ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, August 18, 2011 1:54 - 1 քննարկում

Լևոնի և Սերժիկի ամուսնությունից ՀԱԿ-ը չի հղիանում: Ապահարզանը սարերի ետևում չի: Կոալիցիան հաստատված իմպոտենտության վկայական ունի::

Գյալաջին մեկնարկում է

Գյալաջին մեկնարկում է

Եվ այսպես, վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսի սիրելին դարձած Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ՀԱԿ–իշխանություն «երկխոսության» օրն ու ժամադրավայրը։

Լևոն Տեր–Պետրոսյանի պատվիրակներին առաջարկվել է Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահը, որտեղ նրանք կոալիցիայի ներկայացուցիչների հետ քննարկումներ են կազմակերպելու։ Քննարկումներին մասնակցելու է նաև ՕԵԿ–ը, և սա շատ նշանակալից ու խորհրդանշական իրադարձություն կարող է դառնալ 2008–ին Սարգսյանի հետ «երկխոսություն» իրականացրած Արթուր Բաղդասարյանին «ախք» որակումը տված ՀԱԿ–ի ղեկավարության համար։

ՀԱԿ–ը, թերևս, սեփական դեմքը փրկելու նպատակով մի հայտարարություն տարածեց, որի առաջին հատվածում կոշտ գնահատականներ տվեց արտահերթ ընտրությունների չգնալու իշխանության վարքագծին ու «ցրողական» կեցվածքին, բայց վերջում … հեզորեն պատրաստակամություն հայտնեց «հանրայնանալ», այն է՝ «երկխոսել»։ Ասել է թե՝ մենք հերթական անգամ տեսանք, որ ՀԱԿ–ը «կծում» է, «քացի» է տալիս իշխանություններին, բայց դա հին, «միաբանական» ավանդույթ է. «հարսնացուն» ինքն է ուզում, որպեսզի իր հետ «երկխոսեն» և պետք չէ զարմանալ, որ Ս. Սարգսյանը կատարում է իր «էջմիածնական միաբանների» ցանկությունը։

Տեր–Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ «Էրեբունի» հյուրանոցում բեմադրվող գյալաջիներով ոչ մի արտահերթ էլ տեղի չի ունենալու, բայց ստիպված է համակերպվել Սարգսյանի կողմից թելադրվող խաղի կանոնների հետ։

ՀԱԿ–ին մնում է միայն հայտարարել, թե սա այն «երկխոսության» ձևաչափը չէ, որն իրենք էին ուզում, հետևաբար՝ արտահերթի սպասումներ այս «երկխոսությունից» պետք չէ ունենալ։ Այսինքն՝ «արմատականներն» այսօրվանից նախապատրաստում են հետագայում դեմագոգիայով զբաղվելու գործընթացը, որպեսզի շարքերին հետագայում  բացատրեն, թե ինչու հյուրանոցներում ու փոքր սրահներում կազմակերպվող միջոցառումները  չբերեցին  արտահերթ ընտրությունների։ Ինչևէ։

Անկախ այն հանգամանքներից, թե ձևական առումով ինչպիսի՞ զարգացումների ականատես կլինենք, քանի՞ հանդիպում կկայանա «երկխոսության» շրջանակներում և կողմերից յուրաքանչյուրն ինչպիսի՞ պահվածք կդրսևորի ու ինչպե՞ս հանրությանը կներկայացնի «շախմատի» ընթացքը, մեկ բան ակնհայտ է՝ ՀՀ քաղաքացիներին  մատուցվելու են էժանագին սերիալ հիշեցնող տեսարաններ և երկու կողմից էլ փորձ է արվելու շեղել մարդկանց  ուշադրությունը երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին հիմնական խնդիրներից։

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա «ընդդիմախոսների» մարտավարությունն ու ռազմավարությունը հետևյալն է.

ա) մարտավարական բնույթի հարցեր

Սերժ Սարգսյանը փորձելու է ժամանակ ձգել մինչև ԱԺ հերթական ընտրությունները  և ՀԱԿ–ի հետ գյալաջի անելու միջոցով մոռացության մատնել իշխանության արձանագրած բացասական արդյունքները։

Տեր–Պետրոսյանը ձգտելու է համոզել Սարգսյանին, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեն (արտահերթ նախագահականի պահանջը դեկորատիվ բնույթ ունի «ընդդիմադիր» առաջնորդի համար, քանի որ այդպիսի պահանջ ունեցողը չէր աջակցի Սարգսյանի վերարտադրությանը նպաստող ու նրա իշխանական դիրքերը թեկուզև ժամանակավորապես ամրապնդող կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը), իսկ եթե դա չստացվի, ապա ՀԱԿ–ի խնդիրը լինելու է մինչև խորհրդարանական հերթական ընտրությունները տիտղոսային ընդդիմության  կարգավիճակի պահպանումը՝ «ջրբաժան» մոգական բառն օգտագործելով։ Թե որքանո՞վ արդյունավետ կլինի «միաբանների» այդ մարտավարությունը՝ պարզ կդառնա միայն խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։ Արդյունքներ, որոնք նեկրոլոգիայի պես մի բան կլինեն ՀԱԿ–ի համար։

«Ջրբաժանի» մասով նկատենք, որ հայտնի առանձնահատկությունները հաշվի առնելով՝  սեպտեմբեր ամսից «ջրբաժանի» հայեցակարգով են առաջնորդվելու ՀՀ գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու շարքային ընտրողները, քանի որ գործնականում մտնում ենք նախընտրական փուլ և նույնիսկ ՕԵԿ–ն ու Սերժ Սարգսյանը, քարոզչական ինչ–ինչ խնդիրներ լուծելու նպատակով, աշնանից սկսած «ջրբաժանային» կդարձնեն իրենց հռետորաբանությունը՝ «պայքարելով» սպասվող ընտրակեղծիքների, կոռուպցիայի, հովանավորչության, օլիգոպոլիաների ու այլ փիս–փիս բաների դեմ։ Ասել է թե՝ սեպտեմբերյան «ջրբաժանով» որևէ մեկին այլևս չես զարմացնի։ Այնպես որ Տեր–Պետրոսյանը օրիգինալ չի լինի իր աշնանային գնահատականների ու կոչերի «մոնղոլ–թաթարացմամբ»։

բ) ռազմավարական բնույթի հարցեր

Ինչպիսի մարտավարական խնդիրներ էլ լուծելու լինեն «շախմատիստները»՝ ռազմավարական բնույթի հարցերում նրանց ավելի շատ բան է միավորում, քան տարանջատում և, հետևաբար, «երկխոսողները» շատ հարցերում փոխհամաձայնեցված վարքագիծ ունեն և կունենան։

Հայտնի է, որ Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը միևնույն կողմնորոշման կամ, ավելի ճիշտ, քաղաքական ու գաղափարական իմաստով սիամական երկվորյակներ հիշեցնող գործիչներ են, ովքեր մտածողության ու տեսակի առումով, չնչին բացառությունները չհաշված,  իրարից չեն տարբերվում և որոնց նպատակը ներկա արատավոր բարքերի ու սահմանադրական կարգի պահպանումն է։ Նրանց միջև կռիվն ընդամենը գնում է գործող կլանաօլիգարխիկ համակարգի տնօրինման և «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը սեփական թիմով իրականացնելու հարցի շուրջ։

Սարգսյանի առավելագույն ու նվազագույն  ծրագրերը

Սարգսյանի առավելագույն ծրագիրը «երկխոսության» միջոցով իշխանության պահպանումն ու վերարտադրումն է։ Նվազագույն ծրագիր նա չունի կամ փորձում է չմտածել այդ ծրագրի մասին։

Սարգսյանի համար նվազագույն ծրագիր կարող է համարվել իշխանության հանձնումը՝ առանց ազատությունից զրկվելու և սեփականությունը կորցնելու հեռանկարի, ինչը, սակայն, Տեր–Պետրոսյանը չի ուզենա ու չի կարողանա  երաշխավորել։ Հետևաբար՝ Սարգսյանը մինչև հերթական ընտրությունները դատապարտված է «երկխոսության» ու այլ տեխնոլոգիաների կիրառման օգնությամբ պահել իշխանությունը և նվազագույն ծրագրի շրջանակներում՝ ընտրական գործընթացների արդյունքում հանձնել իշխանությունը, սակայն հանձնել ոչ ՀԱԿ–ին, քանի որ Սարգսյանը լավ գիտե, որ Տեր–Պետրոսյանը հլու–հնազանդ «միաբան» է և  օգտագործման ենթակա գործիչ քանի դեռ ձեռքին ճար չկա, բայց առյուծ է կտրում, երբ զինված է լինում պետական իշխանության լծակներով։

Տեր–Պետրոսյանի առավելագույն ու նվազագույն ծրագրերը

Տեր–Պետրոսյանի առավելագույն ծրագիրը արտահերթի միջոցով իշխանափոխության հասնելն է։ Դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ Սարգսյանը շարունակի տառապել ինքնաոչնչացման սինդրոմով, ինչին կղերապահպնողական մտածողություն ունեցող ՀԱԿ առաջնորդը չի հավատում և ներքուստ պատրաստ է բավարարվել իր նվազագույն ծրագրով, որն իրենից ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի կամ այլ ուժերի դեմ պայքարելը՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովելու և հաստիքային «ընդդիմություն» դառնալու հեռանկարով։

Տեր–Պետրոսյանն, ըստ այդմ, առաջնորդվում է հետևյալ հաշվարկով.  եթե ես չեմ փոխարինելու Սարգսյանին, ապա ցանկացած այլ սցենարով իշխանափոխությունը վերջնականապես կմարգինալացնի ոչ միայն ՀՀԿ «ճկուն» ղեկավարին, այլ նախևառաջ ինձ, հետևաբար՝ պետք է նպաստել ներքաղաքական դաշտի այժմյան ստատուս քվոյի պահպանմանը, իսկ իշխանություն վերցնելու հույսը կապել միայն Ղարաբաղի հարցով ստատուս քվոյի փոփոխության հետ։

. . .

Ահա սրանք էին «երկխոսության» կողմերի գործունեության մոտիվները։ Այսինքն՝ մենք, ի դեմս Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի, գործ ունենք ձախողված ու գաղափարական առումով խայտառակ պարտություն կրած սուբյեկտների հետ, ովքեր փորձում են միմյանց օգնելով պահպանել դիրքերը, իսկ հնարավորության դեպքում նաև բարելավել դրանք։ Իսկ դա նշանակում է, որ «երկխոսությունն» իր մեջ պետական ու հասարակական շահի տարր անգամ չի պարունակում։

Այս «երկխոսությունը» Տեր–Պետրոսյանի երազած Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների համագործակցության սցենարը հիշեցնող երևույթ է, ինչն այլ կերպ, քան հաճախորդացման հերթական գործընթաց չես անվանի։

Միակ դրականն այստեղ այն է, որ և՛ Սարգսյանը, և՛ Տեր–Պետրոսյանը յուրաքանչյուրն իր մասով դեվալվացիայի է ենթարկվում ու ենթարկվելու «երկխոսության» ընթացքում ու դրանից հետո, քանի որ ժամանակն աշխատում է երկուսի դեմ։ Մնում է միայն պատրաստ լինել՝ «ֆուտբոլասերների» քաղաքական մահն ընդունելու և երկրում որակական փոփոխություններ իրականացնելու համար։

Անդրանիկ Թևանյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

david
Aug 27, 2011 22:44


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('14486') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBC\xD6\x87\xD5\xB8\xD5\xB6\xD5\xAB \xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBC\xD6\x87\xD5\xB8\xD5\xB6\xD5\xAB \xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBC\xD6\x87\xD5\xB8\xD5\xB6\xD5\xAB \xD6\x87 \xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219