ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, July 7, 2010 23:12 - 1 քննարկում

Քվազիմտավորականներն ու քվազինժդեհականները կերտում են քվազիհայաստան

Քվազինժդեհական և քվազիռեզոնանսային: Ի՞նչ կապ կա էս երկու քվազիների մեջ(քվազի`կարծես թե, սուտի): Ուրեմն սենց`  երբ քվազինժդեհական դաշտում հանրապետականները հայերենը գիտության ու կրթության բնագավառներից աղբանոց են նետում` ԱԺ-ում օտարելեզու դպրոցներ բացելու օրինագիծ ուզում անցկացնել, միևնույն ժամանակ Երևանից մոտ 20 կմ հեոու, Աշտարակում, ֆիզիկական հետազոտությունների  ինստիտուտի փոքրիկ դահլիճում Ռուզան Սոխոյանը պաշտպանում է հայերեն թեկնածուական թեզ. «Գերսառն ատոմական գազերում մոլեկուլների ձևավորումը քվազիռեզոնանսային դաշտերով»:

Ռուզանը առաջինն  է, որ միաժամանակ դառնում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու և  ստանում ֆրանսիական PHD` դոկտորի աստիճան: Նրա գիտական համաղեկավարներն են ՀՀ ԳԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը և Բուրգունդիայի համալսարանի պրոռեկտոր Հանս Ժոսլանը: Միևնույն ժամանակ Ռուզանը ասպիրանտն էր եվրամիության INTAS ծրագրի, որով Իշխանյանի հետ նրա համաղեկավարն է Ֆինլանդիայից պրոֆեսոր Կալլե-Անտտի Սուոմինենը:

Ի՞նչ գործ ունեի ֆիզիկայի թեզի պաշտպանությանը: Քանի՜ անգամ ինձ հրավրել են բանասիրությունից, գրականագիտությունից թեզերի պաշտպանության` ասենք Րաֆֆու հրապարակախոսությունը կամ նման մի բան: Գնայի, ծերից ծեր կհասկանայի, նույնիսկ հարցեր կարայի տայի, բայց չեմ գնացել, զահլա՞ կա: Ու կյանքում առաջին անգամ թեկնածուական թեզի պաշտպանություն` էն էլ ֆիզիկա: Սրա համար մենակ պիտի շնորհակալ լինեմ Աշոտյանին, որ աշխարհով մեկ հայերենը վարկաբեկում է թե այն գիտության լեզու չի: Ես էլ ստիպված եմ փաստել ու հերքեմ Աշոտյանի հայերենի դեմ ծավալած արշավի քվազիփաստարկները:

Համոզեց Արթուր Իշխանյանը, արի տես` թե որտեղ ա Հայաստանի մրցունակությունը, օտար դպրոց են մտցնում, արի տես հայկական դպրոց ավարտած աղջիկը հայերեն ինչպես է պաշտպանում ֆիզիկայից թեկնածուական: «Արթուր, վաղը ցույց են անում ԱԺ-ի դիմաց, ես էլ նախաձեռնող խմբից եմ, չեմ կարա պիտի ցույցին գնամ»: «Ցույցը քեզ ոչինչ չի տալու, իսկ էստեղ կտեսնես թե որն է իրական Հայաստանը, մարդկանց ովքեր տպագրվում են ֆիզիկայի աշխարհի ամենհեղինակավոր ամսագրերում ու հենց նրանք են դեմ օտարալեզու դպրոցներին»:

Ու գիշերը նորմալ աչքս չխփած մեկ էլ զանգ` ժամը 10-ն ա` «ահագին քնել ես: ժամը 12-ին կլինես Օրբելի»: Ի՞նչ լավ քնել, ինը շիշ պիվա, ու 3-ին նոր պառկել եմ, ու էն էլ չէի կարում քնեմ:

Ռուզանը երևանցի, ավարտել է հայկական դպրոց, ապա Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, էլի հայերեն:  Պաշտպանությունից անմիջապես հետո ֆրանս-հայկական գիտխորհուրդը ֆրանսիացի  պրոֆեսորներ Հանս Ժոսլանի ու Կլոդ Լերոյի հետ որոշում ընդունեցին Ռուզանին ներկայացնել ֆրասնիական դոկտորի կոչման ամենաբարձր աստիճանին:

28-ամյա աղջկա գիտական հոդվածը տպվել է Laser Physics, Optics Communications, European Physics Journal D, Physical Review անգլերեն պարբերականներում: Էս մեզ ոչինչ չասող անունները համաշխարհային մտքի էլիտայի ժուռնալիներից են: Ճաշակի հարց է, ես Հայաստանի արժանիքը տեսնում եմ ավելի շատ այս ժուռնալում Սոխոյան, Իշխանյան ազգանունները տեսնելով, քան եվրատեսիլում: Չարժի հակադրել, բայց, որ հսկա գումարներ են ծախսում եվրատեսիլի վրա` թվերն էլ ամոթից չեն ասում, իսկ գիտության վրա կոպեկներ, հակադրություն ուզում ես անել:

Իսկ ամենահեղինակավոր պարբերականներում հոդվածներ հրապարակում են Հայաստանից միայն ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից մոտ 40 ֆիզիկոս: Վարչապետ Տիգրան Սարգսյանի բլոգում գիտության վիճակի վերաբերյալ վարչապետի այն մտքերին, թե գիտությունը պետք է եկամտաբեր լինի այս մեկնաբանությունները կան.

Այսօր ԳԱԱ տարեկան ժողովում վարչապետին թվերի պարզ լեզվով ցույց տրվեց (վերջին տասնամյակի կտրվածքով), որ Հայաստանի ֆիզիկոսները ցույց են տվել Եվրոպական երկրների ֆիզիկոսների ցուցանիշներին համադրելի արդյունքներ։
Եվ սա այն պարագայում, որ մեր ֆինանսավորումը մոտ 100-200 անգամ ավելի քիչ է բոլոր այս տարիների ընթացքում!

…Միայն մտածեք՝ եվրոպական ցուցանիշներ … և … 100 անգամ ավելի քիչ ֆինանսավորում! Նվաստացուցիչ աշխատավարձ, աննորմալ աշխատանքային պայմաններ ու բացահայտ արհամարհանք!
Ահա թե ինչ աստիճան է է թերանում ՀՀ կառավարությունը!

ֆիզիկայի ոլորտի առաջատար 10 ամսագրերում Հայաստանի ֆիզիկոսների տպագրությունների թիվը գերազանցում է մերձբալթյան երեք երկրների՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ֆիզիկոսների տպագրությունների թվի ընդհանուր գումարին (իսկ վերջիններիս ֆինանսավորումը նվազագույնը 20-30 անգամ ավել է յուրաքանչյուրինը), էլ չենք խոսում, օրինակ, մեր հարևանների մասին, և այլն։
Եվ այս պարագայում է լյա-լյա-լյա անում ՀՀ կառավարությունը!

Անհասկանալի՞ էր պաշտպանությունը, կասեի շաատ հասկանալի ու մի քիչ էլ անհասկանալի միաժամանակ: Մի քանի օրինակ սեղմագրից.

«Տեսականաորեն ուսումնասիրվել է այլասերված ատոմական գազերում գերսառն երկատոմ մոլեկուլների ձևավորումը կոհերենտ ֆոտո- կամ մագնիսա-ասոցիացիայի միջոցով»:

«Բացահայտվել է, որ գերսառն ատոմական գազերի մագնիսա- կամ ֆոտոասոցիացիայի դեպքում գոյություն ունեն մոլեկուլների կազմավորման երկու տարբեր ուժեղ ոչ-գծային սցենաարներ` թույլ և ուժեղ տատանողական սցենարներ»:

Թեմա, հայտնագործություն, որ մեր մամուլը երբեք չի արձագանքի:

Ընդդիմախոս, պրոֆեսոր Արմեն Մելիքյանի խոսքից բռնացրի միայն այս միտքը` գործ ունենք մատերիայի նոր վիճակում տեղի ունեցող պրոցեսների հետ:

Գուցե բարդ լինի հասկանալ մի տեղ ուր «այլասերվածը» ոչ թե մարդուն այլ ատոմին է վերաբերվում, այլասերվածը ոչ թե բարոյական այլ գիտական չեզոք հատկություն է ցույց տալիս: Նաև բանաձևերը հասկանալու համար մի ամբողջ, չասեմ կյանք, տարի կծախսես: Իսկ մնացա՞ծը: Արթուրին ու Ռուզանին մի քանի հարց տամ, հաստատ շատ բան հասկանալի կդառնա: Ֆիզիկան ավելի պարզ է:

Բայց հազար հարց տաս  հանրապետականներ Գալուստ Սահակյանին կամ Արտակ Դավթյանին, մեկ ա, չեն կարա հիմնավորեն, թե ինչի պիտի Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացվեն: Չեն կարա, որտև գիտնական չեն, ու իրենց մտքինը երբեք չեն ասի: Օրինակ ոչ մի հանրապետական չի ասի` ինքը կողմ պիտի քվեարկի, որտև հակառակ դեպքում կզրկվի մանդատից: Իսկ եթե հարցնում են, ի՞նչ պիտի պատասխանի: Կպատասխանի ինչպես, օրինակ, Եվրոստանույուտի տեր հանրապետական Մանվել Բադեյանը`  թե Նաիրի Հունանյանը ավարտել ա հայական դպրոց, իսկ ինքը տես` ռուսական, ո՞րն ա լավը: Թե ով ա ավելի արժանավոր, կարծում եմ շատ չէ, բայց տարբեր տեսակետներ կարելի ա հավաքել: Բայց դա  մի կողմ, նրա տրամաբանությունն  ա կարևոր` որ հայկական ավարտողը վատ մարդ ա, իսկ ռուսական ավարտողը լավը: Ուրեմն վատի ու լավի ձևավորման բադեյանական մոդելով պիտի Հիտլերի պատճառով գերմանական դպրոցները գերմանացիները փակեն, ռուսներն էլ ասեին` սերիական մարդասպաններ 52 կին մասնատած Չիկատիլոն, 11 պատանիներ կտրտած Գոլովկինը ավարտել են ռուսական դպրոց (Չիկատիլոն` գուցե ուկրաինական) էկեք ռուսական դպրոցները դարձնենք անգլերեն կամ ֆրանսիական(մանիակների մասին այստեղ ): Եթե մանիակներով նայենք, ապա հայկական դպրոցը գուցե ոչ մի լուրջ մանիակ աշխարհին չի տվել, իսկ ռուսականները` լիքը: Գուցե այս առումո՞վ է հայկական դպրոցը թերի, որ մարդու վարքագծի ողջ սպեկտորը չի ներկայացնում աշակերտներին:

Բայց Բադեյանի հայտնագործությունը, եթե սկսես աշխատեցնել ուղղակի կհարվածի  ռազմավարական դաշնակցին. Էլ ինչ դաշնակից, որի  դպրոցը մանյակներ ա բուծում:  Չէ, արի Նատո մտնենք: Դե հիմա էլ պիտի բացատրես, որ Նատոյի գլխավոր երկիրը քաղաքակրթությանը ամենաշատն է մանյակ տվել, չարժի մտնել:

Ինչի՞ համար պիտի նման սկանդալի պատճառ դառնա մի Բադեյան ու փչացնի հայ-ռուսական ու հայ-ամերիկյան հարաբերությունները. մի ստից բանի համար, որ  չի կարա ասի օտարալեզու դպրոցներին կողմ լինելու բուն պատճառը, չի ասի` որ դեմ քվերակեմ բիզնեսս  ձեռիցս կառնեն(ասում են հանրապետականները մանդատից հրաժարվելու դիմում ունեն լրացրած, ուր բաց է թողնված ամիս ամսաթիվը, որ հենց փորձեն ինքնուրույն քայլ անել ամսաթիվը լրացվի ու մանդատից զրկեն): Իսկ կրթության ու գիտության փոխնախարար Արա Ավետիսյա՞նը ինչի սկսեց դոշ տալ օտարալեզու դպրոցների համար: Պարզ պատճառով, նրա նվիվածությունը իշխանության ցանկացած ծրագրի փոխհատուցվում է հարստությունը բազմապատկելու հնարավորությունով: Ավետիսյանի մոտ 50 հազարանոց շքեղ ավտոմեքենան պաշտոնում կուտակած հարստության այսբերգի երևացող ամենաչնչին հատվածն է: Փոխնախարարի վերահսկողությամբ ընթացող միայն միջպետական ուսանողների փոխանակման ծրագրով քննություններից տարեկան մոտ մեկ միլիոն կաշառք է ֆռում(քննությունը տալիս են Երևանում ու ընդունվում, ասենք, ռուսաստանյան բուհ,  ընդունելության կաշառքը 10 հազար դոլար արժի): Իսկ վարչապետն ու նախագահը չգիտե՞ն, թե ինչ կարողություն է դիզել փոխնախարարը: Կիմանան, բայց ձեռք չեն տա, նա կլյուչեվոյ ֆիգուրներից է հանրապետականում, որ ընտրությունների ժամանակ արդյունավետորեն ապահովում է հանրապետականի ձայները Թալինի շրջանում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գիտնականներին կոչ է անում «Եթե ուզում եք, որ փող, ֆինանսներ ունենաք, տվեք արդյունք, որը մենք կարողանանք վաճառել եւ բարձրացնել ձեր աշխատավարձը»:

Այսօր եթե Վիկտոր Համբարձումյանը ողջ լիներ նրան վարչապետը չնչին աշխատավարձ էր տալու, մի  50-60 հազար երևի, աստղագիտությունը առանց ֆինասնական եկամուտ բերելու միայն հայտնագործություն է անում, նրա արդյունքը անվաճառելի է:

Իսկ այ Սարգսյանի ասածը հենց Ավետիսյանի համար է` ամեն ընտրություններին տալիս է արդյունք, պետության ամեն անօրինական որոշման համար առաջինը ինքն է դոշ տալիս, ինչպես ժամանակին վճարովի տեղերում ընդունված ասպիրանտներին, իսկ հետո Եվրոպական համալասրանի առաջին կուրսեցիներին տարեկտման իրավունքից զրկելու ու բանակ զորակոչելու ժամանակ, իսկ փոխարենը բարձրանում է «աշխատավարձը»: Նրա մասին մի մեջբերում «Ազատամտություն» թերթից.

«Եթե ի գիտություն ենք ընդունում կրթական ոլորտի կոռումպացվածության արդեն անտանելիությունը,ապա կարելի է չկասկածել, որ այստեղ «գռփելապաշտության» ռեկորդը պատկանում է Ավետիսյանին: Ընդ որում, այդ արվեստին նա տիրապետում է բավական հմտորեն. տարիների ընթացքում հյուսելով կապերի ու ծանոթությունների մի ամբողջ  սարդոստայն` մեկընդմիշտ ապահովել է անաշխատ եկամուտի ամենամեծ պաշարը: Սակայն, ի տարբերություն մյուս կաշառակերների, մեր հերոսի առավելությունն այն է, որ անգամ չի էլ փորձում թաքցնել դա և բացահայտ հայտարարում է. «էդքան ծանոթներ ունեմ, ինչի՞չպիտի անեմ, որ» (30 հունվարի, 2009):

Ու մի քանի նախարարի ախորժակի ու պատգամավորի մանդատի խաթեր 1500տարվա հայերեն գիր ու գրականության, գիտության լեզուն գցվում է աղբանոց: Ուրեմն անհույս է նրանց բան բացատրելը, միայն ավելի մեծ կորստի սպառնալիքը նրանց կստիպի  դեմ քվերկել օրինագծին:

Հանրապետականներին հասկացանք, բա լրագրող Պետրոս Ղազարյա՞նը, որ հայտարարում ա թե հայոց լեզուն վաղուց մրցունակ չի ու հռետորական հարցնում` Հայաստանում այսօր  կա՞ հայերեն գիտական լեզու, ու նրա հյուր հանրապետական Նիկոյանն էլ հրճվում է` տեսեք ինձանից խելոք մարդն էլ է գտնում, որ իմ մայրենիով գիտություն հնարավոր չի ունենալ:  Մարդը իր լեզուն թերագնահատում է հանուն մանդատի՞ թե իրոք իրեն անխելք է համարում, որ մի լեզվով է մտածում, որը սահմանափակ է:

Հիմա, քվազիմտավորական դաշտում էլ Պետորսը էս երրորդ աշխարհի երկրում շրջապատի նկատմամբ առավելություն ունենալու պահանջը  բավարարելու համար հայերենին զրպարտում է: Գոնե էնքան վստահ չլիներ ու իր բլոգեր Զոհրապին ուղարկեր պարզելու, որ հայերենը գիտության լեզուներից մեկն է: Հեռուստադիտողը ինչքան էլ ասի` էս տելեվիզրը մի օր ճիշտ բան չասեց, հենց հեռուստացույցը միացնի կհավատա հնչող ամեն խոսքի, կհավատա Պետրոսի ապատեղեկատվությանը ու կասի` չէ, հայերենը հաստատ գիտության լեզու չի, որտև ես տաղանդավոր էի, բայց հայերենի պատճառով բութ մնացի, թո, թո բացեն անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն  դպրոցներ էրեխես գնա, գիտնական դառնա իմ պես էշ չմնա(Պետորս Ղազարյանը իր «Ուրվագիծ» հաղորդմանը այնպիսի հյուրեր է բերում որ պաշտպանեն օտարալեզու կրթությունը` Աշոտյան, Նիկոյան, Տեր-Գուլանյան, և միայն մի անգամ է երկու կարծիք ունեցողների բանավեճ կազմակերպել):  Իսկ հեռուստատեսությունների վրա կանտրոլն էլ չի թողնի ճշմարտությունը ներկայացնել: Մի Երկիրմեդիա է քիչ թե շատ ճիշտը ասում, էն էլ կպատժեն, հաճախականության համար նոր մրցույթից հետո լիցենզիա չեն տա:

Եթե լրագրողի պրոֆեսիոնալիզմը ճշմարտությունը ներկայացնելն է, ուրեմն էս էլ քեզ մի օրինակ, որ մի լրագրողի ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով ինչպես հազարավոր հայեր շփոթության մեջ կընկնեն ու կջնջեն մի լեզու, որի մրցունակության համար սերունդներ են տանջվել:

Հայ-ֆրանսիական պայմանագրով Ռուզանը առաջինը պաշտպանեց դիսերտացիա, բայց վերջինը չի: Հինգ  ասպիրանտ ևս կպաշտպանեն, նրանցից հետո նորերը կընդունվեն: Հաջորդը կպաշտպանի Հրայրը ու էլի հայերեն(Ռուզանի պաշտպանության լուսանկարները այստեղ):  Ֆրանս-հայկական պայմնագրով ասպիրանտները պետք է պաշտպանեն հայերեն, սեղմագիրը պիտի լինի երկու լեզվով` հայերեն ու ֆրասներեն: Ուրեմն, հեռավոր ֆրանսիայում, աշխարհի գիտության կենտրոններից մեկում ընդունում են, նույնիսկ քննության հարց չի, որ հայերենը գիտության լեզու է, իսկ հայերի հայրենիքում հեռուստաաստղ ու կրթության նախարար խաչ են քաշում հայերենի վրա:

Պայմանգրով սկզբում որոշված է եղել, որ ամբողջ դիսերտացիան էլ գրվի հայերեն, հետո ֆրասնիական կողմի առաջարկով փոխվել է ու որոշվել, որ լինի…. անգլերեն: Ոչ ֆրանսերեն, այլ անգլերեն որպեսզի աշխարհի տարբեր երկրների գիտնականներ կարողանան ծանոթանալ աշխատանքներին: Նաև անգլերեն են ամենահեղինակավոր գիտական պարբերականները ու յուրաքանչյուր գիտնականի համար անգլերեն իմանալը դառնում է իր մասնագիտության կարևոր մասը: էլի Պետրոսի ու կառավարության համար` ոչ այն պատճառով որ անգլերենը ավելի շատ է  գիտության լեզու քան ասենք ճապոներենը կամ ֆրանսերենը կամ հայերենը կամ գերմաներենը, այլ միայն մի բանի համար, մեր ժամանակներում անգլերենը գիտնականների համար ընդհանուր շփման լեզու է:

«100 տարի առաջ գերմաներենն  էր, 300 տարի առաջ ֆրանսերենը, հիմա էլ անգլերենն է»,-ասում է Հրայրը:

Ուրեմն եթե վաղը շփման լեզուն չինարենը լինի, գիտնականները չինարեն կսովորեն: Պարզ բան:

Իսկ Ռուզանին օտարալեզու դպրոց բացող Հայաստանի  իշխանությունը մի երկընտրանք է թողել`  Հայրենիքում մնալով ստանալ  27 հազար դրամ աշխատավա՞րձ, թե՞  հենց առաջին հրավերը ընդունել ու մեկնել ֆինլանդիա ամենաքիչը 2000 եվրո աշխատավարձով:  Ու հիմա պաշտպանելուց հետո կստաանա հրավերներ: Ռուզանը կմեկնի ու այլևս չի վերադառնա: Կուզեր մնալ հայրենիքում, բայց ինչպե՞ս, իր որակավորումն ունեցող գիտնականը սեմուշկա ծախողից քիչ պիտի վաստակի: Նրա եղբայրն արդեն Գերմանիայում է` ֆիզկիայի ասպիրանտ: Նա էլ գուցե չմնա Հայաստանում:

Մի պարզ հաշվարկ.

Միայն Արմեն Աշոտյանի ծառայողական մեքենայի գնով` 70 հազար դոլարով Ռուզանը վեց տարի կարող էր աշխատել Հայաստանում: Իսկ ավելի բարդ հաշվարկ. միայն փոխնախարար Արա Ավետիսյանի իր պաշտոնում կուտակած հարստությամբ մի քանի տարի աշխատողներով մի ֆիզիկայի լաբորատորիա կարելի է պահել:  Իսկ մյուսների` հանրապետական պատգամավորների ու նախարարների կերած փողե՞րը, ստվերային եկամուտնե՞րը:

Մենք շատ բան ենք հանդուրժում, հանդուրժում ենք նախարարների ու փոխնախարարների կաշառակերությունը, բյուջեն լափելը, բայց ինչպես մի բարեկամ ասեց` իշխանությունը կպավ մեր հարդ դիսկին, որը արդեն չի հանդուրժվի ու հետն էլ չի հանդուրժվի իշխող կուսակցությունների անկուշտ ախորժակը:

Վահան Իշխանյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վահան Իշխանյան
Jul 7, 2010 23:41