ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 8, 2010 7:42 - 5 քննարկում

Շանը խփողը՝ տիրոջն է անպատվում: Կամ, երբ շունը տիրոջը չի ճանաչում…

  

Դեկտեմբեր 07, 2010 | 22:21

«Չոռնի Գագոն ծեծել է նախագահի թիկնապահին»: Դեկտեմբերի 6-ի առավոտյան «Ժամանակի» առաջին էջում տպագրված այս լուրը կայծակի արագությամբ տարածվեց երկրի ինտերնետային պարբերականներում ու սոցիալական կայքերում` երկրորդ պլան մղելով մնացած բոլոր իրադարձություններն ու անգամ Wikileaks-ի բացահայտումները: Մեր կայքում հայտնվելու պահից ընդամենը մեկ ժամվա ընթացքում այն կարդացվել էր արդեն ավելի քան հազար անգամ:

Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել, եւ ի՞նչն էր հատկապես հուզել հայկական բլոգոսֆերան ու համացանցի ընթերցող հասարակայնությանը: Այս հարցերի առավել սպառիչ պատասխանը մենք գտանք` հետեւելով Asekose.com կայքում ծավալված քննարկմանն ու ընթերցելով մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի մեկնաբանությունը: Վերջինս ներկայացնում ենք ամբողջությամբ:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 4-ին դաժան ծեծի է ենթարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արամ Կանդայանին` «Կնդոյին» եւ դա արել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի միջոցով:

Իսկ հիմա դեպքերի մասին հերթականությամբ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը, որին ներկա են եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ կարեւորագույն միջոցառման հրավիրատոմսերի ու տեղաբաշխման հարցով զբաղվել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հրավիրվածների թվում եղել է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով, սակայն չի մասնակցել համերգին:

Փոխարենը նրա տիկինն է ընկերուհու հետ գնացել համերգի: Էլիտար այս տիկնայք նստել են այն աթոռին, որի ուղիղ կողքը պետք է նստեր Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական արարողակարգի, նախագահի կողքին կարող են նստել վեհափառը, վարչապետը, ԱԺ նախագահը: Այս ավանդույթը պահելու համար արարողակարգային բաժնի պատասխանատու Արամ Կանդայանը մոտեցել է Բեգլարյանի կնոջը` խնդրելով նրան իր ընկերուհու հետ միասին մեկ աթոռ հեռու նստել: Տիկինը վիրավորվել է, քանի որ Հասմիկ Պողոսյանի տված հրավիրատոմսով այդ տեղը նախատեսված է եղել Երեւանի քաղաքապետի ու նրա տիկնոջ համար: Իր վրդովմունքը տիկին Բեգլարյանը փոխանցել է ամուսնուն:

Գագիկ Բեգլարյանն էլ` ինչպես իսկական հայ տղամարդ, ձեռնամուխ է եղել իր տիկնոջ «խաթրին կպած» ջահելին պատժելու գործին: Գնացել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ եւ խնդրել հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ:

Կարապետյանը Կանդայանին տեղեկացրել է, որ Բեգլարյանը ցանկանում է տեսնել իրեն: Կանդայանը հանդիպել է Բեգլարյանին եւ անակնկալ կերպով դեմքին հարված ստացել հենց մեքենայի մեջ` «դու ով ես, որ իմ կնոջն ասես, թե ուր նստի» խոսքերի ուղեկցությամբ:

Այնուհետեւ մեքենան ուղեւորվել է Մետաքս, որտեղ արդեն դաժան ծեծի է ենթարկվել նախագահի նստավայրի աշխատակիցը: Այսինքն` Բեգլարյանը ծեծի է ենթարկել Սերժ Սարգսյանին` պարզապես դա արել է միջնորդավորված ձեւով:

Ինչեւէ, ծեծից հետո Արամ Կանդայանը դեպքի մասին պատմել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, որն էլ անմիջապես զանգահարել է Գագիկ Բեգլարյանին եւ կշտամբել` սանձարձակ պահվածքի համար:

Հետո այս ամենի մասին իմացել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նա նախ Կարեն Կարապետյանից է բացատրություն պահանջել, որն էլ անմիջապես ասել է, թե սխալ է արել, դրա համար պատրաստ է դիմում գրել` աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Ասում են, որ արդեն Կարապետյանը հրաժարականի դիմումը գրել է:

Ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանին, ապա նրան նախագահի ողջ նստավայրը բոյկոտ է հայտարարել:

Լուրեր Հայաստանից – NEWS.am



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արմեն .Բ
Dec 8, 2010 9:09