ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, February 13, 2012 0:24 - 6 քննարկում

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 20)

Մաս  19

     Արդեն մի քանի օր էր,որ Աշտարակի  ՀՀՇ-ի կողմից ուղարկված ջոկատը տեղավորվել էր Կոռնիձորում,երբ Արտաշատի միլիցիայի բաժինը մի խումբ զինված միլիցիոներների ուղարկեց Արավուս:Այս խումբը սկզբնական շրջանում չեզոք դիրք էր գրավել,սակայն կարճ ժամանակից հետո նրանք իրենց մոտ եղած ավտոմատները վստահում էին ջոկատի մարտիկներին,երբ հարձակումներ էին լինում սահմանի վրա,քանի որ Ավշարի դպրոցից բերված զենքերը բավական չէին բոլորին:Կային միլիցիոներներ էլ,որ զինված մտնում էին խրամատ ջոկատի մարտիկների հետ մեկտեղ և անձնվիրաբար պաշտպանում հայրենի սահմանները,ինչը նրանց իրականում թույլատրված չէր:Այսպես,ավտոմատ զենքերով քիչ թե շատ զինվելուց հետո,ադրբեջանցիների կողմից կատարված ամեն մի հարձակում ետ էր մղվում և բացարձակ ոչ մի ադրբեջանցու ոտք անգամ ներս չէր ընկնում սահմանից այս կողմ:Գորիսի թերթն սկսել էր արդեն հոդվածներ գրել ջոկատի մասին,հիացմունքի ու գովասանքի խոսքերով հանդերձ,իսկ Արտաշատի միլիցիայի աշխատողները շրջան վերադառնալիս զարմանքով ու հիացմունքով էին պատմում ջոկատի մարտիկների կատարած անձնվեր գործերի մասին: Ադրբեջանցիների կատարած բոլոր հարձակումները ետ մղելուց բացի,տեղի բնակիչների օգնությամբ Սամվելը կազմում էր տարածքի քարտեզը,որի վրա նշում էր իր ծրագիրն իրագործելու ժամանակ սահմանից այն կողմ անցնելու հնարավոր բոլոր կետերը: Սահմանի պաշտպանությանը և այս ամենին բոլորովին անհաղորդ էր Աշտարակի ջոկատը:Նրանք գտնվում էին Կոռնիձորի հին դպրոցի շենքում և մինչև ուղն ու ծուծը ՀՀՇ-ական հանդիսացող այդ ջոկատի հրամանատարը արգելում էր որևիցէ քայլ ձեռնարկել,ասելով,որ Աշտարակի ՀՀՇ-ից չունի ոչ մի հրաման:Նրանք զինված էին միայն որսորդական հրացաններով: Երբ արդեն մանրամասնորեն ճշտված էր տարածքի քարտեզը և պատրաստ էր կատարվելիք գործողության ամբողջ պլանը,Սամվելն ու ջոկատի խորհրդի անդամները աշնան ցուրտ մի երեկո ոտքով Արավուսից իջնում են Կոռնիձոր՝ Աշտարակի ջոկատի մոտ: «Ես արդեն բավականին լավ մշակել էի պլանը-հետագայում պատմում էր Սամվելը,-ճարել էի օպերացիայի համար անհրաժեշտ ամեն բան,տղաներից ամեն մեկն ուներ իր գործը,գիտեր ինչ պիտի անի,օպերացիայի խափանման դեպքում ինչ պիտի ձեռնարկի:Մենք մի քանի ավտոմատներով ու հասարակ որսորդական հրացաններով և ինքնաշեն պայթուցիկներով,որը պատրաստում էր Կոռնիձորցի մի երիտասարդ և որոնք տեղադրել էինք անվադողերի մեջ,դուրս էինք գալու թշնամու դեմ,որն իր կողքին ուներ լավ զինված ռուսական կանոնավոր բանակ,որոնց ավտոմատներով ու հրանոթներով անգամ գնդակոծվում էին մեր դիրքերն ու թիկունքում գտնվող գյուղերը:Գիտեինք,որ անհավասար ուժեր ենք,բայց ուրիշ հնար չունեյինք,ամեն կերպ պետք էր խանգարել,խափանել նոր ադրբեջանական գյուղի ու գործարանի հիմնումն այդ տարածքում,ինչը վերջնականապես կտրում էր Գորիս-Ստափանակերտ ճանապարհային կապը:Միակ բանը,որի մասին մտածում էինք, այն էր,որ հնարավոր անհաջողության,նահանջի դեպքում թիկունքն ապահովված լիներ:Իսկ ես այդքան մարտիկ չունեի:ՈՒ որոշեցի իմ պլանների մասին հայտնել Աշտարակի ջոկատի պետին ու խնդրել օգնություն»: Հանդիպումը կայանում է:Սամվելը մանրամասնորեն բացատրում է իր ծրագրի մասին ու խնդրում ապահովել թիկունքը:Բայց Աշտարակի ջոկատի պետը չի համաձայնվում,ասելով,որ իրենք իրավունք չունեն ոչինչ անել,մինչև ՀՀՇ-ն Երևանից չկարգադրի:Այս պատասխանը լսելով Աշտարակի ջոկատի մարտիկներն սկսում են դժգոհել,թե Արտաշատցիք շատ ճիշտ քայլ են մտածել ձեռնարկելու և որ իրենք ուղղակի պարտավոր են օգնել այդ գործին,ու զենք չեն վերցրել, ընտանիքներից կտրվել եկել սահման,որ նստեն գյուղում ու տեսնեն,թե թշնամին ինչպես է ամեն օր կրակ բաց անում ու փորձում Արցախը կտրել Հայաստանից:Զինվորների դժգոհությանը նրանց հարամանատարը նորից պատասխանում է ,որ մինչև կենտրոնական ՀՀՇ-ն չասի,ինքը տեղից չի շարժվի:Հրամանատարի այս ասածը պաշտպանում է նաև ՀՀՇ-ի մեկ ուրիշ նվիրյալ՝ Մուշեղ Սաղաթելյանը:Իսկ թե Երևանում նստած ՀՀՇ-ն ինչպե՞ս պիտի ամեն օր ու ժամ իմանար, թե ինչ է կատարվում հեռավոր սահմանագծում և թե ինչ է անհրաժեշտ անել,կամ՝ չանել,սա էլ մնում է այդ հրամանատարի գիտենալու բանը: Մերժում ստանալով Սամվելն իր տղաների հետ վեր է կենում ու ճանապարհ ընկնում դեպի Արավուս: «Ահավոր մութ էր,-պատմում էր Սամվելը-քանի որ կարգադրել էինք ապահովության համար անջատել գյուղերի տների ու փողոցների բոլոր լույսերը:Մենք մեքենա չունեինք,եկել էինք ու ետ էինք գնում ոտքով:Կլիներ մի 20 րոպե,որ քայլում էինք դեպի Արավուս,երբ հանկարծ մթան մեջ կանչի ձայն լսվեց:Կանչը թույլ էր,զգուշավոր,բայց զգացի որ ինձ են կանչում:Կանգնեցինք ու վարկյաններ անց տեսանք մթության մեջ մեզ մոտեցող մի խումբ մարդկանց:Առջևից գալիս էր թավաբեղ մի մարդ՝ Գեղազնիկը:Մոտեցան ու նա հևիհև հայտնեց մեզ,որ իրենք արդեն որոշել են,զինվել ու ամբողջ խմբով եկել են մեզ օգնության:Գեղազնիկին հարցրեցի,թե բա ու՞ր է իրենց հրամանատարը,նա ասաց թե.՝ Սամվել ջան,քո գնալուց հետո մենք դրա հետ վիճեցինք:Որ պետք է գայինք ու անգործ նստեինք էս գյուղում,հենա կնստեինք մեր ընտանիքների կողքին,էլ ինչի՞ ենք էսքան ճամփա կտրել ու հասել էստեղ:Հենա,էդ հրամանատարին կապկպել գցել ենք գոմը,վրեն մի երկու հոգի պահակ ենք դրել,որ լույսը բացվելուն բաց թողնեն ու հետ գնա,գնա որտեղ պետքնա զեկուցի,որ մենք է´լ ՀՀՇ չենք,մենք էսօրվանից միանում ենք քեզ ու քո հրամանատարության տակ ենք:Ջոկատից էն Մուշեղին էլ,որ պաշտպանում էր դրան, զինաթափել ու թողել ենք դպրոցի շենքում:Դու,Սամվել ջան ,Անդրանիկի գործն ես շարունակում,դու մեր Անդրանիկն ես,մենք ո՞նց ձեռներս ծալենք ու նստենք»:«Ես շատ հուզվա,- պատմում էր Սամվելը,փաթաթվեցի Գեղազնիկին ու ասի՝.- ախպերս,որ ես քո Անդրանիկն եմ,դու էլ իմ Չավուշն ես:ՈՒ էդ օրվանից ես նրան է´լ Գեղազնիկ չէի ասում,ասում էի՝ Չավուշ»:Եվ նրան հետագայում այդպես էլ անվանում էին բոլորը՝ Չավուշ,մինչև նրա ողբերգական ու «հանելուկային» մահը: Եվ միացյալ այս ջոկատը, հաջորդ  գիշեր,զինված, պատրաստված՝ըստ ծրագրի,«ՈՒրալ» մակնիշի մեքենայով,որը ձեռք են բերում հենց Կոռնիձորից, ուղղություն է վերցնում դեպի թշնամու դիրքերը:Հասնելով սահմանագծին,մեքենան թողնում են և վերցնելով զենքերն ու պայթուցիկներով լիցքավորված անվադողերը,անցնում են սահմանը,հետո գետը և  բարձրանում հանդիպակած բլուրը:Վիճակը նպաստավոր էր հայ մարտիկների համար,քանի որ պարզվում է,որ այդ գիշեր բոլորը քնած են ու շինարարությունը դադարեցված:Դե՝ նախահարձակ կողմ հանդիսացող ու նաև իրեն անպարտելի կարծող ադրբեջանական կողմն ի՞նչ պատկերացներ,որ խաղաղասեր հայի բազուկը մի օր կարող է բարձրանալ իր վրա ու հարվածել… Եվ հաշված րոպեներ անց,գիշերվա խաղաղ լռության մեջ սարսափելի ճայթյունով որոտում են բլրից շինությունների վրա գլորված անվադողերը,ահավոր սարսափի ու խուճապի մատնելով ադրբեջանցիներին ու քանդուքարափ անելով շինությունների մի մասը:Իսկ հայ կամավորները արագ ու անկորուստ իջնում ու հեռանում են դեպքի վայրից: Այս նույն գործողությունը կրկնվում է մի քանի անգամ,տարբեր օրերի ընթացքում,քանդելով կառուցած ադրբեջանական շինությունների մեծ մասը և որ ամենակարևորն է՝ ստիպելով սարսափած ադրբեջանցիներին դադարեցնելու շինարարությունը:Եվ ոչ միայն:Կարճ ժամանակ անց, սարսափած ադրբեջանցիները լքում են գյուղն ու հեռանում,թողնելով այնտեղ միայն իրենց գրոհային ջոկատին: Այս դեպքերի մասին,ԽՍՀՄ ՆԳ մինիստրության մամուլի կենտրոնը «Պրավդայի» 1989թ.-ի հոկտեմբերի 6-ի համարով հաղորդում է՝. «Ադրբեջանական ԽՍՀ-ի Լաչինի շրջանում,ժամը 20-ին մոտ հայազգի մարդիկ,20-25 մեքենաներով ժամանելով Հայկական ԽՍՀ Գորիսի շրջանից,զինված հարձակում են կատարել Ջաղազուր գյուղի վրա:Հարձակվողները կիրառել են հրազեն,ազդանշանային հրթիռներ,ինքնաշեն պայթուցիկ սարքեր:Հայ գրոհայիններին ղեկավարել է մի ոմն Սամվել Մարգարյան»: Այսպիսով ջոկատը դառնում է Գորիսի ողջ սահմանային գծից այն կողմ եղող ադրբեջանցիների ահն ու սարսափը:Ամեն երեկո ջոկատի մարտիկները, իրենց համար զորանոց ծառայող հարդանոցին կից Սեդա մայրիկի տանը հավաքված,լսում և դիտում են Ադրբեջանական ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդումները,որոնք չափազանցված գույներով ներկայացնում են հայ «գրոհայինների» կատարած գործողությունները:Հայերի կողմից ստեղծված ինչ որ «անհայտ ու հզոր»զենքի մասին ադրբեջանցիների հորինած լեգենդը կրկնում են նաև Մոսկվայի հաղորդումներում,ավելի մեծացնելով ադրբեջանցիների սարսափը:Ի՞նչ իմանային այն ժամանակ մեր «անպարտելի  քիրվաները»,որ այդ «անհայտ ու հզոր» զենք ասվածը, ընդհամենը տրակտորի հին ու մաշված անվադողեր են,որոնց մեջ լցված էին ինքնաշեն պայթուցիկներ և որոնք հաշվարկված էին այնպես,որ բլրից գլորվելով,վառվող լարը հասնում էր պայթուցիկներին ճիշտ այն ժամանկ,երբ անվադողն արդեն ներքևում գտնվող ադրբեջանական շինությունների պատերի տակ էր: Մոսկվայից եկող այս հաղորդումների դեմ իրենց բողոքն էին բարձրացնում և´ Գորիսի թերթը,և´ Հանրապետության ուրիշ թերթեր:Գորիսի թերթն հատկապես յուրովի էր բացատրում ջոկատի կատարած գործողությունները և հիացմունքի խոսքեր չէր խնայում ջոկատի հասցեյին: Եվ  կարճ ժամանակ անց, ողջ Հանրապետությունում լեգենդներ  տարածվեցին ջոկատի մասին,մարդիկ հպարտությամբ էին պատմում այս մարտիկների կատարած գործերի մասինիսկ ադրբեջանական ռադիոն բացահայտ հայտարարություններ էր տալիս,որ սահմանից այն կողմ գտնվող հայ «գրոհայինների» ղեկավար Սամվել Մարգարյանի գլուխը բերողը կվարձատրվի  30 000ռուբլով,որը հետագայում բարձրացրեցին մինչև 50 000-ի:Այս դեպքերից ուղիղ մեկ տարի անց,երբ ջոկատի մարտիկները բանդիտիզմի մեղադրանքով կանգնած էին Հայսատանի Հանրապետության Գերագույն Դատարանի առաջ,Գորիսի շրջանի սահմանամերձ բոլոր չորս գյուղերի գյուղխորհրդի նախագահները,Գորիսի շրջանի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Ռ. Ալեքսանյանը և գրող Սերո Խանզադյանը իրենց գրավոր բողոքները պետք է բարձրացնեյին և պահանջեյին՝ անհապաղ ազատ արձակել, իրենց իսկ խոսքերով ասած՝.«Արտաշատի ջոկատի մարտիկներին,որոնք հանդիսանում են Գորիսի հերոսները:Իսկ Սամվել Մարգարյանն այն մարդն էր,որը ադրբեջանցիների ահն ու սարսափն էր ու նրա համար ադրբեջանցիները գլխագին էին խոստանում…»:(Գրված այդ բոլոր բողոքներն իրենց ամիս-ամսաթվերով,անուն-ազգանուններով  մեջ կբերվեն իրենց տեղում):Իսկ ո՞վ էր,կամ՝ ովքե՞ր էին այն մարդիկ,որ այս անուն-ազգանունը հասցրել էին Հայաստանից՝  Մոսկվա ու Ադրբեջան… Պարզ է,որ ջոկատի ձեռք բերած փառքը հնագիստ չէր տալու ոմանց:Իսկ օտարամոլ ազգադավներ միշտ են եղել մեր պատմության ընթացքում և որպես կանոն՝բարձր խավից են եղել նրանք,իշխաններ,կամ՝ հետագայում բարձր պաշտոնիաներ… Եվ այսպես,այս դեպքերից անմիջապես հետո,հանկարծ Գորիսի հենց Արավուս գյուղում հայտնվեցին մի խումբ բավականին լավ զինված մարդիկ,որոնցից շատերը նախկինում Արտաշատում հայտնի,բազմակի դատված քրեական հանցագործներ էին:Ինչպե՞ս էին նրանք հասցրել այդքան կարճ ժամանակում այդպես զինվել՝ անհայտ էր և ինչու՞ էին եկել հե´նց Արավուս գյուղ,որտեղ գտնվում էր ջոկատը:Նրանց ղեկավարն էր Արտաշատի Զովաշեն գյուղի բնակիչ Ռուբիկ Հակոբջանյանը, որն հետագայում, իր իսկ ձերբակալությունից հետո ցուցմունք էր տալու,որ՝. «Ես Սամվել Մարգարյանի դեմ անձնական ոչինչ չեմ ունեցել:Ինձ իր մոտ է կանչել Հանրապետության ՆԳ մինիստրի տեղակալ Կառլեն Թորոսյանը, հանձնարարել է  որ խումբ հավաքեմ,մեկ շաբաթում մեզ է տվել 50 հատ զենք և ասել է,որ մեծ քանակությամբ զենք է հայտնվել անկախականների ձեռքը,ինչը մեծ վտանգ է ներկայացնում կոմունիստների համար:Նա մեզ հանձնարարել է վերացնել Սամվել Մարգարյանի ջոկատը մինչև վերջին մարդը,ասելով որ մենք պատասխանատվություն չենք ենթարկվի:Մենք կատարել ենք Կառլեն Թորոսյանի հանձնարարությունը»:

Այն կարծիքը,որ իբր Հանրապետությունում ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը դրեց մարդասպանների անձնական բանդա ստեղծելու և նրանց հրամաններ տալու հիմքը, սխալ է… Վանո Սիրադեղյանից շատ առաջ,երբ Հանրապետության ՆԳ նախարար էր Կառլոս Ղազարյանը,այդ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանն  էր, որ ստեղծեց առաջին զինված բանդան և հանեց Արտաշատի «Անկախության Բանակ»-ի դեմ,նրա մարտիկներին ներքաշելով արյունոտ ու կեղտոտ հակամարտության մեջ: Հետագայում ՀԱԲ-ի քաղ.գծով հրամանատար Վարդան Վարդանյանը,իր «ՀՀՇ-ի ծանր վարագույրից այն կողմ» գրքում պետք է գրեր այսպիսի  տողեր՝. «Կարմիր Մոսկվան իր կամակատարների միջոցով կազմակերպում էր պրովոկացիաներ,ամեն ինչ անում էր,որ առիթ ստեղծեր քաղաքացիական պատերազմի և առիթով ճնշեր ժողովրդական շարժումը:Այդպիսի պրովոկացիա պետք է ստեղծեր այն կետից,որն ամենաուժեղն էր:Իսկ այդ ժամանակ Հանրապետությունում ամենաուժեղը Սամվել Մարգարյանի գլխավորած Արատաշատի «Անկախության Բանակն» էր:Նրանք Հանրապետությունում ամենալավ զինված ջոկատն էին,աչքի էին ընկնում իրենց քաջությամբ,կազմակերպվածությամբ:Մասնակցել էին բազմաթիվ մարտերի Կոռնիձորում,Երասխավանում,Նոյեմբերյանում,Վայքում և այլն…Եվ կոմունիստներն սկսեցին հենց նրանցից…»:

(Շարունակելի)

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հովհաննիսյան Գևորգ
Feb 13, 2012 1:24