ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, March 3, 2015 23:13 - 5 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Արյունոտ Կիրակի) Մաս 48

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ
(Արյունոտ Կիրակի)
Մաս 48

Մինչ մենք զբաղված էինք Մայիսի 28-ի միջոցառման հարցերով,Կարմիր Մոսկվայի կողմից հայ ժողովրդի դեմ կազմակերպվում էր մի ահավոր սադրանք,որը ԿԳԲ-ի հայ գործակալները պետք է փորձեին նախ իրականացնել մեր ձեռքով…
Մայիսի 25-ին,կեսօրից հետո,հանկարծ Ազատավանում հայտնվեց այն ժամանակ ու նաև այսօր ոչնչով աչքի չնկնող քաղաքական կազմակերպություններից մեկի նախագան:Ես նրան գիտեի Ազատության Հրապարակից,ումից մի քանի անգամ իր կազմակերպության թերթերն էի ստացել:Զարմանքս շատ մեծ եղավ,տեսնելով նրան մեզ մոտ,այն էլ՝ Ազատավանում:Նա եկել էր ազատամարտիկի արտահագուստ հագած մի մարդու հետ:Տղաներից ոչ ոք չէր ճանաչում այդ կազմակերպության նախագահին,քանի որ ջոկատը երբեք կապ չէր ունեցել ոչ նրա,ոչ էլ քաղաքական արենայում դեր չունեցող նրա կազմակերպության հետ:Չհասկացանք էլ,թե ո՞րտեղից էր իմացել մեր գտնվելու վայրի մասին:
Նա բարևեց ինձ և հայտնեց,որ եկել է ջոկատի հրամանատարին հանդիպելու:Բոլորս հավաքվեցինք ջոկատի անդամ Էդիկ Սաենյանենց բակում,որտեղ էլ տեղի ունեցավ զրույցը:
Այդ մարդը՝ այդ կազմակերպության նախագահը,որի ունեցած կազմակերպությունն այսօր էլ քաղաքական արենայում կարծես թե ոչ մի դեր չի խաղում,թեև շատ զարմանալի կերպով շարունակում է մինչ օրս գոյատևել ,ծանոթ է շատերին:Բայց ես,հարգելի ընթերցող,առայժմ նախատեսում եմ չտալ նրա և նրա կազմակերպության անունը:Բնավ ոչ այն պատճառով,որ վախ ունեմ դառնալ ինչ որ ստահակների վրեժխնդրության թիրախ,ինչպես այդ դեպքի որոշ գաղտնիքներին տիրապետող մի քանի մարդիկ,ովքեր սպանվեցին զանազան ձևերով,այլ զուտ այն պատճառով,որ կազմակերպված այդ ահավոր սպանդը՝ 1990 թվականի Մայիսի 27-ի արյունոտ դեպքը,որ մինչ օրս էլ չի բացահայտվել,մնացել է կոծկված , իրենից ներկայացնում է համազգային ողբերգություն և քրեական այնպիսի մի ահավոր պատմություն,որը երբեք չեն բացահայտի ներկայիս իշխանությունները,ինչն էլ իր հերթին նշանակում է,որ առայժմ փակագծերը ամբողջովին բացելու ժամանակը չէ:Թեև,պետք է ասեմ,որ այս գրքիս չհրապարակվող էջերում, գրել եմ հիշողություններս ավելի մանրամասն,դեպքերին մասնակցած անձանց,սադրիչների անունները մեկ առ մեկ,նաև մի քանի այլ կատարված դեպքերի պատմություններ,որոնք այնքան անհրաժեշտ են սերունդներին և մեր նորագույն պատմության իրական դեմքն են հանդիսանում:Այդ էջերը կսպասեն իրենց լույս տեսնելու ժամանակին…Իսկ երբևէ, այս դեպքերի բացահայտման ցանկության դեպքում,կծիկի ծայրը հաստատ իմ ու մեր ջոկատի մարտիկների մոտ պետք է փնտրեն նաև…
Գրում եմ այս ամենը,քաջ գիտենալով,որ նա ևս գուցե ընթերցի տողերս և հասկանա,որ խոսքն հենց իր մասին է:Եթե բացեմ փակագծերը,գուցէ շատերն ասեն զարմանքով,թե նա մի կողմ քաշված,հանգիստ,ոչնչի չխառնվող մեկն է և անգամ չհավատան էլ,որ արտաքուստ այդքան խաղաղ երևացող մի մարդ,ով այսօր անգամ հայրենասիրական տողեր է գրում ու մատուցում շատերին, կարող էր գործիք դառնալ մի այդչափ ահավոր սադրանք իրականացնելու գործում:Բայց փաստը մնում է փաստ,ինչը կարող են հաստատել ջոկատի կենդանի մնացած բոլոր 28 անդամները…Նաև այսքան տարի անց,ուշադիր հետևելով այդ անձնավորության փոքրիկ,ոչնչով աչքի չնկնող քայլերին,նրա քաղաքական կողմնորոշմանը,քաղաքական շրջապատին,սահմռկելու աստիճան ավելի եմ համոզվում ԱՐՅՈՒՆՈՏ ԿԻՐԱԿԻՆ ծրագրված կազակերողների ինքնության հարցում…Իսկ այդ փաստի մասին «զարմանալիորեն» չուզեցին անգամ լսել Գլխավոր Դատախազության քննիչները մեր ձերբակալության տարիներին:Ես և եղբայրներս,որ կտրականապես հրաժարվել էինք անգամ մեկ բառ որևիցէ ցուցմունք տալ, երբ գտնվում էինք բանտերում, պահանջում էինք հարցաքննություն իրականացնել,հետազոտել,պարզել մայիսի 27-ին կատարված դեպքի,90 թվականի հոկտեմբերի 17-ին Գերագույն Խորհրդի վրա կատարված կրակոցների,հետագայում նաև ջոկատի մարտիկ Խաչիկ Վասիլյանի պայթեցման դեպքի հանգամանքները:Սակայն քննչական մարմինն անգամ լսել չէր ուզում դրանց մասին:Մանավանդ ես,որքան էլ որ պնդում էի,որ այս դեպքերով բացահայտումներ ունեմ անելու և պահանջում եմ վերջին երկու դեպքերով մեր մասին տարածված ասեկոսեները ի չիք դարձնելու,իրականության վրա լույս սփռելու համար կատարել քննություն,այն ժամանակվա ՀՀ Գլխավոր Դատախազության հատկապես կարևոր գործերի մեզ քննող քննիչները միայն խորիմաստ ժպտում,կամ քմծիծաղ էին տալիս ու հեռանում քննասենյակից, կասկածի ու ենթադրությունների խորը տեղիք տալով…
ՀՀ Գլխավոր Դատախազության քննչական մարմնի այսպիսի մոտեցումը ,ապացուցում էր մեր հանդեպ իրականացվող հաշվեհարդարի և մայիսի 27-ը իրականացնողների նույն կենտրոնը լինելու կասկածը…
Կոծկվեց և շարունակում է լռություն պահպանվել 90 թվականի մայիսի 27-ի արյունոտ դեպքերի մասին,երբ վաղու՜ց արդեն այդ սադրանքի մեջ կասկածվող ՀՀՇ-ի պարագլուխներից շատերը չկան…
Այս դեպքից ամիսներ անց, ՀՀՇ-ի իշխանության գալու առաջին տասնօրյակին,երբ Վազգեն Սարգսյանն ու Սմբատ Հակոբյանը զրահամեքենայով շրջապատել էին ՀԱԲ-ի շտաբը և սպառնում էին պայթեցնել այն,որտեղ փակվել էին բազմաթիվ մարտերի բովով անցած փառապանծ ՀԱԲ-ի մարտիկներն ու հրամանատարները,շտաբից բավականին հեռու, «անհայտ պայմաններում»,դավադրաբար սպանվեցին (թե՞ ,ուրիշ մի վայրում նախորոք էին սպանվել և միայն այդ պահին դիակները բերվեցին այդտեղ) երկու հայորդիներ՝ Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) և ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Վիտյա Այվազյանը:ՀՀՇ-ն առանց վարկյան իսկ կորցնելու շտապեց այս սպանությունները վերագրել ՀԱԲ-ին,անտեսելով այնտեղից սպանության համար անհնարին եղող այն կետը,որտեղ գտնվել էին դիակները:Մինչդեռ ներքին կարգով լուրեր էին պտտվում հենց ՀՀՇ պարագլուխների մասին,որպես այդ սպանությունների կատարողներ:Դրանք նույն անուններն էին,որ այս երկու սպանությունից ամիսներ առաջ շրջանառվում էին մայիսի 27-ի սահմռկեցուցիչ դեպքերի առիթով…
Ինչպես այդ օրերին,այնպես էլ դեպքից մեկ տարի անց,նախագահ ԼՏՊ-ն պետք է ցինիկաբար փորձեր այդ սպանությունները վերագրել ՀԱԲ-ին և դա այն դեպքում,երբ իր հարցազրույցից ուղիղ վեց ամիս անց, ՀՀՇ կառավարությունը պետք է ազատ արձակեր ՀԱԲ-ի ձերբակալված մարտիկներին,չմտածելով էլ պատասխան տալ այն հարցին,թե՝ իրենց իսկ կողմից այդքան ծանր հանցագործության մեջ մեղադրվող ՀԱԲ-ի տղաներն ինչպե՞ս և ի՞նչ հիմքերով ազատություն ստացան:Կամ ովքե՞ր էին ուրեմն մարդասպանները,եթե արդարացվում էր ՀԱԲ-ը…
Բայց օրինականության ամեն չափ ու սահման անցած ՀՀՇ-ի բորենիներին նման հարցեր չէին էլ հետաքրքրում:Նրանք երկրին նայում էին որպես իրենց սեփականության,որտեղ իրենք ինչ ցանկանային կարող էին անել,ում ուզեին կարող էին վերացնել ասպարեզից,կարող էին վարկաբեկել ու սադրել սոսկալի դեքեր և պատասխան չտալ երբեք…
(ԼՏՊ-ի այդ հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ.
http://www.youtube.com/watch?v=Ew3X4rtztvE)
Հետագայում այս մասին պետք է հանգամանալից,մի փոքր ավելի բացահայտ,թեև ոչ ամբողջովին,խոսեին ՀԱԲ-ի հրամանատար Ռազմիկ Վասիլյանը,Վիտյա Այվազյանի մայրը և ուրիշներ,ովքեր որդիներ էին կորցրել 90 թվականի մայիսի 27-ին կազմակերպված սադրանքի արդյունքում:Մայիսի 27-ի սպանդն ու Վիտյայի և Գեղազնիկի սպանությունները շաղկապված էին միմյանց և նույն ձեռքի գործն էին…
(Տեսագրությունն այստեղ. https://www.youtube.com/watch?v=kUYx2rJDNrM#t=22)
Իսկ այն ժամանակ,երբ դեռ թարմ էին դեպքերը, հենց իրենք՝ երկրի ամենաբարձր իրավական հարթությունում գտնվող
իրավապահները պարտավոր էին ուղղակի լսել ինձ նման հայտարարությունների դեպքում:Անաչառ լինելու համար պետք է ասեմ,որ սա մտածված մի փոքր խաղ էր նաև իմ կողմից,ստուգելու տեղի ունեցած այդ դեպքերի առիթով երկրի Գլխավոր դատախազության պահպանած այդ աստիճան լռությունը և դրա պատճառները…
Հետաքրքրականն այն էր,որ մեզ դատում էին նույնիսկ մեր կողմից չկատարված և ոչնչով չապացուցված «մեղքերի» համար նաև,դատապարտում էին Ադրբեջանին «նյութական վնաս» հասցնելու համար նույնիսկ,բայց ԱՆՁԱՄԲ Վազգեն Սարգսյան կոչվող ճիվաղի կողմից նախորոք տարածված հորինովի այնպիսի պատմության հարցով,ինչպիսին օրինակ Գերագույն Խորհրդի վրա իբր անձամբ իմ կատարած կրակոցներն էին,կամ՝ շահագռգիռ անձնաց կողմից տարածված, ջոկատի անդամ Խաչիկ Վասիլյանի պայթեցման դեպքը իբր Սամվելի կողմից կատարված լինելու հարցով,Գլխավոր Դատախազությունը պահպանում էր քար լռություն և այդ դեպքերը քննության առնելու մեր պնդումների առկայության պայմաններում անգամ, այնպիսի անտարբերություն էր ցուցաբերում,որ կարծես նման բաներ չէին էլ տեղի ունեցել…
Այդ դեպքերի առիթով ողջ հանրապետությունում շրջանառվում էր իմ ու եղբորս անունը,որպես դրանք իրականացնողներ:Հերթական անգամ վարկաբեկվում էինք մենք և կարծես այսքանը հերիք էր «իրավապահ» կոչվածների համար,ովքեր հանցագործությունները բացահայտելու մեր պահանջի, մեր օգնության պատրաստակամության դեպքում անգամ, այս աստիճան անտարբերություն էին դրսևորում…
Կատարված այդ դեպքերի մասով այդպես էլ իրավապահները ոչ գործեր հարուցեցին,ոչ գոնե մեկ հարցով անգամ դիմեցին մեզ,ոչ էլ հետաքրքրվեցին,թողնելով դրանք անհայտության վարագույրի ետևում…
ԻՆՉՈՒ՞…
Ովքե՞ր էին կանգնած 90 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցած սպանդի,Օգոստոսի 29-ին տեղի ունեցած այդ երկու սպանության,նույն թվականի հուլիսի սկզբին ջոկատի անդամ Խաչիկ Վասիլյանի պայթեցման և հոկտեմբեր ամսին Գերագույն Խորհրդի վրա կատարված կրակոցների՝ այդ սարսափելի հանցագործությունների իրականացման ետևում,որոնք ջանասիրաբար թաքցնում էին երկրի իրավապահները և այդպես էլ՝ մինչ օրս քար լռություն պահպանեցին…
Սակայն,չցանկանալով խախտել պատմությանս ժամանակագրական հերթականությունը, այս դեպքերի մասին ավելի մանրամասն կպատմեմ իրենց տեղում…
Իսկ այժմ վերադառնանք 90 թվականի մայիսի 25…
…Երբ ջոկատը և եկած այդ մարդիկ տեղավորվեցին բակում դրված սեղանի շուրջ,ես ներկայացրեցի Սամվելին,թե ով է այդ «քաղաքական գործիչը»՝ տալով նրա կազմակերպության անունը:Եվ տանտիրուհու մատուցած սուրճի գավաթի շուրջ սկսվեց զրույցը:«Քաղաքական գործիչը» սկսեց պատմել,որ ռուս զինվորների հսկողությամբ, մեծ քանակությամբ զենք է բերվել Երևանի կայարան:Ասաց,որ այդ ռուս զինվորների հետ արդեն պայմանավորվածություն կա, մայիսի 26-ի,լույս 27-ի գիշերը նրանց օգնությամբ, եղած զենքը «ազգայնացնելու»:«Գործիչն» ուներ հստակ ծրագիր և մանրամասնորեն բացատրում էր,թե գիշերվա որ ժամին,կայարանի որ կողմից պետք է մոտենալ թիրախին,ասելով,որ ինքը ջոկատին կտա գիշերային հեռադիտակ,տարածքը զննելու և գործողությունն սկսելու համար,զգուշացնելով նաև,որ թիրախին մոտենալիս անհրաժեշտ է երկու անգամ լուսարձակով ազդանշան տալ,որ իբր ռուս զինվորներն իմանան,որ պայմանավորված մարդիկ են մոտենում:Բոլորս լուռ լսում էինք մինչև վերջ:Վերջում Սամվելը նրան միայն մեկ հարց տվեց,թե.
– Որ էդպես մանրամասն ծրագրել ու ամեն բան պայմանավորվել եք,ինչի՞ քո կուսակցության տղաների հետ չեք ուզում իրագործել դա,կամ Երևանում չկա՞ քեզ ծանոթ մի ջոկատ,որ եկել հասել ես էստեղ ու իմ ջոկատին ես առաջարկում էտ գործն անել:
– Իմ կուսակցությունը ջոկատ չունի,Սամվել ջան-արդարացավ «գործիչը»-և հետո ես լսել եմ,որ քո ջոկատի տղաները անվախ են ու մտածեցի,որ էս գործը դուք անեք:
Սամվելը ծանր ոտքի կանգնեց ու կատաղի հայացքն ուղղելով իր ձախ կողմում նստած «գործչին»,համարյա գոռաց.
– Դե հիմա վեր կաց ու ռադտ քաշի էստեղից,շու´տ…
Բոլորս հանկարծակիի եկանք,իսկ ես նաև խիստ ամաչելով, փորձ արեցի հարթել իրավիճակը,բայց հենց առաջին բառիցս հետո Սամվելն ընդհատեց ինձ ու նույն տոնով գոռաց արդեն դարպասից դուրս եկող «գործչի» ու նրա հետ եկած երիտասարդի ետևից.
– Մյուս անգամ էս կողմերում երևացել ես,քեզ էստեղից կտանեն,քո ոտքով չես գնա…
Մի պահ տիրեց խորը լռություն:Հետո ջոկատի մարտիկ Բախշիկ Հովհաննիսյանը նեղացած տոնով դարձավ Սամվելին.
– Պայմանավորված գործ էր,ի՞նչ կլիներ,որ համաձայնվեիր,գնայինք էտ զենքերը բերեինք:
Տղաները կարծես այդ խոսքին էին սպասում,սկսեցին նույնը պնդել:
– Դուք չեք հասկանում-դեռ բարկացած կատարվածից,տղաներին դարձավ Սամվելը- էս գործը մեր գլխին սարքած փորձանքա: Սրան ուղարկել էին,որ սարքեն մեր գլխին:Երևանում էդքան ջոկատներ կան,մի ջոկատ չէր գտե՞լ,որ նրանց առաջարկեր,եկել հասել էր Արտաշատ,մենք իրեն անտես-անծանոթ,մեզ էր առաջարկում էտ գործն անել:
Բոլորս լուռ էինք:Ոչ ոք այլևս չհակաճառեց Սամվելին,բայց տղաներն ակնհայտ դժգոհ էին…
Միայն երկու օր անց,մայիսի 27-ի կեսօրից առաջ, երբ լսելու էինք այդ նույն զենքի համար կայարան գնացած ու ռուս զինվորների անխնա կրակահերթի տակ ընկած մեկ ուրիշ ջոկատի վեց մարտիկների,նաև թվով 20-ից ավելի անմեղ քաղաքացիների զոհվելու մասին,հասկանալու էինք,թե Սամվելի չափից դուրս զգուշավոր ու ճշգրիտ քայլը ինչից էր ազատել բոլորիս…
Այսօր՝ տարիների այս հեռվից,երբ մտաբերում,վերլուծում եմ կատարվածը,հասկանում եմ նաև,թե ինչու՞ էին ընտրել հենց մեզ,այդ սադրնաքն իրականացնելու համար…
Սակայն ուրիշ էլ ու՞մ,եթե ոչ՝ մեզ,որ արդեն իսկ ներքաշված էինք կեղտոտ ու արյունալի պատմությունների մեջ:Մեզ՝ որ հսկայական ուժ էին ներկայացնում:Այնպիսի ուժ,որը համարձակվել էր դեռ գոյություն ունեցող Սովետմիությունում ոչ միայն անկախացնելու Արտաշատը,այլ նաև, դրանից մի քանի օր հետո՝ 90 թվականի մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ջոկատի անդամ Վարազդատ Գրիգորյանի գլխավորությամբ ձեռնարկել և իրականացրել էր Մասիսի կայարանում կանգնած ռուսական զորքի զինաթափումը,ազգայնացնելով նրանց կողմից Ադրբեջան տարվող 5 տանկ,հաջորդ օրը ևս 5-ից ավելի տանկ,որոնք հատկացրեցին ՀԱԲ-ին և ուրիշ այլ ջոկատի,այդպիսով դառնալով ավելի ուժեղ և Մոսկվայից Հայաստան ձգվող նորությունների հաղորդման հիմնական թեման:
Այս տանկերի ազգայնացման պահով ևս ջոկատի մարտիկները քրեական պատասխանատվության ենթարկվեցին հետագայում ու չնայած դրան,այսօր կան մարդիկ,որ Մասիսի կայարանից տանկերի ազգայնացման այս դեպքը անարդարացիորեն վերագրում են իրենց…
Մայիսի 17-18-ի գիշերը ջոկատի կողմից իրականացված այս համարձակ գործողությունը, ազդակ էր հանդիսացել հավանաբար գաղտնի գործող ուժերի մոտ,ծրագրելու և օրեր անց՝ մայիսի 27-ին իրագործելու նմանատիպ մի նոր գործողություն-սադրանք,որի արդյունքում պետք է ոչնչանար ջոկատն ամբողջությամբ,եթե չլիներ ջոկատի պետի զգոնությունը…
Իսկ քաղաքական գործչի անվան տակ հանդես եկող,քաղաքական կուսակցություններ ստեղծած ու դրանք ղեկավարող,բայց իրականում Սովետական ԿԳԲ-ի գործակալ եղած շատ սրիկաներ, դեռ մինչ օրս անպատիժ ու առանց խղճի խայթի շարունակում են ապրել մեր կողքին,համարձակվում են անգամ ներկայանալ ու «տեղավորվել» ազատամարտիկների շարքերում և նույնիսկ գրիչ են շարժում ու հայրենասիրության,ազգասիրության մասին մտքեր գրում համացանցում,հույսը երևի դրած մեր հիշողության կորստի վրա…
1990 թվականի մայիսի 27-ին, առավոտ շուտ,Աշոտ Նավասարդյանը եկավ մեզ մոտ՝ Ազատավան:Նստած զրուցում էինք ու թեյում:Արդեն կլիներ ժամը 10-ը,երբ Երևանի Անկախության Բանակի տղաներից մեկը դարպասն ուժգին բացելով շնչակտուր ներս ընկավ ու բղավեց.
– Աշոտ,շուտ հասեք,ռուսական զորքը Երևանում,Էրեբունիում գնդակահարումա ժողովրդին:Բոլորս հանկարծակիի եկած վեր թռանք մեր տեղից:Նավասարդյանը միայն հասցրեց հրամայել.
-Սամվել,ջոկատդ զինի ու հասի հետևիցս…
Երևի հինգ րոպե չտևեց,ամբողջ ջոկատը մեկ մարդու պես զինված պատրաստ էր:Անմիջապես շարժվեցինք Նավասարդյանի ետևից:Արտաշատից Երևան տանող մայրուղու վերջնամասում հասանք Նավասարդյանի մեքենային:Շրջադարձի վրա կանգնեցինք:Նավասարդյանը,որ արդեն լուրը բերած մարտիկից տեղեկացված էր դեպքի մասին,կարգադրեց Սամվելին.
-Դու քո ջոկատով ՏԵՑ-ի խաչմերուկը պահի,ռուսական զորքը Սովետաշենից էտ կողմով կարող է մտնի քաղաք:-Ասաց ու շարժվեց առաջ:
Մենք հասանք մինչև ՏԵՑ-ի խաչմերուկ:Սամվելն արագ ջոկատը բաժանեց չորս մասի,մանրամասն բացատրելով, թե որ դեպքում ինչ պետք է անենք և ինչպես պետք է արձագանքենք անհրաժեշտության դեպքում երկինք արձակած իր գունավոր հրթիռներին: Բաժանված խմբերն արագ տեղավորվեցին խաչմերուկում գտնվող քարե պարիսպների,հիմնարկության տանիքի վրա,դիրքեր գրավեցին փոքրիկ օբիեկտների շուրջ և խաչմերուկի աջ մասում գտնվող սեփական տների տանիքներին:Ես վերջին խմբի հետ էի:Մենք նախորոք սարսափած բնակչությանը տեղեկացրեցինք այն ամենի մասին,ինչ գիտեինք և խնդրեցինք դուրս գալ տներից ու հեռանալ ժամանակավորապես:Նրանք անմիջապես պարտաճանաչորեն ենթարկվեցին մեր հրահանգներին:Տանիքի վրա տեղավորված,ես արագ-արագ բենզինով լցնում և բամբակով փակում էի ապակյա շշերը:Ջոկատի մարտիկները լավ քողարկված, չորս կողմից ուշադիր զննում էին տարածքը:Սամվելը ներքևում,մեքենայով անընդհատ առաջանում ու զննում էր խաչմերուկի բոլոր չորս փողոցներն ու լուր բերում մեզ:Ժամեր էին անցնում և մենք ոչ մի լուր չունեինք,թե ինչ է տեղի ունենում քաղաքի մյուս մասերում:Դեռ չգիտեինք,որ ռուսական զորքը աջ ու ձախ անխնա կրակելով անմեղ ժողովրդի վրա,սպանել է երկու տասնյակի հասնող հայ քաղաքացիների,այդ թվում նաև տարիքով մարդկանց ու կանանց:Արդեն ժամը 15-16-ն էր,հանկարծ տների դիմացի փողոցից կատաղի արագությամբ երևաց Սամվելի մեքենան:Նա մտավ խաչմերուկ,մի անկյունում,մայթին մոտիկ կանգնեցրեց այն և դուրս նետվելով մեքենայից գոռաց. «պատրաստ,բենզինի շշերով» ու կարմիր հրթիռ արձակեց,միաժամանակ վազելով օբիեկտների մոտ դիրքավորվելու:Րոպեներ անց երևաց մի տանկ,որ շրջադարձ կատարելով ձախ,ուղղություն վերցրեց դեպի կայարան:Տանկի համար անսպասելի,հանկարծ չորս կողմից նրա վրա թափվեցին վառվող բենզինի շշեր:Բռնկվեց տանկը և կարծես շփոթված,արագ պտտվելով ետ գնաց եկած ճանապարհով:Մեր ուրախությանը չափ չկար:Կարծես հաղթել էինք կռվում:Այդ հաջող գործողությունից ոգևորված ու ավելի գոտեպնդված,մենք շարունակում էինք մեր հսկողությունը:Մի պահ Սամվելը բարձրացավ խաչմերուկում գտնվող հիմնարկության գրասենյակի տանիքին դիրքավորված ջոկատի տղաների մոտ:Նպատակն էր բացել գրասենյակի դռներից մեկը և հեռախոսով կապնվել Նավասարդյանի հետ:Քիչ անց նա ետ գալով,հատ-հատ մոտեցավ բոլոր անկյուններում դիրքավորված մարտիկներին ու հայտնեց Աշոտից ստացած տեղեկությունները կատարվածի վերաբերյալ:Կարծես արյունը սառեց մեր երակներում:Քարացանք:Վերջնականապես հոդս ցնդեցին կարմիր բանակի մասին ունեցած մեր բարի պատկերացումները,որ ներարկել էին մեզ, մեր ամբողջ կյանքի ընթացքում…
Կայարանում,Էրեբունիում և Սովետաշենում տեղի էր ունենում հայ ժողովրդի սպանդ՝ ռուսական կարմիր բանակի կողմից….

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Levon Poghosyan
Mar 7, 2015 21:33


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('30794') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD5\xAF\xD5\xA1\xD5\xA6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD5\xAF\xD5\xA1\xD5\xA6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD5\xAF\xD5\xA1\xD5\xA6\xD5\xB8\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219