ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, December 26, 2012 15:37 - 14 քննարկում

Թե ինչ եղավ հետո, երբ Արտակ Ալեքսանյանը չճանաչեց Սերժ Սարգսյանի «Ժողովրդավար ընտրություններին ընդառաջ» ծրագրի մասնակից, պարտության պատրաստված նոխազ՝ Մարտիկ Սարգսյանին…

Հարգելի Արտակ, ո՞վ է Ձեզ իրավունք վերապահել արհամարհել ու ծաղրել հյուրին: Ձեր պահվածքը վայել չէր նորմալ լրագրողին

Var Dan Hovhanisian

Բաց նամակ «Բանաձև» hաղորդաշարին և Արտակ Ալեքսանյանին

Վերջերս ինտերնետում տեսա ArmNews-ի Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» հաղորդաշարը, որտեղ նրա հյուրը ՀՀ նախագահի թեկնածու Մարտիկ Սարգսյանն էր, այդ հաղորդումը ապշեցրեց ինձ և ցնցված եմ: Արտակ Ալեքսանյանի պահվածքը, կարծում եմ, վայել չէր նորմալ լրագրողին: Արտակ Ալեքսանյանի հարցադրումները և արհամարհական պահվածքը և տոնը ավելի շատ բարկացրեց ինձ և որոշեցի գրել նրան: Եվ որպես լրագրող և ազատամարտիկ արտահայտվել և խորհուրդ տալ նրան: Եթե կընդունի, կհարգեմ նրան, եթե ոչ, այդ դեպքում ներողություն կխնդրեմ անիմաստ ջանքերիս համար: Հարգելի և սիրելի Արտակ, ինչպես դու ասացիր, տասնհիգ տարի դու մեկնաբանել ես հեռուստատեսությունում, սակայն կարծում եմ՝ դու այս տարիներին, կարդալով մատուցված տեքստը, չես կարող իրավունք վերապահել ծաղրել մի մարդու, որին հրավիրել էիր ձեր հաղորդաշարին: Ես զարմանում եմ, թե ինչքան եսասեր և ճոռոտախոս են դառնում մարդիկ, երբ հանրության աչքին դառնում են ճանաչելի: Եվ կարելի է կարծել, որ պետք է բոլորը խոնարհվեն իր կերպարի առջև: Հարգելի Արտակ, ես չեմ զարմանում, որ դուք եզակի էք, բայց Երևանում հանդիպեցի շատ երիտասարդների, որոնք կարծում են, որ մոլորակը իրենց շուրջն է պտտվում, սակայն նրանք քծնում և խոնարհվում են իրենց տերերի վարորդների, թիկնապահների և անգամ նրանց սիրուհիների առջև, նրանք պատրաստ են շեֆի հրամանով հոշոտել խեղճ և անճար թշվառին: Ձեր պահելաձևը այն տպավորությունը թողեց ինձ մոտ, միգուցե ես սխալվում եմ: Հարգելի Արտակ Ալեքսանյան, ես այն մարդը չեմ, որ փորձեմ սև բիծ թողնել ձեր կենսագրության վրա, ինչպես և դուք արեցիք իմ մարտական ընկերոջ` Մարտիկ Սարգսյանի հանդեպ: Գիտե՞ք, դա է մեր մեջ եղած տարբերությունը, որ ես իմ գլխի տերն եմ, բայց ոչ դուք ձեր: Սակայն վերադառնալով այդ հարցադրումներին, որոնք դու էիր տալիս Մարտիկ Սարգսյանին, կցանկանայի փոխարենը ես պատասխանել հակիրճ, որպեսզի ձեզ մոտ կասկածանքներ և հարցականներ չմնան: Ձեր հաղորդաշարի սկզբում խոսեցիք Մարտիկ Սարգսյանի անհասկանալի բանաձևի մասին, իհարկե ձեզ համար անհասկանալի է, քանի որ բացի գրված տեքստերից ուրիշ բան չեք կարդացել, հարկավոր է գեղարվեստական գրականություն կարդալ հասկանալու համար, և դա լրագրողի սուրբ պարտքն է մանրամասն տեղեկություն հավաքել հաղորդաշարից առաջ: Հարգելի Արտակ, այն հարցին, թե ո՞վ է նրան ընտրելու… Ապա ես հասկանում եմ, որ ձեզ մոտ ձևավորվել է մի ստերեոտիպ, որ հարկավոր է միայն ընտրել հարուստ մի օլիգարխի կամ բիզնեսմենի, որոնք շրջապատված են թիկնազորով, ջիպերով: Եվ ցավալին այն է հենց՝ այդպիսի մարդիկ, ժողովրդի կամքին հակառակ, փողով և կաշառքով են հասնում իշխանության: Հարգելի Արտակ, ես տարիներ առաջ համացանցով զրուցում էի երիտասարդ բարեկամիս հետ. նա լրագրող էր, ինձ ապշեցրեց նրա կարծիքը: Ճիշտն ասած, նա ձեզ պես էր մտածում և մեր զրույցի թեման Ղարաբաղյան պատերազմն էր և գիտե՞ս, թե նա ինչ ասած` «Հիմա ո՞վ է Ղարաբաղյան պատերազմը հիշում»: Ես ցնցված էի նրա պատասխանից, սակայն մեկ տարի հետո պատահական հանդիպեցի այդ երիտասարդ լրագրողի հետ, և այն էլ Պաշտպանության նախարարությունում` «Զինվորի» խմբագրությունում, և գիտեք՝ ես հիշեցրի նրան իր ասած խոսքերը, նա կարմրեց և լռեց՝ հասկանալով իր սխալը: Կներես երևի, այս առաջին տողերից երևի դու հասկացար այն սխալը, քո ցուցաբերած ագրեսիվությունը վերագրելով Մարտիկ Սարգսյանին, դու չկարողացար հասկանալ այն, որ նա պատերազմի դաշտոմ արյուն է թափել, որի ընկերներն են զոհվել և հիմա նրան ծաղրելով՝ ուզում եք բարեհաճո երևալ ձեր պատվիրատուների առջև: Հարգելի Արտակ, երևի դուք դեռ չգիտեք, որ արդի գործածվող «Գիտակցական հեղափոխություն» բառը դեռևս 1988 թվականին արդեն ձևավորված էր մեր սերնդակիցների մեջ, այդ տղաների ջանքերով ձեռք բերեցինք Անկախությունը, այդ տղաներն էին կրում Ազատության Գաղափարախոսությունը, որը երազում էր մեծն Նալբանդյանը և մեր մյուս մեծերը: Այդ տղաները դարձան «Գիտակցական Հեղափոխության» մարտիկներ և կանգնեցին ընդդեմ խորհրդային ռեժիմի, և Մարտիկ Սարգսյանը հենց այդ մարտիկներից մեկն էր: Պատերազմի ժամանակ նա իր ընկերների հետ գնաց մարտադաշտ, որպեսզի մեր դարավոր թշնամին ոտատակ չտա մեր պատմությունը, մեր բարոյականությունը, նրանք գնացին պատերազմ՝ գիտակցելով, որ զոհաբերում են այդ ազատության գաղափարին իրենց զավակներին և իրենց ընտանիքները: Շատերը, ինչպես գիտես, այդպես էլ չկարողացան վայելել մեր հաղթանակի բերկրանքը: Հարգելի Արտակ, դու պատճառանեցիր, թե դու այդ ժամանակ փոքր ես եղել, իսկ հարց տվե՞լ ես արդյոք քո հորը կամ հորեղբորը, թե ինչու՞ նրանք այդ ազատամարտիկների մեջ չեն եղել, ինչու՞ նա չի մտածել պաշտպանելու իր հայրենիքի և իր ընտանիքի պատիվը, իսկ եթե համոզես, որ թեկուզ որևե մեկը նրանցից մասնակցել է այդ գոյապայքարին, ապա ավելի վատ, ի՜նչ ապերախտ ժառանգ պիտի լինի, որ ուրանա իր հարազատի տանջանքները պատերազմի դաշտում: Հարգելի Արտակ, դու հարցադրում էիր, թե ով է ընտրելու Մարտիկ Սարգսյանին, ապա ես կասեմ, որ նրան ընտրելու են հենց այն ոտնահարված ազատամարտիկները, որենց ոտնահարում են արդեն քսան տարի շարունակ, նրան ընտրելու են պատերազմի դաշտում զավակ կորցրած մայրերը և նրանց ընտանիքները, նրան ընտրելու են օտարության ճամփեքը բռնած ազատամարտիկների գերդաստանները: Երևի սա ձեզ համար ընտրազանգված չէ, քանի որ դուք ընտրազանգված ասելով պատկերացնում եք կուսակցություններին, որոնք զբաղվում են անօրինական և օրինական ալան-թալանով, բիզնեսմենների, որոնք տնօրինում են հասարակաց տներից սկսած մինչև աղանդավորական խմբակները: Դուք ընտրազանգված նկատի ունեք գույնզգույն փարթիներով և այլ կենսակերպով ապրող երիտասարդությանը, որոնք, կուսակցական դառնալով, անգամ չգիտեն, թե դա մոդայի՞ համար է, թե՞ քաղաքական կողմնորոշման: Հարգելի Արտակ, այն հարցը, որը դուք տվեցիք՝ վերնագրելով ընտրությունները Խեղկատակություն: Ձեզ հետ համամիտ եմ հարգելի գործընկեր, սակայն տեղին չէր ձեր արտահայտությունը այդ պահին: Հիշեցնելով ասեմ, որ 1991 թվականից սկսած Հայաստանում բոլոր ընտրությունները խեղկատակություն էին, մանավանդ նախագահականը: Սակայն ցավալին այն է, որ դուք ծաղրեցիք մի մարդու, որը, զրկվելով ամեն ինչից, գնաց պաշտպանելու երկիրը, հայրենիքը: Մ. Սարգսյանի նմաններին մի քանի անարժան և ապերախտ մարդկանց կողմից ոտնահարվեցին խոշտանգեցին, և դա էլ քիչ էր, հիմա էլ դուք եք ծաղրում որպես խեղկատակի: Ինչպես տեսանք, Մ. Սարգսյանը, համեստություն և հպարտություն ունենալով, լռեց: Գիտե՞ք, հարգելի Արտակ, չգիտեմ, թե ինչու և ինչ շահ էիր հետապնդում՝ նվաստացնելով այդ համեստ մարդուն, և դու փորձիր նույն տոնով և նույն խոսքերը շռայլել որևէ ԱԺ պատգամավորի հասցեին և ինքդ գիտես, որ հաջորդ օրը այդ խեղկատակ բառի համար քեզ կգտնեն ոտքերդ կոտրած, որևէ մութ գետնանցումներից մեկում: Բայց ես վստահ եմ, որ նման մարդկանց դու նման հարցադրում չէիր անի: Իսկ եթե հաշվի առնենք քո տասնհինգամյա լրագրողական փորձը, ապա ինչու՞ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ չասացիք՝ ա՜յ սիրելի Սերժ Սարգսյան, ի՞նչ եք անում, հո ազգովին խեղկատակ չե՞նք և որպես ճանաչված լրագրող ազգի անունից հայտարարություն կանեիր: Այն հարցադրումը, որ անում էիր Մարտիկ Սարգսյանին, թե որտեղից նրան ութ միլիոն դրամ, իսկ նույն հարցը ինչու՞ չես տալիս մեր միլիարդատեր պատգամավորներին և նախկին նախագահներին: Ուրեմն ի՞նչ է ստացվում, դուք ևս պատվերով եք աշխատում, օլիգարխների պատվիրած երաժշտության տակ եք պարում: Արտակ ջան, եթե ձեր արհամարհական տոնը դուք կողքից տեսնեիք կարծում եմ կհասկանայիք իմ այդ բարկության պատճառը և դուք կհասկանաք ձեր պահվածքի երանգները: Մեր հասարակության մեջ ձևավորվել է միայն մի բան՝ այդ կուսակցական և թիմային վարակի տեսակը, ես միայն կառաջարկեմ լսել Վահրամ Սահակյանի հարցազրույցներից մեկը, կարծում եմ՝ նա տալիս է այդ հարցի ճիշտ պատասխանը, և դրանից լավ պատասխան չեմ կարող գտնել: Հարգելի Արտակ, այն, որ դուք հարցնում եք, թե Մարտիկ Սարգսյանը վերջին տասը տարում ինչու չէր երևում քաղաքական դաշտում, ապա դրա պատասխանը մեկն է՝ նա հիմա էլ չէր գա քաղաքական դաշտ, եթե…

Ասեմ, որ իսկական ազատամարտիկներից և ոչ մեկ քաղաքական դաշտում չեն եղել այսքան տարի, քանի որ նրանց շարունակ նվաստացրել են և խոշտանգել, նրանց ահաբեկել են և հետապնդել, և հիմա արդեն դանակը ոսկորին է հասել: Ազատամարտիկներից շատերը սովահար և լքված մահանում են, իրենց հետ գերեզման տանելով միայն արհամարհանքը և նվաստացումը: Ազատամարտիկներից շատերը ինչո՞ւ հայտնվեցին հայրենիքից դուրս: Վերջերս մի ցավալի միջադեպի վկան եղա. հերոսաբար զոհված ազատամարտիկի աղջիկը գործի տեղավորվելու համար անպարկեշտ առաջարկություններ է ստանում, արդյոք նրա հայրը դրա՞ համար գնաց պատերազմի դաշտ, որպեսզի իր դասալիք մականունավոր հարևանը թալանով ու կողոպուտով հարստացած աչքը տնկի իր աղջկա վրա: Արդյո՞ք նրա հայրը գնաց պատերազմ, որպեսզի նրա երեխանները, սովահար վաճառելով եղած-չեղածը, կամավոր բռնեն Սիբիրի ճանապարհները…

Արտակ ջան, դու ասում էիր, թե Մ. Սարգսյանը քաղաքական կենսագրություն չունի, այո՛, համամիտ եմ՝ նա, ինչպես մեր մյուս քաղաքական գործիչները, չի թալանել և կողոպտել, նրա քաղաքական ուղին հարթ է, նա դասավանդել է և սովորեցրել, իսկ մեր ժամանակներում դա նորմալ երևույթ չէ երևի:

Հարգելի գործընկեր, այն խոսքերը, որ դուք ասացիք Մ. Սարգսյանին՝ «Փառք ու պատիվ ձեզ, որ կռվել եք», կարծում եմ ավելորդ էր այս ամենից հետո ասելը, սակայն կարծում եմ ազատամարտիկները այդ դատարկ խոսքերի կարիքը չունեն, բառերով չպետք է իմաստավորել երախտագիտությունը, այլ պահվածքով և հարգանքով: Ժամանակին անշնորհակալների կողմից այնքան օգտագործվեց այդ նախադասությունը, որ իմաստազրկվեց և դուք այդ ասացիք հենց այնպես, ինչպես մի թռուցիկ խոսք, և ինչպես տեսանք, այդ մարդիկ իրենց ուզածին հասան, որ եկող սերունդը, ոտատակ տալով պատմությունը, միայն ձևացնելու է, որ հարգում է, բայց իրականում նա թքած ունի, ինչպես և ներկայացրեցիք դուք:

Եվ վերջում, նշելով ձեր վերջին խոսքը, երբ ասացիք որ «Ոչ մեկ չի կարող խլել ձեր ազգությունը երբեք, դուք դրանով ծնվել եք»: Սակայն հարգելի Արտակ, թույլ տվեք չհամաձայնվել, ճիշտ է կարող է ծնվել հայ, սակայն մոռանում ես մի բան այդ հսկա չափերի հասած արտագաղթը: Հազարավոր հայրենակիցներ, հիասթափված հեռանալով հայկական իրականությունից, նաև կորցնում են իրենց հայ լինելու տեսակը: Եվրոպայում ես շատ հայ ընտանիքների եմ տեսել, որոնց երեխանները անգամ հայերեն չեն կարողանում խոսել, հայրենիքից մնացած վատ հիշողությունները, նվաստացումը ու արհամարհանքից հետո դժվար թե նրանք երկմտեն Հայաստանի քաղաքացի մնալու:

Դե, հարգելի գործընկեր, հուսով եմ, որ այս նամակս չես ընդունի որպես մարտահրավեր, սա ավագ ընկերոջ խորհուրդ էր, և վստահ եմ, որ գոնե այս տհաճ միջադեպից հետո գոնե հարգալից կգտնվես քո հյուրերի հետ: Այս տոնական նախօրյակին շնորհավորում եմ ձեր ընտանիքի Ամանորը և Սուրբ ծնունդը՝ ցանկանալով հաջողություն և երջանկություն:

Հարգանքներով

«Ազդարար » ամսագրի` Սփյուռքի Գլխավոր Խմբագիր` Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյան 

26/12/2012


Նյութի աղբյուր՝ http://azdarar.jimdo.com/2012/12/26/%D5%A2%D5%A1%D6%81-%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1


14 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

VAN
Dec 26, 2012 22:06


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('24256') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBC\xD6\x80\xD5\xA1\xD5\xA3\xD6\x80\xD5\xB8...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBC\xD6\x80\xD5\xA1\xD5\xA3\xD6\x80\xD5\xB8...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBC\xD6\x80\xD5\xA1\xD5\xA3\xD6\x80\xD5\xB8\xD5\xB2\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219