ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, November 30, 2010 2:46 - 10 քննարկում

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 234. Հայկական սփյուռքի ընտրովի ղեկավարության եւ համաշխարհային կառույց ստեղծելու գաղափարի շուրջ կամ չորրորդ արհավիրքին սպասելիս…

Երեւան, 30 նոյեմբեր, 2010 թ.

Ամիսներ առաջ իմ ելույթներում մատնանշել եմ, որ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների  դեմ համազգային բողոքից հետո, գերտերությունների կողմից լինելու է վերահաշվարկներ եւ փորձելու են հայկական սփյուրքի ուժը՝ կա՛մ կազմալուծել կա՛մ այն դարձնել իրենց կամակատար զինվորիկը: Անշուշտ, «հայության  քաղաքական  ուժը մեկ զամբյուղի մեջ» համախմբելու եւ ուղղորդելու ծրագիրը պետք է ազգային եւ գրավիչ ներկայանար:

Առաջինը հանդես եկավ մեր դարավոր թշնամին` մշակելով «գառան մորթու տակ թաքնված  գորշ  գայլին» հարիր ծրագիր: «Հայ-թուրքական արձանագրությունների» գործընթացից անմիջապես հետո, թուրքական արտգործնախարարությունը 10 կետերից բաղկացած դիրեկտիվներ ուղարկեց աշխարհի բոլոր թուրքական կազմակերպություններին, որի հիմնական նպատակը սփյուռքահայությանը «կոտրելն» է, ինչպես նաեւ սփյուռքահայությանը սիրաշահելով Թուրքիայի «թշնամու կերպարի» վերացումն է: Այդ փաստաթղթում տրված են հստակ ցուցումներ, նախօրոք հայությանը բաժանելով տրամադրվածության երեք հատվածների` հանդուրժողներ, տատանվողներ եւ ծայրահեղականներ: Այս ծրագիրն այսօր էլ գործողության մեջ է եւ ունի ֆինանսական ու քաղաքական լուրջ աջակցություն հե՛նց ԱՄՆ-ի կառավարության կողմից:

Եւ ահա, 2010 թվականի նոյեմբերի 20-ին Հարավային Կալիֆորնիայի համալսարանում կազմակերպվեց «Հայկական սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» թեմայով սիմպոզիում: Ոչ ավել, ոչ պակաս… Իսկ երբ ծանոթացա մասնակից հաստատությունների եւ ելույթ ունեցողների անվանացանկին, չնայած այն հանգամանքին, որ սիմպոզիումին մասնակցում էին Ռուսաստանից եւ Եվրոպայից հրավիրյալներ, այնուամենայնիվ, Կապիտոլիումի ուրվագիծն էլ առավել հառնեց աչքիս առջեւ:

Միանգամից նշեմ, որ սա վերջին 50 տարվա ընթացքում հայությանը համակենտրոնացնող  չորրորդ փորձն է, որն անկասկած ունենալու է առաջին երեքի  տխուր ճակատագիրը:

Գաղտիք ասած չեմ լինի, եթե արձանագրենք, որ Հայաստանի կառավարությունն այդպես էլ չհասկացավ ու չըմբռնեց աշխարհասփյուռ հայության տրամադրությունները հայրենիքի նկատմամբ, չհասկացավ սփյուռքի տարաբնույթ սոցիալական տարբերությունները, չհասկացավ սփյուռքահայերի հոգեբանությունն ու նրանց հայ մնալու ամենօրյա պայքարը օտարության մեջ: Եւ ընդհանրապես, Հայաստանի Երրորդ Հանրապետության կողմից հայկական սփյուռքի ներուժը եւ կարեւոր նշանակությունը՝ թե՛ տնտեսական, թե՛ միաջազգային հարաբերություններում ծրագրերի իրականացման արդյունվետության տեսանկյունից, մնաց չուսումնասիրված եւ չօգտագործված, նույնիսկ սփյուռքի նախարարության գոյության պարագայում: Դա է պատճառը, որ տարբեր գերտերություններ եւ միջազգային կենտրոնների անվան տակ գործող լուրջ ինստիտուտներ «հայության հագով» նախագծեր են կազմում եւ այն մատուցում մանանայի տեսքով, թե տեսեք ինչ~ հոյակապ է` միավորել հայությունը, կենտրոնացնել նրա կարողականությունը, որպեսզի առավել արդյունավետ ծառայի Հայաստանին: Սա բացարձակ  ՍՈՒՏ է: «Սփյուռքահայության քաղաքական ուժը մեկ զամբյուղի մեջ» համախմբելու ծրագիրը հետապընդում է միայն մեկ նպատակ՝ ուղղորդել ու կառավարելի դարձնել այն: Այո՛, ինչպես Արթուր Արմինի մոտ, այնպես էլ յուրաքանչյուր հայորդու մոտ հարց է ծագում, – ինչի՞ համար է պետք սփյուռքի համակենտրոնացումը մեկ կառույց-զամբյուղում, ո՞րն է դրա նպատակը, եւ ի՞նչ հարցեր պիտի լուծի այդ կառույցը, որն իբր չեն կարողանում լուծել երեք ավանդական կուսակցությունները, Հայ դատնի գրասենյակները, լոբբինգային, բարեգործական, մշակութային, հայրենակցական մարմնամարզական, օրիորդաց միությունները, հազարավոր կրթական ու հասարակական կառույցները, որոնք իրականում սփյուռքի եւ հայրենիքի հետ կապված բոլոր սկզբունքային առումներով չունեն հակասություններ եւ աշխատում են արդյունավետ: Ավելացնեմ՝ ի՞նչ է դա տալու ողջ հայությանը… եւ այդ Բուդդան ով է, որ խոսելու է ողջ սփյուռքահայության անունից…

Մի բան ակնհայտ է. այնքան ժամանակ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի մշակել հստակ ռազմավարական ծրագիր հայկական սփյուռքի հետ հարաբերություններում, ցեղասպանության հարցի հստակ լուծման գոնե հայեցակարգ, ապա տարատեսակ համաշխարհային գերհզոր կառույցներ ցնցելու են սփյուռքը իրենց փորձարարական նախագծերով` դնելով աշխարհասփյուռ հայությանը «փորձարարական ճագարի» տեղ: Պատահական չէ, որ վերջին երկու տարվա ընթացքում, օգտվելով ՀՀ նախագահի «անփորձությունից», հայությանը ոսկյա սկուտեղի վրա հրամցրեցին բազմաթիվ հակահայկական ծրագրեր: Դրանցից երեքը մահացու հարվածներ էին:

Առաջին. օտարածին եւ օտարի շահերին միտված «Հայ-թուրքական արձանագրությունները», որը «մենք» գլխիկոր ստորագրեցինք Շվեցիարիայում:

Երկրորդ. Հայաստանի բարձրաստիճան անթրաշ պաշտոնյայի միջնորդավորված ձեռքով Հայաստանի Հանրապետության պարտքը հասցվեց 3 միլիարդ դոլարի` դատապարտելով մեր գալիք սերունդներին ճորտության:

Երրորդ. հարված է հասցվում մեր Սրբության Սրբոցին` Հայոց Լեզվին ու այդ սրբապղծությունն ուզում են ամրագրել օրենքով:

Ինչպես տեսնում ենք խնդիրը սփյուռքն է, քանի որ Հայաստանը վաղուց ծնկի է բերված Համաշխարհային բանկի, Միջազգային արժութային հիմնադրամի եւ այլոց կողմից: Հայկական սփյուռքն է, որ խառնում է գերհզորների խաղաքարտերը: Հայկական սփյուռքն է, որ ֆինանսապես արյուն է մատակարարում Հայաստանին: Իրենց ազգականներին արտերկրից ամեն տարի մոտ 2 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնություն ուղարկող, եւ տարվա մեջ մոտ կես միլիոն սփյուրքահայերի Հայաստան այցելումով է գոյանում այն միլիարդավոր դոլարները, որի շնորհիվ Հայաստանը դեռ կարողանում է շնչել: Մի բան, որ համաշխարհային գերհզորների համար նման կապվածությունը հայրենիքին՝ անօրինակ եւ չհաշվարկված երեւույթ է: Նաեւ հե՛նց սփյուռքն է, որ ազդելով հիպնոզի մեջ գտնվող Հայսատանի քաղաքացիների վրա` արթնացնում է վերջինիս, ստիպելով վերակազմակերպվել ու պաշտպանվել տարաբնույթ վտանգներից:

Եվ ահա, աշխարհը վերադասավորող ու քարտեզագրող ուժերը գլխի են ընկել ու հիմա հերթը հասավ սփյուռքին: Նրանց պետք է արհեստականորեն «սփյուռքահայության քաղաքական ուժը մեկ զամբյուղում» համախմբել, որպեսզի կարողանան  ուղղորդել՝  ըստ  իրենց  կամեցողության  եւ  ծրագրերի:

Ահա հակիրճ ներկայացնելով մեր առօրյան` ստացվում է, որ այս իրավիճակում ենք: Կարելի է զգոնության կոչեր էլ հնչեցնել, բայց հոգեպես հանգիստ եմ, քանի որ սփյուռքի այս  հերթական «քաղաքական համակենտրոնացումն» էլ չի ստացվելու: Հայության հզորությունը ու ճկունությունը հենց իր բազմազանության մեջ է, քանի որ հայ ժողովուրդը իր գենետիկական հիշողությամբ եւ իր ներքին հոգեբանությամբ մոնոլիտ է ու հավաքական է: Սփյուռքահայի մոտ այնքան ուժեղ է իր ազգային ինքնության ու պատկանելիության գիտակցությունը, որ նույնիսկ կրոնական տարբերությունները՝ առաքելական, կաթոլիկ, բողոքական, նույնիսկ իսլամացած, նրանց երբեւիցե չի բաժանել կամ տարանջատել: Մի բան, որ չես տեսնի ուրիշ ժողովուրդների մոտ: Ուրեմն, ի՞նչ «Հայկական սփյուռքի ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույցի» մասին կարող է խոսք լինել:

Իսկ թե ինչո՞ւ են փորձում շփոթեցնել 10 միլիոնանոց հայ ժողովրդին` պարզից էլ պարզ է.

-այնքան ժամանակ, քանի դեռ Հայ Ազգը չի հստակեցրել, թե ինչպես է պատկերացնում ցեղասպանության եւ հայրենազրկման փոխհատուցման գործընթացը` հիմնված միջազգային իրավունքի վրա, շարունակվելու են բոլորիս փորձարարական ճագարի տեղ դնելու գործառույթները, այսինքն թշնամին շտապում ու շտապեցնում է:

Ցավն այն է, որ յոթ միլիոնանոց Հայկական Սփյուռքին շատ ժամանակ չի մնացել: Եւս երեք կամ չորս սերունդ եւ գլոբալիզացիան կկլանի նաեւ այդ յոթ միլիոնին: Եվ պետք է մտածել հենց սրա մասին: Ահա այս գիտակցումը չկա «հայրենի վարչակազմի» մոտ, հակառակ պարագայում անհապաղ կմշակվեր սփյուռքի գոյության պաշտպանիչ ծրագրեր եւ կստեղծվեին նրանց համապատասխան մեխանիզմներ` գոնե այս պահին երկարացնելով հայկական Սփյուռքի գոյությունը եւ ամենակարեւորն էլ նա կլիներ, որ գերհզորները տեսնելով կյանքի կոչված մեր լուջ նախագծերը` հանգիստ կթողնեին հայությանը, գոնե որոշ ժամանակ, մինչ ոտքի կկանգնեք ու կստեղծենք մեր հոգեկերտվածքին հարազատ ազգային պետություն` Հայաստանի Չորրորդ Հանրապետություն, որը եւ հնարավորություն կտար կազմակերպել սփյուռքի մասսայական ներգաղթը դեպի հայրենիք, բայց արդեն ոչ թե լոզունգներով, այլ ամեն առումով պաշտպանված եւ բարեկեցիկ պետություն կառուցելով:

Հարություն Առաքելյան

ՀՌԱԿ ատենապետ



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Michael Lalpian
Nov 30, 2010 3:56