ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, December 21, 2013 14:56 - 3 քննարկում

Հայկական գաղթավայրերը միջնադարում

Աշխարհի տարբեր երկրներում առաջացած հայկական գաղութների պատմությունը հայ ժողովրդի ամբողջական պատմության անբաժանելի մասն է կազմում։ Հայկական գաղութները օտար միջավայրում պահպանել են ազգային սովորություններն ու բարքերը, հայկական մշակույթը։

Հայ ժողովուրդը դեռևս հին դարերից կրել է արտագաղթերի ծանրությունը։ Հատկապես միջնադարում Հայաստանը, ինչպես հայտնի է, պարբերաբար ենթարկվել է ավերիչ արշավանքների և հաճախ ընկել օտարի ծանր տիրապետության տակ։ Եվ, չդիմանալով դաժան հալածանքներին, երկրի բնակչության մի մասը հարկադրված դիմել է արտագաղթի։ Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում բնակչության արտահոսքը։ Դրա հետևանքով մերձակա ու հեռավոր տարբեր երկրներում առաջանում են հայկական գաղութներ։

Գաղութ կամ գաղթօջախ ձևավորվում է այն պարագայում, երբ գաղթողներն օտար երկրում ապրում են համախմբված, ստեղծում են իրենց համայնքը։ Նրանք սովորաբար պահպանում են մայրենի լեզուն, հայրենի դավանանքը, ազգային ավանդույթներն ու դիմագիծը։ Գաղութի ձևավորման գլխավոր հատկանիշը տվյալ համայնքում սեփական դպրոց ու եկեղեցի հիմնելն էր։

http://www.findarmenia.com/arm/history/21/354/355

Եվրոպայի հայկական գաղութները

Ղրիմ

Ղրիմը հայերին ծանոթ է հին ժամանակներից։ Սակայն այնտեղ մշտական հայ բնակչություն է հաստատվում IX դ. սկսած։ Հետագայում, հատկապես XIV դ., մոնղոլներից հալածվող հայ բնակչությունը գաղթում է Ղրիմ։ Հայերի թիվն այնքան է ավելանում, որ թաթարներից հետո նրանք բնակչության քանակով երկրորդն էին։ Իզուր չէ, որ Ղրիմի թերակղզու հարավարևելյան շրջանը հաճախ անվանում էին ծովային Հայաստան։ Հայերը բնակվում էին թերակղզու տարբեր քաղաքներում և մի շարք զուտ հայկական գյուղերում։

Ղրիմահայերը մասնակցում էին մերձսևծովյան շրջանների, ինչպես նաև Կովկասի, Հայաստանի և Սոսկվայի հետ կատարվող առևտրին։ Հայ և օտարազգի վաճառականները Ղրիմ էին ներմուծում գործվածքեղեն, մորթեղեն, պերճանքի առարկաներ, համեմունք և այլն։ Ղրիմից արտահանում էին հաց, ձուկ, կաշի, մոմ, աղ և այլն։ Ղրիմահայ վաճառականները սերտ կապերի մեջ էին հատկապես Լվովի հետ։ Նրանց ձեռքում էր գտնվում թաթարական շրջաններում կատարվող առևտրի մենաշնորհը։ Ղրիմահայերն ավելի պակաս չափերով զբաղվում էին նաև արհեստագործությամբ և գյուղատնտեսությամբ։

Ղրիմահայերն ունեին իրենց եկեղեցին ու դպրոցները։ Նրանք կապ էին պահպանում մայր հայրենիքի ու Կիլիկիայի, ինչպես նաև Կոստանդնուպոլսի, Մոլդովայի և հայաշատ այլ վայրերի հետ։ Այդ կապերը մեծապես նպաստում էին ազգային ավանդույթները պահպանելուն և զարգացնելուն։

Լեհաստանի գաղթօջախները

Լեհաստանին պատկանող ուկրաինական տարածքներում հայերը հաստատվել էին դեռևս XI–XII դդ.։ Այստեղ, սակայն, հայ համայնքները ձևավորվում են XIII-XIV դդ.։ Հայերը, նեղվելով մոնղոլներից, Կիևից և Արևելյան Ուկրաինայից գաղթում են դեպի արևմուտք։ Նրանք հաստատվում և աշխուժացնում են Արևմտյան Ուկրաինայի և Լեհաստանի հայ համայնքները։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո գաղթականների նոր ալիք է ուղղվում դեպի այդ երկրներ։ Հայկական գաղթօջախներ են առաջանում Լվովում, Կամենեց-Պոդոլսկում և այլ վայրերում։ Հայ համայնքներն ստանում են դավանանքի ազատություն և տնտեսական ազատ գործունեության իրավունք։ Դատավարությունը տարվում էր սեփական օրենքներով, լեհահայերի դատաստանագրքով, որը կազմված էր հայկական օրենսդրության հիման վրա։

Այս երկրների հայերի գլխավոր զբաղմունքը նույնպես առևտուրն էր, թեպետև զբաղվում էին նաև արհեստներով ու գյուղատնտեսությամբ։

Հայկական համայնքների մեջ մեծ էր հատկապես Լվովի գաղթօջախի նշանակությունը։ XIV-XVII դդ. Լվովը լեհահայերի հոգևոր և վարչական կենտրոնն էր։ Հայկական մյուս գաղութները հաճախ դիմում էին Լվովի հայոց դատարանին։ Հայերն ակտիվ մասնակցում էին երկրամասի ներքին և միջազգային առևտրին։ Նրանք արևելյան երկրներից ներմուծում էին գորգեր, կերպասներ, չոր միրգ, համեմունք և այլ ապրանքներ։ Հունգարիայից, Մոլդովայից բերում էին խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր։

Հայերն ակտիվորեն մասնակցել են նաև երկրի քաղաքական կյանքին։ Նրանք դիվանագիտական կարևոր ծառայություններ են կատարել, մասնակցել են թուրքական նվաճումների դեմ մղվող պայքարին։ Վիեննայի ճակատամարտում (1683թ.), որտեղ թուրքերը գլխովին ջախջախվեցին, լեհական բանակում կռվում էին նաև հինգ հազար հայեր։

Լեհահայ գաղութներն ապրել են բեղմնավոր կյանքով։ Հայկական բոլոր համայնքներում կային դպրոցներ։ XVII դ. սկզբին Լվովում հիմնվում է հայկական տպարան։ Զարգանում են մշակույթի մյուս ճյուղերը, այդ թվում և ճարտարապետությունը։ Լվովում կառուցված հայկական տաճարը (1363թ.) մինչև այժմ կանգուն է։ Տեղի հայերին հարկադրաբար կաթոլիկ դարձնելու և տրված արտոնությունները վերացնելու պատճառով հայ գաղթօջախներն անկում ապրեցին։

Բուլղարիա

Բուլղարիայում և Բալկաններում հայ համայնքներ առաջացել են հնագույն ժամանակներից։ Արաբական ծանր տիրապետության շրջանում հայերը զանգվածաբար դիմում էին արտագաղթի։ Բյուզանդական կայսրերը ևս պարբերաբար կազմակերպում էին հայերի բռնագաղթեցումներ։ Այդ եղանակով Բալկաններում հայկական հոծ զանգվածներ են հաստատվում։ Տակավին XI դ. Պլովդիվ քաղաքի մոտ հիմնվում է Սուրբ Աստվածածին վանքը։ Դա քաղաքի մերձակայքում հաստատված հայերի հոգևոր կենտրոնն էր։ Հետագայում, հատկապես XIV-XV դդ., հայկական գաղթօջախներ են առաջանում Պլովդիվում, Սոֆիայում և այլ քաղաքներում։

Բուլղարահայերի ճնշող մեծամասնությունն արհեստավորներ էին։ Նրանք զբաղվում էին ոսկերչությամբ, պղնձագործությամբ, դարբնությամբ, մանածագործությամբ, կաշեգործությամբ և այլ արհեստներով։ Մեծ համբավ էին վայելում, օրինակ, Սոֆիայի հայ դարբինները։ Հայերն ունեին իրենց արհեստանոցները, որոնք միաժամանակ ծառայում էին որպես վաճառատեղի։ Բացի այդ՝ բուլղարահայ արհեստավոր-վաճառականներն ակտիվ դեր էին կատարում Բալկանների ներքին և արտաքին առևտրում։ Հայերի մի զգալի մասը հաստատվել էր գյուղերում։ Նրանք զբաղվում էին երկրագործությամբ, հատկապես այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Ռումինահայ գաղութները

Ներկայիս Ռումինիայի մեջ մտնող Մոլդովայում, Վալախիայում և այլ երկրամասերում հայաշատ գաղութներ առաջացան XIV դ.։ Հայերի Մոլդովա գաղթելը շարունակվել է XV և հաջորդ դարերում։ Հայերը հաստատվել են Սուչավայում, Յաշում, Ֆոկշանում և այլ քաղաքներում։ Հայաշատ կարևոր կենտրոններն ունեին իրենց ինքնավարությունը՝ քաղաքային խորհուրդները։ Դատավարությունը կատարվում էր ազգային ավանդույթներով։ Հայկական դատարանը գլխավորում էր քաղաքագլուխը։

Երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին առևտրում մեծ էր հայերի դերը։ Նրանք հմտորեն օգտագործում էին դեպի Լեհաստան և Ռուսաստան տանող ցամաքային և ջրային ուղիները։ Սև ծովում նրանք ունեին առագաստանավեր։ Ցամաքային ուղիներում հայ առևտրականների քարավանները հայտնի էին հայկական սայլեր անունով։ Ռումինիայի հայաշատ կենտրոնները նաև արհեստագործության նշանավոր օջախներ էին։ Ռումինահայերը սերտ հարաբերություններ են ունեցել Ղրիմի, Կոստանդնուպոլսի, Լեհաստանի հայության հետ։ Հայերը շինարարական լայն գործունեություն են ծավալել, կառուցել եկեղեցիներ, տաճարներ։ Նրանք ունեցել են ազգային դպրոցներ։ Այստեղ ևս հայերն օգտվում էին դավանանքի ազատությունից։

XVIIդ. կեսերից Մոլդովայից հայերն սկսում են հաստատվել Տրանսիլվանիայում, որտեղ հայկական համայնքներ կային դեռևս XIV-XV դարերից։

Իտալիա

Իտալիայում հայկական համայնքներ առաջանում են XIII-XV դդ.։ Հայերի հոսքը Իտալիա կատարվել է հատկապես Կիլիկիայից և Ղրիմից։

Դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորությունը սերտ կապեր է հաստատում իտալական քաղաքների հետ։ Իտալիայի մի շարք քաղաքներում, որոնցից էին Հռոմը, Ջենովան, Լիվոռնոն, XIII-XIV դդ. հայերը հիմնել էին իրենց համայնքները։ Ամենախոշոր և կարևոր գաղթօջախը գտնվում էր Վենետիկում, ուր ժամանող հայ վաճառականներն ունեին իրենց կենտրոնատեղին, որը կոչվում էր Հայոց տուն։ Այն փողոցը, որտեղ գտնվել է «Հայոց տունը», կոչվել է Հայոց փողոց։ «Հայոց տունը» հետագայում ընդարձակվում է, նրա շրջակայքում կառուցվում են եկեղեցիներ։ XV-XVI դդ. Վենետիկի գաղթօջախը կազմակերպված հայկական կենտրոն էր։ Հայերը Վենետիկ էին ներմուծում բամբակ, մետաքս, աղ, չամիչ, ցորեն, պղինձ և այլն։ Վենետիկ և ուրիշ քաղաքներ պարսկական մետաքս ներմուծողները հիմնականում հայեր էին։ Վենետիկում հաստատվել էին վաճառականական բազմաթիվ տներ։ Մեծահարուստ այդ վաճառականներից բացի կային նաև մանր ու միջին առևտրականներ, որոնք կրպակներ ունեին Սբ Մարկոսի հրապարակում։

Հայկական համայնքում զգալի թիվ էին կազմում արհեստավորները։ Նրանք աշխատում էին գերազանցապես նավաշինական արհեստանոցներում։ Սակայն Վենետիկը հայերի համար նշանավոր էր հատկապես մշակույթի առումով։ Հայ մշակույթի ամենակարևոր նվաճումներից մեկը՝ հայկական տպագրությունը, սկզբնավորվել է Վենետիկում։

Հոլանդիա

Հայերը Հոլանդիայում կամ Նիդերլանդներում հաստատվել են XIV-XV դդ.։ Հայ վաճառականները հաստատվում էին հատկապես Ամստերդամում, որը համաշխարհային առևտրի և մշակույթի ճանաչված կենտրոն էր։ Այն Եվրոպայի կայսրուհու համբավ էր ձեռք բերել։

Ամստերդամում XVII դ. սկզբներից հիմնվում են առևտրական տներ, և ձևավորվում է հայկական համայնքը։ Այստեղ որոշ հայ առևտրականներ ունեցել են իրենց սեփական նավերը։ 1653թ. Ամստերդամից դեպի Զմյուռնիա ճանապարհված հինգ նավերից երկուսը հայկական էին։ Այստեղ ևս հայկական գաղթօջախը նշանավորվում է հայկական տպագրությամբ։ Ամստերդամում առաջին հայկական տպարանը հիմնվում է 1660թ.։ Այնտեղ կարճ ժամանակում տպագրվում են բազմաթիվ գրքեր։

Ամստերդամի գաղթօջախը թուլանում և XVIII դ. վերջերից մարում է։

Ռուսաստանի հայկական գաղթավայրերը

Հայերը Ռուսաստանում հաստատվում են համեմատաբար ավելի ուշ։ Հայկական փոքր համայնք գոյություն ուներ Մոսկվայում XIV-XV դդ., որն ավելի աճեց XVI-XVII դդ.։ XVI դ. հայերը հաստատվում են Աստրախանում, Կազանում՝ կարևոր դեր խաղալով վոլգյան առևտրում։ Այստեղ հայկական գաղթավայրերը հատկապես ուժեղանում են XVI դարի երկրորդ կեսից, երբ Կազանի և Աստրախանի խանությունները միացվում են Ռուսաստանին։ Հիշյալ գաղթավայրերը բարգավաճեցին XVI-XVII դդ., մասնավորապես վոլգյան առևտրի զարգացման շնորհիվ։

http://www.findarmenia.com/arm/history/21/356

Ասիայի հայկական գաղութները

Կոստանդնուպոլսի հայկական գաղութը

Բյուզանդիայի վարած քաղաքականության հետևանքով հայերի հոսք էր տեղի ունենում դեպի կայսրության արևմտյան տարածքներ։ Հայերը հաստատվում էին հատկապես մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Նրանք շփվում էին բյուզանդական հարուստ մշակույթի հետ և կրում նրա բարերար ազդեցությունը։

Թուրքերը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո (1453թ.) սկսեցին քաղաքը վերաշինել։ Նրանք Փոքր Ասիայից գաղթեցնում էին հույների, հրեաների և հայերի։ Նրանց տրվում էին արտոնություններ՝ քաղաքը բարեկարգելու համար։ 1461թ. ձևավորվում է հայոց հոգևոր իշխանությունը՝ պատրիարքությունը։ Պատրիարքը տնօրինում էր ամբողջ արևմտահայության գործերը։

Կոստանդնուպոլսի հայկական գաղութի բնակչության մեջ մեծ էր առևտրականների և արհեստավորների դերը։ Քաղաքի աշխարհագրական հարմար դիրքը մեծապես նպաստում էր առևտրի զարգացմանը։ Հայ վաճառականներն ունեին խանութներ, իջևանատներ, պահեստներ։ Արհեստներից զարգացած էին ոսկերչությունը, արծաթագործությունը, պղնձագործությունը, կաշեգործությունը, հյուսնությունը և այլն։ Տակավին 1567թ. այնտեղ հիմնվեց առաջին տպարանը։ Այնուհետև հիմնադրվեցին նորերը։

Սիրիայի հայկական գաղութը

Կիլիկիայի հայկական պետության կործանումից հետո հայկական մի հոծ զանգված ապաստան գտավ Սիրիայում։ Աշխուժացան այնտեղ արդեն գոյություն ունեցող համայնքները։ Դրանցից Նշանավոր էր Հալեպի գաղութը, որը գլխավորում էր տանուտերը։ Հայերի հոգևոր պահանջմունքները բավարարելու համար կառուցվում է Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ Մինչև XV դ. վերջը հայերի թիվն այնբան է մեծանում, որ կառուցվում է նաև երկրորդ եկեղեցին։

XV-XVII դդ. Սիրիայի հայկական համայնքները վերելք ապրեցին շնորհիվ միջազգային առևտրի։ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրի հիմնական ուղին դարձել էր Թավրիզ-Հալեպ ուղեգիծը։ Դա կատարվել էր թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելու հետևանքով։ Հալեպում անմիջական շփման մեջ էին մտնում եվրոպական և ասիական առևտրականները։ Սերտ կապեր գոյություն ունեին Վենետիկի և Իտալիայի մյուս բաղաբ-պետությունների հետ։ Հայ խոջաները (վաճառականները) Եվրոպա էին տանում Պարսկաստանի և Սիրիայի մետաքսը։ Հայկական համայնքներ կային նաև Դամասկոսում և այլ քաղաքներում։ Դամասկոսի գաղթօջախը նույնպես ուներ իր եկեղեցիները, հյուրատունը և այլն։

Նոր Ջուղա

Պարսկաստանում հայ բնակչություն է հաստատվել հնագույն ժամանակներից։ Սակայն հայությունը այստեղ մեծաքանակ դարձավ 1604–1605թթ. Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի հետևանքով։ Պարսից շահը, ինչպես հայտնի է, ավելի քան 300 հազար հայերի Հայաստանից տեղափոխեց Պարսկաստան։ Սակայն նրանց մեծ մասը ոչնչացավ սովից, ցրտից և համաճարակներից։ Կենդանի մնացածները հաստատվեցին Մազանդարանում, Սպահանի շրջակայքում և այլ վայրերում։ Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա քաղաքը։ Շահը ձգտում էր հայ արհեստավորների ու վաճառականների միջոցով շենացնել երկիրը։

Նորաբնակները մի շարք արտոնություններ ստացան։ Գաղութն ուներ ինքնավարություն, որը տնօրինում էր քաղաքագլուխը։ Դատական գործերը վարում էր քաղաքագլխի տեղակալը։ Հայերն օգտվում էին նաև դավանանքի ազատությունից, կառուցում եկեղեցիներ ու վանքեր։ Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ Ջուղայի վաճառականները լայն գործունեություն ծավալեցին։ Նրանք իրենց ձեռքը վերցրին մետաքսի հումքի արտահանումը և հանդես էին գալիս որպես Պարսկաստանի և Եվրոպայի միջև կատարվող առևտրի միջնորդներ։ Միջերկրական ծովով նրանք կապվում էին Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, իտալական քաղաքների հետ։ Ջուղայի վաճառականները ստեղծում են իրենց առևտրական ընկերությունները։ Այդ ընկերությունները առևտրական պայմանագրեր են կնքում անգամ օտար պետությունների հետ։ Ջուղայի հայ առևտրական ընկերությունը 1667թ. պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ։ Դրանով ընկերությունը ազատ առևտրի իրավունք է ստանում Ռուսաստանի և Ռուսաստանի տարածքով՝ եվրոպական երկրների հետ։

Նոր Ջուղայում և Պարսկաստանի մյուս գաղթօջախներում զարգացած էր արհեստագործությունը։ Արհեստներից առաջադիմել էին հատկապես ոսկերչությունը, գորգագործությունը, կերպասագործությունը, ներկարարությունը։

Նոր Ջուղայում պահպանվել են հայկական մշակույթի լավագույն ավանդույթները։ Այնտեղ բացվել են լայն գիտելիքներ տվող դպրոցներ։ Քաղաքի Ամենափրկիչ վանքում հիմնվել է մատենադարան, ուր հավաքվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Մեծ զարգացում են ապրել մանրանկարչությունը, որմնանկարչությունը։ Նոր Ջուղան դարձել էր իր ժամանակի հայ մշակույթի կարևոր կենտրոն։

Հայ վաճառականությունը և հայ առևտրական կապիտալը

Ուշ միջնադարում ծանր հարված կրեց հայ վաճառականությունը՝ կապված պարսկաթուրքական պատերազմների հետևանքով երկրի ավերման, տնտեսական կյանքի լճացման և անկման հետ։ Վիճակը քիչ թե շատ փոփոխվեց Հայաստանում միայն XVII դարի առաջին կեսին, երբ զգալիորեն ընդլայնվեց երկրի ներքին շուկան և աշխուժացավ տարանցիկ առևտուրը։ Սակայն հայ վաճառականությունը մեծ հաջողությունների հասավ գաղթավայրերում՝ Նոր Ջուղայում, Հնդկաստանում, Կոստանդնուպոլսում, Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Աստիճանաբար մեծացավ և ամրապնդվեց հայ առևտրական կապիտալը։ Հայ վաճառականներն սկսեցին կարևոր դեր խաղալ Արևելք և Արևմուտք առևտրական հարաբերություններում, հաջողությամբ ծավալել ծովային առևտրուր՝ փաստորեն ստեղծելով հայ առևտրական նավատորմ։ Նրանք հաջողությամբ մրցակցում էին օտար առևտրականների հետ։

http://www.findarmenia.com/arm/history/21/364



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Սյուզան
Dec 21, 2013 15:59


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28660') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D\xD5\xAB\xD6\x80\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D\xD5\xAB\xD6\x80\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D\xD5\xAB\xD6\x80\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB \xD4\xB1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219