Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, December 29, 2012 2:15 - չքննարկված

ՄԻ խայտառակ պատմության մասին….(PART-1)

ՀՀՇ պատմությունը

ՄԱՍ   I

1988 – 1998

 

Հայոց պատմության երկար դարերի ու հազարամյակների ընթացքում դժվար կլինի գտնել այնպիսի տասնամյակ, որը քաղաքական անցուդարձի հագեցվածությամբ, այդ անցուդարձին համաժողովրդական մասնակցությամբ, առավել եւս արդյունավետությամբ, հավասարազոր լիներ 1988-98թ. շրջանին: Կեղծ հայրենասիրական ելակետերը եւ սնամեջ պատվամոլությունը հաճախ են հիմք հանդիսացել մեր պատմությունը գունազարդելու համար: Դրանցից հրաժարվելու եւ օբյեկտիվ իրականությունը ընդունելու դեպքում պետք է արձանագրել, որ Հայաստանը որպես համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող գործոն եղել է միայն ավելի քան երկու հազար տարի առաջ Տիգրան Մեծի թագավորության մի շրջանումª 1-2 տասնամյակ: Իսկ տարածաշրջանային պատմության իրադարձությունների մեջ նրա դերակատարությունը ըստ էության դադարեց 4-րդ դարի վերջերին Արշակունիների թագավորության երկուսի բաժանվելուց ապա վերանալուց հետո: Այդ դերակատարությունը ըստ էության չվերականգնվեց Բագրատունյաց շրջանում: Կիլիկյան հայկական թագավորությունը բուն Հայաստանից դուրս էր, եւ, չնայած տեւական գոյությանը, քաղաքական շարունակություն եւ հետեւանքներ չունեցավ:

Պետականության մոտ հազարամյա չգոյությունը իր բնական հետեւանքներն էր թողելª զրկելով հայ ժողովրդին իրական քաղաքական կյանքից, դրա ավանդույթներից եւ մտածելակերպից: 19-րդ դարի վերջի եւ 20-ի սկզբի 4-5 տասնամյակներըª իրենց ողբերգական ավարտով, հայ քաղաքական մտքի տհասության եւ ուրիշների կողմից դրա շահագործման արդյունքն էր առաջին հերթին: Խորհրդային բռնատիրության տասնամյակները ոչ միայն որեւէ բան չէին կարող շտկել, այլ ընդհակառակըª ավելի ամրապնդեցին գլխիվայր շրջված պատկերացումները եւ առավել աղավաղեցին դրանք:

Իրողոթյունների այս ետնախորքում 1988-90թթ. Հայաստանում ծավալված համաժողովրդական Շարժումը աննախադեպ էր ոչ միայն իր ծավալով, երկարակեցությամբ ու համառությամբ: Այն աննախադեպ էր նաեւ քաղաքական սկզբունքների հասունությամբ, մարտավարության ճկունությամբ, ռազմավարության իրատեսականությամբ: Նույն սկզբունքների վրա հաստատված անկախ պետականությունը, նրա ներքին եւ արտաքին քաղաքականությունը հնարավորություն տվեցին լուծել խնդիրներ, որոնք աներեւակայելի էին դրանց լուծումից մեկ-երկու տարի, երբեմնª մեկ-երկու ամիս առաջ:

Եթե որեւէ ժողովրդի պատմական դերակատարումը չափվում է համաշխարհային կամ գեթ տարածաշրջանային պատմության ընթացքի վրա իր ունեցած ազդեցությամբ, ապա շատ ու շատ երկար ընդմիջումից հետո այդ ազդեցությունը արձանագրվեց եւ ճանաչվեց հենց այս տասնամյակում: Հայաստանում ծավալված ժողովրդավարական Շարժումը հոգեվարք ապրող խորհրդային բռնատիրության հիմքերը խարխլող ուժերի մեջ առաջիններից մեկն էր ոչ միայն ժամանակագրական իմաստով, այլեւ հզորությամբ, կազմակերպվածությամբ, արդյունավետությամբ եւ քաղաքական հասունությամբ: Ավելինª այն բռնատիրության դեմ մղվող պայքարում իր բազմաթիվ նախաձեռնություններում ու քայլերում առաջինն էր եւ դառնում էր ընդօրինակման առարկա, ուստի սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ պայքարի յուրատեսակ օրենսդիրն էր: Եթե խորհրդաին կայսրության փլուզումը, կամ հնարավորինս անվտանգ կազմաքանդվելը համաշխարհային պատմության առումով կարեւորագույն շրջադարձ եւ իրողություն էր, ապա այդ գործընթացում հայաստանյան ժողովրդավարական Շարժման դերակատարությունը, ամենաէականն էր եւ անուրանալին: Ճիշտ նույն կերպ, եթե հետխորհրդային տարածքում նորանկախ պետականությունների կայացումը, ժողովրդավարության նորմերի արմատավորումը, դրանց ուղղված արմատական բարեփոխումները էական դեր ունեին համաշխարհային պատմության առումով, ապա այդ գործընթացներում նույնպես Հայաստանը առաջիններից մեկն էր եւ ճանաչվում էր որպես ժողովրդավարության օազիս: Այսինքնª հազարամյակների ընդմիջումից հետո Հայաստանը 1988-98թթ. որպես գործոն մտավ համաշխարհային պատմության թատերաբեմª խիստ դրական վարկանիշով եւ կարեւորագույն գործընթացներում իր առարկայական դերակատարությամբ:

Բայց ոչ միայն այս: Հայաստանի ժողովդավարական Շարժումը խորհրդային բռնատիրության դեմ ուղղված փաստորեն ամենավտանգավոր ուժն էր եւ որպես այդպիսին միշտ գտնվեց հոգեվարք ապրող կայսրության կողմից պատժի ու հարվածի ենթարկվելու համար ամենավտանգավոր դիրքում: Սակայն ընդհուպ մինչեւ լիակատար անկախացումըª չորս երկար տարիների ընթացքում, քաղաքական համարձակության եւ քաղաքական հաշվարկի ճշգրիտ զուգադրմամբ եւ ներդաշնակմամբ կարողացավ երկիրն ու ժողովրդին առավելագույնս զերծ պահել հնարավոր վտանգներից, ինչը չհաջողվեց հանրապետություններից շատերին: Անկախության նախօրյակին Հայաստանն ուներ մի քանի անգամ ավելի մեծ օբյեկտիվ դժվարություններ եւ տասնյակ անգամ պակաս ռեսուրսներ, սակայն նա պետականության մարտահրավերներին պատրաստ էր շատ ավելի լավ, քան որեւէ այլ հանրապետություն: Իսկ անկախության եւ պետականության կերտման տարիներին, չազատվելով նույն այդ օբյեկտիվ դժվարությունների բեռից, դարձյալ առաջինն էր իր ձեռքբերումներով:

Այս ամենի հիմքն ու բացատրությունը անիմաստ է որեւէ այլ տեղ փնտրելը, քան Շարժման, ապա դրան հաջորդած պետականության առաջին տասնամյակում որդեգրած քաղաքական սկզբունքների, դրանց անդավաճան մնալու, Շարժման եւ պետության առաջնորդների կողմից դրանց հմուտ կիրառման եւ ղեկավարության մեջ:

Պայքարի եւ նվիրումի անհրաժեշտ կարողականություն եւ զոհողությունների պատրաստակամություն ժողովուրդը միշտ ունի: Այն արդյունավետ կարող է գործել, եթե ճիշտ է ընտրված մեկնարկի պահը, եթե իրատեսական քաղաքական սկզբունքներ է դավանում առաջնորդող քաղաքական ուժը եւ ունակ է ճշգրիտ քաղաքական հաշվարկների: Հակառակ դեպքում նույն այդ ժողովրդի ներուժը, նվիրվելու եւ զոհողությունների պատրաստակամությունը, զանգվածային հերոսություններն անգամ այլ բան չեն լինի, քան արկածախնդրությունª ամենատխուր ու կործանարար հետեւանքներով, պատճառ կդառնան անդառնալի կորուստների: Եւ դրա լավագույն եւ ամենաթարմ ապացույցը կրկին նույնª 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին տասնամյակների դառը փորձն էր: 1988-98թթ. այդ փորձի արմատական մերժման եւ իրական, հանրահայտ, քննություն բռնած քաղաքական սկզբունքների որդեգրման ու կիրառման շրջան էր, հայ քաղաքական մտքի արմատապես նոր որակի դրսեւորում ու գործադրում: Իսկ ձեռքբերված առարկայական արդյունքներըª քաղաքական այդ սկզբունքների արդարացման անսակարկելի ապացույց են:

 

Խորհրդային կայսրության վերջին երեք զառամյալ առաջնորդները Գորբաչովից առաջ յուրատեսակ ձեւով խորհրդանշում էին նաեւ այդ երկրի իրականª մերձիմահ վիճակը: Ավելի երիտասարդ ու գործունյա ղեկավարի նշանակումը եւ վերջինիս միջոցառումները նպատակ ուներ կենսական վերջին հնարավորությունները կորցնող պետությունը վերակենդանացնելու, երիտասարդացնելու, նրան ապրելու լիցքեր հաղորդելու խնդիր լուծել: Բռնատիրական սկզբունքները, գաղափարախոսական կապանքները, ավանդապաշտությունը այս երկրի քաղաքական ու տնտեսական համակարգը վաղուց դարձրել էին կարծրացած, որեւէ փոփոխության տրվելու անընդունակ: Խորհրդային իրականության համար ՙՎերակառուցում՚, ՙՀրապարակայնություն՚ տերմինները, անգամ իրենց ամենամեղմ նշանակությամբ, ռումբերի դեր կարող էին կատարել: Նոր քաղաքական ուղեգիծն ուներ իր առանձնահատկությունը: Դա հռչակված սկզբունքների, խոստումների եւ իրական քաղաքականության տարբերությունն էր: Նպատակը կոսմետիկ փոխություններով եւ ժողովրդավարական ազատությունների գունավորումով, պատրանքով նախկին համակարգը պահպանելն էր: Սակայն հռչակված սկզբունքներն ու այդ պատրանքը ստեղծելուն ուղղված թեկուզ երկչոտ քայլերը բավարար էին, որ յոթ տասնամյակ շարունակ ճնշված, սեղմված հասարակությունն արթնանար: Քիչ անց հասարակությունն ինքը որդեգրեց հռչակված սկզբունքներըª ամեն կերպ ձգտելով դրանց մեջ իրական բովանդակություն դնել, իսկ իշխանությունները ստիպված էին դրանց իրականացման արգելակի դեր ստանձնել: Եւ այնուամենայնիվ, գործընթացը սկսված էր, ու դրա ընթացքը այլեւս անշրջելի:

Կենտրոնական, հանրապետական եւ տեղական իշխանության քաղաքական օրակարգերի սեղանին հայտնվեցին ամենատարբեր բնագավառներից հարյուրավոր հարցերª մարդու եւ ազգերի իրավունքներից սկսած մինչեւ բնապահպանական, սոցիալ-տնտեսականից մինչեւ մշակութային ու լեզվական: Ձեւավորելու ու պահպանելու համար ՙվերակառուցվողի՚ իր իմիջը, իշխանությունը առաջին անգամ ստիպված էր հանդուրժել եւ քննարկման ընդունել հարցեր, որոնք նախաձեռնված ու ձեւակերպված էին իրական իշխանությանª կուսակցական մարմիններից դուրս: ՙԿուտակված՚ հարցերի մեջ ամենածանրերն ու վտանգավորները, բնականաբար, վերաբերում էին ազգային բնագավառին:

Հայաստանում հասարակության քաղաքական ակտիվացումը, մարդաշատ ու հախուռն ժողովները, ընդհուպ հանրահավաքները արդեն 1987-ին սկսեց կենցաղ դառնալ: Դրանք մասնավորապես նվիրված էին բնապահպանական խնդիրներին: Ավելի խորքերում արծարծվում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Հոծ հայկական բնակչությամբ, պատմականորեն միշտ հայաբնակ, հայկական մշակութային ժառանգությամբ հարուստ եւ Հայաստանի հանրապետությանը սահմանակից այս երկրամասը խորհրդային կարգերի հաստատման եւ Խորհրդային Միության կազմավորման շրջանում, ըստ էության բռնի, մտցվել էր Ադրբեջանի հանրապետության կազմի մեջ որպես ինքնավար մարզ: Հաջորդող տասնամյակներում խնդրի մի քանի մանր ու աննկատ արծարծումները, բնականաբար, որեւէ արդյուք չէին տվել: Նոր մթնոլորտում ԽՍՀՄ իշխանությունը խոստացել էր անդրադառնալ նաեւ ազգային բնույթի հարցերի եւ մեկ-երկու խնդրով նաեւ ինչ-որ հանձնաժողովներ էին կազմվել: Այդ փաստերը հիմք տվեցին բարձրացնելու նաեւ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանին միացնելու խնդիրը: Նախնական բանակցություններում կենտրոնական իշխանության ներկայացուցիչները որեւէ արգելք չտեսան խնդիրը բարձրացնելու եւ քննարկելու մեջ:

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզային խորհուրդը ընդունեց համապատասխան որոշում: Երեւանում սկսվեցին այդ որոշման պաշտպանությանն ուղղված զանգվածային հանրահավաքներ, որոնք արդեն իսկ հաջորդ օրերին իրենց մասնակիցների քանակով հասան աննախադեպ չափերիª մոտենալով ընդհուպ մեկ միլիոնի սահմանագծին: Սրանով արձանագրվեց Խորհրդային Միության պատմության մեջ առաջին ամենազանգվածային հանրահավաքների փաստը: Բոլորի, այդ թվում նաեւ կենտրոնական իշխանության համար անսպասելի էին այսպիսի զարգացումները: Վերջինիս տված կոշտ գնահատականին հետեւեցին քաղաքական համընդհանուր գործադուլներ: Սա նույնպես որպես երեւույթ առաջին անգամն էր ԽՍՀՄ-ում: Կենտրոնական իշխանության ղեկավարները ստիպված էին արտաքուստ Էականորեն փոխել իրենց վերաբերմունքը: ՙԶրույցի՚ հրավիրեցին առաջին հանրահավաքներում տոն տվող մի քանի հայտնի մտավորականների, որոնք էլ, նրանց որոշ խոստումների եւ հանձնարարականների համապատասխան, փետրվարի 27-ին կարողացան ցրել անսպասելի բարձրակետի հասած շարժումըª հավաստիացնելով, որ խնդրով արդեն իսկ զբաղվելու են կենտրոնական իշխանությունները: Միաժամանակ Ադրբեջանի Սումգայիթ կոչվող քաղաքում հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցան զանգվածային բռնություններ, ջարդ ու տեղահանություն: Շարժման դեմ ըստ էության կիրառվում էր երկու միջոց. առաջինª խնդիրը ընդունելու, ուսումնասիրելու եւ քննարկելու անորոշ խոստումներ, եւ երկրորդª ուժ եւ վայրագ բռնություն, որ պետք է վախ ու զգուշավորություն սերմաններ:

Հաջորդող մի քանի ամիսներին հանրահավաքներն ու գործադուլները թեեւ չշարունակվեցին, սակայն Շարժումը մնում էր կենդանի: Առաջին հանրահավաքներում նախաձեռնողնեղների կողմից ստեղծվել էր ՙՂարաբաղ՚ կոմիտե, որ հանրահավաքներն էր կազմակերպում: Նույն օրերին ՙենթակոմիտեներ՚ կամ ՙտեղական՚ կոմիտեներ ստեղծվեցին բազմաթիվ, թերեւս բոլոր հիմնարկներում ու ձեռնարկություններում: Չնայած հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը հատուկ որոշմամբ ՙկասեցրեց՚ դրանց գործունեությունը, սակայն այս բոլորը որպես Շարժման կառույց շարունակում էին գործել:

Հանրապետության իշխանությունները առաջին իսկ օրից հակառակ դիրք գրավեցին եւ որեւէ կերպ չպաշտպանեցին Ղարաբաղյան շարժմանª փաստորեն ողջ ժողովրդի պահանջները: Նրանց հեղինակությունը հետագա ամիսներին գահավեժ անկում ունեցավ: Պարզ դարձավ նաեւ, որ կենտրոնական իշխանությունների տված հավաստիացումները նույնպես տվյալ պահի խնդիր լուծելուն էր ուղղված, եւ նրանք չեն պատրաստվում բարձրացված խնդրով շատ թե քիչ լուրջ զբաղվել: Շարժման առաջին ղեկավարների մի մասը համարում էր, որ կենտրոնական մարմինների առջեւ խնդիրը բարձրացրած լինելով կարելի է բավարարվել եւ սպասել: Նույն ամիսներին սակայն շատերը եկան այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղի հարցը որեւէ դրական լուծում կարող է ստանալ միայն պայքարի շարունակման, ընդհանուր ժողովրդավարական այլ խնդիրների առաջ քաշման եւ լուծման հետ միասին: Մայիս ամսին վերսկսված հանրահավաքներում այս տեսակետների կրողները կազմեցին Շարժման նոր ղեկավարությունª ՙՂարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե՚, որը նույնպես ժողովրդի մեջ շուտով կրճատ սկսեց կոչվել ՙՂարաբաղ՚ կոմիտե: Այս նոր մարմինը, ի տարբերություն նախորդի, ունեցավ մշտական եւ հաստատուն կազմ եւ առաջին իսկ օրերից որդեգրեց աշխատանքի հստակ սկզբունքներ: Նրա մեջ մտան 11 հոգի, մինչ այդ Շարժման մասնակիցների շրջաննում իրենց ելույթներով եւ կատարած աշխատանքով արդեն հայտնի եւ անցած ամիսներին նաեւ միմյանց լավ ճանաչած գործիչներª Պետական համալսարանի դասախոս, դոցենտ, մաթեմատիկական գիտությունների թեկնածու Բաբկեն Արարքցյանը, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Համբարձում Գալստյանը, հեռուստալրագրող  Սամվել Գեւորգյանը, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսան Հակոբյանը, Պետական համալսարանի դասախոս, դոցենտ Վազգեն Մանուկյանը, դպրոցի ուսմասվար Աշոտ Մանուչարյանը, ԳԱ թղթակից անդամ Ռաֆայել Ղազարյանը, ուսուցիչ եւ լրագրող Սամսոն Ղազարյանը, գրող Վանո Սիրադեղյանը, Պետական համալսարնի լաբորատորիայի գիտաշխատող Վավիթ Վարդանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Թեեւ Շարժման հիմնական խնդիրը մնում էր Ղարաբաղի հարցը, սակայն նրա օրակարգում սկսեցին հայտնվել փաստորեն այն բոլոր հարցերը, որ հուզում էին հասարակությանը: Հարահավաքները դարձան անընդհատ, արդյունավետ օգտագործվում էին պայքարի մյուս բոլոր ձեւերըª գործադուլներ, նստացույցեր, հացադուլներ, երթեր, ցույցել եւ այլն: Հունիսի 15-ին Շարժումը արձանագրեց իր առաջին կարեւոր հաղթանակը: Նրա նախաձեռնության եւ ամենահամառ ճնշման տակ հանրապետության Գերագույն խորհուրդը քննարկման առարկա դարձրեց ԼՂԻՄ մարզային խորհրդի դիմումը եւ իր համաձայնությունը տվեց մարզը Հայկական ԽՍՀ-ի մեջ ընդունելու նրա հայցին: Սա նույնպես առաջին դեպքն էր, երբ որեւէ հանրապետության իշխանության բարձրագույն մարմնի օրակարգը եւ ընդունելիք որոշումը թելադրվում էր ոչ թե կոմունիստական կուսակցության համապատասխան ԿԿ-ից, այլª ՙներքեւից՚ եւ հակառակ նրա կամքի: Խնդրի ձեւակերպումը նույնպես իրավականորեն անխոցելի էր դարձվել. ըստ ձեւակերպման ԼՂ ժողովուրդը օգտվում էր գործող սահմանադրությամբ (նաեւ հայտնի միջազգային նորմերով) ազգերին վերապահված ինքնորոշման իրավունքից: Պատմական իրավունքի ու պատմական անարդարության իրավականորեն խոցելի հիմնավորումները աստիճանաբար պետք է դառնային որպես ավելի շատ քարոզչական եւ օժանդակ փաստարկներ:

Նույն հարցը քննարկելով Ադրբեջանն ընդունեց հակառակ որոշում: Հուլիսի 18-ին նույնպիսի մերժողական որոշում ընդունեց նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը: Շարժումը Հայաստանում ավելի ու ավելի էր դառնում համաժողովրդական, իսկ իր որդեգրած նոր խնդիրներով դառնում համակարգի վերափոխմանն ուղղված ժողովրդավարական շարժում: Դա թելադրում էր, որ պետք է ունենալ որոշակի քաղաքական ծրագիր եւ դրան հետեւող առավել հստակ կազմակերպական կառույց: ՙՂարաբաղ՚ կոմիտեի կողմից օգոստոսի 19-ին հրապարակվեց Շարժմանը կազմակերպական ձեւ տալու սկզբունքների եւ այդ կազմակերպության առաջին ծրագգիրն ամփոփող փաստաթուղթ: Շարժման կազմակերպական կառույցի համար ընտրվեց ՙՀայոց համազգային շարժում՚ (ՀՀՇ) անվանումը: Ծրագիրը, որպես ժողովրդավարական սկզբունքներ եւ նպատակներ պարունակող համապարփակ փաստաթուղթ, Խորհրդային Միությունում նոր սկսվող շարժումների մեջ առաջինն էր: Այդպես էին գնահատում նաեւ օտար վերլուծաբանները, դրա կողքին, օրինակ, Էստոնիայի Ժող. ճակատի ծրագրային նպատակները գնահատելով որպես միայն իրավական պետության հասնելու ձգտում:

Շարժումն այս փաստաթղթով որդեգրում էր կարեւոր քաղաքական սկզբունքներ, որոնք տրամագծորեն հակադիր էին տարածված եւ ավանդական պատկերացումներին: Մերժվում էր դրանց հիմքըª ՙմշտական՚ թշնամու եւ ՙմշտական՚ բարեկամի սկզբունքը: Առաջ էր քաշվում միայն սեփական ուժերին ապավինելու եւ դրանց համապատասխան խնդիրներ ձեւակերպելու եւ հետապնդելու գաղափարը: Ծրագրում որպես նպատակ դրվում էր 1915թ. ցեղասպանության ճանաչման խնդիրը, սակայն նաեւ նախատեսվում էր այն արտաքին քաղաքականության հիմք չդարձնել, այլ բոլոր հարեւանների հետ հաստատել բնականոն հարաբերություններ: Առաջին ծրագրում դեռ չէր օգտագործված ՙանկախություն՚ բառը, սակայն այն խնդիրները, որոնք դրված էին որպես երկրի ինքնիշխանության մեծացման եւ ամրապնդման հարցեր, ըստ էության անկախության նախադուռն էին: Բավականին հստակ դրված էր նաեւ սոցիալիստականից հրաժարվելու եւ տնտսվարման ազատ շուկայական համակարգին անցնելու խնդիրը: Ինչպես դժվար չէ նկատել, այս ամենին կտրականապես դեմ պետք է լիներ կոմունիստական կուսակցությունը, որի համար սոցիալիստականը բացարձակ արժեք էր, իսկ ՙհավերժ Ռուսաստանի հետ՚ լինելը հայ ժողովրդի համար կանխորոշված ճակատագիր: Դրան նույնքան դեմ պետք է լիներին նաեւ սփյուռքյան ՙկուսակցությունները՚, որոնց համար ՙՀայ դատն՚ էր բացարձակ արժեք եւ պահանջատիրությունը հիմնական խնդիր: Իսկ այդ խնդրի լուծման ճանապարհը համարում էինª  գտնվել որեւէ հզոր պետության (ԽՍՀՄ-ի) կազմում, նրա ուժերով ազատագրել պատմական հողերը:

ՀՀՇ ծրագրի հրապարակումը տեղական եւ կենտրոնական իշխանությունների մեջ իրարանցում առաջացրեց: Դա իրավացիորեն գնահատվում էր որպես լուրջ քաղաքական ընդդիմության ծնունդ, որպես իշխող ուժինª կոմունիստական կուսակցությանը քաղաքական այլընտրանքի առաջացում: Շարժման ղեկավարությունը պայքարը վարում էր խիստ սահմանադրական մեթոդներով, կարողանում էր խուսափել սադրանքներից եւ դրանով սահմանափակում էր իշխանություններ կողմից բռնության գործադրման հնարավորությունները: Կենտրոնական եւ հանրապետական հսկայական քանակի զանգվածային լրատվամիջոցների կատաղի քարոզարշավին հաջողությամբ դիմակայում էին հարյուրհազարանոց հանրահավաքներում ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամների ելույթներն ու թռուցիկները, որ արագ տարածվում էին: ՀՀՇ-ի գաղափարների ու նրա ղեկավարության վարկաբեկման ու Շարժումը ներսից քայքայելու համար իշխանությունն օգտագործեց ՙհայտնի՚ մտավորականներին, ընդհուպ Սփյուռքահայ կուսակցություններին: Վերջիններս համատեղ մի հայտարարությամբ հանդես եկան Շարժման դեմ եւ հօգուտ իշխանությունների: Սակայն այս վտանգները եւս հաջողությամբ չեզոքացվեցին:

Սեպտեմբերի վերջերից Ադրբեջանի հայաբնակ շրջաններում սկսվեց բռնությունների գործադրման նոր շրջան, որն աստիճանաբար վերածվեց հայ բնակչության զանգվածային բռնագաղթի: Նոյեմբերի 24-ին Շարժումը արձանագրեց եւս մի հաղթանակ, որ նաեւ վկայությունն էր նրա հասարակական կշռի եւ բացառիկ ազդեցության: Նրան հաջողվեց, հակառակ իշխանությունների կամքի, հավաքել հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների մեծ մասին եւ Պետական օպերայի շենքում շարունակել Գերագույն խորհրդի նիստը, որը նախօրյակին անկայունության պատրվակով ընդհատվել էր, եւ կայացնել իր կողմից մշակված կարեւոր որոշումներ: Հաստատված իրական երկիշխանությունը սրանով կարող էր վերածվել Շարժման փաստական միիշխանության հաստատմանª վայելելով ողջ ժողովրդի պաշտպանությունը: Իշխանություններին այլ բան չէր մնաում, քան բռնի ուժի դիմելը. մտցվեց հատուկ դրություն ու պարետային ժամ:

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ահավոր ուժի երկրաշարժը հիմնահատակ ավերեց հանրապետության տարածքի մոտ 1/3-ըª պատճառելով տասնայակ հազարավոր զոհեր, մի քանի անգամ ավել խեղվածներ, կես միլիոնից ավելի մարդ մնաց անօթեւան: Դրան գումարվում էին Ադրբեջանից մազապուրծ փախած հարյուր հազար բռնագաղթվածները: Իշխանության մարմինների կազմալուծված, վարկաբեկված լինելու պայմաններում Շարժման ղեկավարությունը անմիջապես ձեռնմուխ եղավ փրկարարական աշխատանքների կազմակերպման գործինª տեղերում հիմնելով իր ներկայացուցչությունները: Դեկտեմբերի 10-ին Գրողների միության շենքի իրենց շտաբ-կայանում, այս աշխատանքների կազմակերպմամբ զբաղված լինելու պահին, ձերբակալվեցին Կոմիտեի այդտեղ գտնվող անդամները: Մյուսներին հաջողվեց ձերբակալել հաջորդ շաբաթների ընթացքում: Նրանց դեմ քրեական գործ հարուցեցին եւ տեղափոխեցին Մոսկվաª ՙԲուտիրյան՚ եւ ՙՄոսկովսկայա տիշինա՚ բանտերը: Սկսվեց հալածանքը Շարժման դեմ: Մյուս կողմից, սակայն, կրքերի հնարավոր բորբոքումը կանխելու համար Լեռնային Ղարաբաղում մտցվեց հատուկ կառավարումª կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչ Ա. Վոլսկու գլխավորությամբ:

Շարժումը իր ՙպահեստային՚ ղեկավարությամբ 1989-ի առաջին կեսում զբաղված էր առաջին հերթին Կոմիտեի անդամներին բանտից ազատելու հարցերով: ՙՂարաբաղ՚ կոմիտեի ապօրինի կալանավորումը եւ հաշվեհարդարի մտադրությունը շատ մեծ հնչեղություն ստացավ ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ ամբողջ աշխարհում: Ծավալվեց նրանց պաշտպանության եւ ազատ արձակելու պահանջով հզոր շարժում: Չկարողանալով դիմադրել այդ ճնշումներին, մյուս կողմից էլ չկարողանալով հիմնավորել առաջադրված մեղադրանքները, կենտրոնական իշխանությունն ստիպված էր 1989-ի մայիսի վերջին ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամներին ազատ արձակել:

Մինչ այդ, Հայաստանի իշխանությունները, կենտրոնի համաձայնությամբ, երկրաշարժից քիչ անց փակեցին տեխնիկապես ոչ նորմալ վիճակում շահագործվող ատոմակայանը: Այդ հարցը դրված էր նաեւ Շարժման օրակարգում: Մայիսի վերջերին հասարակության համակրանքը շահելու համար պաշտոնապես ճանաչվեց եռագույն դրոշը եւ մայիսի 28-ը որպես անկախության հաստատման օր: Հայաստանի Կոմկուսի ղեկավարը ՙՂարաբաղ՚ կոմիտեի ազատագրումը փորձեց կապել իր անվան հետ: Անգամ պաշտոնական մամուլի մի քանի հրապարակումներում դրվատական գնահատականներ երեւացին նրանց մասին: Այս ամենով հանրապետության իշխանությունը փորձում էր վերականգնել իր խաթարված հեղինակությունը եւ փորձ անել գլխավորել եւ իրեն ցանկալի ուղղություն տալ Շարժմանը: Սակայն այդ բանը նրանց չհաջողվեց:

Շարժումը նոր թափ ստացավ եւ կարճ ժամանակում հասավ նախկինª փաստական երկիշխանության մակարդակին: Իշխանություններն ստիպված էին պաշտոնապես ճանաչել Հայոց համազգային շարժումը որպես հասարակական կազմակերպություն: Օգոստոսին Գերագույն խորհրդի թափուր մնացած հինգ ընտրատարածքներից չորսում առանց մեծ դժվարության Շարժումը չորս նոր պատգամավոր ունեցավ:

Շարժումը իր համապատսխան կառույցների միջոցով զբաղվում էր Աղետի գոտում շինարարության, բռնագաղթվածների, Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ կենսապահովման ու այլ հարցերով: Եւ միաժամանակ նախապատրաստվում էր իր առաջինª հիմնադիր համագումարին եւ ծրագրային փաստաթղթերի ընդունմանը: Մեկ տարվա ընթացքում Էականորեն փոփոխվել էին պայմանները: Խորհրդային Միությունում ավելի էին խորացել ժողովրդավարական շարժումները: Միջազգային համակրանքը դրանց նկատմամբ, եւ մասնավորապես Հայաստանի ժողովրդավարական շարժման նկատմամբ մեծացել էր: Այլեւս պարզ էր, որ Ղարաբաղի հարցի որեւէ բարենպաստ լուծում անհնար է Խորհրդային Միության պայմաններում: Շարժման Ծրագրում որոշակիացվեց անկախության հասնելու գաղափարը եւ ձեւակերպվեց որպես հիմնական, առանցքային խնդիր: Նոյեմբեր 4 – 6-ը տեղի ունեցած ՀՀՇ 1-ին համագումարում այս ծրագիրն ընդունվեց: Ծրագրի վերջնական նախապատրաստումն ու ընդունումը առիթ դարձավ, որպեսզի վերջնականապես բացահայտվեն այն ուժերը, որոնք պայքարելու էին դրա դեմ: Հասկանալի է, որ դա առաջին հերթիին կենտրոնական իշխանությունն էր, ապաª Հայաստանի կոմունիստական իշխանությունը ամբողջությամբ: Սրանց միացավ Հայաստանի մտավորականության այն խավը, որն այդ իշխանության օրոք որոշակի արտոնություններ ու դիրք էր ստացելª ՙմտավորական նոմենկլատուրան՚: Վերջինս փորձեց անգամ իր կազմակերպությունն ստեղծելª գլխավորելու համար Շարժումն իր ցանկացած ուղղությամբ: Եվ վերջապես անկախության գաղափարի ու ծրագրի դեմ ավելի բացահայտ հանդես եկան սփյուռքահայ կուսակցությունները, եւ մանավանդª Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Անկախության ծրագրի դեմ գաղափարական պայքարը հենվում էր երեք փաստարկի վրա. ա) ԽՍՀՄ-ը հարատեւելու է, եւ Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատեւել եւ զարգանալ առանց Խորհրդային Միության հետ ունեցած բազմաթիվ տնտեսական կապերի, բ) Հայաստանը փոքր երկիր է եւ ՙթշնամական շրջապատում՚ չի կարող միայննակ ապրել, գ) հայերիս ամենակարեւոր ազգային խնդիրը ՙՀայ դատը՚ եւ դրանից բխող հողային պահանջատիրությունն է Թուրքիայից, որը լուծելու համար անհրաժեշտ է գտնվել որեւէ հզոր պետության կազմում (տվյալ դեպքում ԽՍՀՄ-ի), նրա միջոցով լուծել այդ խնդիրը, ապա միայն մտածել անկախության մասին: ՀՀՇ-ն գտնում էր, որ ա) ԽՍՀՄ-ը գնում է դեպի փլուզում, եւ օրինական ճանապարհով անկախության հասնելը ամենեւին չի նշանակում այլ հանրապետությունների հետ տնտեսական կապերի խզում, այդ կապերը կարող են դառնալ հավասարազոր, ավելի արդյունավետ եւ փոխշահավետ: բ) Շատ ավելի փոքր ազգեր ունեն իրենց պետականությունը եւ հաջողությամբ զարգանում են եւ ծաղկում: Արտաքին պետական քաղաքականության հիմքում չպետք է դրվի հողային պահանջատիրության խնդիր եւ բնականոն դրացիական հարաբերություններ պետք է հաստատել հարեւան բոլոր երկրների հետ: գ) Ամեն մի ժողովրդի համար գերագույն արժեքը անկախ պետականությունն է, եւ միայն դրա միջոցով է հնարավոր նրա առջեւ դրված մյուս խնդիրների լուծումը:

Հետագա տարիները հաստատեցին ՀՀՇ ծրագրի, քաղաքական ուղեգծի եւ կանխատեսումների ճշմարտացիությունը: Սակայն պայքարը գաղափարական այս ուղղությունների եւ դրանք ներկայացնող ուժերի մեջ շարունակվեց ոչ միայն մինչեւ անկախության ձեռք բերումը, այլեւ դրան հաջորդող տարիներին:

Նոյեմբերի 28-ին, երկար ձգձգելուց հետո, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը վերջապես քննարկեց Լեռնային Ղարաբաղի հարցը եւ ընդունեց մի խիստ աննպաստ որոշում, որը վերացնում էր մինչ այդ ձեռք բերված արդյունքների մեծ մասը: Անհրաժեշտ էր կանխել Ղարաբաղում հնարավոր հուսալքումը եւ Ադրբեջանի լրացուցիչ ակտիվացումը: Շարժումը կարողացավ ստիպել հանրապետության իշխանություններին անմիջապես հաջորդ օրերին հրավիրել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստ եւ դեկտեմբերի 1-ին ընդունել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղիտ վերամիավորման մասին որոշում: Միաժամանակ ՀՀՇ վարչությունը հանդես եկավ ՙՀայաստանում արմատական ժողովրդավարական վերափոխումներ սկսելու՚ օրենսդրական նախաձեռնությամբ, որը, սակայն իշխանությունները առայժմ կարողացան մերժել:

1990թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին Շարժումը մասնակցեց մեծ վերելքով: Չնայած իշխանությունների հարուցած բազմաթիվ խոչընդոտներին, օրինախախտումներին եւ նրանց դաշնակից ուժերի համառ ջանքերին, նա փայլուն հաղթանակ տարավ: Խորհրդային Միությունում առաջին դեպքն էր, երբ ժողովրդավարական Շարժումը օրինական ճանապարհով իշխանության էր գալիս եւ Կոմկուսը զրկվում էր իշխանությունից: Հշխանության բարձրագույն մարմնիª Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախագահի առաջին տեղակալª Բաբկեն Արարքցյանը եւ տեղակալª Գագիկ Հարությունյանը: Օգոստոսի 23-ին ընդունվեց ՙՀայաստանի անկախության մասին հռչակագիրը՚: Հենվելով ԽՍՀՄ համապատասխան օրենքների վրա, Հայաստանը պաշտոնապես հայտարարում էր անկախության գործընթացի սկիզբ: Հռչակագրի դրույթները բխում էին ՀՀՇ քաղաքական Ծրագրից:

Նոր իշխանությունը ծանր ժառանգություն էր ստացել: Հանրապետությունը վաղուց արդեն գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դրա հետեւանքով ստիպված էին կանգ առնել շատ արդյունաբերական ձեռնարկություններ: Երկրաշարժից քարուքանդ էր եղել երկրի 1/3 մասը, որի վերականգնման համար կենտրանական կառավարության տրամադրած միջոցները ավելին չէին եղել, քան այդ ընթացքում նրա թողտվությամբ իրականացվող շրջափակման հետեւանքով Հայաստանի կրած տնտեսական վնասները: Անօթեւանների եւ Ադրբեջանից բռնագաղթվածների թիվը միասին հասնում էր 800.000-ի: Շրջափակման մեջ էր նաեւ Լեռնային Ղարաբաղը, որտեղ տեր ու տնօրեն էին խորհրդային զորքերը եւ ադրբեջանական օմոնականները, եւ հակամարտությունն աստիճանաբար անցնում էր ռազմական առճակատման դաշտ: Անրհրաժեշտ էր ապահովել մարզի բնակչության անվտանգությունը: Ագրեսիվ հարձակումների էին ենթարկվում նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանները: Այսինքնª հանրապետությունը գտնվում էր պատերազմի նախադռանը, իսկ շուտով ներքաշվեց փաստական պատերազմի մեջ: Պարտված կոմունիստական իշխանության ներկայացուցիչները եւ նրանց դաշնակից ուժերը երկրի ներսում ամեն ինչ արեցին նոր իշխանությանը խոչընդոտներ հարուցելու եւ նրանց քաղաքականությունը ձախողելու համար: Նույն կերպª կենտրոնական իշխանությունը, ավելի մեծացնելով օժանդակությունը Ադրբեջանին, աշխատում էր նեղ վիճակի մեջ դնել, ձախողման ենթարկել առաջին ոչ կոմունիստական իշխանությանը, օրինական ճանապարհով եւ վստահորեն անկախության գնացող հանրապետությանը:

Հայաստանի առաջին ժողովրդավարական իշխանությունը հաջողությամբ դիմակայեց բոլոր մարտահրավերներին եւ փորձություններին: Հայաստանը, միակը անդրկովկասյան հանրապետություններից, նոր իշխանության կտրուկ միջոցառումների շնորհիվ կարողացավ խուսափել ներքին զինված ընդհարումներից: Հարեւան հանրապետություններում դրանք ոչ միայն տեղի ունեցան, այլեւ վերաճեցին կործանարար քաղաքացիական պատերազմի: Արագ կարգավորվեցին հարաբերությունները նաեւ կենտրոնական իշխանության հետ եւ հնարավոր եղավ խուսափել երկրի ներքին գործերին նրա ռազմական միջամտությունից: 1991թ. գարնանը Հայաստանը մերժեց մասնակցել ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին եւ նշանակեց սեփական հանրաքվենª ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետություն հռչակելու հարցով: Հայաստանի բազմակողմանի օժանդակությամբ Լեռնային Ղարնաբաղը կարողացավ դիմակայել ԽՍՀՄ բանակի եւ Ադրբեջանական օմոնականների կողմից 1991թ. ապրիլից սկսված, այսպես կոչված, ՙԿոլցո՚ ռազմական գործողությանը, որի նպատակն էր բռնագաղթի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությանը: Դա հնարավոր եղավ Հայաստանի բազմակողմանի օժանդակության եւ, մասնավորապես ակտիվ եւ արդյունավետ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ: Ներքաղաքական կյանքում չեզոքացվեց նախկին իշխանական նոմենկլատուրայի լայնամասշտաբ նենգադուլը եւ հաղթահարվեցին ՙազգայնական՚ ընդդիմությանª առճակատման եւ արկածախնդրության մղող խարդավանքները:

Միաժամանակ, այս դժվարագույն պայմաններում, օրենսդրորեն հաստատեցին ժողովրդավարական կարեւոր ազատություններ. բազմակուսական համակարգ, խոսքի, մամուլի եւ խղճի ազատություն, ապաքաղաքականացվեցին ներքին գործերը եւ զինված ուժերը, հիմնարկներում եւ ձեռնարկություններում արգելվեցին կուսակցական կազմակերպությունների գործունեությունը: Դրվեցին ազատ շուկայական տնտեսության անցնելու հիմքերը: Ճանաչվեց սեփականության բոլոր ձեւերի գոյության եւ իրավական հավասար պաշտպանվածության իրավունքը: Կատարվեց առաջին արմատական տնտեսական բարեփոխումըª հայտարարվեց հողի, անասունների եւ գյուղատնտեսական տեխնիկայի սեփականաշնորհում: Այն փաստը, որ գյուղացիությունը 100%-ով պատրաստակամություն հայտնեց օգտվել սափականաշնորհումից, վկայում էր, որ նա լիակատար պաշտպանում է նոր իշխանության որդեգրած տնտեսական քաղաքականությունը: Ծրագրվեց եւ սկսվեցին սեփականաշնորհման առաջին քայլերը արդյունաբերության եւ սպասարկման ոլորտներում:

Այս ամենի շնորհիվ, դեռ մինչեւ անկախության հանրաքվեն, Հայաստանը լայն միջազգային ճանաչում եւ ժողովրդավարական երկրի բարձր վարկանիշ ձեռք բերեց: Հայաստանը միակն էր Խորհրդային Միության հանրապետություններից, որ իր անկախության գործընթացն սկսեց եւ ավարտին հասցրեցª լիովին պահպանելով ԽՍՀՄ գործղ օրենքների տառը: Չնայած օբյեկտիվ պատճառներով կյանքի արագ վատթարացող պայմաններին, կոմունիստական եւ ՙազգայնական՚ դիրքերից ընդդիմության անկախության դեմ քարոզարշավին եւ նոր իշխանությունների դեմ ուղղված բուռն քննադատությանը, նրա հեղինակությունը չխաթարվեց: Դրա վառ վկայությունն էր 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում անկախության օգտին տրված ձայների քանակըª 99%: Այդ վստահությունը հաստատվեց նաեւ մեկ ամիս անցª հոկտեմբերի 16-ին նախագահական ընտրություններում: Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անգամ առանց նախընտրական պայքարին մասնակցելու, հինգ թեկնածուների մեջ ստացավ ձայների 84%-ը եւ դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը: Մինչեւ տարեվերջ, ԽՍՀՄ վերացումից անմիջապես հետո, Հայաստանի անկախությանը առաջինների թվում ճանաչվեց աշխարհի մեծ տերությունների կողմից:

Չնայած Հայաստանի գործադրված բոլոր ջանքերին, Ադրբեջանը համառորեն խուսափում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական ճանապարհով խաղաղ կարգավորման տարբերակներից: Հակամարտությունն ամբողջությամբ տեղափոխվում էր ռազմական առճակատման դաշտ: Չհայտարարված պատերազմը դառնում էր ավելի ու ավելի իրական: Հայաստանի նորանկախ պետությունը, ինքը լինելով ծանրագույն պայմաններում, ստիպված էր ընդունել մարտահրավերըª պատերազմին ի սպաս դնելով իր սուղ ռեսուրսներն ամբողջությամբ: 1992թ. ռազմական գործողությունների շնորհիվ մարզի ամբողջ տարածքն ազատագրվեց ադրբեջանցիներից, մայ

ադրբեջանցիներից, մայիսի 11-ին ազատագրվեց Լեռնային Ղարաբաղի պատմական կենտրոնըª Շուշին: Զարգացնելով հաջողությունը, քիչ անց բացվեց նաեւ Լաչինի միջանցքը, մարզը ազատվեց խուլ շրջափակումից, ցամաքային կապ հաստատվեց Հայաստանի հետ: Պատերազմում լինում են ոչ միայն հաղթանակներ, եղան նաեւ նահանջներ: Պատերազմական գործողությունները, որ ընթանում էին նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, շարունակվեցին մինչեւ 1994թ. մայիսը: Մայիսի 14-ին Բիշկեկում ստորագրվեց զինադադարի պայմանագիր: Մինչ այդ ռազմական հաջողությունների շնորհիվ Լեռնային Ղարաբաղի սահմաններից ռազմաճակատի գիծը հնարավոր էր եղել տեղափոխել տասնյակ ու հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Նրա շուրջ ստեղծվել էր հզոր պաշտպանական գոտի, որի մեջ ներառվում էին նախկին ադրբեջանական Քելբաջարի, Աղդամի, Ջաբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի շրջանները: Ապահովված էր Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախությունը եւ ընդարձակ սահմանային կապը Հայաստանի հետ:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անվտանգության ապահովման իր առաքելության կատարումը, կամ պատերազմը, բնականաբար չէր կարող լինել առանց զոհերի ու զոհողությունների: Կամավորական ջոկատների կողքին վերջին տարիներին կռվում էին նաեւ Հայաստանի կանոնավոր բանակի զորամասերը: Պատերազմում Հայաստանը 5000 զոհ տվեց եւ հազարավոր վիրավորներ: Ադրբեջանը իր տված զոհերի քանակը հաշվում է 30.000: Շրջափակված հանրապետությունը ապրում էր թիկունքային կյանքով: Ծանրացավ սոցիալական ու տնտեսական վիճակն ավելի  սրեց էներգետիկ ճգնաժամը: Պատկերավոր հաշվարկը, թե ռազմական գործողությունների մեկ օրում այնքան վառելիք էր ծախսվում, որ բավարար էր Հայաստանի ողջ գյուղատնտեսության գարնանային աշխատանքների համար, շատ հեռու չէր իրականությունից: Տասնյակ անգամներ ադրբեջանցիների կողմից պայթեցվեցին գազամուղը, երկաթուղային կամուրջները: Եղան դեպքեր, երբ հանրապետությունում հացի պաշարները իջան մինչեւ կես օրի: Հայաստանի բնակչությունը, մասնավորապես մայրաքաղաքը եւ ոչ սահմանային շրջանները, անտրտունջ հաղթահարեցին երեք ծանր ու դաժան ձմեռ: Այն ժամանակ բոլորն էին հասկանում դրա անխուսափելիությունը: Ավելի ուշ միայն, ՀՀՇ-ի դեմ ի սկզբանե ծառացած որոշ ուժեր, պետք է շահարկեին այս փաստը եւ պատերազմի դժվարագույն այս տարիները կոչեին ՙցրտի ու խավարի տարիներª դրա համար մեղադրելով ՙնախորդ՚ իշխանությանը: Մինչդեռ դա այն անհրաժեշտ նվազագույն եւ անխուսափելի գինն էր, առանց որի անհնար կլիներ Ղարաբաղի փրկությունը:

Հաջողությունները, որ ձեռք բերվեցին, չէին կարող երազել անգամ ամենալավատեսները: Այդ ամենը հնարավոր եղավ պետականության, եւ մասնավորապես արտաքին քաղաքականության հիմքում դրված առողջ քաղաքական սկզբունքների, ճկուն դիվանագիտության, իմաստուն ղեկավարության, միջազգային ասպարեզում ժողովրդավարական երկրի վարկանիշի պահպանման շնորհիվ: Չնայած ընդդիմության ճնշումներին, ՀՀՇ-ի իշխանությունները հետեւողականորեն հրաժարվեցին Լեռնային Ղարաբաղի հարցը պահանջատիրության եւ պատմական իրավունքի դաշտ տեղափոխելուց: Ելակետը շարունակեց մնալ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման սկզբունքը: Ըստ այսմ էլª հնարավոր եղավ ներկայացնել, որ ռազմական առճակատումը ինքնորոշվող Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, իսկ Հայաստանը հանդես է գալիս որպես միայն շահագրիռ կողմ եւ չի մասնակցում պատերազմին: Հակառակ դեպքում ոչ միայն հնարավոր չէին լինի ռազմական հաջողությունները, այլ, եթե լինեին էլ, որեւէ քաղաքական հետեւանք չէին ունենա: Այսինքնª փաստական պատերազմի մեջ գտնվելով հանդերձ, Հայաստանը նաեւ պետք է շարունակեր ցուցադրել խաղաղ երկրին բնորոշ դեմք եւ կեցվածքª շարունակել բարեփոխումները, չսահմանափակել ժողովրդավարական ազատությունները: Եւ այս ամենն այն դեպքում, երբ պատերազմն ունի իր պարտադիր օրենքները. այն բացառում է բարեփոխումների անցկացում եւ թելադրում է ժողովրդավարական ազատությունների սահմանափակում: Ժամանակի քաղաքական ընդդիմությունը առավելագույնս օգտվեց այս հանգամանքիցª ամեն քայլափոխի խոչընդոտներ հարուցելով եւ իշխանությունների վարկաբեկման կատաղի քարոզչական պայքար տանելով: Պատերազմող երկրում ընդդիմության շարունակական հանրահավաքները, մի քանի տասնյակ լրատվամիջոցների սանձարձակ զրպարտությունները, վերագրումները եւ այլն, անշուշտ, լրացուցիչ դժվարություններ էին հարուցում: Իսկ այդ ուժերից մեկըª ՀՅԴ-ն ընդհուպ պետական զինված հեղաշրջում կատարելու փորձեր ձեռնարկեց: Տեղեկություններ կան, որ անգամ Լեռնային Ղարաբաղում ռազմաճակատը կազմալուծելու փորձեր են արվել: Այս ամենը եւս հաջողվեց հաղթահարել եւ ծանրագույն պայմաններում անգամ պահպանել երկրի ներքին կայունությունը, իսկ ռազմաճակատում դիվանագիտական պայքարում հաջողություններ արձանագրել: 1994թ. վերջին ազգային անվտանգության մարմինները կարողացան հայտնաբերել եւ վնասազերծել ՀՅԴ-ի հովանավորությամբ գործող ՙԴրո՚ կոչվող ահաբեկչական կառույցը: 1995թ. ամռանը կանխվեց նույն կուսակցության կողմից նախապատրաստվող զինված պետական հեղաշրջման փորձը: Ծրագրված էին եղել նաեւ մահափորձեր երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներիªպաշտպանության նախարար Վ. Սարգսյանի եւ Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ:

Խորհրդարանական հերթական ընտրություններին Հայոց համազգային շարժումը մասնակցեց իր քաղաքական ծրագիրն ու ուղեգիծը պաշտպանող մի շարք կուսակցությունների հետ, որոնցից մի քանիսը առաջին տարիներին հանդես էին գալիս ընդդիմադիր դիրքերից: Նրա գլխավորությամբ կազմված ՙՀանրապետություն՚ միավորումը փայլուն հաղթանակ տարավ: Չնայած պատերազմի տարիներին եւ դրա հետեւանքով կտրուկ ընկած կենսամակարդակին, ձեռք բերված հաջողությունները եւ արտաքին քաղաքական նվաճումները հասարակության մեջ պահպանել էր հավատը իշխող քաղաքական ուժի եւ նրա ղեկավարության եւ ապագայի նկատմամբ:

Խորհրդարանական ընտրությունների հետ միասին, նույն օրըª 1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցավ նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեն: Սահմանադրության վրա աշխատանքները շարունակվել էին մոտ չորս տարի: Ի տարբերություն նորանկախ այլ հանրապետությունների, Հայաստանը չշտապեց պետական շինարարության համար կարեւորագույն այս հարցը լուծել հապշտապ: Դա հնարավորություն տվեց Սահմանադրությունը մշակելիս հաշվի առնել պետական կառավարման ասպարեզում կարեւորագույն օրենքների քննություն բռնած դրույթները: Օտար վերլուծաբանների գնահատմամբ ՀՀ Սահմանադրությունը հետխորհրդային տարածքում ստեղծված նմանօրինակ փաստաթղթերից ամենակոմպակտն ու ամենահաջողվածն է: Հետագա տարիներին ամենաբարդ իրավիճակներում անգամ Սահմանադրությունը կարողացավ լուծումներ առաջարկելª դրանով իսկ ապացուցելով իր լիակատար կենսունակությունը: Սահմանադրության մեջ փոփոխություններ կարելի է կատարել միայն համաժողովրդական հանրաքվեով: Անկախություն կերտած սերունդը սակայն նույն Սահմանադրության ուժով անփոփոխելի է դարձրել առաջին եւ երկրորդ հոդվածները, որոնք սահմանում են, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, եւ որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սահմանադրությունը հնարավորություն տվեց կատարելագործել պետական կառույցները, հստակեցնել նրանց իրավասություններն ու փոխհարաբերությունները, լիակատար իրականացնել իշխանությունների տարանջատման սկզբունքը, խորացնել ժողովրդավարությունը, շարունակել բարեփոխումները պետական, հասարակական, տնտեսական եւ սոցիալական կյանքի մնացած ոլորտներում:

1996թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած այն բանին, որ ընդդիմադիր բոլոր ուժերը համախմբվեցին եւ օգտագործեցին նախընտրական եւ ընտրական տեխնոլոգիաների բոլոր մերժված ու անթույլատրելի միջոցները, այնուամենայնիվ, Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ եւ երկրորդ անգամ ընտրվեց հանրապետության նախագահ: Չհամակերպվելով պարտության հետ, ընդդիմությունը իր թեկնածու Վ. Մանուկյանի գլխավորությամբ դիմեց աննախադեպ քայլի: Կեղծ լուրերով ու տեղեկություններով բորբոքելով իր կողմնակիցներին, նրա առաջնորդությամբ մի քանի հազար հոգի գրոհեցին Ազգային ժողովի շենքը: Գրոհն ուղեկցվեց վանդալիզմով, Ազգային ժողովի ղեկավարության նկատմամբ բռնությունների գործադրմամբ: Իրավապահ մարմիններին մեծ դժվարությամբ հաջողվեց կանխել դեպքերի հետագա վտանգավոր զարգացումը եւ արյունահեղությունը, պետական հեղաշրջման հերթական փորձը: Ընդդիմությունն ստիպված եղավ ընտրությունների արդյունքները վիճարկել օրինական ճանապարհովª Սահմանադրական դատարանում, որն էլ նրանց բողոքների եւ ընտրական փաստաթղթերի մանրակրկիտ քննությամբ պարզեց, որ նրանց հայցը անհիմն է:

Զինադադարի հաստատումը հնարավորություն տվեց ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրի ներքին կյանքի խնդիրներին: Արագացան առժամանակ դանդաղած բարեփոխումները: Տնտեսությունը եւ կենսամակարդակը սկսեց դանդաղ, բայց կայուն վերելք ապրել: 1995-ին հնարավոր եղավ լուծել ամենածանրª շուրջօրյա էլեկտրամատակարարման հարցը, մի խնդիր, որ հարեւան հանրապետությունները դեռ դրան հաջորդած հնգամյակում չէին կարողանում լուծել: Պատերազմի եւ տնտեսական դժվարությունների տարիներին հասկանալի պատճառով մեծացել էր հանրապետությունից արտագաղթը եւ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Ընդ որումª այս երեւույթը արդեն իսկ տագնապալի չափեր էր ընդունել դեռ 1987- 89 թթ. կոմունիստական իշխանության տարիներին: Ներքին կյանքի աստիճանական կարգավորումը նպաստեց հակառակª հանրապետություն վերադառնալու երեւույթի ակտիվացմանը: Արդեն 1997թ. հանրապետություն վերադարձողների թիվը գերազանցում էր դուրս գնացողների թվին: Կայունացավ դրամի կուրսը, կատարվեցին առաջին էական կապիտալ ներդրումները տնտեսության տարբեր ճյուղերում: Լայն տարածում ստացավ անհատական բնակարանային եւ այլ շինարարությունը, որ վկայում էր հանրապետությունում սոցիալական միջին խավի առաջացման եւ քանակական աճի մասին:

Այս ամենը կատարվում էր դեռեւս շրջափակման պայմաններում գտնվող երկրում: Ճիշտ էª գտնվել էին շրջափակման հետեւանքները մեղմելու այլընտրանքային միջոցներ, ճանապահներ, սակայն երկրի լիարժեք զարգացման եւ հզորացման համար այդ ճանապարհների հնարավորությունները խիստ անբավարար էին: Երկաթուղային ճանապարհների փակ լինելը ինչպես ներմուծվող, այնպես էլ արտահանվող ապրանքների գները բարձրացնում էր միջին հաշվով 30%-ով: Կնքված զինադադարը դեռեւս խաղաղություն չէր նշանակում, եւ արտասահմանյան (նաեւ ներքին) կապիտալի համար հանրապետությունը շարունակում էր մնալ որպես բարձր ռիսկային գոտի: Որոշակի կազդուրում ապրելուց հետո տնտեսության հետագա զարգացումը, կենսամակարդակի բարձրացումը, երկրի հզորացումը նման պայմաններում գործնականում անհնար էր: Ուստիª Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորումը, վերջնական խաղաղության համաձայնագրի կնքումը, շրջափակումը վերացնելը այն պայմաններն էին, առանց որոնց հանրապետությունը կսկսեր պարզապես դոփել տեղում, կամ հետընթաց ապրել, այն դեպքում, երբ իր հարեւանները նման քնդիրներ չունենալով, բնականոն զարգացում ու հզորացում կապրեին: Այսպիսի հեռանկարում թուլացած Հայաստանը չէր կարող կատարել հենց ամենակարեւորª Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերը: Ժամանակի ընթացքում կարող էին ի չիք դառնալ տասնամյա հերոսական պայքարի շնորհիվ ունեցած հաջողությունների արդյունքները: Այսինքնª Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումը ոչ միայն իր գոյատեւման եւ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն էր, այլեւ Հայաստանի ճակատագրի հարցը:

Փոխադարձ զիջումներով, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովության երաշխիքներով հակամարտության խաղաղ կարգավորումը ՀՀՇ-ի իշխանության քաղաքական ուղեգիծն էր ի սկզբանե: ԽՍՀՄ պայմաններում այդ երաշխիքը Ադրբեջանի կազմից մարզի դուրս գալը եւ Հայաստանի կազմի մեջ մտնելն էր: Դա կլիներ ընդամենը նույն երկրի ներսում վարչատարածքային փոփոխություն, ինչպիսի բազմաթիվ նախադեպեր եղել էին: ԽՍՀՄ փլուզմամբ, հանրապետությունների անկախությունների հռչակմամբ եւ նրանց միջազգային հանրության անդամ դառնալու փաստով այս տարբերակն այլեւս բացառվում էր: Անվտանգության երաշխիքների ապահովումն այժմ հնարավոր էր միայն միջազգային օրենքների շրջանակներում եւ հարցը, բնականաբար, միջազգայնացվեց: Հակամարտության կարգավորման նպատակով կազմավորվեց ԵԱՀԽ Մինսկի խումը: Հայաստանի Հանրապետության համառ ջանքերի եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ 1993թ. սեպտեմբերին այն Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես հակամարտող կողմ, ինչին մինչ այդ համառորեն դիմադրում էր Ադրբեջանը: Նա համարում էր, որ իր հակամարտությունը Հայաստանի հետ է, եւ վերջինս իրեն հողային պահանջներ է ներկայացնում: 1995 թ. Հայաստանի դիվանագիտությունը արձանագրեց երկրորդ կարեւոր հաղթանակը, եւ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես բանակցությունների լիարժեք կողմ: Դրանով միջազգային հանրությունը փաստորեն Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր որպես ինքնորոշվող սուբյեկտ, ուստի բանակցությունների առարկան պետք է լիներ նրա եւ Ադրբեջանի հակամարտության կարգավորումը: Փոխզիջումներն էլ տվյալ դեպքում, բնականաբար, պետք է լինեին այս երկուսի մեջ: Նրանցից, որպես հաղթաթուղթ ուներ ՙգրավյալ տարածքներ՚ եւ ինքնորոշման իրավունք, մյուսը միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության իրավունք:

Տեւական բանակցություններից հետո Մինսկի խումբը 1997թ. մայիսին ներկայացրեց կարգավորման մի տարբերակ, որտեղ նախատեսվում էր բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, լուծել միաժամանակ (ՙփաթեթային տարբերակ՚): Նախագիծը մերժվեց ե°ւ Ադրբեջանի, ե°ւ Լեռնային Ղարաբաղի կողմից: Քիչ անց ներկայացվեց մի երկրորդ տարբերակ, որտեղ նախատեսվում էր հետագային թողնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ առաջին փուլով կարգավորել մնացած հարցերը (ՙփուլային տարբերակ՚): Ադրբեջանը տվեց այս նախագծով բանակցություններ սկսելու իր համաձայնությունը: Կարեւոր վերապահումներ անելով, իր համաձայնությունը տվեց նաեւ Հայաստանը: Հանրապետության նախագահ Լեւոն Տերպ-Պետրոսյանը հայտնեց իր որոշումն ու վճռականությունը այս տարբերակի հիման վրա բանակցություններն սկսելու մասին: Սեպտեմբերի 26-ին տված իր մամլո ասուլիսում, այնուհետեւ ՙՊատերազմ, թե± խաղաղություն՚ հոդվածում Հանրապետության նախագահը ներկայացրեց իրավիճակը, խնդրի էությունը, իր դիրքորոշման հիմքերը, հարցը լուծելու անհրաժեշտությունը, չլուծելու դեպքում հնարավոր հետեւանքները:

Քաղաքական ընդդիմությունը, ամեն կերպ խուսափելով նախագահի ներկայացրած ծրագիրը քննարկելու եւ ըստ էության բանավիճելու առաջարկից, սկսեց մի աննախադեպ հիսթերիաª նրան մեղադրելով ՙՂարաբաղը ծախելու՚ (այս մեղադրանքը պարբերաբար հնչում էր 1990թ-ից) եւ ՙպարտվողականության՚ մեջ: Նշված տարբերակաով վիճելիª Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հերցի քննարկումը հետաձգվում էր: Հակամարտության կարգավորման դեպքում Լեռնային Ղարաբաղը ստանում էր լիակատար փաստական անկախություն, Հայաստանի հետ ցամաքային կապ, ինքնիշխանության երաշխավորված այնպիսի մակարդակ, որը (համեմատության համար ասենք) մի քանի անգամ ավելին էր, քան, օրինակ, միութենական հանրապետություններինը ԽՍՀՄ կազմում: Փաստական, իրավական եւ իրական ինքնիշխանության այդպիսի մակարդակ եւ անվտանգության այդպիսի երաշխիքներ Լեռնային Ղարաբաղը հազիվ թե երբեւէ ունեցել էր իր ողջ պատմության ընթացքում: Այս ամենը առավել ակնհայտ դարձավ հետագայում համապատասխան փաստաթղթերի գաղտնազերծումից եւ հրապարակումից հետո:

Սակայն բարձրացված հիսթերիան շարունակվեց բորբոքվել: Անշուշտ, յուրաքանչյուրն ուներ իր քաղաքական կամ անձնական հաշվարկներն ու շահերը, որոնցից ոչ մեկը սակայն չէր բխում բուն խնդրից: Հիսթերիայի հիմքում հիմքում հեշտությամբ դրվեց Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջը զբաղեցված տարածքների նկատմամբ պատմական իրավունքիª պահանջատիրության գաղափարը: Այսինքն այն, ինչից հետեւողականորեն հնարավոր էր եղել խուսափել նախորդ տասնամյակում: Նույն դիրքերի վրա անցան երկրի ղեկավարության մեջ առանցքային պաշտոններ ուեցողª վարչապետ Ռ. Քոչարյանը, որ մինչեւ 1997թ.-ը ԼՂՀ նախագահն էր, Պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, ՆԳ և ԱԱ նախարար Ս. Սարգսյանը:

1998թ. փետրվարի 3-ին Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեցª հայտարարելով, որ այդ քայլը նա կատարում է ՙհայտնի ուժերի՚ª վերոհիշյալ եռյակի պահանջով եւ երկրի ներքաղաքական իրավիճակը ապակայունացումից զերծ պահելու համար: Միաժամանակ հրաժարական տվեցին Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, նրա տեղակալները, քաղաքական պաշտոններ զբաղեցնող այլ գործիչներ:

Կատարվածը ըստ էության պետական հեղաշրջում էր: Եւ ոչ միայն: Իշխանության եկած ուժերը, ինչպես կանխատեսում էր հանրապետության նախագահը, ներքրին եւ արտաքին քաղաքակաության հիմքում դրեցին բոլորովին այլ գաղափարախոսություն եւ որդեգրեին պետականության բոլորովին այլ հիմնադրույթներ: Այդ բանն առավել հստակ երեւաց 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված ոճրանգործությունից հետո: Դրանք Շարժման, ապա պետականության կայացման, հաղթանակների եւ հաջողությունների տարիներին մերժված գաղափարներն ու սկզբունքներն էին, որոնք վերջին հաշվող հենվում էին հայդատականության եւ պահանջատիրության վրա: Արդարացավ Հանրապետության Առաջին նախագահի նաեւ մյուս կանխատեսումըª որ այդ ամենի հետեւանքը լինելու է երկրի ետ շպրտվելը բոլոր ոլորտներում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում խնդրելու, բայց այլեւս չենք կարողանալու ստանալ այն, ինչ 1997-ին առաջարկվում էր եւ հնարավոր էր:

 

 

 

ԱՇՈՏ  ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ