ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, February 17, 2012 9:00 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 21)

                                      Մաս  20

Կոռնիձորի մարտ

Ռուբիկ Հակոբջանյանի գլխավորած հանցագործների խմբի մուտքը Արավուս, Սամվել Մարգարյանի ջոկատին պարտադրեց զգուշավորություն պահպանել և աչալուրջ լինել:Գորիսում նրանց ներկայության մասին, անմիջապես հայտնեցի Մովսես Գորգիսյանին և Աշոտ Նավասարդյանին:Երկուսն էլ պատասխանեցին,որ ծրագիր կմշակեն և ջոկատը կուղարկեն սահմանային ուրիշ գոտի:Նրանց հայտնվելու հետ մեկտեղ, Արտաշատի միլիցիայի բաժնի աշխատողները զարմանալի կերպով անմիջապես լքեցին Արավուսն ու վերադարձան Արտաշատ:Ինչու՞,ո՞վ էր նրանց հենց այդ ժամանակ տվել ետ վերադառնալու հրաման և ինչու՞ էր հանկարծ զինված նախկին հանցագործների այդ խումբը հայտնվել հե´նց Արավուսում,երբ Գորիսի սահմանի երկայնքով կային ուրիշ շատ գյուղեր,որոնք զուրկ էին պաշտպանությունից…Այս հարցերի վերաբերյալ եղած կասկածները պետք է ամբողջովին պարզ դառնային հետագայում,իսկ այդ ժամանակ ջոկատի մարտիկներն եթե ստիպված էին բացահայտ պաշտպանել սահմանը թշնամուց, ներքին կարգով էլ պաշտպանում էին թիկունքը՝ «յուրայիններից»: Դավադիր խմբի վերաբերյալ եղած կասկածները օր-օրի ավելանում էին,քանզի բացահայտորեն նրանք հետևում էին ջոկատի ամեն մի քայլին և սղոսկում այնտեղ,որտեղ նրանց ներկայության կարիքն ընդհանրապես չկար:Եթե Սամվելն անձամբ Արավուսում էր,նրանք անպայման այնտեղ էին,եթե Կոռնիձորում էր՝ Աշտարակի ջոկատի մոտ,ուրեմն այնտեղ էին,իսկ եթե երբեմն իջնում էր Արտաշատ զինամթերք և ուտելիք տեղափոխելու՝ հաջորդ օրն իսկ նրանք արդեն հայտնվում էին Արտաշատում… Եվ ընդհանրապես,նրանք Արավուսում շատ կարճ էին մնում,անընդհատ իջնելով շրջան ու բարձրանալով Գորիս:Ո՞րն էր նրանց նպատակն ուրեմն… Այս բոլորից բացի,Արտաշատի ՀՀՇ-ն էր նաև սկսել որոշակի քայլեր ձեռնարկել: Եվ այսպես,խոր աշնանային մի օր,երբ Արտաշատի և Աշտարակի ջոկատների մի խումբ տղաներ,նրանց հետ էլ Սամվելն ու Գեղազնիկը՝(Չավուշը) իջել էին Գորիսից,Արտաշատի ՀՀՇ-ն ժողով գումարեց շրջկենտրոնի համար առաջին դպրոցում և Սամվելին հրավիրեց այդ ժողովին:ՀՀՇ-ից ներկա էին ընդհամենը երկու մարդ՝ Հերոսն ու Համբարձում Ասատրյանը:Գուսան Հայկազունը,Բուտաև Սաշան,կամ մյուս ՀՀՇ-ականներն արդյո՞ք տեղյակ էին,որ այս երկուսը ժողով են կազմակերպել՝ անհայտ էր:Համբարձում Ասատրյանը սկսեց խոսել իրեն հասած լուրերի մասին,ըստ որոնց՝ Սամվելը ծրագրել ու իրականացրել էր մի շարք ռազմական գործողություններ Ադրբեջանի դեմ:Սամվելը բացատրեց իրավիճակը սահմանային գոտում և իր կատարած գործողությունների անհրաժեշտությունը:ՀՀՇ-ականները մնացին անդրդվելի և Համբարձումը փորձում էր «բացատրել»,որ մենք՝ հայերս ագրեսորներ չենք,մենք,նրա խոսքերով ասած՝.«չպետք է ագրեսիա իրականացնենք Ադրբեջանի դեմ,մենք ընդհամենը պաշտպանվողներ ենք և պետք է պաշտպանական կռիվներ մղենք»:Սամվելն այս որակումից ահավոր բարկացավ,ոտքի ելավ ու գոռաց թե՝. «Ինձ համար ամենալավ պաշտպանությունը նախահարձակ լինելն է:Հերիք է ձեր վախկոտությունը փաթաթեք ազգի գլխին:Դուք էստեղ տաք-տաք նստած ձեր տներում,ի՞նչ գիտեք թե ի՞նչ է կատարվում սահմանում:Իմ օգնության կանչին ձեր ՀՀՇ-ի ջոկատներն անգամ օգնության չեն գալիս:Ես նստած պետք է սպասեմ, թե ո՞ր գյուղի վրա են հարձակվում ադրբեջանցիները,հետո վազեմ մի ուրիշ գյուղ,էնտեղից էլ մեկ ուրիշը, ետ քշեմ ադրբեջանցուն,երբ արդեն մի քանի գյուղացիներ սպանված լինե՞ն,որ դուք ինձ ագրեսոր չհամարե՞ք:Ես ադրբեջանցուն խեղդում եմ հենց իր բնի մեջ ու դա եմ համարում ճիշտը:Ես եմ տեղանքի հրամանատարն ու Մովսեսն ինձ տվել է տեղում կողմնորոշվելու, կամովին որոշումներ կայացնելու և իրագործելու ազատություն»:Համբարձումը չհապաղեց պահանջելու,ոչ թե խնդրելու ,կամ՝ առաջարկելու,որ ջոկատը պետք է բերվի ՀՀՇ-ի ենթակայության տակ:Սամվելը կտրականապես մերժեց,ասելով,որ ինքը Անկախության գաղափարակիր է և զենք չի վերցրել,որ սահմաններն անտեր թողած ՀՀՇ-ի հրամանով,նրանց  ջոկատի պես գա ու նստի Արտաշատում:Ասաց,կտրուկ վեր կացավ իր մարտիկների հետ միասին ու դուրս եկավ սենյակից: Օղակն ավելի սկսեց սեղմվել ջոկատի շուրջ… Այս դեպքի հաջորդ օրն իսկ երեկոյան,Աշտարակի ջոկատի մարտիկները զինամթերքով ու պարենով բեռնված եկան Արտաշատ:Մեր երեք սենյականոց բնակարանում բացարձակ տեղ չկար:Նրանք նստել էին նույնիսկ հատակին և մայրս նրանց հյուրասիրում էր:Այսպես լինում էր ամեն անգամ,երբ մարտիկներն իջնում էին Գորիսից:Շարժման տարիների իմ ամենալավ հիշողությունները կապված են այդ ժամերի և պարկուճներ լիցքավորելու մեր աշխատանքի  հետ,երբ մեր տունը վեր էր ածվում զորանոցի: Երեկոյան ժամը տասին էին նրանք սովորաբար շարժվում դեպի Գորիս: Եվ այդ օրը,ի զարմանս բոլորի՝ մայրս աղեկտուր լալիս էր,երբ մարտիկները իրերն էին տեղավորում «ՈՒրալ»-ում:Բոլորը զարմացած էին,մորս երբեք այս վիճակում չէին տեսել:Նրանք գրկում էին մորս,հուսադրող,քաղցր խոսքեր ասում,ծիծաղում:Շարժվելիս, մայրս նրանց ետևից առաջին անգամ ջուր ցանեց,որպես հաջողության նշան ու ասաց՝.«ոչ մի անգամ էսպես չէր եղել,հիմա սիրտս էնպես տրորվում է,ոնց որ վատ բան մտքովս անցնի»:Ես բարկացա նրա վրա,բայց ի՞նչ իմանայի,որ մայրական սիրտը ամենազգայունն է,ի՞նչ իմանայի,որ տղաներն հաջորդ անգամ Գորիսից իջնելու են, իրենց զոհված մարտիկ ընկերոջ դին ուղեկցելու և նրան հողին հանձնելու համար… 1989թ.-ի դեկտեմբերի 7-ին,երկրաշարժի տարելիցի օրը, առավոտ շուտ ժամը 6-7-ի սահմաններում, մի քանի ադրբեջանցի սպաներ ռուսական զինվորների ուղեկցությամբ,Սովետական զորքերին պատկանող ավտոմեքենաներով մտնում են Արավուս:Մինչ նրանց մուտքը,խրամատներում հսկող մարտիկները լուր են հասցնում ջոկատին:Հաշված րոպեների ընթացքում թաքցվում են զինվորական հագուստներն ու այլ պարագաները,ջոկատի մարտիկները մտնում են տարբեր գյուղացիների տներ,որոնց տանտերերը  անմիջապես իրենց անկողիններում տեղավորում են մարտիկներին՝ զենքերով հանդերձ,իսկ իրենք հագնվում և սկսում են տան գործեր անել,տպավորություն ստեղծելու համար,թե իբր  քնած տղաներն իրենց զավակներն են: Գյուղի հարդանոցներում,գոմերում,այգիներում սկսվում է խուզարկությունը:Գյուղի նախագահը նրանց հարցերին պատասխանում է,որ իրենց մոտ չկան և չեն եղել հայ «գրոհայիններ»,որ ինքը տեղյակ չէ,թե ովքեր են գալիս,որտեղից են գալիս ու մոտենում սահմանին և թե ինչ կրակոցներ են:Խուզարկությունն անցկացնելուց հետո,հավաքում են մի քանի գյուղացիների անձնագրեր,ասելով,որ գյուղը գտնվում է վտանգավոր գոտում և գյուղացիները պետք է լքեն գյուղն ու հեռանան:Նրանց գնալուց հետո խուճապն ընկնում է գյուղով մեկ,քանզի բոլորին էր հայտնի նման ձևով Արցախյան գյուղերի հայաթափումը: Գյուղապետն ու ջոկատի մարտիկները հավաստիացնում են գյուղացիներին,որ մինչև վերջ ու ամեն գնով պաշտպան են կանգնելու նրանց և երբեք չի կարելի գյուղը լքել:Սամվելն  հասկանում է,որ կազմակերպվում է ինչ որ գործողություն և անմիջապես ուժեղացնում է Արավուս,Տեխ,Կոռնիձոր սահմանային գծի հսկողությունը:Բոլոր մարտիկներն ու ջոկատների երկու հրամանատարները՝ բացառությամբ Մուշեղ Սաղաթելյանի,(որին այդպես էլ զենք չէին վստահում և նա զբաղվում էր մարտիկների համար հիգիենայի հարցեր կարգավորելու,զորանոցի մաքրության  գործերով),մեկ մարդու նման զինվում են և մտնում խրամատներ:Զինվում և ջոկատի տղաներին են միանում նաև մի քանի տեղացի երիտասարդներ:Կարգավորում ու Արավուսից սահմանային գիծ են տեղափոխում նաև ամպերը ցրելու համար օգտագործվող թնդանոթը:Կոռնիձորցի Կամոն ու Գագոն,որոնք պատրաստում էին ինքնաշեն պայթուցիկներով լցված անվադողերը,սկսում են գործի գցել իրենց «զինանոցը»: Կեսօրին Սամվելը զանգահարեց տուն և պահանջեց ամբողջ զինամթերքը տեղափոխել Գորիս:Կրտսեր եղբայրս՝ Վարդանը, անմիջապես  վերցնելով  այն ամենն ինչ որ կար,ուղևորվեց Գորիս: Այդ ծայրահեղ լարված օրերին «զարմանալի զուգադիպությամբ» Ռ.Հակոբջանյանն ու իր մարդիկ գտնվում էին Արտաշատում և նրանց մտքով իսկ չէր անցնում բարձրանալ Գորիս,թե՞ այդպես էր կարգադրված Մոսկվայի պնակալեզ իրենց տիրոջ՝ սեփական երկրի ու ժողովրդի դեմ սադրանքներ կազմակերպող և իրականացնող,Համաժողովրդական շարժմանը թիկունքից հարված հասցնող ՆԳ Մինիստրի տեղակալ Կառլեն Թորոսյանի կողմից… 1989թ.-ի Դեկտեմբերի 8-ի առավոտյան ադրբեջանական կողմից սկսվում են կրակոցներն ու ռուսական տանկերի առաջխաղացումը Կոռնիձորի ուղղությամբ: Սկսվում է Կոռնիձորի մարտը,որը Ղարաբաղյան Շարժման պատմության մեջ առաջին մարտն էր:Թվով երեսուն կամավոր մարտիկներ,մի քանի տեղաբնակ գյուղացիների հետ միասին,զինված որսորդական հրացաններով,մի քանի ավտոմատ զենքերով,ինքնաշեն նռնակներով,բենզինով լցված շշերով և մեկ ամենասովորական թնդանոթով,պետք է դիմագրավեյին ադրբեջանական գրոհայիններին և նրանց հետ հայկական գյուղերը գնդակոծող ռուսական տանկերին ու գնդացիրներին:Քանի գնում,մարտն այնքան կատաղի բնույթ է ընդունում և այլևս պարզ է դառնում,որ սա մինչ այդ եղած սովորական հարձակում չէ: «Ամբողջ կռվող մարտիկներին բաժանել էի հնգյակների-հետագայում հիշում էր Սամվելը,-ամեն մի հնգյակ գիտեր թե տարածքում որ հատվածն է պաշտպանելու:Հարձակումը Կոռնիձորի կողմից,ստիպեց ինձ ձախ թևում տեղաբախշված մարտիկներին վերադասավորել,բերել նոր դիրքերի:Մեր կատաղի դիմադրությունը ստիպեց հանկարծակիի եկած թշնամուն, մնալ տեղում:Մարտիկներին հրամայել էի խնայել փամփուշտները,կրակել միայն նպատակակետին:Ամենամեծ դժվարություն ներկայացնողը տանկերն էին,որոնց դեմ հավասարազոր ոչ մի բան չունեյինք»: Մարտը տևում է առավոտից մինչև երեկո,որին էլ հենց մասնակցում է Գորիսից անմիջապես Կոռնիձոր եկած  կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռ.Ալեքսանյանը:Ամբողջ մեկ օր տևած մարտի ընթացքում թշնամուն չի հաջողվում անգամ Կոռնիձոր գյուղի մատույցներին հասնել և երեկոյան նրանք նահանջում են սահմանից այն կողմ:Հաջորդ օրը ադրբեջանական ռադիոն ու հեռուստատեսությունը հաղորդում են,որ իրենց կողմից եղել է 13 զոհ,իսկ հայկական կողմից՝ 27:Այնինչ մարտիկները տվել էին միայն մեկ զոհ,Ղարաբաղյան շարժման առաջին զոհը,որն Աշտարակի շրջանի ՈՒջան գյուղի բնակիչ Նորիկ Հարությունյանն էր: «Ես,Սամվելը,Նորիկը և Կոռնիձորցի Գագոն ու Կամոն միասին էինք այդ տարածքի վրա-հետագայում պատմում էր կրտսեր եղբայրս՝ Վարդանը,-երեկոյան կողմ էր,մենք ոչ մի զոհ չէինք տվել, պաշտպանվում էինք և թշնամուն թույլ չէինք տալիս մեկ քայլ անգամ առաջանալ:Սամվելը,Կամոն ու Գագոն մեզանից մի քանի քայլ առաջ էին,դեպի աջակողմ և մեզ նրանցից բաժանում էր մի փոքր առվակ:Մեզ հասանելիք զինամթերքը թողել էինք մի փոքր ետ:Նորիկին ասացի,որ պետք է անմիջապես անցնենք առվից այն կողմ:Նա ետ դարձավ ու սողեսող գնաց ետևում թողած զինամթերքը բերելու:Երբ ետ եկավ ու հավասարվեց ինձ,ես անցա առվից այն կողմ ու սկսեցի կրակել:Հանկարծ զգացի,որ նա ուշանում է:Ետ նայեցի,տեսնեմ՝ պառկած է:Գոռացի՝«առուն անցի´ր,շու´տ»:Նա ասաց՝ «ոնց որ խփվել եմ,չեմ կարողանում շարժվել»:Այն աստիճան կատաղի էր գնդակոծումն այդ տարածքի վրա,որ ես մի կերպ  ետ գնացի, անցա առուն,գրկեցի Նորիկին,շուռ տվեցի ու տեսա  փորից հոսող արյունը:Նրան պառկեցրի հարմար դիրքով ու ինչքան որ հնարավոր էր, արագ-արագ սողալով հասա Գագոյին:Նրան խնդրեցի Սամվելին տեղեկացնի,որ Նորիկը վիրավոր է ու արագ ետ սողացի Նորիկի մոտ:Մի քանի րոպեյից Սամվելը մոտեցավ մեզ:Նրա մոտ ռացիա կար,անմիջապես կապնվեց գյուղի հետ,հաղորդեց եղածն ու խնդրեց մեքենա ուղարկել,հետո ռացիայով հաղորդեց Գեղազնիկին,որ մարտի ղեկավարումն իր վրա վերցնի:Մի քանի րոպեյից թիկունքում մի բեռնատար նկատեցինք,որը կրակոցների հետևանքով չէր կարողանում մոտենալ մեզ:Այդ նկատելով Գագոն ու Կամոն մի փոքր ետ նահանջեցին և Սամվելի հետ կողք-կողքի դիրքեր գրաված սկսեցին կրակել,ապահովվելով իմ ու Նորիկի շարժը:Ես Նորիկին պառկեցրի իմ մեջքին,թևերից բռնեցի ու սկսեցի սողալ դեպի բեռնատարը:Ինձ հետ միասին Սամվելը,Գագոն ու Կամոն կամաց-կամաց սկսեցին ետ նահանջել,իրենց կրակոցով պատնեշ ստեղծելով մեզ համար :Երբ հասանք բեռնատարին,ադրբեջանցիներն սկսեցին ավելի կատաղի կրակել և միջոց չէին տալիս,որ կարողանանք գլուխ բարձրացնել ու Նորիկի մարմինը տեղավորել մեքենայում:Մեքենայի վարորդը խելացի էր գտնվել ու թափքի դուռը նախորոք բացել էր ,հետո նոր էր եկել դիրքեր:Ըստ երևույթին թշնամու կողմից հեռադիտակով նկատել էին մեզ ու բեռնատարը և կարկուտի պես կրակ էին թափում գլխներիս:Նորիկը տնքում էր ու ասում,որ էլ չի դիմանում:Ես նրան հույս էի տալիս:Մեր աչքի առաջ մահանում էր մեր ընկերն ու մենք ոչինչ չէինք կարողանում անել:Սամվելը ռացիայով իրավիճակի մասին հաղորդեց Գեղազնիկին և հրամայեց մարդիկ ուղարկել մեր դիրքերն ու ուժեղացնել կրակն այդ մասում:Ոչինչ չօգնեց,իրավիճակը մնաց նույնը:Կամաց-կամաց մթնում էր արդեն:Անցել էր ընդհամենը մի քանի րոպե,իսկ մեզ համար կարծես մի ողջ հավերժություն լիներ:Անզորությունից չգիտեյինք թե ինչ անենք:Հանկարծ Սամվելը դարձավ ինձ ու ասաց՝.-ապեր,էլ ճար չկա,մի վախի,Աստված մեզ հետ,վարկիանի տակ երկուսով վերցնում ենք Նորիկին ու բարձրացնում մեքենայի կուզով:Անվերջանալի կրակի տակ մենք մի ակնթարթում բարձրացրեցինք Նորիկի մարմինն ու դրեցինք թափքին,հետո ես ցատկեցի թափք ու պառկեցի Նորիկի կողքին,իսկ Սամվելը սողեսող գնաց դեպի խցիկ:Մեքենան արագ շարժվեց առաջ:Նորիկն հանկարծ ասաց,որ ահավոր դողում է մարմինը,մրսում է:Ես չգիտեյի,որ դա մահվան սարսուռն է:Անմիջապես հանեցի հագիս վերարկուն ու դրանով ծածկեցի նրան: Նորիկին հասցրեցինք Գորիսի հիվանդանոց:

(Շարունակելի)

ՍՎԵՏԼԱՆԱ  ՄԱՐԳԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ