ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, May 23, 2010 18:38 - 2 քննարկում

Ո՞ր երկրի, ո՞ր ուժերի գործակալ է Հայաստանի այսօրվա վարչապետը

Տիգրան Սարգսյանը և պետության վախճանը

Տիգրան Սարգսյանը և պետության վախճանը

Տնտեսագիտության ազատական դպրոցի ներկայացուցիչները մշտապես հատուկ ուշադրություն են դարձրել պետության հարկային համակարգի վրա։ Ըստ ազատական տեսաբանների՝ եթե հարկերի չափն ու վճարման կարգը խանգարում են բիզնեսի զարգացմանը, ապա ազգային բուրժուազիայի մոտ վարկաբեկվում է պետության գաղափարն ընդհանրապես։ Իսկ դա վտանգավոր է։ Եթե ազգային բուրժուազիան իրեն օտարված է զգում պետությունից, կամ եթե բուրժուազիային իշխանությունները պատերազմ են հայտարարում, ապա, ի վերջո, վերանում է պետությունը կամ՝ դառնում տոտալիտար։

Մարդիկ հարկեր են վճարում, որպեսզի պետությունից ստանան այն ծառայությունները, որոնք չի կարող ապահովել մասնավոր հատվածը և որոնց անհրաժեշտությունը բոլորն են զգում, բայց չեն կարող ինքնուրույն իրականացնել (պաշտպանություն, ազգային անվտանգություն և այլն)։ Սա նորմալ երկրներին է հատուկ, իսկ մեզանում հարկերի գաղափարը հետզհետե վարկաբեկվում է, ու կառավարության հարկային և մաքսային ներկայիս քաղաքականությունը, իրոք, կարող է հանգեցնել մեր պետության վախճանին, ինչի շուրջ ժամանակին «փիլիսոփայել» է գործադիր մարմնի այժմյան ղեկավարը։

Ո՞ւմ մտքով կանցներ, որ դրսից ուղարկվող դոլարներն արժեզրկելով ու ազգային դրամն արժեվորելով, ներմուծմանը նպաստելով ու արտահանումը ոչնչացնելով զբաղված ԿԲ-ի երբեմնի ղեկավարը՝ պետության վախճանի մասին մտորել է ոչ թե, որ ԿԲ-ում անելիք չի եղել (ԿԲ-ում ընդամենը զբաղված էին՝ 1 դոլարը 580-ից 300 դրամ դարձնելով ու դրսից ուղարկվող դոլարները ստերիլիզացնելու և դրամավարկային քաղաքականությունը փոխելու ուղղությամբ մատը մատին չտալով), այլ դա հավատամք էր։

Պետության վախճանը հայկական ցանցապետության ստեղծմամբ հիմնավորելու գաղափարն, անշուշտ, ուտոպիստական է, բայց գոյության իրավունք ունի։ Պարզապես հասարակությունն իրավունք չունի թույլ տալ, որ նմանատիպ մտածողություն ունեցողը հայտնվի պետական կառավարման վերին օղակներում։ Նման մտածողությամբ մարդն, իրոք, կարող է փլել պետությունը։ «Հայկական աշխարհի» մասին արվող դատողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ծայրահեղ ուտոպիզմ, որը թերարժեքության զգացողության ուղղակի ռեակցիա կարող է լինել։ Չկարողանալով կառուցել փոքր համակարգ՝ մարդը կամ ինքնամփոփ է դառնում կամ սկսում է տառապել գիգանտամոլությամբ։ Մեր պարագայում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Միջազգային ֆինանսական կենտրոն, միջազգային առողջարանային կենտրոն, տարածաշրջանային «սիլիկոնային հովիտ» և այլն։ Սրանք վատ գաղափարներ չեն, բայց երբ կտրված են լինում իրականությունից՝ կարող են կործանման տանել և՛ ազգին, և՛ պետությանը։

Գերմանիայում, երբ իշխանության եկան նացիստները, նույնպես խոսում էին գիգանտ ծրագրերի մասին։ «Մեզ անհրաժեշտ են կենսական տարածքներ»,- առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներից «վառված»՝ հայտարարում էին ֆաշիստները։ «Մենք պետք է կառուցենք «Հայկական աշխարհ»»,- 29,8 հազար քառակուսի-կիլոմետրից բարդութավորված՝ հայտարարում է հայկական ֆյուրերը։

Երբ ուտոպիզմով ու դոգմատիզմով տառապում են իշխանական համակարգից դուրս գտնվող քաղաքական ուժերն ու «փախած» փիլիսոփաները՝ դա հասկանալի է։ Սակայն երբ այդ «գործով» զբաղվում է իշխանությունը, ապա դա վտանգավոր է հանրության համար։ Ֆաշիստներն իրենց գիգանտամոլությամբ և ցնդաբանությամբ կործանեցին մի ամբողջ սերունդ, կազմակերպեցին հրեաների ցեղասպանությունն ու հրի մատնեցին գրեթե ողջ Եվրոպան։

Այն ինչ կատարվում է այժմ մեր տնտեսության մեջ՝ դա միաժամանակ և՛ ֆաշիզմ է, և՛ բոլշեվիզմ։ Հայկական տնտեսական ֆաշիզմն արտահայտվում է անիրատեսական գիգանտ ծրագրերի քարոզչությամբ, իսկ բոլշեվիզմը՝ կուլակաթափության ձգտման և ուրիշի սեփականության նկատմամբ ունեցած գենետիկ ատելությամբ։ Իշխանությունների իրական նպատակն, անշուշտ, տնտեսական բոլշեվիզմն է։ Այդտեղ և՛ անձնական շահ կա, և՛ քաղաքական։ Փորձելով տնտեսության ողջ ֆինանսական հոսքերը կենտրոնացնել մեկ սուբյեկտի ձեռքում՝ նրանք նպատակ ունեն հավերժացնել իրենց քաղաքական մենիշխանությունը։ «Գերկենտրոնացված ֆինանսական հոսքեր-գերկենտրոնացված քաղաքական համակարգ-հավերժ իշխանություն». ահա՛ այն մոդելը, որով առաջնորդվում է գործող իշխանությունը։

Տիգրան Սարգսյանի գործառույթն այս գործում նման է ֆաշիստական Գերմանիայի հեբելսյան քարոզչությանը։ Վարչապետը փորձում է ձևակերպումներ գտնել այն հրեշավոր ծրագրերին, որոնց իրականացումը Հայաստանը կդարձնի միջնադարի ասիական խանություն։

Զարմանալիորեն, տարածված մի կարծիք կա, որ Տիգրան Սարգսյանը բարձրակարգ մասնագետ է և ափսոս, որ որևէ իրական ազդեցություն չունի որոշումների ընդունման գործընթացի վրա։ Այսինքն, ստացվում է, որ Տ. Սարգսյանը լավ կառավարիչ է, բայց «չեն թողնում, որ մարդն աշխատի, որովհետև ամեն ինչ Սերժ Սարգսյանն է որոշում»։ Սա խոշորագույն մոլորություն է և սխալ կարծիք։ Ի դեպ, Տիգրան Սարգսյանի վերաբերյալ նման պատկերացումներ ձևավորելուն նպաստել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը։ Սկսած Տեր-Պետրոսյանից մինչև ՀԱԿ-ը ներկայացնող այլ գործիչներ՝ այս կամ այն կերպ նպաստել են Տ. Սարգսյանի վերաբերյալ դրական կարծիքի ձևավորմանը։ Իրականում, ով որ տարանջատում է մտցնում Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի միջև՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար նպաստում է այս իշխանության դիրքերի ամրապնդմանը և մեծացնում խանական համակարգի ձևավորման հավանականությունը։ Դա նույնն է, որ տարանջատում մտցվի Ստալինի ու Բերիայի, Հիտլերի և Հիմլերի միջև։ Բերված զուգահեռներն, անշուշտ, մի փոքր կոպիտ են, բայց դրանք ներկայացնում եմ, որպեսզի ավելի պատկերավոր դառնա ասածս։ Հետևաբար, պետք է ոչ թե ափսոսալ, որ Տիգրան Սարգսյանը չի կարողանում կյանքի կոչել իր գաղափարները (դրանք իրականում կիրառվում են, և փոքր ու միջին բիզնեսն ամբողջությամբ իր վրա զգում է սարգսյանական «բարեշրջումների» ողջ «հմայքը»), այլ թույլ չտալ, որ դրանք ծավալվեն։

Քաղաքական պատկերացումներից զուրկ հայ քաղքենուն դուր են գալիս եկեղեցականի ոճով ելույթ ունեցող վարչապետի խոսքերը, որոնց էության մեջ մարդիկ նույնիսկ չեն էլ խորանում։ Այս մոտեցումը պետք է փոխվի։ Իրականում, Տիգրան Սարգսյանն այն դահիճի գործառույթն է իրականացնում, որը շարքից հանելու է նախ փոքր ու միջին բիզնեսը, իսկ հետո՝ ամբողջ տնտեսությունը։ Նման վարչապետի ֆոնին՝ ավելի լավ է մի փողոցային մականունավոր բերել վարչապետ, ով գոնե միայն սեփական նեղ անձնական շահերով կառաջնորդվի, քան թողնել մեկին, ով հավակնություններ ունի պրոմեթևսյան կործանարար ինքնավստահությամբ «հայկական ցանցապետություն» քարոզել, բայց իրականում շատ նեղ շրջանակի ֆինանսական կարողություններն ավելացնել։ Ե՛վ փողոցային մականունավորը, և՛ տիգրանսարգսյանատիպ կառավարիչները չարիք են, բայց եթե պետք է այս պահին բավարարվենք չարյաց փոքրագույնով, ապա ավելի լավ է լինի փողոցայինը, և ասեմ թե ինչու։ Հավատացե՛ք, անցյալ դարի երեսունականներին ավելի լավ կլիներ գերմանացիների համար, եթե իշխանության գային ոչ թե կրթյալ և ուսյալ, լավ ճառեր արտասանող հիտլներները, հիմլերները, գեբելսներն ու այլք, այլ նույնիսկ փողոցային քրեականները, որոնց դեմն առնելն ավելի հեշտ կլիներ, քան ֆաշիստների պարագայում եղավ։ Գերմանացիները շատ թանկ վճարեցին ֆաշիստ ինտելեկտուալների արածների համար։ Ավելի լավ կլիներ, եթե 1917-ին Ռուսաստանում իշխանության գային ոչ թե ինտելեկտուալներ Տրոցկին, Լենինը, Զինովեվն ու Կամենեվը, այլ անարխիստ մախնոներն ու փողոցային հանցագործները։ Դրանց նմանները չեն ավիրում երկիրն այնպես, որ հետո տարիներով գլուխ չհանես։ Անշուշտ, ես ընդունում եմ կառավարման մեջ ինտելեկտի անհրաժեշտությունը, բայց եթե այն հիվանդագին դրսևորումներ ունի, ապա ավելի լավ է ունենալ «անցողիկ» մականունավորներ, քան՝ «մնայուն» նեվրոտիկներ, որոնց լավագույնս բնութագրել է հայտի հոգեվերլուծաբան Էրիխ Ֆրոմը։

Գիգանտ ծրագրերով ու կուլակաթափության կոչերով՝ ֆաշիստներն ու բոլշեվիկներն իրենց ժողովուրդներին տարան կործանման և ավերածությունների։ Ֆաշիզմի օրոք տեղի ունեցավ Հոլոքոստը, համակենտրոնացման ճամբարներն ու սեփական ժողովրդի ոչնչացումը։ Բոլշեվիզմի օրոք եղավ 37 թիվը և սեփական ժողովրդի աքսորն ու տեռորը։

Այնպես որ վայ-ինտելեկտուալները, ովքեր ցնդաբանական գաղափարներ են ուզում առաջ քաշել, ավելի վտանագավոր են ազգի ու պետության համար, քան շարքային խուլիգանները, ովքեր հավակնություն չունեն ազգի գաղափարական առաջնորդ դառնալու։ Խուլիգանի դեմ ավելի հեշտ է պայքարելը, քան ինտելեկտուալի դիմակի տակ թաքնված փողապաշտ դոկտրինյորների, մանավանդ որ, ոմանց ինտելեկտուալ լինելու հանգամանքը մի մեծ «փուչիկ» է՝ փչված իրենց իսկ կողմից, ու ժամանակի ընթացքում, համոզված եմ, այդ «փուչիկները» կպայթեն։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Կարծում եմ, որոշակի բացատրություններ տվեցի մեր տնտեսական դաշտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խնդիրները ներհամակարգային բնույթ ունեն և այստեղ միջազգային տնտեսական ճգնաժամը կապ չունի։ Դրա տակ իշխանությունը փորձում է քողարկել սեփական սխալներն ու ձախողումները։

ԿԱԴԱՑԵՔ ՆԱԵՎ

1.Պետության վախճանը  (Տիգրան Սարգսյան)

2. Ազգային պետության ծնունդը (Արմեն ԱՂԱՅԱՆ)

3. Ռեֆերատ պետության վախճանի մասին

4. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՑ ՎԱԽՃԱՆԻ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արմո
May 23, 2010 19:43