ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 25, 2013 16:08 - 1 քննարկում

ԲԱՑԱՐՁԱԿ ՍԵՐՍ` ԳՅՈՒՄՐԻ

Անահիտ Կորյուն

Գյումրին ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: Գյումրին ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: Գյումրի չեմ գնում` առանց այդ երկու հրաշալի տղամարդկանց դատարկ է ինձ համար այդ քաղաքը: Հեռվից եմ սիրում այդ քաղաքը ու դա ավելի լավ է: Նա ինձ նոր զգացողություններ ապրելու հնարավորություններ է ընձեռում: Չնայած Երեւանը Գյումրիից հեռու է 126 կիլոմետրով, սակայն սարերի ու ձորերի տարբերություն կա: Ցանկացած գյումրեցի պոտենցիալ պոետ ու նկարիչ է, իսկ քանակն էլ որակ է տալիս: Էդիկ մեր հողից ու ջրից է` համոզված են գյումրեցիները, կարեւորը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԾՆՎԵԼՆ Է` հետո ուր էլ, որ լինեն ջրի երես են դուրս գալիս էդ գյումրեցիները:
Գյումրիում առանց նկարչի կամ պոետի ընտանիք կամ գերդաստան չի լինում: Մեր` Մանուկյաններիս մեծ ընտանիքում, միայն հորաքրոջս տղան էր, որ մանուկ հասակից նկարչին բնորոշ հատկություններ էր դրսեւորում: Այդ մասին է խոսում այն փաստը, որ մի օր թերթելով ինձ նվիրված ալբոմներից մեկը, ուր մերկ կանանց ֆիգուրներ կային, ասաց. «Ըմբես կսիրեմ չփլաղ կնիկների»: Սա առաջին եւ վերջին նկարչական ոգեւորությունն էր մեր մեծ ընտանիքում: Ճիշտ է, պոետ եւս չկա մեզանում, բայց այդ կոչմանը համարժեք քիչ թե շատ ինձ նման մի երեւույթ կա, ով լրագրությամբ է զբաղվում ու երբեմն-երբեմն պատմվածքներ ու արձակ պոեմներ գրում:
Ասում են` Արամ պապս մեր բակի հետեւում գտնվող սարայի հին սունդուկում Սայաթ- Նովայի դավթարի կրկնօրինակից ուներ ու երբ քեֆը տնգոզ էր լինում, էդ գրքի միջի երգերն էր երգում: Պապիս երգելուց չեմ հիշում` միայն զրնգուն, բարձր ձայնը.
– Է՜հեե՜հեյ, կնիկ,- ողջ բակով լսվում էր նրա ձայնը: Հասմիկ հորաքույրս էլ պապիս իններորդ զավակն է, նրան է քաշել` հրաշալի երգում է: Առանց նրա երգի մեր հարսանիքները հաստատ համ ու հոտ չէին ունենա:

Ժաժքը հսկա պապիս շատ խեղճացրեց` իր սիրելի Ծաղիկ դստերն իր հետ տանելով, իսկ հորս աչքերին կյանքումս առաջին ու վերջին անգամ արցունքներ տեսա: Երկար ժամանակ երգեր չերգվեցին: Կիսավեր Լենինականն այս ընթացքում Կումայրի, հետո Գյումրի վերանվանվեց ու այդպես էլ Գյումրի մնաց, բայց, ափսոս, դրանով ոչինչ չփոխվեց քաղաքի կյանքում: Ցավից, տառապանքներից ու ավերակներից կնճռոտվել էր քաղաքի դեմքը: Գյումրեցին բարձրաձայն ողբաց ու իր հոգու բոլոր ծալքերով ապրեց իր դժբախտությունը: Ու մի սովորական օր քաղաքը դադարեց լալուց, որոշեց ապրել առաջվա պես` այս քաղաքի բնակիչները խեղճ ապրել չէին սիրում: Ռուսաստանում հեղաշրջում էր, երկիրը քաղաքական տենդի մեջ էր, Գյումրին` եւս, սակայն գյումրեցիք հարստանալու, լավ ապրելու մոլուցքով էին լցված` արդիբաշ ե՞ս, ապ ջան: Նախկին լենինականցիները հինգկոպեկանոց պղնձադրամներն էին հալեցնում «կիսալատի մեջը» ու տանում ռուսաստանները վաճառելու: Որոշ ժամանակ անց գյումրեցիներից շատերը ոչ միայն հետ բերեցին երկրաշարժի ժամանակ իրենց կորցրածը, այլեւ հարստացան: Նրանք սկսեցին կրկին ծիծաղել ու անեկդոտներ հորինել:
Ամանորյա բոլոր գեղեցիկ հուշերի ճանապարհները Գյումրիում են կանգ առնում: Վերջին Նոր տարին ամենագեղեցիկն էր: Դա 1992 թվականի տարեմուտն էր, երբ դեկտեմբերի 31- ի գիշերը ժամը 10-ից սկսեց ձյուն գալ: Ածուխի վառարանի վրա խաղողի թփով դոլման էր վերջին անգամ եռ գալիս, իսկ ներսի սենյակում` 3 տարի ընդմիջումից հետո, ամենեամեծ եղեւնին էր զարդարվում, իսկ ես անընդհատ հենվելով բակ նայող լուսամուտին` խոշոր փաթիլներով թափվող ձյանն էի նայում ու մտածում, որ դրանք կարծես պսպղուն ադամանդներ լինեն: Դա վերջին ադամանդափայլ ձյունն էր: Տոնածառը զարդարված էր ու մենք` երեխաներս, պառկած մեր Արամ պապի մահճակալի տակ կոնյակի միջուկով կակաոյապատ կոնֆետ էինք ուտում, ու յուրաքանչյուրս մեր մտքում երազանք պահում: Եվ այդ տարվա ոչ մի երազանք իրականություն չդարձավ: Մեր մանկության հեքիաթը վերջնականապես փուլ եկավ` 92-ի գարնանը հացի հերթերում մեր մանկությունը սպանելով ու հարեւան թաղամասի ցայտաղբյուրից 20 լիտր ջուր տուն քարշ տալով, ինչպես նաեւ հաջորդ Ամանորը լամպի լույսի տակ դիմավորելով: Վերջին անգամ Անահիտ մամս իր օջախում մեծ կաստուրկով, ինչպես ինքն էր ասում, չրի խառը կոմպոտ պատրաստեց` աշխարհում ամենահամեղ ըմպելիքը: Ու Արամ պապս ողջ տնով մեկ բղավեց. «Վո՞վ կա տեղ, գառ ջան, պուտմ պաղ ջուր բեր, ծարավ եմ»: Նոր տարին նշանակում էր չրով կոմպոտ: Ու դրա կաթսան սովորաբար դրվում էր դրսում` դռան մոտ: Եվ ամենահաճելին այն էր, որ կաթսայի երեսին հաստ շերտով սառույց էր բռնում ու ես մեծագույն հաճույքով պղնձյա բաժակով ջարդում էի սառույցը ու կաթսայի տակից կոմպոտով լցնում բաժակը: Ու երբ ըմպելիքով բաժակը հանկարծ տեսներ մամս, սկսվում էր կռիվը.
– Կհիվնդնաս, այ մարդ, մենձ մարդ ես, ով ունի էս օրով քո հավեսը,- բարկանում էր տատս:
– Ըդիկ քո գործը չէ, տուր բաժակը, բալա ջան, շոգեն մեռա,- հետեւում էր պապիս պատասխանը: Պապս այդ տարի իր կյանքի վերջին Ամանորն էր նշում, իսկ մենք` մեր Գյումրվա վերջին Նոր տարին:
Գյումրիում նոր տարիներն անասելի գեղեցիկ էին դիմավորվում` չգիտեմ քաղաքի կենսոլորտից էր, թե նրանից, որ պապս ու հայրս էին կենդանի, թե նրանից, որ սեղանի շուրջ երկու տասնյակին հասնող հարազատներով էինք դիմավորում:
Նույն տարում մահացավ 84-ամյա Արամ պապս, Անահիտ մամիս մեզ հետ Երեւան տեղափոխեցինք, ու տատս մեկուկես տարի ապրելով չսիրելի մայրաքաղաքում, 94-ի գարնանը ցանկացավ իր Գյումրվա տուն-տեղը դառնալ: Վերադարձավ ու էլի 84 տարեկանում, ինչպես պապս, իր մահկանացուն կնքեց: Նրանց անգոյության հետ Գյումրին իր հրապուրանքը մի տեսակ կորցրեց: Առաջին սերս էլ հօդս ցնդեց, երբ իմացա, որ իմ սիրած տղան Բելգիա է մեկնել ու այլեւս չի վերադառնալու:
13 տարի ընդմիջումից հետո կրկին Գյումրիում եմ` Օպերային թատրոնը «Անուշն» է ներկայացնում, ավելի ճիշտՙ վերադարձնում գյումրեցիներին: Չնայած ձյուն-սառնամանիքին` Աճեմյանի անվան թատրոնում ասեղ գցելու տեղ չկա` Անուշը հերանց տուն է դարձել` ոտքի վրա գյումրեցիները հորինեցին իրենց հերթական սրամտությունը: «Էսօր ենք իմացել, օր Էրեւնից օպերա բդի գա մեր քովը: Ըսպեսնա բաների կարոտ ենք: Ախր, Անուշը առաջին անգամ մեզ մոտ է բեմադրվել»,- ասում է գյումրեցին:
Հաջորդ անգամ առիթը կրկին երաժշտական էր: Այս անգամ երիտասարդ երաժիշտները Գյումրիում ծառայող ռուսական զորամասի համար փոքրիկ միջոցառում էին պատրաստել: Միջոցառումից հետո, անշուշտ, գյումրեցիները առանց մի կտոր հաց ուտելու, մեզ թույլ չէին տա ճանապարհ ընկնել: Եվ ահա մայրաքաղաքաբնակները խոստովանում են, որ իրենց ողջ կյանքում այդպիսի համով հաց երբեւէ չեն կերել, իսկ իմ հիշողության մեջ կամաց-կամաց վերականգնվում է քարի հացի ծանոթ համն ու բույրը: Մենք` երեւանցիներս, ագահորեն վայելում էինք գյումրվա քարի հացը, որը, ինչպես սպաներից մեկն ասաց` «բազարի քովը կծախեն»:

Գյումրի էլ չեմ գնացել, սակայն հաճախ եմ շփվում գյումրեցիների հետ: Վերջերս գյումրվա բարբառով ֆրանսերեն խոսող գյումրեցիների հանդիպեցի, շատ զիլ էր` ամենագեղեցիկ լեզուն ու ամենագեղեցիկ բարբառը միախառնված: Ավելի զիլ էր, երբ իմացա, որ ուղիղ 1 ամիս առաջ սեւամորթ գյումրեցի է լույս աշխարհ եկել: Երեխայի հայրը գյումրեցի երիտասարդ երաժիշտ է, իսկ մայրը ջազ երգչուհի` գեղեցկուհի նեգրուհի: Մի քիչ տարօրինակ, բայց գյումրեցուն բնօրոշ պատմություն`ամենահետաքրքիր պատմությունները միշտ էլ նրանց հետ է պատահում:

Հ.Գ Այս գործս 5 տարի առաջ եմ գրել, այն պիտի ակնարկաշարի տեսքով շարունակաբար լույս տեսներ < <Ազգ>> օրաթերթում: Սակայն թերթի խմբագիրը նյութերս այսօրվան ու վաղվան էր զգում` հասկացնելով, որ դրանք տեղ չունեն իր թերթում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան ու բոլոր այն մարդկանց, ովքեր անընդհատ խոստումներ են տվել ինձ ու իրենց խոսքը գետնովն են տվել, բոլոր նրանց, ովքեր ինձ վատ են վերաբերվել: Էյսօր ես ինձ իսկական Անահիտ եմ զգում նաև հենց նրանց շնորհիվ …. Հա, քիչ մնաց մոռանայի`Գյումրիին նվիրված ակնարկաշարն ուժի մեջ է` էս քաղաքին ես սեր ու հոգատարություն եմ պարտք, հուսամ, որ գոնե այս տարի պարտքս կվերադարձնեմ:
Անահիտ Կորյուն
http://anahitkoryun.blogspot.fr/2013/03/blog-post.html#more



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ռոբերտ Գյումրեցի
Dec 25, 2013 20:37


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28678') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219