ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Thursday, May 5, 2016 10:00 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:Արմեն-Փիրոյան

%d5%a1%d6%80%d5%b4%d5%a5%d5%b6-%d6%83%d5%ab%d6%80%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6***
Ու նորից գիշեր ու նորից կարոտ
Ու նորից անանց թախծոտ մի վերհուշ,
Նորից փայում ես քո սրտով գթոտ
Հոգնատանջ հոգուս հուշերն անմշուշ:
Եվ ամեն անգամ ավելի ուժգին,
Եվ ամեն անգամ ավելի կանչող,
Մերթ վտանգավոր, մերթ նվիրական,
Մերթ մեղմ կարկաչող կամ բիրտ շառաչող…

Ու ամեն անգամ գերի եմ դառնում
Կարոտիս անանց վայրի շառաչին,
Ու ամեն անգամ ընկեր է դառնում
Հոգիս քո հոգու կանչող հառաչին:

***
Ասում են, իբրև մեռնելուց հետո
Ապրում են նաև:
Ասում են նաև,
Իբրև սիրում են մեռնելուց հետո.
Մեռնելուց հետո իբրև զգում են,
Խորհում են անձայն ու հուզվում նաև:

Բայց և ասում են,
Թե ապրում են լուռ,
Տենչում առանց կիրք.
ՈՒ թե հուզվում են առանց արցունքի
Ու թե խորհում են
լոկ բարու, լավի և սիրո մասին
Ու թե սիրում են` սիրում առհավետ
Հավերժի երգը հյուսում միասին…

Ա~խ, թե իմանամ, որ մահից հետո
Կլինեմ սիրուդ գերին առհավետ,
Կհանգրվանի հարամված հոգիս,
Մռայլ տիպարս շոյող գրկիդ մեջ:
Թեկուզ դժոխքի պղտոր հեղեղում,
Մեղքերի օրրան լավայում բոսոր
Պատրաստ եմ հիմա հոգիս ավանդել,
Պատրաստ եմ…
Ախ, չէ՜, սիրի՛ր ինձ այսօր…

***
Ես ատում եմ այն ձեռքերը, որ իմը չեն,
Բայց մարմինդ իմ երազած խենթ ցասումով փայփայում են:
Ես ատում եմ այդ ձեռքերը,
Ատո՛ւմ, սակայն չեմ անիծում,
Չեմ անիծում գեթ այն հույսով, որ չլինի հանկարծ այնպես,
Թե փայփայեմ կյանքում մի օր
Ի’մ անեծքով շաղված ձեռքով քո՛ փայփայված մարմինը ես:

Ես ատում եմ այն աչքերը, որ իմը չեն,
Բայց լողում են խոր աչքերիդ անհուն ծովում,
Իմ երազած գիշերներում:
Ես ատում եմ այդ աչքերը,
Ատո՛ւմ՝ դարձյալ չեմ անիծում,
Չեմ անիծում գեթ այն վախով,
Որ չլինի՞ հանկարծ այնպես,
Թե խորտակվեմ` ի՛մ անեծքով ցողված աչքից ալեկոծված
Քո՛ աչքերի ծովերում ես:

Ես ատում եմ այն շուրթերը, որ իմը չեն,
Բայց լափում են ծաղիկ շուրթիդ նեկտարն անհագ:
Ատում եմ ես այն ամենը, որ իմը չեն,
Բայց թողնում են ծարավ սիրտս քեզնից փափագ:
Ես ատում եմ այդ շուրթերը,
Ես ատում եմ այդ աչքերը,
Ես ատում եմ այդ ձեռքերը,
Ատո՛ւմ՝ սակայն չեմ անիծում:

Դու կարծում ես` եսասե՞ր եմ,
Եվ ատում եմ քեզ հետ կապված այն ամենը, որն իմը չէ՞։
Ո՛չ, սիրելիս, սխալվում ես:
Ես ատում եմ այն տողերը, որոնք իմն են,
Ու հնչում են լոկ քեզ համար,
Բայց թռչում են շուրթից օտար:
Ես ատում եմ փոքրիկ սրտիդ այն դողերը, որոնք իմն են,
Եվ դողում են մե՜ղմ, անդադար`
Հալածելով հոգիս տկար:
Ես ատում եմ կյանքից բեկված իմ օրերը,
Որոնք քոնն են:
Հազար գույնով , հազար բույրով
Բացված ծաղկունք իմ խոհերը,
Որոնք քոնն են:
Շուքիդ ներքո լուռ ծվարած իմ սեթևեթ երազները,
Որոնք քո՜նն են:
Ես ատում եմ իմ տողերը,
Ես ատում եմ իմ դողերը,
Իմ օրերը,
իմ երազներն ու խոհերը,
Ատո՛ւմ` դարձյալ չեմ անիծում:

Անիծում եմ մի բան միայն.
Այն մութ ու լույս կիսատ օրն եմ ես անիծում,
Երբ քո սիրով լցվեց խավար հոգիս ունայն,
Այդ օրվանից թեպետ կյանքը
Քաղցր թույնով է ինձ խայթում,
Բայց ինչ արած …
Անիծում եմ ես այդ օրը.
Անիծում եմ , բայց չեմ ատում…

Չանիծելով ոչինչ սակայն,
Ես…
Չե’մ կարող ատել այդքան:

***
Ամենագութ Տեր,
Քո աներևույթ գոյի փշուրին, թող որ հավատամ
Եվ իմ հավատքով ես հպարտանամ,
Թող հպարտանամ իմ հպարտությամբ,
Որ հանդարտանամ,
Եվ լռե՜մ, լռե՜մ, որ լռությամբ իմ հառնեմ վերստին
Ու վեր բարձևանամ:
Ճակատիս վրա կնիքված բախտին
Մի՛ թող հակասեմ, որ էլ չարտասվեմ,
Թույլ մի՛ տուր լինեմ ես անբարտավան,
Բայց թող իմ բախտով, գոնե մեկ անգամ
Ես հպարտանամ:

Բա՜խտ, գրկի՛ր դու ինձ հավետ և ամուր,
Տկար ցասումիս կրակով վառվի՜ր,
Դարձիր ջի’ղ, մղու’մ` ձգվի’ր ու լարվի՜ր,
Դարձիր ինքնիշխան, դարձիր բռնակալ,
Շղթայիր դու ինձ, մարմնիս գալարվի’ր
Ու երբ գլորվեմ, մի թող մոլորվեմ`
Կյանքի կեղտի մեջ ինձ հետ թավալվիր,
Սրտիս զարկի հետ նոր տաղ ասելով`
Դու ցոլա նորեն, կրկին արարվիր,
Աչքերիս առաջ ծաղկի՛ր, դալարվի՛ր,
Որ երբեք էլ քեզ ես չընդդիմանամ,
Որ ուզած-չուզած կամքիդ ենթարկվեմ,
Կոշտ բազուկներիդ ցավին դիմանամ:

Տե՛ր իմ, դու ջնջիր իմ երակներից
Այն կապտուկներն ու ծակոցները բյուր,
Որոնք գոյացան, երբ հեթանոսը`
Ինձ սուտ Քրիստոս ու խաչ ներարկեց,
Իսկ թևերը իմ հոգնել են արդեն,
Վեր չեն բարձրանում, որ խաչակնքեն.
Խաչերի համար պայքարի բովում
Կուռ բազուկներս թոշնել են, հանգե՜լ…

Իմ երկրի մեջ միա՜կ երկնայի՜ն
Երկինքները թող այսօր օրհներգեմ,
Էլ խիղճ չմնաց, որ առաջվա պես խիղճս գովերգեմ,
Ես հանրության դեմ վաճառելով այն
Կեղծավորներից ժպիտ եմ առել,
Այն նույնպես չկա`շատ եմ շռայլել,
Խոժոռվել եմ, տե՜ս, էլ ժպիտ չունեմ,
Սրտիս զարկերն եմ աճուրդի հանել,
Որ իմ արյունը ստով մկրտված
Գանգիս էր մղում դիտմամբ ու միտված,
Էլ ինչ՞ վաճառեմ ո՛չ սիրտ, ո՛չ ժպիտ,
Ո՛չ էլ չնչին խիղճ էլ ինձ չմնաց…
Չարչիությունից արդեն խեղվել եմ`
Հոգի եմ ծախում…
Տե՛ր իմ, խնդրում եմ մի վերջին անգամ,
Չե՛մ ուզում այլոց ես այն վաճառել
Հոգի եմ ծախում, արի՜, գնի՛ր այն,
Հոգի եմ ծախում, Տե՜ր իմ, հոգիս առ…

***
Եվ օրորվում են նորից ծաղկունքը
Քամու մեղեդու նոտայի ներքո,
Եվ չկա նորից բնում ձագուկը`
Մայր ծիծեռնակն է դայլայլում դժգոհ…

Աշուն է, աշո՜ւն, ուզում եմ երգել ,
Ուզում եմ երգել երգերից մեր հին,
Թախիծով պատված երգերի ծովում ,
Ինչպե՞ս թախանձել և ինչի՞ մասին…

Ժպտաց բարիքով իմ գարնան տունկը,
Իջավ ափերիս մի մե՜ղմ երգի քող,
Ժպտաց մահիկով աշնան երկինքը,
Եվ իջավ նորից մի մե՜ղմ երեկո…

Ձուլվեց օդի մեջ ամառվա խունկը,
Աշունը եկավ ամռան կտակով,
Եվ մտել է նա ծոցիդ խորունկը,
Եվ նա գրկել է նուրբ մարմինը քո՛…

Իսկ ես ուզում եմ աշունը սիրել,
Ուզում եմ ձուլվել հորձանքին նրա,
Ձեռքերս դարձած դեղին տերևներ`
Ոտքերդ շոյեն քո ճամփի վրա…

Լիրբ քամի դարձած` վարսերդ խառնեմ,
Իմ սառը շնչից շուրթերդ ճաք տան,
Անամոթաբար փեշիդ տակ մտնեմ,
Ծոծրակիդ ծալքից ամոթով դուրս գամ…

Աշո՛ւն, ա՛յ աշուն, համբուրի~ր դու ինձ`
Մանուկ գարունքիս հանգած ջերմությամբ…
Աշո՜ւն , չե՛մ հաշտվում ամռան կորստին,
Պարուրի՛ր դու ինձ քո մտերմությամբ…

***
Ես թույլ եմ, սակայն ուժեղների մեջ,
Իսկ թույլերի մեջ `միշտ առաջատար,
Ես բույլ եմ, սակայն մժեղների մեջ,
Իսկ աստղերի մեջ` լո՛կ մի երկնաքար…
Ես խուլ եմ գուցե լսողների մեջ,
Բայց քառերի մեջ` ուշի՛մ ունկնդիր,
Իսկ հոտի մեջ էլ` գառ մի կաթնակեր ,
Ոհմակում՝ գառան և ո՛չ մի խնդիր…

Կանանց մեջ ես միշտ պարկեշտ եմ, համե՛ստ,
Որ արուներից ինձ լավ տարբերեն,
Տղամարդկանց մեջ` թեև կնամոլ,
Որ ոմանք սե՛րն ու կիրքը տարբերեն…

Տարբերության մեջ`անշուշտ գումարվող,
Գումարը` ծախսող, ո՜նց բազմապատկեմ ,
Բազմությունից միշտ մեկուսի, հեռու,
Որ հեռվից նույնիսկ ինձ լա՛վ ճանաչեն…

Դուք սովորական` ձեր ճիգերը բարդ,
Դուք անշուք , սակայն` շքեղ հագ ու կապ,
Աննշմար, տգե՛ղ, բալց լավ պճնված,
Ճգնում եք, ջանում, բայց արտակարգն ու
Տարօրինակը դուք չեք տարբերում,
Եվ վերածվում եք վեհ անհատներդ`
Պարզ խոնարհների,
Իսկ անհասներիդ `դառնում մատչելի,
Հասարակներդ ` հասարակական,
Եվ ոչ թե հարգված և համայնական…
Պճնված դեմքով, դրսից լավատես,
Իսկ պճրանքի տակ `ճղճիմ, հոռետես…
Զատվե՛ք ու զտվե՛ք ,
Եվ դասվեք տարբեր դասակարգերի,
Բարդերդ` պարզվե՛ք,
Դարձեք դյուրահաս , ո՛չ թե մատչելի,
Իսկ անհասներդ միշտ էլ կմնաք
Թույնը հասարակ հասարակարգի…
Հասարակ ու պարզ այդ վերնախավից
Ես տարբերվում եմ,
Բայց ոչ բարդությամբ ,այլ` հպարտությամբ,
Ո՛չ բարօրությամբ` լոկ իմ բարձրությամբ,
Եվ սոսկ նրանով,
Որ այդ խավից ես կմնամ խռով,
Եվ իմ պարզությամբ`
Այնտեղ վաղուց ես պարզապես չկամ…

Իմ գործն ուրիշ է,
Ինձ հետ գործ չունե՛ք…

Այստեղ կմնամ գործերս հաստատ միշտ լուսաբանող,
Գրերս հաճախ ճիշտը մաքրագրող,
Սևագրերս հեռու գործերից,
Որ Գործ տվողը լինի տարբերող.
Սևագիր գործը`
Սևագործ գրից…

Պիտի տարբերվեմ հարգելով նաև,
Հարկ եղած դեպքում հարգեմ անաչառ,
Որ հետո հաճախ չհարկադրվեմ,
Աչառուներից զատվեմ անպատճառ…

Տանուտերերի գզիր լինելով`
Ես միշտ փակբերան,
Որ չխճճվեմ փակագծերում,
Եվ փակագծված մի հարճ չդառնամ:
Եվ ընտրության մեջ
Բազում խճճված տարբերակներից`
Այլընտրանք որպես ինքս ինձ կընտրեմ.
Որ քվեարկողս` ձայն տվողներից մի քիչ տարբերվեմ….

Ի՞նչ է , չե՞ք ուզում ձեզնից տարբերվեմ,
Ուրեմն հոգուս բերեք թմրեցում,
Թե սև խոհերս են ձեր ճամփին շարվել,
Ներկեք այն կարմիր, տվե՛ք ինձ ներում,
Որ ձեր տվածով ես նորեն ծնվեմ,
Մանկան լիրբ ճիչով բերեմ նոր օծում,
Բայց որտեղ թմբիր` այնտեղ թարմություն,
Եվ որտեղ կարմիր` արցունք ու արյուն,
Եվ որտեղ ներում ` այնտեղ հատուցում.
Էլ ի՞նչ հատուցում առանց բռնություն,
Եվ առանց երկունք ` ծննդյան օծում…

Երկնում եմ հաճախ, սակայն չեմ ծնում,
Ծնունդը միշտ կա՛, պիտի համբերեմ,
Չեմ ծնում լոկ այն պարզ մի պատճառով,
Որ հղիներից ինձ լավ տարբերեն…

Իսկ հարուստներից շատ եմ տարբերվում,
Քանզի ես թշվառ ու շատ աղքատ եմ,
Գիտեք թե հե՞շտ է հարուստների մեջ,
Քանզի փույթ պետք չէ, որ ինձ տարբերեն .
Աղքատների մեջ դաժա՜ն է, դժվա՜ր,
Դժվար է լինել աղքատ և հպարտ,
Շատ ահավոր է պատիվ ունենալ,
Բայց լինել կյանքում խղճուկ մուրացկան ,
Հենց դրա համար աղքատս դարձա
Ո՛չ հարուստ, բայց մա՜րդ,
Մարդ`ձգտումով լի, որ հարստանա,
Բայց այլանդակից այլազան մնա,
Սակայն թե՛հարուստ,
Թե՛ մարդ,
Թե՛ աղքատ,
Մարդկանցից լինել մի՛շտ անջատ, մի՛շտ զատ,
Լինել միշտ փայլուն` թվացյալ մի զարդ,
Եվ չվաճառվել `դարձյալ որպես զարդ,
Չտարակուսել, որ հանկարծ վաղը,
Տարբերությունդ չդառնաս անարգ մի ջոկողություն,
Այլազանդ` զուտ զանազանություն,
Խտացված զարդդ` խտրականություն…

Դուք մտածմունքը թե կարողանաք խոհից տարբերել,
Խոհերին իմ այս, չեք կարող մնալ երբե՛ք անտարբեր:
Ուրեմն այսօր, եկե՛ք միասին մենք խոհեմ լինե՛նք,
Եկե՛ք տարբերենք խմորումները մտորումներից,
Պարզունակ միտքը` վեհ գաղափարից,
Որ մտքամոլոր դավ չխմորենք,
Որ մենք ունենանք ո՛չ թե միտք կիսող,
Այլ մեր մտքերին գաղափարակից…
Եկե՛ք մենք զատենք բանտը `զնդանից,
Հոգին ազատենք մուրճ ու կռանից,
Եվ եթե վազենք, ապա` խարանից ,
Որպեսզի սազենք` դուրս գալով կյանքի այս նեղ դարանից:
Իսկ սրտի ցավը մենք սրտացավից եկե՛ք տարբերենք,
Որ փորձենք զատել շվարած մարդուն` շիվար կանգնածից :
Փակուղին այլ է, ուղին փակելը` լկտի ու լպիրշ,
Եղանակները` հավետ հեղեղուկ, ձևերը ուրիշ,
Ձևեր թափելու ձևաչափերը` կրքոտ , մահաբեր,
Գրող պոետը և գրող չարքը ինչո՞վ են տարբեր
Չարիքի շեղած բարիքի մաղձը եկեք չխայծենք,
Եկե՛ք մտածենք ու լավ գիտակցենք`
Բարին ու չարը, որ շա՜տ են տարբեր,
Չարիքի խեղած ճակատագրին,
Եկեք չնայենք այսօր անտարբեր…

Ուզում ես ապրել մարդկանց շարքերում,
Բայց չվաճառվել , փայլուն զարդ մնալ,
Մարդկանց ամբոխում տարբերվել մարդուց ,
Բայց ամբոխի հետ և՛ գալ, և ՛գնալ,
Մի՛փորձիր երբեք տարբերվել, զատվել,
Այլ թող ամբոխը քեզնից տարբերվի,
Դու մնա՛, մնա՛, մնա՛ քո եսին,
Եվ քո էությամբ` վեհ ու հարգելի…
Ու թե ուզում ես մարդուց տարբերվել`
Մարդկանց շարքերում դու գեթ մարդ մնա….
Տարբեր են նրանք, ովքեր մարդկանց մեջ
Ձգտում են գոնե մի քիչ մա՛րդ մնալ…

***
Հազար ու մի մարդ, հազար տեսակետ,
Հազարի միջից, այն մեկն է սակայն,
Ով ծունկի իջած ամեն կիրակի,
Մեղքերն է պատմում մեղքոտ տերտերին,
Իսկ այն մնացած հազարը, ավաղ,
Նայում են կրքոտ կնկան տերտերի,
Ով հագել է մի այնպիսի զգեստ,
Որի բացվածքն է հասնում քամակին,
Էստեղ են ասում`
Մարդ կա տերտեր է սիրում, սիրելի՛ս,
Մարդ էլ կա, անշուշտ, կրքոտ երեցկին:
Եվ ես մեկն էի այն հազարի մեջ,
Սակայն միացա դարձյալ հազարին,
Իսկ հիմա լսեք լուռ և ուշադիր,
Վերջում կդատեք տերտե՞ր, թե՞ տիկին:
Ես ծունկի իջա քահանայի դեմ,
Ասելով` տե՛ր հայր, քավի՛ր մեղքը իմ,
Հանիր աչքերս, որ էլ չնայեն
Մեր քահանայի կնոջ քամակին,
-Օ՜, մեղք է, որդի՛, այդ ի՞նչ ես արել,
Քեզ դեպ Աստծո տուն չի լինի ճամփա,
Բայց ես կաղոթեմ քեզ համար Աստծուն,
Սակայն քսակս տաս ոսկի լցրու,
Որ տերը ների,
Եվ այսպես, տասը ոսկի արժեցավ,
Անկուշտ իմ աչքի տեսածը, հարկավ…
Երբ դուրս եկա ես պիղծ քավարանից,
Հարուստ տերտերը այլոց ձեն տվավ`
-Եկե՜ք, հավաքվե՜ք Հակո՜բ, Նազարե՜թ,
Ոսկի է կպել, գնանք խզարենք,
Սրեք դուք ձեր հին, ժանգոտ դանակներ,
Որ մի լավ քերթենք էսօր դմակներ:
Եվ ամեն մեկը այդ պահին դարձան,
Առույգ ու աշխույժ նորափեսաներ
Եվ տերտերները գնացին հարբած,
Որպեսզի քերթեն ուրիշի կանանց,
Եվ ես զգացի` փեսեքին այսօր,
Լավություն արի հարսի քամակով,
Իսկ գիտե՞ք ինչն է շատ զավեշտալին`
Դուրս մնաց խաղից հենց այն քահանան,
Ում կնկա սիրուն, կլոր քամակին,
Աչքերս հավետ դաջված կմնան:
Իսկ ես միացա այն մեծ հազարին,
Որ տեր չեն սիրում` այլ տերտերի կին…
Տատս էր ասում ժպիտը դեմքին`
Մարդ կա տերտեր կսիրե, բալա ջան, մարդ կա` իրիցկին…

***
Դե բա՛վ է արդեն, ինչքա՞ն ծնկեցիր,
Դե բա՛վ է ,ա՛զգ իմ, ձեռքդ տո՛ւր բռնեմ ,
Դե ոտքի կանգնի’ր ,իմ հա’յ ժողովուրդ,
Թող ոտքերիդ տակ վշտերդ մեռնեն,

Ու թե երկնչեք ,թե չհավատաք`
Դարերից եկած հնով կմնաք…
Դե ոտքի՛ ելեք, էլ մի՛ վարանեք,
Վախ ու կասկածով չկա՛ հաղթանակ.

Հարսանիք է սա, դե պարե՛ք, պարե՜ք,
Իրար ձեռք բռնե’ք` պարե’ք քոչարի,
Որ հարսանիքն այս պտուղներ ծնի,
Պտուղն էլ հանի աչքերը չարի…

Բա՛վ է, մի՛ վախեք, ի՞նչ եք կորցնելու,
Մի՞թե կորցնելու բան է մնացել.
Աղքատությունն եք կորցնելու միայն,
Կորցրե՛ք, թե չէ կխլեն նրան…

Դե մի զա՛րկ տվեք, իրար ձեռք բռնե՛ք,
Որ վաղը նորեն չբռնաբարվեք…
Հարսանիքին այս հարբե՛ք, խելառվե՜ք,
Որ վաղը ցավից չխելագարվեք…

***
Այսօր ակամա մի երգ եմ հիշել,
Բոլորիս ծանոթ, բոլորիս հուզող`
«Իմ հիվանդ մայրը ձյուն ուզեց մեկ օր,
Ծաղկած գարուն էր չորս կողմը բոլոր…»

Իմ արցունքներով ուզում եմ այսօր վերքերս աղել,
Որ ուշաթափվեմ ցավ ու մրմուռից,
Անէության մեջ ուզում եմ այսօր վշտերս թաղել,
Մա՛յր իմ, կարոտդ խեղդում է նորից:

Իմ ծաղկած սրտում գարունն է վիժել
Եվ այսօր, ահա, չքվեց գարունքը,
Կռունկի ձայնն է հոգումս գուժել,
Եվ այսօր, ահա, չվեց կռունկը:

Մորս արցունքն է հոգումս բուսել
Եվ այսօր, ահա, ձմեռ եմ տենչում,
Ա՜խ, մայրս այսօր պաղ ձյուն է ուզել,
Ցրտաշո՛ւնչ ձմեռ, ես քե՛զ եմ կանչում:

Մայրս է կրկին խաղաղս հուզել,
Ուզում եմ այսօր կյանքս ձմեռվի,
Մայրիկս այսօր պաղ ձյուն է ուզել,
Մանթաշի ճերմակ լանջերից հեռվի:

***
Մեր արմատները հեռվից են գալիս
Բազում դարերի երաշտոտ, սակայն,
Պարարտ ու բերրի մի կտոր հողում
Սեպի պես խրված այն չոր արմատի
Ծաղկուն ճյուղերն ենք մենք արդի հայի:
Մեր զավակները նուրբ տերևներն են,
Մեր հղիները՝ գալիք պտուղի նուրբ ծաղիկները,
Լեգենդ է կարծես անհավատալի
Չորացած, անջուր, անսնունդ արմատ,
Բայց դալար ճյուղեր, պտղաբեր ծաղկունք
Եվ շատ պտուղներ, որը անարատ,
Որն արդեն հասած ծառի տակ թափված
Կամ ծառի ճյուղին ճիճվոտ ու որդնած,
Հաճախ կծոտված, կիսատ ու պռատ,
Դեն նետված օտար ինչ որ ծառի տակ:

Եվ հայի ներկան որքան նման է
Իր իսկ անցյալին,
Հայոց անցյալը արյուն ու արցունք ,
Հայոց հանճարը անցած մի խարույկ,
Խարույկը հայոց, սակայն, անկեզ բոց,
Բոց, որի հումքը եղել է և կա
Գանգ ու ոսկորը սեփական որդոց:

Եվ հայի ներկան որքան նման է
Իր իսկ անցյալին,
Իսկ անցած հայը՞, առաջվա հայը
Արդյոք՞ նման է այժմյան գայլին,
Որի երախում որսի փոխարեն
Իր իսկ քոթոթն է,
Որը փարախում գառներին թողած՝
Իր իսկ տեսակի արյան կարոտն է,
Ում գերեզմանը ոչ թե քարքարոտ
Այլ աչք ծակող է և մարմարոտ է:

Իսկ ներկա վա՞յը, այժմյան վայը,
Արդյո՞ք նման է առաջվա մահին,
Որ գիտակցված էր և անմահություն,
Համատարած էր, բայց և փրկություն,
Սարսափ ու լաց էր, բայց ո’չ ստրկություն
Եվ հոգեհաց էր, ոչ թե կեր ու խում,
Ողորմաթասը, ոչ թե կոնծած էր՝
Այլ խմված ցավով զուսպ և կում առ կում:

Առաջվա հայը իր կյանքի գնով վանքեր էր կերտում,
Որ սերունդները մզկիթներից դուրս
Հայ Աստծո առաջ աղոթք բարձրացնեն,
Առաջվա հայը իր հացի գնով
Մագաղաթներ էր քերթում ու սերտում,
Որ մենք՝ ես ու դու, հավատքով մեր կույս
Դավանանքների հույսը վերացնենք:
Չի՛ փոխվել, կարծես, ավանդույթը այդ
Եվ հիմա, նույնպես, վեր են խոյանում
Բազում տաճարներ կյանքերի գնով,
Իսկ սուրբ «Հայր Մեր»-ը կանչում է հայը
Մզկիթներից դուրս սերնդեսերունդ,
Բայց կարծես հիմա հայի «Հայր Մեր»-ում
Առաջվանն է լոկ ՀԱՅՐԸ մեր միայն,
Մեր տաճարներում հայը առաջվա
Բացակայում է «Հայր Մեր»-ում ներկա։

ՎԵՐՋԻՆ ԳԱՐՈՒՆ
Գարունն է նորից մեզ տալիս բարև
Ու նորից ծաղկունք, արբեցնող արև,
Եվ միշտ ուզում եմ , որ մնա հավետ
Կյանք ծնող գարունն իմ երանավետ:

Ուզում եմ` չանցնի, ուզում եմ` մնա,
Ամառ չդառնա հասակս գարուն,
Բայց նա անցնում է ու տանում ահա
Ի’մ գարուն կյանքից ևս մեկ գարուն:

Քեզ մեկ սիրում եմ ու մեկ էլ ատում,
Ա՛յ պայծառ գարուն , ա՛յ մռայլ գարուն,
Մեկ թև ես տալիս, մեկ` թևաթափում,
Կամ ընկճում ես ինձ կամ դառնում ավյուն:

Ահա հասնում է ամառս կարծես
Եվ ամեն ամռան պիտ աղաչեմ ես,
Որ նա էլ չանցնի, որ մնա հավետ
Ծաղկաշունչ ամառն իմ երանավետ:

Բայց գիտեմ պիտի նրան էլ ատեմ,
Երբ խլի ինձնից գարուններս զով,
Կատեմ քեզ ամա՛ռ, երբ կյանքին անդեմ
Ես թախծոտ ժպտամ աշուն հասակով:

Եվ երբ որ հասնի աշունը կյանքիս,
Կմտնեմ այգիս ես այգեկութի,
Էլ չեմ մտածի ձմեռվա մասին,
Ու չեմ պաղատի` աշո՛ւն մի անցի։

Այդժամ կջանամ անհագ վայելել
Այգեկութ հասած իմ գարունն հանգիստ,
Քաջ գիտակցելով, որ անխուսափ են
Ցուրտ գարունները ձմեռվող կյանքիս:

Չգիտեմ՝ ինչո՞ւ,- ասացե՛ք մարդիկ,
Կյանքիս գարունը դեռ չբոլորած`
Հանդերձ եմ հագնում տխուր ծերուկի
Ու գարուն կյանքս տեսնում ձմեռված:

Գուցե ուզում եմ ես հանգստանալ,
Գարուն տենչալուց հոգնել եմ` մա՛րդ եմ`
Եվ հանգիստ հանգչել ու էլ չեռալ,
Շատ ջերմացնելուց սառել եմ արդեն:

Ու թվում է, թե կյանքին կհաղթեմ,
Երբ զգամ` վերջին գարունս հասավ,
Միգուցե այդժամ ես կխաղաղվեմ.
Գուցե խաղաղվեմ,
Գուցեև` բնավ…

***
Հոգսեր եմ փնտրում`
տևակա՜ն, անհոգ,
Բարօրությունից
Արդեն հոգնել եմ,
Փնտրտուքներիս
Մութ անկյուններից
Գտել եմ ես ինձ,
Ե’ս իմ գտածից
Արդեն հոգնել եմ `
Կորչել եմ ուզում,
Ե’ս կորցնելուց արդե’ն հոգնել եմ…

Հաղթանակած էր խաղն իմ այս կյանքում,
Եվ կյանքի ձգվող տևողության հետ,
Ժամանակի դեմ մղված պայքարում ,
Հեն’ց ժամանակի սուղ լինելու մեջ`
Հզոր վայրկյանին տանուլ եմ տվել…
«Հաղթանակներից» արդեն հոգնել եմ…

Կյանքս` աղմկոտ,
Ժխորս սակայն իմ երգն է թոթով,
Շուրջս պատերազմ`
Կռիվս սակայն մի երթ անխռով,
Կյա՛նք վերջին անգամ ձեռնոցդ նետիր դու իմ երեսին,
Պարտության լեղին քիմքիս զգալու
Արդար վախերից հոգնել եմ արդեն…

Ամենքս էլ կյանքում լո՜ւռ տառապել ենք,
Երբ սերն էր հեռու, երբ սերն էր երազ,
Երանի, որ դուք երկար տառապեք,
Քանի չի դարձել հեռուն նորահարս,
Երբ երազանքին արդեն հասել ենք, կմնանք քնած,
Իսկ երբ արթնանանք, կլինի քունը տառապանք ծնած,
Իսկ ես արթուն եմ,արդ ոչ թե սերը, այլ քո՜ւնն է երազ ,
Կուզեմ մեկուսի ու լուռ տառապեմ…
Չէ՜, ո՜չ թե սիրո՜ւց` երազանքներից արդեն հոգնել եմ…

Մի հանգստություն գտնելու տենչով,
Երկա՜ր տարիներ ես խարխափել եմ,
Գտել եմ նրան, բայց իմ որոնած հանգստությունով
Դարձել է կյանքս անհանգիստ եդեմ,
Տագնապ եմ ապրում հիմա անդադար,
Եդեմի մաղձը լուռ ճաշակելուց ես կշտացել եմ.
Դու’ք որ խլեցիք արցունքիս վերջին կաթիլը արդար,
Խլե’ք ինձանից հանգստությունս, որ չտագնապեմ,
Արցո՜ւնք եմ ուզում, որ գեթ հանդարտվեմ`
Արյո՛ւն լացելուց վաղու՜ց հոգնել եմ….



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ