ԳՐԱԿԱՆ ԷՋ
ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ, ԳՐԱԿԱՆ ԷՋ - Friday, January 27, 2012 12:23 - 3 Comments
Նզովյալները (Մաս 4)
Թ.
Դուք կործանվեցիք և ընկա՛ք, ե՛տ կանգնեցիք արդարության ճանապարհից, դուք թողի՛ք ձեր բարերար աստծուն, որ ձեզ ոչնչից ստեղծեց ու հաստատեց, և մոլորվելով՝ նրան այլևս չճանաչեցի՛ք…(*1)
Դանիել ասորու շուրթերից հնչած այս խոսքերը լավագույն վկայությու՛նն են հոգևոր այն կապի, որ ուներ զորեղ ասորին իր պարթև ուսուցչի հետ: Գրիգորի վարքի նկարագրության մեջ տեղ է գտել նմանատիպ մի բարբաջանք: Պատմելով մեհյանների կործանմանը զուգընթաց՝ հայոց քրիստոնեացման մասին, Ագաթանգեղոսը գրել է.
«Գրիգորը համոզեց թագավորին, որպեսզի զանազան գավառներից, կողմերից, այլևայլ տեղերից մանկանց բազմություն հավաքեն՝ ուսուցանելու նպատակով գազանամիտ, վայրենագույն և ճիվաղաբարո գավառների բնակիչներին…»(*2): Անսալով նրա հրամանին՝ Տրդատը երկու մասի է բաժանում «քրմերի պղծագործ ցեղին և նրանց մանուկներին»՝ ոմանց տալով ասորի, մյուսներին՝ հելլենական դպրության: Այս ամենից հետո, մի ակնթարթում,
«երկրի վայրենամիտ, դատարկասուն և անասնաբարո բնակիչները՝ արագորեն մարգարեագետ, առաքելածանոթ և ավետարանի ժառանգորդներ դարձան…»(*3):
Ահա՛ Գրիգորի և իր հետնորդների հասցրած ամենամեծ ապտակը մեր Տեսակին. ինքնաժխտման, ինքնանվաստացման այդ թույնը, որ քրիստոնեության տարածվելուն զուգընթաց՝ սերմանվում էր մեր հոգիներում: Մենք ոչի՛նչ էինք՝ անասնաբարո և դատարկասուն: Քրիստոնեությու՛նն եկավ մեզ քաղաքակրթելու: Սա՛ է, որ դարեր շարունակ տարփողվելով դանիելների, փավստոսների ու ներսեսների կողմից՝ բարդույթավորեց ազգը թերարժեքության ախտով: Մնացած արհավիրհքները զուտ հետևա՛նք էին:
Ահա այսպես, ամենազոր քորեպիսկոպոսն եկել էր նվաստացնելու և նզովելու՛ համար: Տիրանն՝ իր զորքի և ավագանու հետ, բանակել էր Աղձնյաց գավառի Բառաէջ գյուղում, երբ Կարեն Ամատունու, Վարազ Դիմաքսյանի, Զոմն Սահառունու և Արտավան Վանանդեցու ուղեկցությամբ՝ այստեղ հասավ ծերունի Դանիելը: Նրանից անբաժան էին իր երկու աշակերտները՝ ասորի Շաղիտան և հույն Եպիփանը: Մոլեգնա՜ծ էր Դանիելը: Ցնորված հայացքը հառելով արքային՝ վեր պարզեց բազուկներն ու սկսեց խոսել: Դրանք խոսքեր չէի՛ն, այլ զարհուրելի անեծքի, նախատիքի և սպառնալիքի կույտեր: Հազարամյակներով կուտակված ցեղային անհուն ատելությու՛նն էր ժայթքում ասորու շուրթերից. սեփական տեսակի ախտաժետ պետականությունը կորցրած գաղթականի ատելությու՛նը՝ դարավոր թշնամի, բայց այնուամենայնիվ, իրեն տեղ տված ազգի դեմ:
Արքային և ողջ ազգին մեղադրելով հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ, Դանիելն իր ելույթն ավարտեց հայտնի նզովքով՝ չմոռանալով ավելացնել.
-այս ամենը ձեզ պիտի պատահի՛, որովհետև տերն այսպե՛ս ինձ ցույց տվեց(*4):
Ապշա՛ծ էին ամենքը: Արքան և իշխանները, ողջ զորքն ու ժողովուրդը, քար կտրած՝ լսում էին զարհուրելի այս խոսքերը: Սպասու՛մ էին, որ Գրիգորի աշակերտը պետք է հայտնի իր դժգոհությունը՝ Հուսիկի մահվան, քրիստոնեության դեմ սկսված հալածանքների համար: Գիտեի՛ն, որ ասորին գազազած է սեփական ցեղի անկատար տառերը հայոց լեզվին պարտադրելու անհաջող փորձի պատճառով: Բայց նզովել մի ողջ ազգ, պետություն, անեծքի հեղեղ թափել համայն երկրի վրա՝ դա արդեն չափազա՛նց էր: Լռեց Դանիելը: Իր «մարգարեությունների» թողած տպավորության վրա վստահ՝ հավանաբար սպասում էր մեղայական խոսքերի՛, զղջումի և ապաշխարհության՝ ինչպես սովոր էին Տրդատի ու Կոտակի «հին և բարի ժամանակներում»: Լուռ էր և Տիրանը, լուռ էին իշխանները, պապանձվել էր զորքը: Հանկարծ, արքան սկսեց խոսել՝ հանդարտ, հատու և տիրական.
-Խեղդե՛լ:
Եվ հայոց այդ կամակոր ազգի «բարկության որդիները»՝ նույն նրանք, ովքեր բրածեծ անելով, երկնային արքայության էին ուղարկել «մանուկ» Հուսիկին, քարշ տվեցին Դանիելին դեպի հրապարակ: Չվանը վիզը գցելով՝ խեղդամա՛հ արին լպիրշ ասորուն, խեղդեցին այնպես, ինչպես խեղդում են կատաղած մի շա՛ն:
Ասում են, շունչը փչելու նույն օրը, Դանիելն երևում է իր աշակերտներին՝ Շաղիտային և Եպիփանին, և պատվիրում նրանց՝ իրեն թաղել այնտեղ, որն իրեն նվիրվել էր պարթև Գրիգորի կողմից: Շաղիտան և Եպիփանը, որոնք, ինչպես դեռ կհամոզվենք, մինչև խոր ծերություն, մարգարեական երազներ տեսնելու մեծ վարպետներ էին, իսկույն կատարեցին «մեծն ասորու» պատգամը: Արքունի բանակից Դանիելի անկենդան դիակը տեղափոխվեց Տարոն:
Հայոց հողն ազատվեց մոլագար ասորու տհաճ ներկայությունից, բայց ժանտահոգի այդ ծերուկն հասա՛վ իր նպատակին. Մնա՛ց նրա նզովքը՝ քարացած զորքի, ժողովրդի գլխավերևում կախված: Նրա հաջորդների կողմից կրկնվեց ու կատարելագործվե՛ց թունալից անեծքների այն շտեմարանը, որով այնքա՜ն հարուստ էր Գրիգորի տան հոգևոր զինանոցը: Դանիելը հավաքական կերպա՛րն է հայոց պետականության հանդեպ բացահայտ ատելության ու նախանձի: Այդ նախանձն ու թույնն ի ցույց դնելը դարձավ «գեղեցի՜կ» մի ավանդույթ՝ նրա հետնորդների կողմից:
Ժ.
Հուսիկին և Դանիելին հասած պատիժներն ու դրանց հաջորդած դեպքերը, սակայն, թևաթափ չարեցի՛ն եկեղեցուն ու Գրիգորի տոհմին: Այս երկու նշանավոր զոհերը նրանք օգտագործցին ըստ արժանվույն՝ նահատակի, հանուն հավատքի զոհվածների լուսապսակով պատելով իրենց հայրերին: Հարվածը շա՛տ ծանր էր, սակայն, այն առաջ էր բերելու պատասխան ընդվզումներ՝ կազմակերպված եկեղեցու՛ կողմից: Տիրանը դրան սպասում էր:
Արքայի դեմ ելան Ռշտունիներն ու Արծրունիները: Մատենագիրները տարբեր կերպ են ներկայացնում Ռշտունյաց և Արծրունյաց տոհմերի ու Տիրանի ընդհարումը: Հասկանալու համար, թե իրականում ինչ է թաքնված իրար հակասող այդ պատմությունների տողատակերում, տեսնելու համար այն, ինչ մինչև օրս անուշադրության է մատնվել ուսումնասիրողների կողմից, նախ, դիմենք սկզբնաղբյուրներին:
Այսպես, ըստ Փավստոսի, սոսկ Հայր Մարդպետի չարախոսություններին ունկնդիր լինելով՝ Տիրանը կոտորել է տալիս Ռշտունյաց և Արծրունյաց տոհմերը: Կոտորում են բոլորին՝ չխնայելով նույնիսկ կանանց: Երկու տոհմերն էլ բնաջնջվում են: Փրկվում են միայն երկու մանուկ՝ Մեհենդակ Ռշտունու որդի Տաճատն ու Վաչէ Արծրունու որդի Շավասպը, որոնք դեռ ծծկեր երեխաներ էին: Սրանց փախցնում են Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները և տանում Տայքի ամուր տեղերը՝ մեծացնելով ու սնուցանելով նրանց: Հետագայում այդ երեխաները փեսայանում են Մամիկոնյաններին, և վերընձյուղում իրենց տոհմերը: Եվ որ ամենակարևորն է՝ ըստ Փավստոսի, այս երկու տոհմերը բնաջնջվում են առանց որևէ մեղքի ու հանցանքի(*5):
Թովմա Արծրունին նույնպես, այս երկու տոհմերի բնաջնջման պատճառ է համարում Հայր Մարդպետի չարախոսությունները: Հայր Մարդպետը, ասում է պատմիչը, հույս ուներ՝ նրանց հետ միասին բնաջնջել նաև Մամիկոնյաններին: Երկու մանուկներին փրկողները դարձյա՛լ Արտավազդ և Վասակ Մամիկոնյաններն են, բայց, ի տարբերություն Փավստոսի, Թովման՝ Շավասպ Արծրունու հետ փրկում է ո՛չ թե Մեհենդակ Ռշտունու որդուն, այլ հենց իրե՛ն՝ Մեհենդակի՛ն: Մնացածն, ինչպես Փավստոսի մոտ. Վասակն ու Արտավազդը փախչում են Տիրանից Տայքի լեռները և մեծացնելով՝ փեսայացնում մանուկներին(*6):
Իսկ հիմա, քննենք Պատմահո՛ր հաղորդածը, որն առանց ավելորդ հույզի և կողմնապահության, ներկայացնում է բոլորովին ա՛յլ պատմություն: Այսպես, լսելով Հուսիկի հետ կատարվածի մասին, և առնելով նախարարներից ոմանց դժգոհությունների լուրը՝ Ռշտունյաց Զորա նահապետը, որն հայոց հարավային զորքերի հրամանատարն էր՝ Մանաճիհր Ռշտունու փոխարեն, վերցնում է իրեն վստահված բանակն ու ամրանում Տմորիքում՝ արքայի դեմ ապստամբվելու կոչ անելով նաև մյուս նախարարներին: Տիրանը նրա մոտ բանակցությունների է ուղարկում Հայր Մարդպետին: Զորան, որ սկզբում չհավատալով Հայր Մարդպետի խոստումներին՝ հրաժարվում է գնալ արքայի մոտ, տեսնելով, որ զորքը լքում է իրեն, և մյուս իշխաններից էլ օժանդակություն չկա, մնալով միայնակ, վայր է դնում զենքերն ու գնում արքայի մոտ: Տիրանը գրավել է տալիս նրա բերդը՝ Աղթամարը և կոտորում Զորայի ընտանիքի անդամներին: Ըստ Պատմահոր, փրկվում է միայն Զորայի Մեհենդակ եղբոր որդին, որին փախցնում են իր դայակները: Տիրանը հարավային զորքերի հրամանատար է նշանակում Անձիտի տեր Սաղամութին(*7):
Այսքանը. պարզվում է, «առանց մեղքի և հանցանքի» արտահայտությունը՝ կղերական պատմիչների մոտ, հավասարազոր է պետական դավաճանությանը, որը, սակայն, պարսավելի չէ: Պատմահայրը ոչ մի տեղեկություն չունի՛ Արծրունյաց տոհմի բնաջնջման մասի, որն ավելի քան տարօրինակ է՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ըստ Փավստոսի և Թովմայի, այն սերտորեն կապված է եղել Ռշտունիների «անմեղ» կոտորածի հետ: Հետագա ուսումնասիրողներն՝ անդրադառնալով այս պատմությանը, հանգել են տարբեր եզրակացությունների:
Առաջին. Ռշտունիներին և Արծրունիներին կոտորել է տվել Հայր Մարդպետը՝ տոհմական թշնամանքից ելնելով: Երկրորդ. այս երկու տոհմերը բնաջնջել է Հայր Մարդպետը՝ արքայի հրամանով, որպեսզի հարքունիս գրավի նրանց կալվածքները(*8): Ոչ ոք հաշվի չի՛ առել Պատմահոր հաղորդածը: Ոչ ոք իրեն հարց չի՛ տվել, թե այդ ինչպե՞ս՝ Ռշտունյաց տան «կատարյալ բնաջնջումից» հետո, կրկին հանդիպում ենք Մեհենդակ Ռշտունուն՝ իբրև ավագագույն նախարարի, իրեն վայել պատիվներով ու զորքով, Գահնամակում առաջնակարգ բարձով: Սպառված տոհմը, եթե չունենար նախքին ուժը՝ չէ՛ր հիշատակվի հայոց տերերի ցանկում: Այս դեպքերից տարիներ չանցած, հանդիպում ենք մեծ նահապետ Մեհրուժան Արծրունուն, Արծրունիների փառահեղ, հզորագույն մի տոհմի, որը մեծ դերակատարություն ունեցավ հայոց կյանքում: Անհնա՛ր է հասկանալ կատարվածի ողջ պատկերը՝ առանց դեպքերից փոքր-ինչ ետ գնալու: Նախ, ովքե՞ր էին Մանաճիհր, Զորա և Մեհենդակ Ռշտունիները: Եվ այդ ի՞նչն է նրանց հետ կապել Արտավազդ և Վասակ Մամիկոնյանների անունները:
Մանաճիհրին մենք հանդիպում ենք դեռևս Տրդատ Գ-ի տարիներին՝ որպես հայոց հարավային զորքերի հրամանատար: Նույն պաշտոնը նա վարում էր Կոտակի գահակալմա՛ն սկզբներին: Ռշտունյաց մեծազոր նահապետը մեկն էր այն իշխաններից, ովքեր, չնայած թագավորական հրամանին, ամեն կերպ խրախուսու՛մ էին հայոց ազգային հավատքն իրենց գավառներում: Մանաճիհրի ազդեցությունն ու համբավը մեծ էին Հայոց երկրում: Ողջ իր կյանքը Հայրենիքի համար մղվող մարտերում էր անցկացրել քաջարի իշխանն ու իրավամբ վայելում էր մեծ հեղինակություն՝ ավագագույն նահապետների շարքում: Բայց Կոտակի և Վրթանեսի գալուստը նշանավորվեց մեծագույն խառնակություններով: Դրանցից մեկն էր՝ Աղձնյաց Բակուր մեծ բդեշխի դավաճանությունը: Անջատվելով հայոց թագավորությունից՝ Բակուրը հպատակվում է պարսից արքունիքին և պարսիկներին հանձնում արքունի կալվածքներն Աղձնիքում: Դավաճանի դեմ Կոտակն ուղարկում է Մանաճիհր Ռշտունուն: Հալածելով բդեշխի և նրան օգնության եկած պարսիկների զորքերը՝ Մանաճիհրը սպանում է Բակուրին, ձերբակալում նրա որդուն և Աղձնիքը մաքրում թշնամուց: Դուրս գալով Մեծ Հայքի սահմաններից՝ Մանաճիհրը հասնում է մինչև Մծբին, ավերում և գերեվարում Մծբինի շրջակայքը(*9): Ազդվելով Փավստոսի սրտաճմլիկ զրույցներից՝ Լեոն, Մանաճիհրի արարքները հասկացել է, իբրև գազանաբարո մի բռնակալի, չարագործ մի հրեշի քմահաճույք, որին «մի առանձին հաճույք էր պատճառում անմեղ մարդկանց տանջելն ու կոտորելը»(*10): Բայց յուրաքանչյուր արարք, այն էլ Մանաճիհրի դիրքի և պատասխանատվության տեր զորավարի դեպքում, ունի իր տրամաբանությունը: Մծբինն ասորական եկեղեցու հանրահայտ կենտրոնն էր, որը մե՛ծ ազդեցություն ուներ Հայաստանյայց կղերականների որոշումների վրա: Մծբինն այն որջն էր, որը բավականին հաջող կերպով օգտագործվում էր պարսից արքունիքի կողմից՝ հայոց գործերին խառնվելու համար: Մծբինի եկեղեցին իր սեփական հետաքրքրություննե՛րն ուներ Հայոց աշխարհում: Իսկ եթե տեսնենք, թե ով էր այդ եկեղեցու գլուխը՝ պա՛րզ կլինի, թե ինչ ահռելի կախում ուներ Վրթանես կաթողիկոսը և, դրանով իսկ, Խոսրով Կոտակը՝ Մծբինից: Մծբինի մեծ եպիսկոպոսն էր… պարթև Անակի որդին՝ Գրիգորի Սուրեն եղբայրը, որ ձեռնադրվելուց հետո կրում էր «Հակոբ Զգոն» անունը(*11): Մինչ Գրիգորը Կեսարիայից՝ հրով ու սրով, նոր կրոնն էր տարածում Հայաստանում, նրա հովանավորներն հոգ տարան Սուրենին ասորական եկեղեցում վեր բարձրացնելու մասին: Ահա՛, ըստ իս, այն կարևոր պատճառներից մեկը, որ Հայաստանում ասորի համայնքների ղեկավարները՝ ձեռնադրվելով Գրիգորի կողմից, ենթարկվեցին նրան և չորրորդ դարի ողջ ընթացքում սերտաճում էին նրա տոհմի հետ: Հակոբն անառարկելի հեղինակություն էր՝ ո՛չ միայն պարսկական եկեղեցիների, այլև Հայաստանյայց եկեղեցու՛ համար: Վրթանեսն իր հորեղբոր օգնությամբ և ցուցմունքո՛վ էր ամրապնդում սեփական տոհմի դիրքերը երկրի հարավում: Մանաճիհրի արշավանքը դեպի Մծբին՝ նպատակ ուներ պատժել և զգաստացնե՛լ հայոց հարավը փոթորկող պարսից արքունիքին և նրա ձեռքին գործիք դարձած Հակոբին, որն իր ցանցերն էր սփռել Աղձնյաց թեմերում:
Մծբինից Ռշտունյաց իշխանը, ի թիվս այլոց, գերում և իր աշխարհն է բերում Հակոբի ութ սարկավագներին, որոնք, ըստ երևույթին, հոգեորսությամբ էին զբաղված Մեծ Հայքի հարավում: Եվ ահա, Հակոբ Զգոնը՝ թողնելով Մծբինը, գալիս է Ռշտունիք՝ Մանաճիհր հզոր իշխանի դուռը, և հորդորում նրան՝ վերադարձնելու իր սարկավագներին: Բուզանդը Հակոբի գալուստը բացատրում է նրանով, թե լսած լինելով Մանաճիհրի գազանությունների մասին՝ Հակոբն եկել էր նրան քրիստոնեական դարձի բերելու և մեղմելու նրա «անասնաբարո, գազանային կատաղությունը»: Այս տեղեկությունն ուղղակի արտացոլու՛մն է այն փաստի, որ ողջ Ռշտունիքը՝ իր նահապետի հետ միասին, մնացել էր նախնյաց հավատքին հավատարիմ: Մանաճիհրի «գազանային կատաղությունն», ըստ երևույթին, չի՛ անցնում Հակոբի գալուստով, այլ՝ ընդհակառակը: Գրիգորի՝ հրաշագործի համարում ունեցող «սուրբ» եղբայրն իր հավակնոտ անձով ավելի՛ է բորբոքում մեծ իշխանի հոգում բույն դրած «դևերին»: Ահավասի՛կ. մերժվելով Մանաճիհրից՝ Հակոբը դիմում է հենց իրե՛ն՝ Խոսրով Կոտակի՛ն: Չնայած գերիներին հետ վերադարձնելու արքայի կարգադրությանը, Մանաճիհրը՝ իր գավառի բնակիչների պահանջով, Հակոբի աչքերի առջև ծո՛վն է նետում նրա ութ սարկավագներին: Կրկնու՛մ եմ, Ռշտունյաց իշխանն այդ բանն անում է իր գավառի բնակիչների՛ պահանջով(*12): Սա շատ խոսուն վկայություն է. ըստ երևույթին, «գազանային կատաղությամբ» վարակված էր Ռշտունյաց ո՛ղջ աշխարհը:
Տրտմեց ու զայրացավ Անակի «սուրբ» որդին և հեռացա՛վ Մանաճիհրի մոտից: Հիշու՞մ եք Քրիստոսի պատգամն իր աշակերտներին՝ նրանց հոգիների որսի ուղարկելուց առաջ.
«… և ով որ ձեզ չընդունե կամ ձեր խոսքերին չլսե, երբ այն քաղաքից դուրս գալու լինեք, ձեր ոտներից փոշին թա՛փ տվեք: ՈՒղի՛ղ եմ ասում ձեզ, սոդոմացոց և գոմորացոց երկրին ավելի՛ հեշտ կլինի դատաստանի օրը՝ քան այդ քաղաքին»(*13):
Եվ ահա, «մեծն պարթևն» իր ոտքի փոշին թափ տալով նրանց վրա՝ բարձրացավ Ռշտունյաց Ընձաքիարս լեռան գագաթը, որտեղից երևում էր ողջ գավառը: Լեռան կատարից նզովքի սարսափելի խոսքերի կարկու՛տ թափեց Հակոբը Ռշտունյաց ծաղկուն գավառի վրա՝ թո՛ղ որ այդ աշխարհից հավիտյանս հավիտենից չպակասե՛ն խռովությունն ու աղետները, թող ամայի և անբնա՛կ դառնա չքնաղ գավառը: Մնացածն՝ ինչպես հեքիաթում. Հակոբը գնում է Մծբին: Երկու օր չանցած, անհայտ հիվանդությունից մեռնում են Մանաճիհրի կինն ու յոթ զավակները: Սարսափելի ցավերից վախճանվում է ինքը՝ Ռշտունիքի հզոր տերը: Բուզանդն անկեղծ հիացմունքով ավելացնում է. «-Այն օրից ի վեր, խաղաղություն չեղա՛վ այս աշխարհում»(*14):
Ահա այսպե՛ս էին, սրբորեն հետևելով Քրիստոսի պատգամին, նրա առաքելական որսորդները սոդոմ-գոմորի վերածում Հայոց երկիրը՝ գավառ առ գավառ:
Մինչև Հակոբ Զգոնի մահը, Ռշտունիքը մնում է անտեր: Վրթանեսն ու Կոտակը փո՛րձ անգամ չեն անում գավառը բարեկարգելու: Միայն Հակոբի մահից հետո, ըստ Խորենացու, Մանաճիհրի որդին՝ հանձն առնելով գավառի քրիստոնեացումը, գրավում է հոր տեղը: Պարզվում է, որ Մանաճիհրի բոլոր որդիները չէ՛, որ մահացել էին: Եվ նույնիսկ, մեկը չէ՛ միայն, որ փրկվել էր: Գավառի քրիստոնեացումը հանձն առավ Զորան: Իսկ Մեհենդա՞կը: Նրան հանդիպում ենք Օշականում՝ մազքութների դեմ առյուծաբար կռվելիս: Սուրը ձեռքին՝ նա միշտ այնտեղ էր, ուր վտա՛նգ կար Հայոց աշխարհի համար:
Մանաճիհրի և Հակոբի պատմությունը շա՛տ ավելի հետաքրքրական ելևէջներ է ստանում, երբ տեսնում ենք, որ Հակոբի՝ Ռշտունիք այցելության շրջանը, համընկնում է Հայկյան երեք տոհմերի՝ Բզնունիների, Մանավազյանների և Որդունիների կոտորածի հետ: Ցայսօր, կղերական պատմագրության շնորհիվ, մեզանում արմատավորված է հետևյալ համոզմունքը. Մանավազյաններն ու Որդունիները՝ Հայկյան հինավուրց այդ տոհմերն, արյունալի պատերա՛զմ սկսեցին միմյանց դեմ: Վշտացած Կոտակը նրանց մոտ է ուղարկում Աղբիանոս եպիսկոպոսին՝ հուսով, որ նա կարո՛ղ է հաշտեցնել երկու տոհմերին: Գոռոզ ու վայրենի նախարարներն՝ անարգելով ե՛տ են ուղարկում Աղբիանոսին, ապա գրավում և ավերում են իրենց գավառներում գտնվող արքունի կալվածքները: Այսքանից հետո, զայրացած արքան նրանց դեմ է ուղարկում սպարապետ Վաչէ Մամիկոնյանին, որն էլ, անսալով թագավորական հրամանին՝ սրի է քաշում երկու տոհմերի բոլոր արուներին:
Առավել սարսափելի էր Բզնունիների՛ն բաժին հասած ճակատագիրը: Հինավուրց ու զորեղ այս տոհմի նահապետը՝ Դատաբենն, ըստ Փավստոսի, միանալով պարսից բանակին՝ ծուղակ էր սարքել սեփական զորքի դեմ: Արդյունքում, պարսիկները կոտորում են հայոց 40. 000 – անոց բանակը: Միայն քչե՛րն են կարողանում փախնելով՝ լուր հասցնել արքային: Դատաբեն Բզնունին, այնուհետև, պարսից բանակին առաջնորդում է հայոց Միջնաշխարհ: Կրկին նրա դեմ է դուրս գալիս քաջարի Վաչէ սպարապետը, կոտորում պարսից բանակը և ձերբակալելով Դատաբենին՝ բերում նրան արքայի մոտ: Կոտակի հրամանով Դատաբենին քարկոծելով սպանում են՝ իբրև դավաճանի: Դրանով, սակայն, չե՛ն բավարարվում: Լուր ստանալով, որ նրա ողջ տոհմը, կինն ու զավակներն ապաստանել են Ռշտունյաց նահապետի Աղթամար ամրոցում՝ Կոտակն այնտեղ է ուղարկում Վաչէին: Վաչէն՝ կղզի մտնելով, այնտեղ ոչ էգ թողեց, ոչ արու: Այսինքն, կոտորվում են նաև Դատաբենի տոհմին ապաստան տված Ռշտունիները:
Սա նախարարական երեք տոհմերի բնաջնջման՝ կղերակա՛ն վերսիան է, որ մեզ է հասցրել Փավստոս Բուզանդը: Հիմա դիմենք Խորենացուն: Սկսենք այնտեղից, որ Վաչէ Մամիկոնյանը երբեք, ո՛չ միայն սպարապետ, այլ նաև՝ հայոց զորավարական չորս ուղղություններից որևէ մեկի հրամանատա՛ր չի եղել: Տրդատ Գ-ի օրոք զոհված սպարապետ Արտավազդ Մանդակունուց հետո՝ մինչև Տիրան, հայոց զորքը գլխավորել են չորս զորավարներ՝ Բագրատունյաց, Ամատունյաց, Ռշտունյաց և Գուգարաց տոհմերից: Տիրանի օրոք պահպանվա՛ծ էին զորավարական չորս ուղղությունները, սակայն, զորքի ընդհանուր հրամանատարն էր երիտասարդ Անդովկ Սյունին: Արշավիր Կամսարականը նրա հետ համարվում էր ընդհանուր հրամանատար՝ իր կոչմանն համաձայն: Փավստոսը, որն աներկբայորեն, բոլորի կողմից ընկալվում է, որպես Գրիգորի տոհմի և Մամիկոնյանների պատմիչ, լուծել է նաև մեկ խնդիր՝ ամեն կերպ պանծացնելով Տարոնի Մամիկոնյաններին, նրանց կենտրոնական, անփոխարինելի դեր վերագրել չորրորդ դարում: Սա՛ է պատճառը, որ ցանկացած հաղթանակ՝ նրա մոտ տանում են Վաչէն, Մուշեղը: Այլ տոհմերի անուները հիշատակվում են միայն պարտությունների և անհաջողությունների՛ համատեքստում: Եվ սա այն դեպքում, երբ Պատմահայրը, որն, իմիջիայլոց, օգտվել է նաև Բուզանդից՝ հստակ և ճշմարտացիորեն նշում է կոնկրետ անուններ: Իրականում, Վաչէն Տարոնի Մամիկոնյանների նահապետն էր և ամբողջովին գտնվում էր Վրթանեսի ազդեցության տակ: Հենց այս շրջանում է, որ Մամիկոնյանների կրտսեր՝ Տարոնի ճյուղը, վերջնականապես վերածվեց Գրիգորի տոհմի մարտական ուժի: Եվ ահա, Սլկունյաց տոհմի տմարդի բնաջնջման արդյունքում, Տարոնի մի մասին տիրացած Մամգունի տոհմը՝ Վաչէ նահապետի օրոք, հաջողեցնում է բնաջնջել միանգամից և՛ս երեք Հայկյան տոհմ: Հասկանալու համար կատարվածի իմաստը՝ հիշենք, որ Բզնունիքը, Հարքը և Որդորուն հարակից էին Տարոնին: Կոտորածների արդյունքում, Հարքը՝ Մանազկերտ կենտրոնով, Բզնունիքն ու Բասենն՝ իր շրջակայքով, անցնում են եկեղեցուն: Այսպես, Վրթանեսը՝ Վաչէի ձեռքով, Տարոնի շուրջ ստեղծում էր հսկայական մի ավատապետություն:
Պատմաբանների մոտ երբևէ հարց չի ծագել, թե հանուն ինչի՞ էին միմյանց դեմ պատերազմում Մանավազյաններն ու Որդունիները: Եվ հետո, եթե նրանց կռիվն իրար դեմ էր, ապա այդ ի՞նչ տրամաբանությամբ անարգեցին Աղբիանոս մեծ եպիսկոպոսին, և որ ամենակարևորն է՝ ո՞րն էր պատճառը արքունի կալվածքների գրավման և ավերման: Սրանք հարցեր են, որ կասկածի տակ են դնում կղերական վարկածը: Հատկապես, երբ այդ ամենին ենք միացնում Աղթամար կղզում Բզնունիների և Ռշտունիների կոտորածը: Խորենացին մեզ անուղղակի կերպով ցույց է տալիս Հայկից սերված երեք տոհմերի ոչնչացման բուն պատճառը: Այն կապված էր Վրթանեսի անձի հետ և տեղի ունեցավ Տարոնում՝ նրա դեմ կազմակերպված անհաջող մահափորձից անմիջապես հետո: Պատմելով, թե ինչպես նախարարների թելադրությամբ կազմակերպված ծուղակից բարեհաջող կերպով գլուխն ազատելով՝ Վրթանեսը անցնում է Եկեղյաց գավառ, Պատմահայրը, որ մինչ այդ չէր նշել դավադիր նախարարների անունները, անմիջապես խոսում է արդյունքում ոչնչացած երեք տոհմերի մասին, որոնց վրա ողբալու համա՜ր էր Վրթանեսն անցել Եկեղիք(*15): Այդ տոհմերի անուններն էին՝ Բզնունական, Մանավազյան և Որդունի, որոնք, իբրև թե, ոչնչացան մեկը մյուսի՛ ձեռքով: Չկարողանալով նշել ոչնչացման բուն պատճառները՝ Խորենացին, այնուամենայնիվ, ակնարկում է դավադրության հետ դրանց կապի մասին: Թեպետ, չի բացառվում, որ հետագա խմբագրություններն եղծած լինեն բնագրի բուն տեքստը՝ որտեղից էլ, Պատմահոր համապատասխան նախադասության մեջ տեղ գտած տրամաբանական հակասությունը: ՈՒշադրություն դարձնենք. Բզնունիների ոչնչացման պատճառն, ըստ Պատմահոր, նու՛յնն է՝ ինչ Մանավազյաններինն ու Որդունիներինը: Այսինքն, չի՛ եղել և ոչ մի դավաճանություն: Պետության և արքայական իշխանության փառքը գովերգող մեր միակ պատմիչը, որի համար պետական դավաճանությունն աններելի մի հանցանք է, երբե՛ք առիթը բաց չէր թողնի՝ դատափետելու Բզնունյաց նահապետին, եթե նա իրո՛ք դավաճանած լիներ: Չմոռանանք, որ Պատմահայրն իր ձեռքի տակ ունեցել է Փավստոսի գիրքը, և ամենայն բծախնդրությամբ այնտեղից քաղել է այն, ինչ համարել է արժանահավատ: Արդյոք առավել տրամաբանական չէ՞ր լինի՝ փոխանակ Փավստոսի միակողմանի նկարագրություններին, հաշվի առնել նաև Պատմահո՛ր հաղորդած տեղեկությունները: Բզնունիների ոչնչացումը բացատրել այդ տոհմի նահապետի դավաճանությամբ, Մանավազյանների և Որդունիների որձատումը՝ թագավորի և մեծ եպիսկոպոսի հանդեպ նրանց արհամարհալից վերաբերմունքով, կղերական պատմիչին հատուկ, հաճախ կրկնվող հնարքներ են: Մենք դեռ կտեսնե՛նք, որ Փավստոսն, ընդհանրապես, եկեղեցական կարգերին հակառակվող կամ ոչ քրիստոնյա ցանկացա՛ծ անձի և տոհմի պախարակելու համար՝ չի տատանվել անցնելու բարոյականության և առողջ տրամաբանության ոչ մի սահման: Դատաբենն իր երկրին չի՛ դավաճանել, այլապես՝ Մանաճիհր Ռշտունին չէ՛ր պատսպարի նրա տոհմը: Ավելին՝ Դատաբենին զորք չի՛ վստահվել պարսից բանակի դեմ դուրս գալու համար, այն պարզ պատճառով, որ հայոց հարավային բանակի հրամանատարը Մանաճիհր Ռշտունին էր: Մանավազյանների և Որդունիների բնաջնջումը ներկայացվել է, իբրև միջտոհմային անիրավ պատերազմի և արքային անպատվելու, իսկ Բզնունիներինը՝ պետական դավաճանության հետևանք: Այնինչ, պատկերը շատ պարզ է, երբ համադրում ենք բոլոր հակասություններն ու ուշադրություն դարձնում Խորենացու ակնարկին: Պարզապես ակնհայտ է, որ այստեղ խոսք է գնում Վրթանեսի և Կոտակի կողմից Հայաստանի վանականացման արյունոտ քաղաքականության մասին: Դեպքերի հաջորդականությունն ուրվագծվում է հետևյալ կերպ. այս երեք տոհմերը, որոնց տիրույթներում դեռևս չէր հիմնավորվել Հայաստանյայց եկեղեցին, օգնում են հայոց թագուհուն՝ Վրթանեսից ազատվելու: Դավադրությունը բացահայտվում է, և Վրթանեսն առիթը չի՛ կորցնում Հարքին, Բզնունիքին և Որդորուին տիրանալու համար: Արյունահեղ պատերազմի ընթացքում, ուր այս տոհմերի դեմ ելել էր եկեղեցու ողջ ուժը՝ Վաչէի գլխավորությամբ, Հայկյանները պարտվում են: Աղբիանոսի քայլը՝ հանդարտեցնելու նախարարներին, ըստ երևույթին, եղել է Կոտակի հուսահատ փորձը՝ Վրթանեսի ծավալած արյունահեղությունը կասեցնելու համար: Հպարտ իշխանները՝ անարգելով քրմի քրիստոնյա որդուն և ավերելով արքունի տունը Տարոնում, պարզապես Կոտակին ցույց են տվել իրենց արհամարհա՛նքը մի արքայի հանդեպ, որը դարձել էր կղերականների ստրուկը և ի զորու չէ՛ր զսպելու քահանայապետին: Դա հուսահատ մի քայլ էր, որին հետևեց դաժան հաշվեհարդարը: Վրթանեսն առիթը բաց չթողեց՝ Աղթամարում պատսպարված Բզնունիների հետ միասին հաշվեհարդար տեսնելու նաև Ռշտունիների՛ հետ. Հակոբ Զգոնի նզովքը հարկավոր էր ի կատա՛ր ածել: Եվ կոտորվեցի՛ն Մանաճիհրն ու իր ընտանիքը: Փրկվեցին, սակայն, նրա երկու որդիները՝ Զորան ու Մեհենդակը: Սա՛ է պատճառն այն խառնաշփոթ հակասության, որ ըստ Թովմա Արծրունու՝ Տիրանի օրոք փրկված երեխան Մեհենդակն էր: Իրականում, Տիրանի տարիներին կատարվածի նկարագրության հիմքում՝ անցյալում, Կոտակի և Վրթանեսի իրականացրած կոտորածների արձագա՛նքն է պահպանվել: Մամիկոնյանների անվան շահարկումը Փավստոսի և Թովմայի մոտ՝ նու՛յնպես Մանաճիհրի դեմ կատարվածի արձագանքն է: Հնարավոր է, որ փրկված Զորային և Մեհենդակին փախցրել են Տայքի Մամիկոնյանները: Սա շատ հավանական է՝ եթե հաշվի առնենք, որ հեթանոս տոհմերի միջև պետք է, որ լինեին հոգևոր և բարեկամական կապեր: Տայքի հեթանոս Մամիկոնյաններն, ինչպես դեռ կտեսնենք, այդ շրջանում որևէ առնչություն չունեի՛ն Տարոնի իրենց տոհմակիցների հետ:
Զորա Ռշտունու պատժի ամենատրամաբանական վարկածն, այսպիսով, Խորենացու մոտ է: Տիրանի հրամանով Ռշտունյաց տոհմը չի բնաջնջվել: Կոտորել են միայն Զորայի ընտանիքին: Իսկ ինչ վերաբերվում է Զորայի ընտանիքից մանկահասակ երեխայի փրկության պատմությանը, ապա այստեղ և՛ս տրամաբանական է Խորենացու վկայությունը: Երեխային վաղօրոք փախցրել էին նրա դայակները: Փավստոսն ասում է, թե արքայի մարդիկ գտնում են նրան, խլում դայակներից և բերում արքունիք, որից հետո միայն՝ Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները փախցնում են նրան: Արտավազդը Վաչէի որդին էր՝ Տարոնից, իսկ Վասակը՝ Տայքից: Լեոն կարծում է, թե Վասակի հոր անու՛նն էլ Արտավազդ էր(*16): Եթե դա այդպես է, ապա նրա անվան հիշատակումն արդեն ուղղակիորե՛ն աղերսվում է Մեհենդակ Ռշտունու փախուստին, իսկ Տաճատին, որը կարող էր և լինել Զորայի որդին, փախցնում են Տարոնի՛ Մամիկոնյանները՝ ապաստան տալով իրենց մոտ: Բացի դա, կարծում եմ, դայակների ձեռքից երեխային փախցնելու միջադեպի նկարագրությունն արհեստական է և ի սկզբանե միտված է եղել բացատրելու մեկ հանգամանք. այդ ինչպե՞ս եղավ, որ չնայած ողջ տոհմի կատարյալ բնաջնջմանը, մեկ հարյուրամյակ էլ չանցած, կրկին հանդիպում ենք Հայաստանի քաղաքական կյանքում ազդեցիկ դերակատարություն ունեցող Ռշտունյաց իշխաններին: Այն, որ Տայքի Վասակի անվան շահարկումն անհիմն է՝ երևում է թեկուզ այն փաստից, որ Զորայի պատիժը տեղի է ունեցել Հուսիկի և Դանիելի հետ կապված դեպքերից հետո՝ մինչև Փառենի ձեռնադրումը: Բուզանդի խոսքերով, Վասակը երեխաներին փրկելով՝ փախավ Տայք: Այնինչ, Փառենին Կեսարիա ուղեկցող նախարարների ցուցակում, Վասակն ու Մեհենդակը նշվում են, որպես ավագագույն ու պատվավոր նահապետներ:
Իմիջիայլոց, փրկված երեխայի «Տաճատ» անվանումը խիստ կասկածելի է և չի համապատասխանում Փավստոսի հետագա շարադրանքին: Նկարագրելով Մեհրուժանի և Վահան Մամիկոնյանի «չարագործությունները», նա հիշատակում է ոմն Գարեգին Ռշտունու մասին, որին Մամիկոնյանները կնության էին տվել իրենց Համազասպուհի քրոջը: Հավանական է, որ սա հենց Զորայի ընտանիքի վերջին շառավիղն էր:
Այսպիսով, համոզված եմ, Տիրանը չէ՛ր կարող հրամայել ոչնչացնել Ռշտունյաց տոհմը: Նա դաժանորեն, բայց արդարացի պատժել է դավաճան Զորայի ընտանիքին՝ նրան փոխարինելով Մեհենդակով: Շեշտու՛մ եմ, Զորայի փոխարեն Անձիտի տեր Սաղամութին նշանակելու՝ Խորենացու կողմից հիշատակված փաստը, խոսում է ո՛չ թե այն մասին, որ Ռշտունյաց կալվածքնե՛րն են անցել Անձիտի իշխանին, այլ Զորայի պաշտո՛նը՝ հայոց հարավային զորքերի հրամանատարությունը: Ստանալով տոհմի նահապետությունը՝ Մանաճիհրի որդի Մեհենդակն այն օգտագործում է մի՛միայն պետական շահին ծառայեցնելով:
Այսպե՛ս է ահա առաջացել անունների և դեպքերի հետագա ողջ շփոթը, որն, ինչպես արդեն տեսանք, նաև նպատակ է ունեցել կոծկելու Կոտակի և Վրթանեսի կողմից՝ նախքինում կատարված «հերոսությունների» բուն դրդապատճառը:
Ինչպես արդեն նշել եմ, Պատմահայրը ոչինչ չի խոսում Արծրունիների բնաջնջման մասին: Չի խոսում մի պարզ պատճառով. Արծրունյաց նախարարական տոհմը չի՛ բնաջնջվել: Դեպքերից քարորդ դար էլ չի անցնի, երբ կհանդիպենք «Արծրունյաց ցեղից մեծ նախարար Մեհրուժանին»(*17): Եվ սա այն դեպքում, երբ այդ տոհմը գլխովին բնաջնջվա՛ծ պետք է լիներ՝ մնալով միայն մանուկ Շավասպի հույսին: Պարզապես անմտություն է կարծելը, թե սպառված մի տոհմի նահապետ այդքան կարճ ժամանակ հետո կդասվեր հայոց մեծ նախարարների շարքում: Առանց որևէ հիմքի, Ստեփան Մալխասյանի գրչի մի հարվածով, Մեհրուժան Արծրունին համարվել է Վաչէ Արծրունու՝ կոտորածից մազապուրծ որդի Շավասպի զավակը(*18): Մեծ ընդունակություններ պետք չե՛ն հասկանալու համար, որ 360-ականների կեսերին մեծազոր նախարար Մեհրուժանը դժվա՛ր թե լիներ հազիվ քսան տարեկանը բոլորած Շավասպ Արծրունու որդին: Շավասպին մենք դեռ կհանդիպենք հետագայում՝ հայոց պետականության դեմ եկեղեցու մղած պայքարում, իբրև կույր գործիք՝ Ներսես քահանայապետի ձեռքում: Եվ կհանդիպենք նրան Տարոնի եկեղեցակա՛ն կալվածքներում, բայց ո՛չ երբեք Տայքում: Մեհրուժանը, որ գէս էր կրում, վկայում էր իր դիցապաշտ լինելն ու ինչպես դեռ կտեսնենք, հայոց ազգային հավատքի և նրա թաքնատեսական արվեստի ո՛չ միայն գիտակն էր, այլ նաև՝ բանեցնողը, երբեք չէ՛ր կարող դաստիարակված լինել Մամիկոնյան տնփեսա Շավասպի ընտանիքում: Եվ սա այն դեպքում, երբ Շավասպի՝ եկեղեցական կալվածքներում ձրիակերությամբ զբաղվելու տարիներին, Մեհրուժանը հայոց մեծ նախարար էր՝ Արծրունյաց նահապե՛տը:
Եթե Զորային հետևել է նաև Վաչէ Արծրունին, ինչը ենթադրվում է Փավստոսի շարադրանքից, ապա բնականաբար, պատիժն անխուսափելի պետք է լիներ՝ և ո՛չ պակաս մեղմ, քան Զորայի ընտանիքին հասածը: Հապա այդ ինչպե՞ս է, որ Խորենացին Զորայի հետ միասին չի պատմել նաև Արծրունիների՛ կոտորածի մասին: Մի՞թե միայն նրա համար, որ Մամիկոնյաններին ատելու մեջ մեղադրվող Պատմահայրը չի՛ ցանկացել նշել պատանի Շավասպին փրկող «մեծահոգի ասպետների» անունները: Ո՛չ, իհարկե: Ամեն ինչ պարզ է դառնում, երբ աչքի ենք անցկացնում Գահնամակի՝ հինգերորդ դարով թվագրվող վավերագիրը(*19): Հայոց տերերի գահերի ցուցակն ընդգրկում է ոչ ավել, ոչ պակաս՝ Արծրունյաց երեք տոհմ, ավելի ճիշտ՝ այդ տոհմի ևս երկու՛ ճյուղավորում: Խոսքը կարող է գնալ ընդհամենն այն մասին, որ Վաչէ Արծրունին՝ այդ հզոր տոհմի ճյուղավորումներից մեկի գլխավորը, միաբանված Զորա Ռշտունուն, դավաճանել է սեփական պետությանը: Դրան հետևել է նրա ընտանիքի արժանի պատիժը: Դե՛ իսկ մանուկ Շավասպն էլ, ապաստանած Տարոնի Մամիկոնյանների մոտ, հետագայում սերտորեն համագործակցում է նրանց հետ՝ դառնալով նրանց և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հայրերի կամակատարը: Իսկ Արծրունյաց բուն տոհմը՝ զորեղ ու ազդեցիկ, Տիրան արքայի դեմ խժդժություններին չի՛ մասնակցել: Ա՛յլ հարց է, որ Մամիկոնյանների ու Գրիգորի տոհմի գովքն անող Փավստոսը ցանկացել է Հայկյան այս տոհմը հավետ պարտապան դարձնել Մամիկոնյաններին ու եկեղեցուն:
Այն որ Տիրանի դեմ ընդվզումները կազմակերպված էին Գրիգորի տոհմի սադրանքով՝ դրանում կասկած չի կարող լինել: Բավական է միայն կարդալ Զորայի կոչը՝ ուղղված նախարարներին.
«Չվարվե՛նք այն մարդու հրամանով, որ գայթակղություն է գցում Քրիստոսի երկրպագության մեջ և սպանում է նրա սրբերին, և չուղեկցե՛նք այս ամբարիշտ թագավորին»(*20):
Կոչին հետևեց միայն Վաչէ՛ն, իսկ ավագ Արծրունիները՝ Մեհրուժանի ընտանիքը, մյուս բոլոր նախարարների պես, չարձագանքեցին Զորային: Իր հոր սպանությունից հետո, Վրթանեսի կամքով Ռշտունիքը բռնի քրիստոնեացրած Զորան, որ հիմա էլ՝ Վրթանեսի տոհմի սադրանքով դուրս էր ելել հայոց արքայի դեմ, պատժվեց դաժանորեն, բայց արդարացի՛: Տիրանը բնի մե՛ջ խեղդեց դժգոհությունները՝ թույլ չտալով, որ երկիրը հրդեհվի ներքին բախումներից:
Եզրափակեմ. «չարանենգ Հայր Մարդպետն ու արյունարբու Տիրանը» արագ և խիստ կերպով զսպում են պետության դեմ սանձազերծված խռովությունները՝ պատժելով դրանց մեղավորներին: Եվ միայն այսքանը: Տիրան արքան երբեք չի՛ ոչնչացրել հայկական բնիկ տոհմերին: Ժամանա՛կն է նրա վրայից քերել այս մեղադրանքը: Յուրայինների դեմ արքան չէ՛ր կռվում: Տիրանի թշնամին ա՛յլ ծագում ուներ, և գալիս էր բոլորովին ա՛յլ տեղից:
________________________________________
(*1) Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն. ԺԴ.
(*2)Ագաթանգեղոս. Պատմություն Հայոց. Սովետական գրող, Երևան-1977, էջեր 138-139
(*3) Նույն տեղում
(*4) Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն. ԺԴ.
(*5) Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն. ԺԸ.
(*6)Թովմա Արծրունի և Անանուն. Պատմություն Արծրունյաց Տան. էջ 80
(*7) Մովսես Խորենացի. Հայոց Պատմություն. Գիրք երրորդ. ԺԵ
(*8)Տեղի ունեցածին առավել սթափ գնահատական է տվել Հակոբ Մանանդյանը, որի համար Հայր Մարդպետի ագահությանն ու չարախոհությանը վերագրվող այդ դեպքերն ունեցել են մեծ նշանակություն՝ արքայական իշխանության ամրապնդման տեսակետից:
Վաստակաշատ Ն. Ադոնցն այս հարցում լիովին վստահել է Թ. Արծրունու և Բուզանդի մանվածապատ տեղեկություններին:
(*9)Հայկյան նախարարական տոհմերի ճակատագրին առնչվող ողջ քննախուզությունն արված է Խորենացու և Բուզանդի մոտ պահպանված տեղեկությունների հիման վրա:
(*10) Լեո. Երկերի Ժողովածու. Առաջին հատոր. էջ 432
(*11) Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն. Ժ.
Զենոբ Գլակին վերագրվող այն աղբյուրը, որտեղ պահպանված է Սուրեն պարթևի մասին տեղեկությունը, փորձում է մեզ համոզել, թե այս Հակոբը, ոչ թե եղբայրն՝ այլ հորաքրոջ որդի՛ն էր Գրիգորի: Հարազատ եղբայրը Սուրենն է: Մեջ բերելով վերջինիս մասին անհավանական պատմությունների մի ողջ կույտ՝ Գլակն հորդորում է հավատալ միայն իրեն: Ըստ իս, լավագույն տարբերակն այն է, որ Սուրենն ու Հակոբը նույն անձն են՝ ձեռնադրությունից առաջ և հետո: Թեև, նույնիսկ եթե ընդունենք Գլակի հաղորդածի ճշմարտացիությունը Բուզանդի համեմատ՝ խնդրի էությունը չի փոխվում. Հակոբն ու Գրիգորը նույն արյունից էին և միաժամանակ առաջ էին մղվել տարբեր ճակատներում:
(*12)Մովսես Խորենացի. Պատմություն Հայոց. Գիրք երրորդ. Է
(*13) Մատթ. Ժ. 14,15
(*14)Փավստոս Բուզանդ. Հայոց Պատմություն. Ժ
(*15) Մովսես Խորենացի. Հայոց Պատմություն. Գիրք երրորդ. ԺԵ
(*16) Լեո. Երկերի Ժողովածու. Առաջին հատոր. էջ 443
(*17) Փավստոս Բուզանդ. Հայոց Պատմություն. ԻԳ
(*18) Փավստոս Բուզանդ. Հայոց պատմություն. Ծանոթագրություններ.105.
(*19)Հայ ազնվականության գահերեցության կարգն ու դրանց առնչվող բավականին խրթին հակասությունները առկա ուսումնասիրություններում՝ մանրամասնորեն ներկայացված են «Գահնամակն ու Զորանամակը՝ իբրև նախաքրիստոնեական և հետքրիստոնեական Հայաստանների ներքաղաքական կյանքի արտացոլումներ» իմ կատարած հետազոտության մեջ: Դրան կարող եք ծանոթանալ սույն գրքին կից հավելվածում:
(*20) Մովսես Խորենացի. Հայոց Պատմություն. Գիրք երրորդ. ԺԵ
Գևորգ Հովհաննիսյան
(շարունակելի)
- Ո՞ւմ օգտին է աշխատում հայկական դիվանագիտությունը
- Վարչապետի խելքը 17 տոկոսով աճել է:
- ՏԵՍՆԵՍ ԷՍ ՎԱՆՔԸ Ո՞Ր ՍՐԻԿԱՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ
- ԼՌԵ՞Լ, ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ…
- Հայկական ցախ:
- ԻՍԿ Ի՞ՆՉ ՊԱՐՏԱԴԻՐ ԷՐ, ՈՐ ՈՐԵՎԻՑԵ ՄԻ ԲԱՆ ԴԱՌՆԱՅԻՆՔ…
- Մարքսը, Լենինը ուՎալոդը (Ամեն տափակ բան, դեռ պեռաշկի չէ)…
- Ուզում եմ պատռել չադրան լռության
- ՎՍՏԱՀԵ՞Լ, ԹԵ՝ ՈՉ
- կան շատ գրագետ ու տմարդի սիմվոլների «որսորդներ»
- ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ. լոկ թշնամին օգուտ կանի
- Մեր դիվանագիտությունը որբ է, մեզ Նժդեհ է պետք:
- Կաշվիս վրա եմ զգացել ամեն ինչ ու տեսել…
- Ղարաբաղի բանակցություններն իրենց սպառել են…
- Մոռացության քողի տակից
- Երկիր Նաիրի
- Նոր ժամանակներ, նույն մարդիկ
- Ներքնաշորերի պատմաբանները
- Վարկամոլ Ամերիկա, կամ Լոնի Լոմկա
- Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին
- ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- Մարտ Հայերեն
- ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ
- Կախվե՞լ, թե՞ կպչել
- ԳԻՏԵ՞Ք, ԱՅՍՏԵՂ ԵՆՔ
- Ե՞րբ կհայտնվի բարեպաշտ հրեան, փրկելու հրեայի անունը… (Anti-Semitism will be a psychological phenomenon as long as Jews come in contact with non-Jews—what harm can there be in that?)
- ՄԱՆՐ ՁԿՆԵՐՆ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼԻՍ ՇՆԱՁԿԱՆ ՓՈԽԱՐԵՆ
- ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԶԱՐԱՆ
- Խոհեր արևի
- Ծանոթացեք «Արարատ Օթյակ» հայ մասոնների հետ Արգենտինայում
- ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ
- ՆՈՒՅՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ
- ՇԱՆԹ ԴԱՌՆԱՅԻ
- ՈՂՋՈՒՅՆ ԱՆՏՐՈՊՈՍ. ՄԵՆՔ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ (Անհամբեր սպասում գրվածքներիդ- «Լույս Աշխարհ»)
- ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ԷԼ ՍՏՈՐԱԴԱ՞Ս …
- Մածուկային իրավիճակ
- Բառի նշանակությունը
- ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ. ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 90-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
- ՀՐԱՇՔ ԵՍ ԱՍԵՍ
- ԻՆՁ ՓՐԿԵ´Ք, ՄԱՐԴԻՔ
- տխուր ծառը
- Գրպանի Էլեկտրոկայանը՝ Ինը Վոլտային
- Վերածնունդ՝ Ստի
- ԲՀԿ-ն մերժեց կոալիցիան
- ՀՀ գործող նախագահի պատվերով գուշակություններ ծախող(կանխիկ դրամով), տեսաբան Չատիբեկ Ադիբեկյանի կանխատեսումները՝ բութ մատն իր հետույքի մեջ…
- People about Kocharyan – 15-19.05.2012
- Հիտլերը վառեց Ռայխստագը՝ մեղքը գցելով կոմունիստների վրա, ՀՀկ-ն՝ իր կռիշը, տեսնես ո՞ւմ է շառի քաշելու…
- ԶԳՈՒՇԱՑԵ´Ք…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-8)
- Դրսից բզած, քաղաքական անպարկեշտ-անսեռ «Գեյ Շքե՞րթ» (Հայաստան) , թե՞ Բիզեի սեռականացված պարկեշտ երաշաժշտությունը կլառնետով՝ դաշնամուրի վրա (Եվրոպա):
- Կարապների պարը “Փարվանա” լճակում…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-7)
- Զոլյանը վերացրեց կաշառակերությունը: Հեռացրեց և պատժեց կաշառակեր դասախոսներին, ստեղծեց նոր ստուգող-քննող համակարգ: Սա էր նրա “մեղքը”: Եկավ քաչալ “վիշապը” և բացեց կաշառակերների վանդակները, որոնք ցնծության մեջ են: Ուսանողները պահանջում են արդարություն և Զոլյանին…
- Հյուսքերը երկար՝ խելքը կարճ, բեղմորուքով «կնոջ» կարծիքը…
- Անքննելի մեկ այլ գործ
- -Շվեյկ, այնոյինը կապի…
- Ինչո՞ւ վարչապետը ձերբակալված չէ: Հարություն Առաքելյանը 6 ամիս է կորած է: Գուցե՞ բանտարկված է: Ծառուկյան պատժիր հանցագործին…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-6)
- Հարգելի Գևորգ, մի՛ փորձեք երևույթը հայկական բառապաշարի մեջ խցկել: Իրերը կոչեք հեղինակած օտար լեզվով՝ «գյոթեր» և «ղզօղլաններ»: Եթե ուզում եք հասկանալ օտար այս բառերի արմատական իմաստը, ապա դրանք այսպիսին են՝ «ոռեր» և «աղջիկտղաներ»:
- Հայաստանի կառավարությունը քիչ էր մնացել կորցներ երկրին մեծ եկամուտներ ապահովող, Թուրքիայում արտադրական փորձաշրջան անցած, հայ հաճախորդներին այս էլ քանիերորդ անգամ «քցել» փորձող ահեստավարժ մարմնավաճառից:
- http://www.jewishracism.com/JewishGenocide.htm
- « KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-5)
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
