ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, March 18, 2014 0:01 - չքննարկված

Հայերը Հնդկաստանում

18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ հայ գաղթօջախները: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:

Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17-րդ դարերում և զբաղվում էին գերազանցապես վաճառականությամբ: Հայկական խոշոր և ծաղկուն համայնքներ կային Հնդկաստանի շատ քաղաքներում: 17-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական պետությունները փորձում էին ներթափանցել Հնդկաստան, հայերն արդեն այնտեղ մեծ կշիռ ունեին: Անգլիական «Արևելա-հնդկական ընկերությունը» Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ: Դրա համաձայն` հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում:

Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալ հնդկական առևտրին և սկսում են հետզհետե սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեին խոշոր նավատորմ, կանոնավոր բանակ, ուստի կարողացան զենքի ուժով տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին: Հնդկահայ բուրժուազիան սկսում է գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

Հովսեփ Էմինի գործունեությունը Արևմտյան Եվրոպայում

Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը տեղափոխվել էր Կալկաթա: Նա ծանոթ էր ինչպես պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայ ժողովրդի վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում հայ վաճառականության դժվարին կացությանը:

Երիտասարդ Էմինը որոշում է գնալ Անգլիա, սովորել ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի ազատագրմանը: Նրան ոգևորում էին Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի մասին տեղեկությունները, որտեղ հայերը տարիներ շարունակ համառ կռիվներ էին մղում հայրենիքի ազատագրության համար:

1751թ. Էմինը, հակառակ հոր կամքին, որը նրան ուզում էր վաճառական դարձնել, ծառայության է մտնում Անգլիա մեկնող մի նավում և ուղևորվում Անգլիա: Անգլիայում Հովսեփ Էմինն ընդունվում է Վուլվիչի զինվորական ակադեմիան, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ: Ակադեմիայում նա հմտանում է ռազմական գործի մեջ: Այնուհետև Էմինը մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմին:

1759թ. Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան տերության օժանդակությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ Վրաստանը:

Հովսեփ Էմինը Ռուսաստանում և Անդրկովկասում

Վերադառնալով Անգլիա՝ Էմինը հանդիպում է Անգլիայում ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին ուղղված հանձնարարական նամակ՝ ճանապարհվում է (1761 թ.) Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում: Նա մտադիր էր հայրենիքի ազատագրության համար, վրաց Հերակլ II թագավորի հետ դաշնակցած, պայքարել թուրքական տիրապետության դեմ:

Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում է Վրաստան: Մոսկվայում Հովսեփ Էմինին է միանում Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում հավաքագրվում է կամավորների ջոկատ, որն ուղեկցում է Էմինին:

Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրերին և նրան հանձնարարում է եվրոպական ռազմական արվեստով վարժեցնել վրացական զորքին:

Հայաստանում ազատագրական շարժումն աշխուժացնելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Սբ. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Վերջինս մեծ աշխատանք էր տանում ջոկատներ հավաքագրելու և Թուրքիայի հպատակության տակ գտնվող ասորիների ու քրդերի հետ համագործակցելու ուղղությամբ: Հովնանը պնդում էր, որ Էմինը Հայաստան գալու ժամանակ ունենա վրաց թագավորի կողմից տրամադրված թեկուզև փոքրիկ մի զորաջոկատ: Դրանով թուրքերը կհամոզվեն, որ վրացիներն էլ են հայերի հետ: Հերակլ II-ը, զգուշանալով Թուրքիայի հետ ընդհարումից, երկար ժամանակ տատանվում էր որոշակի խոստումներ տալ:

1764թ. Հ. Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին: Նամակատարը Երևանում խանի մարդկանց կողմից ձերբակալվում է: Տեղեկանալով այդ մասին՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հանդես է գալիս Էմինի և Հովնանի ծրագրերի դեմ (նա անիրագործելի էր համարում սեփական ուժերով Թուրքիայի և Պարսկաստանի դեմ հաղթանակի հասնելը): Նա նամակով կշտամբում է Հերակլ II-ին` Էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից՝ Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:

Հ. Էմինը հարկադրված անցնում է Հյուսիսային Կովկաս, որտեղ մնում է ավելի քան մեկ տարի: 1766թ. նա վերադառնում է Հայաստան և հանգրվանում Գետաշենում գտնվող Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Էմինը Գետաշենում մասնակցում է Գանձակի խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի մղած ճակատամարտին: Հայկական զորքերը ջախջախիչ պարտության են մատնում խանի բանակին: Նրան հետապնդում են մինչև Գանձակի դարպասները և պաշարում քաղաքը: Հերակլ II-ի միջնորդությամբ հայկական զորքը դադարեցնում է պաշարումը:

Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Հ. Էմինը Շուշիում այցելում է Իբրահիմ խանին և ապա մեկնում Գանձասար: Այստեղ նա տեղեկանում է, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը բանադրանքի սպառնալիքով հրամայել է չընդունել և չօժանդակել Էմինին: Համոզվելով, որ Արցախում կատարում են Սիմեոն Երևանցու հրամանը, նա փորձում է դիմել այլ միջոցների, որոնք, սակայն, նույնպես վերջանում են անհաջողությամբ:

Անհաջողությունները զգալի չափով հուսահատեցնում են Հ. Էմինին: 1770թ. նա վերջնականապես վերադառնում է Հնդկաստան:

http://www.findarmenia.com/arm/history/22/402



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ