ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, February 22, 2010 4:41 - 1 քննարկում

Դավիթ ջան, այդ սատանան է մեջդ խոսում…

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻ հերթական նամակը՝ հասցեագրված ԿԳԲ-ի նախկին պետ, ՀԱԿ ակտիվիստ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ։

Բարեւ, Դավիթ ջան

Կներես, որ էսպես ուղղակի եմ դիմում, բայց դու հասարակ տղա ես երեւում, ինչպես ասում են՝ մեր մարդն ես, եւ դա շատ լավ երեւում է քո արտաքինից ու հագուկապից, էնպես որ՝ ինձ կհասկանաս։

Երբ դու, Դավիթ ջան, հինգշաբթի օրը հայտարարեցիր, թե մոտակա օրերի ընթացքում Հաագայի դատարան ես ուղարկելու Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված հայցը, մենք տղերքով այստեղ՝ Շատ Նոր Կյանքում, միանգամից հասկացանք, որ հարբած ես եղել խոզի պես։ Ըստ որում, նման բան քեզ հետ պատահում է բնավ ոչ առաջին անգամ։ Այնպես որ՝ բուժվե՛լ է պետք, բուժվե՛լ։

Ես, օրինակ, խմելը թարկելու համար կախարդի մոտ գնացի։ Այդպիսի սովորական կախարդ էր, Դավիթ ջան, խելագարի աչքերով, ձեռքին՝ նակոլկա։

-Ինչի՞ց եք գանգատվում,- հարցնում է։

Ես ասում եմ.

-Հարբեցողությունից։ Հենց որ,- ասում եմ,- սկսում եմ խմել, չեմ կարողանում կանգ առնել։

Կախարդը, Դավիթ ջան, քորեց գլուխն ու ասում է.

-Ուրեմն մեջդ սատանա է մտել։ Հիմա կքշենք նրան։

-Բա որ հանկարծ չգնա՞,- հարցնում եմ ես։

-Կգնա՜, ճարն ինչ,- ասում է կախարդը։ Ու սեղանին դնում մի շիշ օղի։ -Հիմա,- ասում է,- նրան խայծով կորսանք։

Լցրեց մի բաժակ, Դավիթ ջան, տալիս է ինձ։

-Իսկ քե՞զ,- ասում եմ։ -Ես ինչ է, հո հարբեցո՞ղ չեմ։

-Լավ,- ասում է կախարդը,- տվյալ դեպքում դա կարեւոր չէ։

Լցրեց երկու բաժակ, Դավիթ ջան, երկու հատ վարունգ դրեց, նստեցինք սեղան։

-Իսկ հիմա բերանդ բացիր,- ասում է կախարդը,- ու ասա՝ ա՜-ա՜։

-Ա՜-ա՜-ա՜… – ասում եմ ես։

-Ախր ինչո՞ւ ես ինձ նայում,- ասում է կախարդը։ -Դու արաղի՛ն նայիր։ Ու բերանով ձգվի՛ր դրա կողմը։ Այ տես՝ ես ոնց եմ անում։

-Ա՜-ա՜-ա՜… -ասում ենք մենք միասին ու ձգվում։

-Դե՞,- հարցնում է նա։ -Դո՞ւրս է գալիս սատանան։

-Նշաններ կան,- ասում եմ,- բայց ոնց որ թե չի շտապում։

-Պինդ սրիկայի ենք ռաստ եկել, -ասում է կախարդը, -ստիպված ենք կերակրել նրան՝ գայթակղելու համար… Դե, քեզ տեսնեմ, երկու կում ու՝ ա՜-ա՜-ա՜։

Գցեցինք կախարդի հետ մի-մի բաժակ, Դավիթ ջան, ու միաձայն.

-Ա՜-ա՜-ա՜։

-Չէ, չի գալիս,- ասում եմ ես։ -Զգում եմ՝ դուրս է ձգվում, բայց մի տեսակ անհավես։ Գուցե, զակուսկա՞ն լավը չէ։

-Չէ, զակուսկան սրան չի հետաքրքրում,- ասում է կախարդը։ -Բազմացրե՛լ եք սատանաներին, հիմա էլ՝ զակուսկա՜ն… Դե ինչ, արի մի-մի բաժակ էլ խմենք ու միանգամից՝ ա՜-ա՜-ա՜։

Լցրեց մեկական բաժակ, Դավիթ ջան, կոնծեցինք միասին։ Ու միաձայն.

-Ա՜-ա՜-ա՜։

-Գալի՜ս է,- գոռում եմ ես։ -Դո՛ւրս է գալիս սողունը, արի՝ էլի մեկական։ Լցրու, շո՛ւտ։

Լցրեց, կոնծեցինք։

-Ա՜-ա՜-ա՜…

Իսկ սատանան կողի է ընկել։ Գուցե քի՞չ էր նրա համար, թե՞ արդեն հարբել է։

Կախարդն ասում է.

-Ձեր սատանան շա՜տ այլասերված է։ Նրա համար կես շիշը խաղ ու պար է։ Բայց, -ասում է, -մասնագիտական պատիվս ինձ համար ավելի թանկ է։

Ու մի շիշ էլ է հանում, Դավիթ ջան։

-Հիմա,- ասում է, -պիտի բռնենք նրան՝ հրապուրելով բաժակով։ Խորամանկ հնարքով։

-Այսի՞նքն,- հարցնում եմ ես։

-Այսինքն,- ասում է նա,- վերցնում եք բաժակը, բարձրացնում ու անցկացնում բերանի կողքից։ Գուցե նա, սողունը, դուրս նետվի։

-Պիտի որ դուրս նետվի,- ասում եմ։ -Ես որ հաստատ դուրս կնետվեի։

Լցրեց կախարդը մեկական բաժակ, Դավիթ ջան, վերցրինք, չրխկացրինք, բարձրացրի բաժակն ու… խմեցի։

-Էդ ի՞նչ ես անում,- զայրանում է կախարդը։ -Այսպես իմ ամբողջ դեղի քոքը կտաս։ Եթե չես ուզում բուժվել,- ասում է, -ռադդ քաշի՛ր այստեղից։

Ես ծամում եմ վարունգն ու ասում.

-Ուզում եմ… Բայց ախր ո՞վ կանցկացնի բաժակը բերանի կողքից։ Դու գոնե կպչուկով բերանս փակեիր։

-Կպչուկո՛վ,- ասում է նա։ -Իսկ սատանան որտեղի՞ց է դուրս գալու։ Հետույքի՞ցդ։ Կպչուկո՜վ… Տեղից վեր կացող ամեն չըմո,- ասում է, -դեռ ուզում է դասեր տալ ինձ։ Ավելի լավ է,- ասում է, -աչքերդ կապեմ, որ չտեսնես։

Կապեց աչքերս, Դավիթ ջան, լցրեց։ Վերցրինք մեկական բաժակ, չրխկացրինք ու խմեցինք։ Կախարդը լրիվ կատաղեց։

-Դու ի՜նչ է,- գոռում է,- ինձ ձեռ առնելո՞ւ ես եկել։ Չէ՞ որ աչքերդ կապեցի՛։

-Բա քի՛թս,- գոռում եմ ես։ -Ախր ես հոտով եմ կողմնորոշվում։ Ոնց որ բնությունն է ժառանգել. հոտառություն, շոշափելիք…

-Հոտառությո՛ւն… շոշափելի՛ք…- գոռում է կախարդը։ -Մենք միասին արդեն երկրորդ շիշը խփեցինք։ Այնինչ դեռ ընդամենը կես ժամ է անցել։

Ես ասում եմ.

-Վե՛րջ, լուռ եմ՝ ձկան պես։

-Այ, նայիր,- ասում է կախարդը,- կես բաժակ էլ եմ լցնում, կապում աչքերդ… փակում քիթդ… Դե, գնացի՜նք։

Այդ ժամանակ, Դավիթ ջան, ես ասում եմ։

-Առանց բաժակաճառի չեմ կարող։ Ես հո անասուն չեմ, որ առանց կենաց ասելու խմեմ։

Նա ասում է.

-Ախր մենք քո համար չենք խմում, այլ սատանայի՛։

Ես ասում եմ.

-Նա նույնպես ինչ-որ անասուն չէ։ Նա իմ ներսում է ապրում, օտար չէ ինձ համար։ Կենա՛ց ասա։

-Լավ,- ասում է կախարդը։ Ու ոտքի կանգնում։ -Եղբայրնե՛ր,- ասում է նա,- այս բաժակով ես խմում եմ այն մարդկանց կենացը, որոնք ակտիվորեն ու եռանդուն ոտք են դրել կյանքի նոր ուղի՛։

Բարձրացրեց բաժակը, Դավիթ ջան, ու՝ կո՛նծ։ Ես նույնպես՝ կո՛նծ։

Նա ասում է.

-Այդ ի՞նչ ես անում։ Ինչո՞ւ խմեցիր օղին։ ՉԷ՞ որ քիթդ ու աչքերդ փակել էի։

Ես ասում եմ.

-Ախր շա՜տ լավ կենաց էր։ Ես հո ինչ-որ անասուն չեմ։ Այդպիսի կենաց, ու չխմե՞մ։ Լի՛ց,- ասում եմ,- մի-մի բաժակ էլ գցենք, փակի՛ր բերանս մառլյայով, պիտի պատասխան կենաց ասեմ։

Կախարդը փաթեթավորեց գլուխս, Դավիթ ջան, ոնց որ ծանրոցը՝ փոստում։ Բարձրացնում եմ բաժակն ու ասում.

-Մարդի՛կ։ Սիրեցե՜ք միմյանց։

-Ժյուլվե՜ռն։ Արի համբուրե՛մ քեզ,- գոռում է կախարդը։ -Ինչ լա՜վ ասացիր։ Արի,- գոռում է,- բրուդերշա՛ֆտ խմենք։

Ես գոռում եմ.

-Ինձ չի՛ կարելի։ Ներսումս սատանա՛ կա։

Կախարդը՝ թե.

-Սատանան նրա հե՛տ, Ժյուլվեռն։

Խմեցինք մենք, Դավիթ ջան, կախարդի հետ բրուդերշաֆտ, իսկ հետո արդեն անհնար էր գլուխ հանել, թե որտեղ է բրուդերը, որտեղ՝ շաֆտը։

Թեեւ, եթե անկեղծ, թե որ մի կես բաժակ էլ խմեի, սատանան հաստատ դուրս կգար։ Համենայն դեպս մոտս այնպիսի զգացողություն էր, որ նրա համար օղին քչություն արեց։

Այնպես որ, Դավիթ ջան, այդ սատանան է մեջդ խոսում, քշել է պետք նրան։ Ձեռքի հետ էլ խմելը վերջապես կթարկես։ Լրիվ ես ձեռքից գնում, մեղք ես։
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

grigor
Feb 22, 2010 13:39