Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, January 27, 2012 3:29 - 8 քննարկում

«ՊԵՏԵՐՍԻ ՔԱՐՏԵԶԸ»

Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիային Աֆրիկայի իրադարձությունների զարգացմանը համընթաց փոխվում է ռուսաստանյան լրատվամիջոցների մեկնաբանությունների տոնայնությունը: Եթե սկզբում արաբական «գարնանային» հեղափոխությունները ինչ-որ տեղ դիտվում էին որպես հանպատրաստից բռնկվածՙ հետեւանք նոր կրթված սերնդի իշխանանվաճ ձգտումների եւ այլն, ապա հատկապես Մուամմար Քադդաֆիի անկումից հետո ավելի շատ խոսվում է ամերիկյան «Մեծ Մերձավոր Արեւելք» աշխարհաքաղաքական նախագծի գործնական իրացման մասին, ինչը հառնել է ավելի քան երեսուն տարի առաջ: Բավականին հաճախ է վերհիշվում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի այն հայտարարությունը, որ նա արել է 2006 թվականի հունիսին Իսրայելումՙ այդ երկրի եւ Լիբանանի միջեւ ծագած պատերազմական գործողությունների ժամանակ. «Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, ըստ էության սկիզբն է այն երկունքի ցավերի, որի հետեւանքով ծնունդ կառնի «Նոր Մերձավոր Արեւելքը», եւ ինչ էլ որ անենք, մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ գործում ենք հանուն այդ Նոր Մերձավոր Արեւելքի»:

Արդեն վաղուց աշխարհում ոչ մի մասշտաբային փոփոխություն տեղի չի ունենում առանց ամերիկացիների նախաձեռնության կամ մասնակցության: Եվ նրանք չեն էլ թաքցնում, որ տվյալ աշխարհաշրջանի վերափոխման ծրագրի հեղինակներն իրենք են: Նպատակը ծավալուն էՙ վերաձեւել միջպետական սահմանները, ստեղծել նոր պետություններ եւ վերահսկել նրանց եւ առաջին հերթին էներգակիրներին ու դրանց փոխադրման ուղիները: Բաժանիր, որ տիրես:

Այս հիրավի գլոբալ ստրատեգիական նախագծի մեջ, սակայն, առանձնանում է առաջին հայացքից նույնիսկ էկզոտիկ մի թեմա, որը միշտ ուղեկցում է մերձավորարեւելյան զարգացումների ընթացքին: Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Պետերսի քարտեզին», ինչը, ի դեպ, զգալի հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Հայաստանի շահերի տեսանկյունից:

Պաշտոնաթող գնդապետ, ռազմափորձագետ Ռայֆ Պետերսը աշխատել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում, մասնավորապես Ազգային ռազմական ակադեմիայում: Հեղինակել է ռազմական եւ արտաքին քաղաքական բազմաթիվ աշխատանքներ: 2006 թվականին իր աշխատություններից մեկում եւ ԱՄՆ-ի զինված ուժերի Armed Forces Journal հանդեսում հրապարակված «Արյունոտ սահմաններ: Ինչպես կարող է ավելի լավ տեսք ունենալ Մերձավոր Արեւելքը» վերնագրով հոդվածում նա բերում է մի քարտեզ, որտեղ վերանայված են աշխարհաշրջանի գրեթե բոլոր պետությունների սահմանները: Սկզբում այդ քարտեզն ընդունվեց որպես ոմն ցնդածի երեւակայության արդյունք: Պատմում են, որ երբ այն ի տես է դրվել Հռոմի ՆԱՏՕ-ի ռազմական քոլեջում, որտեղ ուսանելիս են եղել թուրք սպաները, ապա վերջիններս, տեսնելով անդամահատված Թուրքիանՙ անկախ Քրդստանով, իրենց վրդովմունքն են հայտնել սեփական հրամանատարությանը, որն էլ իր «վճռական բողոքն» է հայտնել ամերիկացիներին: Սակայն այսօր փաստ է, որ «արաբական գարնան» լույսի ներքո այդ քարտեզի գնահատականը սկսում է որակապես փոխվել: Ակնհայտ է դառնում, որ «Պետերսի քարտեզը» խորապես պլանավորված մասն է այն մեկ նախագծի, որը, ինչպես ասվեց, իրականացնում է ԱՄՆ-ը այդ ինքնամփոփ ու անհանգիստ աշխարհաշրջանում: Նախերգանքը հարձակումներն էին Աֆղանստանի եւ Իրաքի վրա:

Մի կողմ թողնենք արաբական պետությունների մասնատումները եւ կանգ առնենք Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ու մերձակա երկրների տարածքային նախանշված փոփոխությունների վրա: Եթե ուշադիր նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ այնտեղ Հայաստանն արդեն սահմանակցում է ոչ թե Թուրքիայի, այլ անկախ Քրդստանի հետ: Մեր երկիրը զրկված է նաեւ Իրանի հետ անմիջական հարեւանությունից, քանզի Ադրբեջանին են հանձնված Իրանի որոշ հյուսիսային նահանգներ: Ադրբեջանը կորցրել է ընդհանուր սահմանն իր անձնվեր դաշնակցիՙ Թուրքիայի հետ: Ցամաքային սահման չունեն նաեւ Թուրքիան ու Իրանը: Հայաստանին է հանձնվում Կարսի նահանգը կամ նրա մի մասըՙ Արարատ լեռով: Բայց ահա կորսվում է Լեռնային Ղարաբաղը:

Քարտեզըՙ քարտեզ, սակայն երբ դրվում է դրա իրագործման հավանականության հարցը, ապա հառնում են խնդիրներ, որոնց լուծման պատասխանները մնում են անորոշ: Համենայն դեպս կարելի է պատկերացնել այն բազում նոր քաղաքական, ռազմական, էթնիկական եւ շատ այլ կոնֆլիկտները, որոնք կուղեկցեն սահմանների վերաձեւմանըՙ քուրդ-թուրքական, քուրդ-արաբական-պարսկական, ադրբեջանա-հայկական, թուրք-պարսկական, ինչու չէՙ հայ-քրդական, ադրբեջանա-վրացական եւ այլն:

Կհամաձայնի՞ անկախ Քրդստանը Արարատի վերադարձին: Կուզենա՞ն ամերիկացիները պարտադրել դա քրդերին: Ի դեպ, Մոսկվայում բնակվող քրդերը իրենց հանրահավաքներին միշտ հրավիրում են հայերինՙ որպես նույն «բարբարոս» ցեղից տուժած «եղբայրների»: Բայց արդյո՞ք մենք նրանց համար բնական դաշնակից կմնանք, եթե քրդերն իրոք անկախություն ձեռք բերեն:

Ինքնին հասկանալի է, որ «Պետերսի քարտեզը» անհամեմատ լայն վերլուծությունների տեղիք է տալիս իր պարունակած հսկայական մասշտաբի փոփոխությունների բերումով, եթե նույնիսկ դրանք այսօր տակավին «երկունքի ցավերի» մեջ են: Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, օրինակ, ժամանակակից Թուրքիայի մասնատումը համարում է անխուսափելի:

Խնդրի նկատմամբ բնական է նաեւ հայ քաղաքագետների մեծ ուշադրությունը, որոնք հանդես են գալիս նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցներում: Իր հոդվածներից մեկում բերված որոշ հետեւություններով թերեւս անողոք է Լեւոն Մելիք-Շահնազարյանը, սակայն ո՜վ կարող է բացառել իրադարձությունների զարգացմանՙ մեզ համար վատթարագույն տարբերակը:

«Մեզ «բոնուս» է առաջարկվում ի դեմս Կարսի շրջանի մի մասի, ավելի կոնկրետՙ Արարատի: Մնում է միայն պատկերացնելՙ երկա՞ր կպատկանի մեզ մեր պատմական սրբությունը (եւ երկա՞ր կգոյատեւի Հայաստանը), եթե մենք հայտնվենք թշնամական պետությունների շրջապատումՙ ավելի քան 60 միլիոնանոց բնակչությամբ: «Նոր Մեծ Մերձավոր Արեւելք» ամերիկյան նախագիծը մահացու հարված է Հայաստանին ու նրա ստրատեգիական դաշնակիցներին:



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արմէն Արմէնեան
Jan 27, 2012 7:00


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('18001') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219