ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, September 29, 2009 2:37 - 2 քննարկում

Ցեղասպանությունը հերքելու Թուրքիայի քայլերը համակարգում է Մարգարետ Թեթչերի նախկին խորհրդականը

«Քանի դեռ Հայաստանում եւ Սփյուռքում գուշակում են՝ կստորագրվեն եւ կվավերացվեն արդյոք Արձանագրությունները, պատմական ենթահանձնաժողովի օրակարգում կընդգրկվի արդյոք Ցեղասպանության հարցը, բուն Թուրքիայում բուռն թափով ընթանում է „թուրքական փաթեթի“ պատրաստումը, որն էլ ներկայացվելու է միջազգային հանրության դատին»,- գրում են «Ռեգնում» գործակալության կայքում տեղադրված «Հայերի ցեղասպանությունն ու Ռուսաստանի հարավային պատմական ճակատը» հոդվածի հեղինակները:

Հոդվածում նշվում է, որ թուրք մասնագետները՝ հայտնի բրիտանացի պատմաբան Նորման Սթոունի ղեկավարությամբ պատրաստում են Ցեղասպանության ժխտման պատմական հիմքը: Նորման Սթոունը, որ Թուրքիայի պատմաբանների հավաքականի «գլխավոր մարզիչն» է՝ Հայոց ցեղասպանության ժխտման գործում, այժմ Անկարայի Բիլքենդի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է, միաժամանակ ղեկավարում է այդ բուհի ռուս-թուրքական կենտրոնը: Հոդվածում նշվում է, որ նա փաստացի համակարգում է մասնագետների ներգրավումն ու տվյալ թեմայով նյութերի հավաքումը, այդ թվում ՝ Ռուսաստանի ռազմական պատմության պետական արխիվից: Միեւնույն ժամանակ, խոսքը գնում է այն փաստաթղթերի ընտրովի հավաքման մասին, որոնք վկայում են, իբր, հայկական կամավորական ջոկատների կողմից քրդական բնակչության ոչնչացման մասին:

Նորման Սթոունը 1980-ականներին եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թեթչերի Արեւելյան Եվրոպայի գծով խորհրդականը: Վերջին շրջանում Սթոունը կտրուկ ակտիվացրել իր աշխատանքը Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ: «Նորման Սթոունը պայքար է սկսել Հայկական հարցի օբյեկտիվ պատմության դեմ՝ Անգլիայից Թուրքիա տեղափոխվելուն պես: Ավելի վաղ նա աչքի չի ընկել այդ հարցում: Դատելով դրանից՝ կարելի է ասել, որ պայքար է մղում ոչ առանց շահագրգռության»,- ասված է հոդվածում: Սթոունի՝ հայկական դիրքորոշման ուղղակի ժխտում պարունակող աշխատանքները պարբերաբար հրապարակվում են Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Armenian Genocide (http://www.armenian–genocide.com) հատուկ կայքէջում: Հատկանշական են նրա հոդվածների վերտառությունները՝ «Հայոց պատմությունը հակառակ կողմ ունի» եւ «Հայոց ցեղասպանություն չի եղել»:

Հատկանշական է, որ իր վերջին հոդվածում Սթոունը հղում է կատարում Մեհմեդ Փերինչեքին՝ վերջինիս թուրք պատմաբան անվանելով: Միեւնույն ժամանակ Փերինչեքը Երիտասարդության եվրասիական միության թուրքական բաժնի առաջնորդն է, ծայրահեղ ձախ, նացիզմին մոտ հայացքների կրող է: Նրա հայրը՝ Դողու Փերինչեքը՝ Թուրքական աշխատավորական կուսակցության ղեկավարը, ձերբակալվել է «Էրգենեկոնի»՝ արմատական թուրքական կազմակերպության գործով: «Էրգենեկոնը», որոշ տվյալներով, աջակցություն է ստանում Իսրայելից եւ իր առջեւ նպատակ է դրել ոչնչացնել Թուրքիայի կառավարող կուսակցությունը: Մեհմեդ Փերինչեքը հրաշալի խոսում է ռուսերեն, աշխատում է ռուսական արխիվներում ավելի շատ, քան որեւէ այլ թուրք պատմաբան: Ահա թե ինչ է դուրս գալիս նրա գրչի տակից. «Այսօր Ռուսաստանի պետական արխիվներում կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, թե իմպերիալիստ ռուսներն են մտածել „ցեղասպանության“ պատմությունը: Այդ փաստաթղթերը լույս են սփռում իրականության վրա, որ հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել Անատոլիայի որեւէ մարզում, ապրել են շատ լավ եւ չարագործություններ են կատարել մահմեդականների նկատմամբ…» Փերինչեքի տեսությունը, որի վրա իր աշխատանքներում հիմնվում է Նորման Սթոունը, հանգում է նրան, թե Արեւմտահայաստանում հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանումը օսմանների պատասխանն է Ռուսաստանի «շովինիստական» քաղաքականությանը, որը զինում էր հայերին եւ նրանց դրդում մահմեդական բնակչության դեմ ելնել: Եւ փորձ է արվում ապացուցել, թե հայերի զանգվածային սպանությունները սկսվել են Վանի ապստամբությունից հետո, այլ ոչ թե հակառակը՝ Վանի ապստամբությունը սկսվել է կայսրությունում ողջ թափով ընթացող էթնիկ զտման եւ ցեղասպանության քաղաքականության հետեւանքով:

Սթոունն ակտիվորեն աշխատում է անգլիախոս լսարանում (բնականաբար, առաջին հերթին ԱՄՆ-ում) Թուրքիայի համար անցյալի բարենպաստ պատկեր ստեղծելու ուղղությամբ: Ձգտելով արգելակել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը, Սթոունը Chicago Tribune թերթում հրապարակել էր մի հոդված, որում նշել էր. «Կոնգրեսը չպետք է դիրքորոշում հայտնի սույն հարցով մեկ կամ մյուս կողմի օգտին: Թող պատմաբանները որոշեն: Թուրքական կառավարոթյունն այդ մասին խոսում է երկար տարիներ: Այդ հայերն են հրաժարվում մասնակցել համատեղ պատմական հանձնաժողովին, նույնիսկ եթե դրա կազմում ընդգրկվեն չեզոք գիտնականներ»:

Ինչպես տեսնում ենք, Սթոունը բաց լոբբինգ է անում հանձնաժողովի ստեղծման օգտին դեռ 2007թ.-ին, երբ գրվել է այդ հոդվածը: “Իսկ լիովին անաչառ գիտնական նա համարում է նացիստ Մեհմեդ Փերինչեքին, որը համոզված է թե Հայոց ցեղասպանությունը ռուսական իմպերիալիստների բեմադրությունն է:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հայկ
Sep 29, 2009 13:13