Zildjian ստորագրությունը հայտնի լոգո է երաժշտական աշխարհում, եւ չկա մի երաժիշտ, որ չճանաչի այն: Թմբկահարների աշխարհում, որտեղ անվերջանալի երեւակայության, երկարատեւ աշխատանքի եւ անսահմանափակ տաղանդի շնորհիվ ցնցող ռիթմեր են ծնվում, Zildjian ստորագրությունը մի ամբողջ երաժշտական պատմություն ստեղծեց:
Avedis Zildjian Co.՝ այսպես է կոչվում աշխարհի ամենահայտնի, ամենահարուստ եւ ամենաերկարակյաց ընկերությունը, որը զբաղվում է ծնծղաների, թմբուկների փայտիկների եւ թմբկահարների համար այլ անհրաժեշտ պարագաների արտադրությամբ: Ծնծղաները, որոնք այսօր ջազ եւ ռոք երաժշտության մեջ շատ հաճախ են գործածվում, առաջին անգամ հայտնվել են Արեւելքում, մասնավորապես՝ Օսմանյան Թուրքիայում: Թուրքերը ծնծղաներն ու թմբուկներն օգտագործել են պատերազմներում եւ տոնական արարողությունների ժամանակ: Դեռ դարեր առաջ դժվար թե մարդիկ պատկերացնեին, որ այսօր ծնծղաները դառնալու են ռոք եւ ջազ երաժշտության հիմնական գործիքները: Ավելին` դժվար թե մեկի մտքով անցներ, որ ծնծղաների պատրաստման խոշոր բիզնեսի հեղինակը լինելու է ազգությամբ հայ մի մարդ:
Չորս դարի պատմություն ունեցող ծնծղաների արտադրության հիմնադրի անունը Ավետիս է. Ավետիս Զիլջյանն ապրել է 17-րդ դարում, Թուրքիայում՝ Կոնստանտինոպոլսում, եւ, ինչպես արդեն հասկացաք` ազգությամբ հայ է եղել: Նրա հայրը` Քերոբ Զիլջյանը, Թուրքիայի սուլթանի համար տարբեր մետաղներից ձուլվածքներ էր պատրաստում: Ավետիսն այդ ժամանակ որոշեց դառնալ ալքիմիկոս եւ այդ նույն մետաղներից ստեղծել ոսկի: «Ոսկին» ստացվեց անագի եւ պղնձի ձուլումից։ Այն ուժգին ձայն հանող մի գործիք էր, որը դարեր հետո դարձավ Զիլջյանների գերդաստանի բիզնեսը: Սուլթանին դուր եկավ Ավետիսի ստեղծագործությունը, եւ նրան 80 ոսկի ընծայեց: Սուլթանի առաջարկով Ավետիսն իր ազգանունը դարձրեց Զիլջյան. թուրքերեն «զիլ» բառը նշանակում է՝ ծնծղա, իսկ «զիլջի»` ծնծղա պատրաստող: Այս արմատին ավելացնելով իր հայկական տոհմի ազգանվան «յան» վերջածանցը՝ Ավետիսն իրեն անվանեց Զիլջյան:
1623թ. Ավետիսը Կոնստանտինոպոլսում հիմնեց ծնծղաների արտադրությունը: Դարեր շարունակ ծնծղաների արտադրման գործընթացը գաղտնիք էր եւ ընտանեկան ավանդույթի համաձայն՝ այդ գաղտնիքը բացվում էր միայն արտադրության ղեկավարի ավագ որդուն: Օսմանյան Կայսրության զինվորական նվագախումբը օգտվում էր միայն Զիլջյանների արտադրանքից: 18-րդ դարում հայկական արտադրության ծնծղաները մուտք գործեցին Եվրոպայի թագավորական պալատներ, ավելի ուշ հանրահայտ կոմպոզիտորները (Մոցարտ, Վագներ, Գլինկա եւ այլք) իրենց ստեղծագործություններում ընդգրկեցին այս հրաշալի գործիքը: 1851թ. Ավետիս Զիլջյան Երկրորդն անձամբ էր գովազդում իր տոհմական արտադրանքը Եվրոպայում` մասնակցելով միջազգային տարբեր ցուցադրությունների: Արտադրության հաջորդ ղեկավարը Քերոբ Զիլջյանն էր, ով Թուրքիայում հիմնեց K. Zildjian Constantinople ընկերությունը:
Ավետիս Զիլջյանի հետեւորդները մինչեւ 20-րդ դար հանգիստ ապրել եւ իրենց բիզնեսով են զբաղվել, սակայն 1900-ականների սկզբներին երկրում տիրող քաղաքական եւ ազգայնական լարվածությունները Ավետիս Զիլջյան Երրորդին` Քերոբի զարմիկին, ստիպեցին լքել Կոնստանտինոպոլսն ու գաղթել ԱՄՆ: Քերոբը, սակայն, մնաց Թուրքիայում՝ զարգացնելով K. Zildjian Constantinople ընկերությունը: Երբ 1923թ.-ին հիմնվեց Թուրքիայի Հանրապետությունը եւ Կոնստանտինոպոլսը պաշտոնապես վերանվանվեց Ստամբուլ, ընկերության անվանումը փոխվեց՝ K. Zildjian Istambul: 1929-ին Ավետիս Երրորդը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում հիմնեց Avedis Zildjian Co.-ն, որը մինչ օրս գործում է եւ համարվում է աշխարհի թիվ 1 ծնծղա արտադրող ընկերությունը: Զիլջյանների ծնծղաների ցանցը, փաստորեն, ընդլայնվում էր: Որոշ ժամանակ անց, սակայն, Քերոբ եւ Ավետիս եղբայրները դարձան միմյանց համար լուրջ մրցակիցներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Avedis Zildjian Co.-ն երկրի զինվորական նվագախմբի համար ծնծղաներ պատրաստելու պետական պատվեր ստացավ: Պատվերների քանակն անսահմանափակ էր եւ շատ շուտով Zildjian բրենդը ձեւավորվեց: Ավետիսը հայտնի դարձավ երաժշտական այս աշխարհում՝ որպես նորարար. նրա նորամուծություններից ամենահետաքրքիրը թերեւս այն էր, որ նա ծնծղաներին անուններ տվեց`բնութագրելով դրանցից դուրս եկող ձայնի որակը (Ride, Crash, Splash, Hi-Hat, Sizzle ): Ծնծղաները պատրաստվում էին եւ՛ ավտոմատ ճանապարհով, եւ՛ ձեռքով, սակայն Zildjian-ի ձեռքի վերջին աշխատանքը եղել է 1964թ.-ին, որն էլ պատրաստվել է հանրահայտ «Բիթըլզ» խմբի թմբկահար Ռինգո Սթարի համար:
Արտադրական պրոցեսն ընկերությունը կիսել էր երկու գործարանների միջեւ. մեկում մետաղները ձուլվում էին, իսկ մյուսում՝ ձուլվածքին տրվում էր վերջնական տեսք: Ավելի ուշ այս արտադրությունն իր արմատները ձգեց նաեւ Կանադայում՝ տոհմի մեկ այլ անդամի՝ Ավետիս Երրորդի կրտսեր որդու՝ Ռոբերտ Զիլջյանի ջանքերի շնորհիվ: Զիլջյանների տոհմն այստեղ հիմնեց Azco գործարանը, որը 1968-70թթ. արտադրում էր Zilco կոչվող ծնծղաները:
1975թ. Թուրքիայում արտադրվող K. Zildjian պիտակով ծնծղաների արտադրության մեջ խնդիրներ ծագեցին, սակայն Ռոբերտին հաջողվեց այնպիսի քայլեր ձեռնարկել, որը մեծ ձեռքբերումներ բերեց. K. Zildjian-ը միացավ Avedis Zildjian Co.-ին: Արդեն իսկ ամբողջ աշխարհում ծնծղաների ստեղծման մենաշնորհը Զիլջյաններինն էր:
Ավետիս Երրորդը Զիլջյանների տոհմական ավանդույթը խախտեց եւ ծնծղաների արտադրման գաղտնիքը բացեց իր երկու որդիներին՝ Ռոբերտ եւ Արմանդ Զիլջյաններին: Թերեւս սա ամենամեծ սխալն էր, քանզի հենց այս պատճառով Zildjian ընկերությունը հետագայում բազմաթիվ ներքին խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պառակտվեց:
1982թ.-ին, հոր` Ավետիս Երրորդի մահից հետո, եղբայրները համաձայնության եկան, որ տոհմական ընկերությունը` Avedis Zildjian Co.-ն, պետք է ղեկավարի ավագ որդին` Արմանդը: Ռոբերտը որոշեց թողնել ընտանեկան բիզնեսը եւ ստեղծել սեփականը, որը նույնպես պետք է զբաղվեր ծնծղաների արտադրությամբ: Նա թողեց ԱՄՆ-ը եւ Կանադայում արդեն իսկ Զիլջյանների գերդաստանի կողմից ստեղծված արտադրության մեջ հիմնեց Sabian ընկերությունը, որ հետագայում դարձավ Zildjian հանրահայտ բրենդի լուրջ մրցակիցը: Երկու եղբայրներն էլ փորձում էին ամեն գնով դառնալ ծնծղա արտադրող թիվ 1 ընկերությունը, գրավել հանրահայտ երաժիշտների ուշադրությունը, եւ յուրաքանչյուրի նպատակն էր՝ ապացուցել` «լավագույնը հենց ես եմ»: Անիմաստ է թվարկել այն երաժիշտների անունները, ովքեր այսօր օգտվում են այս երկու ընկերությունների արտադրանքից: Կառանձնացնենք միայն մեր հայրենակից Ջեյքոբ Արմենին, ում մասին գրել էինք մեր ամսագրի նախորդ համարներից մեկում: Ջեյքոբի բոլոր ծնծղաները Zildjian ընկերության արտադրանքն են:
«Sabian-ն իմ երեխան է,- ասում է Ռոբերտ Զիլջյանը,- Ես այն կազմել եմ իմ երեխաների անունների առաջին վանկերից (Sally, Bill, Andy)»: Sabian-ը տարեկան ավելի քան 900.000 կտոր արտադրանք ունի, սակայն մասնագետների հավաստմամբ` Zildjian-ի տարեկան եկամուտն անհամեմատ գերազանցում է մրցակցինին: Avedis Zildjian Co.-ն ավելի է ընդլայնել իր բիզնեսը եւ արդեն չի բավարարվում միայն ծնծղաների արտադրությամբ. այստեղ ձուլվում են նաեւ թմբկահարների փայտիկներ եւ այլ պարագաներ: Ի դեպ, նորամուծություններից մեկն էլ այն է, որ, Արմանդի խորհրդով, արտադրությունը դասակարգեց ծնծղաները եւ հայտնի երաժիշտների համար առանձին մի շարք ստեղծեց` «Artist Series»: Արմանդը տոհմական այս ընկերությունը ղեկավարեց մինչեւ 2002թ.: Նրա մահից հետո արտադրությունը ժառանգվեց նրա դուստրերին՝ Քրեյգիին եւ Դեբիին: Քրեյգի Զիլջյանն այսօր այս հզոր ընկերության ղեկավարն է եւ առաջին կինը, որին վստահվեց ընտանեկան բիզնեսը:
«Փաստորեն, Զիլջյանների բիզնեսի ղեկավարումը հաջորդող տարիներին վստահվելու է միմիայն մեր տոհմի կանանց, քանզի ես ինքս ունեմ մեկ դուստր` Սամանթան, իսկ քույրս` երկու դուստր: Ի դեպ, երեքն էլ հետաքրքրված են ընտանեկան բիզնեսով, իսկ իմ դուստրը մեր ազգի միակ մարդը եղավ, որ ցանկություն հայտնեց ծնծղաների վրա նվագել»,- հարցազրույցներից մեկում ասել է չորսդարյա պատմություն ունեցող ընկերության ներկայիս ղեկավար, աշխարհի 100 բիզնես-լեդիների ցանկում 15-րդ տեղը զբաղեցնող գործարար կին Քրեյգին:
Այսօր այս հզոր տոհմի հետնորդները` Ռոբերտի եւ Արմանդի երեխաները, ոչ մի կապ չունեն միմյանց հետ: «Ես ցավում եմ, որ այդպես ստացվեց,- այսօր ասում է 81-ամյա Ռոբերտ Զիլջյանը` Sabian ընկերության նախագահը: – Շնորհակալ եմ ճակատագրից գոնե այնքանով, որ եղբորս մահվանից երկու տարի առաջ կարողացա խոսել հետը»:
Avedis Zildjian Co.-ն այսօր հովանավորում է երաժշտական բազմաթիվ դպրոցներ: Ունի կրթական ծրագրեր ԱՄՆ-ում, Կանադայում եւ Եվրոպայում, հատուկ կրթաթոշակներ է սահմանել: 1998թ.-ից մինչեւ այսօր Քրեյգիի նախաձեռնությամբ ստեղծվել եւ գործում է Ամերիկյան թմբկահարների ձեռքբերումների մրցանակաբաշխությունը (American Drummers Achievement Awards)՝ նվիրված Avedis Zildjian Co.-ի 375-րդ տարեդարձի պատվին:

Ամեն ինչ սկսվել է 1623 թվականին Կոնստանդնոպոլսում, երբ ոմն հայ, Ավետիս անունով մի վարպետ բացահայտել է պղնձի, արճիճի և արծաթի մի յուրահատուկ համաձուլվածք։ Նա ստացավ մի վառ, հնչեղ օբերտոններով հարուստ բրոնզ, որը երեք հարյուրամյակ անց օվկիանոսի մյուս կողմում անվանվեց զիլջյանյան։
Օսմանյան ռազմական նվագախմբերը օգտվել են միայն զիլջյանյան ափսեներից։ Պատմական իրադարձություններից ելնելով, Ավետիս Զիլջյանի հետնորդները որոշում են ԱՄՆ տեղափոխել արտադրությունը ։ 1929 թվականին Ավետիս Զիլջյան ընկերությունը հիմնվեց Միացյալ Նահանգների Մասսաչուսեթս նահանգում։ Շատ բարդությունների և դժվարությունների միջով ստիպված եղավ անցնել ընկերությունը։ Ափսեների պատրաստումը կատարվում էր ամբողջությամբ ձեռքի աշխատանքով։ Այդ տարիներին Զիլջյան ապրանքանիշը սկսեց ուշադրություն գրավել և մեծ համբավ ձեռք բերել ամերիկյան հանրահայտ երաժիշտների շարքերում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ընկերությունը պետպատվեր ստացավ ափսեներով ապահովել երկրի ռազմական նվագախմբերը։ Պատվեր ստացվեց նաև բրիտանական Ծովակալությունից։ 1976-ին ԱՄՆ հայկական կոմիտեն Ավետիս Զիլջյանին (երրորդ Ավետիսն էր տոհմում) պարգ¢եց հուշամեդալով` երաժշտական բնագավառում նվաճումների համար։
1916 թվին, մեր մի այլ ազգակից Ստեփան Ստեփանյանը Օհայոյի Կոլումբուս քաղաքում պատրաստել է բետոնի խառնիչ (mixer) բեռնատար ավտոմեքենայի շասսիի վրա:
http://www.cement.org/basics/concreteproducts_readymix.asp
In 1916, Stephen Stepanian of Columbus, Ohio, developed a self-discharging motorized transit mixer that was the predecessor of the modern ready-mixed concrete truck.
Կարդացողի Հավանություն՝
6
0