ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, November 17, 2012 2:46 - 7 քննարկում

Յո՞ երթան, ի վերջոյ, «արիացիները…» կամ «զրպարտագիրը՝ իբրև վերջի՛ ն ճանապարհ»…

 

Vign_e_t


Բազմիցս առիթ ենք ունեցել՝ անդրադառնալու ցավալի մի ախտի, որով տառապում է մեր ազգի մտավոր սերուցքը: Վտանգավոր և միաժամանակ, սրբագրելի մի թերություն, որի բուն պատկերը խտացված կերպով տրվել է հայ ազգային իմաստասիրական մտքի հսկաներից Հայկ Ասատրյանի կողմից. «Անհատը ժխտում է անհատի, սերունդը` սերունդի գործը, նպատակը, ուղղութիւնը»: Ընդ որում, ժխտողականության, նախանձի և մեծամիտ, ինքնաբավ կեցվածքի ախտակիրները միայն երիտասարդության մեջ չէ, որ հանդիպում են: Դրա առկայությունը պակաս ցայտուն և ցավալի չէ՝ մեր ավագ սերնդի գործիչների շրջանում: Պատահում է, երբ ժամանակին մեզանում բարձր հեղինակություն վաստակած այս կամ այն անձը, անցնելով ինքնաբավության ու մեծամտության բոլոր սահմանները, ինքն իրեն երևակայելով, իբրև պատճառ ամեն մի շարժման, ի վերջո հեռանում է իր բուն կոչումից ու պարտականությունից և օրն ի բուն զբաղվում միայն մեկ գործով. ցանկացած առողջ, կենսաբանորեն նպատակահարմար գաղափարի պատուհասում: Իսկ դրա լավագույն ու փորձված միջոցը՝ գաղափարախոս, գաղափարակիր անձանց աստիճանական սևացումն է երիտասարդ սերնդի աչքերում: Այսպես, ցանկացած նվիրյալ կարող է որակվել, իբրև «դավաճան, մատնիչ, գրագող»՝ միայն մեկ պատճառով. մեր ախտակիրը ոչ միայն չի կիսում նրա գաղափարները, ոչ միայն բնազդական սարսափ է տածում դինամիկ այն զորությունից, որն իր հակառակորդի ետևից տանում է հոծ զանգվածներ, այլև նախանձում է: Ասված է. «Չար անասու՛ն է մարդս, երբ նախանձում է… Նախանձը` մասնավորապես հայկականը, ընտրում է ճամփաներից ամենակարճը և թույլատրելի համարում թշնամանքի բոլո՛ր ձևերը»:
Եվ այսպես, նույնիսկ իր կողմից չհասկացված կամ անընդունելի գաղափարները որակվում են, իբրև իրենից գողացված, իսկ այդ գաղափարների կրողներն ու ներկայացնողները՝ կղերական հնամենի ավանդության համաձայն՝ դավաճան, գործակալ…
Մի ազգի մտավոր ընտրանին, որն իր ստանձնած պարտականությունների բարձր գիտակցությամբ պիտի վեր կանգնած լիներ առօրեական ճղճիմ կրքերից, ամեն կարգի բանսարկություններից, նենգամտությունից ու չարասրտությունից, որն իր կեցվածքո՛վ միայն պետք է համահայկական միասնության կամք ներարկեր իր ազգի տարանուն հատվածների մեջ, այսօր, «միասնություն և հանդուրժողականություն» գոռալով՝ զբաղված է եղածն էլ փշրելու և կազմալուծելու գործով: Եվ նախքինում ունեցած շռնդալից հաջողությունները զենք դարձրած՝ իրենց վաղվա բարեկեցիկ ծերությունն ապահովող հոգևոր փերեզակների զոհը՝ Հայ Մտավորականը, լռում է: Լռում է մենության մեջ, քանզի հասկանում է, որ իր ստեղծածի ու արժևորածի ճշմարիտ գնահատականը վա՛ղն է տրվելու՝ այսօրվա երիտասարդ սերնդի կողմից:

***

2011թ. լույս տեսավ հայագետ Արթուր Արմինի «Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը» աշխատությունը, որն իսկույն լայն արձագանք գտավ թե Հայրենիքում, և թե՛ եվրոպայի ու Միացյալ Նահանգների հայկական գաղթօջախներում: Գիրքը, հեղինակի խոսքերով, փիլիսոփայական մի ուղերձ է՝ բոլորի՛ համար: Կարծում ենք, արժե՛ համառոտ գծերով ներկայացնել այդ ուղերձին բնորոշ հիմնական գծերը:
Հանգամանորեն ուսումնասիրելով վաղնջական շրջաններից եկող հայ ազգային իմաստասիրական մտքի բեկորները մեր էպոսում, ավանդազրույցներում, հեքիաթներում ու հավատալիքներում, համատեղելով դրանք միջնադարյան և նորագույն շրջանի հայ իմաստասերների թողած ժառանգության հետ, հմտորեն օգտվելով արդի գիտության տվյալներից, հեղինակը տվել է՝ «Տեսակը, որպես հավիտենական արժեք, Տեսակի հարատևման ճիգը՝ իբրև պատմության մղիչ ուժ» գաղափարի իր հիմնավորումը: «Ազգի առաքելությունը լինելն է, և ո՛չ թե ուրիշներին կեր դառնալը»,- ահա՛ հեղինակի կենսափիլիսոփայությունը: Ոչինչ ավելի լավ չի կարող բնութագրել գրքի արժեքն ու իմաստը, քան իր՝ հեղինակի տողերը.

«-Բնության մեջ յուրաքանչյուր տեսակ օժտված է անձնականությամբ: Տեսակի էությունից բխող անձնականությունը՝ տեսակի ինքնագիտակցումն է, ինքն իր բովանդակության մասին նրա առանձնակի ընկալումը:
-Ինչպես անհատն ունի հոգի, այնպես էլ ազգն ունի հավաքական Ոգի . դա նրաէգրեգորն է՝ նրա նախագոյաբանական միտք-նախատիպարը:
-Հոգին ունի՛ ազգություն:
-Ազգային տեսակն իր լիարժեք գործառույթն իրացնում է միայն բնօրրանում,որն ունի սահմաններ, ինչպես ատոմի մեջ էլեկտրոնն ունի իր վազքի տարածքը»:

Պարզ, մատչելի և կենսաբանորեն նպատակահարմար: Այս ճշմարտություններին հեղինակը հանգել է տարիների իր պրպտումների, հետազոտությունների արդյունքում, և ազգային-հասարակական ողջ իր գործունեությունն ուղղել է հայրենազուրկ, տարագիր հայի հոգում սեփական տեսակը հավերժացնելու, անխաթար պահելու գործին:

***
«Մարդու էության և գոյության (կեցության) միջև ճեղքվածք կա՝ անհարմարություն: Անհատը վերացարկված էությունն իրենում ունենալով՝ արարած է, և չունի՛ էության բովանդակ լինելիություն՝ լիարժեք ինքնահաստատման զգացողություն: Եվ ահա, անհատի ներքին կենսոլորտում այս ինքնակեղեքվող «անհարմարությունը» նրան մղում է էանալու՝ ճանաչելու… » :
«Երբ ժողովուրդը խուլ է իր ոգեղեն մարգարեների խոսքի էությանն ու նրանց գործն ընկալում է միայն արտաքնապես, ապա նա իր գերեզմանն է փորում»:

Արթուր Արմինի աշխատությունից ծաղկաքաղ արված այս տողերը, սակայն, ա՛յն աստիճան ցնցեցին «լիարժեք ինքնահաստատման զգացողությունից զուրկ և, դրանով իսկ, էանալու մղվող» որոշ արարածների հոգին, որ սույն թվականի նոյեմբերի 4-ին, Հայաստան-Ֆրանսիա ստեղծագործ փոխշփման և հետախուզական արդյունավետ համագործակցության արդյունքում, ընթերցող հասարակությանը մատուցվեց գողտրիկ, հոգեցունց մի զրպարտագիր, զմայլելի մի բանսարկություն, այնպիսի՛ն, որի տակ ստորագրելն իրենց համար պատիվ կհամարեին բոլոր ժամանակների փիսակներն ու սուրմակները: Խոսքը գնում է «Գրագողությունը, որպես քյասար ճանապարհ» բեղմնավոր շարադրանքին, որ ծնունդ է առել 20-21-րդ դդ մեծագույն «էաբան, ազգաբան», ԼՀՀ ՍԽ անդամ Ալեքսանդր Արորդի Վարպետյանի գրչի տակից (http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm):
Մեծամտությանը, հետապնդման մոլուցքին ու ամենուր իր մեծապատիվ անձն հանիրավի արհամարհված տեսնելու Վարպետյանի ցավագին տվայտանքներին վերջերս ավելացել է մի նո՛ր բարդույթ. բանն այն է, որ բազմավաստակ «ազգաբանին» հանգիստ չի տալիս սևեռուն այն գաղափարը, թե իր մտքերը գողացվում են երբեմն ավելի շուտ, քան՝ ինքը կհասցնի դրանք թղթին հանձնել: Եվ անչափ պատասխանատու այս օրերին, երբ եվրոարժեքներով առաջնորդվող առաջադեմ ողջ մարդկությու՛նն է պատրաստվում՝ ի հեճուկս լուսահոգի Մ. Գավուքճյանի, նշելու մեծ «էաբանի» հոբելյանը, երբ անգամ, մեր ազգի գալիքով մտահոգ որոշ կարկառուն աղանդավորնե ՛ր են բարձրացրել նրա հայրենադարձության պահանջը, երբ Սանատ Կումարայի՝ Հայոց աշխարհում անձական ներկայացուցիչ, բազմատաղանդ Մանասելյանի որոտընդոստ կոչերից սարսափած ՀՀ ապիկար կառավարությունը սպասում է ֆրանսիահայ հանճարի հաղթական վայրէջքին, վերջինս, մոռացած դարակազմիկ այս իրադարձությունների հոգսերը, դաժան ու անհավասար պայքարի է ելել գրագողների ու նրանց հովանավորող ռուսական մութ և խավար ուժերի դեմ: Իսկ պայքարելու արվեստը մեծարգո «ազգաբանին» անհայտ չէ: Վաղու՛ց արդեն նա խտրականություն չի դնում միջոցների մեջ՝ փորձից իմանալով, որ հաղթական արդյու՛նքն է կարևորը: Հակառակորդին միաժամանակ մի քանի տեսակ զենքերից գրոհելու՝ հազարամյակներից եկող մարտավարությանը նա միաձուլում է իր Էությանը հատուկ մեղմիկ բանսարկությունն ու բարեխառն բամբասկոտությունը, ավելացրած՝ փոքրիկ չափաբաժնով ճշմարտանման ստեր, և պատրա՛ստ է խառնիճաղանճ, անտրամաբանական բառակույտերով համեմված մշուշոտ այն մարգարեությունը, որը ժամանակին ստիպեց խելամիտ Կրեսոսի՛ն անգամ՝ սուր ճոճել աշխարհի հզորների դեմ և իր անփառունակ վախճանը գտնել Հայոց Տիրակալի նժույգի սմբակների տակ: Դելփյան հինավուրց արվեստի մասի՛ն է խոսքը, որ միախառնված վերսալյան կուրտիզանուհիներին հատուկ հմայիչ, թո՛ղ որ՝ թեթևաբարո և վտանգավոր խարդավանքների գիտությանը, բազմատաղանդ «էաբանի» ձեռքում դարձել են ահավոր մի զենք: Հոգ չէ՛, թե կռիվն այս՝ անմիտ է, ուժերի անտեղի վատնում: Հոգ չէ՛, թե բազում ծրագրեր ու գաղափարնե՛ր են մնում անկատար, բազում շնորհալիներ՝ պիտակվում «դավաճանի» խարանով: Վարպետյանի հմայիչ համբավը մի՛շտ է կասեցրել իր անկապակից բառերին ընդվզելու փորձ անողների շուրթերը: Իսկ «բաժանիր, որ տիրես» սկզբունքն այսօ՛ր էլ ամենազոր է Արևմուտքում, ուր տաղանդների պակաս երբե՛ք չի զգացվել: Եվ Վարպետյանը գործում է:

***

Պատկերացում կազմելու համար վարպետյանական տրամաբանության, ամոթխածության հասնող նրա համեստության և ընդհանրապես, նրա աշխարհայացքային մի շարք ֆենոմենալ առանձնահատկությունների մասին, պարզապես անհրաժեշտ ենք համարում մեջ բերել սույն «բարաթից» մեզ հետաքրքրող՝ Արթուր Արմինին և նրա աշխատությանն առնչվող հատվածը: Ահա՛ այն.

«Այսուհանդերձ, «Է» տառը որպես խորհրդանիշ սկսեց հայտնվել ամենատարբեր բնագավառներում, «Էությունը»՝ նույնպես (անգամ որպես ՀԿ -ների անվանում, ինչպես նախաստեղծ «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը), իսկ որպես հասկացությունը և անգամ իբր «էիզմ-ուսմունք»՝ տարբեր «հեղինակություններով»:Վերջերս հատվածաբար, բայց նաև եզրաբանական բառացի բանագողությամբ (օրի. «ԷԱՆԱԼ» վաղուց չհիշատակվող հասկացությունը կամ էություն-գոյություն տարբերակումը, այն էլ անհեթեթ շարադրմամբ… ) այդպիսի մի «հանճարեղություն» հայտնվեց սոցցանցերից մեկում ( 28/10/2012).

Մարդու էության և գոյության կեցության միջև ճեղքվածք կա`անհարմարություն:Անհատը վերացարկված էությունն իր մեջ ունենալով`արարած է եւ չունի էության բովանդակ լինելիություն`լիարժեք արտահայտման զգայողություն: Եւ ահա,անհատի ներքին կենսոլորտում այս ինքնակեղեքող <<անհարմարությունը>> նրան մղում է ԷԱՆԱԼՈՒ~ՃԱՆԱՉԵԼՈՒ:
Որքանով էակի( էակների )գիտակցությունը հեռու է Անհունի էությունից,այնքանով էակի( էակների) էության և կեցության մեջ ճեղքվածքը մեծ է:
Արթուր Արմին

Երբ ժողովուրդը խուլ է իր ոգեղեն մարգարեների խոսքի էությանն ու նրանց գործն ընկալում է միայն արտաքնապես,ապա նա իր գերեզմանն է փորում:
Արթուր Արմին<<Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը>>:

Alexandre Varbedian. Շատ ծանոթ մտքեր են, անգամ բառացի… Ինչպե՞ս հայտնաբերեցիք:

Հասմիկ Աղաջանյան. Հնարավոր է,հարգելի Վարպետյան, Արթուր Արմինի<<Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը>> հետաքրքիր համահավաք գործ է…

Alexandre Varbedian. Համահավա՞ք… իսկ աղբյուրներ հիշատակվո՞ւմ են: Դժվար թե: Ոչինչ, հիմա ո՞վ է այդ անում: Բայց ձեզ հալալ է, նվիրյալ եք:

Կատակով հարցրեցինք. «Շատ ծանոթ մտքեր են, անգամ բառացի … Ինչպե՞ս հայտնաբերեցիք» ( մինչ այդ դրա մասին մեզ բազմիցս ահազանգել էին այլք): Պատասխանը եղավ. «համահավաքը» ( երևի բանագողությունը հիմա այդպես է կոչվում…): Բայց ահա, նույն գրքից Էություն հասկացության հետ կապված մեկ այլ մեջբերման առնչությամբ մեր «գաղափարաբանը» հիշատակվում է հեղինակին՝ երախտավոր Թ. Սարայդարյանին: Իսկ նա «Էություն» Ազգային Իմաստության Տաճարի միաբան էր, ոգևորված նրա հիմնադրումից և իր հետագա մի քանի աշխատություններում յուրովի վերարծարծելով էության գաղափարները:
Իսկ ո՞վ է Արթուր Արմինը: Ժամանակին լոսանջելեսյան «Եղիցի լույս» հանդեսի խմբագիրը, ապա հայտնի «օպերատիվնիկ» Ս. Քիրամիջյանի գործընկերը («Լույս» հեռուստաժամ ), այնուհետև մի քանի այդպիսի գրքերի հեղինակ, հետո «Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, պատվավոր դոկտոր» (ռուսական մասնաճյուղ, այդպիսի կոչումներ ունեն ՀՀ գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանը-այն էլ ակադեմիկոս, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Արարատ թեմի առանջնորդ եպիսկոպոս Ն. Կճոյանը, ՍԻՄ-ի նախագահ Հայկ Բաբուխանյանը: Մեկ խոսքով «մերոնք»… ): Նա նույն Արթուր Արմինն է, ով 1997 թ. Լոս Անջելեսում վարում էր մեր ելույթը «Ազգ-ժողովուրդ- ամբոխ» թեմայով, որից հետո էլ տրվեց բուռն ազգային-գաղափարախոսական գործունեության:
Կարծում ենք, որ ինքին հասկանալի է թե ինչո՞ւ մեր «գաղափարաբանը» ոչ մի կերպ չէր տալու Ալեքսանդր Վարպետյանի անունը: Նախ բանագողության բուն աղբյուրները սքողելու համար, ապա նաև հայրենիքից հոկտեմբեր 27-ի առնչությամբ արտաքսված և նրան կատարյալ մոռացության դատապարտելու պետական մարտավարության համաձայն, և ի վերջո հայոց ճակատագիրը վերահսկողության տակ պահելու ոմանց համառ ջանքերի… » :

***

Ինչպիսի՜ արդյունավետ համագործակցություն, իսկը՝ «Վտանգավոր կապեր»: Պարզվում է, Ալեքսանդր Վարպետյանի հոբելյանական տոնակատարություններին պատրաստվելուն զուգահեռ, ստեղծվել է միջազգային շտաբ-կենտրոն, ուր հոբելյարի բազմահազար հետևորդները օրն ի բուն ահազանգեր են ուղարկում հենց իրեն՝ «Էիզմ»-ի հիմնադրին:
Ինչևէ, վարպետյանական սրտի տիտանական ցավի այս որոտընդոստ աղաղակը մնաց անարձագանք: Եվ դա՝ չնայած այն բանին, որ մեր Տեսակի անցյալը, ներկան, և ինչու չէ, ըստ որոշ թաքնագետների՝ նաև գալիքը «Էիզմ»-ի հիմնադրին պարտական անշնորհակալներս պարտավոր էինք գոնե մեր կարծի՛քն հայտնել այս առնչությամբ: Սակայն, աշխարհասփյուռ հայության անտարբերությունն այս անգամ, ունի հիմնավո՛ր պատճառներ: Բանն այն է, որ շատ քչերի սիրտը կարող է դիմանալ ճոռոմախոս Արորդու՝ պաթետիկ զեղումներով արված հոգեբանական գրոհներին: Եվ հետո, այնքան էլ հաճելի և անվտանգ չէ՝ «էություն-գոյություն» զույգ հասկացությունների վրա հավիտյանս հավիտենից հեղինակային իր մենաշնորհը դրած սարսափազդու «ազգաբանի» հետ դեմ առ դեմ համացանցային տիրույթներում հանդիպելը: Կա մեկ այլ՝ ոչ պակաս հիմնավոր պատճառ. մեր հետազոտությունները ցույց են տվել, որ շատերն են գիտակցում հոգեախտավոր այն վիճակը, որում գլխապտույտ արագությամբ գլորվում է համատիեզերական արիականության հայրը: Իսկ նմանին պատասխանելն, իհարկե, գուցեև խելամիտ չէ: Սակայն, պետք է ի նկատի ունենալ, որ հարվածելով իր հակառակորդներին՝ վարպետյանական դպրոցը նախ և առաջ նպատակ ունի արժեզրկել նրանց բերած գաղափարնե՛րը: Սովորաբար հարվածը հասցվում է շատ անսպասելիորեն, կողմնակի որևէ քնքուշ արարածի կողմից մատուցված նրբակերտ մի գործիքով և անպայման՝ թիկունքից: Շատ դեպքերում «Էաբանի» օլիմպիական ցասմանն արժանացած անձինք անգամ ավելորդ են համարում պատասխանել՝ հիմնականում վերը նշված վերջին պատճառով: Սակայն, հենց դա էլ հաշվի է առնված «Էիզմ»-ի ստրատեգների կողմից. երիտասարդության աչքերում պատասխան չստացած զրպարտանքները միշտ էլ արժեզրկու՛մ են զրպարտության զոհի գաղափարները:

***

Նախքան Արթուր Արմինին հղված՝ Վարպետյանի այս խառնիճաղանճ տողերի բուն պատճառներից մի քանիսին անդրադառնալը, փորձենք հասկանալ վերջինիս տրամաբանությունը՝ հետևելով նրա մեղադրանքների տառին և ոգուն: Եվ այսպես.

Վերջերս հատվածաբար, բայց նաև եզրաբանական բառացի բանագողությամբ (օրի. «ԷԱՆԱԼ» վաղուց չհիշատակվող հասկացությունը կամ էություն-գոյություն տարբերակումը, այն էլ անհեթեթ շարադրմամբ… ) այդպիսի մի «հանճարեղություն» հայտնվեց սոցցանցերից մեկում:

Պարզվում է, որ «ԷԱՆԱԼ» վաղուց չհիշատակվող» բայն արտաբերե՛լն իսկ հավասարազոր է բանագողության, դե իսկ, գրավոր որևէ տեքստում գործածելն՝ արդեն խայտառակ անամոթություն է, քանի որ Վարպետյանի՛ն ենք պարտական մոռացությունից առաջին անգամ (?) դրա վերագործածումը: «Էություն-գոյություն» հասկացությունների մասին խո՛սք անգամ չի կարող լինել: Չէ՞ որ մեզ՝ խավարամիտներիս երբեք էլ հասու չի եղել դրանց տարբերությունը, և չլիներ մեր «էաբանը», այդպես էլ «էությունն» ու «գոյությունը» կընկալեինք իբրև հոմանիշներ: ՈՒստի, տիայրք հայագետներ և գաղափարախոսներ, ի նկատի ունեցեք, որ բոլոր դեպքերում, պարզապես պարտավոր եք հղում կատարել Վարպետյանի գրքերից ու հոդվածներից որևէ մեկին, այլապես, Հայաստանը քաղաքակիրթ իրավական երկրի վերածվելու դեպքում (իսկ դա կլինի այն բանից հետո, երբ ասենք, բազմատաղանդ պոետ Խաչիկ Մանասելյանը Վարպետյանին գրկաբաց դիմավորի «Զվարթնոց» օդանավակայանում) Ձեզ սպասվում են դաժան պատիժներ և ահեղ դատաստան: Ինչ վերբերվում է Վարպետյանի կողմից նշված «անհեթեթ շարադրում» բառակապակցությանը, ապա այստեղ հրամայողաբար կխնդրեինք մեր «համեստ մտավորականին»՝ չաղմկել: Հենց նույն՝ «Գրագողությունը, որպես քյասար ճանապարհ» սքանչելի գիտահետազոտական աշխատանքում, որն իր երևակայական հարուստ բովանդակությամբ գերազանցում է անգամ նախքին հայ գրող, նույնպես ֆրանսիահպատակ Կ.Սիմոնյանի ֆանտաստ գործերին, ինչե՜ր միայն չարժեն հետևյալ տողերը.

«Այսուհանդերձ, «Է» տառը որպես խորհրդանիշ սկսեց հայտնվել ամենատարբեր բնագավառներում, «Էությունը»՝ նույնպես (անգամ որպես ՀԿ -ների անվանում, ինչպես նախաստեղծ «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը), իսկ որպես հասկացությունը և անգամ իբր «էիզմ-ուսմունք»՝ տարբեր «հեղինակություններով»:

Մենք ենթադրում ենք միայն, որ այս տողերում թաքնված տրամաբանական լաբիրինթոսից չարաճճիորեն մեզ աչքով է անում վերերկրային մի բանականության, Էության խորհուրդներն անդառնալիորեն ընկալած մի գերբնական ուժի լեզվամտածողությունը՝ մեզ այնքա՜ն անհասկանալի, և միաժամանակ՝ զարմանալիորեն գրավիչ: Եվ ընդհանրապես, հեռու չէ այն օրը, երբ վարպետյանական անզուգական շարահյուսությունը կդառնա հայագիտական հատուկ հետազոտությունների առարկա:
Շարունակենք հետևել Վարպետյանի տրամաբանությանը.

«Բայց ահա, նույն գրքից Էություն հասկացության հետ կապված մեկ այլ մեջբերման առնչությամբ մեր «գաղափարաբանը» հիշատակվում է հեղինակին՝ երախտավոր Թ. Սարայդարյանին: Իսկ նա «Էություն» Ազգային Իմաստության Տաճարի միաբան էր, ոգևորված նրա հիմնադրումից և իր հետագա մի քանի աշխատություններում յուրովի վերարծարծելով էության գաղափարները»:

ՈՒրեմն, եթե Սարայդարյանը եղել է «Էություն» Ազգային Իմաստության Տաճարի միաբան, ապա բավական չէ՝ հղումներ անելիս հիշատակել միայն նրա գործերը: Հասկանու՞մ եք, առանց Վարպետյանի անձի հիշատակման, անվավեր է ցանկացած հղում: Եվ հետո, ինչպե՞ս կարելի է օգտվել Սարայդարյանի գործերից, առանց նշելու, որ նա «Էությունից» է եղել: Դա պարզապես նշան է այն բանի, որ Արթուր Արմինը գիտակցաբար որոշել է ստվերի մեջ պահել Իմաստության Տաճարի և նրա մեծ ՈՒսուցչի անունը:
Սակայն, այս ամենը ոչի՛նչ են՝ այն կարևոր բացահայտման առջև, որին հանգում ենք «Գաղափարաբան» բառը՝ Արթուր Արմինի դեպքում չակերտների մեջ տեսնելիս: Ահա՛ բուն պատճառներից մեկը՝ մեր «ազգաբանի» պոռթկումի: Վաղու՜ց է արդեն, ինչ «տքնաջան ուսումնասիրողի» համարումն այլևս չի բավարարում Վարպետյանին: Այժմ նա իրեն համարում է Մեծ գաղափարախոս և անթաքույց ատելությամբ է վերաբերվում բոլոր նրանց, ովքեր իրեն արժանի չեն համարում այդ կոչմանը: Եվ «Է»-ն ու «Էությունը» «Էիզմ»-ի վերածած մեր նոր մարգարեն՝ լծված Արևմուտքի ոսկե կառքին, արշավում է դեպի Հայաստան՝ ճանապարհին փորձելով ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր հանդգնել և հանդգնում են իրեն հարցնել պարզ, մարդկային լեզվով. ո՞վ ես դու Մեծդ Արորդի, ի՞նչ է ուզածդ, ի՞նչ նպատակ ես դնում Ազգիդ առջև, որո՞նք են դրա իրականացման ուղիները: Եթե հետազոտություններդ որոշել ես օգտագործել քաղաքական կողմնորոշումներիդ մեջ, ապա բոլորը չէ՛, որ պարտավոր են կիսել արևմտամետ հակումներդ: Բարի եղիր գոնե, ռուսամետության կամ լրտեսության մեջ չմեղադրել մարդկանց, ովքեր պարզապես թքած ունեն բոլոր «իզմեր»-ի վրա (հասկանու՞մ ես՝ ԲՈԼՈ՛Ր) և քաղաքականության մեջ կողմնորոշվում են՝ իրենց Հայրենիքի՛ շահի առաջնայնության սկզբունքով:

***
Տիայր էաբան, մենք իհարկե գիտակցում ենք, որ համատարած նյութապաշտության ու տգիտության մեր ժամանակաշրջանում, դու՛ ես միայն, որ մխրճված տիեզերական Անհունում, փորձում ես լույսի մի շո՛ղ բերել երկրագնդի տարբեր հատվածներում մեկը մյուսից բեխաբար ապրող արիացիների համար: Քե՛զ են միայն ծանոթ առեղծվածային «Է-Էություն» աստվածություն-հասկացության տիեզերագիտական ընդգրկումները, առավել ևս՝ «էիզմ-Էություն» ուսմունքի գոյությունը:
Սա հասկանալի է բոլոր նրանց, ովքեր գիտակցում են տրամաբանական կասկածելի շարահյուսությամբ զեղված մարգարիտներիդ դեմ ընդվզելու ողջ անհուսությունը, սակայն, ասա խնդրեմ, քրմական իմաստնության ո՜վ մեծդ շտեմարան, մի՞թե չես կարծում, որ երբեմն հարկավոր է իջնե՛լ երկնային բարձունքներից՝ մաքրելու համար այն աղբը, որ չնայած սրբակենցաղ վարքիդ,մերթընդմերթ նետում ես երկրային դաշտերին:
Իսկ ընդհանրապես, հաջորդ անգամ հայկականության գաղափարաբանների, ազգային կենսակերպով ապրող և այդ կենսակերպը սեփական օրինակով մեր երիտասարդ սերնդին ներարկող որևէ մտավորական հայի դեմ գրիչ վերցնելուց առաջ, լավ կլինի մտաբերես հետևյալ խոսքերը.

«Այո՛, աշխարհում ամենայն ի՛նչ անձնաւորւում է, ամենայն ի՛նչ դիմագծւում է, ամենայն ի՛նչ անհատականանում է: Մի բան գոյութիւն է ստանում ա՛յն ժամ միայն, երբ նա մտնում է անհատականանալու առաջընթացում: Գոյացութիւնը, էապէս, անհատականացման առաջընթաց է:
Անհատականացմամբ է պայմանաւորւում տեսակաւորումը: Տեսակը ոչ այլ ինչ է, քան ինքնատիպութիւնը յաւերժացնելու բնաճիգ: Ցեղի գոյութիւնը նախ եւ առաջ պայմանաւորւում է այս բնաճիգով: Այս բնաճիգը նախատեսում է բազմազանութեանց բնական անհրաժեշտութիւնը: Եթէ բազմազանութիւնը բնական անհրաժեշտ առաջընթաց չլինէր – բնութեան մէջ չէր կարող գոյութիւն ունենալ ինքնատպութիւն, որով ե՛ւ տեսակ պահելու բնաճիգ…»:

Տեսնու՞մ ես, ի՜նչ հիանալի է ասված: Խորանա՜լ անհատի գոյության և էության խորհուրդների մեջ՝ առանց խճողվելու և ընթերցողին էլ մոլորեցնելու՝ քչերի՛ն է տրված: Բայց մի՛ շտապիր դարձյալ աղմկել «գողացված» մտքերի մասին. սա Արթուր Արմինի գրքում զետեղված մի բնաբան է՝ ամենայն պարտաճանաչությամբ նշված համապատասխան հղումով: Մտքո՛վդ անգամ թող չանցնի՝ դատի տալ նրան: Դա գրվել է քեզանից տասնամյակներ առաջ, և շատ ավելի պարզ, մատչելի ու հայեցի, քան բառակույտերիդ անիմաստ ողջ թափոնը: Այդ բառակույտերովդ հիացած և օրն ի բուն անձդ փառաբանող ստորաքարշների պատճառո՛վ է, որ վերածվել ես գորշ, մանրախնդիր ու աննպատակ մի միջակության: Հեռու՛ քեզ քծնողներից. դրանք պարզապես ոչնչացնու՛մ են քեզ: Որտե՞ղ էիր, երբ հայոց մեծերը շոշափում էին էության և գոյության կնճիռները, քննության առնում «Անհատ-Տեսակ-Հայրենիք» բնազանցական, անբացատրելի շաղկապվածության խնդիրները: Քեզ փառաբանողները պարզապես փակե՛լ են աչքերդ: Այդ նրա՛նք մտցրին գլխիդ մեջ, թե դու՛ ես հնարել անիվը, և հեծանիվ քշելիս՝ պարտավոր ենք պարտադիր անու՛նդ գոռալ: ՈՒշքի՛ եկ, հակառակ դեպքում, կհայտնվես է՛լ առավել անմխիթար վիճակում, երբ քո իսկ տրամաբանությամբ քեզ բացատրեն, որ գրածդ գաղափարները վաղուց արդեն հստակ ու պարզ շարադրված են եղել՝ քեզանից էլ շատ առաջ: Հավատա՛, հիմնավորելու համար սեփական հետազոտությունների ծնունդ իր մտքերը՝ քեզանից չէ՛, որ Արթուր Արմինը պետք է սովորեր էության և գոյության խնդրականների մասին: Հայ և համաշխարհային իմաստասիրական միտքը տվել է հարու՛ստ ժառանգություն: Այլ բան է, որ դու փորձում ես համառորեն շրջանցել այն:

***

Մենք իրո՛ք անիմաստ ենք համարում Արթուր Արմինին՝ ԿԳԲ-ի գործակալ որակելու քո մարմաջին պատասխանելը: Դա շատ հասկանալի մի ստորություն է քո կողմից՝ ծնունդ հոգուդ չարության: Միայն անուղղելի ամբոխավարն ու փորձված ճամարտակը կարող է քեզ պես, գրչի թեթև մի հարվածով, փորձել մուր քսել մի մարդու վրա, որի ողջ գործունեությունը եղել է միայն ի նպաստ ազգայինի: Պարզապես կցանկանայինք հարցնել, թե արդյո՞ք պատահականություն էր այն, որ զրպարտագիրդ համընկավ Հայաստան վերադարձիդ թույլատվության համար կազմակերպածդ ստորագրահավաքին, վերջերս բարձրացված այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ ես բոլորիս հայտնի կեղծ հայագետների հետ: Չէ՞ որ ի՛նքդ գիտես, թե ինչպես, միայն իր անձի հմայքով և ունեցած հեղինակությամբ, զրպարտագրիդ թիրախին հաջողվեց ամերիկահայ ուսանողական մի հզոր շարժում կազմակերպել՝ ռիչարդների, քաուիների և թոմսոնների դեմ: Այսօր դու նրան անվանում ես ռուսական գործակալ. ինչու՞ : Որովհետև թքա՞ծ ունի արևմտյան բարքերը հայոց մեջ արմատավորել ցանկացող ապազգայինների վրա, որովհետև կարողացավ կասեցնե՞լ Ռիչարդ Հովհաննիսյանի խայտառակ հատորյակների հաղթարշավը սփյուռքահայ ուսանողության շրջանում, որովհետև հենց այդ խայտառակ կեղծարարությունների դեմ պայքարելու նպատակո՞վ էր կազմակերպում հաղորդումներդ ամերիկահայ միջավայրում: Իսկ ի՞նչ ես արել դու հայապահպան քո գործունեությամբ՝ մեր ներկա՛ն անգամ մեզանից խլել փորձող ռասսելների ու քաուիների բերանը փակելու համար: Ճի՞շտ է, որ շփումներ ունես նրանց հետ՝ թեկուզ միջնորդավորված կերպով: Եվ եթե ճիշտ է, ապա կարո՞ղ ենք քեզ էլ՝ մարդկանց պիտակավորելու քո իսկ տրամաբանությամբ, կասկածել «բարեկամ ու թշնամի» մի շարք ծառայություններից գումարներ ստանալու և տարին երեք անգամ պատվերով գրքեր գրելու մեջ: Ի՞նչ կասես Ստեփան Քիրեմիջյանի այն հայտարարության մասին, թե ամերիկյան բիզնես-շրջագայություններիդ ժամանակ պահանջում էիր հաղորդումներիդ ձայնագրությունները՝ իբրև պարտադիր պայման: ՈՒ՞մ էիր զեկուցում, և ու՞մ համար ես խաղում այժմ:
Եվ որտեղի՞ց քեզ այդքան մանրամասնություններ Արթուր Արմինի «լրտեսական գործունեության» մասին, ո՞վ ես դու, Վարպետյա՛ն: Ցանկանում ես շռնդալից մու՜տք Հայոց աշխարհ՝ հակառուսականության ֆոնի վրա, արևմուտքի նժու՜յգը թամբած: Շտապիր, միայն թե, առաջին մենագրությունդ ցայսօր հիշողներին առավել ցանկալի կլիներ՝ քեզ տեսնել անկախականների՛ ճամբարում, որպիսին է նաև Արթուր Արմի՛նը:
Իսկ որպեսզի հեշտությամբ հրաժարվես սրանից հետո աջ ու ձախ գրագողներ ման գալու սովորությունիցդ, բարի եղիր Արթուր Արմինից ընդունելու այս փոքրիկ, բայց շատ Էական հիշեցումը.

Էությունը՝ ինչպես լույսը, թվում է, թե մեկ գույն է, բայց իրականում՝ գույների ու բյուրավոր նրբերանգների հավաքականություն է… 

Վերջ տուր զազրախոսություններիդ, Ալեքսա՛նդր Արորդի, քանզի քաղաքական կողմնորոշումները հաճախ փոխվում են, մնում են միայն Ազգի, Հայրենիքի հավիտենական արժեքները, որոնց հանդեպ սերն ու պարտականության կամքն է քարոզել Արթուր Արմինն ամերիկյան իր ողջ գործունեության ընթացքում:
Եվ հիշիր, թե ի՛նչ է սովորեցնում տարագիր հային՝ քեզ համար այնքա՛ն ատելի այս հեղինակը.

«Պանդուխտ հայը մի օր կվերադառնա՛ իր Հայրենիք, որովհետև այլ կերպ չի կարող լինել, որովհետև աստղերը շարժվում են միայն իրե՛նց ուղեծրով, որովհետև ոչ մի աստղ չի կարող փոխել իր ուղեծիրը: Որովհետև ամեն ինչ վերջանում է այնտե՛ղ, որտեղ սկսվել է»:

Արթուրը վերադարձա՛վ իր ուղեծրին: Մենք էլ, մի գեղեցիկ օր կվերադառնա՛նք Տուն: Դու էլ, հուսով ենք, կկարողանաս այցելե՛լ նախնիներիդ շիրիմներին: Միայն թե, վերադառնանք այնպես, ինչպես Արթուրը՝ առանց կորցնելու բարոյականության ու ազնվականին վայել ուղղախոսության մեր հատկությունները, առանց եղծելու մեր հայկականությունը: Այդժամ միայն, նայելով մեկ մեկու աչքերի, կարող ենք ասել հպարտորեն. Ես արթուն պահա՛կն եմ իմ Ցեղի: Ինձանո՛վ է նաև պայմանավորված Տեսակիս հարատևությունը՝ նրա Էության կրո՛ղն եմ ես:

Գևորգ Հովհաննիսյան, Տաթև Գրիգորյան, Հիքսոս Արթուր



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

հՈՎՀԱՆՆԵՍ
Nov 18, 2012 5:34


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('23545') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB5\xD5\xBD \xD5\xB4\xD5\xAB \xD5\xA2...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB5\xD5\xBD \xD5\xB4\xD5\xAB \xD5\xA2...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB5\xD5\xBD \xD5\xB4\xD5\xAB \xD5\xA2\xD5\xA1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219