ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, December 12, 2008 0:39 - չքննարկված

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԵՍԵԼՈՒ ԲԱՆ ԳԻ ՄՈՒՆԻ (չինարեն՝ «թունավոր խոտ») ԱՐԱՐՔԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է

  • Դեկտեմբերի 9-ին, ինչպես տեղեկացրել էինք նախավերջին համարում, լրացավ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատիժ սահմանելու կոնվենցիայի ընդունման 60-ամյակը: Նույն օրը 60-ամյակի առթիվ հանդիսավոր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը եւ ելույթում «ողջամտորեն» շրջանցել է Հայոց ցեղասպանության փաստը: Այս արարքը ինքնին տհաճ է եւ վրդովեցուցիչ: Չպետք է սակայն մոռանալ, որ Բան Գի Մունն ընդամենը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակարգի դրածոն է, վարչակարգն էլ՝ Իսրայելից ուղղորդվող «Նոր պահպանողականների»:

    Դրածոյի հանգամանքը անհրաժեշտ է դարձնում, որ աշխարհում փոփոխությունների նախադրյալներ ստեղծելու համար ԱՄՆ-ը ձեւափոխելու հավակնություններ ունեցող նորընտիր նախագահ Բարաք Օբաման փոխի նաեւ ՄԱԿ-ի նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը: Այլապես նախատեսվող ձեւափոխումները, անկախ նպատակամղվածությունից, կստանան ձեւական բնույթ, եւ ՄԱԿ-ը ոչ միայն «համընդհանուր խաղաղության համար» չի ձեռնարկի ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված միջոցառումներ, ինչպես միջազգային այս կառույցի կանոնադրությունն է պահանջում, այլ կշարունակի խնամքով քողարկել մի ժողովրդի նկատմամբ մյուսի շարունակական բռնարարքները, ինչպես շրջանցում է պաղեստինցիների պարագայում:

    Այլ կերպ, ՄԱԿ-ը ոչ թե ապահովում է ժողովուրդների իրավահավասարությունը, այլ նրանց բաժանում առանձնաշնորհյալների եւ իրավազուրկների: Թերեւս դրանով էլ կոպտորեն խախտում է իր իսկ կանոնադրությունը: Սա խտրականության ակնհայտ դրսեւորում է:

    Ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակին նվիրված ելույթում շրջանցելով Հայոց ցեղասպանությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը ոչ միայն խտրականություն է դրսեւորում, այլեւ 1948-ի կոնվենցիայի դրույթների հետ միաժամանակ ոտնահարում է նույն թվին հենց ՄԱԿ-ում ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները, որովհետեւ 1973-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականության կանխման ենթահանձնաժողովի 26-րդ նստաշրջանում ընդունած զեկուցումը 30-րդ ենթակետով Օսմանյան կայսրությունում հայերի ջարդը որակել էր որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

    Նույն թվին այդ զեկուցումը բանաձեւի նախագծի տեսքով քննարկվել է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 30-րդ նստաշրջանում: Թեեւ 1978-ին զեկուցումից հանվել էր հայերի ցեղասպանության մասին հիշատակող 30-րդ ենթակետը, սակայն մեկ տարի անց՝ 1979-ին ՄԱԿ-ի հանձնաժողովի 35-րդ նստաշրջանը քննարկման էր դրել ենթահանձնաժողովի ներկայացրած բանաձեւի օրինագիծը եւ ձայների ճնշող մեծամասնությամբ վերականգնել 30-րդ ենթակետը:

    Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չգիտեր այս փաստերի մասին, գոնե ելույթից առաջ պարտավոր էր ծանոթանալ, որովհետեւ դա ոչ թե սովորական, այլ Ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակին նվիրված հանդիսավոր ելույթ էր: Որքան էլ Բան Գի Մունը Բուշի վարչակարգի դրածոն լինի, շրջանցելով ելույթում Հայոց ցեղասպանությունը, կամա թե ակամա խրախուսում է ցեղասպանության թուրքական ժխտողականությունը: Ավելին, Բան Գի Մունը դրանով նախադրյալներ է ստեղծում, որ թուրքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ժխտողականությամբ ուղղակի հակադրվելու փոխարեն գտնեն այլ դրածոներ եւս եւ նրանց հակադրեն, որպեսզի միջնորդավորված լինի Հայաստանի հետ մերձեցման տրամաբանությանը հակասող այս հակադրությունը:

    ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակին նվիրված ելույթում Հայոց ցեղասպանության փաստը շրջանցելու Բան Գի Մունի արարքը որպես խտրականության դրսեւորում, դատապարտելի է ինչպես կոնվենցիան արհամարհելու եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները ոտնահարելու, այնպես էլ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորելու առումներով: Թվում է, թե Հայաստանի հասարակական, քաղաքական կազմակերպությունները, գիտական շրջանակները, մտավորականները, առավել եւս կառավարությունը հակազդեցությամբ կարձագանքեն Բան Գի Մունի զբաղեցրած պաշտոնի անհարիր արարքին, որն անուղղակի կասկածի տակ է դնում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու նպատակահարմարությունը հայկական պետության համար:

    Սակայն վերջիններիս ներկայացուցիչները, այսպես կոչված, իրավապաշտպանների գլխավորությամբ, դատապարտելու փոխարեն, ընդամենը մասնակցեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 60-ամյակի առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած ընդունելությանը, առանց իհարկե մոռանալու շնորհակալական խոսքի մասին:

    Այլ կերպ՝ Բան Գի Մունի արարքը չդատապարտվեց: Եթե որեւէ արարք չի դատապարտվում, ապա ինքնաբերաբար խրախուսվում է: Մնում է սպասել, թե այդ խրախուսանքով քաջալերված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը հաջորդ անգամ ո՞ր ելույթում եւ ինչպիսի՞ ողջամտությամբ կշրջանցի Հայոց ցեղասպանության փաստը: Չէ՞ որ նա արդեն հայկական խրախուսանքը թուրքականի հետ համադրելու լայն հնարավորություն է ստացել:

  • ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ