ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, December 29, 2013 7:44 - 1 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ Մաս 39

ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Որպեսզի հավատարիմ մնամ ճշմարտությանը, պետք է ասեմ, որ թեև 1990 թվ-ի ապրիլի 2-ին ստեղծված ՀՀԿ-ն, չկազմվեց գաղափարախոսության հենքի վրա, բայց այդ կուսակցության անդամ հանդիսացող ամեն մի մարտիկ, իր հետ այստեղ բերեց իր հոգում արմատներ նետած ԱԻՄ-ի գաղափարախոսությունը և նրանցից յուրաքանչյուրն այդպես էլ մինչև վերջ մնաց որպես Անկախական:
Հիմա, տարիների այս հեռվից երբ ետ եմ նայում ու փորձում վերլուծել կատարված դեպքերը, մի տեսակ անհասկանալի են մնում այդ բոլորը, այնքան որ կարծես խճճված լինեին դրանք: ԱԻՄ-ից անջատված և ՀՀԿ-ն ստեղծած Աշոտ Նավասարդյանի հետագա բոլոր քայլերը, կարծես ցայտնոտի մեջ ընկած մարդու չհստակեցված, չպատճառաբանված քայլեր լինեին, անընդունելի՝ շատերի և հա´տկապես, առաջին հերթին հենց իր անձի համար: Նմանատիպ վարք էր ցուցաբերում հետագայում նաև, արդեն հայրենիք վերադարձած Հայրիկյանը որոշ հարցերում, բայց Նավասարդյանի մոտ դա շատ ավելի նկատելի էր ու խորացված:
Բնավորության հետևա՞նք էին, թե՞ ժամանակի պարտադրանքով թելադրված, դա այդքան էլ էական չէր: Բայց հաստա´տ բարոյական համարվել չէին կարող դրանք…
Ի՞նչն էր ստիպում Հայրիկյանին, 1990-ի մարտին տալ զինաթափման հրաման: Իրո՞ք վախը այն վտանգի հանդեպ՝ թե հնարավոր էր երկրում քաղաքացիական պատերազմ հրահրվել ու այն ճնշելու պատրվակով դրսից ուժեր մտցվել երկիր, թե՞ ամբողջովին քաղաքականացնելով ԱԻՄ-ը, նպատակ էր հետապնդվում ԱԻՄ-ը պառակտելու գնով նոր կուսակցություն ստեղծել ցանկացող Նավասարդյանին թողնել մենակ, խանգարելով հնարավոր արտահոսքը ԱԻՄ-ից:
Կարծում եմ երկրորդը: Հակառակ դեպքում անհասկանալի կլիներ, թե հանուն ինչի՞, իր հրամանից ճիշտ մեկ տարի անց, զենքն ու ինքնապաշտպանությունն այնքան մերժող Պ.Հայրիկյանը, երբ արդեն նշանակվել էր Գորիսի պարետ, պետք է ինքն անձամբ այդքան գործուն կերպով սատարեր տեղի ունեցող պատերազմին, ԱԻՄ-ի անդամների հետ մեկտեղ: Իսկ Աշոտ Նավասարդյանը վարվեց ճիշտ հակառակ կերպ…
Պ.Հայրիկյանի կողմից զինաթափման հրամանը և Ա.Նավասարդյանի հեռանալու կապակցությամբ ԱԻՄ-ի առաջնորդի հայտնած գոհունակությունը չգիտեմ, ի՞նչ նստվածք էին թողել Աշոտի հոգում, որ նա,տեղի ունեցած այդ երևույթը գլխիվայր շրջելով, մեկ տարի անց պետք է վարպետորեն օգտագործեր բանտերում հայտնված իր մարտիկների, տվյալ դեպքում՝ մեր դեմ: Նախ կցանկանայի նշել, որ ՀՀԿ-ի կազմվելուց կարճ ժամանակ անց, երբ Աշոտ Նավասարդյանին շրջապատում էին հիմնականում «Անկախության Բանակի» նրան անչափ նվիրված մարտիկները, սկսեցին այնտեղ հայտնվել նոր մարդիկ:
Դրանցից ամենաաչքի ընկնողն էր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը), որին այն ժամանակ կոմսոմոլ Աշոտ էինք անվանում, կոմսոմոլում ունեցած իր աշխատանքից մի անգամից ՀՀԿ-ում հայտնվելու համար: Նրա մուտքը ՀՀԿ-ը, որքան բոլորիս համար անսպասելի եղավ, նույնքան և հաստատուն: Նա եկավ և անմիջապես կարծես ամուր «տեղ գրավեց» հենց Նավասարդյանի կողքին: Սկզբից ևէթ, հին մարտիկներին բավականին վերևից նայող, միշտ շուրջը «չտեսնող», մի փոքր նրա, կարծես, արհամարհական կեցվածքն ու ամենքի ներկայությամբ, միշտ «ինչ որ գաղտնի բան» Ա.Նավասարդյանի կիպ ականջին ցածրաձայն խոսացող և ամեն կերպ իր շուրջը խորհրդավորություն ստեղծել ցանկացող այդ պաշտոնական հագուկապով մարդը, կարծես դուր չեկավ տղաներից շատերին:
Որքան փորձում էր Աշոտ Աղաբաբյանն ինքն իր կերպարին կարևորություն հաղորդել կուսակցության դռներից ներս և ամուր տեղ գրավել Նավասարդյանի կողքին, այնքան ավելի մեծանում էր «Անկախության Բանակ»-ը կազմող բոլոր ջոկատների տղաների դժգոհությունն ու կասկածանքը, որոնք հաճախ Աղաբաբյանի բացակայության պահերին այն բարձրաձայնում էին Նավասարդյանի մոտ: Տղաները երբե´ք չէին վստահում նրան: Սա կարող եմ վկայել ամենայն պատասխանատվությամբ: Իսկ Ա.Նավասարդյանը, միանալով նրանց ունեցած անվստահությանը, հորդորում էր համբերել ու տեսնել թե ապագան ինչ կբերի իրենց առաջ: Բայց որ հետզհետե Նավասարդյանն ավելի շատ էր սերտանում Աղաբաբյանի հետ և կարծում եմ, ավելի շատ էր ընկնում նրա ազդեցության տակ, դա անվիճելի էր:
ՀՀԿ-ի ստեղծումից վեց ամիս էլ չանցած, խորհրդարանի պատգամավոր դարձած Աշոտ Նավասարդյանն արդեն սկսել էր գրկախառնումները, իշխանության գլուխ անցած ՀՀՇ պարագլուխներից Վազգեն Սարգսյանի հետ, ինչը բավականին զարմանալի էր բոլորի համար: Եվ հենց այդ օրերին, ՀԱԲ-ի մեր և մյուս շատ ջոկատների մարտիկների ձերբակալություններից հետո, դեռ պետք է հրաման տար «Անկախության Բանակին» զինաթափվելու: Հատկանշական էր այն, որ կա´ր «Անկախության Բանակը», երբ դեռ նոր էին սկսվել կռիվները սահմաններում և այն պետք է զինաթափվեր՝ երբ ավելի էին թեժացել այդ մարտերը: Իշխանության եկած ՀՀՇ-ն, հանձինս Վազգեն Սարգսյանի, փորձում էր իր դրոշի տակ հավաքել մարտի երես չտեսած, կամ մի քանի գնդակ այս կողմ-այն կողմ կրակած այսպես կոչված՝ ասֆալտի ֆիդայիներին, որոնք հավատարմության «երդում տալով» և նրան կուրորեն ենթարկվելու վստահություն ներշնչելով, կարող էին ցանկացած պահի օգտագործվել սեփական ժողովրդի դեմ:
ՀՀՇ-ն լա՜վ գիտեր, թե որտեղ և ինչպես պետք է ավարտին հասցվեին իրենց նենգ նպատակները ու գիտեին դրանց հետևանքով հնարավոր ներքաղաքական բախումների մասին ևս: Ստեղծելով Երկրապահ ջոկատներ և ոչնչացնելով հանրապետությունում մինչ այդ եղած մնացած բոլոր հայտնի ջոկատներին ու մարտիկներին, նրանք հենց սկզբից ապահովում էին իրենց նպատակների անարգել իրագործումը, ոչնչացնում իրենց հանդեպ հետագայում բարձրացող պատժիչ ձեռքը: Աշխարհում հայտնի, յուրաքանչյուր պատերազմից հետո գլուխ բարձրացնող պատերազմական սինդրոմի մասին լավ գիտեին ՀՀՇ-ի պարագլուխները և նրանք դրանից զգուշանալով, հարցը լուծում էին այդ կերպ և ամենասկզբից, չմտածելով երբեք պատերազմի ելքի մասին, կասեի՝ ավելի շուտ, իրենց գիտակցության մեջ արդեն ստորագրած ունենալով Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու պայմանագիրը, որպես միակ ու ճիշտ ելք…
Ա.Նավասարդյանի կողմից «Անկախության Բանակի» զինաթափման հրամանը, ինչը ժամանակի առումով համընկավ մեր ձերբակալության հետ, Վազգենի ձեռքով վերևում նշածս հարցերի լուծման մասն էր կազմում: Եթե պիտի Հայրիկյանի հրամանից մոտ վեց ամիս անց, զինաթափման նույն հրամանն իջեցներ նաև Նավսարդյանը, երբ ավելի էին թեժացել մարտերը սահմաններում, ուրեմն ինչու՞ էր մերժել ժամանակին Պ.Հայրիկյանի հրամանը կատարել:
Այս հարցի առումով, այդ երկու հայտնի քաղաքական գործիչները փոխել էին իրենց երբեմնի ունեցած մոտեցումներն ու դերը: Փաստորեն եկել էր նոր մի շրջան, որտեղ ՀՀԿ-ն հիմնադրած մարտիկները թողնվում էին բախտի քմահաճույքին, իսկ կուսակցությունն ու կուսակցապետը մտնում էին քաղաքական նոր արենա, թոթափելով իրենց վրայից ռազմական անունն ու գործողությունների պատասխանատվությունը, պահելով միայն այդ նույն մարտիկների կյանքի գնով ձեռք բերված մարտական փառքը՝ որպես կերտվելիք կենսագրության կարևորագույն մաս ՀՀԿ որոշ անհատների համար, ովքեր սահմանի երես անգամ չէին տեսել:
Ահա թե ինչպես է այսօր Աշոտ Աղաբաբյանի կենսագրության մեջ տեղ գտել, իբրև թե նրա, մարտերի մասնակից եղած լինելու հորինվածքը…
Որո՞նք էին Աշոտ Նավասարդյանի շրջադարձային այս քայլերի հիմքը հանդիսանում: Վա՞խը,չկողմնորոշվելու հատկությու՞նը, թե՞ հասնելու և վերևներում տեղ գրավելու ձգտումը… Այս երեքից ո՞րն էր պատճառը, որ նա, 1991թ-ին Գլխավոր դատախազության քննիչների մոտ գրիչ պիտի բարձրացներ ու մեր դեմ գրեր ցուցմունքներ, որոնց համար հետագայում նա ոչ միայն պատասխանատու լինել չէր կարող, այլև՝ որոնք պետք է հիմք հանդիսանային վերջնական ու խորտակիչ հարված հասցնելու մեզ և իր՝ Աշոտ Նավասարդյանի կենսագրության մեջ թողնելու անջնջելի սև մի գիծ: Ամեն ինչ տեղի էր ունենում ըստ ծրագրի և կարծում եմ, դա չիմանալ չէր կարող երկար տարիների քաղբանտարկյալ եղած ու պայքարի մեծ բովով անցած մարդը, ով մանավանդ միշտ բարձրաձայնում էր, որ Արտաշատյան հայտնի դեպքերը ծրագրաված են հենց իր դեմ: 1991-ին նա մեր գործով երկու անգամ կանչվել էր հարցաքննության և գործի 9-րդ ու 12-րդ հատորներում զետեղված նրա երկու ցուցմունքները բացարձակապես հակասում էին միմյանց:
Առաջին հարցաքննության ժամանակ գրել էր, որ շատ լավ է ճանաչել ջոկատի մարտիկներին, որ «այդ ջոկատն իր քաջությամբ, իր պատրաստակամությամբ, իր զինվածությամբ ու կարգապահությամբ չուներ իրեն հավասարը ողջ հանրապետությունում և այն պատրաստ էր դառնալու ապագա Անկախ Հայաստանի Մատյան գունդը, որի հիման վրա պետք է կառուցվեր Ազգային Բանակը: Ջոկատը մասնակցել է բազմաթիվ մարտերի Երասխավանում, Կոռնիձորում, Նոյեմբերյանում, Վայքում և միշտ էլ պատվով է դուրս եկել այդ մարտերից: Բայց հանցագործ տարրերը, ջոկատին, անկախ իրենց կամքի, ներքաշեցին կազմակերպված կեղտոտ խաղերի մեջ, եղան սպանություններ, եղան անցանկալի դեպքեր, ինչն ազդեց ջոկատի բարի համբավի վրա»:
Ահա, այս ցուցմունքից օրեր անց, երբ երկրորդ անգամ էին Նավասարդյանին կանչել հարցաքննության, նա արդեն գրել էր լրիվ հակառակ մի բան՝.
«Ես դեռևս 1990թվ-ի մարտ ամսին եմ հրաժարվել նրանցից և ջոկատն հայտարարել եմ բանդա ու այլևս գործ չեմ ունեցել նրանց հետ: Ջոկատը լավ զինված էր, բայց նրանց զենքն ու տեխնիկան երբեք չեն ծառայել հայրենիքի համար, նրանք ավելի շատ վնաս են տվել երկրին, քան օգուտ»:
Նորմալ մարդը հավատալ անգամ անկարող էր, որ այսքան իրարամերժ երկու ցուցմունք կարող էին գրված լինել նույն մարդու ձեռքով և այն էլ՝ հանրապետությունում մեծ անուն ունեցող քաղաքական գործչի, կուսակցական ղեկավարի և հանրապետության խորհրդարանի պատգամավորի ձեռքով :
Մինչ Ա.Նավասարդյանի այս ցուցմունքներին ծանոթանալը, քննիչ Սերգեյ Պողոսյանը երկու տարբեր այցելությունների ընթացքում, ամեն կերպ համոզում էր ինձ բաներ գրել Աշոտ Նավասարդյանի դեմ, ներկայացնելով նրան իբր զենքերի ազգայնացման հրաման տվող, մեզ հետ կատարված դեպքերի հրահրող և միշտ ստանում կտրուկ մերժողական պատասխաններ: Տեսնելով որ ոչ մի կերպ չի կարողանում հասնել իր նպատակին, մի օր, ինքնագոհ ժպիտը դեմքին, քննիչն իմ առաջ դրեց Աշոտ Նավասարդյանի գրավոր ցուցմունքներն ու առաջարկեց կարդալ:
Կարդացի…Իր ձեռքով գրված ու ստորագրված… Աչքերիս չհավատացի…Կարդացի երկրորդ անգամ ու…երկինքը փուլ եկավ գլխիս:
Չհավատացի մարդկային ստորության այս աստիճանին…
Դեռ ուշքի չեկած այս դաժան հարվածից, լսեցի քննիչ Պողոսյանի հաղթական ու ինքնագոհ ձայնը՝.
-Բա որ քեզ ասում եմ սրա նմանի դեմ պիտի գրես էն, ինչ որ քեզ եմ ասում, չես լսում, սա ձեզ օգտագործել է ու հիմի էլ կործանում է: Հետո շուռ տվեց ու բացեց մաքուր մի էջ և գրիչը դրեց դիմացս, ասելով՝.
-Դե հիմի գրիր ինչ որ կասեմ, դա կօգնի նաև քո գործին: Հոգուս մեջ կուտակված ամբողջ կատաղությունը, հրաբխի ժայթքումով թափվեց քննիչի գլխին: Ձայնիս վրա ներս ընկան ԿԳԲ-ի հսկիչներն ու բանտապետի օգնականը և քննիչի շփոթված հայացքի տակ ինձ տեղափոխեցին բանտախուց:
Ո´չ ձերբակալությունս, ո´չ էլ երկու տարիների բանտային կյանքը ԿԳԲ-ի նկուղում իրենց բացասական կողմերով հանդերձ, երբեք այն ազդեցությունը չեն ունեցել ինձ վրա, ինչ որ ունեցավ Աշոտ Նավասարդյանի այդ ցուցմունքին ծանոթանալը…
Կարծես արթնացել էի ծանր ու անհավատալի երազից: Մեկ ամիս շարունակ լաց էի լինում ու չէի հանգստանում: Տառապանքս հարյուրապատկվել էր ու ոչ մի կերպ չէի կարողանում հաշտվել կատարված դավաճանության հետ՝
-ՄԵԶ ՀԱՄԱՐ ՊԱՇՏԵԼԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ…
Կորցրել էի քունս, օրերի հաշվարկը: Աչքիս առաջ մեկիկ-մեկիկ գալիս ու անց էին կենում բոլոր դեպքերը, բոլոր հանդիպումները նրա հետ ու էլի…նրա ցուցմունքի տողերը…
-«Ես դեռևս 1990թվ-ի մարտ ամսին եմ հրաժարվել նրանցից և ջոկատն հայտարարել եմ բանդա»… Ինչպե՞ս կարող էր, ի՞նչ էր մտածել ամեն մի հատիկ տառը գրելիս, ո՞նց էր թույլ տվել իրեն: Մոռացե՞լ էր, որ 1990թվ-ի մարտից հետո՝ ապրիլի 2-ին, երբ իրեն հայտնեցի, որ ջոկատը որոշում է կայացրել ու միանում է իրեն, հենց ինքն էր, որ հիացած բացականչեց ու ամուր գրկեց ինձ, շնորհակալություն հայտնելով ու հայտարարելով, որ ՀՀԿ-ն կազմվեց, նույն այդ ապրիլ ամսին էր ու ինքն էր, որ հավաքած ամբողջ «Անկախության Բանակը», եկավ Արտաշատի Ազատավան գյուղում կենտրոնացած մեր ջոկատի մարտիկներին գիշեր-ցերեկ օրերով սատար կանգնեց, բանակցությունների գնաց, մինչև կարողացավ մի կերպ կենդանի ետ վերադարձնել Կծան Միշայի ու Զովաշենցի Ռուբոյի կողմից արևանգված ու դաժանորեն խոշտանգված ջոկատի երկու մարտիկներին :
Մոռացե՞լ էր, որ չկար մի շաբաթ գոնե, որ մեզ մոտ՝ Արտաշատի շտաբում չլիներ: Մոռացե՞լ էր, որ մայիսի 27-ին Երևանի կայարանում տեղի ունեցած դեպքերի օրն առավոտյան, նորից մեզ մոտ՝ Ազատավանում էր, երբ ստացավ լուրն ու հրամայեց Սամվելին, զինել ջոկատն ու հետևել իրեն: Իր հրամանով ջոկատը փակեց Երևանի ՏԵՑ-ի խաչմերուկն այդ օրը և քաղաքի վրա հարձակված ռուսական զորքի մեկ ամբողջ վաշտ իր հրամանատարով հանդերձ գերի վերցնելուց ու գիշերվա ուշ ժամին բանակցությունների արդյունքում նրանց ետ վերադարձնելուց հետո, նորից արժանացավ իր հիացական խոսքերին: Հաջորդ օրն առավոտյան նորից ինքն էր, որ Երևանի շտաբում, բոլորի աչքի առաջ, իրեն այդպես սատարելու համար որպես շնորհակալություն, իր անձնական «Մակարով» տիպի ատրճանակը նվիրեց Սամվելին : Հուլիսի 1-ին, երբ ձերբակալել էին Սամվելին, ջոկատի տղաներից և մեր հարազատներից մեկին, էլի նա էր, որ բանակցությունների մեջ մտնելով Գլխավոր դատախազի հետ, փոխել տվեց խափանման միջոց հանդիսացող կալանքն ու ազատ արձակեց տղաներին, նույն երեկոյան ՀՀԿ-ի դահլիճում անցկացված ժողովի ժամանակ ինքնագոհ հայտարարելով, որ Սովետների պատմության մեջ առաջին անգամ Անկախականներն հաղթեցին կոմունիստներին:
Օգոստոս ամսին ինքն էր, անցած ողջ բանակի գլուխ, զենքը ձեռքին կռիվ տալիս մեզ հետ միասին, Արտաշատ քաղաքը զենիթային թնդանոթների կրակի տակ առած Կծան Միշայի ու Զովաշենցի Ռուբիկի բանդաների դեմ: Նույն այդ ամսին էր, որ ջոկատի տղաները, հենց իր իսկ խնդրանքով, մոտ մեկ ամիս հսկում էին Չարբախում գտնվող իր տունն ու ընտանիքի անդորրը, քանի որ անհայտ ուժեր մորթված կատու էին դրել նրա դռան դիմաց ու սպառնացել նրա կյանքին:
«Մոռացել էր» այս ամենն ու… հրաժարվել մեզանից՝ շտապելով առաջինն ինքը կարդալու մեր դատավճիռը… Բայց հանուն ինչի՞:
Որո՞նք էին Աշոտ Նավասարդյանի շրջադարձային այս քայլերի հիմքը հանդիսանում: Վա՞խը, չկողմնորոշվելու հատկությու՞նը, թե՞ հասնելու և վերևներում տեղ գրավելու ձգտումը…
Սրանցից ո՞րն էլ լիներ հիմք, արդարացված լինել չէր կարող, բարոյական չէր կարող համարվել…
Ես կին էի և արդեն մոտ մեկ տարի էր, որ գտնվում է ԿԳԲ-ի նկուղում, արդեն կարդացել էի Աշոտ Նավասարդյանի ցուցմունքները մեր դեմ, բայց էլի չէի կոտրվել, չէի ընկել այն աստիճան, որ համաձայնվեի, թեկուզ վրեժխնդրությունից, կամ՝ գործս թեթևացնելու քննիչի խոստումից ելնելով գրիչ շարժել ու հերյուրանք գրել Նավասարդյանի դեմ:
Ես կին էի, բանտարկված կին, բայց ուժեղ էի իրենից ու ԲԱՐՈՅԱԿԱՆ…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Anahit
Jan 2, 2014 6:32


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28724') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB5\xD5\xBD \xD5\xAF\xD5\xA1\xD6\x80...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB5\xD5\xBD \xD5\xAF\xD5\xA1\xD6\x80...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB5\xD5\xBD \xD5\xAF\xD5\xA1\xD6\x80\xD5\xA4\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219