ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, October 12, 2009 18:33 - չքննարկված

AZG–ը փափուկ բարձ է դնում հայության գլխի տակ. «գուցե Հայաստանի խորհրդարանին բանը չհասնի»:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ՀԱՐՑԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թեեւ մազ էր մնացել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում խափանվեր, սակայն այն, ինչ հայ հանրությունը փորձեց իրար կցմցել պաշտոնական եւ ոչ պաշտոնական հաղորդագրություններից, ստորագրման արարողության ժամանակ աշխարհի հզորների դեմքերի արտահայտություններից, դիվանագիտական կեղծ ժպիտներից եւ ողջագուրվելու «ընթացակարգից», հետեւյալին էր հանգում. աշխարհի հզորները մի կերպ դզեցին-փչեցին փլվող ստորագրումը: Սակայն ստորագրությունը ոչ թե նվազեցրեց բազմաթիվ հարցականները, այլ մի բան էլ ավելացրեց: Ինչո՞ւ 3,5 ժամից ավելի ստորագրումն ուշացավ, հատկապես ի՞նչ էր ուզում ասել Դավութօղլուն իր հայտարարության մեջ (դե, բոլորին էլ պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ցեղասպանության խնդրի հետ կապված` իրենց հավերժական երգեցողությունը պիտի լիներ այնտեղ, հետադաս-ստորադասը կարեւոր չէ, կարեւոր է` ի՞նչ շեշտադրումով), ի՞նչ են համոզել նրան եւ Է. Նալբանդյանին Քլինթոնն ու Լավրովը, որ էդպես իրենցից գոհ քչփչում էին արարողության խորապատկերում, եւ էլի հարց` որ հիմա են մի կերպ համոզում թուրքերին` չխոսել, բա հետո ո՞նց է լինելու, երբ բանը արձանագրությունների իրականացմանը հասնի:

Մի խոսքովՙ բազում մտահոգություններ, որոնք հայ հասարակության տարբեր հատվածներ մինչ այս էլ ասել-խոսել էին: Բայց առայժմ` No comment, մերոնք պաշտոնապես ոչինչ չեն ասում, այլ միայն խոսակցությունը տանում են հեռուստալրատվականների ենթադրությունների եւ ասուլիսային «եթե-ապա»-ի մակարդակով: Երեկ լրագրողներն իրենց սրտատրոփ գցեցին օդնավակայան, թե գուցե Մոսկվա մեկնող նախագահ Սարգսյանից մի բան կիմանան, գոնե այն, թե ի՞նչ է մտածում երկրի նախագահն արձանագրությունների` մի կերպ սոսնձված ստորագրման գործընթացի մասին, ի՞նչ գնահատական է տալու էդ ուշացմանն ու Դավութօղլուի «տիտիրիթներին», մանավանդ Թուրքիայի վարչապետ Էրդողանը արձանագրությունների ստորագրումից ժամեր հետո չափն անցել ու ասել էր, թե քանի հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի «գրավյալ տարածքներից», իրենք չեն վավերացնի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, իսկ սահմանն էլ կբացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո: Բայց նախագահին նախօրոք գծած երեք հարց տվին, ու այդ հարցը, բնական է, չկար դրանց մեջ, ու վերջ: Ի պատասխան էլ նա ցյուրիխյան արարողությունից ժամեր առաջվա ուղերձին էր համահունչ խոսել. «Կվավերացնե՞ն թուրքերն արձանագրությունները, ձեռնամուխ կլինե՞ն այն գրաֆիկին, որ հաստատվել է` կշարունակենք գործընթացը, չե՞ն վավերացնի` մենք կաշկանդվելու ոչինչ չունենք` կանենք այն, ինչի մասին հայտարարել ենք»:

Իսկ ինչի մասին ենք հայտարարե՞լ. հոկտեմբերի 10-ին նախագահ Սարգսյանը, մի քանի ժամ արձանագրությունների ստորագրումից առաջ համարյա յուղ քսեց արձանագրությունների ընդդիմախոսների հոգուն. ասաց` հայրենազրկման եւ ցեղասպանության փաստերը կասկածի տակ դնող ոչ մի քայլ, սահմանի հարցի լուծում արձանագրություններում չկա, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հիշատակումն արձանագրություններում ԼՂ հիմնախնդրի հետ կապ չունի, այս բոլորը` համարյա դաշնակցականների հանգով: Դեռ վրադիր էլ ավելացրել էր` Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի լիարժեք վերաբերմունքին կարժանանա` մենք միակողմանի ոչինչ չենք ստանձնում: Բա՞: Երեկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ավելի պարզեցրել էր այս «համարժեքն» ու «լիարժեքը». Հայաստանի Ազգային ժողովում արձանագրությունների վավերացման հարցը օրակարգ կմտնի` եթե Թուրքիայի խորհրդարանը քննարկի եւ համապատասխան որոշում կայացնի. «Թուրքիան սահմանների բացել-չբացելը նախ խորհրդարանում պետք է քննարկի, որ հնարավոր լինի` մենք էլ քննարկենք», ասել է նա:

Մնացին Հայաստանի արգործնախարարության հայտարարության նշած «խելամիտ ժամկետները» եւ ՀՅԴ կոչերը հանրությանը` «համատեղ ուժերով բացառելու արձանագրությունների վավերացումը հայոց խորհրդարանում» առաջարկով:

Չնայած եթե աշխարհի հզորները Նալբանդյանին համոզում են, թե արի ստորագրի, Դավութօղլուին չենք թողնի ձայն հանի, դա նշանակում է, որ գործընթացը դեռ նոր-նոր սկիզբ է առել, այդքան երկար նախապատրաստումն ու բանակցությունները բոլորովին էլ չեն մոտեցրել կողմերին, ու կապ չունի` Սերժ Սարգսյանը կգնա ֆուտբոլ, չի գնա, դա ընդամենը ինչ-որ գործընթացի նախանախասկիզբն էր, որ Հայաստան-Թուրքիա խաղի թուրքական մասով կավարտվի: Իսկ բուն ներկայացումը դեռ առջեւում է. ե՛ւ ծանր, հոգեկան ապրումներ, ե՛ւ նյարդերը փորձարկող ներկայացումը, որ հարուստ է լինելու ե՛ւ թուրքական ու ադրբեջանական «եղբայրական» գրգռիչ հայտարարությունների միզանսցեններով, ե՛ւ հայկական կողմում պակաս կրքեր չեն բորբոքվելու, հուսով ենք` ողջամտության սահմանում:

Իսկ ընդհանուր առմամբ` թուրքերից կարելի է այնպիսի արմատականության դրսեւորումներ սպասել մինչեւ խորհրդարանական քննարկումները եւ բուն թուրքական խորհրդարանում քննարկումների ժամանակ, որ գուցե Հայաստանի խորհրդարանին բանը չհասնի:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ