ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, January 3, 2012 12:59 - 2 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 14)

Մաս  13  

Հաջի՜ն,այդ անմոռանալի՜ Հաջին…
Ինչ լավ է,որ քեզ նման մարդիկ կան աշխարհում,Հաջի՜:Դու և քեզ նմաններն եք կյանքի աղը՝ համն ու հոտը Հաջի՜…
-Մեր գեղի կես քյուրդեր էին,կեսն էլ խայեր-հանկարծ հնչում է Վանի Ծորովանց գյուղում ծնված-մեծացած տատիս ձայնը:-Ես ջահել աղջիկ իմ,կարգված չիմ:Գաղթի լուր որ առանք,ամենք խառնվան իրար:Թյուրք իմացեր էր,որ խայեր կգաղթին:Մենք չխասցրած մեր բոխչեք կապիլ,թյուրք լցվավ գեղ:Տուն-տուն կմտնին,խայերուն տուս կխանին ու կտանին:Մեր տուն գեղի վերի մաս կգտնվեր:Մեր տիմացի հարևան քյուրդ,որ մեր լավ հարևանն էր, մտավ մեր տուն, ասավ իմ խորն ու մոր՝.
-Թագուխիին տվեք ես տանիմ պախիմ,թյուրք չիկյա տանի:Իմ խեր համաձայնվավ,ինձ ու իմ մոր տվավ էն քյուրդին,էն առավ մեզ տարավ ուր տուն:Մենք էտ օրեն ետ,էլ իմ խոր չտիսանք,ի՞նչ էլավ,ի՞նչ չելավ՝ չիմացանք:Քյուրդ մեզի տարավ ուր տուն,ինոր կնիկ ուր շորեր, ուր աղջիկներուն շորեր պիրավ խաքցուց մեզի,առանք նստանք:Մեկ էլ թյուրք ասկյարներ,թվանք ձեռներ մտան տուն: Խայեր կա՞ն ծեր տուն-խարցուցին:Էտ քյուրդ ասավ՝ չէ ,իմ տուն խայ չկա,իսոնք իմ տան կնիկ արմատներն ին:Թյուրքի ասկյար նայե՜ց-նայե՜ց,թողեց ու կյնաց:Իրիկուն,որ ամեն պան խախանդվավ,էտ քյուրդ մեզ առավ տրեց ուր սել,պիրե՜ց խասցուց Վան՝մերոնց ու էտպես գաղթինք էկանք…
Պատմում է տատիս ձայնն իր անձնական ոդիսականը ու ես պատկերացնում եմ Հաջիին:Այ էսպիսի,Հաջիի նման մարդիկ են եղել այն քչերը,ունեցել են նույն սիրտն ու հոգին,որ իրենց կյանքի գնով պաշտպան են կանգնել,փրկել են հայերի բեկորները վերջնական կործանումից:
…  Թագուհի տատս իր ծննդյան տարեթիվը չգիտեր:
-Տատի´,տատի´-կանչում էինք մենք-դու ե՞րբ ես ծնվել:
-Էէէ՜  բալա,կարկուտի տարին-պատասխանում էր նա:Իսկ մենք չգիտեինք,թե այդ նշանավոր կարկուտը ե՞րբ է տեղացել,ո՞ր թվականին:Նա բոլոր  դեպքերի թվագրությունը  կապում էր բնության երևույթների հետ և մենք ծիծաղու՜մ,ուրախանում էինք տատիս միամտության վրա:
-Կարկուտի տարին ծնվա՜մ…Խավարման տարին պատերազմ սկսվավ …Կայծակու տարին իմ խորոխպոր տղեն սպանվավ…
Այսպիսին էր Ծորովանցի Թագուհի տատս:
-Մենք Բաղդադ մացինք մե քյանի տարի:Հետո,ով կուզեր համաձայնություն կյիտեր,որ Հայաստան իկյա-պատմում էր տատս:-Ես ու իմ մեր,կապինք մեր բոխչեքյ,միացանք խայերուն ու նստանք նավ:Բաղդադու Հարուն Ալ-Ռաշիդ թագավոր լա՜վ թագավոր էր,մեզ լավ կյիրիշկեր,բայց մենք մեր խող ու ճուր կուզինք:Նավ էկա՜վ Կարմիր ծով ընցա՜վ ու կայնավ Բաթում:Էնտեղեն էկանք Ղազախու քարվանսարեն:Իմ մեր ծանր խիվնդցավ ու մեռավ էտ քարվանսարի մեջ,ես մացի որբ-պատմում է տատիս ձայնը :-Հակոբի խորոխպեր Բաղդոն պատվական մարդ էր:Էնի որ տիսավ ես որբ մացի,կանչեց Հակոբ:Հակոբ էրկրի մեջ կարգված էր իլե,բայց ինոր կնիկ ծնդաբերության վրա մեռիրեր,էրեխեն էլ ուր խետ:Հակոբ կամավոր զինվորի շորերով էր,էկավ կայնավ մեր կուշտ:Խորոխպեր Բաղդոն ասավ ինոր՝.
-Տղա Հա´կոբ,էս Վանեցի աղջկա մեր մեռավ,հիմի որբ ի մացի:Կարգվի իսոր խետ,ջահել ի չերթա կուրիսի:ՈՒ քյո Հակոբ պապ, էն Ղազախու քարվանսարին մեջ կարգվավ իմ խետ:Խորոխպեր Բաղդոն մե կաղթական տերտեր պիրեց,որ մեր պսակ օրշնի:Տերտեր իմ  անուն ազգանուն խարցուց,Հակոբի անուն ազգանուն խարցուց,ասավ՝. «ես իսոնց պսակ չեմ օրշնի,իսոնք քյուր-աղպեր ին»:Իմ ազգանուն հայրանուն նույնն էր,ինչ Հակոբինը:Ես կգրվիմ Թագուհի Խաչատուրի Մարգարյան,քյո պապ կգրվեր՝ Հակոբ Խաչատուրի Մարգարյան ու էն տերտեր չէր խավտա,կիտեր թե քյուր ախպեր ինք:Բաղդոն պիրեց մե քյանի վանեցի մարդ,իտոնք տերտերին առաջ վկայութեն տվին,որ ես Հակոբի քյուր չեմ,նոր տերտեր մեր պսակ կտրեց:Էտտեղեն մենք իլանք,պատրաստութեն տիսանք, որ կյանք Հայաստան:Հակոբ ուր ծեռ մե մեծ տոպրակ ուներ,որ էրկրեն էր պիրե ուր խետ:Ինոր մեջ Մխկներու ժամի գրքերնին ու իր թվանք,մաուզեր:Հակոբի խետ էրկու էրեխա էլ կյին,մեկ տղա,մեկն էլ աղջիկ:Աղջիկ պստի՜կ-պստիկ,բարուրներու մեջ Բերկրիեն,խոտերու մեջեն էր քթի,տղին էլ Բաղդադ,վրաններու տակեն:Էն տղի մեր, վրանի տակ թոնդրան մեջ խաց թխելուն ընգիր էր թոնդիր ու իր երկու մանր տղաներ մացեր ին որբ:Մեկին Ամերկացու որբանոցն էր տարի,մեկին էլ՝ Արմենակին, Հակոբն էր վերցե և ուրանց խետ պիրե:
-Տատի,բա ու՞ր է պապիս զենքը-հարցնում էինք մենք հետաքրքրված ու զգուշավոր,որ չլինի թե պապս լսի ու բարկանա:
-Էէէ՜,բալա,մենք որ էկանք Հայաստան,Բաղդոն ու Հակոբ որոշին սահմանին մոտ բնակվիլ,որ պան ի,թե սահման պացվի,շուտ անցնինք էրթանք մեր էրկիր:Իտոր խամար էկանք Ղամարլու (Արտաշատի հին անունն է):Երկրի ղեկ բոլշևիկինն էր ու ինոնք անհավատ ին: Հակոբ իր պիրած գրքեր,խաչեր լցուց մե կարասի մեջ,վրեն էլ ուր զենքեր տրավ ու խորեց:Երկիր տառնալու հույս կտրվավ,մեր խորոխպեր Բաղդոն կսկծու մեռավ:Հետո, մեկ օր կյիշեր մե ավտո կայնավ մեր տուռ ու Հակոբին տարան:Մատնություն էր իլե,որ ինոր խեր դաշնակցական ի իլե,որ ինք թվանք առե թուրքի տեմ էր կռվե:Հակոբ տարան,ես արդեն իրեք տղա ունիմ,պզտիկ՝ ծեր խերն էր՝ 3-4 տարու:Մեկել օր, Բաղդոյի կնիկ Անթառամ իլավ,ուր մեջքին կապեց ծեր խեր,պռնեց ծեր պստիկ խորոխպոր՝ Ռազմիկի ծեռ ու կնաց Էրևան:Էրևան հարց ու փորձ էր արի,կնացիր էր մե ճոչավորի մոտ:Մտիր էր ինոր սենյակ,չոքիր էր ու համբուրիր էր ինոր կոշիկի քիթ:Էն ճոչավոր տեղեն իլե,պանցրցրե ու աթոռ էր տվի Անթառամին:Անթառամ ասիր էր ինոր՝.
-Քյե մեռնեմ տղա,մենք կաղթական,խաղա՜ղ,անշառ մարդ ինք:Թուրքի ծեռեն պրծեր ինք,իկերի՜նք խասե էստեղ,որ ապահով ապրինք,հանգիստ ապրինք:Մեր տուն ուրիշ տղամադ չկա,մենակ իմ տղեն ի,ինորն էլ պռնիր եք, բանտարկե:Էս ճժեր,ես ու իմ խարս մացեր ինք մեն մենակ ու անօգնական,մենք ի՞նչխ ապրինք իսորեն ետ:
Ճոչավոր ասիր էր՝.
-Քյո տղայի անուն ի՞նչ ի,մայրիկ:
Անթառամ ասիր էր՝.
-Հակոբ Մարգարյան:
Էն մեծավոր գրիր էր ու ասի Անթառամին՝.
-Մայրիկ,տու քյո տուն կնա,վաղը քյո տղան տուն կիկյա:
Էն մեծավորին ասածին պես, մեկել օր Հակոբ էկավ տուն:Ապրանք ու Վանեն Հակոբի պիրած գրքեր ու զենքեր մացին խորի մե՜ջ,չուր էն վախտ,երբ տելեվիզոր առաջին անգամ խոսաց,առաջին անգամ տիսանք ու իմացանք թե ինչ պան ի տելևիզոր:Իտորեն ետ,Հակոբ  էտ ամեն խանեց խորեն,գրքեր ու խաչեր տարավ Էջմիածին,զենքերն էլ տվավ միլիցային…-մի պահ լռում է տատիս ձայնը ու հետո լսվում են հազա՜ր անգամ կրկնված խոսքերը-Ա՜խ,ափսոս մեր շեն էրկիր:Ճամփան պացվե՜ր,մեկ էրթայինք Վա՜ն,Վանա ճուր խմի՜նքյ ու թող հենց էտ վախտ Աստված մեր խոքյին առներ:-Միշտ այս խոսքերով էր վերջացնում նա իր պատմությունը:Տատս դժվարությամբ էր քայլում,ձեռնափայտի օգնությամբ ու մենք հարցնում էինք նրան երբեմն՝.
-Տատի,բա որ երկրի ճամբան բացվի ,դու կարո՞ղ ես գնալ:
-Կերթա՜մ-կենդանանում էր տատս-թող մեկ պացվի՜,շատ լավ կերթամ:Էն կյախ մեռնելու էլ ըլեմ,կերթա՜մ…
Պապս, նստում էր մեզ հետ տան պատի տակ եղած աթոռին,դեմքով դեպի Մասիսները,ոգևորված անհասանելի երազն իրականություն դառնալու հույսից,վերցնում էր մի ճիպոտ ու գետնին գծում իր կորցրած Մխկների հատակագիծն ու ասում՝.
-Տիսեք բալեք,պան ի,թե էրկրի ճամփան պացվի ու Մխկներ էրթաք,մեր տուն ա՜յ էս ի-ու ճիպոտի ծայրով շրջանակի մեջ էր առնում այն կետը,որտեղ իրենց տունն էր գտնվում:Մանրամասն բացատրում էր ,թե տունը քանի քայլ է եկեղեցուց դեպի ձախ,թե փողոցի որ կողմում է գտնվում և նույնիսկ՝ ինչ գույնով է ներկված  դարպասը:Հետո խո՜րը հառաչում էր ու ասում՝.
-Էէէ՜,մեր էրգիր մեր ծեռեն կյնաց,թյուրք կթողու՞,որ մեկ էլ տառնանք Վան:Վա՜ն…Էն կյանքում դրա՜խտ,էս կյանքում մեր Վա՜ն…
Այս կարոտն ու ցավը փոխանցվում էին մեզ և մեր հոգիներում անթեղվում էր  այդ ցավից ծնված վրեժի ցասումը:Մենք ծնվել ու մեծանում էինք այս մթնոլորտում,պարբերաբար լսելով նրանց պատմություններն ու ականատես լինելով նրանց հոգեկան տանջանքներին,երբեմն նրանց արցունքներին,որ իրենց կորցրած «էրգրի» համար էին:
Ինչպես սկզբում եմ ասել,արդեն պատանեկության շրջանում,այս ամենին եկան լրացնելու նաև այլախոհ այն մարդկանցից լսած կարծիքներն ու պատմությունները մեր ազգային հարցերի շուրջ,որոնց հետ ծանոթ էր և շփվում էր հայրս:1976-77թվականներին,երբ ես 15-16 ամիա աղջիկ էի,արդեն կարդում էի արտասահմանից գաղտնի կերպով Հայաստան բերված գրականություն,որը մեզ էր հասնում նախկին քաղբանտարկիալ,ԱՄԿ-ի երդվիալ անդամ Հակոբջան Թադևոսյանի միջոցով և այս բոլորն իմ մեջ ձևավորում էին նոր աշխարհահայացք,նոր գիտակցություն,որոնք շատ տարբեր էին այն ամենից,ինչ որ փորձում էին ձևավորել Սովետական դպրոցներում:Քանի որ ես էի ընտրված  դպրոցական պատի թերթի խմբագիր,միշտ այնտեղ  զետեղում էի  հայրենասիրական բանաստեղծություններ և գրում այդ թեմայով հոդվածներ:Ես դպրոցում  փայլուն էի սովորում  պատմություն,աշխարհագրություն,Հայոց լեզու և գրականություն առարկաները և «Հայոց պատմություն» առարկան գիտեի «պետք եղածից ավելի»,որի պատճառով էլ միշտ հակասության մեջ էի պատմության ուսուցչուհուս հետ:Հայոց պատմության թեմայով միտումնավոր նրան ուղղված իմ հարցերը՝ շատ հաճախ մնում էին անպատասխան:Նա պատեհ-անպատեհ առիթներով միշտ հպարտությամբ հայտարարում էր.«ես Ստալինական եմ» և երբ ժամանակ առ ժամանակ խոսք էր բացվում մեր կորցրած տարածքների,Արևմտյան Հայաստանի քաղաքների ու գյուղերի մասին, քամահրանքով նետում էր՝.
-Մենք այնքա՜ն անմշակ հողեր ունե՜նք:Դեռ այս հողերը թող մշակենք,հետո նոր մտածենք ուրիշ հողերի մասին:
Պետք է ասեմ,որ նա հրաշալի մասնագետ էր, հրաշալի գիտեր իր դասավանդած «պատմություն» առարկան և ըստ այդմ՝ տգետ լինել չէր կարող այնքան,որ չհասկանար ,թե կորցրած տարածքները ընդհամենը գյուղատնտեսական վարելահողեր չեն «էրգրի» կարոտով տառապող մարդկանց համար:Նա ևս Վանեցի գաղթականի դուստր էր,բայց «Սովետական հովերին» գերի լինելով,շատ հեռու էր ընկել իր ծառից:Տարիներ շարունակ  առիթը բաց չէր թողնում դասարանի առաջ ցավ պատճառելու ինձ,ինձ և իմ ընտանիքը որակելով որպես «հակասովետական»:Նրա համար  բացարձակ գոյություն չունեին ազգային արժեքներ,նրանը՝ միայն սովետական արժեքներն էին:Ըստ նրա, բանդիտներ ու թալանչիներ էին մեր ազգային բոլոր հերոսները,ընդհուպ մինչև Անդրանիկը:Եվ սա էր պատճառը,որ ես երբեմն հրաժարվում էի «հայոց պատմության» դասս պատասխանել,ոտքի կանգնելով ու հայտարարելով,որ.«ես այս պատմությունն այսպես չգիտեմ,հրաժարվում եմ այսպես պատասխանելուց»:Սա նրա համար մի մեծ խաղաքարտ էր,քանի որ,միևնույն է՝ ինչքան էլ փայլուն պատասխանեի դասս,զարմանալիորեն,բացեիբաց անազնվություն դրսևորելով,նա ինձ միջինից բարձր չէր գնահատում,մինչև մի օր բարկությունից դիմեցի դպրոցի դիրեկտորին և պահանջեցի հատուկ քննություն անցկացնել:Դրանից հետո միայն ամեն բան իր տեղն ընկավ,բայց ուսուցչուհուս՝ իմ հանդեպ դրսևորած տարիների վերաբերմունքն իմ մեջ ձևավորեց տվյալ ժամանակաշրջանին օտար,խորթ մի մարդու հոգեբանություն,ինչն էլ ինձ մղեց ավելի ու ավելի խորանալ «հակասովետական» հարցերի մեջ:

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ  ՄԱՐԳԱՐՅԱՆ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sofia
Jan 3, 2012 13:49


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('17287') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://n-idea.a...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219