ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, December 19, 2013 23:21 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ ( Մաս 7)

Մաս 6
Իմ ուղեղում խառնաշփոթ է:Եկե՜լ ու միախառնվել են Իգդիրում հանդիպած ադրբեջանցու կերպարը,նրա խոսքերն ու կարոտի պոռթկումը,քրդացած Ափո-հայի պատմությունն ու ափսոսանքը Երևանում ապրող իր հայրենակիցների կատարածի հանդեպ և ուղիղ 84 տարի անց,մեր՝ վանեցի գաղթականի զավակներիս ներկայությունը Վան ու վանեցի այս թուրքի հյուրընկալությունը և նրա մեծերից իրեն փոխանցված երախտիքի խոսքերն ու հիշողությունները մեր մեծ հորեղբոր՝Բաղդոյի մասին:
Չա՞րն է շատ այս աշխարհում,թե՞՝ բարին՝ մտածում եմ:Եվ այս ամենն ու մա´նավանդ Իգդիրում հանդիպած Ադրբեջանցու կարոտի պոռթկումն իր ծննդավայր Շիդլուի հանդեպ,նրա զարմացած հարցը՝ուղղված մեզ՝.«ինչի՞ էսպես եղավ», կրկնվում են ուղեղիս մեջ ու ստիպում ինքս ինձ հարց տալ՝. այո,ինչու՞ այսպես եղավ,եթե ամեն բանից անկախ, պիտի մնային այս հույզերը,այս կարոտն,այս ձեռքսեղմումներն ու գրկախառնումները:Ո՞վ դրեց ջրբաժանը մեր մեջ,մեր պարզ,ազնիվ,աշխատող ժողովուրդների մեջ,և ինչու՞ դրեց…
ԵՎ հանկարծ,իմ մտապատկերում որոշակի բաժանվում-առանձնանում են ժողովուրդներն ու քաղաքական գործիչներ կոչվող,իրենց աթոռներն ատամներով պահող փողկապավոր այրերը: Առաջինները՝ ժողովուրդը,ազգեր են,իրենց առանձնահատկություններով,իրենց քիչ թե շատ տարբեր ազգային հագ ու կապերով,միմյանցից մի փոքր տարբեր իրենց արտաքիններով,բայց բոլորն էլ համե՜ստ,չարքա՜շ,աշխատանքի դրոշմն իրենց դեմքին ու կոշտացած ձեռքերին և միմյանց հետ կարծես կիսելու ո´չ մի բան չունեն,ու թե իրենց հարց տաս,բոլորն էլ միաբերան կասեն,որ պետերազմ չեն ուզում,իսկ վերջինները՝ քաղաքական այրեր կոչվածները,կարծես մեկ լինեն՝ նույն փողկապավոր հագ ու կապով,նույն կենտրոնացած,մտազբաղ ու միմյանց հոշուտելու պատրաստ չարացած դեմքերով:
Եվ մտապատկերումս ծնված այս տեսարանն ինձ հասկացնել է տալիս ա´յն,ինչի մասին երբևէ խորությամբ մտածած չկայի:Թշնամացածները սրանք են,այս փողկապավորները,որոնք միմյանցից խլելու բան ունեն,ովքեր հաշիվներ ունեն միմյանց դեմ,ովքեր երկուստեք,հեռահար մե՜ծ նպատակներ ունեն ու կիսելու շա՜տ բան և ահա հենց սրանք են,որ իրենց թշնամանքը վարպետորեն փաթաթում են այս առաջինների՝ իրար հետ կիսելու բան չունեցող այդ չարքաշ աշխատավորների վզին ու ստիպու´մ թշնամանալ, կռվել,կոտորել միմյանց՝ լոկ հանուն իրենց նպատակների և ո´չ բոլորովին հանուն գաղափարների,քանզի ազգություն չունեցող մարդակերպ այս տեսակը,հանուն սեփական շահերի,կարող է թշնամացնել նաև նույն ազգությանը պատկանող մարդկանց,հրահրել ներազգային ընդհարումներ՝ գլուխը քարը,թե դրան զոհ չի գնա մի քանի հարյուր մարդ,միայն թե իրենց բանը հաջողի…
Ահա թե ինչու՞,երբ վայր են դրվում զենքերը,երբ կողք-կողքի են գալիս ժողովրդի ներկայացուցիչները,նրանք չեն էլ հիշում այդ թշնամանքի մասին,նրանց մեջ չկա´ թշնամանք,նրանք կարող են փարվել միմյանց,միասին հուզվել և ուրախանալ…
Տվե´ք երկիրը, խոսքը,վճիռ կայացնելու իրավունքը ժողովուրդներին և կտեսնեք թե ինչպես են նրանք լուծում ամենախրթին,անլուծելի թվացող հարցերը,տեսեք թե ինչպե´ս են ոչնչացնում բոլոր սահմաններն ու ապրում բարեկամաբար,տեսեք թե ինչքա´ն քաջ են նրանք ու ազնիվ,և ո՞նց են առանց երկմտելու հաստատում,որ իրո´ք եղել է ցեղասպանություն,որ այս տարածքներն ամբողջն հայերինն են և թե ո՞րն է այս թնջուկի լուծման բանալին…
«Ինչի՞ էսպես եղավ»…13 տարի է, զարմացած հարց է տալիս հայի հողում,հայերի հետ ծնված ու մեծացած,բայց այսօր արդեն սահմանից այն կողմ՝ Իգդիրում հայտնված ադրբեջանցին և նրա հարցն ինձ տանում է ետ,13 տարվա վաղեմիություն ունեցող անցյալ՝ 1989 թվականի Նոյեմբեր…
Ղարաբաղյան Շարժումը թևակոխել էր արդեն մեկ ուրիշ փուլ:Անվերջանալի գործադուլներից,հացադուլներից,նստացույցերից բացի,սկսվել էր զինված պայքարին նախապատրաստվելու փուլը:«Ղարաբաղ» կոմիտեյի տղաներն արդեն,Վանո Սիրադեղյանի բերանով կոչ էին հնչեցրել՝ «ի զեն» ու նույնիսկ բացեիբաց հուշել,թե ինչպե՞ս և ո՞րտեղից կարելի է ձեռք բերել զենքը:Կազմվում ու զինվում էին բազմաթիվ ջոկատներ,և´մեզ մոտ,և´ Ադրբեջանում:Իսկ Կոմիտեականները զինվելու կարիք չունեի՜ն,չէ՜:Նրանք իրենց տեսնում էին որպես փողկապավորներ՝ ապագայում:Նրանց խաղն ուրի՜շ էր ու շա՜տ տարբեր ժողովրդի պատկերացումներից:Երևանը և շրջկենտրոնները լցված էին Բաքվից ու Ադրբեջանի մյուս քաղաքներից եկած փախստական հայերով:Արտաշատն էլ մաս էր կազմում այդ բոլորին:Արտաշատի «Ղարաբաղ» Կոմիտեյի տղաները,քաղաքի կենտրոնում գտնվող թատրոնի հարթակն ու հարակից հրապարակը դարձրել էին ամենօրյա միտինգների վայր:Թատրոնի շենքը լեփ-լեցուն էր Բաքվից եկած փախստական կանանցով ու երեխաներով, տղամարդիկ հատուկենտ էին:Նրանց մեջ կային վիրավորներ,արյունը դեմքներին չորացած կանայք,որոնք բռնության էին ենթարկվել ադրբեջանցիների կողմից,կային մարդիկ,որոնք ընդհամենը գիշերանոցներով էին հասցրել փախուստի դիմել այդ ցրտին:
Կոմիտեականները անմիջապես ազգահավաքի հրավիրեցին քաղաքի բնակչությանն ու Երևանում գործող իրենց կենտրոնի օրինակով, կոչ արեցին, փախստականներին օգնելու համար գումար հավաքել:Հազարավոր մարդիկ,ամենօրյա միտինգների ժամանակ,չէին զլանում և տալիս էին իրենց լուման :Ես,որ արդեն 88-ի սկզբից սկսած ԱԻՄ-ի համախոհ էի և նրա գաղափարների առաջին տարածողը Արտաշատում,հաճախ էի ելույթներ ունենում թատրոնի այդ հարթակից,թեև ազգահավաքները կազմակերպում էր «Ղարաբաղ» կոմիտեն:
Կոչ արեցի Արտաշատցիներին,ուտելիքով ու հագուստով օգնել թատրոնի շենքում ապաստանած փախստականներին և ես ինքս էլ իմ լուման ներդրեցի:Ձմեռ էր արդեն մոտենում,ցուրտ էր և կոչով նորից դիմեցի մարդկանց,հերթագրվելու և իրենց տանիքների տակ ապաստան տալու փախստական հայերին:Գալիս էին Արտաշատցիները,շրջկենտրոնից ու գյուղերից,հերթագրվում էին,հայտնելով,թե ով որքան մարդ կարող է ընդունել իր հարկի տակ և Կոմիտեականների հետ միասին սկսեցինք փախստականների տեղավորումը:Քաղսովետն ընդառաջեց և թույլատրեց նրանց տեղավորել նաև քաղաքի հուրանոցում և ուսումնարանի հանրակացարանում:
Բայց այս ամենը խնդիրն ամբողջությամբ չլուծեց:Շատ էին փախստականները,նրանցից շատերն էլ քմահաճ,չէին ցանկանում ապաստան գտնել ուրիշների հարկի տակ և պահանջում էին իրենց տանել Արարատի շրջանում գտնվող մոտակա գյուղերը,որտեղ ադրբեջանցիներ էին ապրում,որպեսզի նրանց հետ տների փոխանակում կատարեն:Սրանք կանայք էին հիմնականում,համարյա բոլորը Բաքվի կենտրոնից:Ես բերել տվեցի մի ավտոբուս և նրանք՝ թվով մոտավորապես 30 կին, ինձ հետ միասին ուղևորվեցին Արարատի շրջանի,բացառապես ադրբեջանցիներով բնակեցված Շիդլու և Խալիսա գյուղերը:Գյուղերի բոլոր փողոցներում փոքրիկ խարույկներ էին վառված:Ադրբեջանցիներն անհանգիստ էին,սպասողական վիճակի մեջ և ընտանիքներով կանգնած խարույկների մոտ,տաքանում էին:Գիտեին արդեն,թե իրենց ազգակիցները Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ինչպես էին վայրագաբար կոտորել հայերին,բայց ինչի՞ համար՝ չգիտեինք ոչ մե´նք,ոչ ՝ նրանք իրականում:Ասում էին՝ ազգային պատկանելիության,Ղարաբաղի հարցը Հայաստանում բարձրացնելու համար:Բայց սրանք արդյո՞ք պատճառ էին՝ այդ տեսակ ահավոր ոճիր իրականացնելու համար:Բանը հասել էր նրան,որ Բաքվից,Կիրովաբադից ու հարակից շրջաններից էին արդեն տեղահանում հայերին և նրանք ,մազապուրծ,եկել ու լցվել էին Հայաստան:
Այս ամենի մասին գիտեին Հայաստանում ապրող ադրբեջանցիները և ասում էին,որ նրանք շատ անհանգիստ են,գիշերներն հսկողություն են սահմանել գյուղերում:Սումգայիթի ջարդերը տեղի էին ունեցել 88-ի սկզբին՝ փետրվարին և այդ վայրագությունները շարունակվե՜լ հասել էին արդեն 89-ի Նոյեմբեր ,բայց այդ ամբողջ ընթացքում,այդ ահավոր ջարդերից,բարբարոսություններից հետո ,Հայաստանում դեռ ո´չ մի ադրբեջանցու քիթ անգամ չէր արնոտվել:Եվ հենց այսպիսին էր իրադրությունը,երբ մենք մտանք Շիդլու ու Խալիսա գյուղեր: Նրանք նայում էին մեզ կասկածամիտ,բայց ո´չ թշնամական հայացքներով:Մենք հատ-հատ մոտենում էինք նրանց:Բաքվեցի հայ կանայք ադրբեջաներեն լեզվով սկսում էին բացատրել իրենց ուզածը:Որոշ մարդիկ իսկույն համաձայնվում էին և սկսում սակարկել տների փոխանակման հարցով:Խոր աշուն էր և մութն արագ էր վրա տալիս:Մեր ավտոբուսի վարորդն սկսում էր անհանգստանալ ու պահանջում՝ անհապաղ հեռանալ,վախենալով,որ հանկարծ զինված հարձակում կարող է լինել ադրբեջանցիների կողմից:Մենք էլ էինք արդեն անհանգիստ և հեռացանք:
Հաջորդ օրը,պայմանավորվածության համաձայն,բոլորս հավաքվեցինք Արտաշատի թատերական հրապարակում,որպեսզի նորից մեկնենք Արարատի շրջանի ադրբեջանաբնակ գյուղեր: Մեզ մոտեցավ Արտաշատի «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկը՝ Հերոս անունով ու դիմելով ինձ,պահանջեց ցրել փախստական կանանց ու չգնալ Շիդլու և Խալիսա:Իմ հարցին,թե՝ ինչու՞,նա պատասխանեց՝.
-Արարատի «Ղարաբաղ» կոմիտեի տղաներն իմացել են,որ երեկ գնացել եք այդ գյուղեր տներ փոխանակելու հարցով,շատ են ջղայնացել:Վազգենը խաբար է ուղարկել,որ իրենց շրջանի հետ գործ չունենանք,ասում է՝մեր շրջանի ադրբեջանցիների հարցը մենք էլ կլուծենք,դուք ձեր Արտաշատի փախստականներին տեղավորեք ձեր շրջանում,Արարատի ադրբեջանցիները մեր փայն են:
Խոսքը վերաբերվում էր Վազգեն Սարգսյանին,որն այն ժամանակ հատուկ ճանաչում չուներ,Արարատի կոմիտյականներից էր ընդամենը,որին գիտեի,քանի որ երբեմն գալիս էր Արտաշատի միտինգներին մասնակցելու և հարթակի վրա զրույցի էինք բռնվում:
Հերոսի ասածն ինձ շատ զարմացրեց ու բարկացրեց նաև:
-Ի՞նչ մեր շրջան ու ձեր շրջան,չհասկացա՞-բարկացած դիմեցի Հերոսին-մեր շրջանում կա՞ն ադրբեջանցիներ,որ նրանց հետ այս մարդիկ փոխանակում կատարեն:Ես հենց հիմա այս կանանց հետ կգնամ Արարատի շրջան ու թող մեկը գա ինձ արգելի:Մորաքրոջս որդին,որն այդ ժամանակ կանգնած լսում էր մեր խոսակցությունն,ասաց ինձ.
-Դուք նստեք ավտոբուսն ու շարժվեք,ես ընկերոջս հետ մեքենայով ձեր հետևից գալիս եմ:Գնանք տեսնենք էտ ո՞վ պետք է արգելի:
(Շարունակելի)
Սվետլանա Մարգարյան



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ