ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, April 4, 2011 10:57 - 1 քննարկում

Տարիներ շարունակ ամեն ինչ տաշվեց Հայաստանում, և ծնվեց «տաշիր, որ ապրես» սկզբունքը: Տաշողները հայտնվեցին Մոսկվայում, հիմա արդեն «տաշի-տուշին» համահայկական գաղթականների հիմնն է…

«Տաշիր- 2011-ը Ազգային մրցանակախայտառակությո՞ւն. Ի՞նչ է ակնկալում հասարակությունը նորաթուխ բնակարանատերերից

Երեկ երեկոյան Արմենիա հեռուստաընկերությունն ամենանայվողն էր. հայերը «Տաշիր 2011»-ով գրոհել էին Կրեմլը: Նման ռեյտինգայնություն, թերևս ապահովեցին ոչ միայն մեր այսպես կոչված աստղերը և նրանց հաջողությունները հայկական շոու-բիզնեսում, այլ նվերները, այն, թե ինչ տեսք այս տարի կընդունի հայկական կապիտալի առատաձեռնությունը: Երեկ հերթը Երևանի կենտրոնում բնակարաններ բաժանելուն էր հասել:

Տվյալ պարագայում երկրորդական է արդեն, որ որոշ արտիստներ «ներկայացուցչական դասի» ավտոմեքենա ձեռք բերելու սերտիֆիկատների արժանացան, իսկ բոլորովին վերջերս մայրաքաղաքի ռեստորաններում հանդես եկող Մարտին Մկրտչյանը ոչ միայն Կրեմլի բեմից հանդես գալու, այլև Ռուսաստանի լավագույն «կլիպմեյքերի» կողմից տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն ստացավ: Թեպետ, ըստ «ֆեյսբուքցիների» նույն անվանակարգում ներկայացված Սոնյայի ու Սյուզի Մելիքյանի կողքին Մ.Մկրտչյանն, ինչպես ասում են, չարյաց փոքրագույնն էր:

Վերադառնանք բնակարաններին: Երեկ սեփականության սերտիֆիկատներ ստացան, ինչպես նշեցինք, մի շարք աստղեր` Արմենչիկը , Սիրուշոն, Վլադիմիր Արզումանյանը, անգամ մի լավ խնդրելուց հետո Քսենիա Սոբչակը Երևանում սեփականություն ունենալու հաճույքին արժանացավ…:

Այս ամենը կանխատեսելիորեն վրդովմունքի առարկա հանդիսացավ` մրցանակաբաշխության ավարտից ընդամենը րոպեներ անց սոցիալական ցանցերը ողողվեցին քննադատական, վիրավորական ու նմանատիպ այլ մեկնաբանություններով:

Facebook-ում, օրինակ, անգամ հատուկ էջ է բացվել` «Կոչ աստղերին», որը հորդորում է «մեր աստղերին (ով տան կարիք չունի) ՏԱՇԻՐ 2011-ն նվեր ստացած բնակարանները նվիրել անտուն ընտանիքներին, հորդորում է հարգանքով վերաբերվել այս ամենին»:

Սակայն, հետևելով մեկնաբանությունների տեղատարափին` կարելի է հասկանալ, որ սոցիալական ցանցից օգտվողները նախ, այդքան էլ լավատեսորեն չեն տրամադրված «մեր աստղերի» դրական արձագանքին.շատերն առհասարակ ոչ մի ռեակցիա չեն ակնկալում նրանցից, մի մասն էլ հենց մտահղացմանն է դեմ, քանզի ինչպես նշել էր «ֆեյսբուքցիներից» մեկը. «Ախր այդ էլիտար բնակարանների` նույնիսկ սեփականություն հանդիսացող, այսպես կոչված «տարածքի խնամքի» ամսական վարձերը 300–500 դոլար են կազմում։ Ո՞ր մի չունևոր ընտանիքը կարող է այդպիսի գումարներ տրամադրել»։

Այնուհետև մի քանի գրառում կա այն մասին, թե ինչպես կարելի է օգնել կարիքավորներին թանկուկրակ «էլիտար» բնակարանը նվիրաբերելու փոխարեն:

«Եթե մտքներին տեղ լինի, կարելի մի փոքր էժան գնով վաճառել էդ տները ու արդեն ստացված գումարով տներ գնել կամ էլ հենց գումարը նվիրաբերել կարիքավորներին:

Մեկ այլ էջում էլ գտանք հետևյալ գրառում-հիշեցումը. «Իսկ աղետի գոտում 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից անօթևան շուրջ 8000 րնտանիք մինչև օրս ապրում է տնակներում ….Մի քիչ քաղաքացիական գիտակցություն եթե ունենային էդ բնակարանները կնվիրաբերեին կարիքավորներին …..»:

Նուն հեղինակը նաև գրում է, թե թե երեկ բոլորիս տեսածը ոչ թե ազգային մրցանակաբաշխություն էր, այլ` Ազգային մրցանակախայտառակություն:

Բլոգերները նույնպես անմասն չմնացին այսպես կոչված «перемывание косточек» գործընթացից: Բացի նրանից, որ չանտեսեցին նույն խնդիրները` միջոցառման թշվառությունը, դրանում ներկայացված «աստղերի» անտաղանդությունը, երեկոյի հաղորդավարների արհեստական ժպիտներն ու տափակ հումորները, dabavog-ը արձանագրեց ` «Սարսափելի զզվելի միջոցառում ա, эмигрантский բառիս ամենավատ իմաստով, մի դահլիճ լեփլեցուն մրցունակ հայություն՝ ժամանակին իրանց Հայաստանից դուրս գցած /ասեմ, բացարձակ իսկական սփյուռքահայություն այնտեղ չկար, սաղ նախկին երեւանցի-լեննականցի-եւուրիշգյուղացի/ »: Թեմայի վերաբերյալ
noni_no – ի հեգնանքով լի գրառմանը` «չէ՞ որ հանուն հայրենի Տաշիրի (ջհանդամ, թե Տաշիրը աղքատության մեջ կորած է), մարդը եքա Կրեմլը վերցնում, միլիոններ է ծախսում, որ թնդա մեր Տաշիրի անունը…հիմա գիտե՞ս ինչքան ռուս գիտի, որ Տաշիր կա աշխարհքիս երեսին» արձագանքեց
menaria-ն. «Ինչ ճիշտ ասեցիր, ջհանդամ թե Տաշիրը աղքատության մեջ կորած է: Ահավոր վիճակում ա Տաշիրը, մարդիկ լրիվ մուտանտացել են, զատո տարին մի անգամ ժողովրդին մակարոն ու պեսոկ ա բաժանում ու Աստծու տեղ պաշտում են»:

Ու, թերևս, ամեն ինչ ասող մի գրառում էլ ներկայացնենք khlurd-ից . «Տներ են տվել ռուս էլիտային Երևանում՞՞ Փաստորեն` հայերը գնում են Ռուսաստանի գյուղերը, ռուս էլիտան էլ… էլի նույնը»…

Հարկ է նշել, որ գրեթե բոլորը միակարծիք են մեկ բանում` մանկական Եվրատեսիլում հաղթանակած Վ.Արզումանյանին սոցցանցում հայտնված հորդորներն ամենևին էլ չեն վերաբերում, քանզի նա իսկապես ավանդ ունի հայկականը Հայաստանից դուրս ճանաչելի դարձնելու առումով: Իսկ ինչ վերաբերում է «Տաշիր 2011»-ի մյուս հերոսներին, ապա սպասվում է, որ  վերջիններս կվերադառնան Մոսկվայից ու որևէ կերպ արձագանքեն այս ամենին:

Աղբյուր` Panorama.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen S. (Glendale)
Apr 4, 2011 12:30