ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, October 19, 2013 23:32 - 3 քննարկում

Ստեփան Քիրեմիջեանի Կենսագրութիւնը . կարդացվել է Հոկտեմբերի տասնհինգի հոգեհանգստի ժամանակ

Կենսագրութիւն
Ստեփան Քիրեմիջեանի

Յանգուցեալ Ստեփան Յարութիւնի Քիրեմիջեանը ծնուել է Հոկտեմբերի 6-ին, 1944 թուականին, Երեւան քաղաքում՝ Երկրորդ համաշխարհային Պատերազմի ծանր տարիներին, հայրենադարձի ընտանիքում:
Հայրը՝ Յարութիւնը՝ ծնուած թուրքիայի Բուրսա նահանգի Սէոլէզ գիւղաքաղաքում, եւ մայրը՝ Զարուհին՝ ծնուած Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքում, եղեռնից փրկուած այն հայորդիներից էին, որոնք իրենց ժամանակաւոր ապաստանը գտել էին Ֆրանսիայի Փարիզ եւ Յունաստանի Սալոնիկ քաղաքներում:
Հայկական առաջին ներգաղթի ալիքի հետ 1936 թուականին Ստեփանի ծնողները անչափահաս տարիքում յայտնւում են Խորհրդային Հայաստանում՝ իրենց ընտանիքներով: Յարութիւնը եւ Զարուհին ծանօթանում են Հայաստանում եւ կազմում են համատեղ ընտանիք, լոյս աշխարհ բերելով հինգ զաւակներ, որոնցից միայն երեքը՝ Մարիամը, Ստեփանը եւ Նշանը հասնում են չափահաս տարիքների:
Տասնհինգամեայ Ստեփանը ստանում է իր կեանքի առաջին հարուածը, երբ նրա ընտանիքի միակ կերակրողը՝ հայրը, ավտոմեքենայի վրայերթից մահանում է:
Մեծանալով ծանր եւ չքաւոր պայմաններում, Ստեփանը դպրոցական տարիներից, սովորելու հետ զուգահեր աշխատում է, որպէսզի օգնի իր մօրը եւ ընտանիքին:
Միջնակարգ դպրոցը աւարտելուց յետոյ Ստեփանը ընդունւում է Երեւանի Պոլիտեխնիկ Ինստիտուտի կիբեռնետիկայի եւ էլեկտրոնիկայի ֆակուլտետը: Սովորելու տարիներին ծանօթանում է ապագայ կնոջ՝ Էլեոնորայի հետ, որը սովորելուց է լինում Երեւանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Ուսումն աւարտելուց յետոյ՝ 1968 թուականին Ստեփանը կազմում է իր նորաստեղծ ընտանիքը՝ բախտաւորուելով երկու զաւակների ծնունդով՝ առաջնեկը Արմինէն եւ որդին՝ Յարութիւնը, որոնցից յետագայում ծնւում են երեք թոռները՝ Սիփանը (Լոնդոնում), Արմանը եւ Սոֆիան (Լոս Անջելեսում):
Լինելով նորաւարտ մասնագէտ հաշուողական տեխնիկայի ոլորտում, Ստեփանը ինստիտուտը աւարտելուց յետոյ ընդունւում է աշխատանքի Երեւանի Էլեկտրոն Գործարանում, որտեղ որպէս հաշուողական տեխնիկայի ինժեներ ներգրաւվում է Սովետական Միութիւնում հանրայայտ «Նաիրի» հաշուողական համակարգի ստեղծման եւ արտադրման աշխատանքներին: Տարիների ընթացքում Ստեփանը ներկայացնում է եւ սպասարկում «Նաիրի» հաշուողական համակարգը Միութեան միւս հանրապետութիւններում, ինչպէս նաեւ դասաւանդում է միւս հանրապետութիւններից ժամանած մասնագէտներին ինչպէս շահագործել «Նաիրի» հաշուողական համակարգերը:
Ութսունական թուականներին Ստեփանը աշխատում եւ լինում է սիրուած եւ գնահատուած մասնագէտ ինժեներ-կիբեռնետիկ Երեւանի Ֆիզիկայի Ինստիտուտում եւ Երեւանի Բիոլոգիայի Ինստիտուտում: Իր մասնագիտական հմտութիւնները նաեւ դրսեւորում է հայկական եւ Անդրկովկասեան միւս հանրապետութիւնների մշակութային հաստատութիւններում թատերային լուսաւորման բազմազան նախագծերում, որոնց շարքին են պատկանում Երեւանի Ֆիլհարմոնիայի, Օպերայի եւ Ծիծեռնակաբերդի Մարզահամալիրի լուսատեխնիկական նախագծերի աշխատանքները:
Ստեփանը հայրենիքում գործուն մասնակցութիւն է բերում խորհրդային հասարակարգի վերակառուցման եւ ժողովրդավարական կառոյցների հաստատման գործընթացին՝ հասարակական կազմակերպութիւններին եւ ազգային ժողովի պատգամաւորներին օժանդակելով իր խորհուրդներով եւ լայն գիտելիքներով:
Խորհրդային կարգերի փլուզումից յետոյ, ծայր առած արտագաղթի ալիքի հետ Ստեփանը ընտանիքով հանգրուանում է Ամերիկայի Միացեալ Նահանգներում:
Լինելով հայրենիքից հեռու, Ստեփանը անդադար հետեւում է Հայաստանում կատարուող փոփոխութիւններին եւ իր հրապարակախոսական յօդուածներով թղթակցում սփիւռքահայ լրատուական մամուլին, ինչպէս՝ «Ասպարէզ» օրաթերթին եւ «Կամարակ» պարբերաթերթին: Յետագային նա որոշում է կայացնում սկսել «Լոյս» պարբերաթերթի հրատարակումը 1996 թուականի Յունուար ամսից, որտեղ նա ճանապարհ է հարթում իր հայրենակիցների յուզող տնտեսական-քաղաքական եւ մշակութային հարցերի արծարծմանը, լուսաբանմանը եւ դրանց լուծման ուղիների որոնմանը: 2001 թուականից սկսում է հրատարակել նաեւ զուտ մշակութային բովանդակութեամբ «Լուսաբեր» շաբաթագիրը:
Խմբագրական եւ հրապարակախօսական աշխատանքներին զուգահեռ Ստեփանը հիմնում է նաեւ «Գրքասէր« հրատարակչութիւնը, որը լոյս է ընծայում Հայ ժողովրդի պատմութեանը եւ Հայ ազատագրական շարժմանը եւ դատին նուիրուած մի շարք մեծարժէք եւ անտիպ աշխատութիւններ, ինչպէս նաեւ գրական-գեղարուեստական ստեղծագործութիւններ, որոնք արժանանում են մասնագէտների եւ ընթերցող լայն շրջանների բարձր գնահատանքին:
Յետագային, շարունակելով «Լոյս» պարբերաթերթի ազգանուէր առաքելութիւնը, Ստեփանը հիմնում է «Լոյս Աշխարհ» հեռուստատեսային եւ համացանցային ծրագիրը, որտեղ իր բազմաթիւ ելոյթներով, հարցազրոյցներով եւ հրապարակումներով արծարծում է Հայ իրականութեանը առնչուող եւ յուզող բազմազան հարցեր, իր շուրջ համախմբելով եւ իրար ծանօթացնելով հայրենասէր ուժերի մի ստուար խումբ՝ հայրենիքից եւ Սփիւռքի բազմաթիւ հայկական գաղթօճախներից:
Յետ կարճատեւ հիւանդութեան, անխոնջ հայրենասէրի եւ հասարակական գործչի կեանքի թելը կտրւում է Հոկտեմբերի 11-ի առաւօտեան:
Նրա վաղաժամ մահը սգում են հարազատները, բարեկամները եւ Հայ հասարակութիւնը:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Oct 20, 2013 10:04


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28373') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x89\xD5\xA5\xD5\xB4 \xD5\xAF\xD5\xA1\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x89\xD5\xA5\xD5\xB4 \xD5\xAF\xD5\xA1\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x89\xD5\xA5\xD5\xB4 \xD5\xAF\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219