Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, June 6, 2011 21:38 - 1 քննարկում

ՀՀՇ-ի Գևորիկն ու Հայաստանի փրկության կոմիտեն

ՀՀՇ-ի Գևորիկն ու Հայաստանի փրկության կոմիտեն

Երեքշաբթի, 07 Հունիս 2011 03:26

Գրել է SERGO

Հրապարակ է նետվել հայ քաղաքական մտքի, ճիշտ է մեր իրականության համար շատ հազվագյուտ, քաղաքակրթության և ժողովրդավարության անհրաժեշտ փաթեթավորմամբ, «բանվոր դասակարգի ուշադրությունը շեղող» հերթական ծամոն- զբաղմունքը` իշխանություն-ընդդիմություն երկխոսության գաղափարը։

Գրեթե չորս տարի, հիանալի բեմադրված «քաղաքական պայքար» կոչվող շոուն մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Տրագիկոմեդիայի բոլոր ընդունված բաղադրիչներով «Ավազակապետության կազմաքանդում» կոչվող բեմադրությունը ֆուտբոլային ընկերական կամ նախօրոք պայմանավորված խաղի նման մոտենում է իր խաղաղ ելքին`победила дружба։

Քաղաքական գործընթացներին հատուկ շոուների բեմականացումն ու իրագործումը լիովին ընդունելի և ընկալելի երևույթ է։ Իշխանություն-ընդդիմություն «հակասությունների» բարձրաձայնումն ու «համառ և տքնաջան պայքարի» արդյունքում զիջումներ ու փոխզիջումներ «կորզելը» և դրանք սեփական թիմի և համակիրների հաղթանակ ներկայացնելը շատ սովորական գործընթաց է և հատուկ է բոլոր «քաղաքակիրթ ժողովրդավարություններին»։

Հայաստանում նույնպես, վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս կիրառվել է քաղաքագիտության տարրական այս նորմը. ձևավորվել է իշխանություն, այն ունեցել է հիմնականում իր ծոցից ելած ընդդիմություն, հետո փոխատեղումներ են եղել, և նորից կրկնվել է նույն շրջանը։

Սակայն վերջին շրջանի քաղաքական գործընթացներն իրենց վրա դրոշմված մի հսկայական տարբերություն ունեն։ Վերջին` «քաղաքական պայքար» կոչվող բեմադրությունն իր հետ 10 հոգու կյանք է տարել։ Իրական, երիտասարդ կյանքեր, որոնցից յուրաքանչյուրը շատ ավելին արժե, քան բոլոր հնարավոր քաղաքական հակասությունները կամ համաձայնությունները։

Մայիսի 31-ին, ՀԱԿ հանրահավաքից հետո, հայաստանյան քաղաքական ողջ մթնոլորտը լցված է իշխանություն-ընդդիմություն իրական կամ մտացածին երկխոսության սպասումով։ Տարակուսանքի մեջ հայտնված ընդդիմադիր ընտրազանգվածի շփոթմունքը փարատելու և բանակցությունների շուտափույթ սկսելն ավելի արժանահավատ դարձնելու համար արվեց նաև արտաքնապես ամենակարևոր քայլը. ընդդիմությունը կազմեց իր պատվիրակությունը։

Այստեղ է, որ առաջ է գալիս մի շատ ցավալի հարց։ 2008թ. մարտիմեկյան ողբերգությունից հետո, երբ ձևավորվում էր ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովը, ընդդիմությանը նույնպես առաջարկ եղավ մասնակցելու տվյալ հանձնաժողովի աշխատանքներին։

Մատենադարանի հարթակից, ի լուր ամենքի ,ՀԱԿ առաջնորդն իրեն հատուկ մտքի թռիչքով հայտարարեց, որ այդ հանձնաժողովի աշխատանքներին ինքն ուղարկում է ՀՀՇ-ի Գևորիկին։ Ոչ մի արտառոց բան չկա լիդերի նման վերաբերմունքի մեջ։ Տասը երիտասարդ կյանքեր խլած մարտիմեկյան իրադարձությունների քննությամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու կարևորության արժեքը տերպետրոսյանական թիմի համար ՀՀՇ-ի Գևորիկն է։ Փաստարկները` թե հանձնաժողովի նկատմամբ անվստահություն կա և դա նույն « ավազակապետական» համակարգի հերթական բլեֆն է, կարող էին արժեքավոր լինել, եթե արդեն այսօր երկխոսություն սկսելու իրենց «պահանջներից» մեկը այդ նույն ընդդիմությունը չձևակերպեր որպես, այդ նույն հավատ չներշնչող «ավազակապետության» կողմից, «մարտիմեկյան իրադարձությունների վերաքննության սկսում»։

Երեք տարիների ընթացքում ժողովրդի մի ստվար զանգվածի հույսերն ու սպասումներն անընդհատ սպառող քաղաքական խմբակն այսօր հերթական ընտրությունների նախաշեմին արդեն գևորիկներին չէ, որ ուղարկում է երկխոսելու։

Պայքարի արտաքին « հեղափոխականությունը» պահպանելու համար «ազատագրված» Թատերական հրապարակում հավաքված ժողովրդին հրամցված արտահերթ ընտրությունների օրակարգով երկխոսության գնալու մասին ծիծաղելի թեզը նույնպես շատ արագ կսպառի իրեն։ Դրա լավագույն ապացույցը ՀԱԿ երիտասարդ և բոցաշունչ «քաղբանտարկյալի» հայտարարությունն է։ Արտահերթ ընտրությունների մասին խոսելիս նա հաստատում է հեղափոխական զանգվածներին սրտամոտ` արտահերթ ընտրությունները որպես ՀԱԿ-ի պայքարի նպատակ լինելու մասին թեզը, բայց անմիջապես ավելացնում է, որ նույնիսկ դրանց չիրականացման դեպքում, դրանք չեն դադարում նպատակ լինելուց։ Պողպատյա տրամաբանության այս փայլատակումը դեռ որքա՞ն ժամանակ կկարողանա «կերակրել» ընդդիմության ՀԱԿ-ական հատվածի աստվածային ամենակարողությանն և անսխալականությանը հավատացած ժողովրդին։

Մարտի 1-ի զոհերի հարազատները, որոնց որդիների մահվան պատճառներն ու հանգամանքները վերհանելու համար ՀՀՇ-ի Գևորիկին պետք է ապավինեին և դեռ իրենք իրենց համոզեին, որ ճիշտ մարտավարություն է դա,որքա՞ն ժամանակ դեռ կկարողանան շարունակել ինքնահամոզման այդ գործընթացը և վստահորեն սպասեն խոստացված արտահերթ ընտրություններին։ Բեթհովենյան երաժշտությունը դեռ որքա՞ն ժամանակ կկարողանա շղարշել երեք տարի շարունակվող բեմադրության դեկորները, որի հանգուցալուծումը հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում «հեղափոխական ազատամարտիկ» առաջնորդների թավշյա աթոռներին բազմելու մանդատային պարգևատրումն է լինելու։

Պարզապես մնում է պարզել հետևյալ հարցի պատասխանը։ Ընդդիմության ձևավորած պատվիրակության մեջ ո՞վ է այսօրվա ՀՀՇ-ի Գևորիկը, որին կարելի է ուղարկել բանակցելու, ըստ ՀԱԿ լիդերի որակումների,«մոնղոլ-թաթարական», «ավազակապետական» կոռումպացված, ցեղասպանությունն ուրացած, Ղարաբաղը ծախած, հայրենի տնտեսությունը կործանած, ամեն գույք պարտքի դիմաց տված, ոստիկանական բռնապետություն հաստատած, ճանապարհ ու նույնիսկ մետրո փակող, թոշակառու եվրոպացի դիվանագետների հետ լեզու գտած, ԱԽՔ-երին և ՀԱԿ-ին չմիացած մյուս «տականքների» հետ համագործակցող, շուրջն ամեն ինչ ամայացնող, անասելի չափերի արտագաղթ խթանած և, ի վերջո, Հայաստանն անդունդի եզրին հասցրած իշխանությունների հետ։ Ձևավորված պատվիրակության անդամներից այդ ո´ր Գևորիկն է, որ կարողանալու է «բարիշել» և հաղթական հրովարտակով վերադառնալ ծփացող Ազատության հրապարակին հաշվետվություն ներկայացնելու առ այն, որ 3-ամյա պայքարն ու 10 զոհերն իզուր չեն եղել։

2012թ. մայիսին մնացել է ընդամենը 11 ամիս։ Ով ժամանակ և համբերություն ունի` կսպասի արտահերթ ընտրությունների մասին Գևորիկի բերած ավետիսին։

Հղումը «ՄԱՐԴԻԿ»-ին:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Jun 7, 2011 9:39