ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, April 3, 2010 8:28 - չքննարկված

Հասարակական կարծիք:Բլոգերները գրում են…Հռոմի պապիկը քաղաքի կենտրոնում կամ երբ ՀՀ նախագահը վախից դրդված կրծքին խաչուփաչ է անում:

Կինո Մոսկվայի ամառային դահլիճի տեղում ենթադրաբար կառուցվելիք եկեղեցու մասին աղմուկի ֆոնին, շատերն են մոռանում կամ նույնիսկ անտեղյակ են Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկին գտնվող Կաթողիկե (սբ. Աստվածածին) եկեղեցու կողքին կառուցվելիք նոր` սբ. Աննա եկեղեցու մասին: Իհարկե այս հարցը չունի հասարակական շատ մեծ ալիք առաջացնելու այն ներուժը, որն ունի մեկ խաչմերուկ ներքեւ գտնվող հարցը: Բայց, միեւնույնն է այտեղ եւս կան խնդիրներ, որոնք պետք է որ հուզեն թե՛ «հավատացյալներին», թե՛ «անհավատներին»: Սբ. Աննայի եւ նրան կից կաթողիկասական նստավայրի նախագծին ցանկացողները կարող են ծանոթանալ սբ. Կաթողիկեի բակում գտնվող ցուցանակը դիտելով: Քաղաքի կենտրոնում կառուցվելիք այս եկեղեցին աչքի է ընկնում որպես անճաշակության բավականին ցայտուն դրսեւորում: Կարող եք առարկել, թե մասնագետ չլինելով ճարտարապետության խնդիրներում, ինչպես կարելի է նման գնահատակ տալ: Բայց, կարծում եմ, ճաշակը միայն մասնագիտական կատեգորիա չէ: Իհարկե, ասում են, թե ճաշակների մասին չեն վիճում: Բայց այդ պնդումն ինքը վիճելի է, որովհետեւ ճաշակ կոչվածը որքան էլ բաղկացած լինի սուբյեկտիվ տարրերից, որոնց մասին իրոք չարժի վիճել, նույնքան էլ բաղկացած է օբյեկտիվության տարրերից, որոնց մասին վիճելը մասնագիտություն չի ենթադրում: Համենայն արեւմտյան մշակութային դաշտում հին հույներից ի վեր հայտնի է ճաշակի մի սահմանում, որի համաձայն ճաշակը դա չափի պահպանումն է:

Ինչեւէ, խնդրի այս փիլիսոփայական ասպեկտը դեռ մի կողմ թողնենք: Գանք կոնկրետ նախագծին: Ի՞նչն է առաջինը աչք զարնում: Սբ. Կաթողիկեի` երեւանյան հնագույն եկեղացական կառույցի անմիջապես կողքին կառուցում են մի գոնդոռա շենք, որի ֆոնին հին եկեղեցին վերածվում է ինչ որ անտեր որբուկի: Նորի չափերը առնվազն երկու անգամ մեծ են հնից: Ի՞նչ են ուզում ասեն դրանով նախագծի հեղինակները, չգիտեմ, բայց տպավորություն այնպիսին է, որ ցանկանում են ինքնահաստատվել հնի հաշվին: Կամ առնվազն թքած ունեն հնի վրա: Ահա ձեզ օբյեկտիվ անճաշակության կոնկրետ դրսեւորում` չափի խախտման իմաստով: Չափի զգացողության առկայության դեպքում, բարդ չէր ենթադրել, որ հնի կողքին նոր եկեղեցի կառուցելու դեպքում, ավելի քան ցանկալի էր այնպիսի լուծում գտնել, որպեսզի նախկինը չկորի կամ չճնշվի նորի ֆոնին: Սբ. Անայի նախագիծը ավելի շատ խոսում է մոտակայքում գտնվող տիպիկ սովետական բազմահարկանի շենքի, քան սբ. Կաթողիկեի հետ: Այսպիսով, դեռ մանրամասներին չհասած, տեսնում ենք, որ նախագիծը լուրջ տարակուսանքի առիթ է:

Իսկ ինչպիսի՞ն են մանրամասները: Կառույցը կարելի է կոչել «կեղծ մոդեռնիստական ավանդապաշտության» տիպիկ դրսեւորում: Չգիտեմ, ինչպե՞ս է այդ ոճը կոչվում ճարտարապետության մեջ, բայց հասարակ մահկանացուիս համար հե՛նց այդպիսի անունն է առավել հարմար: Վերցվում է հայկական եկեղեցու ավանդական կառույցը, եւ մի տեսակ էս կողմ ու էն կողմ ձգվելով եւ այլ դեֆորմացիաների ենթարկվելով, իբր նորացվում է: Ենթադրում եմ, որ հեղինակն արդյունքում շատ գոհ է մնում: Հա՛մ ժամանակակից է երեւում եւ կրեատիվ, հա՛մ էլ ավանդապաշտ: Բայց իրականում, իմ տպավորությամբ ստացվում է, որ համ ավանդության մայրիկն է հոնգուր-հոնգուր լաց լինում, հա՛մ էլ արդիականության: Իսկ ավելի կոնկրետ ստացվում է ձեւականություն, քանի որ մի կողմից խախտվում են ավանդականի ձեւերը, որոնք ժամանակին որոշակի իմաստ են ունեցել, իսկ մյուս կողմից նոր` իմաստավորված ձեւեր, ըստ էության, չեն գոյանում: Եթե ինձ հարցնեք, ավելի լավ է կա՛մ ավանդականի բառացի վերարտադրում, կա՛մ նորարարություն առանց ավանդականին հղում կատարելու: Եվ համենայն դեպս ձեւական կողմի իմաստավորում, այլ ոչ թե ամենահեշտ ճանապարհով` մի քիչ ավանդություն, մի քիչ էլ մոդեռն:

Նորակառույց գոնդոռայի ամենահետաքրքրիր կրեատիվներից են` դեպի Կաթողիկե նայող ապակյա պատը, եւ նույն կողմն ուղված, բայց ավելի վերեւ գտնվող «բալկոնչիկը»: Ապակին նրա համար է, որ մեծ Եկեղեցում գտնվողները տեսնեն փոքրը: Բավականին հզոր մտահղացում է թվում: Համ էլ, ինչպես ծանոթներիցս մեկը նկատեց, վրեն կարելի է գրել` «մեծ զեղջեր» կամ «առաքումն անվճար»: Ավելի հետաքրքրիր է բալկոնչիկի գաղափարը: Ճարտարապետին մոտ հավաստի աղբյուրները վստահեցնում են, որ դա նախատեսված է այն բանի համար, որ կաթողիկոսը, հետեւելով Հռոմի պապի օրինակին ողջունի բազմահազարանոց ամբոխներին: Լավ է, իհարկե, որ ենթադրվում է , թե մանավանդ ներկայիս կաթողիկոսն ի զորու է ինչ որ բանով հետաքրքրել բազմահազարանոց զանգվածներին: Այդքան էլ լավ չի, որ ջրի երես է դուրս գալիս, այն, ինչ առավել խորաթափանց անձիքն վաղուց էին կասկածում. Հռոմի պապ լինելու գավառական մոլուցքը: Փառք Աստծո, մեր եկեղեցին չունի այն բացարձակ ավտորիտար կառուցվածքն, ինչ լատինականը, եւ կաթողիկոսը մեր մոտ Հռոմի պապ չէ: Այլ հարց է, որ որոշ եկեղեցականներ կուզենային եթե ոչ պաշտոնապես նման կարգավիճակ տալ մեր հայրապետին, ապա գոնե սաղացնել նման մի պատկերացում անտեղյակ զանգվածներին: Իսկ մինչ դա կիրականանա, որոշ բարդույթավորված անձանց, կարելի է Հռոմի պապիկ խաղալ Երեւանի կենտրոնում:

Կա հարցի եւ այլ կողմը: Կաթողիկեն այն եկեղեցին է, ուր այսօր այցելում են մարդիկ, որոնք առավելագույնս հեռու են այսօրվա եկեղեցականների կեղծպաթետիկ ոճից, բայց որոնց համար քրիստոնեական հավատքը փուչ խոսք չէ: Նորակառույց գոնդոռայում մեր նմաններին, իհարկե, տեղ չի լինի: Որովհետեւ կառույցի ողջ գաղափարն այսօր էլ երեւում է. ՎԻՊ եկեղեցի քաղաքի կենտրոնում: Էլ չասած, հռոմի պապիկի կասկածելի ներկայությունը: Մի խոսքով, աղոթում եմ Աստծոն, որ հնարավորինս ուշ ավարտի հասցվի այս նախագիծը:

Հրանտ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ