ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 20:31 - չքննարկված

ԱՐԵՎ ԲԱԼԴՐՅԱՆ /ԱՐԵԳԱԿ/

Արեվ Բալդրյան (2)

**

ԱՐԵ՜Վ ԵՄ ՈՒԶՈՒՄ, ԿՅԱՆՔԻ ԱՐԵ՜Վ…

Արև՜ եմ ուզում, կյանքի արև՜…
Որ ջերմանա՜մ այդ արևից,
Որ լիանա՜մ այդ արևից,
Երջանկանամ ու
Որ ժպտա՜մ այդ արևից,
Որ փաթաթվեմ այդ արևին,
Ինձ մոռանա՜մ…
Գրկեմ այնպես,
Որ արևի ջերմությունից
Այրվե՜մ անգամ
Ու չհոգնեմ,
Ու ցավ չզգա՜մ,
Ու մոռանամ
Ցա՜վ, տխրությո՜ւն,
Արցո՜ւնք, թախի՜ծ,
Երկար սպասո՜ւմ…
Արև, արև՜ եմ ուզում,
Կյանքի արև՜…

**

Սիրտս շաղոտ է,
Սիրո խաղոտ է,
Աշնան դողով է,
Ոսկե քողով է:
Աչքս ցողոտ է,
Հույսս աղոտ է,
Ներսս ցավոտ է,
Խոսքս աղոթք է:
Այսօր ամպոտ է,
Վաղն արևոտ է,
Հոգիս քամոտ է,
Սիրտս քեզ մոտ է…

**

Աչքերիս լույս տվեցիր,
Սրտիս՝ սիրո մի կրակ
Հույզերի ծով դարձրեցիր
Սիրտս դալլուկ ու պապակ:
Ժպիտներ պարգևեցիր,
Ամեն օրս տոն դարձավ,
Ձեռքդ դեպ ինձ մեկնեցիր,
Երկու սիրտը մեկ դարձան:
Այնպես ամուր գրկեցիր,
Սիրտս տեղից դուրս թռավ,
Դու գլխիկոր գնացիր,
Ինձ իմ երազը մնաց:**
Ամենուր դերեր են բաշխում,
Ամեն ոք տերեր են դառնում,
Դերերն ու տերերը խառնվում,
Ջնջում են, նորից են սկսում:
Ամենուր լույսեր են վառվում,
Ինչ-որ տեղ մի լույս է մարում,
Ամենուր դղյակ են շինում,
Ինչ-որ տեղ մի տուն է քանդվում:
Ամենուր սերեր են խաղում,
Ամեն ոք երգիչ է դառնում,
Սիրում են, երգում են, խաղում են,
Տերերը դերերն են պատմում:

**

ՍՊԱՍԵՑԻ ՔՈ ՃԱՄՓԻՆ, ՉԵԿԱՐ…

Սպասեցի քո ճամփին, չեկար,
Ալիքներն ինձ լուր չտվին,
Ապրեցի քեզանով տարված,
Աչքերս ճամփիդ սառեցին:
Լռեցի, ով քեզնից հարցրեց,
Խոսեցի մտովի քեզ հետ,
Տվեցի բազում հարցեր,
Պատասխան չգտա այդպես էլ:
Աչքերս փակեցի ու լուռ
Նստեցի ծովեզրի ավազին,
Մտովի քեզ հետ էի ապրում,
Հիացած նայում էինք արևին:
Երկինքը վազում էր մեր աչքին,
Արևն էր մայր մտնում արդեն,
Իսկ մենք դեռ նստած ավազին,
Խաղաղ էր ծովեզրին այնպես:
Երգում էր ծովը նազանքով,
Արևը թաքնվեց ամպի տակ,
Սթափվեցի ալիքի մի զարկով,
Երազս անցավ ծովի տակ:
Ալիքը քեզ տարավ նորից,
Հեքիաթս նորից չքացավ,
Քայլում եմ, քայլում եմ ծովեզրին,
Սպասեցի քո ճամփին, չեկար…

**
Աղոթքիդ մեջ ե՜ս լինեմ,
Իմ անունը շշնջա՜ս,
Հրեշտակի թևերով
Գամ ու սիրտդ ինձ պահ տաս:
Սիրտս սրտիդ հյուսք անեմ
Դառնան իրար պահապան,
Սիրո հրով ողողված
Քայլենք կյանքին ընդառաջ:
Իրար բաշխենք լույս ու սեր,
Թև՛ տանք ու թևե՛ր առնենք
Ուրիշ ի՞նչ է պետք կյանքում,
Սիրո լույսից առավել:
Աղոթքիդ մեջ ես լինեմ,
Իմ անունը շշնջաս,
Երազիդ մեջ, թե արթուն,
Կողքիդ լինեմ հավիտյան…

**

Սիրո մեջ շռա՜յլ եմ եղել,
Համբերության մեծ ծո՛վ եմ եղել,
Երբ ետ եմ նայում անցյալիս,
Քանի՜ փորձություն եմ անցել:
Ժպիտ եմ տվել անխնա՜,
Ինչքան էլ մռա՜յլ եմ եղել,
Հավատիս ժանյակը հյուսած
Խորդուբորդ ճամփեքով եմ անցել:
Անցե՛լ եմ, ապրե՛լ եմ, դիմացե՛լ,
Սիրո մեջ միշտ շռայլ լինելով,
Ամեն հարվածից ես կոփվել
Առա՛ջ եմ քայլել ժպիտով:
Փորձել եմ միշտ քայլել հունով,
Բայց կյանքը՝ ի՛նքն է միշտ շրջվել,
Ու նորից դիմացել եմ աղոթքով
Հույսով վաղվան եմ սպասել:
Սիրո մեջ շռա՛յլ եմ միշտ եղել,
Սերը իմ սրտում չի պարպում,
Չեմ զղջում՝ ինչ որ ապրել եմ,
Սիրո մեջ միշտ լո՜ւյսն եմ զգում:

**

Մեր կապո՜ւյտ-կապո՜ւյտ երազները
Սև ու կարմիր են հագել,
Մեր ճերմա՜կ-ճերմա՜կ անուրջները
Սև շղարշով են պատվել,
Ցորենի ոսկե արտերը
Գերեզմաննե՜ր են դարձել,
Սրտատրոփ սպասող մայրերը
Սևազգեստ սգվոր են դարձել:
Աստվա՛ծ իմ, որտե՞ղ ես հիմա,
Ո՛ւժ տուր դիմանալ ամենին,
Վայրի՛, բարբարո՛ս ցեղերին
Ջնջի՛ր աշխարհիս երեսից:
Աշխարհում ոչ մի մայր չսգա՛,
Թող որդու կորուստ չտեսնի՛,
Ոչ մի կի՛ն, աղջի՛կ, նորահա՛րս
Ճերմակը սևի չփոխի՜:
Թող սևը չքանա՛ հավերժ
Հայոց պատմության էջերից,
Թող միայն հաղթանա՛կ տոնենք,
Պայծառ գարուննե՜ր մայր հողիս…

**

ԹԵ ԳԱՍ…

Ես կդառնամ քո լույսը,
Փարոսը ճամփիդ,
Ամեն օրվա ժպիտդ
Ու գիշերդ բարի:
Քո սպասումը կլինեմ,
Քո ծիծաղը վարար,
Կարոտիդ ճարը կլինեմ,
Ծաղիկդ գարնան:
Մոտ ու հեռավորդ,
Ընկերդ կյանքի,
Կլինեմ երազդ
Ու զարկը սրտիդ:
Կյանքիդ կյանքը կլինեմ,
Սերդ անարատ,
Սրտիդ արևը կլինեմ
Աշխարհում արար:

**

ԱՆՈՒՆԴ` ՍԵՐ…
Սիրտս այսօր անվե՜րջ մի անուն է կրկնում,
Սիրտս այսօր անվե՜րջ մի անուն է տենչում.
– Սե՜ր… դա քո անո՜ւնն է…
Ո՞ւր ես, չկա՜ս…
Լո՜ւռ մրմնջում եմ անունդ,
Կանչո՜ւմ եմ, բղավո՜ւմ…
Բայց… չկա՜ս…
Լո՜ւռ ես…
Անհայտ…
Բայց սիրտս չի կարողանում լուռ ապրել,
Նա անվերջ քո մասին է երազում,
Քո անո՜ւնն է մրմնջում…
Քո մասին երգում,
Արտասվո՜ւմ…
Քո անունը տենչալով
Ննջո՜ւմ է ու արթնանում,
Իսկ դու… չկա՜ս…
Չկա՜ս…
Ու չգիտեմ էլ` ե՞րբ ես լինելու…
Միայն անունդ գիտեմ,
Անունդ, որ արյանս մե՜ջ է…
Անո՜ւնդ, որ միշտ շուրթերիս է.
– ՍԵ՜Ր…

ԱՐԵՎ ԲԱԼԴՐՅԱՆ / ԱՐԵԳԱԿ /

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ