ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 1, 2013 2:53 - 2 քննարկում

Սաղ տեղն էր՝ սարի սմբուլն էր մնացել

Հեղինակ:   |   Բաժին: ԿարևորՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  |  ՈՒրբաթ, Փետրվար 1, 2013  |   13:00  |  

Չնայած համընդհանուր անվստահությանը «տեղական ծագման տարբեր գելափների» ու նրանց սոցիոլոգիական հարցումների նկատմամբ, նույնիսկ այս ծաղրածուներն են ֆիքսել նախագահական ընտրություններով բնակչության չհետաքրքրված լինելու հանգամանքը…

Բնականաբար, նրանք այս մասին հայտնել են ուր հարկն է: Նաեւ զգուշացրել, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով 22%-ից 35% աղքատության հասած ու սոված մարդկանց հետ անմիջական շփումները, այնուամենայնիվ, վտանգավոր են: Մանավանդ գյուղերում, որտեղ դարպասների մեծ մասը փակ է, իսկ որտեղ կենդանի շունչ կա՝ տների համարյա կեսի պատուհաններին ապակու տեղ «ցելոֆաններ» են, բակերում՝  ձմռան կեսին ծակ կոշիկով կիսասոված երեխաներ…

 

Ուրեմն սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանի համար մի կերպ «արժանի մրցակիցներ գտնելուց հետո» Բաղրամյան 26-ի նվիրյալ քաղտեխնոլոգներն իրենց պատրոնի համար ընտրեցին հնարավորինս անվտանգ՝ դահլիճային հանդիպումների ֆորմատը, որտեղ «Ապահով Հայաստան» խորագրի ներքո ցուցադրվում են «Կոկորդիլոս Գենայի ու Չեբուրաշկայի» կարգի զվարճալի ներկայացումներ: Բայց դե, նույնիսկ այս դեպքում կիքսեր, այնուամենայնիվ, հանդիպում են: Բոլորը գիտեն, թե ինչ ակտիվությամբ են քննարկվում Սարգսյանի տոնը Եռաբլուրում «փչացրած» կնոջ, «Կարմիր ծովն անցկացնող Մովսեսի», իսկ արդեն Տավուշի Մովսես գյուղում «խիարի թարս աճելու մասին» պատմությունները…

 

Վերջին դիպվածին մանրամասն անդրադառնալը կարեւոր է՝ Մովսես գյուղում Սերժ Սարգսյանը մոտենում է մի տղամարդու եւ հարցնում, թե գյուղում ի՞նչ խնդիրներ կան: Ընդ որում, նախնական սցենարի համաձայն հավատալով, որ սա իրեն ընդունելու է «շեն մնա թագավորի տունը» բացականչությամբ: Թարսի պես մարդն ասում է՝ աշխատանք չկա, գյուղը դատարկվում է, էրեխեքն էլ հրեն՝ ռուսաստաններում: «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր: Չթողնեիր գնար, թող մնար գյուղում՝ անասուն պահեր… Գյուղում զավո՞դ լիներ: Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում»,- ի պատասխան՝ նյարդայնանում է նախագահը:

 

Սա իսկապես անհավատալի պատմություն է հենց միայն այն պատճառով, որ բանասեր նախագահը տեղյակ չէ, որ թեւավոր մի մտքի համաձայն՝ «խիարը ոչ թե թարս, այլ ծուռ է բուսնում»: Երկրորդ՝ սա միանգամից է վեր հանում «դեմքով դեպի գյուղը կանգնած» նախագահի անտեղյակությունը գյուղատնտեսության ոլորտի, առկա խնդիրների նկատմամբ, հետեւաբար նաեւ անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու անկարողության փաստը: Եթե ոչ, ուրեմն պիտի ընդունենք նախագահի այն թեզը, որ նա մեղավոր է միայն գյուղերը չասֆալտապատելու համար (իսկ քանի՞ գյուղում ասֆալտ կա, պարոն նախագահ, որ լիաբերան խոսում եք ասֆալտից… կամ ասֆալտում եք՝ ի՞նչ անեք. որ խիարը ասֆալտի վրա՞ բուսնի… միջհամայնքային ճանապարհների մասին ասեիք՝ էլի մի կերպ կհասկանայինք) …

 

Եվ այնուամենայնիվ՝ ինչո՞ւ երիտասարդը չի մնում իր հողում, մշակում այն, անասուն պահում: Նախեւառաջ՝ որովհետեւ հող չունի իր «առաջանցիկ», այժմ էլ «ապահով դառնալ խոստացող» Հայաստանում: Միջազգային մի վերլուծության հիման վրա՝ ՀՀ գյուղատնտեսական հողերի 22%-ը պատկանում է ոչ թե գյուղացուն, այլ քաղաքային ֆեոդալներին: Եթե հող չկա, «զավոդ» էլ չկա՝ ի՞նչ պիտի անի: Կամ հացփորի նոքար աշխատի իր իսկ հողում, կամ մեկնի ռուսաստաններ: Ժամանակին խոսում էին իբր սխալ հողի սեփականաշնորհման մասին, բայց այսօր մենք կրկին հողը գյուղացուն տալու մարտահրավերի առաջ ենք կանգնած: Երկրորդ. եթե պաշտոնական իսկ տվյալներով 1990-2012թթ. գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է ընդամենը 2.11 անգամ, արդյո՞ք սա վկայությունը չէ այն բանի, որ այստեղ ինչ-որ բան սխալ է, եւ ասֆալտը բոլորովին կապ չունի:

 

Օրինակ՝ ի՞նչն էր ձեզ խանգարում, պրն. Սարգսյան, որ գոնե մի քանի տարով սահմանամերձ գյուղերն ազատեիք հողի հարկ վճարելուց: Ի՞նչն էր ձեզ խանգարում, որ նույն այդ գյուղերում կազմակերպվող բիզնեսը խրախուսեիք՝ սիմվոլիկ հաստատագրված հարկ գանձելով: Այսպես թե այնպես, բյուջե փող չի մտնում, չէ՞: Էլի կասեք՝  գյուղում ի՞նչ բիզնես: «Զավոդի» նմանությա՞մբ: Չեմ հասկանում. ձկնաբուծությունը, սնկի աճեցումը, անասնապահությունից ստացվող արդյունքը տեղում վերամշակելը բիզնես չէ՞: Կամ՝ ժամանակին կարի ֆաբրիկանե՞ր չկային գյուղերում, նույն Այրումում պահածոների գործարա՞ն չկար, որտեղ նույնիսկ ուսանողներին «շինջոկատ» էին ուղարկում: Հիմա եթե էդ մարդիկ նորմալ պայմաններով կարողանան վարկ ստանալ, ոչ թե ներկայիս պես հարստահարվել ու նույնիսկ ինքնասպանության գնալ՝ այն մարել չկարողանալու պատճառով, սոված կնստեն կամ երկիրը կլքե՞ն՝ անորոշությունն ու վտանգն աչքների առաջ առած: Նույն ձեր վարչապետի ու էկոնոմիկայի նախարարի սիրած «Տոսպը» եթե իմանար, որ գյուղում ավելի շահավետ է բիզնեսը, Երեւանից իր բիզնեսը չէ՞ր տեղափոխի գյուղեր՝ կարի ֆաբրիկաներն այնտեղ  հիմնելով…

 

Այդքան խոսում եք գյուղատնտեսական մեծածախ շուկաներից՝ բավարարվելով մայրաքաղաքի այս կամ այն հատվածում նախարարական քյանդրբազությամբ: Սարքեի՛ք: Կամ՝ չգիտե՞ք, որ գյուղացիները չեն կարողանում մրցակցել խոշոր մոնոպոլիստների հետ նույն պետական գնումների հարցում: Քանի՞ անգամ բանակը «գնաց», Գավառի գյուղերից կարտոֆիլ գնեց՝ Սամվել Ալեքսանյանին ու մյուսներին «չընտրելով», կասե՞ք: Ինչո՞ւ եք հանդուրժում, որ նույն մարդը քանդի Ծածկած շուկան, երբ պետք էր նորերը կառուցել՝ շուկաներն ամբողջովին եւ ցածր վարձավճարներով տրամադրելով գյուղացիներին: Թե՞ առանձնակի հաճույք է խոսել իբր թե գյուղի սուբսիդավորման մասին, երբ իրականում աղքատ գյուղն է սուբսիդավորում դեռեւս շնչող մայրաքաղաքը: Ինչպե՞ս. շատ պարզ: Ձեր ուզած մարդիկ գնում են կոպեկներով գյուղմթերք առնում, բայց նույն գյուղացուն կրակի գնով վառելիք, պարարտանյութ ու առաջին անհրաժեշտության մթերք են վաճառում: Չեղա՞վ մեր ասածը:

 

Ուրիշ բան ասեմ. ընտրությունների շեմին էդ խեղճ մարդկանց, իրենց քվեների դիմաց, հարկերի համաներման բարի լուրն եք ավետում: Հանգի՛ստ թողեք գյուղացուն: Պետք չէ նրան ձեր համաներումը, պետք չէ հիմա էլ մոդայիկ դարձած հողերի խոշորացում կոչվածն առաջ տանել այն տեսքով, որով հիմա է արվում, եւ որը ոչ այլ ինչ է, քան հերթական ունեզրկում: Հարյուր մարդու հետ խոսել եմ. ասում են՝ թող մի անգամ պետությունը մեզ խողովակներ տրամադրի, մենք կմիանանք, մի կազմակերպություն կստեղծենք, ինքներս ջուրը մեր հողամաս կհասցնենք, ինքներս էլ դրա գինը կորոշենք (ի դեպ, այս վերջին նկատառումն ամրագրված է Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրում): Գուցե ձեզ ձեռ չի տալիս դա լսել, որովհետեւ եթե գնաք այսօրինակ բարեփոխումների՝ կկորցնեք ձեր լիակատար իշխանությունը քվեներ հավաքագրելու  գործընթացի վրա: Որովհետեւ, քաղաքում թե գյուղում, ձեզ ոչ թե քաղաքացի է պետք, այլ ամորֆ զանգված, դյուրաթեք կավ, որին ինչ տեսք ուզեք՝ դա էլ տաք…

 

Մյուս խնդիրը: Անընդհատ խոսում եք գիտելիքահենք տնտեսության մասին, բայց գյուղում գրագետ մարդկանց արմատից եք կտրում: Ինչո՞վ է էդքան մարդ զբաղված համապատասխան նախարարությունում, կասե՞ք: Ուղարկեք դրանց գյուղեր: Թող մարդկանց բացատրեն, թե ինչպես կարելի է փոքրիկ տնտեսություններ հիմնել, ինչպես վարել հաշվապահությունը, ինչպես վարկ վերցնել, ինչպես գյուղտեխնիկա ձեռք բերել, որով, ով զարմանք, կարծես թե ձեր Անվտանգության խորհրդի քարտուղարն էր սկսել զբաղվել: Թե չէ նրանք առանց վարչապետի օգնության էլ են տիրապետում «կովի կրծքերը լվանալու» նրբություններին: Մարդկանց ձեռք առնելու փոխարեն պատվեր իջեցրեք գիտական կենտրոններին, որպեսզի սրանք կանգնեն գյուղացու կողքին, հասկանան, թե ինչու է այնպես ստացվում, որ իրանական լոլիկն ավելի էժան է ստացվում, քան տեղականը, որ զբաղվեն սերմացուի եւ սերմնաբուծության հարցերով:

 

Հիմա, օրինակ, բոլորը տեսնում են, որ զանգվածային մորթի պատճառով շուկայում տավարի մսի գինը կտրուկ անկում է ապրել: Գիտեմ, որ երշիկի արտադրամասում կիլոգրամը հազար դրամով են միս ընդունել գյուղացուց, եւ մարդը նույնիսկ իր ծախսերը չի կարողացել ետ բերել: Դե գնացեք հասկացեք՝ ինչու: Մորթի պատճառն էլ անասնակեր չունենալն է: Իսկ գարնանը տավարի միսը կրակի գին կունենա: Հնարավոր է նույնիսկ ոչխարի մսի նմանությամբ դեֆիցիտ սկսվի: Դուք սրա մասին մտածեք, թե չէ գյուղերում ասֆալտ չլինելու համար ձեզ ոչ ոք չի մեղադրում:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SERJ
Feb 1, 2013 4:34


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24698') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xB8\xD6\x82\xD5\xAF\xD5\xA1\xD5\xB6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xB8\xD6\x82\xD5\xAF\xD5\xA1\xD5\xB6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xB8\xD6\x82\xD5\xAF\xD5\xA1\xD5\xB6\xD5\xA5\xD6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219