ամերիկային «ասում են»` մի ասա ընկեր Օբամա, որ Ցեղասպանություն է եղել:

Սահմանը բացելը և բարեկամություն հաստատելը թուրքերին է պետք, բայց ոչ մեզ: Ուրեմն իրենք պետք է գան մեր դուռը, ոչ թե մենք գնանք իրենց դուռը: Մեր նախագահը ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում չպետք է գնա Թուրքիա մասնակցելու այդ ֆուտբոլային խաղին, այլ պետք է ասի` ձեզ պետք է սահմանը բացե՞լ, բացեք, պետք է բարեկամություն անե՞լ, արեք, բայց մի պայմանով. պայմաններ թելադրողը Հայաստանն է լինելու: Թուրքերը կարող են խոսել սահմանը բացելու մասին միայն մեկ դեպքում, եթե ընդունեն Եղեռնի փաստը, որը ինչ-որ չափով կապահովի մեր անվտանգությունը:

-Ակտիվացել են խոսակցությունները նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային համագործակցության շուրջ: Նախատեսվում է, որ հայ գրողների գործերը կթարգմանվեն թուրքերեն, իսկ թուրքերեն գրականությունը` հայերեն:

-Այստեղ մի շատ մեծ վտանգ կա: Մեծերից մեկն ասել է` ժողովուրդը, երբ կորցնում է իր մայրենի լեզուն, դեռ կորած չէ, ժողովուրդը կորած է այն դեպքում, երբ մոռանում է իր ազգային երգը, իր դիմագիծը: Սրանում շատ խորը իմաստ կա: Սովորաբար օտարներն ինչպե՞ս են վարվում. խլում են մշակույթը և դու մոռանում ես քո երաժշտությունը, քո ազգայինը, սկսում ես օտարի երաժշտություն երգել, և դառնում ես այն ազգի մշակույթի կրողը, ում երգը երգում ես: Այսինքն, եթե թուրքերեն ես երգում, թուրք ես դառնում: Նույն կերպ կոմունիստները ռուսացնում էին Խորհրդային Միության բոլոր ազգերին:

Մենք շատ բան ենք կորցնում մեր ազգային դաշտում, այսօր մենք շատ քիչ ենք խոսում մեր ազգային արժեքների մասին, ես վաղուց հեռուստաեթերով չեմ լսել Սասնա ծռեր էպոսի մասին հաղորդումներ: Իսկ այդ էպոսը մեր կյանքն է, մեր պատմությունը, մեր ինքնությունը, մեր ամեն ինչն է: Իսկ դուք դիտեք մեր հեռուստահաղորդումները, տեսեք, թե ինչի՞ մասին են խոսում. հայկականը եթերում շատ հազվադեպ է երևում: Այսօր գրականություն են թարգմանում, վաղն էլ թուրքական երգերը կերգեն, հատկապես, երբ թուրքերը չեն դադարում կրկնել, թե հայկական երգերն իրենցն են. վախենամ, որ մի օր մեզ դրանում էլ կհամոզեն: Պետք է հստակ հասկանանք, որ շրջապատված ենք խարդախ հարևաններով: Թե թուրքին, թե վրացուն պետք է ասել, որ մեզ հետ վարվում եք ինչպես խարդախներ, բայց այլևս չեք կարող, քանի որ էլ թույլ չենք տալու:

Էս աշխարհում ամեն մի ժողովուրդ իր ճակատագիրն ինքը պիտի գրի, ինքը պիտի տնօրինի, ոչ թե մեկ ուրիշը: Մինչև հիմա ով չի ալարել` մեր ճակատին գիր է գրել է` էսպես ապրեք, էնպես արեք, բայց հիմի եկել է ժամանակը, որ ձերբազատվենք դրանից, եկել է անկախանալու ժամանակը: Մենք մտքով անկախ չենք, և դա մեզ խանգարում է: Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը` դատարկ և անցողիկ են:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Sep 11, 2009 9:58