ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, September 19, 2013 13:38 - 2 քննարկում

Որոնվում են 1915-ի «անկենդան» հոգիները

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՎԱՆՔԵՐ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
Որոնվում են 1915-ի «անկենդան» հոգիները
2011/05/19 • 0 Comments

Զաքարյա Միլդանօղլու

Սուրբ Աստվածածին, Սուրբ Գևորգ, Սուրբ Թորոս, Սուրբ Կարապետ, Սուրբ Նշան, Սուրբ Հակոբ, Սուրբ Սարգիս, Սուրբ Փրկիչ, Սուրբ Կիրակոս, Սուրբ Եղիա, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Լուսավորիչ, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Մինաս, Սուրբ Սահակ, Սուրբ… Սուրբ… Սուրբ… 2200-ից ավել Սուրբ: Անատոլիայի տարածքներում (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբագրություն) եղած հայկական եկեղեցիների ու վանքերի անունները: Հիմա ոչ մեկը չկա: 2011 թ. Ստամբուլում մնացել է 30, իսկ Անատոլիայում` 4 եկեղեցի:

Արամյան, Սահակյան, Հայկազյան, Վառվառյան, Վահանյան, Մեսրոպյան, Կենտրոնական, Ներսեսյան, Մամիկոնյան, Պարթևյան, Զաբելյան, Լուսինյան, Սանասարյան, Ռուբինյան, Նալյան, Թովմայան, Վարդուհյան, Թորգոմյան, Մխիթարյան, Եզնիկյան, Թորոսյան, Շուշանյան, Մարկոսյան, Գևորգյան, Նարեկյան, Աբգարյան, Հիսուսյան, Տաճատյան, …յան, …յան, …յան: Անատոլիայի 4 կողմերում գտնվող 683 հայկական դպրոցներ և 82 հազարից ավելի աշակերտներ: Հիմա ոչ մեկը չկա: 2011 թ. Ստամբուլում մնացել են ընդամենը 18 դպրոցն և մոտ 3 հազար աշակերտ:

Հույս, Աղավնի, Մասիս, Հայաստան, Պայքար, Մեղու, Հայրենասեր, Պարտիզակ, Հորիզոն, Իրավունք, Քնար, Արշալույս, Փունջ, Կռունկ, Ճառագայթ, Պարտեզ, Ժամանակ, Նոր լուր, Նոր օր, Մամուլ, Արևելք, Շարժում, Արև, Ճակատամարտ, Ազատամարտ, Գավրոշ, Առավոտ, Հնչակ, Արեգակ, Բյուզանդիոն, Թատրոն, Հորիզոն, Երևակ, Կոչնակ, Հառաջ, Բանվոր, Զեփյուռ, Պատանի, Բողբոջ, Տիգրիս, Պոնտոս, Կիլիկիա, Արի… Այս տարածքների 41 կետերում հրատարակված 636 հայկական թերթերի և ամսագրերի անուններից մի քանիսը… Հիմա ոչ մեկը չկա: 2011 թ. Ստամբուլում միայն 3-ն են շարունակում գոյություն ունենալ:

***

Անցյալ տարի այս օրերին «Որոնվում են» վերնագրով հոդված էի գրել: Մեկ տարվա ընդմիջումից հետո որոնումներս շարունակելու եմ մեկ այլ բնագավառում:

Երբ մարդկանց շուրթերից դուրս է գալիս 1915 թ. Հայոց ցեղասպանություն բառը, թվերն սկսում են թռչկոտել օդում: Վիլայեթ առ վիլայեթ, սանջակ առ սանջակ, գյուղ առ գյուղ բնակչության թվերը և ենթադրությունները շարվում են իրար հետևից: Ձգտում են ակնարկել, թե ով է ումից ավել եղել, կարծես թե դա շատ կարևոր է: Տեղեկություններ են հաղորդվում նաև հայկական բնակավայրերի, դպրոցների, եկեղեցիների, թերթերի համարների, առևտրական կյանքի, հայերի ունեցած մասնագիտությունների մասին:

Հայոց ցեղասպանության քննարկումների ժամանակ հաճախ է օրակարգ բերվում նաև «արխիվները բացելու» հարցը: Արտահայտվում են նաև կարծիքներ, թե հայերն ու թուրքերը լրիվ չեն բացել իրենց արխիվները, թաքցրել և ոչնչացրել են արխիվային փաստաթղթեր: Պատճառն էլ այնպիսի մի «դյուրին» միջոցի դիմելն է, ինչպիսին է ցեղասպանության լինել-չլինելն ապացուցելու համար անմիջական փաստաթղթերի և տեղեկությունների հայթայթումը:

Սույն հոդվածում հրապարակված տեղեկությունները արդեն իսկ տպագրվել են որոշ տարեթվերի:

1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ հազարավոր հոդվածներ, թեզեր, հուշեր, վկայություններ, վավերագրեր են հրապարակվել: Այդ հրապարակումների և ուսումնասիրությունների էջերում տեղ են գտել նաև հայերով հոծ բնակեցված վիլայեթները, սանջակները, հայկական թաղամասերը փողոց առ փողոց ցույց տվող քարտեզներ: Դրանց մեջ կան տեղահանություն կոչեցյալ աքսորի քարտեզները: Դրանց շրջանում են գտնվում նաև այնպիսի քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե որտեղ են հավաքվել 1915 թ. ապրիլին աքսորված հայերը, որտեղից ուր են տարագրվել, կարճ ասած` քարտեզներ, որոնք մինչև Դեր Զորի անապատները ձգվող «տեղահանության» ճանապարհների մասին են: Հայկական աղբյուրների տողատակում կա «Մենք Անատոլիայում հազարավոր եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու հրատարակումներ ունեինք» նախադասությունը: Արդյո՞ք դա ճիշտ է: Եթե ճիշտ է, ասելիք չկա: Եթե ճշմարտություն է, արդյո՞ք դա հաստատող փաստաթղթեր կան, ինչպես նշվում է` հազարավոր փաստաթղթեր: Եթե ճիշտ է, ապա ի՞նչ պատահեց այդ եկեղեցիներին, վանքերին, դպրոցներին ու հրատաություններին:

Դրանք հարցեր էին, որ տարիներ շարունակ ինձ հանգիստ չէին տալիս: Եթե ինձ հարցնեին՝ ի՞նչ էի պատասխանելու: Ջանացի ուսումնասիրել, կարդալ, գտնել դրանք: Ձեզ եմ ներկայացնում այն ամենը, ինչ կարողացել եմ գտնել, ինչին կարողացել եմ հասու լինել: Երկու քարտեզներն էլ ես եմ մշակել:

Օսմանյան Կայսրությունում հայերը սահմանադրություն էլ են ունեցել

Համառոտ անդրադառնանք Արևմտահայերի ազգային սահմանադրությանը, քանի որ այն անմիջական կապ է ունեցել 1915 թ. որոնվող «անկենդան» հոգիների հետ:

Հատկապես մեր թուրք և քուրդ ընթերցողները կարող են ասել, թե «Այս տարածքներում այլ սահմանադրություննե՞ր էլ ենք ունեցել, որոնց մասին տեղյակ չենք եղել. հայերի սահմանադրություն»: Այո’, ունեցել ենք: Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի` պետության մեջ ունեցած կարգավիճակը միշտ խնդիր է եղել: Գործող օրենքներից հայերն օգուտ չունեին: Որտե՞ղ ու ինչպե՞ս պետք է կարգավորվեին ներքին գործերը, կրոնական և քաղաքացիական կազմակերպումը, կրթությունը, հրատարակչական կյանքը, ամուսնությունները, բաժանումները, պարտք վերցնելը, կառավարության հետ առնչությունները և այլ նման գործեր: Անատոլիայի բազմաթիվ գյուղերում, ավաններում ապրող հայերի խնդիրները, նրանց՝ հարձակումների ենթարկվելը, կողոպուտները, կոտորածները անպակաս էին: Հայերի կողմից 1840-ականների նախօրեին սկսված աշխատանքները մասամբ արդյունք են տալիս 1863 թ.: Օրենքի ուժ է ստանում Արևմտահայոց ազգային սահմանադրությունը. ճանապարհ է հարթվում ներքին խնդիրների մի մասի բարելավման համար: Ըստ այդ սահմանադրության` ընտրությունների միջոցով կազմավորվում է քաղաքացիականներից ու հոգևորականներից բաղկացած հայոց ազգային խորհրդարանը:

Սահմանադրության մեջ են ներառվում այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են` կենտրոնական և գավառական կառավարումն ու ղեկավար մարմինները, հարկահավաքությունը, ընտրությունները և կանոնադրությունները:

Այս գործընթացն ու սահմանադրությունը արտակարգ հարստություն են ընդգրկում և կրում են մերօրյա բազմաթիվ խնդիրների, վեճերի և ընդհարումների վրա լույս սփռող բնույթ: Այս թեմայով մանրամասն տեղեկություններ ստանալ ցանկացող ընթերցողներին առաջարկում եմ կարդալ «Հայկական սահմանադրության ծնունդը Օսմանյան պետության մեջ» գիրքը:

Որոնվում են 1915-ի հայկական եկեղեցիները

Հայոց ցեղասպանությանը «այսպես կոչված» որակումը տվողների փաստարկներից մեկն էլ եկեղեցիները, վանքերը և հոգևորականներն են: Եկեղեցիները մեկական անիծյալ վայրեր էին, իսկ քահանաները` դրանց առաջնորդները. դրանք վայրեր էին, որոնցում զենքեր էին արտադրվում և պահվում: Այս կաղապարը պատկանում է պետությանը և ատելության հարուցման ամենակարևոր աղբյուրն է:

Հայկական եկեղեցիներն ու վանքերը ղեկավարվում էին Արևմտահայոց սահմանադրության կենտրոնական ղեկավարության, ղեկավար հանձնաժողովներից մեկ՝ Վանքերի հանձնաժողովի կողմից: Սույն հանձնաժողովն ուներ իրեն պատկանող մանրամասն կանոնադրություն:

Օսմանյան տարածքներում գտնվող հայկական եկեղեցիների, վանքերի և դպրոցների բացումը, շինարարությունը, ամենափոքր վերանորոգումն անգամ իրականացվում էին սուլթանության համապատասխան մարմինների հրապարակած ֆերմանների (սուլթանական հրովարտակ) միջոցով: Օսմանյան արխիվներում կան դա հաստատող հազարավոր վավերագրեր:

Հայկական եկեղեցիների և վանքերի վերաբերյալ վիճակագրական տեղեկությունները տեղ են գտել տարբեր աղբյուրներում: Ցավոք սրտի, բոլորն ընդգրկող մեկ պաշտոնական փաստաթղթի չեմ հանդիպել: Եթե պատրիաքարանում նման մեկ վավերագիր կամ ցանկ կա, ապա այն պետք է հրապարակվի, ներկայացվի ուսումնասիրողների, պատմաբանների դատին, որ մենք էլ այս տանջանքներից ազատվենք:

Հայկական դպրոցների և վանքերի մասին առաջին կանոնավոր վիճակագրական տեղեկությունները տրվում են Հայոց ազգային խորհրդարանին ներկայացված զեկույցների վերջին բաժնում, որը կրում է «Կառավարական վիճակագրություն» վերնագիրը: Սույն վերնագրի ներքո մանրամասն տեղեկություններ են բերված հոգևոր առաջնորդների դրության, հայ բնակչության, հայերի առևտրական կյանքի և մասնագիտությունների մասին: 1912 թ. օսմանյան կառավարությունը մի գրություն է հղում Պոլսո հայոց պատրիարքարանին և պահանջում մանրամասն ներկայացնել պատրիաքարանին պատկանող, ֆերմանով հաստատված և չհաստատված բոլոր եկեղեցիները և վանքերը: Հայկական վաքըֆների մասին 1936 թ. պահանջված հռչակագրի նմանօրինակը կատարվում է հենց այս տարիներին:

Պատրիարքարանը 1912-1913 թթ. պատրաստած ցուցակները Արդարադատության նախարարության միջոցով պաշտոնապես ներկայացնում է կառավարությանը: Այս փաստաթղթի բնօրինակը, որի վրա կան նաև ուղղումներ և սևագրություններ, գտնվում է Հայաստանի ազգային գրդարանի թուրքերեն գրքերի բաժնում: Այն օսմաներեն է: Այս ցուցակը հետագայում` 1956-1957 թթ., թարգմանվել է հայերեն և հրատարակվել Հայաստանում տպագրվող «Էջմիածին» ամսագրում: Պատրիարքարանի կողմից ներկայացված ցուցակներում հետագայում Թեոդիկի կողմից ուղղումներ և հավելումներ են արվում հիմնականում Վան վիլայեթին վերաբերող 323 եկեղեցիների, վանքերի և բազմաթիվ բնակավայրերի վերաբերյալ, որոնք տեղ չէին գտել հիշյալ ցուցակում: Ցուցակում չեն ընդգրկվում այն տարիներին ռուսների գրավման տակ գտնվող Կարսի, Արդահանի և շրջակա բնակավայրերի եկեղեցիները: Ես փորձել եմ անփոփոխ կերպով բերել տարբեր աղբյուրներում և վավերագրերում նշված այս տեղեկությունները:

Չեմ պատրաստել եկեղեցիների և վանքերի գտնված վարչական կենտրոնների, կենտրոնական թաղամասերի և գյուղերի, գյուղաքաղաքների, գավառների, գավառակների սահմանային պատկերը: Բնակավայրերի նախկին անվանումների այսօրվա տարբերակները ժողովել եմ առանձին սյունակի տակ: Ուշադիր եմ եղել, որ կրկնություններ չլինեն այն ցուցակներում, որոնցում գրել եմ եկեղեցիների, վանքերի և մատուռների անունները:

Դրանք նշել եմ քարտեզներում` այն վայրերում, որտեղ գտնվել են: Այս գործին մեծապես նպաստել է Սևան Նշանյանի «Իր անունը մոռացած երկիրը» վերնագրով աշխատությունը: Տեղեկությունների մեծ մասը ցուցակագրվել է ըստ օսմանյան վարչական սահմանների: Առանց այսօրվա վարչական սահմանները փոխելու` ներկայացրել եմ` հնարավորինս հավատարիմ մնալով բնօրինակ փաստաթղթերում նշված վարչական միավորումներին: Այդ պատճառով էլ նկատելի է, որ Շապին-Կարահիսար վերնագրի տակ տեղ գտած եկեղեցիների էական մասը մնացել է Սվասի (Սեբաստիա) և Գիրեսունի (Կերասուն) վարչական սահմանների մեջ: Ուստի հավանական է նաև տարբեր տեղանուններով ցուցակների պատրաստումը: Սա ընկալենք որպես նախնական աշխատանք:

Կան նաև այնպիսի եկեղեցիներ ու վանքեր, որոնց այսօրվա անվանումներն ու գտնված վայրերն անհայտ են: Որպեսզի այդ տվյալների մանրամասնումը, հավանական հավելումները այսօրվա վարչական սահմաններում արտահայտվեն, պահանջվում է աշխատանք, որը սպասում է մեզ առաջիկայում:

1. Էրզրում. կենտրոնը, Ազիզիյե, Յաքութիյե, Աշքալե, Փասինլեր, Նարման, Իսփիր (Սպեր), Օլթու, Շենքայա, Հորասան (Խորասան), Փազարյոլու և գյուղերը` 65 եկեղեցի:

2. Յուսուֆելի. Արդվինի կենտրոնական գյուղերը` 4 եկեղեցի:

3. Հընըս (Խնուս) (Էրզրում). Խնուսում և գյուղերում գտնված եկեղեցիները, որոնք հավելվել են Թեոդիկի կողմից` 19 եկեղեցի:

4. Էլեշկիրտ (Ալաշկերտ) (Էրզրում). Էլեշկիրտում և գյուղերում գտնված եկեղեցիները, որոնք հավելվել են Թեոդիկի կողմից` 6 եկեղեցի:

5. Դիյադին (Էրզրում). Դիայադինի գյուղերին պատկանող եկեղեցիները, որոնք հավելվել են Թեոդիկի կողմից` 4 եկեղեցի:

6. Փյուլյումյուր (Թունջելի-Դերսիմ). Փյուլյումյուրի գյուղերի եկեղեցիները` 6 եկեղեցի:

7. Փասինլեր (Էրզրում). Փասինլերի գյուղերի եկեղեցիները` 4 եկեղեցի:

8. Բալըքեսիր. Բալըքեսիր, Մուստաֆաքեմալփաշա, Բիգա, Բանդըրմա` 6 եկեղեցի:

9. Էրզինջան (Երզնկա). Էրզինջանի կենտրոնական գյուղերը` 52 եկեղեցի:

10. Բայբուրթ (Բաբերդ). Բայբուրդի կենտրոնական գյուղերի եկեղեցիները` 34 եկեղեցի:

11. Բայբուրթ (Բաբերդ). Բայբուրթի և վերջինիս գյուղերի այն եկեղեցիները, որոնք նշվել են Թեոդիկի կողմից` 23 եկեղեցի:

12. Ուրֆա. Բիրեջիք, Սիվերեք, Սուրուչ, Հիլվան, Հարրան, Բոզովա, Հալֆեթի` 12 եկեղեցի:

13. Ուրֆա. եկեղեցիներ, որոնք հավելվել են Թեոդիկի կողմից` 5 եկեղեցի:

14. Հարփութ (Խարբերդ-Էլյազիգ). Հարփութի կենտրոնական գյուղերի, Քարաքոչանի, Փալուի և Քեբանի եկեղեցիները` 67 եկեղեցի:

15. Չյունգյուշ (Դիարբեքիր-Տիգրանակերտ). Չյունգյուշի գավառների և գյուղերի եկեղեցիները` 2 եկեղեցի:

16. Զեյթուն (Մարաշ). կենտրոնական թաղամասերի, գյուղաքաղաքների և գյուղերի եկեղեցիները` 14 եկեղեցի:

17. Շապին-Կարահիսար. Շապին-Կարահիսարի, Գիրեսունի (Կերասուն) և Սվասի (Սեբաստիա) մի մասին պատկանող կենտրոնների և գյուղերի եկեղեցիները` 32 եկեղեցի:

18. Բիթլիս (Բաղեշ). Թաթվանի, Ահլաթի, Մութքի և Հիզանի եկեղեցիները` 66 եկեղեցի:

19. Չեմիշկեծեկ (Չմշկածակ) (Թունջելի-Դերսիմ). Չեմիշկեծեկին ենթակա գյուղերի եկեղեցիները` 20 եկեղեցի:

20. Արգանիմադենի (Էլազյիգ). Էրգանիի, Սիվերեքի, Բուլանըքի և Քահթայի եկեղեցիները` 10 եկեղեցի:

21. Էղին (Էրզինջան-Երզնկա). Քեմալիյե և Իլիչ գավառների գյուղերի եկեղեցիները` 17 եկեղեցի:

22. Էղին. Թեոդիկի կողմից հավելված եկեղեցիները` 3 եկեղեցի:

23. Բեյազըթ (Բայազետ) (Աղրը-Արարատ). Էլեշկիրտի, Դողուբեյազետի, Դիայադինի, Փաթնոսի եկեղեցիները` 35 եկեղեցի:

24. Դիյարբաքըր (Դիարբեքիր-Տիգրանակերտ). Դիյարբաքըրի կենտրոնի և գյուղերի եկեղեցիները` 11 եկեղեցի:

25. Կայսերի(Կեսարիա). Կայսերիի կենտրոնի և գյուղերի, Նիղդեի, Աքսարայի, Բորի, Նևշեհիրի, Թոմարզայի, Դևելիի, Բյունյանի, Թալասի եկեղեցիները` 57 եկեղեցի:

26. Տրապիզոն. Տրապիզոնի կենտրոնի և գյուղերի, Օֆի, Մաչքայի, Սյուրմենեի, Աքչաաբաթի, Ֆաթսայի, Յոմրայի, Արաքլըի և գյուղերի եկեղեցիները` 89 եկեղեցի:

27. Սամսուն. Օրդու գավառի եկեղեցիները` 1 եկեղեցի:

28. Ռիզե. Յոլուսթյու գյուղի եկեղեցիները` 1 եկեղեցի:

29. Գիրեսուն (Կերասուն). Թիրեբոլուի եկեղեցիները` 1 եկեղեցի:

30. Օրդու. Քարադյուզի և Ուլուբեյի եկեղեցիները` 3 եկեղեցի:

31. Գյումյուշհանե. Գյումյուշհանեի կենտրոնի եկեղեցիները` 4 եկեղեցի:

32. Քեմահ (Կամախ) (Էրզինջան-Երզնկա). Քեմահին ենթակա գյուղերի եկեղեցիները` 14 եկեղեցի:

33. Թերջան-Դերջան (Էրզինջան-Երզնկա). Թերջանին ենթակա այն գյուղերի եկեղեցիները, որոնք հավելվել են Թեոդիկի կողմից` 33 եկեղեցի:

34. Չարսանջակ (Թունջելի-Դերսիմ). կենտրոնին ենթակա գյուղերի, Մազգիրթի, Փերթեքի, Փյուլյումյուրի և Հոզաթի եկեղեցիները` 93 եկեղեցի:

35. Արաբկիր (Մալաթիա). Արաբկիրի և Քեմալիյեի գյուղերի եկեղեցիները` 19 եկեղեցի:

36. Քըղի (Բինգյոլ). Քըղիի գյուղերի եկեղեցիները` 58 եկեղեցի:

37. Յոզղատ. կենտրոնի և գյուղերի, Բողազլըյանի, Սարըքայայի, Չայըրալանի, Սորգունի, Շեֆաաթլիի գյուղերի եկեղեցիները` 51 եկեղեցի:

38. Փալու (Էլյազիգ-Խարբերդ). Փալուի կենտրոնի, Քովանջըլարի, Քարաքոչանի գյուղերի եկեղեցիները` 44 եկեղեցի:

39. Վան. կենտրոնի և գյուղերի, Էդրեմիթի, Գյուրփընարի, Օզալփի, Էրճիշի (Արճեշ), Թիմարի, Մուրադիյեի, Թաթվանի, Բաշքալեի, Գևաշի, Բահչեսարայի, Չաթաքի եկեղեցիները` 322 եկեղեցի:

40. Ադանա. կենտրոնի և գյուղերի, Յուրեղիրի, Ջեյհանի, Տարսուսի, Սիլիֆքեի, Յումուրթալըքի, Դյորթյոլի, Իսքենդերունի եկեղեցիները` 25 եկեղեցի:

41. Անկարա. կենտրոնի Հայմանայի, Սինջանի եկեղեցիները` 5 եկեղեցի:

42. Անթաքիա. Անթաքիայի կենտրոնի, Սամանդաղըի եկեղեցիները` 7 եկեղեցի:

43. Անթեփ(Այնթափ). կենտրոնի, Նիզիփի և Հալֆեթիի եկեղեցիները` 4 եկեղեցի:

44. Բիլեջիք (Բուրսա). Գյոլփազարըի եկեղեցիները` 4 եկեղեցի:

45. Բիգյոլ (Գենչ). Գենչի և գյուղերի եկեղեցիները` 11 եկեղեցի:

46. Բիթլիս (Բաղեշ). Թեոդիկի կողմից նշված եկեղեցիները` 30 եկեղեցի:

47. Բոլու. Դյուզջեի և Աքյազըի եկեղեցիները` 5 եկեղեցի:

48. Բուրսա. Բուրսայի կենտրոնի և Օրհանգազիի եկեղեցիները` 11 եկեղեցի:

49. Դերսիմ. Հոզաթի և Փերթեքի եկեղեցիները` 28 եկեղեցի:

50. Սիլվան (Դիարբեքիր-Տիգրանակերտ). Սիլվանի և գյուղերի եկեղեցիները` 34 եկեղեցի:

51. Բեշիրի (Դիարբեքիր-Տիգրանակերտ). Բեշիրիի և գյուղերի եկեղեցիները` 14 եկեղեցի:

52. Սիվերեք. Սիվերեքի գյուղերի եկեղեցիները` 6 եկեղեցի:

53. Լիջե. Լիջեի և գյուղերի եկեղեցիները` 19 եկեղեցի:

54. Էրգանի. Էրգանիի գյուղերի եկեղեցիները` 11 եկեղեցի:

55. Մարդին. Մարդինի կենտրոնի և գյուղերի եկեղեցիները` 3 եկեղեցի:

56. Էդիրնե. կենտրոնի և գյուղերի եկեղեցիները` 4 եկեղեցի:

57. Արդվին. կենտրոնի և գյուղերի եկեղեցիները` 11 եկեղեցի:

58. Սամսուն (Ջանիկ). Սամսունի կենտրոնական գյուղերի եկեղեցիները` 43 եկեղեցի:

59. Հոշափ. Հոշափի և շրջակա բնակավայրերի եկեղեցիները` 14 եկեղեցի:

60. Իզմիր(Զմյուռնիա). Իզմիրի գավառների, Մանիսայի, Թուրգութլուի, Աքհիսարի, Բերգամայի, Նազիլլիի, Օդեմիշի եկեղեցիները` 23 եկեղեցի:

61. Իզմիթ. Գեբզեի, Քոջաելիի, Սաքարիայի, Քանդըրայի, Գեյվեի, Քարամյուրսելի եկեղեցիները` 50 եկեղեցի:

62. Արմաշ (Աքմեշե). 2 եկեղեցի:

63. Քասթամոնու. Թաշքյոփրյուի, Բոյաբաթի, Ինեբոլուի եկեղեցիները` 7 եկեղեցի:

64. Քոնյա. կենտրոնի, Բորի, Բուրդուրի, Նևշեհիրի եկեղեցիները` 7 եկեղեցի:

65. Քյութահիա (Կուտինա). կենտրոնի, Թավշանլըի եկեղեցիները` 7 եկեղեցի:

66. Մուշ. կենտրոնի և գյուղերի, Բաթմանի, Մալազգիրթի, Բուլանըքի, Վարթոյի, Հիզանի եկեղեցիները` 142 եկեղեցի:

67. Մուշ. Մշո այն եկեղեցիները, որոնք հավելվել են Թեոդիկի կողմից` 6 եկեղեցի:

68. Սվաս (Սեբաստիա). կենտրոնի և գյուղերի, Հաֆիքի, Զարայի, Ուլաշի, Յըլդըզելիի, Սարըզի, Բյունյանի (Էքրեք), Գեմերեքի եկեղեցիները` 110 եկեղեցի:

69. Ամասիա. Վեզիրքյոփրյուի, Մեջիթոզյուի, Մերզիֆոնի, Հավզայի, Գյումյուշհաջըքյոյի, Լադիքի եկեղեցիները` 15 եկեղեցի:

70. Դիվրիղի (Սվաս-Սեբաստիա). Դիվրիղիին ենթակա գյուղերի եկեղեցիները` 25 եկեղեցի:

71. Գյուրյուն (Սվաս-Սեբաստիա). Գյուրյունին ենթակա գյուղերի եկեղեցիները` 5 եկեղեցի:

72. Թոքաթ. կենտրոնի և գյուղերի եկեղեցիները` 32 եկեղեցի:

73. Ստամբուլ (Կոնստանդնուպոլիս). եվրոպական ափին` 36, ասիական ափին` 8, ընդհանուր` 44 եկեղեցի:

Շարունակելի

Ակօս, թիվ 785

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Man
Sep 20, 2013 8:59


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('28147') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x88\xD5\x9B\xD5\xBE \xD5\xB0\xD5\xA1\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x88\xD5\x9B\xD5\xBE \xD5\xB0\xD5\xA1\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x88\xD5\x9B\xD5\xBE \xD5\xB0\xD5\xA1\xD5\xB5\xD6\x80...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219