ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, December 29, 2013 18:47 - չքննարկված

ՀԱՅԵԱՑՔ ՀԱԼԷՊԻՑ – Ապատեղեկատւութիւն. Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կատարւած ապատեղեկատւութիւն (Բ) (Շար.3)

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ

Այդ բուռն հակադարձութեան ականատեսը եղանք Եւրոխորհրդարանի որդեգրումից յետոյ: Ադրբեջանը, պատմական ճշմարտութիւնները խեղաթիւրելու իրողութիւնից ելնելով, չպէտք է զարմանալ՝ օրցերեկով Հին Ջուղայի խաչքարերը հայկական պատմա-մշակութային կոթողներ լինելու փոխարէն վերածեց «ադրբեջանցիների նախահայրերը եղող աղւաններին» պատկանող յուշակոթողների: Բայց կա՞յ մէկը, որ կարողանայ ադրբեջանական համաթուրանական քարոզչութեանը հարց տալ, թէ ադրբեջանցի թուրքերը պատմականօրէն ինչ կապ ունեն գլխաւորաբար կովկասեան ծագում ունեցող աղւանների հետ, թէ պատմական Աղւանքը ինչ գործ ունի պատմական եւ հայկական Նախիջեւանում, եւ թէ՝ եթէ իրապէս այդ խաչքարերը կամ պատմական յուշարձանները աղւանական ծագում ունեն, ապա ինչ տրամաբանութեամբ են մարդիկ իրենց «նախահայրեր»-ի յուշարձանները քանդում:

Ի՞նչ է կատարւում Ադրբեջանի ճակատում Նախիջեւանի առնչութեամբ: Այնտեղ մերկապարանոց խեղաթիւրւում է ամբողջ պատմութիւնը. խօսւում է ոչ միայն Նախիջեւանի եւ Ղարաբաղի, այլեւ նոյնիսկ Երեւանի մասին՝ որպէս թաթարական հողի՝ դրանք յետ առնելու կոչերով ու սպառնալիքներով:

Նախիջեւան անունը, Նախիջեւանի շրջաններն ու գիւղերը, լեռներն ու գետերը հնուց ունեցել են հայկական կամ հայերի կողմից նշանակւած անուններ, բայց հետագայ տարիներում «ազերիներ»-ը, իրենց ցեղակից եղբօր՝ թուրքերի նման, այդ անունները փոխել են թուրքերէնի: Դարեր տեւաբար ամբողջ աշխարհը ծանօթ էր իր իմաստով նաեւ հայերէն Նախիջեւանին եւ ոչ թէ «Նախշը-Ջիհան»-ին, որը 1919 թւականի օգոստոսի 22-ին, «Մուսաւաթ»-ի պարագլուխ Թաթար Մեհմեդ Էմին Ռասուլզադէն կոչել էր «Նախշը-Ջիհան», այսինքն՝ աշխարհի զարդանկար:

Շահաբոնք գաւառը այժմ՝ Շահբուզի շրջան, Ցղնան՝ Չանանաբ, Օձասարը՝ Ելանլուդաղ, Դարւանը՝ Դաղրիդաղ, Շահապունիքը՝ Քենդ Շահբուզ, Մոխրաբլուր՝ Քիւլթեփէ, Շորաբլուրը՝ Շորթափա, Երնջակ գետը՝ Ալինջա չայ, Նախիջեւանի գետը՝ Նախիջեւան չայ, Ջուղան՝ Ջուլֆա, Շահկերտը՝ Ղազանչի, Որդուարը՝ Օրդուբադ, Աստապատը՝ Թազաքենդ, Վերին Ագուլիսը՝ Եուխարը Այլիս, Արփաչայ վտակը՝ Արփա, Խրամը՝ Նեհրամ, Օծոփը՝ Բադամլու, Ջահուկը՝ Ջահրի գիւղ, Գողթնը՝ Քլիթ…

Ժամանակին հայկական Արցախի անունը փոխւում է եւ լինում Ղարա-Բաղ (ադր.՝ Սեւ այգի), ինչպէս նաեւ Արցախի շրջանի տարածքում գտնւող շրջանների ու գիւղերի, լեռների ու գետերի հայկական անունները եւս փոփոխութեան են ենթարկւել:

Ղարաբաղեան շարժման սկզբից եւ յետոյ հանդէս գալով հայկական կողմի պահանջատիրութիւնը չէզոքացնելու եւ հակառակ պահանջատիրութիւն ներկայացնելու ուղղութեամբ՝ ադրբեջանական կողմի գործողութիւնները այս շրջածիրում որոշակի փոխակերպման ենթարկւեցին՝ տարբեր փուլերի մէջ ներառելով հետեւեալ գործողութիւններն ու քայլերը. ապատեղեկատւութիւն եւ զեղծարարութիւն՝ Արցախում հայերի բնակեցման, պատմութեան եւ կարգավիճակի շուրջ:

Քարոզչական պատերազմ իրականացնելով՝ Ադրբեջանը մեծապէս կիրարկում է ապատեղեկատւութեան տարածում: Ղարաբաղեան պատերազմի ընթացքում ադրբեջանական ապատեղեկատւութիւնն արտաքին լսարանի տարածքում իրականացւում է արտասահմանեան մամուլի համար ադրբեջանցի լրագրողների պատրաստած յօդւածների միջոցով: Այսպէս, օրինակ, «Նեզաւիսիմայա գազետա»-ի թղթակիցներ՝ Կաֆառլիի եւ Մեհդիեւի յօդւածներում ապատեղեկատւութիւնը հիմնականում վերաբերում էր ռազմական գործողութիւններում հայկական ուժերի կորուստների քանակին, հայկական կողմից արգելւած զինատեսակների օգտագործման, ինչպէս նաեւ վարձկանների ներգրաւման մասին կեղծ տեղեկութիւններին:

Վարկաբեկիչ բնոյթի ապատեղեկացնող հաղորդագրութիւններ եւ դրանց տարածումը: Կամ, ասենք, Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) տարածքներում իբր գոյութիւն ունեցող ադրբեջանցի ռազմագերիների համակենտրոնացման ճամբարների մասին պարբերաբար յիշատակումներ:

Շփոթեցնող, ապակողմնորոշող տեղեկատւութիւն: Օրինակ՝ մէջբերւում են հայկական անանուն երիտասարդական կազմակերպութեան անանուն ղեկավարի խօսքերը: Հայաստանում Ուկրայինայի օրինակով երիտասարդական շարժում սկսելու վերաբերեալ եւ այլն:

Ապատեղեկատւութեան տարածման մէջ մասնագիտացել են որոշ ադրբեջանցի թղթակիցներ, որոնց շարքում առանձնակի աշխուժութեամբ աչքի է ընկնում Ռոշան Նոռուզօղլուն: Նրա ղեկավարած, այսպէս կոչւած, «Տեղեկատւութեան բանկը», որ բացարձակ ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ քարոզչութեան եւ հակաքարոզչութեան կազմակերպման եւ իրականացման եղանակների մասին կեղծիք եւ ապատեղեկատւութիւն տարածելու հարուստ փորձ է կուտակել, մշտական «տեղ է զբաղեցնում» Բաքւի «Զերկալօ» օրաթերթի էջերում:

Ապատեղեկատւական հնարքներից է նաեւ որոշակի փաստի հետագայ ընթացքի յօրինումը:

Այսպէս, օրինակ, Հունգարիայի հայկական համայնքի Հունգարիայի գլխաւոր դատախազին ուղղած նամակը (որին հայ համայնքի ներկայացուցիչները մտահոգութիւն էին յայտնում Գուրգէն Մարգարեանի սպանութեան գործով դատավարութեան ժամանակ ադրբեջանական լրագրողների կողմից քարոզչական նիւթերի տարածման հետ կապւած) պատճառ հանդիսացաւ, որ ադրբեջանական մամուլում յայտնւի ստայօդ տեղեկութիւն այն մասին, թէ Հունգարիայի հայերի երիտասարդական «Հայաստան» կազմակերպութեան անդամները կոչ են ուղղել հունգարական դատարանին մեղադրեալին յանձնել հայկական կողմին՝ մահապատժի ենթարկելու համար: Այսպիսով՝ ուղղակի փաստի, տւեալ դէպքի՝ Հունգարիայի դատախազութեան ուղղւած նամակի շուրջ յաջորդիւ կազմակերպւել եւ տարածւել է մտացածին ապատեղեկատութիւն:

Առանձնակի հետաքրքրութիւն է ներկայացւել կրակի գծում յաճախ իրականում տեղի չունեցող իրադարձութիւնների լուսաբանումը՝ ադրբեջանական լրատւամիջոցների կողմից: Հիմնական նպատակը հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման մասին յիշատակում անելն է: Որպէս կանոն՝ սովորաբար մտացածին լուրերի հաղորդումը աւարտւում է «Հակադարձ կրակով թշնամին ճնշւել է» ձեւակերպումով: Սա իւրօրինակ դրական հոգեբանական ազդեցութիւն է թողնում նաեւ ադրբեջանական հասարակութեան վրայ:

Ապատեղեկատւութեան առանձին դրսեւորումներից է հայկական կողմի հասցէին հնչող մեղադրանքները՝ ԼՂՀ-ի եւ շրջակայ տարածքների թմրանիւթերի տարալուծարանների, ահաբեկչական խմբաւորումների յենակէտերի տեղաբաշխման մասին: Տարբեր մեղադրանքներ են հրապարակում կենսաբանական զէնքի առկայութեան, ինչպէս նաեւ միջուկային թափօններով կենսոլորտն ապականելու դիտաւորութեան վերաբերեալ:

Ադրբեջանում տեղեկատւական պատերազմների մասնագէտները յատուկ կարեւորութիւն են տալիս տեղեկատւական ճարտարագիտական լայնամասշտաբ կիրառմանը, մասնաւորապէս՝ համակարգչային ճարտարագիտական եւ համացանցի միջոցով հակահայկական քարոզչութիւն իրականացնելու համար: Առանձին կարեւորութիւն է տրւում համացանցում ադրբեջանական քարոզչական աղբիւրների հարստացման աշխատանքներին: Հակասութիւնների հրահրման դաշտ են համարւում, օրինակ, Արցախ-Հայաստան յարաբերութիւնների ոլորտը, առկայ հասարակական հակասութիւնները, նեխածութիւն-աղքատութիւնը, ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ քարոզչութեան եւ հակաքարոզչութեան կազմակերպման եւ իրականացման եղանակների մասին, ինչպէս նաեւ այլադաւան, տւեալ դէպքում՝ առաքելական եւ կաթոլիկ ուղղութիւններին պատկանող հայերի միջեւ հակասութիւնների բորբոքումը:

Ղարաբաղեան պատերազմի տարիներում ադրբեջանական կողմը կատարել է նաեւ հայերէն թռուցիկներ տարածելու փորձեր, որի նպատակն է քայքայել հայ զինւորների մարտական ոգին, պարտւողական տրամադրութիւններ սերմանել նրանց մէջ:

Տեղեկատւական պատերազմներ իրականացնելու առաջարկներով հանդէս է գալիս նաեւ Էլշադ Ղուլիեւը՝ Ադրբեջանի հեռուստատեսութեան եւ ռադիոկայանի խորհրդի նախկին ղեկավարը (1978-1990-ին): Նա առաջարկում էր մշակել հրապարակման ոչ-ենթակայ կամ մասամբ գաղտնազերծւած տեղեկատւական պատերազմ վարելու հայեցակարգ, զարգացնել նախկին խորհրդային շրջանին յատուկ՝ հեռուստատեսութեան եւ ռադիոյի միջոցով տարւելիք քարոզչութիւն:

Ադրբեջանական կողմը միջազգային ատեանների առջեւ մեղադրանքներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետութեանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն առնչւող ՄԱԿ-ի չորս բանաձեւերի պահանջները անտեսելու վերաբերեալ: Այդ բանաձեւերում Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ որեւէ պարտադիր պահանջի բացակայութիւնն ադրբեջանական կողմը անտեսում է, ինչ որ նոյն բանաձեւերը որոշակի պարտաւորութիւններ են դնում ճիշտ ադրբեջանական կողմի վրայ, ինչ որ նոյնպէս միտումնաւոր կերպով անտեսւում է: ՄԱԿ-ը բանաձեւերի պահանջները չկատարելու բացայայտ յայտարարութիւն է արել:

Քարոզչական հնարքներից է նաեւ տարբեր լսարաններում ԼՂ-ի հայերի ինքնորոշման օրինականութեան վերաբերեալ հարց բարձրացնելը: Բանեցւել է հետեւեալ քարոզչական ծուղակը. եթէ հարցապնդման է տրւել դրական պատասխան, դրան հետեւում է հետեւեալ հարցը. այդ դէպքում, ի՞նչ է, հայերը պետականութիւն ստեղծելու իրաւունք ունեն Գլենդէլո՞ւմ, Ֆրանսիայո՞ւմ եւ Հիւսիսային Կովկասո՞ւմ: Հայկական կողմը մեղադրւում է «Մեծ Հայաստան»-ի ստեղծման գաղափարի համար:

Որպէս նման կարգի մեղադրանքներին համարժէք պատասխան՝ պէտք է մատնացոյց լինի այն, որ ադրբեջանական կողմը չի տիրապետում պատմական գրականութեանը, քանի որ «Մեծ Հայք» եզրն ունի յունա-հռոմէական ծագում եւ անւանւում էր այդպէս՝ «Փոքր Հայք»-ի գոյութեան պարագայում:

Առաւել յաճախ կրկնւող միւս քարոզչաեղանակը հայ քաղաքական գործիչներին ահաբեկիչներ, աւազակակներ, անջատողականներ եւ պատերազմի յանցագործներ ներկայացնելն է:

Ադրբեջանական պետական քարոզչամեքենան փորձում է նման պիտակաւորումներով բացառել յանցագործների հետ որեւէ բանակցութեան գործընթացի հնարաւորութիւնը:

Կարելի է նշել նաեւ «Դէյ. Ազ» (Day. Az) թերթի, 2004 թւականի օգոստոսի 9-ի համարում տեղ գտած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հակահայ յայտարարութիւնը, որ հնչել է Ադրբեջանի ազգային հանրագիտարանի անձնակազմի նիստի ընթացքում, որտեղ նա ասում է. «Այստեղ (հանրագիտարանում, Ա.Գ.) տեղ են գտել հայազգի շատ անձանց անուններ, որոնք Ադրբեջանի պատմութեան մէջ որեւէ դերակատարութիւն չեն ունեցել: Եթէ դուք թերթէք, դուք կը տեսնէք դա: Ես շատ զարմացած էի, ինչո՞ւ է այդպէս պատահել: Յարութիւնեան, Յարութիւնով, Գէորգեան, Երեմեան, Մարտիրոս Սարեան, Սասունլու Դաւիթ: Ի՞նչ է նշանակում: Ի՞նչ: Միթէ սա հի՞մք է հանդիսանում մեր ազգային հանրագիտարանի համար: Ես սարսափած եմ… Հիմա ես տեսնում եմ, որ սա անօգտակար գիրք է: Ես բացեցի յաջորդ էջը: Եւ ի՞նչ էք կարծում: Ես ի՞նչ տեսայ՝ Ստեփանակերտ: Ադրբեջանում Ստեփանակերտ անունով քաղաք գոյութիւն չունի»: Ապատեղեկատւութիւն տարածող հանրագիտարանում, Արցախի Հանրապետութիւնը, բնականաբար, ճանաչւում է ոչ թէ հայկական, այլ ադրբեջանական, որը «բռնագրաւել է Հայաստանը»:

Միւս կողմից՝ հակառակորդների կողմից ծրագրւած՝ պետական եւ գիտական բարձր մակարդակով պատրաստւել ու գործադրութեան է դրւել հայէրէն լեզւով կայքէջ, որտեղ կայ «սուտաբանութեան տեղեկատուփ», որը պարունակում է ամբողջութեամբ խեղաթիւրւած տեղեկութիւններ:

Այստեղ կարելի է ընդգծել նաեւ խիստ կարեւոր իրողութիւն: Թուրքական եւ ադրբեջանական ապատեղեկատւութեամբ ներքաշւել են արաբները, արաբ բարձրաստիճան անձնաւորութիւններ եւ ժողովներ, ինչպէս նաեւ արաբական մամուլը, օրինակ, Հայոց Ցեղասպանութիւնը ներկայացնում են այսպէս կոչւած «սուտաբանութիւն», իսկ ճիշտը իրենց մեկնաբանութեամբ, որ հայերը «ջարդել են հազարաւոր մուսուլմաններ», այստեղ Արաբական եւ Մուսուլման աշխարհը ներգրաւելու համար տեսնում ենք, որ մի պահ վերացնում են թուրք բառը եւ նրան փոխարինում է «մուսուլման»-ը:

Խոջալուի դէպքերը կամ հրադադարի խախտումը ներկայացնում են որպէս հայերի կողմից նախայարձակ: Այս երկու կարեւոր իրադարձութիւնները, որ ներկայացւել են թուրքական եւ ադրբեջանական կողմերից, տեղ են գտել Իսլամական խորհրդաժողովի կազմակերպութեան նիստերում եւ դրանց մասին բանաձեւեր հաստատել: Սկզբից ի վեր յստակ է, որ այս բոլորը ապատեղեկատւութիւն է:

Թուրքական կողմը իզուր չէ, որ Արաբական աշխարհի հետ է՛լ աւելի սերտացրեց իր կապերը, արաբերէն լեզւով հեռարձակւող թուրքական պետական հեռուստակայան հիմնեց ու մանաւանդ թուրքական ֆիլմաշարերը արաբական շուկայ մղեց: Այդ ֆիլմաշարերում գեղադէմ դերասան եւ դերասանուհիներով իր ցանկացած քարոզչութիւնը կատարեց ու յատկապէս ապատեղեկատւութիւն տարածեց:

(Շար.3)
«Ազդակ»



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ