ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, February 8, 2013 11:14 - 2 քննարկում

Պարույր Սևակի «Դե ե՛կ վարդապետ ու մի խենթենա…»-ից մինչև Պարույր Հայրիկյանի «Ինքնորոշված անկախություն»-ը:

10-ամյա Ավետիսին զգուշացրել են այլևս չերևալ ԱԺ դարպասների մոտ (լուսանկարներ)

ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ | 17:45 | Փետրվար 7 2013
10-ամյա Ավետիսին զգուշացրել են այլևս չերևալ ԱԺ դարպասների մոտ (լուսանկարներ)

Ես ու 10-ամյա Ավետիսը երեկ կեսօրին ժամադրված էինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող իրենց տանը։ Ինձ հրավիրել էին՝ պատմելու, թե ինչո՞ւ են մեկ տարի շարունակ մոմի լույսով ապրել ու ինչո՞ւ լույս ունենալուց հետո, արդեն երեք ամիս է, ինչ Ավետիսը դպրոց չի հաճախում։

«Բայց զգուշացնում եմ, հանկարծ չվախենաս»,- ասում էր տղայի մայրը։

Երեկ կեսօրին նախատեսված հանդիպումից առաջ ինձ կրկին զանգահարում է տղայի մայրը՝ տիկին Շարմաղը, ու խնդրում է հանդիպումը փոքր-քիչ հետաձգել։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին դիմում էր գրել՝ թղթի վրա շարադրելով այն, ինչ ինձ էր պատմել։ Ասել էր, որ շոր ու կոշիկ չունենալու պատճառով տղան երեք ամիս դպրոց չի գնում։ Ասել էր, որ գործազուրկ, հիվանդ են, հացի փող չունեն, ու նաև ասել էր, որ թեև ծայրահեղ աղքատ են, բայց նպաստից զրկվել են։ Տիկին Շարմաղը նամակների բաժնի փոխարեն` ԱԺ մուտքի մոտ «բռնացրել» էր ԱԺ նախագահին ու ձեռքը տվել։1

 

Եվ ահա երեկ, մեր ժամադրության փոխարեն Ավետիսն ու մայրը շտապել էին Ազգային ժողով։ Այնտեղ հասնելու համար Ավետիսը ստիպված էր եղել հորեղբոր որդու կոշիկները խնդրել։ Մեծ եղբոր 40 համարի մարզակոշիկներով «յոլա գնացող» Ավետիսը հատուկ Հ. Աբրահամյանին տեսակցելու համար իր ոտքին համապատասխան կոշիկը մի քանի ժամով էր խնդրել։ «Հովիկ Աբրահամյանն ասեց՝ տիկին, էս անգամ կօգնենք, բայց խորհուրդ կտամ` էլ չերևաք ԱԺ դարպասների մոտ։ Հետո մեզ ուղարկեց էն մուտքի մոտ, որտեղ քաղաքացիներն են, ու սպասեցինք, սպասեցինք… Երեխեն նենց էր փետացել, սոված-ծարավ»,- պատմում է տիկին Շարմաղը, ով ստիպված էր ԱԺ-ից ամեն կես ժամը մեկ պատասխանել իմ զանգերին ու անընդհատ ասել՝ հաշվապահին ենք սպասում։ Տիկին Շարմաղի հանդիպումը հետաձգելու 1 ժամը դառնում է երկու ժամ, երկուսը՝ երեք, երեքը՝ չորս, չորսը՝ հինգ… հաշվապահին ենք սպասում։ Ու օրը մթնում է… Առավոտյան ժամը 10-ից մինչև 17։00-ն ԱԺ մուտքի մոտ սպասող տիկնոջը 40.000 դրամ ֆինանսական օգնություն էին տվել՝ ամբողջ օրը սպասեցնելուց հետո՝ հորդորելով` «էլ չերևալ»։

100_1993

Հովնաթանի 20 հասցեում գտնվող կիսափուլ խրճիթում բնակվում է Շարմաղ Սարգսյանը՝ չորս երեխաների ու հոգեկան հիվանդ ամուսնու հետ։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «մոտից» վերադարձած սփրթնած, գունատ Ավետիսը դողալով լաց է լինում։ Ատամները շխկացնելով, բարակ բաճկոնը հագին` մտնում է կեղտակորույս անկողին ու կատվի պես անուժ մլավելով` ասում է. «Մամա, մրսում եմ, էլի բան գցի վրես»։

Մայրը արագ-արագ փալասներով ծածկում է որդուն, վառարանի մեջ հազարումի աղբ, կարտոն ու հնամաշ իրեր լցնելով` մի քիչ ջերմացնում է «տունը»։ «Էնքան ենք սպասել, երեխես չէր դիմանում, ասում էր՝ շատ եմ սառել։ Առավոտից` սոված, մրսած… Հաշվապահին էինք սպասում։ Ժամը 10։00-ից ընդեղ ենք, հետո ասեցին՝ գնացեք, ուրբաթ օրը կգաք, լրիվ թևաթափ եղա, բայց 17։00-ի կողմերը վերջապես օգնությունը տվեցին, նստեցինք ավտոբուս, ու երեխեն վատացավ, սկսեց հետ տալ, թուլանալ։ Իջանք, տաքսի նստացրի Հ. Աբրահամյանի տված փողով, որ շուտ հասցնեմ տուն։ Դու սպասի, ես վազեմ մի հատ հաց ու սմետան առնեմ` ուտի, թե չէ ուշագնաց կլինի»,- պատմում է տիկին Շարմաղը՝ խնդրելով իրեն սպասել։ Սպասում եմ… Ավետիսը հայացքով որսում է «պարտքով» վերցրած կոշիկներն ու հիշելուն պես` եղբորը խնդրում է դրանք վերադարձնել հորեղբոր տղային։ Եղբայրն իր 40 համարի քրքրված մարզակոշիկները բերում է 10-ամյա Ավետիսի մահճակալի մոտ ու «պարտքով» վերցրածը շտապելով տանում է։

8

Անկողնու միջից ծիկրակող Ավետիսի խոշոր աչքերն անկյանք, թախծոտ են, բայց շատ գեղեցիկ ու խորն են։ Հարցնում եմ՝ «Ինչո՞ւ դասի չես գնում»։ «Պարզ չի՞»,- կտրուկ պատասխանում է։ Հետո ցածրաձայն պատմում է, որ մեկ տարի մոմի լույսով են ապրել, որ մեկ տարի մոմի լույսով ապրող հոգեկան հիվանդ հայրն ավելի է չարացել։ Սարսափել է, երբ մոմի լույսով լուսավորված տանն ապրող իր հայրը կացինն առած ընկել է էլեկտրիկի հետևից և պահանջել հոսանքը միացնել։ 10-ամյա Ավետիսն ուզում է դպրոց գնալ, որ իրենց աննկարագրելի անմարդկային կենցաղից մի քիչ կտրվի, բայց 40 համարի մարզակոշիկով դպրոց գնալը հոգեբանորեն ավելի ծանր է, քան հոգեկան հիվանդ հոր տագնապալի արարքներին ականատես լինելը։

«Երեխեքը շատ են ծաղրում, չեմ ուզում լսել էդ խոսքերը։ Արդեն քանի օր ա՝ գնում եմ, բայց չեմ ուզում, չեմ կենտրոնանում։ Սաղի դեմքին ծիծաղ եմ տեսնում, չգիտեմ՝ ո՞ւր թաքնվեմ»,- սրթսրթալով անկեղծանում է տղան, բայց մեր խոսակցությունն ընդհատվում է Հովիկ Աբրահամյանի տված գումարով հաց ու «սմետան» բերած Շարմաղի «տուն» վերադառնալուց հետո։ «Տունն» էլ ոչ այն է` բանտախուց է, ոչ այն է՝ անասնագոմ, չգիտեմ` ի՞նչ է, բայց հաստատ տուն չէ։

7

Ինձ ինչ-որ տեղ նստեցնելու համար հարևանի տանից աթոռ են բերում։ Ավետիսենց «տունը» մի տարածք է, որտեղ մեկ ամիս ապրելուց հետո ամենաառողջ որևէ մարդ կհասնի խելագարության։ Խելագարված է Ավետիսի հայրը, ով սենյակի կտորով փակված պայմանական դուռն ամուր կողպել է, որ օտար մարդ մուտք չգործի։ Կխելագարվի նաև Շարմաղը, ում երեկ հաջողվել է ԱԺ դարպասների մոտ «բռնացնել» իր համար օրենքներ գրողների նախագահին, բայց ապագայի համար իրեն զգուշացրել են՝ չերևալ ԱԺ դարպասների մոտ։

Կխելագարվի նաև 17-ամյա Նշանը, ով մի աչքի տեսողությունը կորցրել է, բայց շարունակում է առանց բուժհաստատություն դիմելու ապրել։ «Գնացել էր՝ շուկայում կաշկա քշելու, գործ էր խնդրել, որ աշխատի։ Մեկ էլ տեսնենք` վատացած բերեցին տուն։ Լեզուն կուլ էր գնացել, ուշաթափվել, ընկել էր գետնին։ Շտապօգնություն կանչեցինք, ոտքերը ծնկներից չէր բացվում, կծկվել էր։ Սրսկեցին, ասեցին՝ ներվերից ա, սրտի հիվանդ ա, ու գնացին»,- պատմում է մայրը։ Ավետիսենց «տուն» են այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սոցիալական աջակցության» ծառայությունից։ Նրանք եկել են այն բանից հետո, երբ տիկին Շարմաղն ընտանեկան նպաստ ստանալու դիմումներ է գրել։ Ասում են՝ ՙՏանը մենակ մի չափահաս երեխա կա, չենք կարա նպաստ տանք։ Էնքան եմ դիմել, հիմա խոստացել են եռամսյակը մեկ 16.000 դրամ տալ։

3

Երևի մեկ տարի կտան ու էլի կկտրեն՚,- ասում է չորս երեխաների մայրը, ում տան միակ եկամուտը 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնու ամսական 14.000 դրամ թոշակն է։ Հավաքարարի աշխատանք խնդրող տիկին Շարմաղը ամռանն ուրիշների բրդերն է լվանում, չբխում և գումար աշխատում. «Էնքան հացի պարտք ունենք՝ չես պատկերացնի։ Էլ չեմ ասում հոսանքը՝ 100.000-ից ավելի։ Ասել են՝ մինչև ամսի 15-ը մուծենք, թե չէ՝ անջատելու են։ Ամբողջ տարին գումար չի մտնում տուն, չենք կարում վարձերը մուծենք։ Եթե հոսանքն էլի անջատեն՝ հավատա, չենք դիմանա, կխելագարվենք»։

Չորս երեխաների մայրը խոսում-խոսում է, չարացած աչքերով ամուսինը սենյակից դուրս գալով` մի ծայրից մյուսն է գնում-գալիս, Նշանն արագ-արագ ռեզինե իրեր է լցնում վառարանը, իսկ անկողնու մեջ կծկված Ավետիսը սրթսրթալով հևում է։ Բոլորն ինչ-որ բան են անում մի տարածքում, որը ոչ այն է` բանտախուց է, ոչ այն է` անասնագոմ է։

92

 



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

զում, զում, զում
Feb 8, 2013 12:32


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24870') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xA6\xD5\xB8\xD6\x82\xD5\xB4, \xD5\xA6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xA6\xD5\xB8\xD6\x82\xD5\xB4, \xD5\xA6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xA6\xD5\xB8\xD6\x82\xD5\xB4, \xD5\xA6\xD5\xB8\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219