ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 25, 2015 12:51 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 40

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ

Մաս 40

Բանտը մի յուրօրինակ վայր է,որտեղ քեզ ոչ ոք չի խանգարում մտածել:Երկա՜ր մտածել… Մանավանդ այն դեպքում,երբ մենակ ես քո բանտախցում:
Ինձ ճակատագրորեն տրված էր այդ հնարավորությունն ու ես մտածում էի:Հիշում էի տեղի ունեցած բոլոր դեպքերը հատիկ առ հատիկ,հիշում էի մեր ամենօրյա հանդիպումները Աշոտ Նավասարդյանի հետ,մեր խոսակցությունները,նույնիսկ այդ խոսակցությունների մանրամասներն ու…չէի կարողանում գտնել այն ԲԱՑԸ,այն ՊԱՏՃԱՌԸ,ՀԻՄՔԸ,որը նրան հնարավորություն պիտի տար,ԻՐԱՎՈՒՆՔ պիտի տար գնալու այս տեսակ դավաճանության…
Իրական դավաճանություն մի ողջ ջոկատի հանդեպ,գլխավոր հրամանատարի,ավագ ընկերոջ,պաշտելի անձնավորության կողմից,որին բոլորս հավատացել էինք,նվիրվել,վստահել՝ անմնացորդ ձևով…
Հանուն որի պատրաստ էինք նվիրաբերել և նվիրաբերել էինք ամեն ինչ…
Ես մարդ էի,շնչող,ապրող,զգացմունքներով և ուղեղով,որն անալիզ անել գիտեր նաև:Ես ԿԳԲ-ի նկուղում գտնվող իմ բանտախցի կանաչով ներկված պատերից մեկը չէի,որ լու՜ռ ու քարացած մի հավերժություն պետք է գոյություն ունենայի այդտեղ ու եթե որոշեին փոփոխության ենթարկել,ապա մեկ ուրիշ գորշ գույնով ներկեին ինձ ու համարեին,որ փոխվեց վիճակս:Ընկճված չէի,չէ´,երբե´ք,բայց ուղե՜ղս,ուղե՜ղս…ՈՒղեղս հուշում էր,ուղեղս չէր թույլ տալիս,որ հանգստանամ:ՈՒղեղս բոլո՜ր պատկերները բերում ու դնում էր կողք-կողքի,նկարչի կտավների ցուցահանդեսի նման…ՈՒ տեսնում էի,տեսնում նախանձով լցված բազում դեմքեր,թույլ ու ճիվաղային դեմքեր,որ դողալ գիտեին սեփական կյանքի համար,բայց և նախանձել՝ ուրիշի ընտրած մահվան ճանապարհին:Տեսնում էի սրիկա դեմքեր,որ ազգ ու ազգություն չունեին և պատրաստ էին «թուրքի մեջ թուրք,հայի մեջ՝ հայ լինել»,քարշ տալով իրենց ստամոքս-մարմինը:Որոնց աշխարհ գալուն Աստված համաձայնություն էր տվել միայն նրա համար,որ հետագայում, հողի տակ ճիճվային ստամոքսներ բավարարվեին նրանցով:Տեսնում էի փռչոտ գնդապետների,գեներալների ու սպարապետների դիմակների տակ վատ քողարկված մեծ գողերի,թալանչիների,մարդասպանների ու ազգադավների դեմքեր,որոնք իրենց ժամանակավոր խրախճանքն էին տոնում լու՜ռ մարող հերոս մարտիկի սնարին կանգնած,պատրաստ գողանալու այդ մարտիկի կենսանգրությունն անգամ:Տեսնում էի նաև դավաճան նախագահի ու ավագ ընկերների դեմքեր,հերոսության մասին,ազնվության մասին,հին ու նոր պայքարների մասին բոլորից բարձր խոսացողների,բոլոր նրանց,որ գծից այն կողմ էին…մենք՝ գծից այս կողմ:Իսկ գիծը կարմիր էր,արյունով ներկված ու մահահոտ…Գծից այս կողմ եղածներս՝ «ելուզակներս»,«բանդիտներս»,ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐՍ…
ՈՒղեղս ստիպում էր,հոգիս բողոքում՝ մի բան անել է պետք,շտա´պ…
Բայց ի՞նչ…ի՞նչ…ի՞նչ…
Աչքիս առաջ բանտն էր,բանտախցերում ընկերներս,իմ տանջվա՜ծ,իմ չարքա՜շ,լույսի պես մաքու՜ր ու նվիրված, իմ հայրենասեր ընկերները:Ամեն մեկը մի տան ճրագ ու սյուն,ամեն մեկը ինքնազոհության պատրաստ,ոմանք վիրավոր,ոմանք խրամատներում վաստակած հիվանդություններից տառապյալ և այս բոլորի հետ մեկտեղ՝ …մորս ծնած երեք զավակներս էինք…Երեք զավակներ՝ ես և երկու եղբայրներս,բոլորս էլ բանտում…
Քննիչ Սերգեյ Աբրահամյանը,որը հետագայում քննչական խմբի ղեկավարի աշխատանքից հեռացված Սերգեյ Պողոսյանին եկավ փոխարինելու,չկորցնելով պահը,Աշոտ Նավասարդյանի մեր դեմ գրած այդ երկրորդ ցուցմունքը որպես հիմք ընդունելով ու այդպես էլ նշելով մեղադրական եզրակացության,հետագայում էլ մեր մասին գրած իր գրքույկի մեջ,անմիջապես ողջ ջոկատի դեմ հարուցեց պատժի ծանրագույն չափեր նախատեսող Բանդիտիզմի հոդվածը,ինչին այնքան ձգտում էր քննչական կազմը,բայց ձեռքի տակ այն հաստատող նյութ չուներ:Քննիչ Աբրահամյանը չէր թաքցնում և բացահայտ հայտարարում էր,որ անձամբ Վազգեն Սարգսյանի կողմից պահանջ կա այդ մեղադրանքը բարդելու մեզ վրա:Իսկ մենք լուրեր էինք ստացել,որ այդ մեղադրանքը մեզ վրա բարդելու համար, Վազգենը խոստացել էր Աբրահամյանին վարձահատույց լինել պաշտոնի բարձրացմամբ,ինչն այդպես էլ եղավ և դրանից անմիջապես հետո, քննիչը հայտնվեց Շահումյանի շրջանի գլխավոր դատախազի աթոռին:
Հարցաքննության բոլոր նյութերով ապացուցվել էր,որ տղաներից շատերը և մանավանդ ջոկատի հրամանատար Սամվել Մարգարյանն անձամբ մասնակից չեն եղել կատարված ոչ մի ծանր հանցագործության և Կծան Միշայի ու Զովաշենցի Ռուբիկի բանդաների հետ տեղի ունեցած արյունալի դեպքերը,ջոկատի տղաներից մի քանիսի առևանգման,այդ հին հանցագործների կողմից տղաների հանդեպ կատարված դաժանության,սեռական ոտնձգության փորձի,սպանությունների հետևանքն են եղել միայն:Սակայն նպատակ կար ոչնչացնելու հիմնականում ջոկատի հրամանատարին,Սամվել Մարգարյանին,որի դեմ անձնական թշնամանք ուներ Վազգեն Սարգսյանը:Անձնական թշնամանք՝ բխած իր կատարած համազգային չափի հանցագործությունից…Վազգենն անխնա ոչնչացնում էր իր կատարած բոլոր հանցագործությունների կենդանի վկաներին…Այս մասին դեռ շատերը կխոսեն ապագայում,համոզված եմ:Դեռ շատերն ունեն պատմելու բան այդ ԱԶԳԱՅԻՆ ՉԱՐԻՔԻ մասին…
Եվ այսպես՝ թիրախը մենք էինք հիմնականում՝ Մարգարյաններս,որ տեղյակ էինք կատարված բազմաթիվ հանցագործությունների,որ վաճառվող,գլուխ խոնարհող տեսակ չէինք,որ չէինք լռելու ու ներելու,որ չէինք պատրաստվում անցնել ու երբեք էլ չանցանք Վազգենի «սրի տակով»…
Մեղադրանքը համահունչ պետք է լիներ Հանրապետությունում Սամվելի մասին նախորոք տարածված սարսափզդու պատմություններին:Իսկ այդպիսի մեղադրանք կարող էր լինել միայն Բանդիտիզմի հոդվածը,որի համաձայն,անկախ անձամբ կատարած կամ չկատարած «հանցագործությունների»,ջոկատի անվան հետ կապված ցանկացած դեպքի պատասխանատու որպես,ճանաչվում էր ջոկատի պետը:Հայաստանի սովետական քրեական օրենսգրքի մեջ,որի համաձայն դատում էին մեզ Անկախ Հայաստանի հանրապետությունում,ասվում էր Բանդիտիզմի հոդվածի մասով,որ բանդիտ կարող է համարվել այն խումբը,որը կազմվել է,նախորոք համաձայնության գալով կատարելու զինված հարձակումներ,սպանություններ,թալան և այլն:Կամ,կայուն այն խումբը,որը կազմվել էր ուրիշ նպատակներով,բայց հետագայում խմբի ղեկավարի կողմից հայտարարվել է որպես բանդա և սկսել գործել որպես այդպիսին:Սակայն ջոկատը ոչ կազմվել էր բանդիտական գործունեություն ծավալելու համար,ոչ էլ հետագայում խմբի ղեկավարն էր հայտարարել,որ ջոկատը վեր է ածվում բանդայի:Ընդհակառակը,նույնիսկ հետագայում,մեզ բանդիտիզմի մեղադրանքով դատելուց հետո,դատավճռի մեջ անգամ գրվեց,որ ջոկատը իր գոյության ամբողջ ընթացքում մասնակցել է բազմաթիվ մարտերի և եղել առաջատարներից մեկը:Այսինքն չկար որևիցէ հիմք,բանդիտիզմի մեղադրանք բարդելու համար ջոկատի վրա:Եվ ահա այստեղ էր,որ Վազգեն Սարգսյանի պահանջը կատարելու համար,քննիչներին օգնության պիտի հասներ Աշոտ Նավասարդյանն իր ցուցմունքով:Նավասարդյանը մեր գլխավոր հրամանատարն էր և նա գրել էր,որ մեզ դեռևս 90-ի մարտին է հայտարարել բանդա ու հեռացել մեզնից:Դա հենց այն էր,օրենսգրքով պահանջվող այն ԱՊԱՑՈՒՅՑՆ ՈՒ ՀԻՄՔԸ ,որի համաձայն քննչական մարմինն ուներ իրավունք, մեզ վրա բարդելու բանդիտիզմի հոդված:Եվ այդպես էլ արվեց:Իսկ Նավասարդյանը զերծ էր մնում պատասխանատվությունից,քանի որ այդպես էլ գրել էր,որ բանդա հայտարարելուց հետո,ինքը հեռացել է մեզանից:
Ո՞վ էր ուղղորդել Աշոտ Նավասարդյանին գրելու նման բան,եզրակացնել կարելի էր միայն,բայց ով էլ որ ուղղորդած լիներ,դա երբեք չէր արդարացնում նրա կողմից կատարված այսքան ստոր արարքը:
ՈՒղղորդո՜ղը… Գողերի մեջ՝ մեծագույնը,թալանչիների մեջ՝ ամենաագահն ու ամենաճարպիկը,մարդասպանների մե՝ջ ամենաարյունարբուն,դավաճանների մեջ՝ ամենաստորն ու վախկոտը,որին սակայն, իր հանցակից «տղերքը» մի օր «հերոսի» պատվանդանին էին բարձրացնելու,որպես համազգային ԱՄԵՆԱ«հերոս»,որպես ծաղր՝ նրա կողմից տեռորի ենթարկված մի ողջ ազգի հանդեպ… ՈՒղղորդո՜ղը…Ամբո՜ղջ մի երկրի ու ժողովրդի բոլոր դժբախտությունների պատասխանատուն…
Տառապանքներիս ու մտորումներիս մեկ ամիսը լրանալուն պես տեղի ունեցած տեսակցության ժամանակ,այս ամենի մասին հայտնեցի հորս:Նա մի պահ նայեց աչքերիս ու հետո հանկարծ սկսեց ծիծաղե՜լ ու ասաց՝.
-Էէէէ՜,էդ տեսակ հիմարությունների մի հավատա,քննիչներն են իրենցից հորինել:
Երբ պնդեցի,որ իմ աչքով եմ տեսել Նավասարդյանի ձեռքով գրված ու ստորագրված այդ ցուցմունքները,հայրս մի պահ սառեց,երկա՜ր ու խորը հայացքով լուռ նայեց աչքերիս ու հանկարծ հասկացավ կատարված սարսափելին:Ոչինչ չասաց…
Տեսակցությունից անմիջապես հետո նա գնացել էր ՀՀԿ-ի շտաբ՝ Նավասարդյանի մոտ:Երբ հայտնել էր նրա տված ցուցմունքներին տեղյակ լինելու մասին,Աշոտը ակնհայտ շփոթվել էր,խնդրել անմիջապես,որ կատարվածը գաղտնի մնա,որ ոչ ոք չիմանա ու ասելով,որ ինքն էլ չի հասկացել,թե ինչպես տեղի ունեցավ դա,հավաստիացել էր հորս,որ գալու է դատարան և անպայման փոխելու է իր տված ցուցմունքը:
Ես այն ժամանակ շատ լավ էի հասկանում,որ իմ գրչի մեկ շարժումով,մեկ հերյուրանքով,Նավասարդյանը կարող է հայտնվել բանտում,շալակելով քրեական մեղադրանք,ինչին ձգտում էին սովետմիության շրջանից դեռ իրենց պաշտոններին մնացած քննիչները ,կամ՝ առնվազն կորցնել շատ բան,կորցնել ամեն ինչ…
Բայց ես չգնացի նման ստորության,գնալ չէի կարող ուղղակի:Պատկերացնել անգամ չէի կարող ինձ՝ նման մի դերում:
Ահա թե ինչու՞ էր ինձ համար այդքան անհասկանալի,թե հանրապետությունում հայտնի քաղաքական գործիչը,հին քաղբանտարկյալն ու խորհրդարանի պատգամավորն ինչպե՞ս էր գրիչ շարժել ու մրոտել ինքն իր կերպարն ու կենսագրությունը և ինչպե՞ս այսքանից հետո պետք է գար դատարան ու ցուցմունք փոխեր:Ինչպե՞ս պետք է արդարացներ իր սուտը,իր հերյուրանքը:
Այս բոլոր հարցերը խճճվել էին գլխումս,որոնք թեև պատասխաններ չէին թելադրում,բայց կամաց-կամաց ստեղծում էին մի նոր կերպար,մինչ այդ մեզ անծանոթ մի նոր Աշոտ Նավասարդյանի կերպար:Եվ այս ստեղծված անծանոթ կերպարը կարծես հուշեց կատարված մի դեպքի մասին,որն առաջին հայացքից կարծես աննշան թվացող մի բան էր,բայց իրականում գալիս էր ամբողջացնելու Նավասարդյանի այս նոր կերպարը և հաստատելու,որ հենց սա´ էր իրականը,սա´,որ չէի նկատել…Հիշեցի՜…Հիշեցի դեպքը իր բոլո՜ր մանրամասնություններով…
1990 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսն էր,մինչ իմ ձերբակալությունը:Արդեն բանտերում էին ՀԱԲ-ի մարտիկներն ու ողջ հրամանատարական կազմը,մեր ջոկատի մարտիկների մի մասը և բազմաթիվ այլ ջոկատների մարտիկներ ու հրամանատարներ,հիմնականում ամենաճանաչվածները:Իշխանության եկած ՀՀՇ-ն,հանձինս Վազգեն Սարգսյանի, դաժան հաշվեհարդար էր տեսնում բոլոր նրանց հետ,ովքեր իրենց ունեցած փառքով ստվերի տակ էին թողնում «սպարապետին»,ովքեր չէին համաձայնվել անցնել նրա «սրի տակով» ու փոխել իրենց գույնը,ովքեր լավ ճանաչելով նրան,վտահություն չունեին նրա ու նրա պատկանած կուսակցության՝ ՀՀՇ-ի ձգտումների ազնիվ լինելու մեջ,որպեսզի միանային նրանց:Ովքեր կարող էին և անկասկած կդառնային այն պատժիչ սուրը,որը մի օր կիջներ իրենց թալանչի թաթերին ու դավաճանի կառափներին…Վազգեն Սարգսյանն անձամբ էր իրականացնում պատժիչ գործողություններն ու ձերբակալությունները ,«հերոսի» իր սին կենսագրությունն այսպես կերտելով, պատերազմի թատերաբեմ դարձած սահմաններից շատ հեռու՝ Երևանում և յուրայինների դեմ:Իր ստեղծման օրից ի վեր՝ մինչ իր վերջ, ՀՀՇ -ի ձեռնարկած ո´չ մի գործողություն չէր իրականացվել առանց զոհերի:Այդպես էլ ՀԱԲ-ի դեմ ձեռնարկվածը եղավ 90-ի օգոստոսին:Եվ որպես «օրինաչափություն»,ինչպես մնացած բոլոր սպանությունների դեպքում,այնպես էլ այդ օրը,ՀԱԲ-ի շտաբի դիմաց ԲՏՌ-ների վրա բարձրացած Վազգենի ու Սմբատ Հակոբյանի անմիջական մասնակցությամբ կատարված այդ գործողության ժամանակ, Վիտյայի ու Գեղազնիկի (Չաուշի) սպանությունները մնացին չբացահայտված:ՀԱԲ-ն այդ օրերին դարձել էր արգելված անուն:Կարծես ետ էր վերադարձել 37 թվականը:ՀՀՇ-ի իշխանության գալը երազող մասսաներն անգամ,ցնցված էին տեղի ունեցող իրականությունից:Մարդիկ աշխատում էին որքան կարող են արագ «մոռանալ» ՀԱԲ-ի անունն ու կատարած գործերը:Այդ անունը բարձրաձայն արտաբերելը հավասար էր հանցանք գործելու:Ահա,այս վիճակում էր գտնվում երկիրը,երբ 90 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին գնացի ՀՀԿ-ի շտաբ,հանդիպելու Աշոտ Նավասարդյանին ու հայտնելու ջոկատի տղաների ձերբակալման լուրը:
Շտաբի դիմաց կանգնած զրուցում էին «Անկախության Բանակի» հրամանատարներից երկուսը՝ Արթուր Մալխասյանն ու Լեոնիդ Ազգալդյանը,որը մեկ օրով Վարդենիսից էր իջել Երևան:Ես նրանց հայտնեցի կատարվածն ու մենք միասին մտանք շտաբ:Նստած էր Նավասարդյան Աշոտն ու կողքը հավաքված էին բազմաթիվ տղաներ:Զրուցում էին:Մալխասյան Արթուրը(որին մենք Մալխաս էինք ասում) ընդհատելով այդ զրույցը դիմեց Նավասարդյանին՝.
-Աշոտ,Սամոյին ու տղաներին հավաքել են,բա ոչ մի բան չենք անելու՞:
Մալխասի այդ հարցից Նավասարդյանը բարկացած դեմք ընդունեց ու առանց որևիցէ մեկին նայելու,պայթեց միանգամից՝.
– Ի՞նչ պիտի անեմ:Սամվելն էն ժամանակ ուրիշի համար էր աշխատում,հիմի թող գնա, էտ ուրիշն էլ իրան պաշտպան կանգնի:
Տղաները հանկարծակիի եկան ու մռայլվեցին:Պատասխանն անսպասելի էր:Մալխասը, կարծես վիրավորված, վրա բերեց՝.
-Սամոն ու՞մ համարա աշխատել ո՞ր:
-ՀԱԲ-ի համար,ու՞մ համար:Վասիլյան Ռազմիկի համար:Գնաց զենքի նալյոտի,փոխանակ մերոնց համար բերեր էտ զենքը,Վասիլյանի համար տարավ-նույն տոնով շարունակեց Նավասարդյանը:
-Բայց էտ զենքի ալիքը ՀԱԲ-ն էր արել,Սամոն ո՞նց էր էտ զենքը բերելու մեզ-շարունակեց Մալխասը:
-Գիտե՞ս ինչ,ես սաղ կյանքս լագերներում նստած,ԿԳԲ-ն ամեն ինչ արելա,որ իմ վրա մի հատ քրեական կեղտ կպցնի,բայց չի կարացել ,հիմի ես պիտի Սամոյենց պատճառով գնամ իմ վրա քրեական կեղտ վերցնե՞մ-նետեց Աշոտն ու տիրեց մի անհարմար լռություն:Բոլորը մռայլված էին,բացահայտ դժգոհություն կար բոլորի դեմքին:Ես հասկացա,որ այդ պահից մենք մնացինք մենակ:Ես հասկացա,որ կայացվել էր մեր դատավճիռը…Իմ դիմաց նստած էր արդեն ո´չ այն Նավասարդյանը,որին ճանաչում էինք:Իմ դիմաց նստած էր մի նոր Նավասարդյան՝ ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ՀՀ Կուսակցության նախագահ Նավասարդյանն էր դա:
Ես շրջվեցի ու առանց ցտեսություն ասելու դուրս եկա:Դրսի դռների մոտ իմ ետևից հասան Մալխասն ու Լեոնիդը:Երկուսն էլ բացահայտ դժգոհ էին ու բարկացած:Լեոնիդը դառնալով Մալխասին, բարկացած ու կիսաձայն ասաց՝.
– Հասկացա՞ր ինչ էղավ:Ես Սամոյին լուր ուղարկեցի կանչեցի Վարդենիս,բայց ափսոս,չհասցերեց գալ:Սրանք բոլորիս գլուխը մեկ-մեկ կուտեն:Ես շարժվում եմ Վարդենիս,մինչև վերջ կռվելու եմ ու ոչ մեկին պռիզնատ չեմ գալու:Ես ու իմ Աստվածը:Ես գնացի:-Ասաց ու դուրս եկավ շտաբի բակից:Դա վերջին անգամն էր,որ տեսա Լեոնիդ Ազգալդանին:
Լեոնիդը չգիտեր,ոչ ոք չգիտեր,որ ուր էլ գնար,ինչի համար էլ որ գնար՝ դավադիր գնդակը հասնելու էր իր ետևից…
1990 թվականի հոկտեբերի կեսին Վարդենիսից Սամվելին ուղարկված Լեոնիդ Ազգալդյանի նամակում այսպես էր գրված.«Բարև Սամվել ջան:Շտապ հավաքիր ջոկատդ ու արագ բարձրացիր Վարդենիս:Ամեն բան կատարվում է ծրագրված:Վազգենը բոլորիս գլուխն ուտելու է:Հիմի մեր փրկությունը մեր լեռներն են,պատերզմի դաշտը:Զինված,միասնական,իրար գլուխ հավաքված պիտի լինենք,իրար թիկունք կանգնենք ու կռվենք թշանում դեմ:Միայն այդ դեպքում սրանք անզոր կլինեն մեզ ոչնչացնելու:Ինչ որ կանես,արագ արա ու բարձրացիր:Ես սպասում եմ քեզ:Լեոնիդ»…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ