ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 24, 2013 13:51 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 24)

Երասխավանի մարտը

Երասխավանի առաջին մարտի այդ օրը՝ 1990 թվականի հունվարի 18-ը բավականին ցուրտ օր էր:Չորս կողմը ծածկված էր ձյունով և սառույցով: Երբ ես հորս հետ հասա Երասխավանի ոլորանին ,այնտեղ բավականին մարդիկ էին հավաքված,հիմնականում տղամարդիկ և մի քանի մարդատար մեքենաներ,որոնք անտեղյակ կատարվող դեպքերին ճամփա էին ընկել դեպի Եղեգնաձոր,Վայք և այլն…Երասխավանի ոլորանի վրա,որից մի ճանապարհ բաժանվելով տանում է Նախիջևան,կողք-կողքի շարված էին մի քանի բեռնատարներ,թափքերը բարձրացրած:Նրանք ծառայում էին որպես «վահաններ», Նախիջևանի կողմից ադրբեջանցիների կրակոցների դեմ:Ոլորանի ձախ մասում,որը արդեն շրջանցում կատարած,դեպի Եղեգնաձոր ձգվող ճանապարհի աջ մասն է համարվում,ճանապարհից մի փոքր հեռու,Նախիջևանի հողում կար բարձրադիր մի բլուր,որի վրա ամուր դիրքեր էին գրավել ադրբեջանցիներն ու անվերջ կրակում էին:Իսկ ոլորանի աջ մասում կար բետոնե պարիսպներով շրջափակված մի գործարան,որտեղ ամրացել էին մեր կամավորները:Սամվելն ի ջոկատով անցել,մտել էր Նախիջևանի տարածք,ետ մղելով ադրբեջանցիներին և բլուրի վրա մնացածները մի տեսակ հայտնվել էին կարծես շրջափակման մեջ՝ կղզիացած վիճակում:Բայց նրանք այդ բարձունքից անվերջ գնդակոծում էին ոլորանն ու ճանապարհը:Փաստորեն ոլորանը,այսինքն եռակողմ խաչմերուկը դարձել էր առաջին գիծ:Ոլորանից բավականին ետ, Արարատ- Եղեգնաձոր ճանապարհի աջ մասում,ուր հավաքված էր մարդկային բազմություն,կար փայտաշեն մի փոքրիկ տնակ,որտեղ գտնվում էր Վազգեն Սարգսյանը:Մինչ մենք մարդկանցից հարց ու փորձ էինք անում,թե որտեղ են Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկները,ո՞ր կողմի վրա են,եկավ նաև Վանո Սիրադեղյանը:Հավաքված անծանոթներից հարցիս պատասխանը չստանալով,մոտեցա տնակին և տղաների մասին հարցրեցի Վազգենից:Նա արագ-արագ պատասխանց,որ Սամվելն իր ջոկատով մտել է արդեն Նախիջևանի հող ու առաջ է գնացել:Ես ու հայրս մեքենայից իջեցրինք ամբողջ զինամթերքը և ձյան վրա քարշ տալով առաջ անցանք ու շարժվեցինք դեպի գործարանի պատը:Այնտեղ մեր հայ մարտիկներն էին դիրքավորված,ո՞ր ջոկատից էին,ովքե՞ր էին՝ չգիտեյինք:Գետինն անհարթ էր այդ մասում,ես ու հայրս պառկել էինք ձյուների մեջ ու մի կերպ սողալով,հետն էլ մեր ետևից քարշ տալով զինամթերքով լի ուսապարկերը,առաջ էինք շարժվում:Ադրբեջանական կողմից կրակոցները մեկ դառնում էին անվերջանալի,մեկ էլ ամբողջովին լռում էին:Մարտը տարերային բնույթ էր կրում,չկար կազմակերպվածություն,չկար ընդհանուր հրաման ու ծրագիր:Հայրս ասաց,որ մենք այդպես երկար առաջ գնալ չենք կարող,հարկավոր է զինամթերքը բաժանել կռվող մարտիկներին:Դեռևս լույս էր և դիրքեր գրաված մարտիկները տեսնելով ինձ,զարմանում էին ու գոռում,թե կինն ի՞նչ գործ ունի այդտեղ:Հայրս նույնպես գոռալով նրանց հարցնում էր,թե ինչ տեսակ զինամթերքի կարիք ունեն և մենք սողալով մեկ այս կող,մեկ այն կողմ,նրանց էինք բաժանում մեր գրպաններն ու ծոցը լցրած հրացանի ու ավտոմատի պատրոնները:Մութն ընկնելու հետ մեկտեղ գնդակոծությունն սկսեց ավելի ուժեղանալ և Վեդիից Գեղամ անունով մի մարտիկ,որի կողքին էինք գտնվում այդ ժամանակ,մեզ խնդրեց թողնել դիրքերն ու ետ քաշվել,ասելով որ գնալով ավելի վտանգավոր է դառնում մեզ համար:Մենք արդեն բավականին առաջ էինք գնացել և հողաթմբերի տակ պատսպարվելով,սկսեցինք կամաց-կամաց ետ սողալ:Արդեն մութ էր,որ ամբողջովին թրջված,սառած հորս հետ դուրս եկանք կողք-կողքի շարված բեռնատարների մոտ:Մի քանի մարդ կային այդտեղ և անգլիացի մի լրագրող:Նրանք շատ զարմացան տեսնելով մեզ:Անգլիացին իսկույն սկսեց նկարել և հարցեր տալ իրեն ուղեկցող հայ մարդու օգնությամբ:Հետո հորս հետ շարժվեցինք դեպի առաջ,այսինքն հեռացանք կրակի գծից :Երբ մոտեցանք փայտաշեն տնակին,զարմանքներս շատ մեծ եղավ…Կրակի գծից բավականին հեռու գտնվող այդ տնակում,դեռ նստած էին Վազգեն Սարգասյանն ու Վանո Սիրադեղյանը,տաք-տաք հագած-կապած և մի քանի երիտասարդներ ուրիշ զինվորական կիսավերարկուներով ծածկում էին նրանց թիկունքն ու փաթաթում ծնկները,թեյ էին մատուցում նրանց,իսկ մեկը Վանոյի ոտքերի տակ տեղադրում էր նավթավառը:
Այնքա՜ն նողկալի էր այդ տեսարանը,որ մենք՝ ես ու հայրս ահավոր ցավ զգացինք մեր սրտերում:Մենք,որ խորը հավատով,անմնացորդ նվիրված էինք շարժմանը,որ պատրաստ էինք առանց վարանելու մեր կյանքը տալ մեր Հայրենիքի ու ժողովրդի համար,հանկարծ կարծես ցնցվեցինք,սկսեցինք մտածել,թե ու՞մ ձեռքն է արդյոք հանձնված համաժողովրդական այս շարժումը:Մենք նրանց,որոնցից՝ Վանոն, շարժումը ղեկավարող ՀՀՇ-ի հայտնի դեմքերից էր,իսկ Վազգենը Արարատի ՀՀՇ-ի ներկայացուցիչ,պատկերացնում էինք առաջին գծում,թշնամու դեմ մարտնչող մարտիկների գլուխ անցած:Իսկ նրանք…Ահա թե ինչպես էր իր «սպարապետական» կենսագրությունը կերտում «ազգային հերոս» Վազգեն Սարգսյանը:Երասխավանում,այդ իսկ րոպեյին սպանվեց իմ հավատն ՀՀՇ-ի նկատմամբ,բայց դրանով հանդերձ չունեյի այնքան փորձ ու գիտակցություն,որ հասկանայի,թե նմաններն ի՞նչ են փնտրում Ազգային շարժում ասած այդ թոհուբոհի մեջ,թե ո՞րն է նրանց դերն իրականում և որոնք են նրանց հեռագնա նպատակները…
Մի քանի րոպե էր անցել,ինչ կանգնած մեր հիասթափությունն էինք արտահայտում հորս հետ,երբ հավաքված մարդիկ սկսեցին գոռալ թե՝.«ճանապարհ բացեք,ՀԱԲ-ն ու Անկախության Բանակն են գալիս»:Ես երբեք,երբեք չեմ մոռանա այդ պահը:Սկզբում երևացին ՀԱԲ-ի ԲՏԵՌ-ները,դրոշներով:Մարտակառքերի կողամասին սպիտակ ներկով գրված էր ՀԱԲ:Առաջին մարտակառքի վրա հպարտ կանգնած էին ՀԱԲ-ի հրամանատարներ Ռազմիկ Վասիլյանն ու Վարդան Վարդանյանը,ետևից էլ գալիս էին ՀԱԲ-ի մարտիկները:Նրանք այդպես էլ միանգամից առաջ անցան ու մտան ռազմի դաշտ:Նրանցից հետո եկավ «Անկախության Բանակ»-ը:Թեև Աշոտ Նավասարդյանն էր նշանակված բանակի գլխավոր հրամանատար,բայց Մովսես Գորգիսյանի հրամանով ամբողջ բանակը կանոնավոր շարք կանգնեց:Նրանք հանդիսավոր երդում տվեցին և Մովսեսի ու Նավասարդյանի գլխավորությամբ մտան մարտադաշտ:Այնքան հպարտություն կար հավաքվածների դեմքին:Մարտադաշտ իրենց կազմակերպված մուտքով, այնքան ինքնավստահություն ներշնչեցին մարդկանց ՀԱԲ-ն և «Անկախության Բանակ»-ը:Եվ այսպիսի մարդիկ գնում էին մարտի դաշտ կռվելու,զոհվելու,որպեսզի տարիներ հետո «հերոսի և հայրենասերի» սուտ ու հորինովի կենսագրություն ապահովեն տնակում կրակի շուրջ տաքացող Վազգեն Սարգասյանի ու նրա նմանների համար:Երասխավանի այդ մարտին զոհ գնացին, եթե չեմ սխալվում, 5 մարդ:Հաջորդ առավոտյան՝ հունվարի 19-ին մենք արդեն տանն էինք,երբ ստացանք բոթը՝ զոհվածների թվում էր նաև Մովսես Գորգիսյանը:Այդ օրը երեկոյան Արտաշատի «Անկախության Բանակ»-ը ևս վերադարձավ մարտի դաշտից:Տղաները բարկացած էին,նրանց համար անհասկանալի բաներ էին կատարվել,որ ոչ մի բացատրություն չունեյին:Սամվելն անվերջ կրկնում էր,թե ինչու՞ պիտի գնային կռվելու,ինչու՞ էին կռվելով շուրջ 21 կմ թշնամուն ետ մղել ու խորացել Նախիջևանի հողի մեջ,եթե պիտի Վազգենը նահանջի հրաման տար:Եթե ի վերջո պիտի նահանջեյին ելման դիրքեր,ինչի՞ համար ուրեմն իզուր զոհվեցին այդ մարդիկ:Իսկ Վազգենն այդ հարցին պատասխանել էր,որ «մենք պետք է միայն պաշտպանվենք,մենք տարածք գրավելու իրավունք չունենք»:Ահավոր բարկացել էին Սամվելն ու տղաները:Սամվելն անվերջ կրկնում էր՝.«ես չեմ հասկանում,ՀՀՇ-ն մեր կյանքերի հաշվին խաղա՞ խաղում:Էլ ինչի՞ մտանք կռվի դաշտ,եթե էտպես էր՝ հեռվից հեռու իրար կկրակեյինք ու վերջ:Էս կռվի նպատակը ո՞րն էր,էլ ինչի՞ էտքան զոհեր եղան»:
Իսկ իրականում միայն այդ զոհերը չէին:ՈՒնեյինք նաև գերիներ…
Ինչպես արդեն պատմել եմ,Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկ 17- ամյա Գոռ Վարդանյանը Երևանի ԱԻՄ-ի շտաբում լսելով Երասխավանի մարտի մասին և իմանալով,որ Արտաշատի ջոկատը մեկնել է մարտի դաշտ,հայրական տուն է ուղարկում սիրած աղջկան,հենց շտաբում զինվում է և Երևանի ջոկատի մարտիկներ 16-ամյա Վարդան Պապիկյանի ու Վահանի հետ մեքենայով անմիջապես ուղևորվում Երասխավան,միանալու ջոկատին:Երասխավանում նրանք տեղեկանում են,որ Սամվելն իր ջոկատով ճեղքել անցել է կրակի գիծն ու խորացել դեպի Սադարաք:Կրակի տարափի տակ տղաները հենց մեքենայով շարժվում են դեպի Նախիջևանի հող:Գիշերվա մթությունը նրանց հնարավորություն չի տալիս ճիշտ կողմնորոշվելու և գիշերվա մթության մեջ նկատելով փոքրիկ խարույկը,գնում են դեպի այն ուղղությամբ:Գոռն իջնում է մեքենայից,մի երկու քայլ առաջ է գնում և կրակի շուրջ հավաքված զինյալ մարդկանց բարևելով ու չպատկերացնելով,որ ադրբեջանցիներ են, հարցնում է,թե ո՞ր կողմի վրա է գտնվում Արտաշատցի Սամվելի ջոկատը:Կրակի մոտ տաքացող ադրբեջանցիները հանկարծակիի գալով հայ մարտիկների այսքան մոտ գտնվելուց,սկսում են կրակել:Զենքերը բարձրացնելու պահից Գոռը հասկանում է,որ թշնամու ծուղակն են ընկել և ինքն էլ կրակելով նետում է մեքենայի կողքը գտնվող հողե իջվածքը:Նրան է հետևում նաև Վարդան Պապիկյանը,դուրս նետվելով մեքենայից:Իսկ Վահանը,որը ղեկի մոտ է լինում՝ չի հասցնում:Ադրբեջանցիները ծանր վիրավորում են Վահանին և գերի վերցնում ու միաժամանակ խմբից մի քանիսն էլ սկսում են կրակոցներով հետապնդել Գոռին ու Վարդանին:Գոռը ծնկից վիրավորվում է և ընկնելով ձյան մեջ,սկսում սողալ,չիմանալով թե՝ ուր:Այդտեղ Վարդանն ու Գոռը կորցնում են միմյանց:Ողջ գիշեր անվերջ սողալով ու արնաքամ լինելով,առավոտյան Գոռը մի կերպ հասնում է երկաթգծի վրա կանգնած վագոններին ու հասկանում,որ մոտ է մեր դիրքերին:Գոռ Վարդանյանը փրկվեց,թեև թշնամու գնդակը մնաց այդպես էլ նրա ծնկի մեջ:Վտանգավոր լինելու պատճառով բժիշկները հանձն չառան վիրահատել ու հեռացնել այն:Ամիսներ հետո,բազմաթիվ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը ետ վերադարձրեց դաժան կտտանքների ենթարկված Վահանին կենդանի,բայց ծանր վնասվածքներ ստացած վիճակով:Իսկ 16-ամյա Վարդան Պապիկյանի ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ…
Երասխավանի առաջին մարտին կատարված այս ցավալի դեպքերի ֆոնի վրա,բացառապես բացասական իմաստով սկսեց առանձնանալ ու ճանաչում ստանալ մի կերպար՝ Վազգեն Սարգսյան անունով:Հայտնի էր դարձել,որ Երասխավանի այդ անիմաստ մարտը հրահրել էր հենց Վազգեն Սարգսյանը,նրա մի քանի մարտիկների անմիտ կրակոցների արդյունքում էր սկիզբ առել այդ ամենը,որը խլեց 5 կյանք և տվեց մեկ անհայտ կորուստ՝ հանուն ոչնչի:Այն ժամանակ ծածուկ ու բացահայտ,ցնցող պատմություններ էին սկսել տարածվել Վազգենի մասին և մարդիկ զգուշանում էին ու թերահավատորեն էին վերաբերվում նրան:Իսկ նա, Երասխավանի մարտից անմիջապես հետո,Հանրապետության հայտնի թերթերից մեկում մի ծավալուն հոդված գրեց Սամվելի ղեկավարած ջոկատի մասին՝ «Ձեր ցավը տանեմ Արտաշատցիներ» վերնագրով,որտեղ ասում էր,որ «եթե չլիներ Արտաշատի Սամվել Մարգարյանի ջոկատը,որն առաջինն հասավ օգնության,ադրբեջանցին հիմի հասել էր Արարատ»:Անաչառ լինելու համար պետք է ասեմ,որ Վազգենի այս հոդվածը և զանազան մարտիկների պատմածները ջոկատի փառքը հասցրեցին իր գագաթնակետին:Ջոկատն սկսեց արագորեն համալրվել նորանոր մարտիկներով:Իսկ ՀՀՇ-ն և արդեն անձամբ Վազգեն Սարգսյանը նորից սկսեցին ամեն կերպ հորդորել Սամվելին,ջոկատը բերելու ՀՀՇ-ի ենթակայության տակ:Աշոտ Նավասարդյանը շատ հպարտ էր,որ Արտաշատի այդ ջոկատը իր հրամանատարության տակ է:ԱԻՄ-ում բոլորն անխտիր սիրում ու հարգում էին ջոկատի մարտիկներին,իսկ Սամվելի և Նավասարդյանի միջև արագորեն ձևավորվեց փոխադարձ մեծ հարգանք,նվիրվածություն ու հավատ:Մովսեսի դին հողին հանձնելուց հետո,ջոկատը նորից բարձրացավ Արավուս,սպասելով տեղափոխման:Իսկ ԱԻՄ-ի քաղաքական մասի պայքարող ակտիվիստները,ես էլ նրանց հետ միասին՝ նստած էինք Հայաստանի Գերագույն խորհրդի աստիճանների վրա նստացույցի,որը տևեց երկար օրեր…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ