ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 4, 2012 16:18 - 5 քննարկում

Վերջին “ներդաշնակ” վայնասունը Քոչարյանի հասցեին, Պուտինի նախագահ դառնալու նախօրեին…

Սպասելիքները չափազանցված էին

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը տպագիր ու էլեկտրոնային մամուլը շոշափել է հիմնականում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի հանրահավաքում ունեցած ելույթի առիթով: Շատ լրատվամիջոցներ ամբողջությամբ տպագրեցին այդ ելույթը, մյուսները չբավարարվեցին հերթական “դարակազմիկ” ճառը հրապարակելով, այլ իրենց` ոչ պակաս “հիմնարար” մեկնաբանությունները հավելեցին:
Լևոն Տեր-Պետրոսյանը թռուցիկ ակնարկ նետելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քրեական գործին, Ֆրանսիայի սենատի ընդունած օրինագիծը Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվելու փաստին, ինչպես նաև վերջին մարդահամարի` Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, կասկածում է այդ պաշտոնական թվերին ու վստահեցնում, որ Հայաստանում այժմ ապրում է առավելագույնը 2,5 միլիոն մարդ: Սրտացավ Լևոն Տեր-Պետրոսյանին հուշենք, որ այսօր մեր հանրապետության բնակչության թիվն առնվազն 5 միլիոն կլիներ, եթե իր նախագահության տարիներին միլիոնից ավելի մարդ չփախչեր երկրից: Եվ ընդհանրապես, գուցե թե մի կես միլիոն մարդ էլ չմնար երկրում, եթե ինքը շարունակեր նախագահել:
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հսկայական ջանքեր պահանջվեցին տնտեսական ու բազմապիսի այլ բարեփոխումների շնորհիվ արտագաղթը կասեցնելու համար, և այն միայն 2001-02 թվականներին հաջողվեց, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից փախեփախի իներցիան դեռ իրենից հետո էլ շարունակվում էր: Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, որ առաջին նախագահը երես ունի արտագաղթի մասին խոսելու, երբ իր մերձավորագույն իշխանավորները հայտարարում էին, թե ինչքան շատ գնան երկրից, այնքան շատ փող կուղարկեն երկիր: Բայց, կարծես թե շեղվեցինք: Այս հարցերին անդրադառնալուց հետո Լ.Տ.-Պ.-ն անցում է կատարում բուռն արձագանք առաջացրած` Վարդան Օսկանյանի ԲՀԿ անդամագրման թեմային: Ի տարբերություն իր ղեկավարած ընդդիմության շահերը սպասարկող լրատվամիջոցների` շեֆը կարծում է, որ Օսկանյանն ինքնուրույն որոշում է կայացրել, և պարտադիր չէ նրա այդ քայլի մեջ Ռ. Քոչարյանի ազդեցությունը տեսնել: Լևոն Տեր-Պետրոսյանը մի պահ մոռանալով, որ իրեն աստվածացնող թերթերն ու էլեկտրոնային կայքերն են այդ պնդումների հեղինակը, չգիտես ում մեղադրելով, հայտարարում է, թե  Օսկանյանին ու Ծառուկյանին ինքնուրույնությունից զրկում են ԲՀԿ-ն և Օսկանյանի ամեն քայլի ետևում Քոչարյանին տեսնելով, դրանով փորձ են անում ժողովրդին սարսափեցնել Քոչարյանի անունով ու ամրապնդել Սերժ Սարգսյանի բռնապետական իշխանությունը:
Առաջին նախագահն այդուհետ պնդում է, թե քանի Սերժ Սարգսյանն իր տեղում է, ապա Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ոչ մի շանս չունի:
Այս տողերի մեջ անհնար է չնկատել ակնհայտ ուրախություն: Անհասկանալի է առաջին նախագահի անմեղսունակ այս ոգևորությունը. միթե՞ կոչ է անում պաշտպանել Սերժ Սարգսյանի իշխանությունը, միայն թե Քոչարյանը հանկարծ չվերադառնա: Բայց չէ՞ որ քառասունհինգ վայրկյան առաջ գործող նախագահին բռնապետ էր կոչել, իսկ չորս-հինգ րոպե առաջ համեմատել Սադամ Հուսեյնի, Քադաֆիի ու գահընկեց արված այլ բռնապետերի հետ: Եթե Սերժ Սարգսյանին խորտակվող նավ է կոչում, իսկ Քոչարյանին` խորտակված, ապա ինչո՞ւ է այդքան վախենում վերջինիս վերադարձից: Հետո հաթաթա է տալիս այլ քաղաքական ուժերին, թե դրանցից որն իր ճակատագիրը կապի այս երկուսից մեկի հետ` նույնպես կարճ ժամանակում կկործանվի ու ջրամույն կլինի: Ինչպիսի՞ վեհ մտահոգություն այլ քաղաքական ուժերի ճակատագրի նկատմամբ: Մինչդեռ Լ.Տ.-Պ.-ի հանրահավաքային ճառը մեկնաբանող թերթերից մեկը նշում է, թե որպես իմաստուն առաջնորդ` վերջինս մի բան է ասում, բայց ուրիշ բան նկատի ունի: Այսինքն անում է ամեն ինչ, որպեսզի Քոչարյանն արագ հայտարարի քաղաքականություն իր վերադարձի մասին, որովհետև դրանով կթուլացնի Սերժ Սարգսյանի դիրքերը և շահողը էլի կլինի իր ղեկավարած ՀԱԿ-ը: Մեկ այլ, քաղաքական ավելի լավ հոտառություն ունեցող հոդվածագիր հառաչելով վերնագիր է դնում իր հոդվածին. “Թո~ղ վերադառնա Քոչարյանը”: Բայց որպեսզի այդ մտքից տեղնուտեղը ինքնասպան չլինի տխրադեմ ու հուսահատ ժուռնալիստը` անցնում է ինքնահանգստացման փուլին. “Կգա, և ինչպես առաջին նախագահը` կարճ ժամանակ հետո կհիասթափեցնի ժողովրդին”:
Այս շաբաթ թերթերից մեկը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումների վայրն էլ էր նշել, գրեթե մետրերի ճշգրտությամբ: Ըստ թերթի` դա Ծաղկաձորի դահուկուղիներն են, որտեղ գործող նախագահը բուրան է քշում, իսկ Ռոբերտ Քոչարյանը դահուկներով բարդ ոլորավայէջքներ է հաղթահարում: Լուրը տարածողն այս բարդ ոլորավայրէջք արտահայտությունը հենց այնպես չէ, որ օգտագործել է: Գիտենք, որ երկրորդ նախագահն իսկապես վարպետորեն է անցնում ոլորավայրէջքները, բայց այս տեսանելի ու պատկերավոր արտահայտությամբ փորձ է արվում ուղղակի կեղծ լրատվությանն ինչ-որ հավաստիության երանգ տալ, կոնկրետության իմիտացիա ստեղծել: Այսպես թե այնպես, երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը հերքեց այդ հանդիպումների մասին տեղեկությունը:
Հետաքրքիր է մեկ փաստ ևս: Այս օրերին Ռ. Քոչարյանի հասցեին հնչող մեղադրանքներով զարմանալի ներդաշնակ մեղեդի են ստեղծել լուսանցքային մի շարք կուսակցությունների առաջնորդները, ամենավարկաբեկված գործիչներն ու առաջին նախագահը: Տարօրինակ է, թե իրար ատող, իրար վրա ցեխ շպրտող այդ “գործիչներն”ինչպես են համադրել իրենց աղմուկ-աղաղակը: Միայն թե դմբդմբոցն է ականջ ծակում: Նրան պետք է հուսադրել, որ եկող տարվա քվոտաներով, երաժշտական ինքնագործ խմբերում ժողովրդական գործիքներին տեղեր հատկացվելու են: Թող հանգստանա, թող խնայի մեր երաժշտական  ճաշակն ու ունկերը:


5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ՄԻՍԱԿ
Mar 4, 2012 16:49


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('18694') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBF\xD5\x82\xD4\xBF\xD5\x82\xD4\xB1\xD5\x86...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBF\xD5\x82\xD4\xBF\xD5\x82\xD4\xB1\xD5\x86...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBF\xD5\x82\xD4\xBF\xD5\x82\xD4\xB1\xD5\x86\xD5\x94 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219