ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 6:19 - չքննարկված

ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a5-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%80%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%be%d5%a1%d5%ae%d6%84-1ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
**
Աղջիկը գնդի վրա
Դու հառնեցիր այլ կերպարում,
Ինչպես աղջիկը գնդի վրա,
Անմեղ պարզությամբ թեքուն՝
Վաղ Պիկասոյի կտավի վրա…
Եվգենի Եվտուշենկո
Իր ննջասենյակի առաստաղը Լիլիթին միշտ ավելի բարձր էր թվում, քան մյուս սենյակներինը: Պառկում էր բազմոցին ու ժամերով ուշադիր նայում առաստաղի պատկերներին, գծերին, ճաքերին: Մի անկյունում ճաքը հմուտ քարտեզագրի դեր էր ստանձնել ու գծագրել Ատլանտյան օվկիանոսը, երկու ափերին էլ առանձնացել էին Եվրասիան ու Ամերիկաները:
“Զզվում եմ քեզնից, Ամերիկա՛, զզվում”:
Լիլիթի դեմքը ծամածռվել էր, եղունգները խրել էր բարձի մեջ, անհանգիստ շարժումներ էր անում:
Խոհանոցից գոռգոռոցի ձայներ լսվեցին: Լիլիթը վեր կացավ տեղից, արդեն մոտենում էր դռանը, երբ ներս մտավ քույրը:
-Մոնա՛, ի՞նչ է պատահել:
-Չգիտե՞ս՝ նորից տատիկն ու մաման վիճում են:
-Հիմա՜ ինչի՞ համար:
-Ինչպես միշտ: Տատիկը մամային է մեղադրում պապայի կորելու համար, մաման էլ` տատիկին: Ասում է, որ լավը լինեիր, թագավոր տղես չէր գնա օտարություն, հիմա էլ ինչ գիտես, թե ինչ է եղել, մենակ թողնեն՝ գոռգոռաս: Մաման էլ ասում է` շանը սատկել չկա, հիմա մի անբարոյականի հետ թրև է գալիս: Տատիկն էլ թե` որ դու այդքան էլ չկաս, լավ կին լինեիր, մոտիցդ տասը տարով չէր գնա:
-Վա~յ, Աստված իմ, հետո՞:
-Էլ ինչ հետո, հիմա մաման առանձնացել է իր սենյակում ու լացում է: Օ՜ֆ, չգիտեմ, մի օր ես կգժվեմ իմ < <իդեալական>> ընտանիքի ձեռքը:
-Լավ, ես հիմա գնամ մամայի մոտ:
Լիլիթը դուրս եկավ սենյակից ՝ թողնելով քրթմնջոտ ժպիտով Մոնային բազկաթոռին փլված:
-Մա՛մ, ի՞նչ է պատահել, դու գրեթե ամեն օր լաց ես լինում, ախր այդպես չի կարելի, ախր…
-Է~հ, թող, աղջի՛կս, թող ես իմ դարդով տապակվեմ:
– Մա՛մ, բայց ինչո՞ւ ես այդպես վատ տրամադրված, լուն ուղտ ես դարձրել, քեզ թվում է` աշխարհում քեզնից դժբախտ մարդ չկա, բայց, հավատա՛, ավելի վատ էլ է լինում, նույնիսկ շատ ավելի վատ:
-Հա՛, դե սա շատ լավ է, ամեն ինչ ավելի քան իդեալական է. հորիցդ տասը տարի է` լուր չունենք, պատճառն ինչ է, չգիտենք: Ամբողջ ընտանիքի ֆինանսական, հոգեկան ու բոլոր-ական հոգսը ինձ վրա է ընկած: Մոնան ամեն օր տանը նստած է. խեղճ աղջիկս մի օր կգժվի: Տատդ էլ տեղի- անտեղի վրաս է հարձակվում, մեղադրանքներ թափում գլխիս…
-Մա՛մ, չնայած բոլոր խնդիրներին` դու մեզ ունես` քո աղջիկներին, ովքեր քեզ աշխարհում ամեն ինչից շատ են սիրում ու գնահատում: Մենք, թեկուզ մեր պրոբլեմներով հանդերձ, քո կողքին ենք, իսկ կարող էր ավելի վատ լինել, ասենք…
-Լռի՛ր, հիմար բաներ չասես, ինձ միայն այդ էր պակասում: Գոնե իմանայի, որ հայրդ մահացել է, այսպես չէի տանջվի, բայց որ մտածում եմ, որ ինչ-որ լրբի պատճառով մոռացել է իր ընտանիքը, իր հարազատ երեխաներին, սիրտս պայթում է: Եթե մահացած լիներ, հաստատ մի տեղից կիմանայինք, իսկ եթե անունը փոխել ու նոր կյանք է սկսե՞լ:
-Մա՛, ես զարմանում եմ, դու ոնց կարող ես գերադասել, որ պապան մահացած լինի, չէ՞ որ ցանկացած այլ դեպքում նա կարող է մի օր հայտնվել ու ամեն ինչ բացատրել, և ամեն ինչ իր տեղը կընկնի. թերահավատությամբ մի՛ նայի, մա՛, ես այդպիսի հույս ունեմ: Բայց պապան մեզ շատ էր սիրում, չէ՞, ինչպե՞ս կարող էր այդպես վարվել մեզ հետ, հանկարծակի մոռանալ մեզ:
-Է՛հ, աղջի՛կս, հա, սիրում էր, բայց հայրդ թուլամորթի մեկն էր. գնացել է Նոյի ագռավի պես մի լեշի վրա ընկել, ամեն ինչ մոռացել:
-Բայց սկզբի մի տարին զանգում էր, մեկ-մեկ էլ փող էր ուղարկում:
-Հա՛, էյդպես էլ մի տարվա մեջ նույնիսկ մի հիմնական համար էլ չունեցավ, որ երբ պետք էր գալիս զանգեինք, միշտ սրա-նրա համարներով էր զանգում…Է~, դարդերս մի՛ քրքրի, Լիլի՛թ, ես չգիտեմ` ինչ եղավ, բայց ինտուիցիաս հուշում է, որ հայրդ ողջ է ու դավաճանել է իր ընտանիքին:
Սեդայի աչքերում վիրավորանքախառն կայծեր էին կուտակվում:
-Մա՛մ, իսկ եթե պատահել է ամենասարսափելին. եթե նա թրաֆիքինգի զո՞հ է դարձել…
-Ո՛չ մի թրաֆիքինգ, Լիլի՛թ, մի բաներ հնարիր, որ սրիկային խղճամ:
-Մա՛մ, դու շատ ես տանջվում, խնդրում եմ, գոնե մեկ-մեկ մոռացիր ամեն ինչի մասին ու մի քիչ հանգստացիր: Արի մի քիչ միասին թիկնենք, մեր մանկությունը հիշենք, խոսենք ուրախ բաների մասին: Գիտե՞ս` այսօր մեր գրականության դասախոսն ասաց, որ ինձ որպես իրեն փոխարինող է պատկերացնում:
-Իմ աղջի՛կ, իմ մխիթարա՛նք:
Լիլիթը գլուխը դրել էր մոր ուսին: Սեդան շոյում էր աղջկա մազերն ու ձեռքի ամեն շարժումի հետ մի բուռ ջերմություն շաղ տալիս:
….
Առավոտը Լիլիթի համար խոստանում էր հոգսաշատ լինել: Արթնացավ նախկին ընկերոջ զանգից:
-Գո՛ռ, լսում եմ:
-Լի՛լ, ես քեզ կարոտում եմ, լսո՞ւմ ես, Լ՛իլ, արի՛ հանդիպենք:
-Գո՛ռ, մենք երկար ժամանակ ունեինք մտածելու: Պետք չէ նորից նույն պատմությունները կրկնվեն: Վե՛րջ տուր, հա՞: Ես հազիվ եմ անցել նորմալ կյանքի, խնդրում եմ, ինձ հանգիստ թող:
-Լավ, էլի, Լի՛լ, էլ քեզ մի թանկացրու:
-Ի՞նչ: Նորից սկսեցիր: Վե՛րջ, էլ ինձ չզանգես:
Լիլիթը ջղային շարժումով անջատեց հեռախոսը, նայեց ժամացույցին, արդեն վեր կենալու ժամն էր: Մի ժամից համալսարանի դասերն սկսվում էին:
Դեռ չէր հասել լսարան, երբ նրան մոտեցավ մի կին:
-Մանուկյան Լիլիթը դուք եք, չէ՞: Ես ձեր դեկանի կինն եմ:
-Այո՛, տիկի՛ն Հովակիմյան, ես ձեզ ճանաչում եմ, մեր համալսարանում եք աշխատում, չէ՞:
-Այո, բայց ձեզ հետ եկել եմ խոսելու այլ թեմայով:
-Ի՞նչ թեմայով:
-Ես գիտեմ, որ դուք եք միջնորդել մեր երեխաների դայակի համար, նրա մասին էլ ուզում եմ խոսել:
-Ալլայի՞:
-Այո՛, այդ անբարոյական շահամոլի: Հասկանո՞ւմ եք` այդ լիրբը փորձում է քանդել իմ ընտանիքը: Չգիտեմ` ինչ լկտի պլաններ է մշակել, բայց հավատացնում եմ, որ Հրայրը իր ընտանիքը չի թողնի ինչ-որ ոչուփուչի պատճառով: Ես չեմ ուզում իջնել նրա մակարդակին, գնալ, հետը խոսել: Փոխանցե՛ք այդ կնոջը, որ իզուր է ջանում պղտոր ջրում ձուկ որսալ, միևնույն է, ոչինչ չի ստացվի: Թող վերջ դնի ագահությանն ու կրքերին, հանգիստ թողնի ամուսնուս, այլապես իր հետ շատ վատ բաներ կպատահեն:
-Տիկի՛ն Հովակիմյան, ի՞նչ եք ասում, դուք սխալվում եք, գուցե նրանց մասին սուտ լուրեր են տարածել:
-Ո՛չ, ես ինքս եմ լսել նրանց խոսակցությունը: Ավելացնելու ոչինչ չունեմ, այսօր ևեթ խոսե՛ք հետը, հաջողություն:
-Հաջողություն:
< <Մի՞թե դա ճիշտ է: Եթե այո, ուրեմն պրն. Հովակիմյանը Ալլային խաբել է, խոստումներ տվել, խեղճ միամիտն էլ հավատացել է: Գուցե ասել է, որ կնոջ հետ դժբախտ է, ուզում է բաժանվել և Ալլայի հետ ամուսնանալ, նա էլ ամեն ինչ հալած յուղի տեղ է ընդունել, սիրահարվել է: Օ~հ, ի՞նչ անեմ: Լավ, դասերից հետո կգնամ գնամ Ալլայի հետ խոսելու…Դժվար է>>:
….
Ալլայենց մեկ սենյականոց բնակարանը բավական փոխվել էր, վերանորոգումներ էին արվել, նոր իրեր ավելացել: Լիլիթը շփոթված պատերին էր նայում ու չգիտեր, թե ինչից սկսել:
-Ալլա՛ ջան, էս երեխաները տանը չե՞ն:
-Չէ՛, Լիլի՛թ ջան, բակում խաղում են:
-Ավելի լավ:
Լիլիթը շուրթերը հավաքեց, խորը շնչեց, Ալլան զարմացած իրեն էր նայում, պետք էր մի բան ասել:
-Հետդ լուրջ խոսելու բան ունեմ:
-Ի՞նչ:
-Չգիտեմ էլ` ոնց սկսեմ: Հասկանո՞ւմ ես, ինձ համար դժվար է քեզ հետ այդ թեմայով խոսել, մանավանդ, որ ես այլ կարծիքի եմ լսածներիս մասին:
-Ի՞նչ ես լսել:
-Քո և պրն. Հովակիմյանի մասին, ճի՞շտ է:
-Կոնկրետ ի՞նչը:
-Դուք մտերի՞մ եք իրար հետ: Եվ ընդհանրապես, Ալլա՛, ինչո՞ւ ես խոսքը կտուրը գցում: Ասեմ, որ ես քեզ չեմ մեղադրում` ի տարբերություն ուրիշների:
-Ո՞ւմ:
-Ասենք՝ տիկին Հովակիմյանի:
-Ի՞նչ է ասել էդ բարբին:
-Չեմ հասկանում քեզ, գիտե՞ս: Նա էլ քո հասցեին էր վիրավորական խոսքեր ասում, մեղադրում շահամոլության մեջ: Բայց ինձ թվում է, որ պրն.Հովակիմյանն է քեզ մոլորեցրել, երևի սարեր է խոստացել…
-Հրայրը ուղղակի չի խոստանում. նա ամեն ինչ կոնկրետ անում է:
-Ալլա՛, ո՞նց ես խոսում: Ես սկսում եմ քեզ չհասկանալ, դու գիտե՞ս, թե ինչ իրադրություն է ստեղծվել:
-Ի՞նչ իրադրություն,-Ալլան քմծիծաղը շուրթերին կանգնել էր, ու գլուխն անփութորեն հետ գցել:
-Մարդիկ քեզ անբարոյականության մեջ են մեղադրում: Կարող է քանդվել Հովակիմյանների երիտասարդ ընտանիքը, գոնե երեխաներին մեղք չե՞ս գալիս:
-Լիլի՛թ, Կառան երբեք չի թողնի Հրայրին. նա իր կթու կովն է: Հիմա ինչ որ կասեմ, գուցե քեզ անբարոյական թվա, բայց ես չեմ փոշմանում իմ արածի համար ու ոչ ոքի էլ չեմ ափսոսում: Արդա՞ր էր, որ քսան տարեկանում կորցրի ամուսնուս, ինձ ո՞վ ափսոսաց. երբ լիովին մենակ էի` երեխաներին պահելու բեռն էլ ուսերիս: Ես շատ համեստ էի ինձ պահում, բայց մարդիկ շարունակում էին բամբասել, սուտ բաներ հորինել, իսկ ազնվաբարո վարքիցս ո՛չ երեխաներս էին կշտանում, ո՛չ ամենօրյա հոգսս էր թեթևանում: Դեռ երեսուն տարեկան չկամ, բայց ինչ ծանր գործ ասես, որ չեմ արել: Չեմ մտածել անձիս մասին, իսկ իմ տարիքի կանայք… գիշերները սոված ու լացով եմ անցկացրել, միայն թե երեխեքս մի քիչ կուշտ լինեն, շոր ունենան հագնելու, իսկ գիտե՞ս` ես էլ ժամանակին երազել եմ երեխաներիս հոյակապ հագցնելու, զարգացած ու ապահովված մարդիկ դարձնելու մասին: Հիմա հնարավորություն է ստեղծվել, ու ինձ համար միևնույն է, թե ինչ կասեն մարդիկ, որոնք ինձ երբևէ չեն հասկացել ու չեն օգնել, եթե չեն խանգարել:
-Բայց, Ալլա՛, ինչի՞գնով: Քեզ թվում է, թե այս վիճակը հավերժ շարունակվելո՞ւ է:
-Ո՛չ, ինչո՞ւ հավերժ: Ես Հրայրի հետ կապված որևէ հեռահար ծրագիր չունեմ: Չնայած նա միշտ հակառակն է պնդում, բայց ես գիտեմ, որ մի հերթական կին եմ նրա կյանքում: Ուղղակի ես փորձում եմ ճիշտ օգտագործել ինձ տրված հնարավորությունը, որը միայն որոշ ժամանակ է տևելու:
-Իսկ հետո՞:
-Հետոն ոչ ոք չգիտի:
-Հետո էլ մի ուրիշ Հրայր կգտնե՞ս:
-Մի՛ կոպտիր, Լիլի՛թ: Ես ավելի բարոյական ծրագրեր ունեմ: Հուսով եմ՝ այս ընթացքում Հրայրը ինձ համար լավ վարձատրվող աշխատանք կգտնի, և ես այլևս հրայրների կարիք չեմ ունենա:
-Քո տրամաբանությունը ինձ համար որքան ընդունելի, այնքան էլ մերժելի է, ես չգիտեմ՝ ինչ ասեմ:
-Ոչինչ մի՛ ասա: Դու ուղղակի չես կարող պատկերացնել իմ դրությունը ու այդ պատճառով էլ ինձ չես հասկանա: Ես քեզ շնորհակալ եմ, որ իմ մասին մտածում էիր, որ ինձ համար գործ ճարեցիր…
-Ես հիմա արդեն փոշմանում եմ:
-Մի՛ փոշմանիր: Ոչ մի սարսափելի բան չկա ու չի լինի, մեր հարաբերությունները մեր ընտանիքների վրա վատ ազդեցություն չեն ունենա: Կառան շուտով կհաշտվի ամուսնու հերթական սիրուհու առկայության հետ, կսպասի մեր բաժանմանը, որը շատ երկար չի տևի:
-Աստված տա, որ հնարավորինս շուտ աշխատանքի տեղավորվես ու վերջ տաս այդ խայտառակ կապին: Լավ, ես անհետաձգելի գործեր ունեմ, հիմա գնամ:
-Հաջողություն, շտապո՛ղ երիտասարդության ներկայացուցիչ:
-Հաջողություն, Ալլա:
….
Լիլիթը քայլում էր փողոցով, միտքն զբաղված էր օրվա լսածն ու տեսածը վերլուծելով:
< <Երբեք չէի պատկերացնի, որ Ալլան…>>:
Սպիտակ ավտոմեքենան կտրուկ կանգնեց Լիլիթի կողքին: Աղջիկը վաղուց էր նկատել, որ այդ մեքենան իր տեսադաշտում հաճախ է հայտնվում, բայց փորձել էր ուշադրություն չդարձնել: Մեքենայի դուռը բացվեց: Դուրս եկող երիտասարդը մոտեցավ Լիլիթին, ցածրաձայն բարևեց և գլուխը թեթևակի խոնարհեց:
-Օրիո՛րդ Լիլիթ, ես ձեզ նամակ ունեմ հանձնելու:
-Դուք ո՞վ եք:
-Դա կարևոր չէ, իսկ նամակի բովանդակությունը, իրոք, ձեզ համար շատ կարևոր է:
-Ի՞նչ նամակ:
-Վերցրե՛ք, ցտեսություն:
-Ցտեսություն:
< <Լիլի՛թ, ես գիտեմ, որ դու փնտրում ես հորդ: Եթե ուզում ես նրա մասին ստույգ տեղեկություններ իմանալ, ե՛կ ներքևում նշված հասցեով: Ոչ ոք չպիտի իմանա այս մասին, թե չէ հետո ինքդ կզղջաս >>:
< <Սա ի՞նչ է, Աստվա՛ծ իմ: Խա՞ղ է, թակա՞րդ, թե՞հայտնություն>>:
Լիլիթը երկար ժամանակ անշարժ կանգնել էր մայթին: Կողքից սլացող մեքենայի շչակի ձայնն սթափեցրեց նրան: Ցրված քայլերն ուղղվեցին դեպի տուն տանող ճանապարհը:

< <Սիրտս դողում է: Գնում եմ՝ հույս ունենալով, որ ծուղակի մեջ չեմ ընկնի, որ մի նոր բան կիմանամ պապայի մասին: Աստվա՛ծ իմ, ինձ հետ եղի՛ր, ինձ չլքե՛ս, խնդրում եմ: Սա էլ հյուրանոցը: Ի~նչ ճոխն է: Հիշում եմ՝ երրորդ հարկ, երկրորդ դուռ: Իսկ եթե բացեմ, ու խփեն գլխիս, ինչպես կինոներում է լինում: Աստվա՛ծ, էդպիսի բաներ թող չլինեն, խնդրում եմ>>:
Լիլիթի մատները տագնապներից առաջ ընկան՝ սեղմելով զանգի կոճակը:
-Բաց է, մտի՛ր, Լիլի՛թ:
Սեփական անունը դռան հետևից լսելն ավելի անհանգստացրեց աղջկան:
< <Աստվա՛ծ իմ, ինձ հետ եղիր>>:
Հենց միջանցքում կանգնած էր մի լայնաթիկունք տղամարդ: Նա ջերմ ժպտում էր:
-Բարև Ձեզ, պարո՛ն:
-Բարև, Լիլի՛թ, առաջ համեցիր:
Հարյուր տարվա ծանոթի իրավունքով խոսող տղամարդը շատ կասկածելի էր իրեն պահում:
-Պարո՛ն, դուք ճանաչո՞ւմ եք ինձ:
-Իհարկե, դու էլ ինձ ես ճանաչում:
-Պարո՛ն, ձեր ձայնը…բայց դա չի կարող պատահել:
-Ոչ միայն ձայնը, քեզ ծանոթ է նաև իմ արտաքինը, չնայած որոշ չափով փոխվել եմ:
-Ո՛չ, սխալվում եք. ձեր արտաքինով մարդու ես չեմ ճանաչում:
-Դե, ես հիմա կհանեմ ակնոցս, բեղերս ու պարիկս: Ահա՛: Հիմա՞էլ չես ճանաչում:
-Ի՞նչ: Չի կարող պատահել, ինձ թվում է…
-Ոչինչ էլ չի թվում, աղջի՛կս, Լիլի՛թս, ես գիտեի, որ դու կգաս, խնդրում եմ, արի՛ քեզ գրկեմ:
-Պապա՞, դո՞ւ ես:
-Ես եմ, հրեշտա՛կս, արի՛:
-Սպասի՛ր,-Լիլիթը չզգաց, թե ինչպես բարձր գոռաց, բայց սեփական ձայնի տոնայնությունից շշմած՝ գլուխը կախեց:
– Գիտե՞ս` ինչքան եմ հավատացել ու սպասել այս հանդիպմանը,-աղջկա ձայնը խզվել էր,- բայց երբեք այսպես չեմ պատկերացրել: Ինձ թվում էր, թե ես կհուզվեի, կվազեի գիրկդ, ու իրար գրկած երկար կնստեինք, կլացեինք, կարոտներս կառնեինք, կպատմեինք կատարվածը, բայց դու… օտար մարդ ես ինձ համար, ու հիմա ինձ հուզում են միայն այս հարցերը` ո՞ւր էիր, ինչո՞ւ մեզ թողեցիր:
Լիլիթի մարմինը շերտավորվել էր, ու ամեն մի ճաքի մեջ սառույցի բեկորներ էին խցկվել: Գլուխը բացվել ու արձակուրդի էր ուղարկել պարունակությանը: Մնացել էր մի ժապավեն, որի վրա մի շարք հարցեր էին. < <Ո՞ւր էիր, ինչո՞ւ մեզ թողեցիր: Ինչո՞ւ տուն չես եկել, ինչո՞ւ ես միայն ինձ կանչել>>:
-Ճիշտ ես, աղջի՛կս, մի պահ մոռացա տարիների բացը ու մտածեցի, որ կարող եմ հրեշտակներիցս մեկին ազատ գրկել, ոնց որ մի շաբաթով եմ ձեզնից հեռացել ու հիմա եկել եմ կարոտս առնելու:
Տղամարդը ձեռքը տարավ ծխախոտատուփին: Ծխախոտներից մեկն հանելու անհաջող փորձերից հետո բռունցքը խփեց սեղանին, հայացքը թեքվեց դեպի պատուհանը, իսկ ձեռքն ինքնաբերաբար սկսեց տրորել, փշրել ծխախոտի գլանակները:
-Ես կպատմեմ իմ պատմությունը, ու դու ինքդ կդատես ինձ,-սկսեց Սուրենը,- ես քեզ կանչեցի, որովհետև իմացա՝ միայն դու էիր շարունակում ինձ սպասել ու բացի այդ դու ավելի խելացի ես, կշռադատող, կարող ես մյուսներին ճիշտ բացատրել կատարվածը: Իմ այստեղ լինելը խիստ գաղտնիք է, ու ոչ ոք չպիտի իմանա, այլապես ինձ մեծ վտանգ է սպառնում:
-Գուցե սկզբի՞ց սկսես:
-Լավ, սիրո՛ւնս: Գիտես` ընկերներիս հետ գնացինք Ամերիկա` հեշտ ու լավ աշխատանքի հույսով: Բայց ամեն ինչ այդպես գունավոր չէր: Մեզ կանչողի` Գևորգի գործերը վատացել էին, ու նա հրաժարվեց մեզ օգնել: Մենք հազիվ թեթև աշխատանքներ էինք գտնում: Այդ ընթացքում ես ծանոթացա ընկերներիցս մեկի գործատուի` միսիս Կատրինի հետ: Նա սկզբից ևեթ հետաքրքրվեց ինձնով. ուշադիր նայում էր ու քթի տակ ինչ-որ բաներ մրմնջում, բայց ինձ աշխատանքի չվերցրեց: Որոշ ժամանակ անց ես ընկա մի տարօրինակ պատմության մեջ. այն տանը, որտեղ մնում էի, ոստիկաններն հայտնաբերել էին թմրանյութ ու կասկածում էին բոլոր վարձակալողներին: Նույն օրը իմ պահարանում տեսա մի փոքր տուփ` լցված թմրանյութով, շատ զարմացա, որ հետախուզումից հետո ոստիկանները չէին գտել այդ տուփը, հետն էլ սարսափեցի` մտածելով` ինչ կարող է կատարվել ինձ հետ: Այդ օրը ինձ զանգեց ընկերս ու ասաց, որ միսիս Կատրինը լսել է մեր բնակարանում կատարվածի մասին, ուզում է հանդիպել ինձ հետ ու եթե պետք է, նաև օգնել: Ես ուրախացա. դա հույսի նշույլ էր, որ կարող էր ինձ փրկել անսպասելի վտանգից: Մենք հանդիպեցինք, զրուցեցինք այդ թեմայի շուրջ, ես ճիշտ համարեցի Կատրինին ասել նաև ինձ մոտ եղած տուփի մասին, որը հետս էի վերցրել, որ որևէ աննկատ վայրում շպրտեի, չնայած մտածում էի, որ ոստիկանները ինձ էլ են հետևում: Կատրինն ասաց, որ ինքը շատ լավ փաստաբան ունի, ով կարող է հանգիստ կերպով ինձ դուրս հանել ստեղծված իրավիճակից, բայց մինչ այդ ամենը, ես պիտի ապրեմ իր տանը՝որպես իր ընկեր: Ես համաձայնեցի: Դրսից լուրերը Կատրինն էր ինձ բերում, ասում էր, որ գործը շատ լուրջ բնույթ է ստացել, որ շատերին են ձերբակալել, ինձ էլ փնտրում են: Ես վախից ու անկարողությունից քարացել էի, չգիտեի` ինչ անել: Կատրինն ասաց, որ շատ է ուզում ինձ փրկել, որովհետև խելացի և համակրելի տղամարդ եմ, ու միակ բանը, որ ինձ կարող է օգնել, այն է` փոխել անձնագիրս: Պարզ է, ես համաձայն էի: Նա շատ շուտ կազմակերպեց այդ ամենը: Մի օր էլ ասաց, որ ոստիկանները ընկել են հետքի վրա, ուզում են իր տուն գալ, իսկ եթե տանը հայտնաբերեն օտար տղամարդու, կսկսեն կասկածել, կխորանան ու…Ելքը, ըստ Կատրինի, մեր ամուսնությունն էր, որը օրինական էր դարձնելու իմ ներկայությունը Կատրինի տանը և կյանքում: Չգիտեմ` հիմա ինչ ես մտածում, բայց իմ իրավիճակում ես այլ կերպ վարվել չէի կարող, համաձայնեցի: Այնպես դասավորեց փաստաթղթերը, որ մենք արդեն երեք տարվա ամուսիններ էինք ձևակերպվել: Ես նորից լույս աշխարհ դուրս եկա: Մի օր էլ Կատրինն ասաց, որ ինքը չի հասցնում վերահսկել իր բոլոր գործերը և ուզում է իր օբյեկտների ցանցերից մեկը իմ անունով գրանցել: Ես միայն ուրախ էի, մտածում էի` կաշխատեմ, գումար կկուտակեմ, մի մասը Կատրինին կտամ շնորհակալության փոխարեն, մյուս մասն էլ կվերցնեմ ու կվերադառնամ ընտանիքիս մոտ: Բայց…բոլոր թղթերը ստորագրելուց հինգ օր հետո պարզվեց, որ ես ղեկավարելու էի Կատրինի ներհատակյա խաղատների ցանցը, որը օրինական չէր, ու սրանց հետ կապված ամեն ինչ խիստ գաղտնի էր:
Լիլիթի հեռախոսը զանգեց: Նոր իրականության վարագույրը մի կողմ քաշվեց: Լիլիթի ընկերուհին էր, ում զգուշացրել էր իր գաղտնի այցի մասին:
-Ալո, Սո՛ն: Սո՛ն, հետո քեզ կզանգեմ:
-Լիլի՛թ, ես զանգել եմ՝ տեսնեմ ամեն ինչ նորմա՞լ է, վտանգավոր բան չկա՞:
-Չէ՛, չէ՛, հետո կհանդիպենք, կպատմեմ:
-Լավ, Լի՛լ ջան:
Հեռախոսը դնելով պայուսակի մեջ՝ Լիլիթը նստեց աթոռին ու կկոցող աչքերն հառեց հոր երեսին: Դեռ ամեն ինչ պարզ չէր, բայց եղածն էլ ասես մի գրքի պատառիկ լիներ, մոռացված ֆիլմի մի կադր, որ Լիլիթի առօրյայի որևէ մաս կազմել չէր կարող:
-Ի՞նչ էր եղել, աղջի՛կս:
-Ոչի՛նչ: Դու քո պատմությունը շարունակիր, ինձ համար դեռ շատ հարցականներ կան:
-Իհարկե: Էդպես ես ոչ իմ կամքով հայտնվեցի մի աշխարհում, որի օրենքների մասին մինչ այդ պատկերացում չունեի: Այդ ընթացքում ես իմացա ճշմարտությունը` կապված ինձ հետ. երբ ես առաջին անգամ հանդիպել էի Կատրինին, նա այդ ժամանակ շատ խառը դրության մեջ էր եղել, մենակ չէր հասցրել գլուխ հանել ամեն ինչից: Կատրինը որոշել էր գտնել մի խելացի, հավատարիմ մարդու, ով կօգներ իրեն վերահսկելու իր բիզնեսի գործունեությունը: Հենց առաջին հանդիպման ժամանակ նա գնահատել էր իմ խելքն ու ունակությունները, և որպեսզի ես նաև հավատարիմ “ծառա” դառնայի, կազմակերպել էր թմրանյութի հետ կապված այդ ներկայացումը: Նա կեղծ ոստիկաններ էր ուղարկել մեր վարձակալած բնակարան, որոնց նպատակն էր եղել ստեղծել խուճապային իրավիճակ և թմրանյութի նման ինչ-որ փոշի տեղավորել իմ պահարանում: Մնացածը եղել էր այնպես, ոնց այդ խորամանկ ամերիկուհին էր ծրագրել: Ճշմարտությունն ինձ հունից հանել էր, ինձ վրա էլ էի ջղայնացած իմ անճարակության, իմ հիմարության ու մարդկանց հեշտորեն հավատալու և վստահելու համար (չնայած հիմա մտածում եմ, որ շատերը իմ վիճակում ծուղակը կընկնեին. ես շատ քիչ գիտեի անգլերեն, ամերիկյան օրենքներից բան չէի հասկանում և հատուկ թուլություն ունեմ` վստահում եմ կանանց): Կատրինից բացատրություն պահանջեցի. նա չժխտեց իրողությունը, բայց ավելացրեց, որ կոպտելու փոխարեն պիտի շնորհակալ լինեմ, որ ինձ դարձրել է հարստության, գեղեցիկ կնոջ ու փառքի տեր: Ես արհամարհական խոսքեր շպրտեցի նրա հասցեին ու ասացի, որ հիմա այլևս ինձ ոչինչ չի պահում իր մոտ, ու ես պատրաստվում եմ վերադառնալ իմ հայրենիք: Նա լկտիաբար հռհռաց` ասելով, որ դա անհնար է: Ասաց, որ իր մոտ կան այնպիսի փաստաթղթեր, նկարներ ու տեսագրություններ, որոնք եթե տրվեն ոստիկանությանը, այս անգամ ես հաստատ կհայտնվեմ բանտում, որտեղ կանցկացնեմ մնացած ամբողջ կյանքս: Ես պահանջեցի, որ նա ինձ տա իր նշած ապացույցները, որպեսզի ես համոզվեմ նրա խոսքերի իսկությանը: Մի ժամից նա ինձ ուղարկեց ամեն մեկից մի-մի օրինակ, որոնք ես ցույց տվեցի ինձ ծանոթ ու վստահելի մի փաստաբանի: Փաստաբանը հաստատեց Կատրինի ասածը, նա նաև ասաց, որ ես դժվար թե կարողանամ ապացուցել Կատրինի մեղավորությունը, որովհետև համապատասխան նյութեր չունեմ, բացի այդ էլ ցանկացած դեպքում ես ցմահ բանտարկության կարող եմ ենթարկվել: Ես գազազել էի, գժվում էի, բայց որևէ բան անել անկարող էի: Ստիպված էի նորից մնալ Կատրինի մոտ` նրանից հավերժ կախվածության մեջ: Այդ կինը ինձ նաև զգուշացրեց, որ եթե ես փորձեմ փախչել, նա ինձ սպանել կտա: Այդպես ստրկական կախվածության ու ենթադրյալ ազատության մեջ ես անցկացրի ևս մի քանի տարի: Առողջությունս սկսեց քիչ-քիչ վատանալ, գնացի բժշկի մոտ, ու պարզվեց, որ ես անբուժելի հիվանդ եմ, ու ինձ ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել:
-Ինչպե՞ս, մի՞թե դա ճիշտ է:
-Ճիշտ է, հրեշտա՛կս, ճիշտ է: Բայց գիտե՞ս, ես բնավ չտխրեցի, ընդհակառակը, ուրախ էի, որ շուտով Աստված ինքը վերջ կդնի իմ անիմաստ գոյությանը, բայց մինչ այդ համարձակություն ձեռք կբերեմ կատարելու տարիների իմ բաղձանքը: Ես հնարամիտ մի ծրագիր մշակեցի, ու Իսպանիայում գտվող ընկերոջս օգնությամբ մենք իրագործեցինք այն: Ծպտված վիճակում հասա Հայաստան, որտեղ ընկերոջս տղան, որ եկել է այստեղ բժշկական համալսարանում սովորելու, օգնեց ինձ տեղավորվելու հյուրանոցում և տվյալներ հավաքելու ընտանիքիս մասին: Շատ գովելի երիտասարդ է, դու նրան կճանաչես, քեզ իմ նամակն էր բերել:
-Ուրեմն նամակաբե՞րն էր:
-Հա: Ես գրեթե ամեն ինչ գիտեմ ձեր մասին: Անասելի տխրեցի մամայի մահվան համար. այդպես էլ չկարողացա մորս մի վերջին անգամ գրկել, բայց մտածում եմ` շուտով էն աշխարհում իրար կհանդիպենք ու փափագներս կառնենք:
-Էդպես մի՛ ասա, գուցե բուժվում ես, մեզ մոտ բժշկությունը շատ զարգացած է:
-Կարենն էլ է բժիշկ, այս տարի է ավարտում: Իր դասախոսի մոտ էլ տարավ նույն ախտորոշումն է, բայց դու մի՛ տխրիր, այս կարճ ժամանակամիջոցում ես պիտի, պիտի վերագտնեմ կորցրածս:
-Պապա՛, ի՞նչ ես մտադիր անել:
-Պապա՞, վերջապես ինձ պապա ասացիր: Ես խնդրում եմ քեզ, իրավիճակը բացատրի՛ր տնեցիներին. եթե նրանք ներեն ինձ, թող հերթով այցի գան, իրար տեսնենք, կարոտներս առնենք: Բայց ինչ էլ որ անեք, Կարենի հսկողությամբ արեք, նա շատ զգույշ է ու ձեզ էլ չի թողնի որևէ վտանգավոր քայլ անել:
-Լավ: Դու կարծում ես` մե՞զ էլ է վտանգ սպառնում:
-Ամեն ինչ էլ սպասելի է, չնայած Կատրինն էլ գիտի, որ անբուժելի եմ ու հույս ունեմ` շատ ջանքեր չի թափի ինձ հետ տանելու համար:
-Հուսանք:
-Արի մի քիչ էլ քեզնից խոսենք: Գիտեմ, որ լավ ես սովորում, որ մեծ ապագա ես ունենալու: Քեզ ու Մոնայի համար հաշիվ եմ բացել բանկում: Ձեր հաշվեկշռին բավականաչափ գումար կա` լավ ապագայի համար: Նաև գիտեմ, որ մի երիտասադի հետ ես հանդիպում: Սիրո՞ւմ ես նրան:
-Էի:
-Ի՞նչ է եղել:
-Ոչինչ, ամեն ինչ անցած է:
-Պարզ է: Աղջի՛կս, դու չասացիր` ինձ ներո՞ւմ ես:
-Իսկ այլ տարբերակ ունե՞մ:
-Ո՛չ,-Սուրենը թեթևացած ծիծաղեց,- դե, վերջապես կգաս մի կուշտ գրկեմ քեզ:
Ոտքերը Լիլիթից առաջ ընկան:
….
Թռչունը թևին էր տալիս ու պտտվում տան շուրջը: Փետուրներն ընկնում էին տերևների խրձերի մեջ ու խառնվում խշխշոցի հնչյուններին: Հնչյունները երգ էին դառնում ու հոսում ընտանիք վերադարձած Սուրենի տան պատերի ու հատակի վրայով:
Աշունը ձմեռ էր դառնում, ձմեռը՝ գարուն, թռչունները վալս էին պարում օդում ու թափվող փետուրներով զարդարում ձյան մնացորդներից ազատված բակերը: Սուրենի ընտանիքում սերն ու ջերմությունը թև թևի տվել, միացել էին թռչունների պարին:
Ամենաերջանիկ վայրկյաններին Լիլիթը կիսաձայն շշնջում էր. < <Աստվա՛ծ իմ, թող պապաս մի քիչ էլ մեզ հետ մնա, ախր այնքան երկար ենք անհայր մնացել>>:
Ժամանակային ըմբռնումները հարաբերական են… Մայիսի սկիզբն էր, երբ Սուրենը ուժեղ նոպաներ ունեցավ: Մինչ Կարենի գալը, նրա հոգին արդեն անցել էր անիմանալիի դարպասները:
….
Ճոճաթոռը հետուառաջ էր անում՝ տարուբերելով Լիլիթին: Աղջիկը ձեռքի հետ քաղում էր խոտերը ու շաղ տալիս ուր պատահեր: Հայացքը մխրճվել էր մոխրաերկնագույն զանգվածի մեջ, աչքերը կտրել-անցել էին բոլոր պատնեշներն ու հասել անսահմանության տիրույթներ:
Մտքերը սլանում էին ամպերի հետ, ապա ծառս լինում ու խորանում գոյի ու անգոյի բոլոր ծակուծուկերը:
< <Պապան էլ մեզնից հեռացավ: Ցավալի է, ես երբեք չէի ուզում համակերպվել այդ մտքի հետ, բայց սկզբից էլ ամեն ինչ պարզ էր ու անխուսափելի: Նա հասցրեց կատարել իր ցանկություններից նվիրականներն ու գնաց, ոնց ինքն էր ասում` միանալու տատիկին: Պա՛պ ջան, մի օր մենք էլ ձեզ կմիանանք: Մի օր, երբ կվերջացնենք կատարել մեր անելիքը, այն միսիան, որի համար աշխարհ ենք եկել, կհեռանանք այստեղից և կգանք ձեզ մոտ: Տեսնես այլ աշխարհնե՞ր էլ կան, զուգահեռ իրականություննե՞ր, այլ մոլորակնե՞ր, չգիտեմ, բայց ինչքան էլ մեր երկիրը ապրելու համար լավագույն վայրը չլինի, միևնույն է, բոլոր աշխարհները թափառելուց հետո էլ ես կարծում եմ, որ սիրով կուզեի մի կյանք էլ ապրել մեր մոլորակում: Չնայած բոլոր դժվարություններին ու տհաճություններին`այնքան ձգող ու գրավիչ է…Է~հ, Լիլի՛թ, Լիլի՛թ,, նորից սկսեցիր անիմաստ փիլիսոփայել, ավելի լավ է գնա՛ ու թեյդ խմիր… >>:
Ճոճաթոռը շարունակում էր օրորվել, իսկ մոխրաերկնագույն զանգվածն իր մեջ էր առել Լիլիթի ճմրթված ժպիտն ու աներիզ մտքերը և ծածուկ պահել ամենախորը ծալքերում:

ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
**
Ճմռթված ժպիտ՝ Գլորվող Ճամփեքին
Եթե գուշակ Կալխասը գրադարանից դուրս գալուց առաջ ինձ հանդիպած լիներ, հաստատ կասեր, որ մինչև տուն հասնելս հանդիպելու եմ անսովոր անցորդին, որը գալու է աչքերը ճպճպացնելով և ոտքերը քսքստացնելով, բացելու է անցյալի թաքնված մի տուփ, որը ես ամուր կողպել ու դրել եմ մտքերիս պահարանի ամենահեռու մի անկյունում: Նրա թմրած դեմքին նայելով՝ հիշելու եմ մանկապարտեզի մեր խաղընկեր Սաշային ու տրորված օրս: Չնայած Սաշայից ի՞նչ խաղընկեր: Տռզած փորով, ծույլ ժպիտով ու քթի մշտահոս վտակով այդ տղան ամեն անգամ կամ ծեծվում էր, կամ բոլորից հեռու մի անկյունում առանձնանում: Շատ էի խղճում նրան, մինչև…Հա-հա-հա՜:
Ու այսպես քանդվելու է հիշողությունների կծիկը…
Փողոցով մեկ գլուխկոնծի տվող տերևների նման մտքերս հետ-հետ գնացին, գլորվեցին տարիների ծուռումուռ աստիճանների վրայով: Սաշային հիշեցնող տղան բացել էր ոչ սիրելի դարակներիցս մեկն ու չարաճճի կատվի պես քանդել հիշողություններիս կծիկը:
Մանկապարտեզը չէի սիրում: Որոշ երեխաների պես այնքան երես առած չէի, որ հաշվի չառնեի դաստիարակների ասածներն ու մյուսներին ծեծեի, ստորացնեի, բայց գոնե այնքան հպարտ էի, որ կարողանում էի հարգանքս չկորցնել:
Սաշան վաղուց կորցրել էր հարգանքը բոլորի աչքում: Ով ուզում էր ինքնահաստատվել, Սաշային տեղը տեղին դնգստում էր: Անհնար էր գոնե մի քանի խոսք չշպրտեին կեղտոտ քթի ու ուռած փորի հասցեին: Սաշան միայն ծեծվելիս էր լացում. արցունքի հոսքը խառնվում էր քթից հոսող կանաչավուն մասսային ու բերանքսիվայր ցած թափվում:
Երբ վիրավորում էին, ծուռ հայացքով նայում էր ասողներին, գլուխը կախում և գնում անկյուն փնտրելու:
Երբեք մտքովս չէր անցնի նրան վիրավորել՝ չնայած այն հազվագյուտներից մեկն էր, ում հանգիստ կարելի էր հեգնել ու անպատասխան մնալ. անգամ դաստիարակներին չէր ասի: Մտածում էի, որ ներսն է գցում, տանջվում է, ու ինքս էլ վատ էի զգում իր փոխարեն, բայց այնքան համարձակություն չունեի, որ դեմ գնայի վիրավորողներին, որ խանգարեի ամենօրյա տրագիկոմեդիայի ցուցադրմանը:
Մտածում էի՝ կաթիլ-կաթիլ կուտակված վիրավորանքը լցվել է փոքրիկ երեխայի մտքի ծալքերը ու մի օր կպայթի, բայց այդ օրն այդպես էլ չեկավ: Չէր էլ կարող գալ: Սաշայի մտքի ծալքերում ոչինչ էլ չէր կուտակվում. Դրանք մակերեսային հպումներ էին, որ փոթորկելու ուժ չունեին:
Ա՜, հիմա որ հիշում եմ, հասկանում եմ, որ դեռ փոքրուց եմ այս զզվելի բնավորությունն ունեցել. ամեն ինչ ոչ միայն կուտակել եմ մտքիս ու հիշողությանս վերմակների ամենաներսում, այլև փող պահած տատիկի պես ամեն գիշեր քնամքով հանել, շոշափել, դրել ու վերցրել:
Է՜հ, Սաշա՛, Սաշա՜…
Այդ օրը մայրիկն ասել էր, որ քեռիենց տուն կգնա: Կգա, մեզ կվերցնի, հետը կտանի, կամ էլ քեռիին կասի, որ ինքը գա, վերցնի:
Հետճաշիկի անհետացող հոտն հուշում էր, որ շատերն արդեն գնացել են, որ իմ հետևից ոչ ոք չի եկել:
Առաջին անգամն էր, որ տուն գնալիս վերջինն էի: Փոքրիկ սիրտս կծկվել էր: Խոնավ ու ամպոտ օրվա նման, որ ամեն պահ խոստանում է անձրև տեղալ, ես էլ լացելու պատրաստ կանգնել էի:
Ահա և եկավ Սաշայի հայրիկը: Այդ պահին նկատեցի, որ բացի ինձնից Սաշան էլ կար, նա էլ դեռ տուն չէր գնացել: Սաշայի հայրիկը դաստիարակին մոտեցավ, փսփսացին, հետո ինձ մոտեցան.
-Անի՛ ջան, մայրիկդ քեռիիդ տանն է: Սաշայենք քեռուդ հարևանն են: Սաշայի հայրիկին խնդրել են, որ քեզ տանի քեռուդ տուն: Դե, գլխարկդ վերցրու և գնա,-ասաց դաստիարակը՝ երևի մտքում ուրախանալով, որ աշխատանքային օրը մոտենում է ավարտին:
Ես ավելի խեղճացա, ամպոտվեցի: Ինձ միշտ ծնողներս էին տուն տանում, իսկ հիմա…
Սաշայի հայրիկն ուրախ ժպտաց որդուն, շոյեց գլուխն ու ձեռքը բռնելով՝ առաջ ընկավ: Ես ասես չկայի: Ուրվականի պես հետևներից ընկա: Սաշան սկզբում թույլ ժպտում էր հորը, երբ մի փոքր հեռացանք մանկապարտեզից, սկսեց խոսել, ցածր ձայնով ինչ-որ բան էր պատմում: Մի փողոց անցնելուց հետո Սաշայի ձայնն ավելի բարձրացավ, խոսելիս անգամ հռհռում էր: Ինչքան մոտենում էինք իրենց տանը, այնքան ավելի էր ոգևորվում: Սկսեց ցատկոտել, երգել:
Ստվերս անորոշությունից ձուլվել էր ուրվական մարմնիս ու մի ամբողջություն դարձել:
Սաշայենց դարպասը, որն իր մեջ էր կլանել բոլոր կեղտագույները (հա՜-հա՜, կամ իմ նախատրամադրվածությունն էր պատճառը), բացվեց ու իր հսկա երախում կուլ տվեց Սաշայի չաղլիկ մարմինն ու ծույլ ժպիտը:
Մինչ նույնը կկատարվեր նրա հայրիկի լողլող կերպարի հետ, նա հասցրեց ասել.
-Աղջի՛կ ջան, դու այստեղ սպասիր, շուտով մենք կգանք:
Հավերժությունը երևի ամենահարաբերական հասկացություններից մեկն է: Ինչքան թիթեռի ու մարդու համար այն լիովին տարբեր կարող է լինել, այդպես էլ հենց տարբեր մարդկանց համար: Սպասումից է կախված:
Անհամբերությանս կառչուն թելիկները կախվել էին սպասումի երկար հյուսքերին ու ջղաձգված այսուայնկողմ էին քաշքշում: Ամեն մի պոկվող խոտի, տերևի հետ սիրտս ավելի էր կծկվում, իսկ կեղտագույն երախը համառորեն փակված էր:
Պպզել էի ձեռքերովս սարքած հողակույտի մոտ, երբ հետևիցս ատամների կափկափոցի ձայն լսեցի: Շուռ եկա. Սաշան էր: Մատնաքաշ հացի մի կողքը ձեռքն էր առել, հացի միջից երևում էին երշիկի փայլող շերտերը: Սաշան լայն կտորներով խժռում էր հացն ու ինչ-որ բան ասում:
-Ի՞նչ ես ասում, չեմ լսում,-հարցրի ես:
-Պապան ասում է, դու մի քիչ էլ սպասիր, ինքն հիմա կգա,-ծամվող կտորների միջից դուրս թռան բառերը:
Մինչև հիմա, ամենակուշտ պահիս անգամ, երբ հիշում եմ Սաշայի երշիկով մատնաքաշը, բերանիս ջրերը գնում են: Իսկ այդ ժամանակ շատ քաղցած էի՝ փիղ ուտելու չափ քաղցած, չսիրածս ճաշն անգամ ուտելու չափ քաղցած, Սաշայենց չարված հյուրասիրությունը շատ պնդելու դեպքում ընդունելու չափ քաղցած:
Երբ ես նայեցի, Սաշան ճմռթված ժպտաց, լիզեց յուղոտ շրթունքներն ու ցատկելով հեռացավ:
Այլևս չէի սպասում ոչնչի, ոչ մեկին. ժամանակը սպառել էր ակնկալիքներս, ու ես ուղղակի կանգնած էի՝ լուռ, ուղեղս անջատած:
Հետաքրքիր է, որ այս պատմության վերջը բնավ չեմ հիշում: Կծիծաղեք, չէ՞, որ հինգ տարեկան մանկապարտեզի սանը բոլոր մանրամասներով հիշում է դեպքը մինչև գլխավոր պահն ու մոռացել է կարևորը՝ ոնց հասավ տուն:
Իսկ գո՞ւցե այդ մասն իրականում կարևորը չէր, թե չէ ինչպես կմոռանայի: Գո՞ւցե շիկացած երկաթի դաջումները վերաբերում էին միայն այնքան մասին, մինչև ուղեղս չէի անջատել… —-Գո՞ւցե…
-Կարևոր չէ…
Երկու զուգահեռ սյուժեներ են պտտվում գլխումս: Ըստ առաջինի՝ լավ ընթրելուց հետո Սաշայի հայրիկը վերջապես դուրս էր եկել տնից ու ինձ տարել քեռուս տուն: Ըստ երկրորդի՝ մերոնք տեսնելով, որ շատ եմ ուշանում, քեռուս ուղարկել էին իմ հետևից, նա էլ ինձ գտել էր հարևանի դարպասի առջև քարացած կանգնած, ձեռքս բռնել ու տարել իրենց տուն:
Մի օր մայրիկին կարելի է հարցնել, թե ինչպիսի լուծում էր ունեցել այդ օրը: Հա՛, միտքս պահեմ, որ անպայման հարցնեմ:
Դե՛, Կալխա՛ս տղա, որ հանդիպեիր, ի՞նչ էիր գուշակելու: Կարող էիր ասել.
-Այդ ամենը կհուշի քեզ, որ գալու է անինքնասիրության ժամանակաշրջանը: Զգո՛ւյշ եղիր, պահպանի՛ր դեմքդ:
Կամ՝
– Միշտ հիշիր անցյալիդ դասերը, որ ապագադ ճիշտ կառուցես:
Լա՛վ, Կալխա՛ս, բայց ի՞նչ դաս, ի՞նչ անցյալ, ի՞նչ ապագա:
Տեսնես հիմա Սաշան ամուսնացե՞լ է: Գո՞ւցե մի տղա ունի, ում արդեն մանկապարտեզ է տանում, հետն էլ ճանապարհին պատմում իր մանկական հերոսություններից: Հա-հա-հա…
Մեր հեքիաթազուրկ իրականության մեջ դու դժվար հայտնվեիր, Կալխա՛ս, բայց թե միտքդ փոխես, հանգիստ կարող ես ինձ այցելել: Ես Հերակլը չեմ, որ մի աննշան սխալի համար թրով տամ-սպանեմ քեզ, չէ՜…
Փողոցով մեկ գլուխկոնծի տվող տերևների հետ մտքերս էլ խառնիխշտոր առաջ էին շարժվում: Ես վաղուց անցել էի մեր շենքի մուտքը, բայց ոտքերս միացել էին մտքերիս ու անկանոն թռիչքի ուղին բռնել:

ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
**

Կոտրված ապակիներ
-Սա ի՞նչ է,-ճղճղաց բուլղարուհին՝ նայելով դիմացը դրված ափսեին:
-Դոլմա է, տիկի՛ն:
-Եվ սրան դուք դոլմա՞ եք անվանում՝ այս ջրախառն մասսայի՞ն,-շարունակում էր գոռգոռալ կինը՝ անգլերեն բառերով պայթեցնելով հայկական ռեստորանի տուրիստաֆիկացված մթնոլորտը:
Մատուցողը մի քայլ հետ գնաց, բայց պատասխանատվությունից խուսափել հնարավոր չէր:
-Այո՛, տիկի՛ն, դոլմա է՝ մեր ազգային կերակուրներից է: Դուք փորձեք և կհամոզվեք՝ շատ համեղ է:
Բուլղարուհին նայեց մատուցողին, փնչաց ու ձեռքն առավ պատառաքաղը:
Մատուցողն սպասում էր:
-Թո՛ւ, ո՞նց եք հաջողեցրել այս համեղ կերակուրն այսպես փչացնել, հը՞, շատ հետաքրքիր է: Մի օր Վառնա կգաք, կհյուրասիրեմ, կիմանաք հայկական դոլման ինչ է: Գոնե սխտորամածուն բերեիք հետը:
-Դուք սփյուռքահա՞յ եք, տիկի՛ն:
-Ո՛չ, ես բնիկ բուլղարուհի եմ: Ե՞վ, ի՞նչ է փոխվում:
-Ոչինչ, տիկի՛ն, կներեք, եթե ինչ-որ բան ձեր սրտով չէ:
-Կանչե՛ք մենեջերին:
Մատուցողի մաշկը ձգվել էր, դեմքը երկարել: Այլ ելք չկար. պատկառելի տիկինը կարող էր ավելի զայրանալ:
Մի քանի րոպե հետո երևացին ռեստորանի՝ լայն ժպիտով մենեջերը, և նրան ուղեկցող մատուցողը՝ սկուտեղի վրա դրված գինին ու գավաթները ձեռքին:
Տիկնոջ հետ բառ փոխանակել չէր ստացվում:
Մենեջերն անցավ ծրագրի երկրորդ մասին:
-Հարգելի՛ տիկին, մենք հիմա ձեզ երեսուն տարվա հնեցմամբ հայկական գինի կհյուրասիրենք: Հավատացեք՝ անչա՜փ գոհ կմնաք:
-Ո՛չ, շնորհակալություն: Տվե՛ք հաշիվը:
Մենեջերի մասնագիտական հմտությունները ոչ մի դեր չխաղացին:
-Տոմա՛, վե՛ր կաց, գնում ենք:
Հայացքներն ուղղվեցին դեպի երիիտասարդը, ում մինչ այդ չէին էլ նկատել:
Տոման հանգիստ վեր կացավ, գլուխը թեթև խոնարհեց և հետևեց կնոջը:
-Պառավի՜ն տես, հետևից գցած ջահել սիրեկանին տես,-նետեց մենեջերը:
-Հա՜-հա՜-հա՜,-հռհռաց մատուցողը, որ դեռ կանգնած էր սեղանի կողքին:
Կինը թեքվեց, ծուռ նայեց երկուսին էլ և, անգլերեն շպրտելով «Հիմա՛ր անդաստիարակներ, գիտեն, թե միայն իրենք են հայերեն հասկանում», թևանցուկ արեց երիտասարդին ու դուրս եկավ:
….
Հանդիսությունների մեծ դահլիճը շողում էր լույսերի առատությունից, որոնք պրոյեկտվում էին այնտեղ շարունակ պտտվող հայ և արտասահմանցի մեծահարուստ գործատերերի ու տիրուհիների արդուզարդի վրա՝ շլացնելով լուսաճառագայթների խաղով:
«Շատ լավ է, երկու ժամում երկու հաջող գործարքի պայմանավորվածություն, ապրես, Միրրելկա»,-քթի տակ ինքնագոհ ժպտալով՝ մտածում էր «Վառնա տուրիզմ» ընկերության սեփականատեր բուլղարուհին:
-Վեներան երկնքից իջել և մենա՞կ է մնացել, այս ի՞նչ բան է: Թույլ չեմ տա մտածելու՝ հայ տղամարդիկ այդքան անուշադիր են-ասաց մի երիտասարդ՝ կոնյակի երկու գավաթ ձեռքին մոտենալով Միրրելային:
-Գեղեցկությունը տրված շնորհ է: Մարդկանց մասին կարծիք կազմելիս դրան վերջում անդրադարձիր, ջահե՛լ,-բուլղարուհին քմծիծաղ տվեց, կում արեց երիտասարդի բերած կոնյակից ու ցածրաձայն շարունակեց,-ինձ մենակ երբեք չեն թողնում, եթե ինքս չուզեմ մենակ մնալ:
-Ըըը… ոնց հասկացա խանգարում եմ, այո՞,-երիտասարդը շփոթված էր:
-Ճիշտ եք հասկացել,-լայն ժպտալով պատասխանեց կինը:
«Մենակ թափովների հետ ես տալիս-առնում, հա՞, պառավ»,-արդեն հայերեն փնթփնթալով՝ ասաց ջահել տղամարդն ու հեռացավ:
«Չէ՛, բա, քեզ նման սկսնակների, որ հարուստ պառավ (ինձնից ի՞նչ պառավ, նեղացկո՛տ հիմար) են ուզում գտնել ու առաջ գնալ»,-իր մայրենի լեզվով ավելացրեց բուլղարուհին, բայց երիտասարդն այդ լեզուն ոչ միայն չէր կարողանա հասկանալ, այլև արդեն բավական հեռացել էր:
Կիսամութը, կիսասովը, բթացած ուղեղը, բթացած զգայարանները, երեք տղամարդիկ…
«Զզվելի՛ նկուղ, էլի միտքս քեզնո՞վ արեցիր, աաաա, ե՞րբ եմ վերջապես մոռանալու»:

-Բայց ինչո՞ւ են հայ հարուստները միշտ ուռած փորերով, իրենց առողջության մասին չեն մտածում, ի՞նչ է,-բուլղարերենով բարձր ասաց Միրրելան՝ տեսնելով իրեն մոտեցողին:
-Ի՞նչ էիք ասում, թագուհի՛,-անգլերենով հարցրեց վերջինս:
-Ասում էի, որ շատ լավ մթնոլորտ է, շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին, մանավանդ՝ գործարար,-վերջին բառերը ձայնի խորամանկ ելևէջներով քաղցրացնելով՝ անգլերենով պատասխանեց կինը:
-Բա մենք ձեզ ո՜նց ենք սիրում՝ ամառներն ու ձեր ծովափերը վկա,-հռհռաց տղամարդը,-բայց ես արդեն շտապում եմ, գո՞ւցե գնանք:
-Մեկ րոպեից, ես մի քանի կարգադրություն անեմ օգնականիս ու գնանք:
Միրրելան շտապ քայլերով մոտեցավ սեղանների մոտ միայնակ կանգնած Տոմային:
-Տոմա, սիրելիս, ես Հարությունյանի հետ եմ գնալու, գիշերն ինձ չսպասես: Լա՜վ, մի՛ նեղացիր, քոթո՛թ, դե, գիտես, որ պետք է, դե՛, առաջին անգամ չէ, սովորած պիտի լիենիր արդեն, գիտես, որ պարտքի տակ չեմ մնա:
-Լավ, սկյուռի՛կ, ինչպես ասես:
-Դե, չմոռանաս, վաղն առավոտյան վարորդին կասես, որ յոթի կողմերը գա, գնալու ենք Սևանա կղզի, ես մինչ այդ մեր համարում կլինեմ:
-Եղավ:
Միրրելան մի քանի րոպեից արդեն լքեց սրահը, շատ չանցած՝ նրան միացավ Հարությունյանը:
Կիսամութը, կիսասովը, բթացած ուղեղը, բթացած զգայարանները, երեք տղամարդիկ…
….
Փոքր աշխատասենյակում եռուզեռ էր: Սեղաններին արկղերին էին դրված, այևս տեղ չկար, իսկ դեռ հինգ արկղ էլ պիտի ներս բերեին:
-Բորի՛ս, ե՛կ, մենք սկսենք արկղերը նկուղ տանել, մինչ Կոնստանտենք մնացածը կբերեն: Անտո՛ն, Դանիե՛լ, առա՛ջ ընկեք,-ասաց Կարենը:
-Կարծում եմ՝ ես էլ կարող եմ ձեզ օգնել,-ուրախ ժպտալով առաջ եկավ Միրրելան,-տեսե՛ք, այս մի արկղը շատ թեթև է, արկղ չէ, արկղիկ է, ա՛յ, տե՜ս, Կարե՛ն:
Կարենը մռայլված շուռ եկավ: Կնոջ դեմքը լողափին փայլող արևի պես իրեն էր նայում: Ժպիտի մեջ կայծոռիկներ էին թռվռում:
-Միրրելկա՛, գա՛նձս, դու կարող ես սենյակում մնալ, մենք արագ հետ կգանք:
-Իսկ եթե ես շա՞տ եմ ուզում գալ:
Միրրելան ու Կարենը երկու ամիս առաջ էին ամուսնացել: Երեք տարի ընկերություն էին արել, բայց հանդիպումները կախված էին Երևան-Վառնա թռիչքի ու Կարենի գրպանի ընձեռած հնարավորություններից: Զույգի ցանկությունը Վառնայում Կարենին աշխատանք գտնելն էր: Կես տարի առաջ էր, որ Կարենի հորաքրոջ որդին «Վառնա տուրիզմ» ընկերության համակարգչային մասնագետի թափուր տեղի մասին էր տեղեկացրել, շատ չանցած Կարենն արդեն իր աշխատանքն ուներ:
Այդ ժամանակ էր, որ երիտասարդը Սևանից տեղափոխվեց Վառնա, բնակարան վարձեց ու մի քանի ամիս հետո Կարենի ու Միրրելայի հարաբերություններն ստացան պաշտոնական բնույթ, օծվեցին ծիսական կարգերով, օրհնանքներով ու բարեմաղթանքներով: Նրանք երջանիկ էին:
Միրրելան նոր էր ստացել տնտեսագետի որակավորում, սակայն հարմար աշխատանք չէր գտնում: Կարենին թվում էր, որ կինը չի էլ փնտրում, որովհետև նրա ուշքն ու միտքը ամեն վայրկյան ու բոլոր հնարավոր տեղերում ամուսնու կողքին լինելն էր:
-Կարե՜ն, մեր անցյալի բաց դարակներն ամեն վայրկյան լցնել է պետք: Գիտե՞ս՝ կուզեի մեզ իրար կապեին, որ ամեն տեղ միասին լինեինք:
Կարենը նման պահերին անձայն ժպտում ու համբուրում էր կնոջ քիթիկը:

-Երդում կուտեմ, որ շատ եք ձգձգում, տղե՛րք: Կարե՛ն, գնացինք, Անտոնենք հիմա հետ կգան,-իրար վրա դրված երկու արկղ վերցնելով՝ ասաց Բորիսը:
-Ըհը՛, գալիս ենք, առա՛ջ ընկիր:
-Իսկ ե՞ս, գայլո՛ւկս:
Միրրելան մեղավոր կատվի հայացքով նայում էր ամուսնուն:
-Դու էլ արի: Բայց զգույշ, քեզ չվնասես:
Կայծոռիկները նորից լցրին սենյակն իրենց չարաճճի լույսով: Չորսով վերելակ նստեցին: Ինը հարկը ժամանակային մի քանի վայրկյան դարձնելուց հետո նրանք մոտենում էին նկուղին: Տղաների կատակներին վերջ չկար, իսկ Միրրելան անվերջ քրքջում էր:
Անտոնն ու Դանիելը դեռ նկուղում էին: Նրանք մի անկյունում հարմար տեղ էին գտել ու շարել արկղերը: Վերջնական դասավորությանն էին նայում, երբ Կարենենք մոտեցան: Դեռ չէին հասել անկյունին, երբ… տարածությունն հանկարծ հարաբերական դարձավ: Կոնվենյերի վրա գլորվող կոնֆետների պես երիտասարդները աջուձախ էին հրվում՝ կորցրած հենման կետը:
Քաոսը բացել էր դռներն ու ամեն ինչ ձուլում էր իրեն:


Ականջներում աղմուկի, հարայ-հրոցի պարկեր էին կուտակվել: Գլխում ահավոր բզզոց էր, բայց ամեն կերպ ձգտում էր բացել աչքերը:
«Վա՜յ, մամա՛ ջան, այս ինչ է եղել, մարմինս ինձ չի ենթարկվում»:
Միրրելան հազիվ իրարից պոկեց մագնիսի պես ձգվող կոպերը:
«Այս ինչ հիմար երազ է: Էլի երազից երազ եմ ընկել»:
Ծանրացած մտքերն ու կոպերը ճահճի պես քաշում էին նրան: Չզգաց՝ ինչպես անջատվեց:

Ծանր բեկորները փլվել էին, հենվել երկաթյա դռանը, դուռը ճկվել, ծռմռվել էր: Նկուղի օդը խեղդող էր. փոշու բարձիկները թիկնել էին սյուներին, իրերին, բերանքսիվայր ընկած մարդկանց մարմիններին:
Ավազի ու կրի հոսած վտակների վրա ուշագնաց ընկել էին երեք երիտասարդներ, մի քիչ ձախ՝ կրակույտի խառը զանգվածից զույգ ոտքեր էին դուրս ցցվել, մարմինը չէր երևում, մի փոքր այն կողմ՝ անկյունում, անկանոն շպրտված արկղերի վրա երևում էին ևս երկու երիտասարդների՝ կողքի ընկած մարմիններ:
Դռան հետևից ահավոր դղրդյունի ձայնը ցնցեց գետնին ուշագնաց ընկած երիտասարդներին: Առաջին բանը, որ զգացին, ծանրացած մարմինների անկառավարելիության փաստն էր:
-Կարե՜ն, գայլո՛ւկս, ո՞ւր ես:
Միրրելայի ձայնը խեղդված էր:
Արկղերի մոտ թփթփոց լսվեց:
-Երդում կուտեմ, չեմ հասկանում՝ ինչ եղավ,-փնթփնթում էր Բորիսը:
-Միրկա՛, ո՞նց ես, հո չե՞ս վնասվել, ասա՛, ո՞նց ես,-Կարենը հենվել էր արկղերին ու փորձում էր դեպի կինը շարժվել:
-Գայլո՛ւկս, չգիտեմ, թե ոնց եմ, դու քեզնից ասա, դու ո՞նց ես, հո վիրավոր չե՞ս:
-Չէ՛, նորմալ եմ:
Կարենը մոտեցավ Միրրելային, ով արդեն նստել էր՝ հենվելով փոշեկույտին:
Նրանք գրկել էին իրար. արտասվում էին:
Բորիսը Անտոնին ու Դանիելին օգնեց ոտքի կանգնելու: Անտոնի ձախ քունքը բացվել էր, արյունը նեղ վտակով հոսում էր: Դանիելի աջ ձեռքի մկաններն էին կծկվել, ձախով անընդմեջ շփում էր:
-Տղե՛րք, բա Կոնստանտն ո՞ւր է, երդում կուտեմ՝ ինքը հասցրել է նկուղից դուրս թռնել,-ասաց Բորիսը:
Բորիսի խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց. ամեն մեկն իր գործով էր զբաղված:
-Տղե՛րք, ոնց հասկացա, երկրաշարժի միջով անցանք,-ժպտալով ասաց Դանիելը:
-Լավ է՝ մի քանի քերծվածքով պրծանք, լուրջ բան չեղավ: Կարե՛ն, դուք էլ լավ եք, չէ՞:
-Հա՛, Դանիել ջան, նորմալ ենք, խնդիր չկա: Տե՛ս՝ այդտեղ ջուր, հյութ, նման բան չկա՞, բերես՝ խմենք, ուշքի գանք:
-Աչքիս վրա, հիմա նայեմ, շե՛ֆ,-կատակի տվեց Դանիելը:
Անտոնն զբաղված էր վերքը դարմանելով: Բորիսն օգնում էր ընկերոջը:
Մի ժամ հետո նրանք բավարար չափով ուշքի էին եկել, զրուցում էին՝ ուտելով Դանիելի գտած հացի և պանրի բրդուճներն ու խմելով գույզգույն փաթեթներով լիմոնադները:
….
Ժամանակը սղոցելով անցնում էր նկուղում փակված մարդկանց նյարդերի վրայով:
-Տղե՛րք, վե՛ր կացեք, առաջ ընկեք, տեսնենք՝ ոնց բացենք դուռը:
-Հա՛, դե, ձեզ տեսնեմ, թա՛փ տվեք ձեզ, արջե՛ր,-հռհռաց Անտոնը;
Փոշու քուլաներ, դես ու դեն ընկած առարկաներ, փլված բեկորների կույտեր, գվվոց ուղեղում ու ականջներում և… երկաթյա ճկված դուռ, որն անհնար էր բացել:
Ժամերն անցնում էին, տղաների նյարդերը տեղի էին տալիս:
-Տղե՛րք, եկե՛ք մի հաստ բան գտնենք, փորձենք էս նեղ պատը խփելով՝ ջարդել,-առաջարկեց Դանիելը՝ տրորելով ձեռքը. հիշել էր ցավը:
-Երդում կուտեմ, դու հետևովդ ես մտածում, Դանիե՛լ, թե չէ ուղեղդ չի՞ հուշում՝ կարող է էդ պատի էն կողմում ավելի վտանգավոր է, քան՝ էս:
-Ի՞նչ ես առաջարկում, գոմշակաշի՛:
-Նստենք ու սպասենք դրսի օգնությանը,-հանգիստ ասաց Կարենը:
-Դե՛, գնա՛, դու էլ, դի՛նջ, կնկադ գրկիր ու սպասիր, ես դուրս եմ գալու, կյանքո՞ւմս եմ էսքան փակ տեղում մնացել: Արա՛, դուք չե՞ք հասկանում՝ ես խեղդվում եմ:
-Դու խեղդվում ես, մենք էլ սաունայում հանգստանում ենք, էլի՜,-ձեռքը զայրույթով թափ տվեց Անտոնը:
Դանիելը կատաղած հարձակվեց երկուսի վրա: Հրմշտոց սկսվեց: Կարենը խառնվեց, Միրրելան նրան միացավ:
-Միրկա՛, հանգիստ տե՛ղդ նստիր:
Կարենը մի կողմից փորձում էր կռվողներին բաժանել, մյուս կողմից՝ հեռու տանել կնոջը:
Միրրելան, միևնույն է, առաջ էր խցկվում: Հարայ-հրոցից նրան էլ բաժին հասավ: Աղջիկը հետ-հետ գնաց, կորցրեց հավասարակշռությունը և ընկավ փոշեկույտի վրա:
….
«Ոտքերը, մազերը, ոտքերի մազերը, ոտքերի մաշկը, սառնությունը, օձային սառնությունը, մեռելային սառնությունը, մեռելայի՞ն…իսկ երբևէ զգացե՞լ էր դա, տեսե՞լ էր…»:
Միրրելայի ձեռքերը թրթռում էին սրտի զարկերի ռիթմին համաչափ:
-Աաաաա՜:
Թե ճիչը ոնց թռավ կոկորդից, ու մի քանի վայրկյան բոլորը քարացան, չէր հիշում:
«Զույգ ոտքեր էին հայտնվել ձեռքերի մեջ, դաղում էին իրենց սառնությամբ, բայց ոնց որ սոսինձոտ լինեին:
Կարե՛նը, գայլո՛ւկը, գրկել էր, քաշում էր, փակում էր աչքերը, սեղմում էր ուսին:
Չէ՜, ինչ սեղմել, զոմբիի պես մագնիսացած աչքերով նայում էր փոշեկույտից դուրս երևացող զույգ ոտքերին, ամուսնու ընկերներին, որ բռնել, քաշում էին այդ ոտքերը, քիչ-քիչ կերպավորվող մարմնին, դեմքին, մազերին, չռված աչքերին՝ Կոնստանտին…»:
Այս պատկերը Միրրելան հաճախ էր հիշում:

Արևի բարիլույսն անցնում էր նկուղի գերիների կողքով, նրանց ոչինչ չէր հուշում նկուղից դուրս գոյության որևէ կերպի մասին:
«Հիմա պիտի փրկարարները արդեն եկած լինեին, բայց, ո՞ւր են, մի ձայնն ինչ է, դրսից չի լսվում»,-վրդովվում էր Կարենը:
«Երդում կուտեմ, աշխարհի վերջն է եղել: Մենք մարդկության վերջին հյուլենե~րն ենք (Բորիսը կեղծ վերամբարձ ոճով երկարացնում էր բառը), ձեզ պինդ պահեք, տղե՛րք»:
Ասում էր, հետն էլ ձեռքով խփում պատերին, նեղվում մութուլույսի մեջ անտեղյակ ու փակված լինելուց:
Հացի ու ջրի պաշարները շատ էին նվազել, սկսել էին տնտեսելով վերաբերվել իրենց գոյության միջոցներին:
Հանվում, գումարվում, էլի գումարվում ու բազմապատկվում էին սիրտ սեղմող հանգամանքները: Երիտասարդներն ամեն մի անկարևոր բանից բորբոքվում ու վիճում էին: Լավագույն տարբերակը քնելն էր, շատ քնելը, մինչև աչքերը բացեին ու լույսը տեսնեին ոչ թե պատերի մի քանի փոքր ճեղքերից, այլ՝ ամբողջությամբ:
Միրրելան իրեն հանգիստ էր պահում, չնայած անցանակալի դրությանը՝ Կարենն իր հետ էր, իրեն կապված. էլ ի՞նչ էր պետք: Կարող էին ժամերով իրար լուռ գրկել ու զգալ երջանիկ:
– Կարեն տղա, հերիք չեղա՞վ՝ անկյուններում լկստվեք:
-Թե՞դուք մարդ եք, մենք էստեղ՝ հեչ, էլի:
-Տղե՛րք, ի՞նչ եք ասում, ձեզ չեմ հասկանում, խելքներդ հացի հե՞տ եք կերել:
Կարենը վրդովված ոտքի կանգնեց ու մոտեցավ մյուս տղաներին:
-Յա՜, էս ոնց էգիդ մենակ թողեցիր, վազի՛ր, գրկի՛ր, որ չուտենք, չտանենք որջը:
Տղաները ջղաձգված ձայնով հռհռում էին:
-Լսե՜ք, գժվե՞լ եք, ուզո՞ւմ եք բոլորիդ մորթեմ, ի՞նչ եք ասում:
-Կարեն տղա, այստեղ ինչ կա, հավասար կիսում ենք: Մի էգ, չորս՝ որձ: Հերթով, կարգով…
Փորին հասցված բութ հարվածը ստիպեց Անտոնին ծնկի գալ: Մյուսները շնագայլերի նման վրա տվեցին: Ծնկի եկած Անտոնն էլ սկսեց ոտքերից քաշել: Բռունցքներին փոխարինեցին դանակների հարվածները: Լսվեց Միրրելայի գոռոցը: Նա մոտեցել էր: Պետք էր մի կերպ նրան հեռու պահել:
Գիշեր էր: Նժույգն ընթանում էր ճանապարհով: Հեռվում երկու բորենի կային: Մի քանի քայլ արեց: Երևաց երրորդը: Նա մոտեցավ: Հեռացավ: Ավելի մոտեցավ: Առաջին երկուսն էլ մոտեցան: Մոտեցան թիկունքից: Երևաց չորրորդը, հինգը, վեցը, յոթը… Նժույգը շարժվեց դեպի աջ: Նրանք դիմացն էին: Հետ գնաց: Մաշկով զգաց իրեն դիպչող քաղցած շնչառությունը: Սահմռկեց: Խփեց սմբակով: Բորենիները կես քայլ հետ գնացին ու ավելի թափով հարձակվեցին: Կիպ բռնել էին, ժանիքները խրել փափուկ մսերի մեջ: Արյունը չռռում էր: Բորենիների կարմրած աչքերն ավելի լայն էին բացվում: Փերթ-փերթ արնախառան մսակտորները առանձնանում էին նժույգի մարմնից: Պառկեց մեջքի վրա: Մի քանի լավ հարվածներ հետ շպրտեցին գիշատիչներից երեքին: Մյուսները շարունակում էին վայելել ուժալքվող կենդանու կողերը: Երիվարը ճիգ արեց բարձրանալու: Կողքի ընկավ: Մշուշված աչքերը նկատեցին մոտեցող ձագին: Թպրտաց, սմբակով ջարդեց բորենիներից մեկի դունչը: Թավալգլոր տվեց: Կանգնում էր, երբ կողքը խրվող ատամներն ու դրանց կրողների ծանրությունն ստիպեց վայր ընկնել: Տեսնում էր, բայց այլևս չէր զգում… Այլևս չէր տեսնում…Չէր շնչում:
Կարենի արյունակոլոլ մարմինն ընկած էր գետնին: Միրրելայի գոռոցները վերածվել էին խուլ ճիչերի: Գրկում էր, դեմքը քսում արյունոտ վերքերին ու ոռնում, հառաչում, մի քանի վայրկյան անշարժանում, վերանում իրականությունից, ու նորից կադրը կրկնվում էր:
Տղաներն հեռու էին քաշվել: Ջղաձգության մորֆիի ազդեցությունը կարծես թողել էր, սառել, մնացել էին:
Նկուղում ժամանակը սահմանումներ, չափ ու ձև չուներ:
Կինը սիրելիին փաթաթված ուշաթափվել էր:
Սկզբում չէին համարձակվում մոտենալ, բայց երկար թողնելն էլ իր հետևանքները կունենար:
Ուշքը կորցրած կնոջը տարան մի անկյուն, իսկ ամուսնու դին դրեցին երկաթե մեծ տակառի մեջ՝ Կոնստանտինի տակառի հարևանությամբ:

Կիսամութը, կիսասովը, բթացած ուղեղը, բթացած զգայարանները, երեք տղամարդիկ…
Աշխատասենյակում, տանը, նիստերի ու սեմինարների ժամանակ, ամբոխի կամ միայնության մեջ Միրրելան չէր դադարում մոռանալ նկուղում անցկացրած կյանքը:
….
Սառը օդը շոյում էր տասնյակ աստիճանների վերելքն հաղթահարող մի քանի այցելուների դեմքերը: Երևում էր՝ տուրիստներ էին: Սևանա կղզու հյուրընկալ վանքը սովոր էր օրվա տարբեր ժամերին աշխարհի տարբեր ծայրերի հյուրերին շլացնելու, բայց այս անգամ զարմացած ու մռայլ էր տեսքը: Հենց այդպես էր նրան բնորոշում բուլղարուհին, ով դեռ շարունակում էր բարձրանալ աստիճաններով՝ թևանցուկ արած Տոմային:
-Երևի դեռ կիսաքուն է,-ցածրաձայն ասաց տղան:
-Չէ՛, դժվար թե, Կարենս ասում էր՝ ինքը միշտ արթուն է, հսկում է մեր քունը:
-Ո՞վ էր ասում:
-Ըը… Կարենը, չես ճանաչի, մոռացիր:
Կրծքավանդակում մի բան ոլորվեց, կոպերը փակեց՝ թաքցնելու ակնագունդը ողողող հոսքը:
-Իմ սե՜ր,-հայերեն շշնջաց բուլղարուհին,-կյա՛նքս, ա՛րևս, գա՛նձս..
Հայկական սառը օդը սպունգի նման ծծում էր օտարուհու շշուկները:
«Գայլո՛ւկս, քո բառերը խատուտիկի պարաշյուտիկների պես պտտվում են գլխումս, մեկ-մեկ էլ այնքան հարվածում նյարդերիսսսս… ուզում եմ կտրել ու դեն շպրտել ջղերս»:
-Միրելկա՛, ո՞նց ես, ամեն բան կարգի՞ն է:
-Հա՛, իհարկե, կարգին է ամեն բան, կարգին, ինչպես արդեն քսան տարի է:
-Լա՛վ է: Թե չէ գույնդ գցել ես, վախեցա, թե բան է պատահել:
-Դու հանգիստ մնա, ոնց որ արդեն հասանք: Մտի՛ր վանքը, մի քանի մոմ գնիր, ես հիմա կգամ:
Տոման մի քանի վայրկյան վարանեց, բայց նայելով Միրրելայի դեմքին, գլուխը կախեց ու գնաց դեպի եկեղեցին:

Լիճը կապույտ էկրանով անիմացիա էր հիշեցնում: Նայողին գամում էր իր էկրանին՝ դարձնելով մշտական դիտորդ:
Թեթև քամին Միրրելային հուշեց առաքելությունը: Ծոցից քաշեց հանեց վզնոցը, մեդալյոնին հայկական զարդանախշեր էին: Դողացող ձեռքերով բացեց այն, մեջը գորշ զանգված էր երևում: Զգուշորեն լցրեց ափի մեջ:
-Մեր հողը քեզ մայր չդարձավ: Խառնվի՛ր քո հողին:
Մեր ջուրը քեզ չհագեցրեց, խառնվի՛ր քո ջրին:
Մեր օդը հակացուցված էր քեզ: Խառնվի՛ր քո օդին:
Փակեց աչքերը: Անշարժ կանգնել էր՝ վերացած իրականությունից:
Սևանա լճի ալիքների ձայնն ու ճողփյունները խառնվել էին Գեղամա լեռների թարմ, սառը օդին ու գվվոցով խփվում էին կնոջ մարմնի տարբեր մասերին:
Քամին իր հետ բերում էր աստիճաններին նստած նվագողների երգերի հնչյունները:
Միրրելան սփաթվեց, խորը շնչեց ու դանդաղ քայլերն ուղղեց դեպի եկեղեցին:
Կույր ակորդեոնահարը շարունակում էր երգել.
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել:

ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
**
**
ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐ
Կոպերը ծանրանում, հպվում էին իրար: Շուրթերը դողում էին: Բաց –խուփ, բաց-խուփ՝ անկամ, նվազող հևքով: Արյան բարակ շիթը ծուռումուռ հետագծով անցնում էր նրանց վրայով, ցած հոսում: Կա՛թ-կա՛թ, կա՜թ-կա՜՜թ…
Մատները խրել էր հողի մեջ: Սեղմում էր, կծկվող մատներով բուռն հավաքում կոշտուկները: Ձախ ձեռքի երեք կտրված մատները, որ դեռ պատանի ժամանակներից փայտահատ կացնի թողած հուշերից էին, նորից սկսել էին մրմռալ:
«Հո՛ղս»,-գվվում էր ուղեղը: Սիրտը լցվում էր հպարտության զգացումով՝ հերոս մարտիկ: Խեղդող ցավը, սակայն, այլ կտորներ էր քաշում, բերում աչքերի առջև՝ մայրը, քույրերը…հայրը:
«Անի՛, կներես, Անս, քո՛ւրս: Աստված ջան, իրեն մենակ չթողնես»:
Փակվող աչքերի առջև խատուտիկի սերմիկներն էին, որ պոկվել, օդի հետ գիրկընդխառն պարելով, սավառնում էին:
Խոտերը կարմրել, կքվել էին իրենց վրա ընկած ու իրենց ճզմած մարմինների ծանրությունից: Կրակոցները շարունակվում էին:
Խրամատներում առաջացած աջ ոտքի ցավը, որ արդեն քանի օր էր՝ իրեն մոռացնել չէր տալիս, նորից էր սկսվել:
«Հորս արև, գոնե հիմա հանգիստ թող… գնամ…»:
Խատուտիկի սերմիկներից մեկը փափուկ իջավ նրա աչքին: Խոնավ էր աչքը. սերմիկն իր հանգրվանը գտավ:
Գյուղում հավատում էին, որ խատուտիկի փոփուլները կարոտած մարդկանց լրատուներն են:
Արամի անհամաչափ տրոփող սիրտը սուր կծկվեց: Ուղեղը գվվում էր.
«Մա՛մ, մա՛մ ջան, կյանիքդ մեռնեմ, կներես՝ խոսքիս տերը չեղա, ձեր գլխին էլ չեմ կարող կանգնել: Ես էլ ձեզ անտեր թողեցի…բայց…գլուխդ բարձր կպահես՝ տղեդ հանուն հայրենիքի է…»:
….
Հորը ձեռնաշղթաներ հագցրին ու տարան: Գողություն, թմրադեղերի վաճառք: Իրենց անտեր էր թողել՝ սոված, անպատիվ: Փողոցում, դպրոցում, ամեն տեղ այդ փաստը երեսովն էին տալիս: Մայրը ոչինչ չէր ասում: Երեխաներին սեղմում էր գրկում ու լուռ արտասվում:
Երբ մի փոքր էլ մեծացավ, այդ ամենին սկսեց այլ կերպ նայել: Հորեղբոր հետ հաճախ էին զրուցում նման հարցերի շուրջ: Հորեղբայր Աշոտը, ցուցամատը բազմանշանակ բարձրացնելով, ասում էր.
-Սով էր, սով էր Հայաստան,
Թուրքի ձեռիքց լկստան:
«Թուրքի» բառը ամեն անգամ փոխարինվում էր այլ բառերով՝ ռուսի, քոռ Լևոնի, վատ հարևանների, հայի, մեր անտեր խելքի, մեր բախտի…

«Պապ ջան, էդպես էլ քեզ չէի հասցրել ճանաչել…հասկանալ…դեմս կգաս, երկար զրույց ունենք մենք »:

Մի քանի ամիս հետո իմացան, որ հայրն հենց բանտում էլ սպանվել է՝ անհայտ պայմաններում:
Երեխաներից մեծը տասներկու տարեկան Արամն էր: Երկու աղջիկներից Անին ութ տարեկան էր, Ալլան՝ հինգ: Մայրը շաբաթներով աշխատանք էր փնտրում, մինչև հարևան Սաքոյի տանը ձուկ մաքրող կանանցից մեկը կույր աղիքի վիրահատման էր գնացել, աշխատող ձեռք էր պետք շտապ գտնել: Մանիկին կանչեցին որպես փոխարինող:
Այս գործով զբաղվում էին գյուղի գրեթե բոլոր ընտանիքները՝ լիճը կողքներին, իրենք էլ կամ ձկնորս էին կամ ձուկ ծախող կամ էլ՝ ծխեցրած ձուկ պատրաստող:
Այդ ամենն ինչքան որ գումար էր բերում գյուղի ընտանքիներին, այնքան էլ տանում էր նրանց առողջությունը: Մարզկենտրոնի հիվանդանոցի բժիշկներն այնքան էին վարժվել կույր աղիքի վիրահատությունն անելուն, որ տեղացիները կատակով ասում էին. «Ինչից էլ բողոք ունենաս, մեր բժիշկներն առաջին հերթին կույր աղիքն են հանելու. էդ մի գործն արդեն փակ աչքերով էլ են անում»:
Տասնչորս տարեկանից Արամն ինքն էլ մասնակցում էր ձկների ծխեցման աշխատանքներին:


Արամն զգաց, որ ձախ կողքի ցավերն սկսել էին բթանալ: Մտքով անցավ, որ անզգայացում է մոտն սկսվում: Գլխում դժժոցներ էին:
«Կրակոցներն էին ուժգին պայթում,
Հետո իջավ քար լռություն.
Առաջադրանքը կատարված է:
Բարձունքը մերն է, փառքն Աստծո…

-Մանվե՜լ, արի մի անգամ էլ երգենք ու…»
Մանվելը «ջիգյարով» էր կիթառ նվագում, Արամի քաղցր ձայնն էլ տարածվում էր վաշտով մեկ: Բանակում էր պարզվել, որ Արամը երգել գիտի:
Թե Մանվելը, թե Արամը լուրջ չէին վերաբերում իրենց շնորհներին. «քեֆները տեղը լիներ»՝ ընկերների ուրախությունն էլ անպակաս էր դառնում:
«Մանվե՛լ, ախպերս…»,-ճիգ գործադրելով՝ բացեց մի աչքը: Փնտրում էր Մանվելին, բայց…համազգեստներ, համազգեստավորներ՝ խոտերին ընկած, կուչուձիգ անող:
Գլուխը պտտվեց: Բացված աչքն ինքնակամ փակվեց:

Դեռ չափահաս չդարձած՝ հորեղբոր հետ անտառից փայտ էր բերում իրենց տան, ինչպես և վաճառքի համար: Այդ տարիքում ջարդում էր ամենամեծ քոթուկներն անգամ: Հորեղբոր աջ ձեռքն էր:
Հենց այդ օրերին պատահեց մի բան, որ Արամի սրտում խոցի պես մտավ ու այլևս դուրս չեկավ:
Շտապում էր ջարդել փայտերը, որ հասցներ միանալ մորը. վերջին օրերին Մանիկը սուր ցավեր ուներ, չէր հասցնում իրեն հանձնարարված գործը մենակ անել:
Շեշտակի հարվածից փայտի տաշեղները այս ու այն կողմ էին թռչում: Արամը շուրջը չէր նայում. մի քանի քոթուկ էին մնացել, իսկ ինքն շտապում էր: Ճիչը տղային անակնկալի բերեց: Թեքվեց հետ. թիկունքին քույրն էր՝ սեղմված, կուչ եկած, ձեռքերով աչքը բռնած, գոռում էր ու կծկվում: Սրածայր տաշեղը թռել, աչքն էր մտել:
Այդ պատահարի հետևանքով Անին կորցրեց մի աչքը:
«Անս, քուրս…»:

….
Դպրոցն ավարտելուց առաջ արդեն պարզ էր, որ Արամը ուսումը չի շարունակելու. նման «ճոխություն» թույլ տալու ոչ ցանկություն ուներ, ոչ էլ՝ ժամանակ:
Արհեստ էր սովորել՝ ատաղձագործ էր: Գյուղում ասում էին՝ «Արամը հունարով տղա է, ձեռքից ամեն ինչ գալիս է»: Բայց առջևում բանակն էր: Որոշել էր բանակից վերադառնալուց հետո փայտամշակման սրահ բացել:
-Մա՛մ ջան, չմտածեք, տղեդ ձեզ էսպես չի թողի: Հլա ինչերի՜ ենք հասնելու:
Մայրն այլևս ձուկ ծխեցնելու աշխատանքներին պիտանի չէր: Գիտեր՝ նրանց հնարավորինս շուտ պետք էր դուրս բերել այդ վիճակից:
Ժամանակից շուտ ծերացած Մանիկը շատ էր հպարտանում որդով, հետն էլ դողում էր նրա կյանքի համար:
-Ոսկի տղես արդեն իր արհեստը՝ ոսկե բիլազուկն ունի: Բանակ գնա-գա, տղիս նշանենք, տնավորենք: Համա թե շատ ռիսկով է, վախենում եմ՝ իր ռիսկն իրեն ուտի:
-Մանիկ ջան, դու հեչ մի վախեցիր, Արամի ուժն ու հեռատեսությունը չեն թողնի՝ ոտը քարի առնի,-հանգստացնում էին հարևանները:

Բանակ ճանապարհելիս քույրերը գրկել, բաց չէին թողնում եղբորը: Արամը շարունակում էր կատակներ անել: Ուզում էր՝ ուրախ ճանապարհեն:
-Անի աղջիկ, տես, մինչև գալս քեզ խելոք կպահես: Լուսամուտ-բան քո պատճառով չջարդեն, խայտառակ լինենք:
Անին էլ միանում էր ընդհանուր ծիծաղին, բայց ներքուստ նեղվում էր. ո՞վ էր միաչքանի աղջկան հավանելու:
Կորամեջք դարձած մայրն աշխատում էր իրեն ուժեղ ցույց տալ՝ որդին թող վստահ գնա, տնեցիների համար դարդ չանի:
-Մա՛մ ջան, չմտածես, սաղ լավ ա լինելու: Տղիդ գիտես:
-Վայ, իմ պինդ տղա, ես չեմ էլ մտածում:
Մանիկն իրեն այդպես էր շարունակելու պահել նրան գրվող նամակներում, հեռախոսով խոսելիս, Արամի՝ արձակուրդ եկած ժամանակներում…
Կարևորը՝ որդուց միշտ լավ լուրեր էին գալիս, հետն էլ՝ պատվոգրեր ու խրախուսանքներ:
Ականջներում լսվում էր երգը.
…Մեր թրերը միշտ ամուր են, սուր են…
…Մերն է լինելու այս հարյուրամյակը…
… Թող որ միշտ խաղաղ լինեն հայոց երկինքը
Եվ լեռները արևավառ…
Նվագախմբի տղաները հենց այդ երգն էին նվագում, մի խուտուտ էր անցնում մարմնով, արյան գնդիկները, շքերթի կանգնածի պես, ծառս էին լինում: Ինքն էր դառնում երկիրն ու բանակը՝ ամբողջանալով ու տարրալուծվելով միաժամանակ:
Մի ուժ զգաց ներսում, որ մղում էր նրան չհանձնվելու: Չպիտի թույլ տար անզգայանալ: Պիտի հաղթահարեր ցավը:
Ծունկը գետնին խփեց. հարկավոր էր բարձրանալ՝ հակառակ գետնին գամող ցավի, հակառակ փակվող կոպերի, հակառակ հնչող կրակոցների…


Հակառակորդի դիվերսիոն հերթական հարձակումն էր: Նման դեպքեր վերջին օրերին հաճախ էին լինում: Տղաները լավ գիտեին իրենց անելիքը, սակայն հարձակումը մի քանի կողմից էր ձեռնարկվել. Արամն ու Մանվելը հանկարծակի հայտնվեցին լավ սպառազինված ջոկատի շրջափակման մեջ: Գիտեին՝ ուր որ է՝ ընկերներն հասնելու են, բայց մինչ այդ պաշտպանվել էր պետք:
Հակառակորդներն ուշադիր իրար էին նայում՝ ցատկի պատրաստվող գազանների նման: Թե ո՞վ էր լինելու զոհը, ո՞վ՝ որսորդը, վճռելու էին նրանց համարձակությունն ու մարտական վարպետությունը:
Արամը նայեց Մանվելին: Նշան արեց:
Ուժգին, շփոթեցնող գոռոցներն ու անկանխատեսելի հարձակումն ստիպեցին հակառակորդին շփոթվել: Սկսվեց անկանոն կրակահերթը: Մի քանի վայրկյանում Արամենցն հաջողվեց զինազրկել հակառակորդներից մի քանիսին, բայց և կրակոցները անհետք չէին անցել: Երկուսն էլ զգում էին, որ վիրավորված են, բայց դրանից ավելի էին կրակով լցվում ու աջուձախ սկսում ջարդել հակառակորդին:
Զգացին, որ ընկերներն հասան, բայց արդեն ուշ էր իրենց համար: Աչքներն արյունով էր լցվել, ականջները փակվել էին: Միայն մի նպատակ կար՝ վերացնել բոլորին: Թշնամին ոչ մի գնով ոտք չէր դնելու հայրենին: Այնտեղ մի բուռ հարազատ մարդկանց կյանքն էր, որ պաշտպանել էր պետք: Նրանց հույսն իրենք էին, իսկ իրենք չէին կարող չարադարացնել այդ հույսը…
Երբ կրակոցներն ու վայնասունը դադարեցին, աշնանահամ խոտերը ճկվեցին: Դեղինը՝ կարմիր դարձավ: Հողը տնքաց: Քամին փչեց, ու սկսվեց խատուտիկի սերմիկների պարը: Նրանք օրորովում ու երգում էին սահմանագծին ընկած հակառակորդ բանակների զինվորների համար: Թեթև սահում ու նստում էին նրանց աչքերին՝ բերելով սիրելիների կարոտի լուրը:


«Ուռռաա»,-գրում էին սոցկայքերում հայերը,-«մերոնք ջարդել են այդ ոչխարներին: Երկու հոգով տասնչորսի են շանսատակ արել: Մենք հզոր ենք: Մերոնք ուրիշ են: Միայն թե ցավում ենք քաջաբար զոհված երկու մարտիկի կորստյան համար»:
«Ուռռաա»,-գրում էին սոցկայքերում ադրբեջանցիները,-«մերոնք կարողացել են հետ մղել ողորմելիների հսկա ջոկատին՝ մեծ վնասներ պատճառելով նրանց: Մենք հզոր ենք: Մերոնք ուրիշ են: Միայն թե ցավում ենք քաջաբար զոհված տասը մարտիկի կորստյան համար»:
Իսկ քամին շարունակում էր փչել հավասարապես սահմանի երկու կողմերում էլ: Սահման չճանաչող խոտերը ծածանվում էին ու «ինչի՞ համար» տեսքով տարակուսած իրար նայում: Խատուտիկի սերմիկները շոյում էին ընկած հակառակորդ զինվորներից ծորացած արյան լճակները, քաղում կարոտը, վերջին շշունջները, ու, օդում գիրկընդխառն պարելով, տանում նրանց սիրելիներին:
ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ