ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, January 17, 2010 3:19 - չքննարկված

ԳԵՐՄԱՆԱՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ.Գերմանացի իրավապաշտպան. «20-րդ դարի ընթացքում Ադրբեջանը 3 անգամ համախմբված ցեղասպանություն է կատարել հայերի նկատմամբ»

ԳԵՐՄԱՆԱՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ.Գերմանացի իրավապաշտպան. «20-րդ դարի ընթացքում Ադրբեջանը 3 անգամ համախմբված ցեղասպանություն է կատարել հայերի նկատմամբ»

Sat, January 16, 2010 1:30:32 PM

From:
papin <papin.david@gmail.com>

View Contact

To: hakobg@gmail.com; louys96@yahoo.com


Լրանում է Բաքվում հայերի ցեղասպանության 20 տարին. այս կապակցությամբ հայ լրագրողների հարցերին պատասխանել է գերմանացի հայտնի իրավապաշտպան, Բերլինի Ազատ Համալսարանի (Freie Universitat Berlin) գիտաշխատող Տեսսա Հոֆմանը:

– Տիկին Հոֆման, հայտնի է, որ 1990թ-ի հունվարի ջարդը Բաքվում հայերի էթնիկ զտումների վերջին ալիքն էր, զտումներ, որոնց սկիզբը դրվել էր դեռ 1905թ-ին: Այդ իսկ պատճառով Բաքուն հաճախ կոչում են երեք ջարդերի քաղաք: Ի՞նչ եք կարծում,սա Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի նկատմամբ իրականացվող թուրքական քաղաքականության ժառանգորդությունն է:

– 1905-ի փետրվարից մինչև 1906թ-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածի իրադարձություններն ընդունված է անվանել «հայ-թաթարական պատերազմ»: Այն ժամանակ բազմազգ արդյունաբերական քաղաք Բաքվում, որտեղ բնակվում էին բազմաթիվ հայեր ` բանվորներ, ձեռնարկատերեր, հակահայկական անկարգություններ են սկսվում` տարածվելով դեպի Նախիջևանի և Ելիզավետպոլի (այսօր Գյանջա, հայերեն` Գանձակ), Թիֆլիսի ու Երևանի ցարական նահանգները: Նշված բոլոր նահանգներն այն ժամանակ դեռ կիսով չափ բնակեցված էին «թաթարներով», և ամենուրեք հայերի տները հրո ճարակ էին դառնում, հայերը կոտորածների էին ենթարկվում ու հալածվում էին:

Այս գործողությունները, մասամբ, առաջնորդվում էին տեղական և տարածքային իշխանությունների սադրանքներով, խառնակություններով, ոճրագործներին հովանավորելով: Չնայած դրան` հարձակման ենթարկված հայերին հաջողվում է, սոցիալ-հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից կազմակերպված քաղաքացիական ինքնապաշտպանության շնորհիվ մի քանի վայրերում հաջողությամբ պաշտպանվել, մասնավորապես` Արցախի մայրաքաղաք Շուշիում, Թիֆլիսի նահանգում, ինչպես նաև` Բաքվում:

1918-1920թթ-ներին, Արևելյան Անդրկովկասում երկու թուրքական ներխուժումների ժամանակ (նախ երիտթուրքերի, այնուհետև` քեմալականների) բազմաթիվ անկարգություններ և բռնություններ են իրագործվում հայ խաղաղ բնակչության հանդեպ: Դր. Յոհաննես Լեփսիուսը, 1895-1918թթ-ների հայկական հալածանքների փաստագրողը, իր «Գերմանիան և Հայաստանը» գրքի առաջաբանում (1919թ.) գրում է. «Չնայած գերմանական սպաների, դանիական և շվեդական հյուպատոսի եռանդուն առարկություններին` Նուրի փաշան` թուրքական գլխավոր հրամանատարը, թույլատրում է թաթարներին տեր ու տնօրինություն անել: Մինչև իսկ Բաքվի օտարազգի բնակիչները պաշտպանված չէին ավազակային անկարգություններից»:

Սեպտեմբերի 14-ին սկսվեց թուրքական բանակի հարձակումը Բաքվի վրա: Նախքան կանոնավոր բանակի զորամասերի մուտքը քաղաք` թուրքական ռազմական ղեկավարությունը տեղական ապօրինի կազմավորումներին, այսպես կոչված «բաշիբուզուկներին» հնարավորություն տվեց սպանել և թալանել հայերին: Բաքվում բնակվող մի հույն` Քրիստափոր Միխայլովիչ Էվանգուլովը, որը պատասխանատու էր քաղաքի փոստային և հեռախոսային կապի համար, գրում էր.

«Ամբողջ քաղաքում հայ բնակչությունը կոտորածի է ենթարկվում, և ոչ մուսուլմանական անձինք հիմնովին կողոպտվում են: Նրանք կոտրել են դռներն ու պատուհանները, մտել բնակելի թաղամաս և տղամարդկանց, կանանց ու երեխաներին դուրս քարշ տալով, փողոցում սպանել են»:

Որոշ տեղերում դիերի լեռներ են կիտվել, իսկ շատերի մարմինները «դում-դում» արկերից սարսափելի վերքերով են պատված: Ամենանողկալի տեսարանը ի հայտ էր գալիս Սուրուքան փողոցի Գանձա նրբանցքի մուտքի մոտ. ամբողջ փողոցը ծածկված էր երեխաների դիերով, որոնք ինը կամ տասը տարեկանից մեծ չէին: Մոտ 80 դիակ պատված էին թրերի և սվինների վերքերով. ակնհայտ էր, որ նրանք մորթվել էին ինչպես գառներ:

Ժամանակակիցները և հետագա ուսումնասիրողները սպանվածների թիվը գնահատում են 20-30 հազ.: Ընդ որում, նկատի առնված չեն նրանք, ովքեր թուրք զավթիչների կողմից իրենց տներից դուրս են շպրտվել, դարձել անօթևան փախստականներ և հետագայում մահացել սովից, ցրտից ու հիվանդություններից:

– Փաստորեն դարավերջում դահիճների ձեռագիրը գրեթե չի փոխվել…

– 1990 թ-ի Բաքուն փաստացիորեն գտնվում էր Ժողովրդական ճակատի իշխանության ներքո: Այդ ժամանակ սանձարձակությունները հայ բնակչության նկատմամբ արդեն համակարգված բնույթ էին կրում և տարածվում էին հյուսիսային Արցախի գավառներում: Հունվարի 10-ին Հայաստանի հանրապետության պառլամենտը մի մտահոգ հարցում ուղղեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովին. «Տառապում են անմեղ կանայք, երեխաներ և ծեր մարդիկ: Բանը հասնում է ծեծով սպանելուն, հրկիզումների, պատանդ վերցնելուն և փողոցների ու կամուրջների շրջափակմանը»:

Հունվարի 13-ից հալածանքները Բաքվում կազմակերպված ձև ընդունեցին: Քաղաքը պլանաչափ կերպով` տուն առ տուն, «մաքրվում» էր հայերից: Ընդ որում, ինչպես երկու տարի առաջ Սումգաիթում, անչափահասների և ծեր կանանց բռնաբարություններ ու խոշտանգումներ էին կատարվում: Բաքու տանող ճանապարհները շրջափակված էին: Ով կենդանի էր մնում, ուղարկվում էր նավահանգիստ, որտեղից հայերը նավով էվակուացվում էին, հիմնականում դեպի Թուրքմենիա: Բաքվի փախստականներից հարյուրավորներն իրենց տեղեկություններում հաստատում էին, որ Ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված և ղեկավարվող հետապնդումներն ընթանում էին ըստ մի անփոփոխ սխեմայի: 10-20 ոճրագործ ներխուժում էր մի բնակարան և սկսում կենվորներին տեռորի ենթարկել, ծեծել ու տանջել: Այնուհետև, երևում էին Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները և ահաբեկված հայերին առաջարկում անհապաղ գնալ նավահանգիստ: Նրանց թույլատրվում էր իրենց հետ ձեռքի ծանրոց վերցնել, սակայն նրանցից խլվում էր ամբողջ կանխիկ դրամը, խնայողական գրքույկները և արժեքավոր իրերը: Նավահանգստում տեղակայված էր Ժողովրդական ճակատի մի պահակակետ: Փախստականներն այստեղ դարձյալ խուզարկվում էին, երբեմն նորից ենթարկվում ծեծի:

-Դուք ունե՞ք տվյալներ Բաքվում 1990 թվականի հայերի ջարդերի զոհերի թվի վերաբերյալ:

– Բաքվում հետապնդումների ժամանակ սպանվածների թիվն այդպես էլ ստույգ հայտնի չեղավ, քանի որ այս կապակցությամբ դատական որևէ ուսումնասիրություն չի իրականացվել: Կան առանձակի վայրագությամբ իրագործվող սպանությունների բազմաթիվ վկայություններ (օրինակ, զոհերը կենդանի հրկիզվում էին): Այն ադրբեջանցիները կամ այլ ազգությունների ներկայացուցիչները, որոնք փորձում էին օգնել հայերին, վտանգում էին իրենց կյանքը:

1997թ-ին Բաքվի դեպքերն իրենց արտացոլված էին ՄԱԿ-ի«Կանանց դեմ խտրականության վերացման հարցերով զբաղվող հանձնաժողովիե 17-րդ համագումարում հայկական պատվիրակության կողմից ներկայացված զեկույցում (1997թ. Հուլիսի 17-25), որում ասվում էր. «1990 թ-ի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ համայնքի ներկայացուցիչները հինգ օր շարունակ սպանվում, թալանվում և ստորացման էին ենթարկվում: Հղի կանայք և երեխաները ենթարկվում էին անասելի խոշտանգումների: Աղջիկներին բռնաբարում էին ծնողների աչքի առաջ, նրանց մեջքին խաչ էին խարանում: Նման վերաբերմունքի պատճառը նրանց քրիստոնեական հավատն էր»:

Կազմակերպված զանգվածային բռնությունները չսահմանափակվեցին Բաքվով, այլ տարածվեցին նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, ինչպես և հյուսիսից սահմանակից երկու շրջանների` Խանլարի ու Շահումյանի հայերի վրա: Հունվարի 16-ին Ադրբեջանի ղեկավարությունը վճռեց հետևակային զորամասերի, ինչպես նաև ուղղաթիռների միջոցով կանոնավոր կերպով հրետակոծել Շահումյանի և Խանլարի հայկական գյուղերը: Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղակը առանձնակի վայրագությամբ կարտեչներով հիմնովի գնդակոծվեց:

-Ըստ ձեզ` ի՞նչ իրավական և քաղաքական գնահատական պետք է տրվի 1990թ-ի հունվարի 13-19 Բաքվում կատարված իրադարձություններին:

– Համաձայն ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-իկոնվենցիայի (1948) հեղինակ Ռաֆայել Լեմքինի կողմից ցեղասպանություն բառին տրված ձևակերպմանը` ցեղասպանությունը որևէ էթնիկ կամ կրոնական խմբի հետևողական և նպատակաուղղված ոչնչացումն է: Պարտադիր չէ, որ այս ոչնչացումն արտահայտվի բացառապես մասսայական սպանություններով, այն կարող է ուղեկցվել համակցված գործողություններով: Ես չեմ կարող ավելի լավ ներկայացնել նրա միտքը, քան Լեմքինի «Ցեղասպանություն» նշանավոր գրքի 9-րդ գլխի մեջբերումը. «Axis»-ի (նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և միլիտարիստական Ճապոնիայի միջև 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ) օրենքը օկուպացված Եվրոպայում. Օկուպացիայի օրենքները (“Axis Rule in Occupied Europe: Laws of Occupation – Analysis of Government – Proposals for Redress”) (Washington D.C., 1944, p. 79-95):

«Ընդհանրապես ցեղասպանությունը պարտադիր չէ, որ նշանակի ազգի ուղղակի բնաջնջում, բացառությամբ երբ այն ավարտվում է ազգի բոլոր անդամների մասսայական սպանություններով: Նախ հարկ է առանձնացնել տարբեր գործողությունների համակարգված ծրագիրը, որը նպատակ ունի ոչնչացնելու ազգային խմբերի կարևոր հիմքերը և հենց իրենց` խմբերին: Նման ծրագրերի խնդիրը քաղաքական, տնտեսական և սոցիալական կառույցների, մշակույթի, լեզվի, ազգային ինքնագիտակցության, կրոնի ոչնչացումն է. այն ամենի` ինչ կարևոր կենսական նշանակություն ունի տվյալ ազգի համար (…): Ցեղասպանությունը ուղղված է ազգային խմբի որպես մի ամբողջական միավորի դեմ, և ներառված գործողություններն ուղղված են անհատների դեմ ոչ անձնապես, այլ որպես տվյալ ազգային խմբի ներկայացուցիչների»:

Եթե բառի այս բացատրությունը վերագրենք Ադրբեջանում ապրող հայերին կնկատենք, որ 20-րդ դարի ընթացքում ադրբեջանական շովինիստական կուսակցությունները 3 անգամ համախմբված ցեղասպանության փորձ են կատարել ադրբեջանական պետությունում բնակվող հայ էթնիկ խմբի նկատմամբ, հատկապես`մայրաքաղաք Բաքվում և ԼՂ-ում, ուր ապրում էին մեծ քանակությամբ հայեր: Այս փորձերը համընկան ճգնաժամային իրավիճակի հետ, երբ պետության նախորդ կենտրոնական ուժը թուլացավ կամ նվազեց, ինչպես որ կատարվել էր 1904/5, 1918 – 1990 – ին: Եթե նայենք ազգայնագրական և մշակութային արդյունքներին, կտեսնենք, որ այդ փորձերը հիրավի «հաջողված են». դա հենց թուրքական ազգային քաղաքականությունն էր` ոչնչացնել հայ ազգը Օսմանյան կայսրության տարածքում: Եվ, մինչդեռ, Թուրքիայում Հայ Առաքելական Եկեղեցու գոյությունը պետականորեն ընդունված է /Լոզանի պայմանագրի շնորհիվ 1923 թ./, Ադրբեջանում նման բան գոյություն չուներ:

Ներկայիս հայ – ադրբեջանական պատմության իրողությունը շատ հեռու է թվում Ադրբեջանի կողմից լայն տարածում գտած, պետական մոտեցումներից: Այդ պետության և ԶԼՄ-ների կողմից հայ – ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հետևյալ ընկալումն է ստեղծվել, թե իբր հայերը դաժան հանցագործներ են և զավթիչներ, իսկ ադրբեջանցիները անմեղ զոհեր են: Ահա այս ամենի ճշմարիտ արտացոլումն է, որ պետք է ձևավորի անհրաժեշտ նախապայման իրական հաշտության հասնելու համար:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ